Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԸՆՏԱ ...

 

 

020.1064.251212

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74 ԵՎ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան 25 դեկտեմբերի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Մ. Վարդանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի և նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գոհար Բոտոյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Բոտոյանի` 28.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ ընտանեկան օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 19-ին:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի` «Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին» վերտառությամբ 74-րդ հոդվածը սահմանում է.

«1. Համաձայնության բացակայության և բացառիկ հանգամանքների առկայության (ծանր հիվանդություն, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղում, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին:

Լրացուցիչ ծախսերը կրելուն ծնողների մասնակցության կարգը և այդ ծախսերի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս:

2. Դատարանը կարող է պարտավորեցնել ծնողներին` մասնակցելու ինչպես փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին, այնպես էլ ապագայում կատարվելիք անհրաժեշտ լրացուցիչ ծախսերին»:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի` «Ալիմենտի ինդեքսավորումը» վերտառությամբ 105-րդ հոդվածը սահմանում է. «Ինդեքսավորման նպատակով ալիմենտի չափը դատարանը սահմանում է նվազագույն աշխատավարձի չափի որոշակի թվի համապատասխանող կայուն դրամական գումարով»:

Սույն գործով վիճարկվող իրավական նորմերում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Աշոտ Աղաբաբյանի` պատասխանողից 2009 թվականի նոյեմբերի 17-ին նախորդող երեք տարիների համար նրա ամսական բոլոր վաստակների 25 տոկոսի չափով` որպես ալիմենտային գումար, և հայցադիմումի ներկայացման պահից ամսական 80.000 ՀՀ դրամ` որպես լրացուցիչ ծախս, բռնագանձելու պահանջների մասին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 28.12.2011 թվականի վճռով ներկայացված հայցը` 80.000 ՀՀ դրամ լրացուցիչ ծախսերի բռնագանձման պահանջի մասով բավարարվել է մասնակիորեն:

Վերը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել տվյալ գործով հայցվորը և պատասխանողը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2012 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ հայցվոր Գոհար Բոտոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է: Պատասխանող Աշոտ Աղաբաբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և մասնակիորեն բեկանվել ու փոփոխվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճիռը` լրացուցիչ ծախսի գումարի բռնագանձման մասով, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 06.06.2012 թվականի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձրել է` վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումը:

3. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74-րդ հոդվածի առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում հայցի ներկայացման պահից, ինչպես նաև հայցի ներկայացմանը նախորդող ժամանակի համար լրացուցիչ ծախսերի բռնագանձման հնարավորություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 34, 36 և 38-րդ հոդվածներին:

Անդրադառնալով օրենսգրքի 105-րդ հոդվածին` դիմողը գտնում է, որ նշված հոդվածը, իր կարծիքով, այնքանով, որքանով պարունակում է օրենսդրական բաց, ինչի արդյունքում չի նախատեսում լրացուցիչ ծախսերի նկատմամբ ինդեքսավորման կիրառման հնարավորություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 34 և 38-րդ հոդվածներին:

4. Պատասխանող կողմի գնահատմամբ` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74-րդ հոդվածի տրամաբանությունից է բխում, որ լրացուցիչ ծախսերը կատարելու պարտականությունը պետք է ընդգրկի նվազագույնը հայցի ներկայացման պահը: Հակառակ դեպքում փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին մասնակցելու` օրենքով նախատեսված կարգը կիմաստազրկվի: Ըստ պատասխանողի` լրացուցիչ ծախսերի վճարումը կսկսվի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն, սակայն վճարվող լրացուցիչ ծախսերի գումարը պետք է ներառի նաև մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը կատարված ծախսերը:

Պատասխանողը դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում փաստում է նաև, որ տվյալ գործով դատարանի կողմից որոշված վճարման ենթակա լրացուցիչ ծախսերի ամենամսյա գումարը ներառել է նաև հայցի ներկայացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված ծախսերը, ինչի արդյունքում պատասխանողը եզրահանգում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների դրույթներն իրավակիրառական պրակտիկայում սխալ չեն մեկնաբանվել:

5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողն ըստ էության փորձում է առաջ քաշել իրավակարգավորման բացի խնդիր` նկատի ունենալով, որ իր կողմից առաջ քաշվող խնդիրներն առկա իրավակարգավորման պայմաններում լուծում չեն ստացել: ՈՒստի դիմողը փորձում է առաջադրել օրենսդրական այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն նաև իր կողմից առաջ քաշվող դատական վեճը հօգուտ իրեն լուծելու պահանջները: Այսինքն` դիմողն իր իսկ կողմից առաջադրված լուծումների բացակայությունն է դիտում որպես օրենքի սահմանադրականության խնդիր:

Ելնելով նշված հանգամանքից և նկատի ունենալով, որ դիմողը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74-րդ հոդվածի գործող դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ հոդվածի սահմանադրականության մասով դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով ակնհայտ անհիմն է:

i

Անդրադառնալով օրենսգրքի 105-րդ հոդվածին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Հիմք ընդունելով նշված հանգամանքը և վերահաստատելով իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 6-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 105-րդ հոդվածի մասով դիմողը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Բացի դրանից, սույն հոդվածի կապակցությամբ նույնպես դիմողը ոչ թե վիճարկում է օրենսգրքի տվյալ հոդվածի գործող դրույթների սահմանադրականությունը, այլ դարձյալ առաջ է քաշում, իր կարծիքով, օրենքի անկատարության և իրավակարգավորման բացի խնդիր ու քննարկման առարկա է դարձնում դատական ակտերի իրավաչափության հարցը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Քաղաքացի Գոհար Բոտոյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 դեկտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1064

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.12.2012
N ՍԴՈ-1064
Որոշում