Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                        ՍԴ3/0019/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՍԴ3/0019/01/11

Նախագահող դատավոր` Մ. Ռեհանյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Մ. Արղամանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    մասնակցությամբ մեղադրող                   Ս. Խաչատրյանի

 

    տուժող                                    Ա. Մինասյանի

 

    2012 թվականի նոյեմբերի 1-ին                      Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրաչ Արթուրի Մակարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ Ս.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ՊՆ ՔԾ 2-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է թիվ 91258010 քրեական գործը:

2010 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Հրաչ Արթուրի Մակարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

2010 թվականի դեկտեմբերի 31-ին թիվ 91258010 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Հրաչ Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը, և Հ.Մակարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող Ս.Խաչատրյանը:

2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, այն է` Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

4. Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Հրաչ Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ի մասով: Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը, և Հ.Մակարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է:

5. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող Ս.Խաչատրյանը:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է:

6. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ մեղադրող Ս.Խաչատրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Հ.Մակարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ 59703 զորամասի ՍՈՒ-57 մարտկոցի մեխանիկ-վարորդ, կոչումով շարքային, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում 2010 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 36534 զորամասի մոտակայքում տեղակայված թիվ 64 ուսումնական կենտրոնում գդալով ընդհանուր ճաշամանից օգտվելու պատճառով վիճաբանության մեջ է մտել նույն զորամասի տանկային վաշտի ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Ա.Մինասյանի հետ, որի ընթացքում բռունցքով մի քանի անգամ հարվածել է Ա.Մինասյանի դեմքին` պատճառելով առողջության ծանր վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 52):

8. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «(...) տուժողի դատաքննական ցուցմունքները, դատաքննության ընթացքում անցկացված լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, փորձագետ Գ.Հարությունյանի գրավոր հայտարարությունը, ամբաստանյալի դատաքննական ցուցմունքների հետ համակցության մեջ վկայում են այն մասին, որ տուժողը ծնոտի կոտրվածքի ձևով ծանր մարմնական վնասվածքը ստացել է տանկի փողի վրա վայր ընկնելու հետևանքով, իսկ տուժողին ամբաստանյալը պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որի համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 195):

9. Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեադատավարական օրենսդրության խնդիրների, քրեական գործի արդարացի քննության, ապացույցների ուժի, ապացույցների ստուգումը, գնահատումը կանոնակարգող ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերը նշված պահանջների համատեքստում քննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, հանգում է այն համոզման, որ ընդհանուր իրավասության դատարանը չի ձեռնարկել բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար, քրեական գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-127-րդ հոդվածների պահանջների խախտումներ, թերի, միակողմանիորեն է գնահատել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ գործի բոլոր փաստական հանգամանքները պատշաճ իրավական ընթացակարգով վերլուծության և գնահատության չեն ենթարկվել: Դատարանը, հիմք ընդունելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, դրանք չի համադրել նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հետ և չի պարզել առաջացած հակասությունների պատճառները, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:

(...)

Առաջին ատյանի դատարանն իր որոշման հիմքում դրել է միայն դատաքննության ընթացքում տված ամբաստանյալ Հ.Մակարյանի, տուժող Ա.Մինասյանի, վկաներ Շ.Թադևոսյանի, Ա.Հայրապետյանի, Մ.Առաքելյանի, Վ.Ղարիբյանի, Գ.Հակոբյանի, Բ.Ղուկասյանի նախաքննական ցուցմունքները, դատարանի որոշմամբ նշանակված լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության 2011 թվականի մայիսի 17-ի եզրակացությունը, դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գ.Հարությունյանի հայտարարությունը: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը դատավճռում նշված անձանց դատաքննական ցուցմունքներն ամբողջությամբ չի գնահատել:

Ամբաստանյալ Հ.Մակարյանի, տուժող Ա.Մինասյանի և գործով վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքների հակասությունները պարզելու համար Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջները, այն է` չի հրապարակել, չի հետազոտել և չի գնահատել նրանց նախաքննական ցուցմունքները:

(...)

Առաջին ատյանի դատարանը փորձագետ Գ.Հարությունյանի գրավոր հայտարարությունը դիտելով որպես ապացույց, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ և 126-րդ հոդվածների պահանջները:

(...)

Առաջին ատյանի դատարանը, պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանացնի որոշման մեջ մատնանշված խախտումները, ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության քրեադատավարական տեսանկյունից վերացնի ապացույցների հետազոտության և գնահատության վերաբերյալ թույլ տված խախտումները և դատաքննության արդյունքներով գա համապատասխան եզրահանգման» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 268):

10. Առաջին ատյանի դատարանը, կրկին անգամ քննության առնելով գործը, 2012 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Հրաչ Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ի մասով, նրա նկատմամբ կիրառել է ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը և վերջինիս նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) տուժողի դատաքննական ցուցմունքները, դատաքննության ընթացքում անցկացված լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, փորձագետ Գ.Հարությունյանի գրավոր հայտարարությունը, ամբաստանյալի դատաքննական ցուցմունքների հետ համակցության մեջ վկայում են այն մասին, որ տուժողը ծնոտի կոտրվածքի ձևով ծանր մարմնական վնասվածքը ստացել է տանկի փողի վրա վայր ընկնելու հետևանքով, իսկ տուժողին ամբաստանյալը պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որի համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քր. օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 85):

11. Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի որոշումը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ տվյալ հանցակազմի տարրերն ու հատկանիշները բացակայում են: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը` գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները և համադրելով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հետ, իրավացիորեն ամբաստանյալ Հրաչ Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով` մասնավորապես հիմք ընդունելով ամբաստանյալ Հրաչ Արթուրի Մակարյանի, տուժող Արայիկ Աշխարհաբեկի Մինասյանի, վկա Բորիկ Ռազմիկի Ղուկասյանի դատաքննության ցուցմունքները, վկաներ Շիրակ Հարությունի Թադևոսյանի, Արմեն Ժորայի Հայրապետյանի, Մինաս Արթուրի Առաքելյանի, Վահե Արծրունու Ղարիբյանի, Գևորգ Արտաշեսի Հակոբյանի նախաքննական ցուցմունքները, դատաբժշկական փորձագետի 2010 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 227/հ եզրակացությունը, դատական քննության ընթացքում դատարանի որոշմամբ նշանակված լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության 2011 թվականի մայիսի 17-ի թիվ 37/լ եզրակացությունը, դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գ.Հարությունյանի հայտարարությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 157):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

12. Ըստ բողոքաբերի` սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

13. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի դատական ակտում պարզաբանված չէ տուժողի ստացած մարմնական վնասվածքների առաջացման հարցը, մինչդեռ այն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ քրեական գործի նախաքննության և դատաքննությունների ընթացքում հիմնավորվել է, որ տուժող Ա.Մինասյանը մարմնական վնասվածքները, այդ թվում` ստորին ծնոտի կոտրվածքն ստացել է ամբաստանյալ Հ.Մակարյանի հարվածի հետևանքով: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննության ընթացքում տուժողի կողմից տրված ցուցմունքով, որը, սակայն, գործի դատական քննության ընթացքում տուժողը հերքել է:

Տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասության կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջները, վերոնշյալ հակասությունը պարզելու նպատակով չի հրապարակել, չի հետազոտել և չի գնահատել տուժողի բացատրություններն ու նախաքննական ցուցմունքը:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ համանման կերպով Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նաև վկա Բորիս Ղուկասյանի նախաքննական ցուցմունքները, որոնք վկայում են ամբաստանյալի կողմից տուժողին հարվածելու մասին, և հիմք ընդունելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները` դրանք չի համադրել նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հետ, չի պարզել առաջացած հակասությունների պատճառները, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, ինչպես նաև 360-րդ հոդվածների պահանջները, առանց հիմնավոր պատճառաբանության անտեսել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք է ընդունել միայն դատաքննության ընթացքում ամբաստանյալի և տուժողի ցուցմունքները` արդյունքում հանգելով սխալ հետևության:

14. Հիմք ընդունելով իր վերոշարադրյալ դատողությունները` բողոք բերած անձը եզրակացություն է արել այն մասին, որ սույն գործի քննության ընթացքում թույլ տրված` ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտումների արդյունքում Առաջին ատյանի դատարանը կայացրել է այնպիսի դատական ակտ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: ՈՒստի բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պարագայում նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումն առաջին ատյանի դատարանի կողմից կատարելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման կատարումը.

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող առաջին իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանը կատարե՞լ է արդյոք Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը, որով Վերաքննիչ դատարանը գործի քննության նոր ծավալ էր սահմանել: Գործի նոր դատական քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի համար պարտադի՞ր էին արդյոք Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման մեջ շարադրված եզրահանգումները:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ դատարան[ը] դատարան [է], որը վերաքննության կարգով գործը քննում է վերաքննիչ բողոքի հիման վրա»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք (...)»:

Վերաքննիչ դատարանի իրավասության սահմանների հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Կարախանյանի և Ռ.Արշալույսյանի գործերով կայացված որոշումների մեջ: Ա.Կարախանյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությամբ օժտված դատարան, որն առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է, որպես կանոն, վերջինիս կողմից հետազոտված փաստական տվյալների հիման վրա: Այսինքն` ամբողջ ծավալով գործի քննություն, ինչպես նաև գործով ներկայացված բոլոր ապացույցների հետազոտություն իրականացնելու լիազորություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին վերապահված չէ, հետևաբար, եթե վերաքննիչ դատարանը փորձում է դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, այն սկսում է գործել որպես առաջին ատյանի դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի է» (տե՛ս Արման Վլադիմիրի Կարախանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշման 17-րդ կետը):

Ռ.Արշալույսյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) վերաքննիչ դատարանը` որպես վերանայող ատյան, գործի էության վերաբերյալ չի կարող ավելի լայն լիազորություններ ունենալ, քան առաջին ատյանի դատարանը» (տե՛ս Ռուբիկ Համբարձումի Արշալույսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 որոշման 21-րդ կետը):

i

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչն է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը (...)»:

19. Սույն որոշման 18-րդ կետում շարադրված վերլուծության համատեքստում զարգացնելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և համապատասխանաբար նաև Ա.Կարախանյանի և Ռ.Արշալույսյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել բողոքարկված դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը` նպատակ ունենալով`

ա) լրացնել վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու իրավազորության բացակայությունը,

բ) կանխել վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը,

գ) ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը,

դ) երաշխավորել ամբաստանյալի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը` նոր քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի հետ անհամաձայնության դեպքում վերաքննության կարգով բողոք ներկայացնելու տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս դեպքում վերաքննիչ բողոքի առարկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե վերաքննիչ դատարանը նախկինում բեկանել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, ապա նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում վերաքննիչ դատարանն ստուգում է նաև նախկինում իր կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ծավալ սահմանելու մասին վերաքննիչ դատարանի որոշման բովանդակությունը կապված է վերաքննիչ բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջների հետ և պարունակում է առանձին հարցերի վերաբերյալ դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չլինելու, մինչդատական վարույթի կամ դատաքննության ընթացքում օրենքի պահանջների խախտման, ինչպես նաև դատական ակտում առկա հակասությունների և դրանց վերացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան դատավարական գործողություններ կատարելու, արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու և բոլոր այն հարցերի մասին նշումներ, որոնք, ըստ վերաքննիչ դատարանի, դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմք են հանդիսացել:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 19-20-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը չի կատարել առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը, որով վերջինս նոր քննության ծավալ է սահմանել, վերաքննիչ դատարանը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի կողմից նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ գործի վերաքննության հիմքում ընկած է սահմանափակ վերանայման հայեցակարգը, որը չի թույլատրում վերաքննիչ դատարանին իրականացնել գործի ամբողջ ծավալով քննություն, ուստի, եթե վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկում է առաջին ատյանի դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, առաջին ատյանի դատարանը պարտավոր է կատարել վերաքննիչ դատարանի որոշումը և վերաքննիչ դատարանի կողմից նշված ծավալով իրականացնել գործի նոր քննություն: Նոր քննության արդյունքում կայացված առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի, թե առաջին ատյանի դատարանն արդյոք կատարել է իր որոշումը և արդյոք իր կողմից նշված սահմաններում իրականացրել է գործի քննություն: Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի որոշման դատական ստուգման արդյունքում պարզվում է, որ վերջինս չի պահպանել վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը չի հանդիսանում օրենքի պահանջների պահպանմամբ կայացված ակտ և ենթակա է բեկանման:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Հ.Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Կիրառվել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը, և Հ.Մակարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է: Մեղադրողի բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանի դատական ակտը քննության առնելով` վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշումը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

Նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Հ.Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ի մասով, կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը և Հ.Մակարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել է: Մեղադրողի բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանի դատական ակտը կրկին քննության առնելով` Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի դատական ակտը թողել է անփոփոխ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է (տե՛ս սույն որոշման 2-5-րդ, ինչպես նաև 8-11-րդ կետերը):

23. Սույն որոշման 17-21-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 22-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը չի կատարել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը, որով Վերաքննիչ դատարանը գործի քննության նոր ծավալ էր սահմանել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը չկատարելու հանգամանքը չի գնահատվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրողի բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար նշված հանգամանքին, պատշաճ գնահատական տար դրան և արդյունքում բեկաներ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի որոշումն այն պատճառաբանությամբ, որ վերջինս չի կատարել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը, որով Վերաքննիչ դատարանը գործի քննության նոր ծավալ էր սահմանել:

24. Անդրադառնալով այն հարցին, թե գործի նոր դատական քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի համար պարտադի՞ր էին արդյոք Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման մեջ շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր դատական քննության ծավալ սահմանելու մասին վերաքննիչ դատարանի որոշման բովանդակությունը պայմանավորված է վերաքննիչ բողոքի հիմքերով, հիմնավորումներով և պահանջով, որի շրջանակներում վերաքննիչ դատարանն իրավասու է դատողություններ անել առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության, ինչպես նաև գործի քննության ընթացքում թույլ տրված օրենքի պահանջների խախտման և դրանց վերացման նպատակով որոշակի դատավարական գործողություններ կատարելու, անձին մեղսագրվող արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնք վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են հանդիսացել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի` որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունն ստուգելու իրավասությամբ օժտված դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանի համար: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առաջին ատյանի դատարանի համար վերաքննիչ դատարանի որոշման պարտադիր բնույթը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված` դատական ակտերի վերանայման ինստիտուտի էությունից: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ առաջին ատյանի դատարանի համար վերաքննիչ դատարանի դատական ակտի պարտադիր լինելը չի կարող ազդել առաջին ատյանի դատարանի անկախության վրա, քանի որ կատարելով վերադաս դատարանի` օրենքի պահանջների կատարման վերաբերյալ ցուցումը` դատական ակտի բեկանված մասով գործի նոր քննություն իրականացնելիս առաջին ատյանի դատարանը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

 

II. Ստորադաս դատարանների որոշումների հիմնավորվածությունը.

 

25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Հրաչ Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ի մասով վերաորակելու և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Հ.Մակարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի, ինչպես նաև այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումները:

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(...) Դատավորը (...) չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբեր[ի] ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն [տա]` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. (...) դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում [է] ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված [իր] ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև նրա ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը դատական քննության ժամանակ թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, էական հակասություններ կան այդ ցուցմունքների և դատարանում վկայի տված ցուցմունքների միջև, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(...)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտած ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

27.1. Առաջին ատյանի դատարանն իր 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշման հիմքում դրել է ամբաստանյալ Հ.Մակարյանի, տուժող Ա.Մինասյանի, վկաներ Շ.Թադևոսյանի, Ա.Հայրապետյանի, Մ.Առաքելյանի, Վ.Ղարիբյանի, Գ.Հակոբյանի, Բ.Ղուկասյանի` բացառապես դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները, դատարանի որոշմամբ նշանակված լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության 2011 թվականի մայիսի 17-ի եզրակացությունը, դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գ.Հարությունյանի հայտարարությունը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

27.2. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման մեջ նշված է, որ Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Հ.Մակարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների հակասությունները պարզելու համար, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի պահանջները, չի հրապարակել, չի հետազոտել և գնահատել նրա բացատրություններն ու նախաքննական ցուցմունքները: Նմանատիպ ձևով Առաջին ատյանի դատարանը որոշման հիմքում դրել է նաև տուժող Ա.Մինասյանի դատաքննական ցուցմունքները: Եվ թեև հրապարակվել է տուժողի նախաքննական ցուցմունքները, սակայն չի պարզվել, չի հստակեցվել և գնահատվել դրանց հակասությունները, այլ հիմք է ընդունվել տուժողի դատաքննական ցուցմունքները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի գնահատությունից դուրս է մնացել կարևոր վկա Բորիս Ղուկասյանի նախաքննական ցուցմունքները, որոնք նույնպես չեն հրապարակվել, չեն հետազոտվել, չեն գնահատվել նախաքննական և դատաքննական ցուցմունքների էական հակասությունները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ դատաբժշկական փորձագետի 2010 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 227/հ եզրակացության համաձայն` ժամկետային զինծառայող Ա.Մինասյանի ստացած մարմնական վնասվածքները ստորին ծնոտի ձախ անկյան բեկորային տեղաշարժով կոտրվածքի, ճակատի և բազկի շրջանի ենթամաշկային արյունազեղման ձևով հասցվել են բութ, կոշտ առարկայի ներգործության հետևանքով, հնարավոր է որոշման մեջ նշված հանգամանքներում, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս, ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան 1/3-ի կայուն կորուստով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը, ինչպես նաև քրեական գործ, հատոր 1, թերթ 271):

27.3. Լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ Վերաքննիչ դատարանը փորձագետին առաջադրել է հետևյալ հարցերը.

1. հնարավոր է արդյոք, որ Մինասյանը ստորին ծնոտի ձախ անկյան բեկորային տեղաշարժումով կոտրվածքը ստանար տանկի վրա վայր ընկնելու և ծնոտի ձախ մասով տանկի փողին հարվածելու հետևանքով.

2. հնարավոր է արդյոք, որ Մինասյանը ստորին ծնոտի ձախ անկյան բեկորային տեղաշարժումով կոտրվածքը ստանար Հ.Մակարյանի կողմից դեմքի աջ մասին հարվածելու հետևանքով:

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացության «հետևություններ» բաժնում արձանագրվել է, որ «(...) Նկատի ունենալով վերոգրյալը` ինչպես նաև հաշվի առնելով վնասվածքների բնույթը, անատոմիական տեղակայումը, չի բացառվում նրանց առաջացումը որոշման հարցադրումներում, առաջադրված պայմաններում, այն է` ինչպես բութ առարկայի բռունցքի ներգործությամբ, այնպես էլ տանկի փողի վրա վայր ընկնելու հետևանքով: Ելնելով վնասվածքների ձախակողմյան տեղակայումից` նրանց առաջացումը բացառվում է ստորին ծնոտի աջ կեսի շրջանում ուժի ներդրումից (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 272):

27.4. Վերաքննիչ դատարանում հարցաքննված փորձագետ Մ.Մելիքյանը հայտնել է, որ փորձաքննություն իրականացնելիս իր կողմից ուսումնասիրվել է հիվանդության պատմությունը, ինչպես նաև զրուցել է հիվանդի հետ, որը հայտնել է, որ ծնոտի շրջանի մարմնական վնասվածքը ստացել է համածառայակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում, ինչը և իր կողմից արձանագրվել է եզրակացության մեջ: Տանկի փողի վրա ընկնելու մասին տուժողը որևէ տվյալ չի հայտնել, այլապես այդ մասին կնշվեր եզրակացության մեջ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 270):

27.5. Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հղում է կատարվել փորձագետ Գ.Հարությունյանի գրավոր հայտարարության վրա, սակայն, թե ինչի հիման վրա կամ որպես ինչ ապացույց է այն օգտագործվել, չի հստակեցվել: Ավելին, ներկայացված դիմումը և հայտարարությունը որևէ կերպ հաստատված չեն, չկա Գ.Հարությունյանի անձնագրի տվյալները և չգիտես ինչ ճանապարհով Գ.Հարությունյանին հայտնի է եղել, թե դատարանում ինչ հարցեր են առաջադրվելու իրեն և իր հայտարարության մեջ, պատասխանել է հենց այդ հարցերին: Եվ քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն հնարավոր չի ճշտել այդ «ապացույցի» ձեռքբերման աղբյուրը, ուստի այն չէր կարող օգտագործվել քրեական վարույթի ընթացքում` նկատի ունենալով, որ այն ձեռք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջների խախտմամբ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը, ինչպես նաև քրեական գործ, հատոր 1, թերթ 272):

27.6. Առաջին ատյանի դատարանը, անտեսելով Վերաքննիչ դատարանի կողմից նշված վերոշարադրյալ հանգամանքները, իր կողմից 2012 թվականի ապրիլի 12-ին կայացված դատական ակտի հիմքում դրել է ապացույց չհանդիսացող` փորձագետի հայտարարությունը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Սույն որոշման 27.2-27.5-րդ ենթակետերում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից, սակայն, երևում է, որ փորձագետը չի բացառել նաև բութ առարկայի ներգործությամբ վնասվածքի առաջացման հնարավորությունը: Բացի այդ, եզրակացության մեջ հստակ պատասխան է տրվել դատարանի կողմից լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ առաջադրված հարցերին, անհրաժեշտ էր միայն լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցը գնահատել վերաբերելիության, թույլատրելիության և այլ ապացույցների հետ համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչը, Առաջին ատյանի դատարանի կողմից չի կատարվել: Ձեռք բերված ապացույցների պայմաններում, հիմք ընդունելով դատաքննության ընթացքում դատաբժշկական փորձաքննության թիվ 37/լ եզրակացության միայն այն հետևությունը, որ տուժողը ծնոտի շրջանում կարող էր վնասվածք ստանալ տանկի փողի վրա վայր ընկնելու հետևանքով, Առաջին ատյանի դատարանը, առանց գնահատելու նույն եզրակացության հետևությունն այն մասին, որ այդ վնասվածքը տուժողը կարող էր ստանալ նաև բութ առարկայի ներգործությամբ, հանգել է հետևության, որ տուժողի ստացած մարմնական վնասվածքները առաջացել են տանկի փողի վրա վայր ընկնելու հետևանքով:

27.7. Վերաքննիչ դատարանը, կրկին քննության առնելով մեղադրողի վերաքննիչ բողոքը, 2012 թվականի հունիսի 14-ի որոշմամբ կայացրել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմանը հակասող որոշում, որում շարադրելով Առաջին ատյանի դատարանի հետևությունները` բավարար չափով չի պատճառաբանել, թե ինչու է գտնում, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է և հիմնավորված (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

28. Սույն որոշման 26-րդ կետում շարադրված քրեադատավարական դրույթների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 27-րդ կետի ենթակետերում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հրաչ Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ի մասով վերաորակելու և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Հ.Մակարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի որոշումը, ինչպես նաև այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չեն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Ֆ.Գալստյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված դիրքորոշումն այն մասին, որ «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման» (տե՛ս Ֆրունզիկ Խաչիկի Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-19-րդ կետերը):

29. Հիմք ընդունելով սույն որոշման 16-28-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատման չեն ենթարկվել սույն գործի մի շարք հանգամանքներ, ինչի հետևանքով չեն լուծվել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ առաջ քաշված մի շարք հարցեր, որոնք ինչպես առանձին վերցված, այնպես էլ իրենց համակցությամբ էական նշանակություն ունեն սույն գործի քննության, մասնավորապես` Հ.Մակարյանին մեղսագրված արարքը ճիշտ որակելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի որոշումը, գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելով և նոր քննության ծավալ սահմանելով, 2012 թվականի հունիսի 14-ի որոշմամբ կայացրել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմանը հակասող որոշում, որում բավարար չափով չի պատճառաբանել, թե ինչու է գտնում, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է և հիմնավորված:

30. Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի պահանջների խախտում, հետևաբար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Հրաչ Արթուրի Մակարյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասից ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի վերաորակելու, նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2012 թվականի ապրիլի 12-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումներն անհրաժեշտ է բեկանել և քրեական գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

31. Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է սույն որոշման մեջ բարձրացված հարցերի շուրջ կատարել օբյեկտիվ, բազմակողմանի քննություն և, ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից, պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները` նկատի ունենալով սույն որոշման և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշման մեջ առաջ քաշված հարցադրումները:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Հրաչ Արթուրի Մակարյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 12-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի որոշումները բեկանել և քրեական գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.11.2012
N ՍԴ3/0019
Որոշում