Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                        ԵԿԴ/0067/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0067/01/12

Նախագահող դատավոր` Լ. Թադևոսյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Մ. Արղամանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

մասնակցությամբ

 

    դատախազ                                   Կ. Զոհրաբյանի

 

    2012 թվականի նոյեմբերի 1-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ մեղադրող Կ.Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է թիվ 69100512 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

2012 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Հակոբ Ամիրխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Հ.Ամիրխանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:

2012 թվականի ապրիլի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 26-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել առաջին դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, երկրորդ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով` տուգանք 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ամբաստանյալ Հ.Ամիրխանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:

3. Մեղադրող Կ.Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 26-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Կ.Զոհրաբյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրող Կ.Զոհրաբյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար. «Ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը, 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ ժամանակահատվածում, իր և ընտանիքի կարիքները հոգալու, ապրուստի միջոցներ ձեռք բերելու նպատակով, խարդախությամբ, երկու անձանցից, յուրաքանչյուրից հափշտակել է խոշոր չափի գույք հետևյալ հանգամանքներում.

Առաջին դրվագ.

Ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը, 2010 թվականի սկզբին տեղեկանալով, որ իրենց թաղամասի բնակիչ, տուժող Ա.Վարդանյանը ցանկանում է Երևան քաղաքի Գ.Մահարու փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ կատարել իր սեփականության իրավունքի պետական գրանցում, հաստատապես իմանալով, որ դրա համար բավարար հիմքերն առկա են, և այդ գործընթացն օրենքով սահմանված կարգով ենթակա է անվճար կատարման, խոստացել է օգնել նրան այդ հարցում: ՈՒրիշի խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ, իբրև թե այդ գործը սկսելու համար նա տուժող Ա.Վարդանյանից 2010 թվականի սկզբին ստացել և հափշտակել է 112.116 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումար` այն ծախսելով իր անձնական կարիքների համար:

Այնուհետև, 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում, տարբեր ամիսների և օրերի, Հ.Ամիրխանյանը, նույն հարցի լուծման համար սահմանված վճարումներ կատարելու պատրվակով, Ա.Վարդանյանից խարդախությամբ, մաս-մաս ստացել և հափշտակել է նաև 600.000 ՀՀ դրամ ընդհանուր գումար` Ա. Վարդանյանին պատճառելով խոշոր չափի` 712.116 ՀՀ դրամ ընդհանուր գումարի գույքային վնաս:

Երկրորդ դրվագ.

Բացի այդ, կրկին ուրիշի խոշոր չափի գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2011 թվականի փետրվարին, Երևանում ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը տուժող Ա.Էլոյանին ներկայացել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և խոստացել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու և համապատասխան վճարումներ կատարելու միջոցով լուծել տուժող Ա.Էլոյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հարցը` նրա կողմից օգտագործվող, Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 34 շենքի հարևանությամբ գտնվող, հազար քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ: Ստանալով տուժող Ա.Էլոյանի համաձայնությունը` ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը տուժող Ա. Էլոյանից Երևանում 2011 թվականի փետրվարին պահանջել և ստացել է 40.000 ՀՀ դրամ գումար` գործընթացն սկսելու համար անհրաժեշտ վճարումներ կատարելու պատրվակով: Այնուհետև, 2011 թվականի մարտի 9-ին` ժամը 13.00-ի սահմաններում, կաշառք ստանալու և կրկին վճարումներ կատարելու պատրվակով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության վարչական շենքի մոտակայքում ամբաստանյալ Հ.Ամիրխանյանը տուժող Ա.Էլոյանից ստացել է 1.102.800 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ 2011 թվականի մարտի 11-ին հողամասի գլխավոր հատակագիծը կազմելու պատրվակով` 50.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել է այդ գումարները:

Շարունակելով իրականացնել Ա.Էլոյանի գույքի հափշտակության վերաբերյալ իր մտադրությունը` 2011 թվականի սեպտեմբերի 2-ին հողատարածքի չափագրության պատրվակով Հ.Ամիրխանյանն Ա.Էլոյանից պահանջել և ստացել է 5.000 ՀՀ դրամ գումար, իսկ 2011 թվականի սեպտեմբերի 9-ին կրկին կաշառք ստանալու պատրվակով պահանջել և ստացել է ևս 50.000 ՀՀ դրամ գումար, որոնք նույնպես խաբեությամբ հափշտակել է` Ա.Էլոյանին պատճառելով խոշոր չափի` 1.247.800 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով գույքային վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 118):

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա է հետևյալ ձևակերպումը. «Քննարկելով մեղադրողի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ դադարեցնելու մասին, դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 9-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն` որոշվել է համաներումը չկիրառել մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 15-րդ կետի համաձայն` սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

Ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանը, բացի 2010թ. սկզբից մինչև 2011թ. սկիզբն ընկած ժամանակահատվածում տուժող Արմեն Վարդանյանից խարդախությամբ 712.116 ՀՀ դրամ ընդհանուր գումար հափշտակելուց, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված մեկ այլ հանցագործություն` 2011թ. փետրվարից մինչև 2011թ. սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում տուժող Անահիտ Էլոյանից խարդախությամբ հափշտակել է 1.247.800 ՀՀ դրամ ընդհանուր գումարի` խոշոր չափի գույք, այսինքն` 2011թ. մայիսի 1-ից հետո մեկ այլ հանցագործություն է կատարել, որի պատճառով Հակոբ Ամիրխանյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը կիրառվել չի կարող (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 120-122):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ որոշման պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի դրույթները և արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 15-րդ կետի համաձայն` սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:

(...) Նշված նորմի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ 2011 թվականի մայիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հանցանք կատարած անձանց նկատմամբ համաներման ակտը չի կիրառվում, իսկ նույն ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն` համաներումը կիրառման ենթակա չէ մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում:

(...) Նկատի ունենալով, որ Հակոբ Ամիրխանյանին մեղսագրվող և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված երկրորդ արարքը ամբաստանյալը կատարել է 2011թ. մայիսի 1-ից հետո, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ համաներման ակտը` 9-րդ կետի 8-րդ ենթակետի ուժով կիրառելի չէ, հետևաբար Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրողի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման ակտի 6-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ դադարեցնելու մասին, հանգել է հիմնավոր ու ճիշտ հետևության» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 171):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է: Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ.

ա) 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում տուժող Ա.Վարդանյանից խաբեությամբ 300 ԱՄՆ դոլար և 600.000 ՀՀ դրամ հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վերոնշյալ հանգամանքի վերլուծության արդյունքում բողոքաբերը եզրակացություն է արել այն մասին, որ տուժող Ա.Վարդանյանից խաբեությամբ 300 ԱՄՆ դոլար և 600.000 ՀՀ դրամ հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցանքի համար:

բ) Գործի նյութերում առկա է ծննդյան վկայական, որի համաձայն` Համաներման ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հ.Ամիրխանյանն ունեցել է մինչև երեք տարեկան երեխա` 2010 թվականի դեկտեմբերի 21-ին ծնված Վիգեն Հակոբի Ամիրխանյան:

գ) Հ.Ամիրխանյանի` մինչև երեք տարեկան երեխա ունենալու հանգամանքը հայտնի է եղել նաև նախաքննության ընթացքում, սակայն այդ դրվագով Հ.Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա առարկել է համաներման կիրառման դեմ:

դ) Վերաքննիչ դատարանը տուժող Ա.Վարդանյանից խոշոր չափի գումար հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ իր որոշումը հիմնավորել է Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված սահմանափակմամբ, որի համաձայն` համաներման ակտը չի կիրառվում մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար համաներում չի կիրառվում:

Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի համատեքստում վերլուծելով մեջբերված հանգամանքները` բողոքաբերը փաստարկել է, որ «եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում» իրավական ձևակերպումը վերաբերում է ոչ թե ցանկացած հանցագործության տեսակի, այլ 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված` քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններին: Իսկ Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված հանցակազմը օրենսդրի կողմից չի ընդգրկվել, հետևաբար այդ հոդվածով հանցագործություն կատարած անձի նկատմամբ համաներում կիրառելու սահմանափակում չի կարող տարածվել:

Ընդհանրացնելով վերոգրյալը` բողոքի հեղինակը նշել է, որ Համաներման ակտը թե՛ իր կիրառման հիմքով և թե՛ այդ կիրառումը սահմանափակող դրույթներով կիրառելի է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ, որի մասին ուղղակի նշված է Համաներման ակտի 15-րդ կետում: Այսինքն մայիսի 1-ից հետո կատարված հանցագործությունները չեն կարող Համաներման ակտի կիրառման համար արգելակող դեր կատարել, մինչդեռ Հ.Ամիրխանյանի գործով Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը Համաներման ակտի կիրառման սահմանափակումը կապել են նրա կողմից մայիսի 1-ից հետո կատարած հանցագործության հետ:

10. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշումը և Ա.Վարդանյանից խոշոր չափերի գումար հափշտակելու դրվագով Հ.Ամիրխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել` Համաներման ակտի 2-րդ կետի 4-րդ և 6-րդ կետի 3-րդ ենթակետերի կիրառմամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանքների համակցության դեպքում Համաներման ակտի կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ նրան մեղսագրվող երկու հանցանքներից մեկը կատարվել է Համաներման ակտի ընդունումից հետո:

i

13. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (...) 168-րդ հոդվածով, 175-176-րդ հոդվածներով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (...) նախատեսված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն»:

Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»:

Համաներման ակտի 15-րդ կետի համաձայն` «Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ»:

14. Հանցանքների համակցության դեպքում համաներման ակտի կիրառման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Համաներման ակտի ուսումնասիրությունից երևում է, որ համաներման կիրառելիությունը և համաներման կիրառման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքը (քրեական գործի կարճում, պատժից ազատում, պատժաչափի չկրած մասի կրճատում և այլն) օրենսդիրը կատարած հանցագործությունների քանակից կախվածության մեջ չի դրել: Այլ կերպ` եթե համաներման ակտի համապատասխան դրույթներից բխում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է հարուցել կամ իրականացնել, կամ անձը ենթակա է պատժից ազատման, ապա կատարած արարքների թվաքանակն ինքնին որևէ կերպ չի կարող խոչընդոտել համաներումը տառացի նշանակությամբ մեկնաբանելու և կիրառելու համար:

Համաներման ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների համակցության դեպքին է վերաբերում միայն 9-րդ կետի 8-րդ ենթակետը, որի համաձայն` համաներումը չի կիրառվում «մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում»:

Փաստորեն, հանցագործությունների համակցության դեպքում համաներման կիրառման սահմանափակումն օրենսդիրը նախատեսել է միայն մեկ դեպքում` համաներման չկիրառման հիմքում դնելով ոչ թե հանցանքների քանակական, այլ որակական կողմը` առկա է թեկուզ մեկ այնպիսի հանցագործություն, որի նկատմամբ համաներումը կիրառելի չէ: (...):

Համաներման կիրառման մյուս սահմանափակումները հանցագործությունների զուտ թվաքանակով պայմանավորված չեն:

(...)

(...) հանցագործությունների համակցության այն դեպքերում, երբ համաներումը բոլոր հանցանքների նկատմամբ կիրառելի է, ապա դատարանը պարտավորեցված է համաներման ակտը (...) կիրառել յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին: (...):

(...) Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում համաներման ակտի կիրառումը հանցագործությունների համակցություն կազմող յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 18-րդ, 22-23-րդ կետերը:

15. Սույն որոշման 13-րդ կետում մեջբերված դրույթների համատեքստում զարգացնելով Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ ձևավորված մոտեցումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի կիրառելիությունն անսահմանափակ չէ և պայմանավորված է որոշակի ժամկետում կատարված հանցագործություններով: Ընդ որում, այդ առումով կարևորվում է ոչ թե գործի քննության կամ Համաներման ակտի կիրառման, այլ հանցագործության կատարման պահը: Մասնավորապես, Համաներման ակտի 15-րդ կետից երևում է, որ օրենսդրի կամքն է եղել Համաներման ակտը կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ: Այլ խոսքով` Համաներման ակտը կիրառելի է միայն այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են մինչև նշված օրը հանցանք կատարելու հետևանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Համաներման ակտի, դրա առանձին դրույթների վկայակոչումը, անկախ նրանից թե կոնկրետ դրույթը վկայակոչվում է Համաներման ակտը կիրառելու, թե կիրառման արգելքը հաստատելու համար, սահմանափակված է մինչ այդ օրը կատարված հանցագործությունների շրջանակով: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է Համաներման ակտով ընդգրկվող ժամանակահատվածից դուրս, ապա այդ հանցագործության համար Համաներման ակտի կիրառելիության հարցի քննարկումն առարկայազուրկ է, քանի որ բացակայում է Համաներման ակտի կիրառման համար անհրաժեշտ իրավահարաբերությունը:

16. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Վ.Ավետիսյանի գործով որոշմամբ Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետին տրված մեկնաբանությունը. «(...) հանցագործությունների համակցության դեպքում համաներման կիրառման սահմանափակումն օրենսդիրը նախատեսել է միայն մեկ դեպքում` համաներման չկիրառման հիմքում դնելով ոչ թե հանցանքների քանակական, այլ որակական կողմը` առկա է թեկուզ մեկ այնպիսի հանցագործություն, որի նկատմամբ համաներումը կիրառելի չէ (...)», և ընդգծում է, որ տվյալ սահմանափակմանը պետք է տալ բացառապես այն բովանդակային նշանակությունը, որն օրենսդիրն ի նկատի է ունեցել Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետում որոշակի հանցատեսակներ թվարկելով: Այլ խոսքով` Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումն անհրաժեշտ է դիտարկել նույն կետի 7-րդ ենթակետի համատեքստում` Համաներման ակտի կիրառման անհնարինությունը կապելով հանցագործության էության, այլ ոչ թե դրա կատարման ժամանակահատվածի հետ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Ամիրխանյանին մեղսագրվել է երկու դրվագով խարդախություն, որոնցից առաջինը` 2010 թվականի սկզբից մինչև 2011 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում տուժող Ա.Վարդանյանի նկատմամբ կատարված, որը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկրորդը` 2011 թվականի փետրվարից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում տուժող Ա.Էլոյանի նկատմամբ կատարված, որը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վկայակոչելով Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետը` Առաջին ատյանի դատարանը Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը չի կիրառել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ է թողել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված և 2011 թվականի մայիսի 1-ից հետո կատարած հանցագործության համար Հ.Ամիրխանյանի նկատմամբ կիրառել են Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի դրույթները, ինչի հետևանքով Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը չեն կիրառել նաև մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության համար: Մինչդեռ նշված հանցագործության համար նրա նկատմամբ Համաներման ակտի կիրառման սահմանափակումները բացակայում են:

18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված չէ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Հ.Ամիրխանյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելի չէ, քանի որ նրան մեղսագրվող երկու հանցանքներից մեկը կատարվել է Համաներման ակտի ընդունումից հետո:

Հետևաբար, հիմնավոր է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Համաներման ակտի 9-րդ կետի 8-րդ ենթակետի սխալ մեկնաբանման արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման պահանջները (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբ Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 9-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հակոբ Գագիկի Ամիրխանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.11.2012
N ԵԿԴ/0067/01/12
Որոշում