Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Հ ...

 

 

020.1071.220113

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 21.12.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2012 թվականի հունիսի 26-ին:

2. Համաձայնագիրը սահմանում է Ավստրիայի և Հայաստանի միջև զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական պայմանները, որը ֆինանսավորվելու է դրամաշնորհային հիմունքներով և դիտարկվելու է որպես զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակություն: Նշված Համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդումը` զարգացնելով, ընդլայնելով և խորացնելով զարգացմանն ուղղված համագործակցությունը, ինչպես նաև աջակցելու զարգացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ 2002 թվականի ակտում նշված` Ավստրիական զարգացման համագործակցության հիմնական նպատակներին, որոնք են աղքատության կրճատումը, խաղաղության և մարդկանց անվտանգության ապահովումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

. ՀՀ օրենսդրության շրջանակներում աջակցել զարգացմանն ուղղված համագործակցության ընդհանուր ծրագրերին և նախագծերին (հոդվ. 2, կետ 1),

. ընդունել օժանդակության արդյունավետության մասին Փարիզյան հռչակագրի ներքո ստանձնած պարտավորությունները ավստրիական կողմի հետ համագործակցության հիմքում և միջոցներ ձեռնարկել` իրականացնելու սեփականության, համապատասխանեցման, ներդաշնակության, արդյունքների կառավարման և փոխադարձ պատասխանատվության սկզբունքները (հոդվ. 2, կետ 2),

. ջանալ մոբիլիզացնել առավելագույն ռեսուրսներ Համաձայնագրի նպատակով ընդհանուր ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման համար (հոդվ. 2, կետ 3),

. Համաձայնագրի շրջանակներում նախագծերի իրականացումը հեշտացնելու համար ազատել հարկերից, մաքսերից և այլ գանձումներից բոլոր ապրանքները, ներառյալ սարքավորումները և նյութերը, աշխատանքները և ծառայությունները, որոնք տրամադրվել կամ ֆինանսավորվել են ավստրիական կողմից դրամաշնորհային հիմունքներով, ինչպես նաև տրամադրել բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, հաստատումները կամ այլ նմանատիպ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են նախագծերի իրականացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ներմուծման և վերաարտահանման համար (հոդվ. 5, կետեր ա) և բ)),

. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված անձանց ապահովել` վիզայի անհապաղ թույլտվություն և բազմակի մուտքի ու ելքի վիզաների անվճար տրամադրում գործունեության ամբողջ ընթացքում, ազատ տեղաշարժ երկրի ներսում, ինչպես նաև ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, երկիր մուտք գործելու և այնտեղից հեռանալու իրավունք, բոլոր անհրաժեշտ թույլտվություններ, ինչպես նաև ներգաղթի սահմանափակումից ազատում և օտարերկրացիների գրանցում Համաձայնագրով սահմանված ժամանակահատվածում, ազատում անհատական եկամտահարկից և Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ կնքված պայմանագրի ներքո ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ մատակարարելու պատասխանատվություն ստանձնած գործատուի` ուղղակիորեն կամ որպես ենթամատակարար, կողմից վճարված վարձատրության նկատմամբ կիրառվող այլ ուղղակի հարկից (հոդվ. 7, կետ 3, ենթակետեր «ա», «բ», «գ», «դ»),

. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված անձանց ապահովել համարժեք հայրենադարձման հնարավորություն ազգային կամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ինչպես տրամադրվում է դիվանագիտական առաքելության անդամներին, ինչպես նաև ապահովել հնարավորություն ներմուծելու և վերաարտահանելու առանց մաքսատուրքի և նման այլ գանձումների, մասնագիտական սարքավորումներ և ապրանքներ, որոնց կարիքը անձնակազմն ունի` իր ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար (հոդվ. 7, կետ 3, ենթակետեր «ե», «զ»),

. երաշխավորել ավելի քան վեց ամիս տևողությամբ աշխատող անձնակազմի անձնական կարիքների համար ոչ ռեզիդենտային բանկային հաշիվ Հայաստանի Հանրապետությունում բացելու և օգտագործելու իրավունք, ինչպես նաև երաշխավորել, որ նման հաշիվները չենթարկվեն արտարժույթի որևէ վերահսկման կամ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող վճարների, և մնացորդներն ազատորեն փոխարկելի լինեն ցանկացած արժույթի (հոդվ. 7, կետ 4, ենթակետ «ա»),

. երաշխավորել ավելի քան վեց ամիս տևողությամբ աշխատող անձնակազմի ազատումը ներմուծման և արտահանման հարկերից, մաքսավճարներից և այլ տուրքերից, վճարներից և ցանկացած այլ նմանատիպ գանձումից, այդ թվում` ԱԱՀ-ից, անձնական և ընտանիքի օգտագործման համար իրերի` ներառյալ, բայց չսահմանափակված կենցաղային տեխնիկայի, անձնական օգտագործման և փոխադրամիջոցների նկատմամբ (հոդվ. 7, կետ 4, ենթակետ «բ»),

. հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ ջանքերը ավստրիական կողմի հետ միավորելու մտադրության մասին և մասնավորապես հայտարարել, որ ոչ մի առաջարկ, նվեր, վճարում, որևէ տիպի փոխհատուցում կամ նպաստ, որը հանդիսանում է ապօրինի գործողություն կամ կոռուպցիոն գործելակերպ, չի եղել կամ չի լինի ուղղակի կամ անուղղակի խրախուսանք կամ պարգևատրում Համաձայնագրի կատարման համար (հոդվ. 9):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի տնտեսական աճին և անաչառ զարգացմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի` ԵՄ-ի կառույցներին աստիճանաբար ինտեգրվելու նպատակով քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար Համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2012 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2013 թվականի

ՍԴՈ-1071

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2013
N ՍԴՈ-1071
Որոշում