Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0676/02/08

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0676/02/08

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աննա Սայադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2012 թվականի որոշման դեմ` ըստ Աննա Սայադյանի հայցի ընդդեմ Արտեմ Սայադյանի` բնակարանի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Սայադյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Արտաշիսյան փողոցի 46-րդ շենքի թիվ 45 բնակարանի 1/2 մասի նկատմամբ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Կուբանյան) 07.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Հովսեփյան, դատավորներ Ա. Մկրտչյան, Ն. Բարսեղյան) 07.04.2011 թվականի որոշմամբ Արտեմ Սայադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.09.2012 թվականի որոշմամբ Արտեմ Սայադյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 25.05.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Սայադյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտեմ Սայադյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ վիճելի բնակարանը ձեռք է բերվել իր և Արտեմ Սայադյանի համատեղ ամուսնության ընթացքում, հատուցմամբ, այն համարվում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.09.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.05.2012 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Նշված որոշումն արդարացի է, քանի որ վիճելի բնակարանը համատեղ ամուսնության ընթացքում ձեռքբերված գույք չէ. այն գնել է Արտեմ Սայադյանի մայրը` նաև վերջինիս և Արտեմ Սայադյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող բնակարանի վաճառքից առաջացած գումարով: Ընդ որում, վիճելի բնակարանը գնվել է վերը նշված բնակարանը վաճառելու օրը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 23.12.1993 թվականին Երևանի Էրեբունու ՔԿԱԳ-ի բաժնում գրանցվել է Աննա Սարոյանի (ամուսնությունը գրանցելուց հետո կրել է Սայադյան ազգանունը) և Արտեմ Սայադյանի ամուսնությունը, որի վերաբերյալ նույն բաժնի կողմից նույն օրը տրվել է III-ՍԼ 447051 ամուսնության վկայականը (հատոր 1, գ.թ. 5).

2) 28.10.1997 թվականին Սամվել Շահվերդյանի և Արտեմ Սայադյանի միջև կնքվել է «Բնակարանի վաճառքի պայմանագիր», որի համաձայն` Արտեմ Սայադյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Երևանի Ծերեթելի (ներկայիս Արտաշիսյան) փողոցի 46-րդ շենքի թիվ 45 բնակարանը (հատոր 1, գ.թ. 10).

3) նշված բնակարանի նկատմամբ Արտեմ Սայադյանին 28.10.1997 թվականին տրվել է սեփականության վկայագիր (հատոր 1, գ.թ. 9).

4) 28.10.1997 թվականի դրությամբ Աննա և Արտեմ Սայադյանների ամուսնությունը լուծված չի եղել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

i

Վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու պահից:

Նույն օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույքը նրանց ընդհանուր համատեղ սեփականությունն է: Ամուսիններն այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հավասար իրավունքներ ունեն: Ամուսինները գույքի նկատմամբ հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղված է եղել տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով կամ այլ հարգելի պատճառներով ինքնուրույն վաստակ չի ունեցել:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված (վաստակած) գույքը, անկախ նրանից` որ ամուսինն է ձեռք բերել (վաստակել), ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել է երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույն է, հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Արտեմ և Աննա Սայադյանների ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվել է 23.12.1993 թվականին, իսկ վիճելի բնակարանը ձեռք է բերվել և Արտեմ Սայադյանի անվամբ է գրանցվել նրանց ամուսնության ընթացքում` 28.10.1997 թվականին, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ բնակարանի նկատմամբ ծագել է նաև Աննա Սայադյանի սեփականության իրավունքը, և այն ամուսինների համատեղ սեփականությունն է:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքները, Դատարանի 25.05.2012 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իր 12.09.2012 թվականի որոշմամբ սահմանել է գործի նոր քննության ծավալ` նշելով, որ «Դատարանն իրավական գնահատման չի ենթարկել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ գույքը ձեռք չի բերվել ամուսինների դրամական միջոցներով, չի պարզել` պատասխանողի ծնողների կողմից վիճելի բնակարանի գնման համար կատարված դրամական ներդրումը եղել է հատուցելի, թե ոչ, ինչպես նաև նրանց դիտավորությունն ուղղված է եղել միայն պատասխանողի ակտիվների ավելացմանը, թե նախատեսվել է երկու ամուսինների համար ընդհանուր սեփականության ձեռքբերում»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը վերը նշված իրավական նորմերի վկայակոչմամբ սույն գործի քննության համար չունեն էական նշանակություն:

Վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 21-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը բաժանելիս նրանց բաժինները հավասար են:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աննա Սայադյանի հայցի` վիճելի բնակարանի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բավարարումը Դատարանի կողմից օրինաչափ է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.05.2012 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Արտեմ Սայադյանից հօգուտ Աննա Սայադյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես Աննա Սայադյանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԵՇԴ/0676/02/08
Որոշում