Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ Վ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի             Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2228/02/10

    քաղաքացիական և  վարչական                                     2012 թ.

պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2228/02/10

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գալուստ Շիրինյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Գալուստ Շիրինյանի ընդդեմ «ՍիրԿապ Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 2.000.000 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումարի, վերջնահաշվարկի գումարի, որը կազմել է 328.900 ՀՀ դրամ` որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի գումարի բռնագանձման, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների` աշխատավարձը վճարելու պարտավորության խախտման պահից մինչև 01.09.2010 թվականը` 212.996 ՀՀ դրամ գումարի, ինչպես նաև չվճարված աշխատավարձի` 2.000.000 ՀՀ դրամ գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` 01.09.2010 թվականից մինչև պարտավորությունը կատարելու օրը հաշվարկելու և բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.08.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գալուստ Շիրինյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար, 328.900 ՀՀ դրամ` որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի վերջնահաշվարկի գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` աշխատավարձը վճարելու պարտավորության խախտման պահից մինչև 01.09.2010 թվականը` 212.996 ՀՀ դրամ, ինչպես նաև 2.000.000 ՀՀ դրամ գումարի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` 01.09.2010 թվականից մինչև պարտավորությունը կատարելու օրը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր`Ռ.Ափինյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել և փոփոխվել է Դատարանի 24.03.2011 թվականի վճիռը, և հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.08.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.06.2011 թվականի որոշման դեմ Գալուստ Շիրինյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գալուստ Շիրինյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի 24.03.2011 թվականի վճիռը, հայցը մերժել է` պատճառաբանելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, իսկ տվյալ դեպքում չի հիմնավորվել Գալուստ Շիրինյանի և Ընկերության միջև ծագած աշխատանքային հարաբերությունները, քանի որ գործում բացակայել է կողմերի միջև կնքված գրավոր աշխատանքային պայմանագիր, որը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև աշխատողի կողմից որոշակի աշխատանք կատարելու և դրա դիմաց գործատուի կողմից աշխատավարձ վճարելու, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային այլ պայմանների մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ գտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, սակայն արձանագրել է աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում համապատասխան ապացույցների առկայության դեպքում փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու անձի իրավունքը:

Փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանն իր 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի 03.08.2011 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.03.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Գալուստ Շիրինյանի և Ընկերության միջև գրավոր աշխատանքային պայմանագիր չի կնքվել (հատոր 2-րդ, գ.թ. 32-38):

2. Դատարանը, հաստատված համարելով կողմերի միջև աշխատանքային պայմանագրի բացակայության փաստը և միաժամանակ հիմք ընդունելով այլ գրավոր ապացույցներ, հաստատված է համարել կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը և 24.03.2011 թվականի վճռով Գալուստ Շիրինյանի հայցը բավարարել է (հատոր 1-ին, գ.թ. 129-138):

3. Վերաքննիչ դատարանը, արձանագրելով կողմերի միջև գրավոր աշխատանքային պայմանագրի, հետևաբար` նաև աշխատանքային իրավահարաբերությունների բացակայության փաստը, 08.06.2011 թվականի որոշմամբ բեկանել և փոփոխել է Դատարանի 24.03.2011 թվականի վճիռը և հայցը մերժել է (հատոր 2-րդ, գ.թ. 32-38):

4. Գալուստ Շիրինյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ որոշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, սակայն միաժամանակ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի, 298-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից հանգել է այն եզրահանգման, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրական բովանդակությունը սույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերություններն աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքային պայմաններ:

Համաձայն նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Գալուստ Շիրինյանը մինչև 25.08.2010 թվականը գտնվելով փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ Ընկերության հետ, չի ստացել 2009 թվականի հունվար ամսից մինչև 2010 թվականի օգոստոս ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում սահմանված աշխատավարձը, որն ամսական 100.000 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձի հաշվարկով ընդհանուր կազմել է 2.000.000 ՀՀ դրամ, 24.03.2011 թվականի վճռով հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը 08.06.2011 թվականի որոշմամբ բեկանել և փոփոխել է Դատարանի 24.03.2011 թվականի վճիռը և հայցը մերժել, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը և հանգել այն հետևության, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա, իսկ տվյալ դեպքում չի հիմնավորվել Գալուստ Շիրինյանի և Ընկերության միջև ծագած աշխատանքային հարաբերությունները, քանի որ գործում բացակայել է կողմերի միջև կնքված գրավոր աշխատանքային պայմանագիր, որը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև աշխատողի կողմից որոշակի աշխատանք կատարելու և դրա դիմաց գործատուի կողմից աշխատավարձ վճարելու, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային այլ պայմանների մասին:

Վճռաբեկ դատարանը 03.08.2011 թվականի որոշմամբ վերադարձրել է Վերաքննիչ դատարանի 08.06.2011 թվականի որոշման դեմ Գալուստ Շիրինյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը:

i

Գալուստ Շիրինյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության համապատասխանելիության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ որոշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` միաժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի, 298-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից հանգելով այն եզրահանգման, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը:

ՀՀ աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերի վերաբերելի նորմերի համադրված վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող նորմը, որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման միակ հիմք սահմանելով աշխատանքային պայմանագիրը, չի բացառում գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցման դեպքում անձի իրավունքների, այդ թվում` փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի, արդյունավետ պաշտպանության հնարավորությունը և հանգել այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր, և հարցի նկատմամբ չի կարող ձևական մոտեցում դրսևորվել:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատանքային պարտականությունների կատարման առկայության` հիմնավոր ապացույցներով փաստը հիմք է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման իր աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած անձին իր իրավունքների, այդ թվում` համարժեք հատուցման պահանջի իրավունքի պաշտպանություն տրամադրելու համար` պատճառաբանելով, որ սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման և աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաև անձի սեփականության իրավունքի ոտնահարում է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշումը նոր հանգամանք է և Վճռաբեկ դատարանի 03.08.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման հիմք:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վճռաբեկ դատարանի 03.08.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.08.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԵԿԴ/2228/02/10
Որոշում