Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ԵՎ 1062-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0125/02/11

    դատարանի որոշում                                            2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0125/02/11

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմինե Աբելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2011 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Արմինե Աբելյանի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Դանիելյանի (այսուհետ` Ձեռնարկատեր) վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմինե Աբելյանը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 3.545.100 ՀՀ դրամ` որպես «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետական համարանիշով ավտոմեքենային պատճառված վնասի գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն.Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 20.10.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 3.161.100 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2011 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 20.10.2011 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Աբելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Հովհաննես Դանիելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը և 1062-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես այն, որ Երևանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հ.Խալաթյանի 26.10.2010 թվականի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է այն, որ Էմին Յավրյանը, որպես ավտոլվացման կետի` Ձեռնարկատիրոջ մոտ աշխատող աշխատակից, իրեն հանձնված «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետհամարանիշի ավտոմեքենան լվանալուց հետո մեքենայի վրայի ջրային կաթիլները չորացնելու նպատակով այն հանել է ավտոլվացման կետից և վարել է Ն.Զարյան փողոցի կողմից Հ.Քոչար փողոցից դեպի Վ.Վաղարշյան փողոց տանող ուղեմասի մեջտեղով, ինչի հետևանքով ընդհարվել է այլ ավտոմեքենաների: «Այսինքն` Էմին Յավրյանն ինքն է հաստատել, որ նա վեճի առարկա ավտոմեքենան վթարի է ենթարկել իր աշխատանքային պարտականությունները կատարելիս, իսկ թե ինչ եղանակով է կատարում այն, դա Գործատուի և աշխատողի միջև եղած պայմանավորվածությունից և աշխատանքային պայմանագրից է կախված»:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.10.2011 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր: Սույն գործով Ձեռնարկատիրոջ և Էմին Յավրյանի միջև 01.10.2010 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 3.1 կետի համաձայն` սույն պայմանագրով աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է 21.00-ն, իսկ ավարտը 09.00-ն: Հետևաբար վերոնշյալ ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում դատարանը կարող էր եզրահանգել, որ Էմին Յավրյանը գործել է իր աշխատանքային պարտականություններից դուրս: Բանն այն է, որ «Վոլկսվագեն Էօս» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետ մուտք չի գործել և 11.10.2011 թվականին ժամը 09.00-ի սահմաններում` կայանել է ավտոլվացման կետից դուրս գտնվող տարածքում, ինչը պնդել է նաև Էմին Յավրյանն իր 15.10.2010 թվականի բացատրությամբ, ավելին` Էմին Յավրյանը գտնվել է իր աշխատանքային պարտականությունների շրջանակից դուրս, այսինքն` վերը նշված աշխատանքային պայմանագրով սահմանված նրա աշխատանքային ժամն արդեն ավարտված է եղել: Հետևաբար այդ պահին Էմին Յավրյանը չի համարվել աշխատող և իրավունք չի ունեցել «Վոլկսվագեն Էօս» մակնիշի ավտոմեքենան լվանալու և վարելու, քանի որ վերջինիս համար աշխատանքային պայմանագրով այդպիսի պարտավորություն սահմանված չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 01.10.2010 թվականին Ձեռնարկատիրոջ և Էմին Յավրյանի միջև անորոշ ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 10):

2. Պայմանագրի 1.2 կետի համաձայն` Է.Յավրյանը աշխատանքի է ընդունվել որպես ավտոլվացող և աշխատանքի կատարման վայրն է հանդիսացել Գործատուի գտնվելու վայրը: Նշված պայմանագրով աշխատողին հանձնարարվող աշխատանքը ներառել է մեքենաների լվացումը (հատոր 1-ին, գ.թ. 10):

3. Պայմանագրի 4.1 կետում ամրագրվել է ցանկացած պահին աշխատողին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքը ստուգելու և աշխատողի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ որակով կատարելու դեպքում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու Գործատուի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 11):

4. Պայմանագրի 3.1 կետով` աշխատանքային օրվա սկիզբ է սահմանվել ժամը 21:00-ն, ավարտը` ժամը 09:00-ն (հատոր 1-ին, գ.թ. 11):

5. 11.10.2010 թվականին առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում` քաղաքացի Վարդան Պողոսյանը, ով օգտագործել է Արմինե Աբելյանին սեփականության իրավունքով պատկանող «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետհամարանիշի ավտոմեքենան, լվանալու նպատակով այն հանձնել է Էմին Յավրյանին (հատոր 1-ին, գ.թ. 108, 115` Էմին Յավրյանի և Վարդան Պողոսյանի բացատրությունները):

6. 11.10.2010 թվականին` ավտոմեքենան լվանալուց հետո` ժամը 1000 -ի սահմաններում, Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի 143 տան դիմաց Էմին Յավրյանը «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետհամարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Գարիկ Հովհաննիսյանի վարած «Ֆիատ Դոբլո» մակնիշի 17 ՏՕ 828 պետհամարանիշի ավտոմեքենային, այնուհետև մայթեզրի մոտ կայանված Կարեն Հակոբյանին պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի 04 ՍԼ 399 պետհամարանիշի և Արամ Կարապետյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի 01 ԼԼ 349 պետհամարանիշի ավտոմեքենաներին, որի հետևանքով «Վոլկսվագեն Էօս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն (հատոր 1-ին, գ.թ. 20):

7. Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի 26.10.2010 թվականի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ավտովարորդներ Էմին Յավրյանի և Գարիկ Հովհաննիսյանի արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանություններով (հատոր 1-ին, գ.թ. 20-22):

8. ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 25.10.2010 թվականի եզրակացության համաձայն` փորձաքննության տրամադրված վիճակում «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետհամարանիշի ավտոմեքենայի վնասվածքների հետևանքով այդ ավտոմեքենայի (գույքի) վնասի չափն արժեքային արտահայտությամբ 12.10.2010 թվականի դրությամբ գործող շուկայական գներով կազմում է 3.161.100 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 125-134):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վնասի հատուցման ընդհանուր պայմաններին:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

i

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես` Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Փաստորեն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը (տես «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵՔԴ/0086/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ վերոնշյալ ընդհանուր կանոնները կիրառելի են նաև սույն գործի նկատմամբ, այնուամենայնիվ, անհրաժեշտ չի համարում կրկին անդրադառնալ վերոնշյալ իրավական հարցերին, և սույն գործով բողոքում բարձրացված հարցին պատասխանելու համար նպատակահարմար է գտնում քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցադրումը` ու՞մ կողմից է ենթակա հատուցման աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս աշխատողի կողմից երրորդ անձին պատճառված վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ նորմի կիրառման համար անհրաժեշտ է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներով նախատեսված վնասի հատուցման ընդհանուր պայմանների առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձի աշխատողի կողմից վնաս պատճառվելու դեպքում որպես վնաս պատճառող հանդես է գալիս տվյալ աշխատողը, քանի որ վերջինիս գործողությունների կամ անգործության հետևանքով է պատճառվել վնասը: Միաժամանակ, օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատողը տվյալ գործողությունները կատարել է ոչ թե ամբողջությամբ ազատ լինելով դրանց մեջ, այլ իրականացնելով իր աշխատանքային պարտականությունները, որպես պատասխանատվություն կրող սուբյեկտ դիտել է ոչ թե վնաս պատճառողին, այլ այն իրավաբանական անձին (անհատ ձեռնարկատիրոջը), որի աշխատողի կողմից պատճառվել է վնասը: Օրենսդրական նման իրավակարգավորման նպատակն առաջին հերթին կայանում է նրանում, որ աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) պարտականությունները կատարելիս վնաս պատճառելու դեպքում աշխատողը գործում է ոչ թե իր, այլ հենց գործատուի անունից, և հետևաբար օրենսդիրը, վնասի հատուցման պարտավորությունը դնելով գործատուի վրա, կարևորել է տուժող կողմի համար որոշակի երաշխիքների ապահովումը պատճառված վնասի ամբողջական վերականգնման առումով, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտված իրավունքների վերականգնման ապահովման սկզբունքի դրսևորում է վնասի հատուցման հարաբերություններում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանները պետք է հաշվի առնեն, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ էական նշանակություն ունի յուրաքանչյուր գործով պարզել` արդյոք վնասը պատճառվել է աշխատող համարվող անձի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման կարգը:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է: Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածը սահմանում է նաև, որ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին:

i

Վերոնշյալ նորմերի համադրությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի 2-րդ կետի հետ ցույց է տալիս, որ անձը աշխատող համարվելու համար պետք է աշխատի աշխատանքային պայմանագրի հիման վրա: Միաժամանակ, օրենսդիրը վերջինիս պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճության և ողջամտության սկզբունքների պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ, այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին: Նշված վերլուծությունը բխում է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն` աշխատողները պարտավոր են աշխատել սահմանված աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցներին համապատասխան: Կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ: Գործատուն պարտավոր է ապահովել աշխատողների աշխատանքների կատարման հերթափոխության համաչափությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ գործատուն, իր ներքին իրավական ակտերով սահմանելով կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները), աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու կարգը, միաժամանակ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 35-րդ հոդվածի հիման վրա իրականացնում է աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը: Այսինքն` օրենսդիրը, գործատուին իրավունք ընձեռելով սահմանել վերոնշյալ ակտերը, միաժամանակ վերջինիս իրավունք է ընձեռել վերահսկողություն իրականացնել դրանց պահպանման նկատմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ գործատուն պատասխանատվություն է կրում իր աշխատողի կողմից հասցված վնասի համար ոչ միայն այն դեպքում, երբ վերջինս գործել է գործատուի առաջադրանքով, այլ նաև այն դեպքում, երբ աշխատողը պարտավոր էր նման կերպ գործել: Դեռ ավելին, աշխատողը պետք է գործի աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ գործատուի վերահսկողության ներքո, այսինքն` գործատուն պարտավորվում է պատշաճ կերպով վերահսկել իր աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունների (այդ թվում կարգապահական կանոնների) պատշաճ կատարումը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները կատարում է գործատուի վերահսկողությունից դուրս, դրանով իսկ խախտելով աշխատանքային պայմանագիրը, ապա նա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթի իմաստով չի դադարում աշխատող լինելուց, դրանից բխող հետևանքներով:

Վերոնշյալ իրավական վերլուծություններից հետո սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել նաև հրապարակային պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարելիս կամ ծառայություն մատուցելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի կիրառման առանձնահատկությունները` դրանք դիտարկելով սպառողների իրավունքների պաշտպանության համատեքստում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրն ու աշխատանքային ռեժիմը:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` առևտրի, սպառողների կենցաղային և սպասարկման այլ տեսակների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի աշխատակարգը սահմանվում է նրանց կողմից ինքնուրույնաբար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Վաճառողի (կատարողի) աշխատակարգի մասին տեղյակ է պահվում սպառողին:

Վերոնշյալ իրավակարգավորման իմաստը կայանում է նրանում, որ հատկապես հրապարակային պայմանագրի դեպքում, երբ գործատուն որոշակի ապրանքներ է վաճառում, աշխատանքներ կատարում կամ ծառայություններ մատուցում, յուրաքանչյուրին ով իրեն կդիմի, ապա սպառողը առաջարկվող ծառայություններից օգտվելիս ամենևին պարտականություն չի կրում ստուգելու գործատուի աշխատանքների կազմակերպման տարածքում գտնվող և որպես աշխատող ներկայացող անձի` իրականում այդպիսին լինելու, աշխատողի աշխատաժամանակը ավարտված լինելու և այդ դեպքում արտաժամյա աշխատանքների իրականացումը աշխատողի և գործատուի կողմից համաձայնեցված լինելու հանգամանքները: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ գործատուն պարտավորվում է պատշաճ կերպով կազմակերպել իր գործունեությունը և բացառել ոչ միայն այլ անձանց մուտքը իր տարածք, այլ նաև վերահսկել իր աշխատողների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև թույլ չտալ նրանց աշխատաժամանակից դուրս շարունակել ծառայություններ մատուցել, իսկ եթե այդպիսիք մատուցվում են, ապա դա պետք է որակվի որպես աշխատողի կողմից արտաժամյա աշխատանքի իրականացում, և դրա բացասական ռիսկը կրում է գործատուն: Ավելին, օրենսդիրը գործատուին է պարտավորեցնում իր կազմակերպության գործունեության մասին տեղեկատվություն տրամադրել սպառողին, հետևաբար այդ պարտականությունը չկատարելու դեպքում վերջինս պետք է կրի նաև դրանց բխող բացասական հետևանքների ռիսկը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հրապարակային պայմանագրի դեպքում սպառողների կողմից աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը պետք է մեկնաբանվի նաև սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրության տրամաբանության ներքո:

Սույն գործի փաստերի համաձայն` 01.10.2010 թվականին Ձեռնարկատիրոջ և Էմին Յավրյանի միջև անորոշ ժամկետով կնքվել է Պայմանագիր և Պայմանագրի 1.2 կետի համաձայն` Է. Յավրյանը աշխատանքի է ընդունվել որպես ավտոլվացող: Աշխատանքի կատարման վայր է հանդիսացել Գործատուի գտնվելու վայրը: Նշված պայմանագրով աշխատողին հանձնարարվող աշխատանքը ներառել է մեքենաների լվացումը:

11.10.2010 թվականին` առավոտյան ժամը 0900 -ի սահմաններում, քաղաքացի Վարդան Պողոսյանը, ով օգտագործել է Արմինե Աբելյանին սեփականության իրավունքով պատկանող <վոլկսվագեն էօս»="" մակնիշի="" 03="" օօ="" 777="" պետհամարանիշի="" ավտոմեքենան,="" լվանալու="" նպատակով="" հանձնել="" է="" ձեռնարկատիրոջը="" պատկանող="" ավտոլվացման="" կետի="" աշխատակից="" է.="" յավրյանին:="" վերջինս,="" հանդիսանալով="" որպես="" ձեռնարկատիրոջ="" աշխատակից,="" ստանձնել="" է="" ավտոմեքենան="" լվանալու="" իր="" աշխատանքային="">

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ ավտոմեքենան ավտոլվացողին հանձնվել է նրա աշխատանքային ժամն ավարտվելուց հետո կամ աշխատանքային ժամի ավարտին, ավտոմեքենային վնաս է պատճառվել Էմին Յավրյանի կողմից այն ավտոլվացման կետի տարածքից դուրս, փողոցներում վարելու ընթացքում, որն աշխատանքային պայմանագրով վերջինիս աշխատանքային պարտավորությունների շրջանակներում չի գտնվել, Ձեռնարկատիրոջ, ղեկավար անձանց կողմից իրեն հանձնարարված չի եղել: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062-րդ հոդվածի դրույթների վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական անձը կամ քաղաքացին պատասխանատվություն են կրում իր աշխատողի կողմից պատճառված վնասների համար միայն այն դեպքում, երբ վնաս հասցնելու պահին վերջինս գտնվել է աշխատանքի մեջ և կատարել է իր աշխատանքի գործառույթների շրջանակներում գտնվող աշխատանքային պարտականությունները, գործել է իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել սույն գործի առանձնահատկությունները, սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրական պահանջը և այն հանգամանքը, որ սույն գործով Վարդան Պողոսյանը` որպես սպառող, «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնել է Ձեռնարկատիրոջը պատկանող ավտոլվացման կետի աշխատակից Է. Յավրյանին, այսինքն` վերջինս ավտոմեքենան հանձնել է ոչ թե անհատապես Է. Յավրյանին, այլ Ձեռնարկատիրոջը` որպես ծառայություն մատուցող և միաժամանակ որպես Է. Յավրյանի գործատուի: Հետևաբար, Վարդան Պողոսյանն առաջարկվող ծառայություններից օգտվելիս ամենևին պարտականություն չէր կրում ստուգելու Ձեռնարկատիրոջ աշխատանքների կազմակերպման տարածքում գտնվող և որպես աշխատող ներկայացող Է. Յավրյանի` իրականում այդպիսին լինելու, աշխատողի աշխատաժամանակն ավարտված լինելու և այդ դեպքում արտաժամյա աշխատանքների իրականացումն աշխատողի և գործատուի կողմից համաձայնեցված լինելու հանգամանքները: Ավելին, սույն գործով Ձեռնարկատերն է կրում Վարդան Պողոսյանին աշխատանքային ռեժիմի և աշխատակարգի մասին տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև իր աշխատող Է. Յավրյանի կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների և աշխատանքային ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունը, որպիսիք պատշաճ չիրականացնելու արդյունքում աշխատակցի գործողությունների հետևանքով պատճառվել է վնաս: Հետևաբար սույն գործով «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետհամարանիշի ավտոմեքենային վնաս պատճառվելու դեպքում ռիսկը կրում է ծառայություն մատուցողը` Ձեռնարկատերը, ուստի վերջինս էլ պետք է հատուցի ավտոմեքենային պատճառված վնասը:

Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էմին Յավրյանը «Վոլկսվագեն Էօս» մակնիշի 03 ՕՕ 777 պետհամարանիշի ավտոմեքենան լվացել է գործատուի գտնվելու վայրում` ավտոլվացման կետում, հետևապես վերջինիս կողմից այդ ընթացքում պատճառված վնասը պետք է համարվի աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում պատճառված վնաս, որը ենթակա է հատուցման Ձեռնարկատիրոջ կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.10.2011 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Անհատ ձեռնարկատեր Հովհաննես Դանիելյանից հօգուտ Արմինե Աբելյանի բռնագանձել 22.320 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար: Անհատ ձեռնարկատեր Հովհաննես Դանիելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 230.568 ՀՀ դրամ որպես հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախատեսված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԿԴ/0125/02/11
Որոշում