Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԿԱՅ ...

 

 

040.0187.050313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2013 թվականի N 187-Ն

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և հավատարմագրման վկայականի ձևը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել հանրային գրադարանների հավատարմագրման հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 28-ի

N 187-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրային գրադարանների կարգավիճակ տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հանրային գրադարանների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգի պահանջներին համապատասխան:

3. Հանրային գրադարանների կարգավիճակը հավաստվում է վկայականով (այսուհետ` վկայական) և հավատարմագրման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` գրանցումով:

4. Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծվում է հանրային գրադարանների հավատարմագրման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգն ու անհատական կազմը:

5. Հանձնաժողովն իրավասու է քննարկել սույն կարգի համաձայն իրեն ներկայացված փաստաթղթերը և տրամադրել եզրակացություն հանրային գրադարանի կարգավիճակ տալու կամ մերժելու վերաբերյալ:

6. Նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում և յուրաքանչյուր ամիս թարմացնում է հավատարմագրված գրադարանների վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի`

1) գրադարանի անվանումը.

2) գրադարանի գտնվելու վայրը.

3) վկայականի համարը, տրամադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը:

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Գրադարանը կարող է հավատարմագրվել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե համապատասխանում է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. Հավատարմագրման վկայական ստանալու նպատակով գրադարանը (այսուհետ` դիմումատու) դիմում է նախարարին` կցելով սույն կարգի 7-րդ կետի պահանջները բավարարող հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող պետական ռեգիստրի գրանցման վկայականի համարը.

2) տեղեկույթ տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածուի (իրականացված հաշվառման, ստեղծված գրադարանի տեղեկատվական համակարգի) մասին.

3) կազմակերպության տարածքի (սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթի պատճենը, ինչպես նաև տեղեկույթ գրադարանի գործունեության համար համապատասխան գույքի կազմի և տեսակի մասին.

4) տեղեկույթ ֆինանսական ապահովվածության և ֆինանսավորման աղբյուրների մասին.

5) տեղեկույթ նախարարի հրամանով սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերին համապատասխան որակավորված մասնագետների մասին.

6) տեղեկույթ գրադարանից օգտվողներին մատուցած գրադարանային ծառայությունների մասին, այդ թվում` ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար.

7) տեղեկույթ միջգրադարանային բաժնութային համակարգից օգտվելու մասին:

9. Դիմումն ու կից փաստաթղթերն ընդունում և գրանցում է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում)` էլեկտրոնային եղանակով` համաձայն գործող օրենսդրության:

10. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացնում է բացակայող կամ պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերի մասին և առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում դիմումատուն փաստաթղթերի թերությունները չվերացնելու կամ ներկայացված փաստաթղթերն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիմումը մերժվում է:

12. Ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը և երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարին գրավոր տեղեկացնում է հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին` կցելով ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր տեղեկանքը:

13. Նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ, որը քննարկման արդյունքում եզրակացություն է տալիս հանրային գրադարանի կարգավիճակ տալու կամ մերժելու վերաբերյալ:

14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ դիմումատուի դիմումը բավարարելու կամ այն մերժելու վերաբերյալ նամակի նախագիծ` դրան կցելով դիմումը, կից ներկայացրած փաստաթղթերը, դրանց ուսումնասիրության մասին տեղեկանքը, հանձնաժողովի եզրակացությունը և նիստի արձանագրությունը:

15. Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի եզրակացության հիման վրա հրաման է արձակում հանրային գրադարանի կարգավիճակի տրամադրման կամ նամակ ստորագրում մերժման վերաբերյալ:

16. Ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարի հրամանի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին կամ ուղարկում նամակը` կցելով հանձնաժողովի եզրակացության պատճենը:

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

17. Ստորաբաժանումը նախարարի հրամանի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է վկայականը և ներկայացնում նախարարի հաստատմանը:

18. Վկայականը նախարարի կողմից հաստատվելուց հետո համապատասխան ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում վկայականը գրանցում է գրանցամատյանում և այն հանձնում դիմումատուին: Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:

19. Վկայականի գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատում է նախարարը:

20. Վկայականի կորստի կամ վնասվելու դեպքում գրադարանի դիմումի և գրանցամատյանի տվյալների հիման վրա տրվում է նույն համարով և գործողության ժամկետով նոր վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 28-ի

N 187-Ն որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

N 00000

 

    Տրված է ____ ____________ 20 թ.            հրաման N _________

 

Գրադարանին

__________________________________________________________________

                      (իրավաբանական անձի անվանում)

___________________________________________________________________

                   (իրավաբանական անձի գտնվելու վայրը)

 

Հանրային գրադարանի կարգավիճակ

 

Գրանցված է ____ ____________ 20 թ.  Տրվում է 5 տարի ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության

մշակույթի նախարար __________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2013
N 187-Ն
Որոշում