Սեղմել Esc փակելու համար:
{30.03.2013 - 17.06.2023} ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.03.2013 - 17.06.2023} ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.03.2013  -ից մինչեւ   17.06.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 30.03.2013 - 17.06.2023

040.0214.140313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2013 թվականի N 214-Ն

 

i

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴՆԵՐԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մեթոդների տարատեսակները` համաձայն N 1 հավելվածի.

2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգն ու բժշկական գործելակերպը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

i

2013 թվականի մարտի 7-ի

N 214-Ն որոշման

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Արհեստական սերմնավորում, որը տղամարդու սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհով ներմուծումն է կնոջ օրգանիզմ: Տարատեսակներն են`

1) արհեստական սերմնավորում` ամուսնու սերմնահեղուկով.

2) արհեստական սերմնավորում` դոնորական սերմնահեղուկով:

i

2. Արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում, որը կնոջ օրգանիզմից դուրս արհեստական եղանակով սպերմատոզոիդի և ձվաբջջի կորիզանյութերի միավորումն է և արդյունքում առաջացած սաղմի (դոնորական սաղմի) փորձանոթային զարգացումն ու ներպատվաստումն արգանդի խոռոչ, որի տարատեսակներն են`

1) զույգի տղամարդու սպերմատոզոիդի և կնոջ ձվաբջջի կորիզանյութերի միավորմամբ սաղմի ստացում, փորձանոթային զարգացում և ներպատվաստումն արգանդի խոռոչ.

2) զույգի տղամարդու (տղամարդու) և դոնոր կնոջ ձվաբջիջի կորիզանյութերի միավորմամբ սաղմի ստացում, փորձանոթային զարգացում ու ներպատվաստում արգանդի խոռոչ.

3) զույգի կնոջ (կնոջ) և դոնոր տղամարդու սպերմատոզոիդների կորիզանյութերի միավորմամբ սաղմի ստացում, փորձանոթային զարգացում ու ներպատվաստում արգանդի խոռոչ.

4) ձվաբջջի ցիտոպլազմայի մեջ սպերմատոզոիդի ներարկում, որը բեղմնավորման նպատակով մեկական սպերմատոզոիդի ներարկումն է անմիջապես ձվաբջջի մեջ, արդյունքում առաջացած սաղմի փորձանոթային զարգացումն ու ներպատվաստումն արգանդի խոռոչ.

3. Փոխնակ մայրություն, որը դոնորական սաղմի ներպատվաստումն է ոչ կենսաբանական/փոխնակ մոր արգանդի խոռոչում, որի տարատեսակներն են`

1) ամուսնական զույգի սպերմատոզոիդի և ձվաբջջի կորիզանյութերի միավորման արդյունքում առաջացած սաղմի (դոնորական սաղմի) փորձանոթային զարգացում ու ներպատվաստում փոխնակ մոր արգանդի խոռոչ.

2) ամուսնական զույգի կնոջ ձվաբջջի և դոնոր տղամարդու սպերմատոզոիդի կորիզանյութերի միավորմամբ ստացված սաղմի փորձանոթային զարգացում ու ներպատվաստում փոխնակ մոր արգանդի խոռոչ.

3) ամուսնական զույգի տղամարդու սպերմատոզոիդի և դոնոր կնոջ ձվաբջիջի կորիզանյութերի միավորմամբ ստացված սաղմի փորձանոթային զարգացում ու ներպատվաստում փոխնակ մոր արգանդի խոռոչ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 7-ի

N 214-Ն որոշման

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման և բժշկական գործելակերպի հետ կապված հարաբերությունները:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ընթացակարգը կազմակերպական և մասնագիտական բժշկական գործընթացների ամբողջություն է:

3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են բժշկական այն կազմակերպությունները, որոնք պահպանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պայմանները և ունեն օրենքով սահմանված կարգով ստացված բժշկական օգնության և սպասարկման «վերարտադրողաբանական» («ռեպրոդուկտոլոգիական») տեսակով զբաղվելու լիցենզիա:

4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները կիրառվում են պացիենտի (պացիենտների) իրազեկված համաձայնության առկայության և համապատասխան հակացուցումների բացակայության դեպքում:

5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք այդ ծառայությունները մատուցող բժշկական կազմակերպությունների կողմից «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն նախապես իրազեկվում են օժանդակ տեխնոլոգիաների հետ կապված բժշկական և իրավական հարցերի, դրանց կիրառման մասնագիտական գործելակարգերի վերաբերյալ:

 

II. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

 

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների բժշկական գործելակերպին ներկայացվող պահանջներն այդ տեխնոլոգիաների կիրառմանը ներկայացվող մասնագիտական պահանջներն են:

7. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործընթացում բեղմնավորման առանձին կամ բոլոր փուլերը և սաղմի (սաղմերի) վաղ զարգացումն իրականացվում է մարդու մարմնից դուրս:

8. Արհեստական սերմնավորման ժամանակ կատարվում է սերմնահեղուկի ներարկում արգանդի խոռոչ:

9. Ձվազատման շեղումների դեպքում նախապես կատարվում է ձվարանների դեղորայքային խթանում, իսկ դաշտանային ձվազատական պարբերաշրջանների դեպքում` նաև առանց դեղորայքային խթանման, կատարվում է արհեստական սերմնավորում բնական դաշտանային պարբերաշրջանների ընթացքում:

10. Անհայտ դոնորի սերմնահեղուկով արհեստական սերմնավորման դեպքում թույլատրվում է միայն սառեցված սերմնահեղուկի օգտագործումը, իսկ ամուսնու կամ հայտնի դոնորի սերմնահեղուկով արհեստական սերմնավորման դեպքում կարող է օգտագործվել նաև բնական սերմնահեղուկ:

11. Արհեստական սերմնավորում կատարելու հակացուցումները`

1) կնոջ կողմից`

ա. ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ, որոնց ընթացքում հղիությունը հակացուցված է,

բ. արգանդի զարգացման արատներ,

գ. ձվարանի ուռուցքներ,

դ. չարորակ գոյացություններ,

ե. սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ,

զ. սուր բորբոքային հիվանդություններ,

2) ամուսնու կողմից`

ա. սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ,

բ. սուր վարակային հիվանդություններ:

12. Արհեստական սերմնավորման դեպքում հետազոտություններն իրականացվում են սույն գործելակերպի 23-րդ կետով սահմանված ծավալներին համապատասխան:

13. Արհեստական սերմնավորումն իրականացվում է նախաձվազատական փուլում` սերմի ներարկմամբ: Արհեստական սերմնավորման փորձերի քանակը որոշում է բժիշկը` մեկ տարվա ընթացքում առավելագույն վեց փորձերի հնարավորության պայմանով:

14. Արհեստական սերմնավորման հնարավոր բարդություններն են`

1) ալերգիկ ռեակցիաներ ձվարանների դեղորայքային խթանումից.

2) շոկանման ռեակցիա` արգանդի խոռոչ սերմի ներարկման ժամանակ.

3) ձվարանների գերխթանման համախտանիշ.

4) կանանց սեռական օրգանների սուր բորբոքում կամ խրոնիկ բորբոքման սրացում.

5) բազմապտուղ կամ արտարգանդային հղիություն:

15. Արտամարմնային բեղմնավորման իրականացումը հնարավոր է ձվարանների ձվազատման խթանման, ինչպես նաև բնական դաշտանային պարբերաշրջանում:

16. Արտամարմնային բեղմնավորման մեթոդի փուլերն են`

1) հիվանդների ընտրություն և հետազոտությունների իրականացում.

2) ձվարանների ձվազատման խթանում` ներառյալ ֆոլիկուլների աճի և էնդոմետրիումի զարգացման մշտադիտարկում.

3) ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծում (պունկցիա).

4) ձվաբջիջների բեղմնավորում ամուսնու/դոնորի սպերմատոզոիդներով և ստացված սաղմերի աճեցում լաբորատոր (արհեստական/փորձանոթային) պայմաններում.

5) սաղմերի տեղափոխում արգանդի խոռոչ և օժանդակ հետչինգ.

6) լյութեինային փուլի «աջակցում».

7) հղիության ախտորոշում:

17. Արտամարմնային բեղմնավորման իրականացման հակացուցումներն են`

1) մարմնական և հոգեկան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում հղիությունը և ծննդաբերությունը հակացուցված են.

2) արգանդի խոռոչի բնածին կամ ձեռք բերովի արատներ, որոնց դեպքում անհնար է սաղմերի պատվաստումը կամ հղիության կրումը.

3) ձվարանների ուռուցքներ.

4) արգանդի բարորակ ուռուցքներ, որոնք պահանջում են վիրահատական բուժում.

5) ցանկացած տեղայնացման սուր բորբոքային հիվանդություններ.

6) ցանկացած տեղակայման չարորակ ուռուցքներ:

18. Մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող հետազոտությունների ծավալը ներառում է`

1) հետազոտությունների պարտադիր ծավալը կանանց համար`

ա. ընդհանուր և գինեկոլոգիական զննում,

բ. փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտում,

գ. արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում,

դ. արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն` ներառյալ մակարդելիության որոշումը (ուժի մեջ է մեկ ամիս),

ե. արյան հետազոտում` սիֆիլիս, Մարդու իմունային անբավարարության վիրուս, հեպատիտ Բ և Ց (ուժի մեջ է երեք ամիս),

զ. միզուկի և արգանդի վզիկի խողովակից քսուքի մանրադիտակային հետազոտություն,

է. թերապևտի եզրակացություն առողջական վիճակի և հղիությունը կրելու կարողության վերաբերյալ,

ը. արգանդի վզիկի բջջաբանական քսուք (Պապանիկոլաուի քսուք),

թ. հորմոնների որոշում արյան մեջ ֆոլիկուլախթանիչ հորմոն, Լյուտեինիզացնող հորմոն, պրոլոկտին, կորտիզոլ, թիրօքսին, թիրոիդին, թիրեոտրոպ, հակամյուլերային հորմոն,

ժ. սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (խլամիդիոզ, միկոպլազմոզ, ուրեոպլազմոզ, հերպես, ցիտոմեգալիա, տոքսոպլազմոզ, կարմրախտ) հետազոտություն,

ժա. վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն.

2) կանանց հետազոտություններն ըստ ցուցումների`

ա. արգանդի և փողերի անատոմիական վիճակի ստուգում (հիստերոսալպինգոգրաֆիա, հիստերոսկոպիա, լապարոսկոպիա),

բ. էնդոմետրիայի կենսազննում,

գ. հակասպերմային և հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների որոշում արյան մեջ,

դ. բժշկագենետիկ հետազոտություն` բժիշկ-գենետիկի խորհրդատվություն և ըստ ցուցումների կարիոտիպի որոշում,

ե. անհրաժեշտության դեպքում այլ մասնագետի եզրակացություն.

3) հետազոտությունների պարտադիր ծավալը տղամարդկանց համար`

ա. արյան հետազոտություն` սիֆիլիս, Մարդու իմունային անբավարարության վիրուս, հեպատիտ Բ և Ց (ուժի մեջ է երեք ամիս),

բ. սերմնահեղուկի քննություն:

4) տղամարդկանց հետազոտություններն ըստ ցուցումների`

ա. արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում,

բ. ուրոլոգի կամ անդրոլոգի խորհրդատվություն,

գ. վարակների հետազոտում (խլամիդոզ, միկոպլազմոզ, ուրեոպլազմոզ, հերպես, ցիտոմեգալիա),

դ. բժշկագենետիկ հետազոտություն` բժիշկ-գենետիկի խորհրդատվություն և ըստ ցուցումների կարիոտիպի որոշում:

19. Ձվազատման խթանման նպատակը մեկ դաշտանային պարբերաշրջանում մի քանի ֆոլիկուլների հասունացումն է:

20. Ձվարանների ձվազատման խթանման սխեմայի ընտրությունը, ներարկվող դեղամիջոցները և դրանց չափաբաժինները, խթանման ընթացակարգի փոփոխությունը կատարվում է բժիշկի կողմից` անհատական մոտեցման սկզբունքով:

21. Ձվազատման խթանման ընթացքում օգտագործվող դեղերի խմբերն են`

1) էստրոգենային ռեցեպտորների սելեկտիվ մոդուլյատորներ.

2) մարդու դաշտանադադարային գոնադոտրոպին.

3) ֆոլիկուլախթանիչ հորմոն.

4) ֆոլիկուլախթանիչ հորմոնի ռեկոմբինանտ.

5) լյուտենիզացնող հորմոնի ռեկոմբինանտ.

6) մարդու խորիոնային գոնադոտրոպին.

7) գոնադոտրոպին ազատող հորմոնի ագոնիստներ.

8) գոնադոտրոպին ազատող հորմոնի անտագոնիստներ:

22. Ֆոլիկուլների և էնդոմետրիումի աճի մշտադիտարկման ընթացքում ֆոլիկուլների աճը և էնդոմետրիումի հաստությունը պարբերաբար հսկվում է արտամարմնային բեղմնավորման հաջորդ փուլին ժամանակին անցնելու նպատակով:

23. Մշտադիտարկման հիմնական մեթոդը գերձայնային հետազոտությունն է, որի ընթացքում հաստատվում է ֆոլիկուլների քանակը, կատարվում են նրանց միջին տրամագծի չափումները, չափվում է էնդոմետրիումի հաստությունը:

24. Խթանող դեղերի նկատմամբ ձվարանների ռեակցիայի գնահատման և չափաբաժնի կարգավորման նպատակով իրականացվում է պարբերական գերձայնային հսկողություն:

25. Ձվազատման ախտորոշման նպատակով, ըստ ցուցումների, կնոջը նշանակվում է արյան հետազոտում` էստրադիոլի և պրոգեստերոնի պարունակությունը որոշելու նպատակով (բնականոն ընթացքի դեպքում էստրադիոլի մակարդակն աճում է ֆոլիկուլի հասունացմանը զուգահեռ, իսկ պրոգեստերոնի մակարդակը մնում է ցածր մակարդակի վրա մինչև ձվազատման պահը):

26. Ձվազատման խթանումը դադարեցվում է երբ`

ա. ամենահասուն ֆոլիկուլի (ֆոլիկուլների) միջին տրամագիծը կազմում է 17 մմ և ավելի և Էնդոմետրիումի հաստությունը 7 մմ և ավելի է,

բ. էնդոմետրիումն ունի եռաշերտ կառուցվածք:

27. Ձվարանների ֆոլիկուլների պունկցիան կատարվում է Մարդու խորիոնային գոնադոտրոպին ներարկումից 32-40 ժամ անց:

28. Պունկցիան կատարվում է ամբուլատոր, փոքր վիրահատարանի պայմաններում: Պունկցիան իրականացվում է հատուկ պունկցիոն ասեղներով, պարտադիր գերձայնային հսկողության տակ ներհեշտոցային եղանակով:

30. Ներհեշտոցային պունկցիայի անհնարինության դեպքում ձվաբջիջները կարող են ստացվել օգտագործելով լապարոսկոպիկ մեթոդները:

31. Արտամարմնային բեղմնավորում իրականացնելու նպատակով սերմնաբջիջների անհայտ դոնորի ընտրությունը պացիենտների կողմից կատարվում է ինքնակամ, ֆենոտիպի նկարագրության հիման վրա:

32. Արտամարմնային բեղմնավորման իրականացման ժամանակ օգտագործվում է հատուկ մշակված սերմնահեղուկ (ամուսնու կամ դոնորի):

33. Սերմնահեղուկի հանձնումից առաջ տղամարդուն խորհուրդ է տրվում ժուժկալություն, այսինքն ձեռնպահ մնալ սեռական հարաբերությունից 3-5 օր:

34. Սերմնահեղուկը հավաքվում է հատուկ նշագրված և ստերիլ տարայում:

35. Ստացված սերմնահեղուկը կարող է նաև կրիոկոնսերվացվել, հետագայում օգտագործելու նպատակով:

36. Ձվաբջիջների բեղմնավորումը և ստացված սաղմերի աճեցումը լաբորատոր (արհեստական/փորձանոթային) պայմաններում`

1) ֆոլիկուլների պունկցիայից հետո ձվաբջիջներ պարունակող ֆոլիկուլինային հեղուկն անմիջապես փոխանցվում է սաղմնաբանական լաբորատորիա, որտեղ գնահատվում է ձվաբջիջների որակը ստերեոմանրադիտակի օգնությամբ (10 և ավելի անգամյա մեծացումով).

2) առանձնացվում և ընտրվում են ձվաբջիջները.

3) շարժունակ սպերմատոզոիդների որոշակի քանակությունը խառնում են ձվաբջիջների հետ և տեղադրում են ածխաթթու գազով ինկուբատորի մեջ, որտեղ ապահովվում է ածխաթթու գազի, ջերմաստիճանի և խոնավության կայուն մակարդակ.

4) ապասառեցված կամ նատիվ (թարմ) սերմնահեղուկը մշակվում է ցենտրիֆուգումով` ֆլոտացիոն կամ խտության գրադիենտի մեթոդներով.

5) բեղմնավորման առկայությունը գնահատվում է 12-18 ժամ հետո, երբ սեռաբջիջների պրոնուկլեուսը հստակ երևում է,

6) զիգոտաները տեղափոխվում են թարմ սնուցող միջավայր, որտեղ տեղի է ունենում սաղմերի հետագա զարգացումը:

37. Մինչև սաղմի (սաղմերի) տեղափոխումն արգանդի խոռոչ, ըստ բժշկական ցուցումների իրականացվում է`

1) նախաիմպլանտացիոն բժշկագենետիկ հետազոտություն և ախտորոշում,

2) սաղմի արտաքին թաղանթի պատռում (օժանդակ հետչինգ), որի նպատակն արգանդում սաղմի ներպատվաստման հավանականության բարձրացումն է:

38. Սաղմի/պտղի (սաղմերի/պտուղների) տեղափոխումն արգանդի խոռոչ իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) տեղադրում` նրանց աճի տարբեր փուլերում, սկսած 4 բլաստոմերների փուլից և վերջացրած բլաստոցիստի փուլով, որը ձևավորվում է բեղմնավորումից 5-6 օր հետո.

2) հղիության արդյունավետ ելքերի ապահովման նպատակով թույլատրելի է արգանդի խոռոչում 3-ից ոչ ավելի սաղմի/պտղի տեղադրումը` բացառությամբ այն դեպքերի, երբ իմպլանտացիայի հավանականությունը գնահատվել է ցածր.

3) սաղմերի տեղափոխումն արգանդի խոռոչ իրականացվում է արգանդի պարանոցի խողովակով` հատուկ կատետրների միջոցով.

4) այն դեպքում, երբ արգանդի պարանոցի խողովակի անցանելիությունը խանգարված է, սաղմերի տեղափոխումն իրականացվում է արգանդի պատով (տրանսվագինալ, տրանսաբդոմինալ կամ տրանսուրետրալ ճանապարհով):

39. Լյութեինային փուլի «աջակցում»-ը կատարվում է պրոգեստերոնի կամ նմանատիպ դեղերով:

40. Ձվարանների գերխթանման համախտանիշի հավանականության բացակայության դեպքում լյութեինային փուլի «աջակցում»-ը կատարվում է անհատական մոտեցմամբ և կարող է ներառել Մարդու խորիոնային գոնադոտրոպին ներարկում, որը նշանակվում է սաղմերի տեղափոխման նույն օրը` հետագայում 2-4 օրվա միջակայքով:

41. Հղիության վաղ ախտորոշումն իրականացվում է սաղմերի տեղափոխումից 12-14 օր հետո` որոշելով մարդու բետախորիոնային գոնադոտրոպին խտությունն արյան մեջ:

42. Հղիության գերձայնային ախտորոշումն իրականացվում է սաղմի/սաղմերի տեղափոխումից հետո` 21-րդ օրը:

43. Արտամարմնային բեղմնավորման հնարավոր բարդություններն են`

1) ձվարանների գերխթանման համախտանիշի առաջացում.

2) ալերգիկ ռեակցիաներ ներարկվող դեղամիջոցների նկատմամբ.

3) փոքր կոնքում բորբոքային պրոցեսների առաջացում կամ սրացում.

4) ձվարանների տրանսվագինալ պունկցիայի հետևանքով ներքին արյունահոսության առաջացում.

5) արտաքին արյունահոսության առաջացում.

6) արտարգանդային հղիություն.

7) բազմապտուղ հղիություն:

44. Ձվաբջջի ցիտոպլազմայի մեջ սպերմատոզոիդի ներարկումը կատարվում է միկրոմանիպուլացիոն համակարգով և հատուկ միկրոգործիքներով հագեցված հակադարձված մանրադիտակի օգնությամբ:

45. Ձվաբջջի ցիտոպլազմայի մեջ սպերմատոզոիդի ներարկման ցուցումներն են`

1) ազոոսպերմիայի (սերմնահեղուկում սպերմատոզոիդների բացարձակ բացակայություն), տեստիկուլյար սերմնաբջիջների օգտագործմամբ.

2) օլիգոզոոսպերմիա.

3) աստենոզոոսպերմիա.

4) տերատոզոոսպերմիա.

5) անտիսպերմային հակամարմինների առկայությունը սերմնահեղուկում (ախտորոշիչ թեսթում համամարմինների տիտրն ավելի քան 50%).

6) ձվաբջիջների անբավարար բեղմնավորումը նախկինում ստանդարտ արտամարմնային բեղմնավորման փորձի ընթացքում.

7) անբավարար քանակի և ցածր որակի կրիոսառնապահպանված սպերմատոզոիդների օգտագործման դեպքում.

8) այն դեպքում, երբ ակնկալվում է բեղմնավորման ցածր տոկոս ստանդարտ արտամարմնային բեղմնավորման փորձի ընթացքում, օրինակ` ծանր աստիճանի էնդոմետրիոզով կամ անհայտ ծագման անպտղությամբ տառապող զույգերի մոտ:

46. Ձվաբջջի ցիտոպլազմայի մեջ սպերմատոզոիդի ներարկման մեթոդի հիմնական փուլերն են`

1) մինչ ներարկման իրականացումը հեռացվում է ձվաբջջի փայլող թագի բջիջները.

2) միկրոմանիպուլացիան իրականացնում են միայն հասուն ձվաբջիջներով առաջին բևեռային մարմնի առկայության դեպքում.

3) սպերմատոզոիդի անշարժացումը պոչի թաղանթի վնասման միջոցով.

4) ձվաբջջի արտաքին ցիտոպլազմային թաղանթի ամբողջականության խախտում.

5) սպերմատոզոիդի ներարկում ձվաբջջի ցիտոպլազմա հատուկ ապակյա միկրոասեղով:

47. Սպերմատոզոիդների ստացման օպտիմալ մեթոդի ընտրությունը կատարվում է բժիշկ-անդրոլոգի կողմից` լրացուցիչ հետազոտությունների արդյունքների վերլուծության հիման վրա:

Սպերմատոզոիդների ստացման վիրաբուժական մեթոդներն են`

1) ազոոսպերմիայի դեպքում սպերմատոզոիդները կարող են ստացվել ամորձու բաց բիոպսիայի մեթոդով` սպերմատազոիդների հետագա կորզումով (էկստրակցիայով) կամ ամորձու հավելումների պարունակության ասպիրացիայի միջոցով, ինչպես նաև մակամորձու կամ ամորձու միջմաշկային ասպիրացիայի (արտածծող վիրահատական միջամտությունների) միջոցով.

2) վիրահատությունը հիմնականում կատարվում է ֆոլիկուլների պունկցիայի նույն օրը: Սերմնաբջիջները, որոնք ստացվել են մակամորձուց, պահպանում են իրենց բեղմնավորման հատկությունը 12-24 ժամ, իսկ ամորձուց ստացված սերմնաբջիջները` 48-72 ժամ, ինչը թույլ է տալիս որոշ դեպքերում փոխել այդ միջամտությունների իրականացման ժամանակը.

3) արտամարմնային բեղմնավորման ծրագրերում հնարավոր է նաև ամորձու կամ մակամորձու կրիոկոնսերվացված ասպիրատի և հյուսվածքի օգտագործումը: Այդ դեպքում հնարավոր է դառնում ամորձու բիոպսիան իրականացնել նախօրոք` չկապելով կնոջ պունկցիայի օրվա հետ:

48. Ամորձու բիոպսիայի իրականացման ցուցումներն են`

1) օբստրուկտիվ ազոոսպերմիա.

2) առաջնային տեստիկուլյար անբավարարություն:

49. Միջամտության իրականացման հակացուցումն է ցանկացած տեղակայման սուր ինֆեկցիոն հիվանդությունը:

50. Ամորձու բիոպսիայի դեպքում անհրաժեշտ հետազոտությունների ծավալը`

1) ուրոլոգի/անդրոլոգի խորհրդատվություն.

2) արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում.

3) վարակների հետազոտում (խլամիդոզ, միկոպլազմոզ, ուրեոպլազմոզ, հերպես, ցիտոմեգալիա):

51. Բազմապտուղ (3 և ավելի) հղիության դեպքում հղիի դիմումի և իրազեկված գրավոր համաձայնությամբ կատարվում է զարգացող սաղմերի/պտուղների կրճատում (ռեդուկցիա) վիրահատական միջամտության միջոցով` կնոջ կողմից նշված քանակին համապատասխան, սակայն ոչ ավելի քան 3 սաղմ/պտուղ:

52. Սաղմերի/պտուղների թվի պահպանելու կամ հեռացնելու միջամտությունն իրականացվում է գերձայնային հետազոտության պայմաններում` մինչև հղիության 10 շաբաթական ժամկետը:

53. Սաղմի/պտղի հեռացման մեթոդի (տրանսվագինալ, տրանսցերվիկալ, տրանսաբդոմինալ) ընտրությունը կատարվում է ըստ ցուցումների` բուժող բժշկի կողմից:

54. Բազմապտղության (3 և ավելի) դեպքում վիրահատական միջամտության հնարավոր բարդությունները`

1) հղիության ընդհատման վտանգ.

2) սուր բորբոքային հիվանդություններ:

55. Սաղմի/պտղի վիրահատական հեռացման մեթոդի կիրառման դեպքում հղիի հետազոտության ծավալը.

1) արյան ընդհանուր հետազոտություն` ներառյալ մակարդելիության գործոնները.

2) հետազոտություններ ուղղված սուր սեռավարակների և վարակային այլ հիվանդությունների ախտորոշմանը` ըստ բժշկական ցուցումների.

3) սուր բորբոքային հիվանդությունների դեպքում ռեդուկցիային պետք է նախորդի հակաբակտերիալ կարճատև բուժում, թույլատրելի` հղիության համար հակացուցում չունեցող դեղամիջոցների կիրառմամբ:

56. Փոխնակ մայրություն մեթոդի իրականացման գործընթացը ներառում է կենսաբանական ծնողների/ամուսնական զույգի/ ծնողի կամ տղամարդ/կին դոնորների սեռաբջիջների կիրառմամբ արտամարմնական բեղմնավորման ճանապարհով դոնորական սաղմի ստացումը, սաղմի փորձանոթային աճեցում և տեղափոխում փոխնակ մոր արգանդի խոռոչ:

57. Փոխնակ մայրության հակացուցումներն են`

1) ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում հղիությունը և ծննդաբերությունը հակացուցված են.

2) արգանդի խոռոչի բնածին կամ ձեռք բերովի արատներ, որոնց դեպքում անհնար է սաղմերի պատվաստումը կամ հղիության կրումը.

3) ձվարանների ուռուցքներ.

4) արգանդի բարորակ ուռուցքներ, որոնք պահանջում են վիրահատական բուժում.

5) ցանկացած տեղայնացման սուր բորբոքային հիվանդություններ.

6) ցանկացած տեղակայման չարորակ ուռուցքներ:

58. Փոխնակ մայրության համար պարտադիր հետազոտությունների ծավալը`

1) ընդհանուր և գինեկոլոգիական զննում.

2) փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտում.

3) արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում.

4) արյան ընդհանուր հետազոտություն` ներառյալ մակարդելիության գործոնները (ուժի մեջ է մեկ ամիս).

5) արյան հետազոտում` Մարդու իմունային անբավարարության վիրուս, սիֆիլիս, հեպատիտ Բ և Ց (ուժի մեջ է երեք ամիս).

6) սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն (խլամիդիոզ, միկոպլազմոզ, ուրեապլազմոզ, հերպես, ցիտոմեգալիա, տոքսոպլազմա, կարմրախտ).

7) միզուկի և արգանդի վզիկի խողովակից քսուքի մանրադիտակային հետազոտություն.

8) թերապևտի եզրակացություն առողջական վիճակի և հղիությունը կրելու կարողության վերաբերյալ.

9) արգանդի վզիկի բջջաբանական քսուք (Պապանիկոլաուի քսուք).

10) հորմոնների որոշում արյան մեջ` ըստ բժշկական ցուցումների:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2013
N 214-Ն
Որոշում