Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԷԴ/0063/13/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԷԴ/0063/13/12

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2012 թվականի դեկտեմբերի 5-ին                     Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 27-ի որոշման դեմ դատախազ Ա. Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 25-ի դատավճռով Հովհաննես Ներսեսի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2010 թվականի ապրիլի 20-ից:

2. ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի 2012 թվականի մայիսի 23-ի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 8-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ` դատապարտյալ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:

3. 2012 թվականի մայիսի 25-ին դատապարտյալ Հ. Հովհաննիսյանը բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով իրեն Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատել պատժի կրումից:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ դատապարտյալ Հ. Հովհաննիսյանի բողոքը բավարարվել է: ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի 2012 թվականի մայիսի 23-ի որոշումը վերացվել է, և Հ. Հովհաննիսյանը Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատվել է պատժի կրումից:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 27-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 17-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա. Ստեփանյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատապարտյալ Հովհաննես Հովհաննիսյանի անձնական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս հանցագործությունը կատարել է մինչև 2011 թ. մայիսի 1-ը, նախկինում դատապարտված չի եղել, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 20.04.2010 թ., հետևաբար վերջինիս նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011 թ. որոշման դրույթները:

(...) իրավացիորեն դատարանները Հ. Հովհաննիսյանի նկատմամբ չեն կիրառել ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011 թ. որոշման դրույթները, քանի որ Հ. Հովհաննիսյանը 20.04.2010 թ. մինչև 20.02.2012 թ. գտնվել է նախնական կալանքի տակ և հանդիսացել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, հետևաբար մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, գտնվելով նախնական կալանքի տակ, անձը դեռևս չի համարվում պատիժ կրող, իսկ որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը սահմանում է, որ պատժից պետք է ազատել (...) այն անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը:

Համաձայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կատարելու մասին կարգադրության` ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված Հովհաննես Ներսեսի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թ. օգոստոսի 25-ի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 20-ին` պատժի սկիզբը 20.04.2010 թ., որից հետո վերջինս ստացել է դատապարտյալի կարգավիճակ, իսկ դատապարտյալի կարգավիճակ ձեռք բերելու պահից նա համարվում է պատիժ կրող անձ:

(...) Նկատի ունենալով, որ կարգադրությունը ստանալու պահից դատապարտյալ Հ.Հովհաննիսյանը համարվում է պատիժ կրող անձ, հետևաբար նախնական կալանքի տակ գտնված ամբողջ ժամանակահատվածը պետք է դիտել Հ. Հովհաննիսյանի կողմից պատժի կրած մաս: Հաշվի առնելով, որ դատապարտյալը մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կրել է պատժի մեկ քառորդից ավելին, հետևաբար նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011 թ. որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի դրույթը (...)» (տե՛ս նյութեր, թերթ 40-41):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատապարտյալ Հովհաննես Ներսեսի Հովհաննիսյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 26.05.2011 թ. որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.08.2011 թ. դատավճռով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից ազատելու հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքեր չկան» (տե՛ս նյութեր, թերթ 79-81):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել քրեական օրենքը, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը կիրառելի է միայն այն անձանց նկատմամբ, ում վերաբերյալ դատավճիռներն օրինական ուժի մեջ են մտել Համաներման ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, և ովքեր այդ օրվա դրությամբ կրել են պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը: Մինչդեռ Հ. Հովհաննիսյանի վերաբերյալ դատավճիռը Համաներման ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս օրինական ուժ չի ունեցել, և այն ի կատար ածելու մասին կարգադրություն քրեակատարողական հիմնարկ չի ուղարկվել:

Վերոգրյալից բողոքի հեղինակը եզրակացրել է, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը դատապարտյալ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի չէր, այդ իսկ պատճառով քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է նույն ակտի 8-րդ կետի 3-րդ ենթակետը, և պատժի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:

9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Համաներման ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետը քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց նկատմամբ Համաներման ակտի կատարումը վերապահել է այդ հիմնարկների պետերին:

Հետևաբար, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը դատապարտյալ Հ. Հովհաննիսյանի բողոքի քննարկման արդյունքում համաներում կիրառելու լիազորություն չեն ունեցել, սակայն կիրառել են, ինչը հանգեցրել է օրինականության սկզբունքի խախտման:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 27-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

I. Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիությունը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. դատապարտյալ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի՞ է արդյոք Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Համաներման ակտի կիրառման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ. Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

i

13. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը նախատեսում է «Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը»:

Մեջբերված դրույթի վերլուծությունից երևում է, որ այն նախատեսում է պատժից ազատել առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձանց, որոնք Համաներման ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը: Այսինքն` նշված նորմը որպես համաներումից օգտվելու պայման, ի թիվս այլնի, սահմանում է, որ անձը պետք է կրած լինի իր նկատմամբ նշանակված պատժի մեկ քառորդը կամ ավելին, մինչև Համաներման ակտն ուժի մեջ մտնելու պահը:

Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը որևէ իրավական պահանջ չի բովանդակում առ այն, որ Համաներման ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անձի նկատմամբ պետք է կայացված լինի դատավճիռ, և այն արդեն իսկ պետք է լինի կատարման փուլում:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով (...)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը (...) պատիժը կրելու է ուղարկվում ոչ ուշ, քան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու կարգադրությունը ստանալու օրվանից հետո` քսանօրյա ժամկետում (...)»:

Վերոշարադրյալ դրույթներից բխում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձը պետք է պատիժ կրի, երբ նրա մեղավորությունն ապացուցված է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և նշված դատական ակտն ուղարկվել է կատարման: Այլ խոսքով` օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության պայմաններում անձը չի կարող համարվել պատիժ կրող:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման (...) ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց (...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից բխում է, որ այն դեպքում, երբ անձը մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը գտնվել է կալանքի տակ, ապա վերջինիս ժամկետը հաշվակցվում է անձի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին: Այսինքն` քրեաիրավական օրենսդրության իմաստով մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո որևէ տարբերակում չի դրվում նախնական կալանքի և ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետի միջև, ավելին, կալանքի ամբողջ ժամանակահատվածը վերածվում է պատժի` արդեն իսկ կրած մասի:

16. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծությունը համադրելով սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը վերաբերում է դատապարտյալի իրավական կարգավիճակ ունեցող անձանց, այսինքն` այն անձանց, ում վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներ, և ովքեր կրում են իրենց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառումն իրագործելի է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում` համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիության համար որևէ նշանակություն չունի, թե ազատազրկման ձևով նշանակված պատժի մեկ քառորդը դատապարտյալն ինչ ձևով է կրել` նախնական կալանքի տեսքով, թե օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում: Հետևաբար, Համաներման ակտի վերոնշյալ դրույթի կիրառելիությունը չի կարող բացառվել կամ սահմանափակվել այն պատճառաբանությամբ, որ անձն իր նկատմամբ նշանակված պատժի մեկ քառորդը կրել է նախնական կալանքի ձևով:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 25-ի դատավճռով Հ.Հովհաննիսյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, նրա նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվել է 2010 թվականի ապրիլի 20-ից (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Համաներման ակտն ուժի մեջ մտնելու օրվա` 2011 թվականի մայիսի 26-ի դրությամբ Հ. Հովհաննիսյանն արդեն իսկ փաստացի գտնվել է անազատության մեջ` իր նկատմամբ նշանակված պատժի մեկ քառորդից ավելի ժամկետով, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ ժամկետը վերածվել է Հ. Հովհաննիսյանի կողմից արդեն իսկ կրած պատժի:

18. Սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը կիրառելի է, այդ առումով ստորադաս դատարանների հետևությունները (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը) օրինական են և հիմնավորված:

 

II. Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման իրավասությամբ օժտված մարմինը

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավասո՞ւ էր արդյոք Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Հ. Հովհաննիսյանին Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատել պատժի կրումից:

20. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական (...) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 13-րդ կետը նախատեսում է`

«Սույն որոշման կատարումը վերապահել`

1) դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է (...).

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում (...)»:

Մեջբերված սահմանադրական և քրեադատավարական օրենսդրության դրույթների համատեքստում մեկնաբանելով Համաներման ակտի 13-րդ կետը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով անձի իրավական կարգավիճակից (կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ, դատապարտյալ)` այն հստակ սահմանում է Համաներման ակտի կիրառման իրավասություն ունեցող մարմինները:

Համաներման ակտի 13-րդ կետի իմաստով` դատարանների իրավասությանն է վերապահված այն անձանց նկատմամբ Համաներման կիրառումը, ում վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում և դեռևս չեն քննվել կամ քննվել են, սակայն դատական ակտերն օրինական ուժի մեջ չեն մտել, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ում հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց նկատմամբ համաներման կիրառման իրավասությունը վերապահված է համապատասխան հիմնարկի պետերին:

21. Ինչպես նշվել է սույն որոշման 16-րդ կետում, Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալներին, հետևաբար նշված դրույթը կիրառելու իրավասությամբ օժտված են քրեակատարողական հիմնարկների պետերը և ոչ թե դատարանները: Այլ խոսքով` Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառելիության հարցը պետք է լուծվի համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից` նույն ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրված իրավազորության սահմաններում:

22. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական (...) պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

Մեջբերված սահմանադրական դրույթից բխում է, որ յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ իր իրավունքները կամ օրինական շահերը խախտվել են, ունի դատարանի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Այս առումով, անկասկած, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցանկացած դատապարտյալ իրավունք ունի դատական կարգով վիճարկելու իր նկատմամբ Համաներման ակտի այս կամ այն դրույթը կիրառելու վերաբերյալ հիմնարկի պետի որոշման իրավաչափությունը: Այդ դեպքում բողոքը քննող դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք վիճարկվող որոշումը կայացվել է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջների խախտում արձանագրելու դեպքում դատարանն իրավասու չէ կատարել համապատասխան պաշտոնատար անձի լիազորությանը վերապահված գործողություններ, քանի որ նման իրավիճակը կհանգեցնի ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված օրինականության սկզբունքի խախտման, ինչն անթույլատրելի է: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բողոքի քննության արդյունքում արձանագրելով օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտում` դատարանը պետք է համապատասխան իրավազորությամբ օժտված պաշտոնատար անձի համար սահմանի նշված խախտումները վերացնելու պարտականություն, ինչը մի կողմից կապահովի դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ վերականգնումը, մյուս կողմից չի հանգեցնի օրինականության սկզբունքի խախտման:

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, դատապարտյալ Հ. Հովհաննիսյանի բողոքի քննության արդյունքում պարզելով, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ Հ. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի ոչ այն դրույթը, որը ենթակա էր կիրառման, որոշում է կայացրել քրեակատարողական հիմնարկի պետի հիշատակված որոշումը վերացնելու և դատապարտյալ Հ. Հովհաննիսյանին Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ պատժից ազատելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

24. Սույն որոշման 20-22-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ թույլ տրված խախտումը վերացնելու պարտականություն սահմանելու փոխարեն, վերացրել է նշված որոշումը և դատապարտյալ Հ. Հովհաննիսյանին Համաներման ակտի 4-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատել պատժի կրումից, այսինքն` կիրառել է Համաներման ակտի այն դրույթը, որի կիրառումը վերապահված է քրեակատարողական հիմնարկի պետին: Նշված հանգամանքն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Հովհաննես Ներսեսի Հովհաննիսյանին պատժից ազատելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 17-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.12.2012
N ԵԷԴ/0063/13/12
Որոշում