Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0030/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0030/01/12

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

    Դատավորներ`        Գ. Մելիք-Սարգսյան

                       Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ պաշտպան                    Ա. Ավագյանի

 

    2012 թվականի դեկտեմբերի 5-ին                    Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սուրեն Ռոմիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս. Հակոբյանի պաշտպան Ա. Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Քրեական գործը հարուցվել է 2011 թվականի հոկտեմբերի 26-ին:

2012 թվականի հունվարի 18-ին Սուրեն Ռոմիկի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012 թվականի մարտի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 28-ի դատավճռով Սուրեն Ռոմիկի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է`

առաջին դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ,

երկրորդ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով Ս. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ս. Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ և 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանք:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ամբաստանյալ Ս. Հակոբյանի պաշտպան Ա. Ավագյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու և բողոքարկված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ամբաստանյալ Ս. Հակոբյանի պաշտպան Ա. Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ս.Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն` «Սուրեն Հակոբյանը 2010 թ. դեկտեմբեր ամսին, տեղեկանալով, որ Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սայադյանը մտադիր է վաճառել աճուրդային կարգով գնված, Երևան քաղաքի Սարյան 27-33 հասցեի բնակարանը, նպատակադրվել է այդ պատրվակով խարդախությամբ գումար վաստակել:

Ս. Հակոբյանը, 2010 թ. դեկտեմբեր ամսին, ծանոթանալով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆարաջոլլահ Ասադոլլահի Նաջաթիի հետ և տեղեկանալով, որ վերջինս ցանկություն ունի ՀՀ-ում բնակարան գնել, նպատակադրվել է այդ առիթն օգտագործելով խաբեությամբ վերջինիս գումարները հափշտակել: Ս. Հակոբյանը հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ֆ. Նաջաթի[ի]ն հայտնել է, թե իբր 50.000 ԱՄՆ դոլարով կարող է նրան վաճառել Երևան քաղաքի Սարյան փողոցի 27 շենքի թիվ 33 բնակարանը, որի ձևակերպումները հնարավոր կլինի կազմակերպել 2 ամսվա ընթացքում, ինչին վերջինը համաձայնել է:

Դրանից հետո Ս.Հակոբյանը, չարաշահելով Ֆ. Նաջաթիի վստահությունը, 2010 թ. դեկտեմբերին 11-ին և 2011 թ. մարտին Երևան քաղաքում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց Ֆ. Նաջաթի[ի]ց մաս-մաս ստացել և խարդախությամբ հափշտակել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափի` 18.679.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումարը:

Այսինքն` Սուրեն Ռոմիկի Հակոբյանը կատարել է ՀՀ քր.օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն:

Այնուհետև 2011 թ. մարտի վերջերին, երբ Ֆ. Նաջաթին պահանջել է ավարտել բնակարանի առուվաճառքի գործարքը, Ս. Հակոբյանը, ինքնությունը չպարզված անձնավորության հետ նախնական համաձայնության գալով, պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող` Երևան քաղաքի Սարյան փողոցի 27 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված վկայական, որը 2011 թ. ապրիլ ամսին հանձնելով Ֆ. Նաջաթի[ի]ն` իրացրել է:

Այսինքն` Սուրեն Ռոմիկի Հակոբյանը կատարել է ՀՀ քր.օր.-ի 325 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն:

2011 թ. հուլիս ամսին Ս. Հակոբյանը, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ինտերնետային կայք-էջից տեղեկանալով, որ Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի 42 շենքի թիվ 9 բնակարանը աճուրդային կարգով վաճառվում է, նպատակադրվել է հիշյալ բնակարանը քաղաքացիներին վաճառելու պատրվակով գումարներ հափշտակել: Ս. Հակոբյանը հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, առանց իր կողմից պլանավորած խաբեության մասին տեղյակ պահելու, հիշյալ բնակարանը 30.000 ԱՄՆ դոլարով առաջարկել է իր ընկեր Կոլյա Շավարշի Սիմոնյանի ծանոթին` Գնել Թաթուլի Արզումանյանին: Վերջինս համաձայնել է, ապա Ս. Հակոբյանը, չարաշահելով Գ. Արզումանյանի վստահությունը, 2011 թ. հուլիս ամսին, Երևան քաղաքի Տերյան փողոցում վերջինիցս ստացել ու խարդախությամբ հափշտակել է Գ. Արզումանյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 11.004.300 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումարը:

Այսինքն` Սուրեն Ռոմիկի Հակոբյանը կատարել է ՀՀ քր.օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն:

Այսպիսով, Սուրեն Ռոմիկի Հակոբյանը կատարել է ՀՀ քր.օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 232-235):

6. Առաջին ատյանի դատարանում մեղադրողը միջնորդել է Ս. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 120-121):

7. Անդրադառնալով Համաներման ակտը Ս. Հակոբյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ պաշտպանի խնդրանքին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) համաձայն նույն որոշման 15-րդ մասի, ՀՀ ԱԺ 26.05.2011թ. որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 01.05.2011թ.-ը, այնինչ ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկրորդ դրվագ) նախատեսված հանցանքը կատարել է 2011թ. հուլիս ամսին: Համաձայն նույն որոշման 9-րդ մասի, համաներում չի կիրառվում մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե հանցագործություններից թեկուզ մեկի համար նույն որոշմամբ համաներում չի կիրառվում, հետևաբար ամբաստանյալ Սուրեն Հակոբյանի նկատմամբ ՀՀ ԱԺ 26.05.2011թ. որոշումը կիրառելի չէ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 46-50):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերի պնդմամբ` Ս. Հակոբյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսդրության նորմերի էական խախտումներով:

9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով նախաքննության ընթացքում Ս. Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` երկու առանձին դրվագով խարդախություն կատարելու համար մեղադրանք առաջադրված չի եղել, սակայն Առաջին ատյանի դատարանը Ս.Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակել առանձին դրվագներով խարդախություն կատարելու համար:

10. Բողոք բերած անձը նշել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ պետք է կիրառվեին «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) պահանջները, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով Ս. Հակոբյանը ենթակա է պատժից ազատման, քանի որ նրա խնամքին է գտնվում 2011 թվականի մայիսի 7-ին ծնված երեխան, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատիժը ենթակա է կրճատման մեկ քառորդով:

Բողոքաբերը նշել է նաև, որ Ս. Հակոբյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` չպետք է կիրառվեր, ինչպես նաև նրա նկատմամբ չպետք է նշանակվեր լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում, քանի որ նա սեփականություն չունի, հետևաբար այդ պատժի կատարումն անհնար է:

11. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը խնդրել է Ս. Հակոբյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 28-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը պատժի մասով բեկանել և փոփոխել:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պատիժ նշանակելիս` Ս. Հակոբյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, իսկ լրացուցիչ պատիժը` 6.000.000 դրամի չափով անձնական գույքի բռնագրավումը` վերացնել:

Կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը, և Ս. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժաչափը կրճատել մեկ քառորդով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով` քրեական գործի վարույթը կարճել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով բողոքաբերն ըստ էության երկու հարց է բարձրացրել, որոնցից առաջինը վերաբերում է Ս. Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` երկու առանձին դրվագով պատիժ նշանակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությանն ու օրինականությանը, երկրորդը` Ս. Հակոբյանի նկատմամբ նշանակված պատժին, մասնավորապես` Ս. Հակոբյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառմանը, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն և նրա նկատմամբ լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում չնշանակելուն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հարցերից երկրորդին հնարավոր է անդրադառնալ միայն բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցին պատասխանելուց հետո: ՈՒստի, ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր` Վճռաբեկ դատարանը քննության է առնում սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցը:

 

I. Հանցագործությունների համակցությունը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 28-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը:

i

14. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն էր նախատեսում առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կամ ՀՀ քրեական օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից կատարված խարդախության համար:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Հանցագործությունների համակցություն է համարվում սույն օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների կրկնակիություն է համարվում սույն օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը»:

Մեջբերված քրեաիրավական դրույթների վերլուծությունից երևում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելն անձի կողմից առավել ծանրացնող հանգամանքներում կատարված երկու և ավելի խարդախությունը չէր կարող դիտվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրական համակցություն և ենթակա էր որակման ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի որևէ կետով:

i

15. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով խմբագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Հանցագործությունների համակցություն է համարվում սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով հանցագործությունների կրկնակիությունը սահմանող` ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:

Մեջբերված քրեաիրավական դրույթների վերլուծությունից երևում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգիրքը որպես հանցագործությունների բազմակիության տեսակ նախատեսում էր կրկնակիությունը և այն սահմանում որպես ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանքի կատարում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո կրկնակիությունը` որպես հանցագործությունների բազմակիության տեսակ, վերացվեց, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով և հոդվածի միևնույն մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը դիտվեց որպես հանցագործությունների իրական համակցություն:

16. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափերով և կազմակերպված խմբի կողմից կատարված խարդախության համար:

Մեջբերված քրեաիրավական դրույթը վերլուծելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անձի կողմից առավել ծանրացնող հանգամանքներում կատարված երկու և ավելի խարդախությունը պետք է դիտվի որպես ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրական համակցություն և առանձին դրվագներով որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի որևէ կետով:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքն այն օրենքն է, որը քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու կարգի ու պայմանների հետ կապված` ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար:

18. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված էր ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: (...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթները գնահատելով սույն որոշման 14-րդ և 16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված առանձնապես խոշոր չափերով երկու խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով անձի նկատմամբ կարող էր նշանակվել առավելագույնը 8 տարի ժամկետով ազատազրկում: Իսկ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված առանձնապես խոշոր չափերով երկու խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` անձի նկատմամբ կարող է նշանակվել առավելագույնը 16 տարի ժամկետով ազատազրկում:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս. Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն` իրեն մեղսագրված խարդախություններից առաջինը Ս. Հակոբյանը կատարել է 2011 թվականի մարտ ամսին, իսկ երկրորդը` 2011 թվականի հուլիս ամսին:

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ իրեն մեղսագրված խարդախություններից առաջինը Ս. Հակոբյանը կատարել է մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը, իսկ երկրորդը` դրանից հետո:

Ս. Հակոբյանին մեղսագրված երկու խարդախությունները նախաքննության ընթացքում որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Նույն մեղադրանքով գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանում մեղադրողը միջնորդել է մեղսագրված երկու դրվագով խարդախության համար Ս. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը և Ս. Հակոբյանին մեղավոր է ճանաչել երկու դրվագով խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքով խմբագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հանդիսանում է Ս. Հակոբյանի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք, քանի որ դրանում սահմանված են նրա նկատմամբ պատժի նշանակման ոչ նպաստավոր պայմաններ: Այլ խոսքով, մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ և 21-րդ հոդվածների իմաստով` Ս.Հակոբյանի նկատմամբ կարող էր պատիժ նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առավելագույնը 8 տարի ժամկետով: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի իմաստով` Ս. Հակոբյանի նկատմամբ պատիժ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` երկու առանձին դրվագով` առավելագույնը 16 տարի ժամկետով:

21. Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը, Ս. Հակոբյանին մեղավոր է ճանաչել երկու դրվագով խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նշված հոդվածներով պատիժ է նշանակել` դրանով իսկ հետադարձ ուժ տալով Ս. Հակոբյանի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որն արտահայտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, և այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

22. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 20-21-րդ կետերում ամրագրված մոտեցումները կիրառելի չեն այն դեպքում, երբ անձին մեղսագրված արարքներից մեկը կատարվել է նախքան «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-143-Ն օրենքն ուժի մեջ մտնելը, իսկ մնացած` մեկից ավելի դրվագներով արտահայտված արարքները կատարվել են վկայակոչված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` պայմանով, որ վերոնշյալ արարքներն ընդգրկված չեն եղել մեկ միասնական դիտավորության մեջ:

 

II. Դատարանում մեղադրանքը փոխելը.

 

23. Սույն գործով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե Առաջին ատյանի դատարանն իրավասո՞ւ էր արդյոք մեղադրողի միջնորդության հիման վրա փոփոխել Ս. Հակոբյանի մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել երկու դրվագով խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

i

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

Մեջբերված դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա. Պապյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, որոնց նկատմամբ կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում և այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով: Սա պայմանավորված է, մի կողմից, մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն իրական և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ, իսկ մյուս կողմից, այն հանգամանքով, որ դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, չի կարող ինքնուրույն ձևակերպել նոր մեղադրանք` փոխարինելով քրեական հետապնդման մարմիններին: (...)» (տե՛ս Արկադի Պատվականի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 23-րդ կետը):

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: (...):

3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

(...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ս. Նալբանդյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավական ռեժիմներով մեղադրանքը փոփոխելու համար հիմք է մեղադրանքի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխությունը, որի հետևանքով փոխվում է արարքի իրավաբանական որակումը կամ երբ նման փոփոխման դեպքում արարքի որակումը թեև մնում է նույնը, սակայն փոխվում է հանցակազմի հատկանիշների բովանդակությունը, օրինակ` փոփոխվում է միևնույն հանցակազմի դիսպոզիցիայում նկարագրված այլընտրանքային արարքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավական ռեժիմների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ միևնույն իրավաբանական որակման շրջանակներում մեղադրանքի մեջ ավելացվում կամ մեղադրանքի ծավալից հանվում են առանձին դրվագներ: Նման դեպքերում, եթե հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր չէ դատաքննության ընթացքում նոր դրվագի վերաբերյալ կատարել քննություն, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, պետք է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու նպատակով միջնորդի հետաձգել գործի դատական քննությունը: Մինչդեռ այն դեպքում, երբ հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր է դատաքննության շրջանակում նոր դրվագի վերաբերյալ քննություն կատարել, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով, պետք է որոշում կայացնի առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին:

(...)

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված իրավական ռեժիմներով դատարանում մեղադրանքը փոփոխելիս մեղադրողի կողմից պետք է կայացվի ինչպես մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու մասին որոշում, այնպես էլ կազմվի նոր մեղադրական եզրակացություն» (տե՛ս Սուրեն Կարոյի Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 21-րդ և 25-րդ կետերը):

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս. Հակոբյանին մեղսագրված երկու խարդախությունները նախաքննության ընթացքում որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Նույն մեղադրանքով գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանում մեղադրողը միջնորդել է մեղսագրված երկու դրվագով խարդախության համար Ս. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը և Ս. Հակոբյանին մեղավոր է ճանաչել երկու դրվագով խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

27. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները վերլուծելով սույն որոշման 24-25-րդ կետերում շարադրված և, համապատասխանաբար, Ա. Պապյանի և Ս. Նալբանդյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը` որպես արդարադատություն և ոչ թե քրեական հետապնդում իրականացնող մարմին, սահմանափակված է ամբաստանյալի նկատմամբ նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի ծավալով: Դատարանն իրավասու չէ ո՛չ սեփական նախաձեռնությամբ, ո՛չ դատախազի միջնորդության կամ որևէ այլ հիմքով խստացման առումով փոփոխել անձին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման դեպքերում գործում է Ս. Նալբանդյանի գործով որոշման մեջ ձևավորված կանոնը, որի համաձայն` եթե հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր չէ դատաքննության ընթացքում նոր դրվագի վերաբերյալ կատարել քննություն, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, պետք է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու նպատակով միջնորդի հետաձգել գործի դատական քննությունը: Մինչդեռ այն դեպքում, երբ հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր է դատաքննության շրջանակում նոր դրվագի վերաբերյալ քննություն կատարել, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով, պետք է որոշում կայացնի առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր մեղադրողի միջնորդության հիման վրա փոփոխել Ս. Հակոբյանի մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել երկու դրվագով խարդախության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քանի որ նման դեպքում դատարանը, փաստորեն, ինքնուրույն ձևակերպել է նոր մեղադրանք` դրանով իսկ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի խախտում: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի միջնորդության հիման վրա Ս. Հակոբյանի մեղադրանքը փոփոխելով Առաջին ատյանի դատարանը ոչ միայն նոր մեղադրանք է առաջադրել, այլև հետադարձության կարգով Ս. Հակոբյանի նկատմամբ կիրառել է նրա վիճակը վատթարացնող օրենքը (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը):

28. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 21-րդ և 27-րդ կետերում նշված` նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են, ուստի, Ս. Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումն անհրաժեշտ է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

29. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից սույն գործով բարձրացված երկրորդ հարցին, այն է` Ս. Հակոբյանի նկատմամբ նշանակված պատժին, մասնավորապես` Ս. Հակոբյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառմանը, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն և նրա նկատմամբ լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում չնշանակելուն (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման 21-րդ և 27-րդ կետերում արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Սուրեն Ռոմիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

I. Հանցագործությունների համակցությունը.

II. Դատարանում մեղադրանքը փոխելը.

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.12.2012
N ԵԿԴ/0030/01/12
Որոշում