Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1082.230413

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 ապրիլի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ Ա. Վարդևանյանի, Ս. Յուզբաշյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի և 54-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 11.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանն իր` 26.02.2013թ. ՍԴԱՈ-12 աշխատակարգային որոշմամբ սույն գործի քննությանը որպես փորձագետ է ներգրավել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Ա. Գաբուզյանին` առաջարկելով նրան սահմանադրական դատարանին տրամադրել ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի և 54-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն: Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջվել է գրավոր հիմնավորումներ` սույն գործով վիճարկվող իր ավակարգավորումների վերաբերյալ:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումները, գործով ներգրավված փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից:

ՀՀ քրեական օրենսգրքի` «Տուգանքը» վերտառությամբ 51-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ»:

Վերոհիշյալ հոդվածը գործող խմբագրությամբ շարադրվել է 26.06.2006թ. ՀՕ-119-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն:

Օրենսգրքի` «Հանրային աշխատանքները» վերտառությամբ 54-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ` կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց»:

ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը 01.07.2004թ. ՀՕ-97-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ենթարկվել է փոփոխությունների, իսկ 26.06.2006թ. ՀՕ-119-Ն 4-րդ հոդվածի համաձայն` 1-ից 3-րդ մասերը շարադրվել են նոր խմբագրությամբ, իսկ 5-րդ մասում կատարվել է փոփոխություն:

i

2. Դիմող կողմը գտնում է, որ օրենսգրքի վերոհիշյալ դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը` հետևյալ հիմնավորումներով:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածը` դիմող կողմը փաստում է, որ այդ նորմը սահմանում է պատժի տեսակները, հաշվի առնելով դրանց համեմատական ծանրության չափանիշը` ավելի մեղմ պատժից դեպի ավելի խիստը, ըստ որի` տուգանքն ամենամեղմ պատժատեսակն է, որին հաջորդում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները և այլն: Հանրային աշխատանքը պատիժների համակարգում իր զբաղեցրած տեղով և ներգործությամբ ավելի խիստ պատժատեսակ է, քան տուգանքը, քանի որ սահմանափակում է դատապարտյալի ազատությունը:

i

Վկայակոչելով նաև օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը` դիմող կողմը փաստում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պետք է նշանակվի արդարացի պատիժ, որը որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները: Ըստ դիմող կողմի` հիշյալ նորմը պարտադրում է դուրս չգալ օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից: Մինչդեռ 66-րդ և 67-րդ հոդվածների համաձայն` «դատարանին կարող է իրավունք վերապահվել դուրս գալ Հատուկ մասով սահմանված կոնկրետ հանցակազմի համար նախատեսված պատժի սահմաններից նշանակելով ավելի խիստ պատիժ, քան համապատասխան հոդվածի առավելագույն պատժատեսակը, բայց միայն հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում»:

Հիմք ընդունելով Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-րդ մասը` դիմողը գտնում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում նշված հանցակազմի համար նախատեսված տուգանքից ավելի ծանր պատժի տեսակի նշանակումը` «դատաքննության հստակ երաշխիքների բացակայության պատճառով» կարող է առաջացնել ՀՀ Սահմանադրությանը և ՄԻԵԿ-ի համապատասխան հոդվածներին անհամապատասխանության խնդիր:

Բացի դրանից, ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի ուսումնասիրությունից դիմող կողմը եզրակացնում է, որ առկա չէ հստակ տարբերակում տուգանք վճարելու անհնարինության և վճարումից չարամտորեն խուսափելու միջև: Դիմողը գտնում է, որ տուգանքը հանրային աշխատանքով, իսկ վերջինս կալանքով փոխարինելու իրավակարգավորումը պետք է տարբերակում նախատեսի տուգանքի վճարման անհնարինության և դրանից չարամտորեն խուսափելու դեպքերի միջև, որի պայմաններում միայն պատժի կատարումը չի հանգեցնի մարդու իրավունքների խախտման:

Սահմանադրական դատարան ներկայացրած իր լրացուցիչ բացատրություններում դիմող կողմը պնդում է դիմումում վիճարկվող իրավադրույթների վերաբերյալ արտահայտած իր տեսակետը:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն հակասում Սահմանադրությանը, մասնավորապես, ըստ միջազգային իրավական պրակտիկայի, ինչպես նաև գործող օրենսդրության վերլուծության` պատասխանողը հանգել է այն եզրակացությանը, որ դիմումում առաջադրված հարցի շրջանակներում գործում է «...չկա պատիժ առանց այդ մասին օրենքում նշված լինելու» սկզբունքը: Ըստ պատասխանող կողմի` խնդիրը կարող է ծագել այն դեպքում, երբ հանցանքը կատարվել է գործող քրեական օրենքի գործողության ժամանակ, իսկ դատավճիռը կայացնելու ժամանակ գործողության մեջ է եղել մեկ այլ քրեական օրենք:

Վիճարկվող նորմերի` Սահմանադրությանը համապատասխանությունը պատասխանող կողմը փաստարկում է նաև այն հիմնավորմամբ, համաձայն որի` «հանցագործության կատարման ժամանակ ... դատարանի կողմից կայացված

որոշումներից առաջ և դրա կայացման ժամանակ, գործող քրեական օրենքով (ՀՀ քրեական օրենսգրքով) պատժի նշանակման նման կարգ և պատժի նման տեսակ սահմանված է եղել: Ընդ որում, քրեական օրենք ասելով` պետք է հասկանալ ամբողջ քրեական օրենսգիրքը, և ոչ թե միայն դրա Հատուկ մասը»:

Անդրադառնալով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու, որպես առավել խիստ պատիժ կիրառելու անթույլատրելիության խնդրին` պատասխանող կողմը նշում է, որ երկու պատժատեսակները կազմում են պատժի համակարգի ազատազրկման հետ չկապված պատիժների խումբը և մեկը մյուսով փոխարինելիս օրենքով նախատեսված է հաշվարկի որոշակի կարգ, որի նպատակը համամասնություն ապահովելն է, բացի դրանից, տուգանքի չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում դատապարտվողի գույքային դրությունը, և եթե առկա է տուգանքը վճարելու անհնարինություն, ապա այն կարող է փոխարինվել այլ պատժատեսակով, «... թեկուզ իր բնույթով ավելի խիստ` հանրային աշխատանքով»: Հակառակ դեպքում, ինչպես եզրակացնում է պատասխանողը, «... կառաջանան կոռուպցիոն ռիսկեր` կտուգանվեն, տուգանքի վճարումը կհետաձգեն կամ կտարաժամկետեն և այդ կերպ կխուսափեն պատասխանատվությունից ու պատժից»:

Սահմանադրական դատարան ներկայացրած իր լրացուցիչ բացատրությունում պատասխանող կողմը միաժամանակ գտնում է, որ «...տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելիս կիրառվող հաշվարկի մեխանիզմը չի ապահովում երկու պատժատեսակների համամասնությունն այն դեպքում, երբ հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն երկու հարյուր յոթանասուն ժամը ... մինչդեռ օրենքը, փաստորեն հնարավորություն չտալով նշանակելու օրենքով սահմանված նվազագույն ժամկետից պակաս ժամկետով հանրային աշխատանքներ, վատթարացնում է տուգանքը վճարելու հնարավորություն չունեցող անձի վիճակը»:

Հանրային աշխատանքները կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելը, երբ դատապարտյալը չարամտորեն խուսափում է այդ աշխատանքները կատարելուց, պատասխանող կողմը գնահատում է իրավաչափ և եզրակացնում, որ «... հանրային աշխատանքները կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելիս կիրառվող հակազդեցության միջոցն իր խստությամբ կարող է նաև գերազանցել մինչ այդ նշանակված պատժին»:

4. Սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականությունը ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում գնահատել.

- քրեական պատասխանատվության անխուսափելիության և անհատականացման սկզբունքների իրավաչափ կիրառումն ապահովելու տեսանկյունից,

- պատժատեսակը փոխարինելու ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխանության և իրավունքի գերակայության երաշխավորման տեսանկյունից,

- խնդրո առարկա իրավակարգավորման վերաբերյալ միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրման և գնահատման տեսանկյունից:

Վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս հիմք են ընդունվում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, ի թիվս այլնի, մասնավորապես, պարզելու մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը:

Ելնելով դիմող կողմի հարցադրումներից և արված եզրահանգումներից` սահմանադրական դատարանը կարևոր է համարում վիճարկվող նորմերով նախատեսված իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտել նաև ՀՀ քրեական օրենսգրքում այդ նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերի համադրված վերլուծության արդյունքում:

5. ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ և 54-րդ հոդվածների` սույն գործով վիճարկվող նորմերն ուղղակիորեն ամրագրում են ազատազրկման հետ չկապված պատիժների` տուգանքի և հանրային աշխատանքների կիրառման կարգի ու պայմանների տարրերը, մասնավորապես` կապված որոշակի կոնկրետ իրավապայմանների առկայության դեպքում դատարանի կողմից այդ պատժատեսակները հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ հարկադրանքի այլ կոնկրետ միջոցներով փոխարինելու, այսինքն` պատժատեսակը փոխարինելու ինստիտուտի կիրառման կարգի ու պայմանների հետ:

Տուգանքի և հանրային աշխատանքների` որպես ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգն ու պայմանները նախատեսված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 24-ից 26-րդ և 32-ից 35-րդ հոդվածներով, որոնց առնչությունները վիճարկվող իրավակարգավորումների հետ` սահմանադրաիրավական առումով, դուրս են սույն գործի քննության առարկայի շրջանակներից:

Սույն գործով վիճարկվող և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան այլ նորմերի ընդհանուր իրավական բովանդակությունից բխում է, որ տուգանքը դատապարտյալի գույքային իրավունքները սահմանափակող, անզգուշությամբ կամ շահադիտական նպատակներով և դիտավորությամբ կատարված հանցավոր արարքի մեջ մեղավոր անձանց նկատմամբ կիրառվող պատժատեսակ է: Այն դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում նախատեսված դեպքերում և սահմաններում` պատիժ նշանակելու պահին ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հազարապատիկի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի համապատասխան հոդվածների ուսումնասիրությունը վկայում է, որ տուգանքի չափը տարբերակված է: Այն որոշվում է դատարանի կողմից` հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և դատապարտյալի գույքային դրությունը (վաստակի չափը, ընտանիքի ապահովվածությունը և այլն): Տուգանքը կարող է նշանակվել միայն որպես հիմնական պատիժ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ և 77-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում:

Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է: Այն որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, որպես ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում` դատապարտյալի գրավոր դիմումի հիման վրա, ինչպես նաև որպես տուգանքին փոխարինող պատժատեսակ` օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված կարգով:

Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ինչպես տուգանքը, այնպես էլ հանրային աշխատանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի բնորոշմամբ, պետական հարկադրանքի (իրավական պատասխանատվության) միջոցներ են, որոնք պետության անունից նշանակվում են հանցավոր արարքի համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում են այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված կարգով զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ, հետևաբար` բխում են ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետով նախանշված իրավակարգավորման անհրաժեշտությունից: Այդ միջոցները, ի թիվս օրենքով նախատեսված հարկադրանքի այլ միջոցների, կիրառվելով իրավասու դատարանի որոշմամբ, հետապնդում են հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության նպատակներ, հետևաբար` իրավաչափ են, միտված են սահմանադրական կարգի հիմունքների և օրինականության պահպանմանը:

Անդրադառնալով տուգանքն ու հանրային աշխատանքներն այլ պատժատեսակներով փոխարինելու ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն իրենից սահմանադրական և իրավունքի այլ ճյուղերի (քրեական, քրեադատավարական, քրեակատարողական) նորմերի համակարգված ամբողջություն է, որը կոչված է օրենքով որոշված դեպքերում ու կարգով պատժի կատարման շրջանակներում ապահովելու հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի փոխարինումը մեկ այլ` օրենքով նախատեսված համապատասխան պատժով: Ըստ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների բովանդակության` պատժի փոխարինման անհրաժեշտությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքների (իրավապայմանների) առկայությամբ, որպիսիք խոչընդոտում են նախկինում նշանակված պատժի կատարմանը:

Մասնավորապես, ըստ վերոհիշյալ իրավակարգավորման` տուգանքը (կամ տուգանքի չվճարված մասը) օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նախանշված որոշակի իրավապայմանների առկայությամբ փոխարինվում է հանրային աշխատանքներով նախ, երբ դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը: Այսինքն` օրենսդիրը նկատի է ունեցել, մասնավորապես, դատապարտյալի անձնական կամ նյութական ոչ բարենպաստ վիճակը: Այդ դեպքում դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետը կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում, և սահմանում է վճարման ժամանակացույց` որոշելով յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը (այսինքն` պատիժ կրելու հարցում, ըստ օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպման, սահման-

վում է արտոնություն): Երբ դատապարտյալը վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը (արտոնությունից օգտվելու հնարավորությունը) խախտում է, դատարանն այդ դեպքում է տուգանքը կամ դրա չվճարված մասը փոխարինում հանրային աշխատանքներով: Ընդ որում, օրենսդիրը կարևորել է հիշյալ պարտավորությունների (իրավապայմանի) խախտման և ոչ թե` դրանց չկատարման դրդապատճառների փաստը: Փաստորեն, տվյալ դեպքում, օրենքով նախատեսված իրավակարգավորման «բարենպաստ» (արտոնյալ) իրավական ռեժիմը դատապարտյալի կողմից խախտվելուն իրավաչափորեն հաջորդում են իրավական, համեմատաբար, անբարենպաստ հետևանքներ:

Երկրորդ իրավապայմանը (օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մաս), համաձայն որի` տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով, տուգանքը վճարելու անհնարինությունն է: Եւ չնայած օրենսդիրը չի հստակեցրել «անհնարինության» դրսևորումները (այն հստակ չէ նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասում), այնուհանդերձ, դրա ներքո կարող են դասվել փաստական այնպիսի հանգամանքներ, որպիսիք նախանշված չեն օրենսգրքի քննարկվող հոդվածի 3-րդ մասում: Միաժամանակ, ակնհայտ է, որ «անհնարինություն» եզրույթը չի կարող ներառել «դիտավորություն» կամ «չարամիտ խուսափում» եզրույթները: ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման բովանդակությունից բխում է, որ իրավասու դատարանի մեկնաբանման խնդիրն է որոշելու, թե այս կամ այն փաստական հանգամանքը խոչընդո՞տ է դատապարտյալի կողմից տուգանքի վճարման համար, թե՞ ոչ: Որպես այդպիսիք կարող են լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված հանգամանքներ:

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ օրենսգրքի վերոհիշյալ 51-րդ հոդվածում (3-րդ և 4-րդ մասեր) նախանշված երկու խումբ իրավապայմանների առկայությունը հանգեցնում է իրավական միևնույն հետևանքի` տուգանքի հանրային աշխատանքներով փոխարինմանը (պատժատեսակի փոխարինմանը): Այդպիսով օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովել դատարանի կողմից նշանակված պատժի կատարումը, իրացնել պատժի նպատակները` սոցիալական արդարության վերականգնումը, հանցանք կատարած անձի ուղղումը և հանցագործությունների կանխումը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի վերոհիշյալ իրավակարգավորման շրջանակներում տուգանքը վճարելու «անհնարինության» իրավական բովանդակության բացակայությունն իրավակիրառական պրակտիկայում կարող է հանգեցնել տարակերպ մեկնաբանման: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքում բացահայտված չի եղել նաև վիճարկվող իրավակարգավորման նախորդ` փոփոխված շարադրանքում: Մասնավորապես, տարբերակված չեն տուգանք վճարելու անհնարինության և տուգանքը չվճարելու (վճարումից խուսափելու) հնարավոր հանգամանքները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատժատեսակի փոխարինման (տուգանքը` հանրային աշխատանքներով) ինստիտուտի կիրառումն ինքնին հետապնդում է իրավաչափ նպատակ, սակայն այն պահանջում է նաև տարբերակված մոտեցում` ելնելով փոխարինման դրդապատճառներից: Հետևաբար, օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման շրջանակներում տուգանքի վճարումից խուսափելու հնարավոր հանգամանքները չնախատեսելը կարող է գործնականում սահմանադրականության խնդիր առաջացնել:

Բացի դրանից, կարևորվում է նաև պատիժը (տվյալ դեպքում` տուգանքը) մեկ այլ պատժով (տվյալ դեպքում` հանրային աշխատանքներով) փոխարինելու համաչափության խնդիրը` կապված վիճարկվող իրավակարգավորմամբ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքով փոխարինելու համար նախատեսված հաշվարկի կիրառման հետ: Վեճի առարկա դրույթի համաձայն` «...Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ»: Բացի դրանից, վերոհիշյալ իրավակարգավորման շրջանակներում օրենսդիրն սկզբունքորեն ընդհանրապես չի անդրադարձել տուգանք վճարելուց չարամտորեն (կամ դիտավորության այլ դրսևորումներով) խուսափելու պայմաններում այն առավել խիստ պատժով փոխարինելու ինստիտուտի կիրառման անհրաժեշտության խնդրին, ինչն առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող մասում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես հանրային աշխատանքներից, այնպես էլ տուգանքից, որպես ազատազրկման հետ չկապված պատժատեսակից, խուսափելը հասարակական վտանգավորության միևնույն աստիճանի տեսանկյունից օրենսդիր մարմնից պահանջում է իրավական համարժեք գնահատական, հետևաբար` նաև համապատասխան իրավակարգավորում այն սկզբունքով, որպեսզի հաշվի առնվեն դատապարտյալի կողմից ոչ միայն տուգանք վճարելու պարտականության չկատարման (անհնարինության), այլև դրանից խուսափելու հանցավոր դրսևորումները:

ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ և 10-րդ հոդվածների համաձայն` արդարությունը քրեաիրավական հարաբերությունների կարգավորման (քրեաիրավական ներգործության) հիմնական սկզբունքներից է, որի դրսևորումներից է այն, որ պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Այս համատեքստում միայն վիճարկվող իրավակարգավորումը կարող է գնահատվել իրավաչափ` երբ պահպանվել է հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցների համարժեքության սկզբունքը:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի նորմատիվ կարգավորման իրավաչափության (համաչափության) խնդրին` սահմանադրական դատարանը գտնում է, որ երբ առկա չէ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու օրենքով նախատեսված կարգով փաստված անվիճելի հանգամանք, ապա իրավաչափ չէ նշանակված պատժի փոխարինմամբ դրա առավել խստացումը, ինչին գործնականում կարող է հանգեցնել վերոհիշյալ իրավակարգավորումը: Բանն այն է, որ պատժի փոխարինման նախատեսված հաշվարկի արդյունքում ստացված պակաս ժամկետով հանրային աշխատանքների փոխարեն նախատեսվում են առավել երկար ժամկետով այդպիսի աշխատանքներ (երբ տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվել է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը), այսինքն` արդյունքում խախտվում է նախկին և փոխարինված պատժատեսակների միջև համամասնությունը, անհիմն վատթարացվում է այն անձի վիճակը, որը հնարավորություն չի ունեցել վճարելու տուգանքը, և երբ առկա չեն այդպիսի խստացման իրավական ընդհանուր (քրեական օրենսդրությամբ նախատեսված) հիմքեր (դիտավորություն կամ այլ հանգամանքներ): Արդյունքում` անձը (դատապարտյալը) գործնականում զրկվում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իր իրավունքի իրացման հնարավորությունից: Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը բովանդակում են իրավակարգավորիչ անհամաչափ միջոցներ` պատժի խստացում (դատապարտյալ անձի վիճակի անհիմն վատթարացում) այն դեպքում, երբ առկա չէ դրա կիրառման իրավաչափ հիմքը, և այդպիսի խստացման բացակայություն` իրավական համապատասխան հիմքերի (դիտավորության) հնարավոր առկայության դեպքերում:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ որոշակի հստակ իրավապայման է նախատեսված հանրային աշխատանքները` որպես պատժատեսակ, հարկադրանքի այլ միջոցներով փոխարինելու դեպքում: Մասնավորապես, օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ, երբ դատապարտյալը հանրային աշխատանքների կատարումից չարամտորեն խուսափում է: Այսինքն, չարամտությունը` որպես քրեորեն դատապարտելի սուբյեկտիվ գործոն և հասարակական առավել վտանգավոր երևույթ, օբյեկտիվորեն հանգեցնում է փոխարինվող պատժի խստացմանը (ազատազրկման հետ կապված պատժի փոխարինմանն ու կիրառմանը), հետևաբար` նաև իրավակարգավորման արդյունավետ միջոցի գործադրմանը: Դրանով նպատակ է հետապնդվում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները, այսինքն` երաշխավորել սահմանադրական կարգի հիմունքների պահպանումը:

Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական հետևանքի առումով օրենսդիրը վերոհիշյալ դեպքում պահպանել է հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցների համարժեքության սկզբունքը:

Գնահատելով վերոհիշյալ իրավակարգավորումը պատժի անխուսափելիության, պատասխանատվության և անհատականացման սկզբունքների իրավաչափ կիրառման, ինչպես նաև պատիժը փոխարինելու ինստիտուտի արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու և իրավունքի գերակայության ապահովվածության տեսանկյուններից` սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի նորմերով առկա են բավարար երաշխիքներ ինչպես պատժի արդյունավետ և ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածում, 14.1-րդ հոդվածի առաջին մասում, 16-րդ և այլ հոդվածներում ամրագրված սկզբունքներին համապատասխան կիրառման, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին և 20-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան անձի իրավունքների դատական պաշտպանության ապահովման համար, ինչը լիարժեք երաշխավորված չէ օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված իրավակարգավորման շրջանակներում:

Միջազգային պրակտիկան վկայում է, որ վեճի առարկա իրավակարգավորումներին տրված օրենսդրական լուծումներն ունեն թե' ընդհանրություններ և թե' որոշակի առանձնահատկություններ: Հիմնականում դրանք հանգում են հետևյալին.

ա) երկրների գերակշիռ մասում տարբերակում է դրվում տուգանքը չվճարելու անհնարինության և դրանից չարամտորեն խուսափելու դեպքում պատժատեսակի փոխարինման ինստիտուտի կիրառման հարցերում,

բ) ազատազրկումը համարվում է այն ծայրահեղ միջոցը, երբ անձը չարամտորեն խուսափում է վճարել տուգանքը կամ կատարել հանրային /ուղղիչ, սոցիալապես օգտակար/ աշխատանք,

գ) ազատազրկումը որոշակի հարաբերակցության մեջ է դրվում չվճարված տուգանքի չափից կամ չկատարած հանրային աշխատանքից:

Առանձնահատկությունները հանգում են հետևյալին.

ա) երկրների զգալի մասում չվճարված տուգանքին համամասնորեն /անկախ չվճարման հանգամանքներից / նախատեսվում է ազատազրկում.

բ) տուգանքը հանրային աշխատանքով կամ ազատազրկմամբ փոխարինելու հարցը լուծվում է միաժամանակ` տուգանքը չվճարելու հանգամանքի հետ կապված:

Ելնելով միջազգային փորձի վերոհիշյալ ընդհանրացումներից` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող իրավակարգավորումներում խնդրին տրվել է փուլային լուծում, նախ` տուգանքը միայն հանրային աշխատանքով փոխարինում` տուգանքի չվճարման անհնարինության դեպքում, և հանրային աշխատանքն ազատազրկմամբ փոխարինում` այդ աշխատանքից չարամտորեն խուսափելու դեպքում: Հետևաբար, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պատժատեսակի փոխարինման ինստիտուտի օրենսդրական կարգավորումների մակարդում այդ ինստիտուտի առավել լիարժեք ու արդյունավետ գործադրման երաշխավորումը, որը կնպաստի ոչ միայն քրեաիրավական ներգործության, այլև սահմանադրական կարգի և անձանց իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության միջոցների կատարելագործմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն` արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակված մոտեցում չի դրսևորում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:

i

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 ապրիլի 2013 թվականի

ՍԴՈ-1082

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.04.2013
N ՍԴՈ-1082
Որոշում