Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/1688/02/11             2013թ.
Քաղաքացիական գործ թիվ   
Նախագահող դատավոր`   Ն. Տավարացյան
                   Դատավորներ`    Ս. Միքայելյան
                                                    Դ. Խաչատրյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Աշոտ Խաչատրյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` պետությանը պատճառված 1.626.200 ՀՀ դրամ վնասը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է բռնագանձել Աշոտ Խաչատրյանից պետությանը պատճառված 1.626.200 ՀՀ դրամ վնասը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2012 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.04.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին, 129-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ Սահմանադրությունը և օրենքը պատճառված ցանկացած վնասի համար ՀՀ դատախազությանը չեն օժտել դատարան հայց ներկայացնելու լիազորությամբ, այլ միայն այն դեպքում, երբ առկա է հանցագործություն, որով վնաս է պատճառվել պետության գույքային շահերին: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ ՀՀ դատախազությունը քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակից չէ, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների իմաստով իրավասու չէ քաղաքացիաիրավական պատասխանատվության հայց հարուցել դատարան: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումը զուրկ է իրավական հենքից և չի բխում այդ հարաբերությունները կանոնակարգող նորմերի դրույթներից: Այսպես, Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ սահմանափակվում է Դատախազության` պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայց հարուցելու լիազորությունը, իսկ Վերաքննիչ դատարանի դատողությունները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներով սահմանված քաղաքացիաիրավական պատասխանատվության եղանակներից օգտվելու իրավունք չունենալու մասին, չեն բխում Դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու պարտավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Դատախազությունն Աշոտ Խաչատրյանից գումար բռնագանձելու պահանջով հայց հարուցելիս ղեկավարվել է ոչ թե «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այլ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասի 1-5-րդ կետերով, որոնց համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու Դատախազության լիազորությունից և վերապահված չէ պետական այլ մարմնի: Այսինքն` դատախազը կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել, եթե քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակներում տեղի է ունեցել պետության գույքային շահերի խախտում անկախ այն հանգամանքից, թե պետության գույքային շահերը խախտվել են հանցագործության, թե որևէ այլ ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում: Միաժամանակ, որևէ նշանակություն չունի, թե խախտումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող կոնկրետ որ ինստիտուտին է առնչվում` պայմանագրերից ծագող պարտավորություններին, թե վնաս պատճառելուց բխող պարտավորություններին:

Ինչ վերաբերում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված վնասի առկայության դեպքում հայց հարուցելուն, ապա այն նշված մասով սահմանված հայցի հարուցման հինգը նախադրյալներից ընդամենը մեկն է, որի վրա տվյալ դեպքում հղում չի կատարվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 21.06.2012 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Դատախազությունը, տվյալ դեպքում ներկայացնելով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու մասին պահանջ, ի սկզբանե այդ մասով որևէ հիմնավոր, թույլատրելի և վերաբերելի ապացույց չի ներկայացրել:

Դատախազությունը հայցադիմումում նշել է, որ Կոմիտեի հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով հաստատվել է, որ «Աշոտ Երկաթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Աշոտ Խաչատրյանը 04.06.2007 թվականին 1.750.000 ՀՀ դրամով օտարել է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Աբովյան փողոցի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը կազմել է 4.065.700 ՀՀ դրամ, և նշված գործարքի վերաբերյալ Կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչություն հաշվետվությունները չի ներկայացրել, որպիսի եղանակով չարամտորեն խուսափել է խոշոր չափի` 1.626.200 ՀՀ դրամ հարկեր պետական բյուջե վճարելուց: Այսինքն` Դատախազությունն ընդունել է այն կարևոր փաստը, որ Ընկերության տնօրենն է կատարել որոշակի գործողություններ, այլ ոչ թե սույն գործով պատասխանող քաղաքացին:

Ավելին, ՀՀ վարչական դատարանում քննվել է Ընկերության դեմ հարուցված հայցը, որի հիմքում դրված էր հենց այն հանգամանքը, որ հաշվետվություն չներկայացնելու հիմքով կազմվել է ստուգման ակտ: Այսինքն` Դատախազությունը մի դեպքում նույն ակտի հիմքով նույն գումարը պահանջում է քաղաքացուց, իսկ մյուս դեպքում էլ նույն ակտի հիմքով նույն գումարը պահանջել է Ընկերությունից` գումարած տույժ-տուգանքները, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ (թիվ ՎԴ/5983/05/11 վարչական գործով):

Այսպիսով, Դատախազության վճռաբեկ բողոքն անհիմն է և իրավազուրկ, քանի որ որևէ ընդունելի և վերաբերելի ապացույց առկա չէ, որ վնասը ենթակա է հատուցման հենց քաղաքացի Աշոտ Խաչատրյանից, որովհետև պատճառահետևանքային կապ գոյություն չունի վնասի հատուցման համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 08.02.2010 թվականի փորձագետի թիվ 10-0189 եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետում փորձագետները հետևություն են արել, որ Կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից Ընկերության հարկային պարտավորությունները, ըստ հարկատեսակների, համաձայն փորձաքննությանը նախաձեռնողի կողմից տրամադրված Ընկերության տնօրենի վերաբերյալ նախապատրաստված նյութերում առկա փաստական տվյալների, հաշվարկվել են ճիշտ, դրանք տույժ և տուգանքներով հանդերձ, ըստ հարկատեսակների, կազմում են ընդամենը` 4.305.300 ՀՀ դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկ` 813.100 ՀՀ դրամ, շահութահարկ` 813.100 ՀՀ դրամ, տուգանքներ` 1.788.800 ՀՀ դրամ, և տույժեր` 890.300 ՀՀ դրամ (գ.թ. 13-18):

2) Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչի 12.02.2010 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը 04.06.2007 թվականին 1.750.000 ՀՀ դրամով օտարել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքը, սակայն վերոգրյալ գույքի կադաստրային արժեքը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, կազմել է 4.065.700 ՀՀ դրամ: Միաժամանակ, պարզվել է, որ Ընկերության տնօրենը վկայակոչված գործարքի վերաբերյալ հաշվետվություններ հարկային տեսչություն չի ներկայացրել և դրանից բխող հարկային պարտավորություններ չի կատարել: Կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության մասնագետների կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն` Ընկերության հարկային պարտավորությունները կազմել են 4.305.300 ՀՀ դրամ, որից հարկ` 1.626.200 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է փորձագետի թիվ 10-0189 եզրակացությամբ: Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում տված բացատրությամբ Ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը հայտնել է, որ իր մոր մահից հետո նշանակվել է Ընկերության տնօրեն և 04.06.2007 թվականին 1.750.000 ՀՀ դրամով վաճառել է Ընկերությանը պատկանող Երևանի Աբովյան փողոցի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքը, սակայն գործարքի վերաբերյալ հարկային տեսչություն հաշվետվություններ չի ներկայացրել և հարկ չի վճարել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը հարկային տեսչություն հաշվետվություններ չներկայացնելու միջոցով խուսափել է 1.626.200 ՀՀ դրամ հարկ վճարելուց, որը չի գերազանցում օրենսդրությամբ սահմանված 2.000.000 ՀՀ դրամի սահմանը, այսինքն` վերջինիս գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, նույն որոշմամբ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (գ.թ. 21-22):

3) Թիվ ՎԴ/5983/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի` 12.07.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության հայցն ընդդեմ Ընկերության և վերջինիցս հօգուտ Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության բռնագանձվել է 4.305.400 ՀՀ դրամ, որից ապառք` 1.626.200 ՀՀ դրամ, տույժ` 890.400 ՀՀ դրամ, տուգանք` 1.788.800 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկ` 2.152.700 ՀՀ դրամ, որից ապառք` 813.100 ՀՀ դրամ, տույժ` 445.200 ՀՀ դրամ, տուգանք` 894.400 ՀՀ դրամ, ԱԱՀ-ի գծով` 2.152.700 ՀՀ դրամ, որից ապառք` 813.100 ՀՀ դրամ, տույժ` 445.200 ՀՀ դրամ, տուգանք` 894.400 ՀՀ դրամ (ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին` հաշվի առնելով նման գործերով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը(ի թիվս այլոց տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես` դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական և դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

- վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև:

 

Պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելը

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական շահերի պաշտպանության իրականացումը, կախված լիազորությունների բովանդակությունից, ունի իրականացման տարբեր մեխանիզմներ: Այսպես` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազությունն օգտվում է դատավարական այն իրավունքներից և կրում է այն պարտականությունները, որոնք ունենալու էր պետական այն մարմինը, ով հայց ներկայացնելու պարտականություն ուներ: Հետևաբար, դատախազությունը զրկված չէ վարչական դատավարության կարգով տնտեսվարող սուբյեկտի դեմ հարկային պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու հայց ներկայացնելու հնարավորությունից, եթե պետական իրավասու մարմինը ցուցաբերում է անգործություն կամ դիմել է դատախազությանը նման հայց ներկայացնելու միջնորդությամբ:

Վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատախազության լիազորությունը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ հայց հարուցելու լիազորությամբ օժտված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Նշված դրույթի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ դատախազության` հայց հարուցելու դատավարական պարտականության իրացման նախապայման է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորության բացակայությունը: Նշված կանոնակարգումը քննարկելով չվճարված հարկային պարտավորությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը բռնագանձելու հարցի համատեքստում` նախ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք կոնկրետ վիճելի իրավահարաբերության առկայության պարագայում բացակայում է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` հայց հարուցելու լիազորությունը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործի կարճման պարագայում արարքի` որպես հանցագործության վերաբերյալ խոսք լինել չի կարող, մինչդեռ քաղաքացիաիրավական հարաբերությունը (վնաս պատճառելու հիմքով ծագող հարաբերությունը), որի ծագման պայմանները կարող են համընկնել քրեական պատասխանատվության ծագման պայմանների հետ, շարունակում է գոյություն ունենալ: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից բռնագանձելու պահանջ ներկայացնելու լիազորությամբ որևէ պետական մարմին օժտված չէ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված է դատախազության լիազորությունը` հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասը հատուցելու հայց ներկայացնելու մասին, որպիսի լիազորության իրականացումը պայմանավորված է երկու փաստերի առկայությամբ` հանցանքի կատարում, որը պետք է հաստատվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և հանցանքի արդյունքում պետությանը պատճառված գույքային վնաս:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարկերի և (կամ) տուրքերի չվճարման կամ պակաս վճարման համար դատախազությունը գործում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա հայցապահանջը պետք է վերաբերի կոնկրետ տնտեսվարող սուբյեկտին հարկային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելուն: Մինչդեռ, չվճարված հարկերը կամ տուրքերը` որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը և համապատասխան լիազոր մարմնի բացակայությունը կամ այդպիսի մարմնի մոտ համապատասխան լիազորության բացակայությունը: Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:

Համադրելով վերոնշյալ հոդվածները չվճարված հարկերը կամ տուրքերը` որպես պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ մեկնաբանության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը, անհրաժեշտ է ապացուցել տվյալ անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված ապացույցներով:

Վերոնշյալ եզրահանգումների համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Մասնավորապես` Եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից` պատասխանողը դատապարտվել է, թե արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչներն էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Դատարանի կարծիքով այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ» (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):

Միաժամանակ, հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության ընթացքում առկա իրավակարգավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանցից գումարների գանձումը համաներում կիրառելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հիմքով ազատելու պարագայում ըստ էության պետք է իրականացվի քրեական դատավարության շրջանակներում, քանի որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-145-Ն և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ ՀՕ-214-Ն օրենքներով կատարված փոփոխություններից հետո նշված գումարների վճարված լինելը պարզելու հարցը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է:

Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից` օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում ազատվելու պայմանը կոնկրետացված է նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում, որի համաձայն (մինչև 2013 թվականի փետրվարի 5-ի դրությամբ գործող ինկորպորացիայով)` սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Օրենսդրական գործող կարգավորումը հնարավոր է համարում նաև չվճարված կամ պակաս վճարված հարկերն ու տուրքերը գանձելու հարցին անդրադառնալու հնարավորություն մինչև համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը չիրականացնելու կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում դրանք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու միջոցով կարող են գանձվել մինչև ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերը նշված փոփոխությունների կատարումն իրականացված հակաիրավական արարքների արդյունքում պատճառված վնասի համար, քանի որ նշված փոփոխություններից հետո համաներման ակտերի ընդունման և համաներում կիրառելու մասին որոշման առկայության կամ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ որոշման առկայության պարագայում գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կամ վնասի հետ կապված վեճի բացակայության կանխավարկածը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Գարիկ Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը (տե՛ս Գարիկ Ղազարյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0088/01/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2012 թվականի որոշումը):

Սույն հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիական գործերով տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանցից չվճարված կամ պակաս վճարված հարկերը և տուրքերը` որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու դատախազության լիազորությանը տրվող ոչ միանշանակ մեկնաբանություններին:

Դատախազության կողմից ներկայացված հայցերում և բողոքներում հիշատակվում են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դրույթները, որոնցում ամրագրված են դատախազական մարմինների լիազորությունները պետական շահերի պաշտպանության հարցում: Նշված լիազորություններից յուրաքանչյուրը պայմանավորում է դատախազության` քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով հայց հարուցելու իրավասությունը: Այս առումով լիազորություններն ամրագրող կոնկրետ դրույթների հիշատակումը հայցում կամ բողոքում չեն կարող դիտվել որպես հայցի հիմք (իրավական հիմք), քանի որ հայցի հիմքը նյութական իրավունքի այն նորմն է, որի վրա հիմնվում է ներկայացված պահանջը:

Հաշվի առնելով նմանատիպ գործերի առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշատակված հոդվածի դրույթների գնահատումը կարող է տեղի ունենալ պատշաճ հայցվորի հարցը քննարկելու համատեքստում: Հետևաբար, դատարանը կաշկանդված չէ գնահատել դատախազության` հայց ներկայացնելու իրավասության առկայությունն անկախ նրանից` նշվել է լիազորություններից մեկը, թե մյուսը, կամ էլ որևէ մեկը չի նշվել:

Միաժամանակ, վերը նշված պատճառաբանությունները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ գտնում է, որ հնարավոր են դեպքեր, երբ միևնույն գումարը տույժերի հետ միասին բռնագանձվի նաև տնտեսվարող սուբյեկտից: Այդ նկատառումից ելնելով` Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով կրկնակի բռնագանձումը բացառելու համար հարկ է համարում արձանագրել, որ այդ գործերի քննության ընթացքում անհրաժեշտ է գնահատել այն հանգամանքը, թե արդյոք վեճի առարկա` պետությանը վճարման ենթակա հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժերի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է բռնագանձման վճիռ, որը փաստացի կատարվել է (գումարը բռնագանձվել է տնտեսվարող սուբյեկտից): Նման դատական ակտի առկայությունը և այն կատարված լինելու հանգամանքն արգելք կհանդիսանա քաղաքացիական գործով հայցի բավարարման համար` անկախ կողմերի տարբերությունից, քանի որ սույն գործով վեճի առարկա` պետությանը պատճառված վնասները վարչական դատավարության կարգով քննվող գործի արդյունքում հատուցված լինելու պայմաններում սույն գործը կդիտվի առարկայազուրկ, քանի որ կբացակայի պետությանը որևէ կերպ վնաս պատճառելու փաստը: Այսինքն` երկու տարբեր հայցերի դեպքում էլ նույն հիմքով առաջացած գումարները Հայաստանի Հանրապետության օգտին կրկնակի բռնագանձելն ուղղակիորեն կենթադրի կրկնակի պատասխանատվություն և անհամաչափ միջամտություն կատարված արարքի համար: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված ապացուցման և ապացույցները գնահատելու կանոններին համապատասխան դատարանները պետք է հաշվի առնեն հարուցված քաղաքացիական գործերին զուգահեռ քննվող վարչական գործերի առկայության կամ բացակայության փաստը, օրինական ուժի մեջ մտած գումարի բռնագանձման վերաբերյալ դատական ակտերի առկայությունը, ինչպես նաև այդ ակտերի փաստացի կատարված լինելը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ այն դեպքերին, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից վիճարկվել է հարկային մարմնի կողմից կազմված վարչական ակտի (ստուգման ակտի) իրավաչափությունը: Այս դեպքում ևս վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործով հայցը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որպես կանոն, արգելք է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից գումարի բռնագանձման վերաբերյալ գործի քննության համար: Ընդ որում, նման դեպքում էլ անհրաժեշտ է գնահատել այն, թե արդյոք հայցի փաստական հիմքում դրվել է միայն ստուգման ակտը:

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատախազությունը, պատճառված վնասը հատուցելու, այն է` Աշոտ Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի 1.626.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ ներկայացնելով, որպես իր հայցապահանջի հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, ինչպես նաև ղեկավարվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այսինքն` օգտվել է պետության գույքային շահերի պաշտպանության հայց, մասնավորապես` նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու հայց հարուցելու հնարավորությունից: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը պետական շահերի պաշտպանության, մասնավորապես` հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացնել միայն այն դեպքում, երբ վնասը պետությանը պատճառվել է հանցագործության հետևանքով, ինչը նշանակում է, որ ՀՀ դատախազությունը նման պահանջ ներկայացնելիս կարող է ղեկավարվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորություններով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ անկախ դատախազության կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքի կամ հիմքերի վկայակոչումից` դրանք պետք է գնահատվեին դատախազության` պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության համատեքստում:

Սույն գործի փաստերի համաձայն` Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 08.02.2010 թվականի փորձագետի թիվ 10-0189 եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետով հաստատվում է, որ Կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից Ընկերության հարկային պարտավորությունները հաշվարկվել են ճիշտ: Միաժամանակ, Կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի ավագ հետաքննիչի 12.02.2010 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ հաստատվում է, որ Ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը 04.06.2007 թվականին 1.750.000 ՀՀ դրամով օտարել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքը, սակայն վերոգրյալ գույքի կադաստրային արժեքը կազմել է 4.065.700 ՀՀ դրամ, ինչպես նաև Ընկերության տնօրենը վկայակոչված գործարքի վերաբերյալ հաշվետվություններ հարկային տեսչություն չի ներկայացրել և դրանից բխող հարկային պարտավորություններ չի կատարել, և արդյունքում Ընկերության հարկային պարտավորությունները կազմել են 4.305.300 ՀՀ դրամ, որից հարկ` 1.626.200 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է փորձագետի թիվ 10-0189 եզրակացությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա նշված ապացույցներով կարող են հաստատվել Աշոտ Խաչատրյանի կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, որի դեպքում Դատախազությունն օրենքի ուժով իրավասու էր պետական շահերի պաշտպանության հայց հարուցել, որպիսի ապացույցներն էլ սակայն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում ներկայացրել է հիմնավորում այն մասին, որ ՀՀ վարչական դատարանում քննվել է Ընկերության դեմ Կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից հարուցված հայցը, որի հիմքում դրված էր հենց այն հանգամանքը, որ հաշվետվություն չներկայացնելու հիմքով կազմվել է ստուգման ակտ, որի համաձայն` Ընկերությանն առաջադրվել է ընդհանուր 4.305.400 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, այսինքն` Դատախազությունը տվյալ դեպքում նույն ակտի հիմքով որպես վնաս նույն գումարը պահանջում է բռնագանձել Ընկերության տնօրենից, իսկ ՀՀ վարչական դատարանում արդեն քննված գործով նույն ակտի հիմքով նույն գումարը պահանջվել է բռնագանձել Ընկերությունից` դրան գումարած նաև տույժերը, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ (ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/5983/05/11 վարչական գործով 12.07.2012 թվականին կայացրած վճիռը): Այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված հիմնավորմանն անհրաժեշտ է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, քանի որ եթե պարզվի, որ ՀՀ վարչական դատարանի կողմից արդեն կայացվել է Ընկերությունից հարկային պարտավորությունների գումարների բռնագանձման վճիռ, և այն կատարվել է, դա արգելք կհանդիսանա սույն գործով հայցի բավարարման համար` անկախ կողմերի տարբերությունից, քանի որ սույն գործով վեճի առարկա պետությանը պատճառված վնասները վարչական դատավարության կարգով քննվող գործի արդյունքում հատուցված լինելու պայմաններում սույն գործը կդիտվի առարկայազուրկ, քանի որ կբացակայի պետությանը որևէ կերպ վնաս պատճառելու փաստը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԿԴ/1688/02/11
Որոշում