Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԼՈՒԾԵԼԻՍ ԱՊԱՑՈՒ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0805/02/10            2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/0805/02/10
     Նախագահող դատավոր`   Ա. Թումանյան
                        Դատավորներ`    Լ. Գրիգորյան
                                                         Գ. Մատինյան

                

                                 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Միսակ-Նուբար Թեբելեկյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միսակ-Նուբար Թեբելեկյանի ընդդեմ Ռուբեն Քոչարի, երրորդ անձինք «Շանթ» ՍՊԸ-ի, «Թրի Քոլոր» ընկերության` համաձայնագիրը լուծելու և լուծման հետևանքով նկարահանման համար անհրաժեշտ տեխնիկայի և նյութերի վերադարձմանը հարկադրելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուբեն Քոչարի ընդդեմ Միսակ-Նուբար Թեբելեկյանի և երրորդ անձ «Շանթ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Միսակ-Նուբար Թեբելեկյանը պահանջել է լուծել իր և Ռուբեն Քոչարի միջև 26.02.2009 թվականին կնքված համաձայնագիրը և հարկադրել Ռուբեն Քոչարին վերադարձնելու վերջինիս ապօրինի տիրապետման տակ գտնվող Միսակ-Նուբար Թեբելեկյանին պատկանող նկարահանման համար անհրաժեշտ տեխնիկան և նյութերը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռուբեն Քոչարը պահանջել է պարտավորեցնել Միսակ-Նուբար Թեբելեկյանին իր կատարած աշխատանքի համար վճարել 6.360.000 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2012 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2012 թվականի որոշմամբ Միսակ-Նուբար Թեբելեկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միսակ-Նուբար Թեբելեկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 466-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրություն, հակառակ դեպքում կհանգեր այն ճշմարիտ եզրակացության, որ Միսակ-Նուբար Թեբելեկյանը ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցներն իր ապացուցման պարտականությունը պատշաճ իրականացնելու համար և ներկայացրել է բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են Ռուբեն Քոչարի կողմից իրենց միջև կնքված համաձայնագրի էական խախտում թույլ տալու հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նկարահանման համար անհրաժեշտ շարժական գույքը` տեխնիկան և նյութերը, հանդիսանում է Միսակ-Նուբար Թեբելեկյանի սեփականությունը, և նա հանդիսանում է դրանց օրինական տիրապետողը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 26.02.2009 թվականին Միսակ Թեբելեկյանի, Ռուբեն Քոչարի և «Թրի Քոլոր» ընկերության միջև կնքվել է «Շղթա» հեռուստասերիալի արտադրության համաձայնագիր (այսուհետ` Համաձայնագիր), որի 1-ն կետի համաձայն` «Հեռուստաֆիլմաշարի արտադրության համար Միսակ Թեբելեկյանը դառնում է գլխավոր ներդնողը (Պրոդյուսերը)` ներդնելով ամեն ամսվա ծախսերը` մոտ 12.000 ԱՄՆ դոլար, որն ըստ չնախատեսված ծախսերի կարող է հասնել 15.000 ԱՄՆ դոլարի: Այդ ծախսերի մեջ մտնում են արդեն ձեռք բերված արտադրության համար անհրաժեշտ գործիքները, որոնք արդեն ձեռք են բերվել` նկարող ապարատը (Պանասոնիկ)` իր բոլոր անհրաժեշտ պարագաներով` մոտ 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այս գումարը բաշխվելու է ողջ արտադրության ընթացքում շրջանառվող ծախսերի մեջ»: 2-րդ կետի համաձայն` «Ռուբեն Քոչարն ապահովում է ֆիլմաշարի արտադրության համար, ինչպես նաև ընթացքում անհրաժեշտ ֆիլմատեքստի (սցենարի), անհրաժեշտ աշխատակազմի, դերասանների, պատկերահանվող օբյեկտների, ինքնաշարժների և այլ օժանդակ պարագաների ներկայությունն իր Կինոռեժիսյորի պարտականությամբ և գլխավորությամբ»: 4-րդ կետի համաձայն` «համաձայնության ժամկետը նախատեսված է 6 ամիս տևողությամբ, ամիսը` 8 ժամ տևողությամբ ֆիլմաշարով: Նախահաշվարկված եկամուտը կազմում է 40.000 ԱՄՆ դոլար, որի արտադրության բաժինն է կեսը` 20.000 ԱՄՆ դոլարը»: 5-րդ կետի համաձայն` «ֆիլմի արտադրության համար, որի նախահաշվարկային արժեքն է 100.000 ԱՄՆ դոլար, Միսակ Թեբելեկյանը և Ռուբեն Քոչարը պարտավորվում են ներդնել 50.000 ԱՄՆ դոլար հավասարապես»: 10-րդ կետի համաձայն` «ֆիլմաշարի և ֆիլմի համար ձեռք բերված գործիքները և անհրաժեշտ պարագաները, արտադրության ավարտից և փոխարժեքը վճարելուց հետո, պետք է մնան «Թրի Քոլոր» ընկերության սեփականության մեջ` հետագա ծրագրերի օգտագործման համար» (հատոր 3, գ. թ. 21-22):

2. Դավիդ Ղևոնդյանը պատվիրել է 2 հատ ԵՎ100ԵՆԳԳ2Ա Սեննհայզեր Ռադիոհաղորդիչ սիստեմ` 1.086,75 ԱՄՆ դոլար վերջնական արժողությամբ, 14.04.2009 թվականի թիվ ԻՆՎ000162952 ապրանքագրով Նուբար Թեբելեկյանը պատվիրել է 2 հատ, սակայն առաքվել է 1 հատ ԲՐ13ՔՓՎՐՔԻԹ «Բրիտեք» 3000 վատտ հալլոգեն լամպ` 437,78 ԱՄՆ դոլար վերջնական արժողությամբ, 20.02.2009 թվականի թիվ 17141 ապրանքագրով Միսակ Թեբելեկյանին առաքվել է 10 անուն ապրանք` 10.674,80 ԱՄՆ դոլար վերջնական արժողությամբ, 23.03.2009 թվականի թիվ 17187 ապրանքագրով` Օնիկ Գյուզելյանին առաքվել է 4 անուն ապրանք` 2.868,55 ԱՄՆ դոլար վերջնական արժողությամբ (հատոր 1, գ. թ. 23-32):

3. Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի հունիս ամսից և տևել մինչև օգոստոս ամիսը, իսկ սեպտեմբեր ամսից դրանք դադարել են (անվիճելի փաստ):

4. 22.03.2010 թվականին Միսակ-Նուբար Թեբելեկյանը նամակ-առաջարկով Ռուբեն Քոչարին առաջարկել է լուծել իրենց միջև 26.02.2009 թվականին կնքված համաձայնագիրը և որպես համաձայնագրի լուծման հետևանք` վերադարձնել վերջինիս մոտ գտնվող նկարահանման համար անհրաժեշտ նյութերն ու տեխնիկան(հատոր 3, գ.թ. 42-43):

5. Ռուբեն Քոչարը 2009 թվականի փետրվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ստացել է գումարներ «Շղթա» հեռուստաֆիլմի նկարահանման համար (հատոր 3, գ. թ. 44-56):

6. 24.06.2010 թվականին Ռուբեն Քոչարի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում վերջինս, պատճառաբանելով, որ «Պանասոնիկ» մակնիշի կինոնկարահանման ապարատը նկարահանումից հետո իր կատարած աշխատանքի համար որպես վարձատրություն հանձնվելու էր իր սեփականությանը, հայտնել է, որ ինքն այն անսարք լինելու պատճառով տվել է վերանորոգման (հատոր 1, գ.թ. 68):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է պայմանագրի լուծման, ինչպես նաև գույքն ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջ ներկայացված լինելու դեպքում ապացուցման բեռի բաշխման հարցին:

 

1) Պայմանագիրը կողմերից մեկի պահանջով լուծելիս ապացուցման բեռի բաշխումը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն հետևյալ երեք դեպքերում`

1. մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման առկայության դեպքում կամ

2. օրենքով նախատեսված դեպքում կամ

3. պայմանագրով նախատեսված դեպքում:

Վերոնշյալ երեք հիմքերից որևէ մեկով պահանջ ներկայացված լինելու դեպքում պայմանագրի փոփոխման կամ լուծման պահանջ ներկայացրած կողմը պետք է ապացուցի իր համար այնպիսի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը, որը զգալիորեն զրկում է վնաս կրած կողմին (պայմանագրի լուծման պահանջ ներկայացրած կողմին) ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հետևաբար պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացած հանգամանքի ապացուցման բեռը կրում է այդպիսի պահանջ ներկայացնող կողմը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերը նշված դրույթում վնաս եզրույթը ենթադրում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում ամրագրված իրական վնաս, բաց թողնված օգուտ կամ խախտված իրավունքների համար կատարված ծախսեր: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի հիմքով հայցապահանջ ներկայացվելու դեպքում ապացուցման առարկան են կազմում պայմանագրի խախտման փաստը (կամ օրենքով նախատեսված դեպքը կամ պայմանագրով նախատեսված դեպքը), այդ խախտումը պայմանադիր կողմի կողմից կատարելը, խախտման արդյունքում վնասի առաջացումը: Նշված փաստերի հաստատումից բացի` դատարանի կողմից ինքնուրույն գնահատման են ենթակա խախտման էական լինելը և վնասի այնպիսին լինելը, որը պահանջ ներկայացրած կողմին զրկել է պայմանագրով ստացվող ակնկալիքից:

Սույն գործի փաստերի համաձայն` 26.02.2009 թվականին կնքված համաձայնագրի կողմ հանդիսացող Միսակ-Նուբար Թեբելեկյանը դիմել է դատարան` պահանջելով լուծել իր և Ռուբեն Քոչարի միջև կնքված համաձայնագիրը, ինչպես նաև 22.03.2010 թվականին գրավոր ներկայացրել է նշված համաձայնագիրը լուծելու պահանջ Ռուբեն Քոչարին` պատճառաբանելով, որ վերջինս թույլ է տվել իրենց միջև կնքված համաձայնագրի էական խախտում, այն է` չի նկարահանել Համաձայնագրով նախատեսված ժամաքանակի ֆիլմաշար:

Սույն գործի քննության ընթացքում երկու կողմերն էլ ընդունել են, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի հունիս ամսից և տևել մինչև օգոստոս ամիսը, իսկ սեպտեմբեր ամսից դրանք դադարել են: Հետևաբար նշված փաստը Վճռաբեկ դատարանը համարում է անվիճելի:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի լուծում պահանջելու իրավունքը Միսակ-Նուբար Թեբելեկյանի մոտ չի ծագել, քանի որ իր և Ռուբեն Քոչարի միջև 26.02.2009 թվականին կնքված համաձայնագրով նախատեսված և Միսակ-Նուբար Թեբելեկյանի կողմից վկայակոչված հիմքերի առկայությունը չի հանդիսանում պայմանագրի էական պայմանների խախտում, Միսակ-Նուբար Թեբելեկյանը Դատարանին չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց այն մասին, որ իր կողմից նշված նկարահանման համար անհրաժեշտ տեխնիկան և նյութերը գտնվում են Ռուբեն Քոչարի ապօրինի տիրապետման ներքո, ինչպես նաև չի հիմնավորել նշված տեխնիկան և նյութերը սեփականության իրավունքով իրեն պատկանելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ գործում բացակայում են համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցները, որոնք կհաստատեին հայցվորի կողմից գումար ներդնելու, այդ գումարը պատասխանող Ռուբեն Քոչարին տրամադրելու, նրա կողմից ծախսեր կատարելու հանգամանքները, ինչպես նաև հայցվորի` պահանջվող գույքի սեփականատեր կամ օրինական տիրապետող հանդիսանալու, և այդ հիմքով նման պահանջ ներկայացնելու իրավատեր լինելու, գույքը պատասխանող Ռուբեն Քոչարի մոտ գտնվելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը: Հայցվորը չի հիմնավորել նաև այն, որ Ռուբեն Քոչարի կողմից համաձայնագրի պայմանների խախտումների (եթե նույնիսկ դրանք տեղի են ունեցել) արդյունքում ինքը կրել է վնասներ, չի կարողացել հասնել համաձայնագրով իր կողմից ակնկալվող նպատակներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա բոլոր ապացույցների ոչ պատշաճ` լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման և գնահատման արդյունքում սխալ են մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը: Մասնավորապես, Համաձայնագրի 4-րդ կետից հետևում է, որ ֆիլմի նկարահանումների վերաբերյալ համաձայնության ժամկետը նախատեսված է եղել 6 ամիս` ամիսը 8 ժամ տևողությամբ: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2009 թվականի հունիս ամսից: Միսակ-Նուբար Թեբելեկյանը հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին, ըստ Համաձայնագրի, կատարել է անհրաժեշտ ներդրումները, որպիսի փաստի վերաբերյալ Ռուբեն Քոչարն առարկություն չի ներկայացրել, հետևաբար, ըստ Համաձայնագրի, երեք ամիսների համար պետք է նկարահանվեր ևս 24 ժամ տևողությամբ ֆիլմաշար, ինչը չի կատարվել:

i

Պայմանագրի պայմանների էական խախտումը բացահայտելու համար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագիրը պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին` նշելով, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը և նշված կանոնների կիրառմամբ մեկնաբանելով Համաձայնագիրը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Համաձայնագրի նպատակը Միսակ-Նուբար Թեբելեկյանի ներդրումների միջոցով Ռուբեն Քոչարի կողմից ամսական 8 ժամ տևողությամբ ֆիլմաշար ստեղծելն է և դրա արդյունքում շահույթ ստանալն է: Հետևաբար, վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում գնահատելով գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սահմանված ժամաքանակի ֆիլմաշար չնկարահանելու արդյունքում թույլ է տրվել պայմանագրի էական խախտում, այսինքն` խախտում, որը հանգեցրել է կողմի համար այնպիսի անբարենպաստ հետևանքի առաջացման, որը զգալիորեն զրկել է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել Համաձայնագիրը կնքելիս: Համաձայնագրի բովանդակությունից, մասնավորապես դրա 4-րդ կետից հետևում է, որ կողմերը ֆիլմաշար նկարահանելու միջոցով հետապնդել են շահույթ ստանալու նպատակ, որի նախահաշվային արժեքը կազմել է 40.000 ԱՄՆ դոլար:

Նշված փաստերը համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմանների (փաստերի), վերջիններիս ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ մեկնաբանության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուբեն Քոչարի կողմից սահմանված ժամաքանակի ֆիլմաշար չնկարահանելը պայմանագրի էական խախտման փաստ է:

 

2) Գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելիս ապացուցման բեռի բաշխումը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

i

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տես` Արմենուհի Թադևոսյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը): Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է:

ՈՒրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը և Վերաքննիչ դատարանը չեն իրականացրել Միսակ-Նուբար Թեբելեկյանի կողմից ներկայացված և գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտում և գնահատում, մասնավորապես` պատշաճ գնահատման չեն ենթարկել Միսակ-Նուբար Թեբելեկյանի կողմից ներկայացված ապացույցներն այն մասին, որ Միսակ-Նուբար Թեբելեկյանի կողմից ներդրվել է գույք, Համաձայնագրի կնքման պահին Միսակ-Նուբար Թեբելեկյանի միջոցներով արդեն ձեռք բերված են եղել «Պանասոնիկ» մակնիշի կինոնկարահանման ապարատը և արտադրության համար անհրաժեշտ գործիքները:

Ստորադաս դատարաններն անտեսել են նաև 24.06.2010 թվականին Ռուբեն Քոչարի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում ներկայացված այն փաստարկը, որ «Պանասոնիկ» մակնիշի կինոնկարահանման ապարատը նկարահանումից հետո իր կատարած աշխատանքի համար որպես վարձատրություն հանձնվելու էր իր սեփականությանը, և ինքն այն անսարք լինելու պատճառով տվել է վերանորոգման, որտեղից էլ հետագայում Միսակ-Նուբար Թեբելեկյանի որդին վերցրել է այն:

Նշված փաստի ապացուցման դատավարական բեռի բաշխման առումով Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունը, գտնում է, որ ապօրինի տիրապետողի կողմից գույքը հետ վերադարձված լինելու փաստի ապացուցման դատավարական բեռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով կրում է նման փաստարկ ներկայացրած կողմը:

 

3) Դատական ակտի հիմնավորվածությունը.

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տես` Անժելա Ղազարյանը և այլոք ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի և մյուսների թիվ 3-1843(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ որոշման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Միսակ-Նուբար Թեբելեկյանը ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցներն ու հնարավորություններն օրենսդրությամբ իր վրա դրված ապացուցման պարտականությունը պատշաճ կատարելու համար, սակայն ստորադաս դատարանները գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար գործում առկա յուրաքանչյուր ապացույց չեն հետազոտել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները սխալ են որոշել գործով ապացուցման առարկան և սխալ են բաշխել ապացուցման բեռը կողմերի միջև, որպիսի պարագայում անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշումը և գործը` Միսակ-Նուբար Թեբելեկյանի հայցի մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ԵԿԴ/0805/02/10
Որոշում