Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ               Վարչական գործ թիվ ՎԴ/0909/05/10

    դատարանի որոշում                                             2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0909/05/10

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Բուլղադարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.09.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սվետլանա Օհանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Արթուր Բուլղադարյանի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 28.04.2008 թվականի թիվ 1911-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սվետլանա Օհանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 28.04.2008 թվականի թիվ 1911-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 04.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2011 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 04.03.2011 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.08.2011 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2011 թվականի որոշման դեմ Սվետլանա Օհանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ք. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.09.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի և Արթուր Բուլղադարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 06.03.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Բուլղադարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Օհանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 22-րդ, 24-րդ, 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սվետլանա Օհանյանը Երևանի Չկալովի թիվ 48 հասցեի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունք ձեռք բերելու վերաբերյալ որևէ իրավական հիմքեր չի ունեցել, որևէ վարչական մարմնի կողմից ոչ մի իրավական ակտ չի կայացվել, որն ուղղված լիներ Սվետլանա Օհանյանի համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, ինչն էլ իր հերթին սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի տպավորություն կառաջացներ: Տվյալ դեպքում Սվետլանա Օհանյանի և նրա ընտանիքի անդամների մոտ չէին կարող առկա լինել բավականաչափ հիմքեր ենթադրելու, որ գույքը ձեռք են բերել որպես սեփականություն: Այսինքն` Քաղաքապետի որոշմամբ Սվետլանա Օհանյանի ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված որևէ իրավունք չի խախտվել, որպիսի պարագայում միայն վերջինս ձեռք կբերեր վարչական ակտը բողոքարկելու իրավունք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ գործում առկա գրավոր ապացույցներով, ինչպես նաև դատական ակտերով հիմնավորվել է, որ վիճելի բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Բուլղադարյանին, իսկ Սվետլանա Օհանյանը չի ներկայացրել բնակելի տունն օրենքի կամ պայմանագրի հիման վրա տիրապետելու փաստը հաստատող որևէ ապացույց: Այսինքն` վիճարկվող վարչական ակտով որևէ կերպ չեն խախտվել Սվետլանա Օհանյանի իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ վիճելի բնակելի տան նկատմամբ որևէ իրավունք չի ունեցել, այդտեղ բնակվել է առանց իրավական հիմքերի, ուստի Սվետլանա Օհանյանն այն իրավասու անձը չէ, որի կողմից կարող է վիճարկվել Քաղաքապետի որոշման օրինականությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, կայացրել է հիմնավորված և ճիշտ որոշում: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելիս Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եկել է եզրահանգման այն մասին, որ Քաղաքապետի որոշման ընդունման հիմքում դրվել է ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 ուժը կորցրած որոշումը: Ավելին, Քաղաքապետի վիճարկվող որոշումն արհեստականորեն խոչընդոտ է առաջացրել Սվետլանա Օհանյանի կողմից գույքի նկատմամբ սեփականության ձեռքբերման իրավունքի իրացման համար և զրկել է փաստացի իր սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքի ձևակերպման, ինչպես նաև օրենքի ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք ունենալու հնարավորությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Չկալովի թիվ 48 հասցեի բնակիչ Շուշանիկ Կարապետյանը 03.03.1953 թվականին իր կիսաքանդ տունը վաճառել է Աստղիկ Բուլղադարյանին, որի դիմաց ստացել է 2.000 ռուբլի (հատոր 2-րդ, գ.թ. 122):

2) Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմը 13.07.1987 թվականին որոշել է Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի 24-րդ շենքի 2-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 21 բնակարանը հատկացնել Աստղիկ Բուլղադարյանի ընտանիքի 5 անձերին` իրեն, տղային` Ալբերտ Բուլղադարյանին, հարսին` Ալվարդ Բուլղադարյանին և երկու թոռներին` Արտյոմ և Մարինե Բուլղադարյաններին: Միաժամանակ որոշվել է Չկալովի թիվ 48 հասցեի տունը թողնել բնակվելու Արթուր Բուլղադարյանին (հատոր 2-րդ, գ.թ. 159-160):

3) Քաղաքապետի 28.04.2008 թվականի թիվ 1911-Ա որոշմամբ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի թիվ 48/1 (Չկալովի փողոց թիվ 48) հասցեի գույքային միավորների նկատմամբ վերականգնվել է Արթուր Բուլղադարյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 72,24 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով Արթուր Բուլղադարյանի սեփականության իրավունքը 72,24 քմ մակերեսով բնակելի տան և նշված հողամասի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 77):

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 010064-144 մատյանի թիվ 00127 համարի տակ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի թիվ 48/1 հասցեի գույքի նկատմամբ 29.05.2008 թվականին գրանցվել է Արթուր Բուլղադարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 124-126):

5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 26.02.2010 թվականի թիվ ԵԿԴ/1992/02/09 վճռով բավարարվել է Արթուր Բուլղադարյանի հայցն ընդդեմ Սվետլանա, Արսեն, Նարեկ Օհանյանների և Ավետիք Սարգսյանի` Երևանի Սիմեոն Երևանցու 48/1 հասցեից վտարելու պահանջի մասին: Նշված վճռով հայցը բավարարելիս դատարանը հաստատված հանգամանք է համարել, որ պատասխանողները չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ այն մասին, որ վիճելի հասցեում գտնվող գույքը պատկանում է իրենց (հատոր 2-րդ, գ.թ. 105-106):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հարկ է պատասխանել այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ չունեցող անձի կողմից կարող է վիճարկվել այդ գույքի նկատմամբ ընդունված քաղաքապետի որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), իր նախադեպային որոշումներում անդրադառնալով այս հարցին, նշել է, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելիգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի որոշումը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների, թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի որոշում, պարբ. 32):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի: Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Այսինքն` դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: ՈՒստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք:

i

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «սույն գործի փաստական հանգամանքներով հաստատվում է, որ տվյալ դեպքում Քաղաքապետը վիճարկվող` 28.04.2008 թվականի թիվ 1911-Ա որոշումը կայացնելիս ղեկավարվել է նաև ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշման 2-րդ կետով: Մինչդեռ, դեռևս ՀՀ կառավարության 15.05.2003 թվականի «Մինչև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը հաստատելու մասին» թիվ 1748-Ն որոշմամբ (4-րդ կետով) ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշումը ճանաչվել է ուժը կորցրած»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «... Սվետլանա Օհանյանն ունեցել է օրինական ակնկալիք, սպասելիք խնդրո առարկա հանդիսացող տան նկատմամբ, քանի որ վերջինս 10 տարուց ավելի ապրում է Չկալովի փողոցի 48 հասցեում գտնվող տանը, մինչդեռ գործով երրորդ անձ Արթուր Բուլղադարյանը շուրջ 14 տարի բնակվում է արտասահմանում: Նշված հանգամանքն ապացուցվում է 23.03.2003թ. Կենտրոն համայնքի թիվ 5 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքով, ըստ որի` Չկալովի փողոցի 48 հասցեում գրանցված են երկու անձ` Արթուր Բուլղադարյանը և Աստղիկ Բուլղադարյանը, որոնք շուրջ 14 տարի բացակայում են բնակության վայրից, և տունն իրենց թույլտվությամբ զբաղեցրել է տանտիրոջ քրոջ աղջիկը` Սվետլանա Օհանյանը, առանց նշված հասցեում գրանցման: Բացի այդ, հայցվորի օրինական ակնկալիքները սեփականության իրավունքի ձեռքբերման հարցում հիմնավորվում են նաև նրանով, որ վերջինս, բնակվելով խնդրո առարկա հանդիսացող տանը, հանդիսանում է նշված տան բաժանորդը: Փաստը հաստատվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի «Կենտրոն» ցանցի կողմից 08.02.2010 թվականին տրված բաժանորդի էպիկրիզով, որի համաձայն` Սվետլանա Օհանյանը 1997 թվականի հոկտեմբերի 20-ից հանդիսանում է Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի թիվ 48 (նախկին Չկալովի փողոց 48) հասցեի բաժանորդը ...»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմք չեն կարող հանդիսանալ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Չկալովի թիվ 48 հասցեի բնակիչ Շուշանիկ Կարապետյանի 03.03.1953 թվականի ստացականի համաձայն` Շուշանիկ Կարապետյանն իր կիսաքանդ տունը վաճառել է Աստղիկ Բուլղադարյանին, որի դիմաց ստացել է 2.000 ռուբլի: Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.07.1987 թվականի թիվ 18 արձանագրությունից քաղվածքի համաձայն` գործադիր կոմիտեն որոշել է Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի 24-րդ շենքի 2-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 21 բնակարանը հատկացնել Աստղիկ Բուլղադարյանի ընտանիքի 5 անձերին` իրեն, տղային` Ալբերտ Բուլղադարյանին, հարսին` Ալվարդ Բուլղադարյանին և երկու թոռներին` Արտյոմ և Մարինե Բուլղադարյաններին: Միաժամանակ որոշվել է Չկալովի թիվ 48 հասցեի տունը թողնել բնակվելու Արթուր Բուլղադարյանին: Այնուհետև Քաղաքապետի 28.04.2008 թվականի թիվ 1911-Ա որոշմամբ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի թիվ 48/1 (Չկալովի փողոց թիվ 48) հասցեի գույքային միավորների նկատմամբ վերականգնվել է Արթուր Բուլղադարյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 72,24 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով Արթուր Բուլղադարյանի սեփականության իրավունքը բնակելի տան և հողամասի նկատմամբ: Իսկ նշված որոշումից ծագած Արթուր Բուլղադարյանի սեփականության իրավունքը Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի թիվ 48/1 հասցեի գույքի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 010064-144 մատյանի թիվ 00127 համարի տակ գրանցվել է 29.05.2008 թվականին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 26.02.2010 թվականի թիվ ԵԿԴ/1992/02/09 վճռով բավարարվել է Արթուր Բուլղադարյանի հայցն ընդդեմ Սվետլանա, Արսեն, Նարեկ Օհանյանների և Ավետիք Սարգսյանի` Երևանի Սիմեոն Երևանցու 48/1 հասցեից վտարելու պահանջի մասին: Նշված վճռով հայցը բավարարելիս դատարանը հաստատված հանգամանք է համարել, որ պատասխանողները չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ այն մասին, որ վիճելի հասցեն պատկանում է իրենց:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Քաղաքապետի 28.04.2008 թվականի թիվ 1911-Ա որոշման կայացման համար հիմք է ընդունվել նաև ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 ուժը կորցրած որոշումը, այդուհանդերձ այն որպես ոչ իրավաչափ վարչական ակտ ճանաչելու համար նախ անհրաժեշտ է պատշաճ հայցվորի կողմից հայց հարուցելու հանգամանքը, այնինչ նշված ակտը Սվետլանա Օհանյանի հայցով չի կարող անվավեր ճանաչվել, քանի որ դրանով Սվետլանա Օհանյանի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ու ազատություններ չեն խախտվել:

Ինչ վերաբերում է վիճելի հասցեում Աստղիկ և Արթուր Բուլղադարյանների թույլտվությամբ 10 և ավելի տարի բնակվելու, ինչպես նաև էլեկտրաէներգիայի բաժանորդ լինելու հանգամանքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար հիմքեր չեն փաստելու համար, որ Սվետլանա Օհանյանը վիճելի բնակելի տան նկատմամբ ունի «օրինական ակնկալիք», ինչից էլ հետևում է, որ Սվետլանա Օհանյանին չի պատկանում վերը նշված վարչական ակտը վիճարկելու իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. Սվետլանա Օհանյանի հայցը մերժել:

2. Սվետլանա Օհանյանից հօգուտ Արթուր Բուլղադարյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

Սվետլանա Օհանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.12.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2013
N ՎԴ/0909/05/10
Որոշում