Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376-ՐԴ ԵՎ 381-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԱՎԴ2/0007/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ2/0007/01/12

Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Լ. Թադևոսյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ

    դիմող                                     Ա. Սարգսյանի

 

    2013 թվականի փետրվարի 15-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ դիմող Արթուր Երեմի Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 44119311 քրեական գործը:

2012 թվականի հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 16101912 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի և 2012 թվականի մարտի 7-ի որոշումներով թիվ 44119311 քրեական գործով Լևոն Ռուբիկի Թարվերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն մարմնի 2012 թվականի հունվարի 31-ի որոշմամբ թիվ 44119311 քրեական գործով Արթուր Երեմի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նախաքննության մարմնի 2012 թվականի մարտի 12-ի որոշմամբ թիվ 16101912 քրեական գործով Ռուբիկ Լևոնի Թարվերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն մարմնի 2012 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ թիվ 16101912 քրեական գործով Լ.Թարվերդյանին և Ռ.Թարվերդյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և նրանց նոր մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի փետրվարի 6-ին թիվ 44119311, իսկ 2012 թվականի մայիսի 25-ին թիվ 16101912 քրեական գործերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 5-ի որոշմամբ թիվ 44119311 և թիվ 10101912 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում` համատեղ քննություն իրականացնելու համար:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Լ.Թարվերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու դրվագով հանցագործությունների կատարման մեջ և յուրաքանչյուր դրվագով դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` վերջնական դատապարտվել է ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Լ.Թարվերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:

Ռ.Թարվերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Ռ.Թարվերդյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:

Նույն օրն Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ Արարատի մարզի դատախազին դիմելու մասին:

3. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 14-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դիմող Ա.Սարգսյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Լևոն Ռուբիկի Թարվերդյանը 2008-2009 թվականներին նույն գյուղում զբաղվել է բնակելի տների կառուցմամբ և վաճառքով: 2008 թվականի մարտ ամսին Լևոն Ռուբիկի Թարվերդյանը Երևան քաղաքի բնակիչ Արթուր Երեմի Սարգսյանից փոխառության կարգով, մեկ տարի ժամկետով, վերցրել է 6000 /վեց հազար/ ԱՄՆ դոլար` ամսական 5 /հինգ/ տոկոս տոկոսադրույք վճարելու պայմանով և նշված գումարն օգտագործել է բնակելի տների շինարարությունն իրականացնելիս (...):

2009 թվականի հուլիս ամսին լրացուցիչ գումարի անհրաժեշտություն առաջանալու պատճառով Լևոն Թարվերդյանը Արթուր Սարգսյանից փոխառության կարգով խնդրել է 5000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլար գումար: Ա.Սարգսյանը համաձայնվել է տրամադրել այդ գումարը` դրա դիմաց Լ.Թարվերդյանի կողմից որևէ անշարժ գույք գրավ դնելու դեպքում: Լ.Թարվերդյանը և Ա.Սարգսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել Սամվել Ասատրյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված 68.1 քմ տունը` 140 քմ մետր հողամասի հետ, անվանափոխել Ա.Սարգսյանի անվամբ, իսկ գործարքը կատարելուց հետո վերջինս Լ.Թարվերդյանին փոխառությամբ պետք է տրամադրեր 5000 /հինգ հազար/ ԱՄՆ դոլար գումար: Պայմանավորվածության համաձայն, Սամվել Ասատրյանը Լևոն Թարվերդյանի հանձնարարությամբ 2009 թվականի հուլիսի 18-ին «Մասիս» նոտարական տարածքի նոտար Հ.Ղարիբյանի կողմից վավերացված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Այնթապ գյուղի 13-րդ փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող 68.1 քմ տունը` 140 քմ հողամասի հետ, նվիրել է Արթուր Սարգսյանին և այդ պայմանագրի հիման վրա վերջինիս սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանումում և 22.07.2009 թվականին տրվել է թիվ 2696522 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Նշված գործարքը կատարվելուց հետո Ա.Սարգսյանը Լ.Թարվերդյանին չի տվել պայմանավորված գումարը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 166-167):

6. Վերաքննիչ դատարանը դիմող Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376 հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ և 2.1 կետերով նախատեսված ակտերի դեմ` նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով: Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործերով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին:

Քրեական գործով քաղաքացիական հայց չի ներկայացված կամ լուծված, հետևաբար գործով վկա Արթուր Սարգսյանը չի կարող բողոքարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2012 թվականի դատավճիռը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 236):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և քրեադատավարական օրենսդրության մի շարք նորմերի խախտումներ, որի արդյունքում խախտվել է իր անմեղության կանխավարկածը: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 365-րդ, 367-րդ հոդվածների, 371-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով միայն ամբաստանյալներ Ռուբիկ, Լևոն Թարվերդյանների, վերջինիս եղբոր` դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, դուրս գալով մեղադրանքի սահմաններից, առանց որևէ պատշաճ ապացույցի հիմնավորված է համարել իր կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը և հաշվի չի առել, որ նախաքննության մարմնի 2012 թվականի հունվարի 1-ի որոշմամբ իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Արդյունքում, Առաջին ատյանի դատարանի դատական ակտերում տեղ գտած ձևակերպումները հանգեցրել են իր անմեղության կանխավարկածի խախտման, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 14-ի դատական ակտերի հիման վրա հարուցվել է քրեական գործ, և իր նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

8. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 381-րդ հոդվածի պահանջները, այն է` վերոշարադրյալի պայմաններում չի քննել և առանց քննության է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված իր վերաքննիչ բողոքը:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է իր մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 14-ի, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 28-ի դատական ակտերը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դիմող Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

12. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (...)»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված` պետության պոզիտիվ պարտականությունը (...)» (տե՛ս Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 14-րդ կետը):

Դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի ապահովմանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքը պահանջում է Պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Կիրառված սահմանափակումները, սակայն, դատարան դիմելու անձի իրավունքը չպետք է այնպես սահմանափակեն կամ նվազեցնեն, որ խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում, և եթե գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն (Hirschhorn v. Rօmania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

i

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ և 2.1-րդ կետերով նախատեսված ակտերի դեմ` նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով: Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին: (...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ այն հնարավորություն է ընձեռում գործով կողմ չհանդիսացող անձին առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը վիճարկել վերադաս դատարանում բացառապես քաղաքացիական հայցի մասով, եթե տվյալ դատական ակտն առնչվում է իր շահերին:

14. Դատավարության մասնակից չհանդիսացող անձի` քրեադատավարական իրավահարաբերություններին մասնակցելու իրավունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) եթե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները:

(...) [Դ]ատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն` անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա» (տե՛ս Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշման 22-23-րդ կետերը):

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում առկա ձևակերպման պայմաններում չի ապահովվում դատավարության մասնակից չհանդիսացող անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հետևաբար դատավարության մասնակից չհանդիսացող անձին հնարավորություն չի ընձեռվում վերադաս դատական ատյաններում վիճարկել իր շահերին առնչվող դատական ակտի օրինականությունը:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի իրացման արդյունավետ երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը, գտնում է, որ հարկ է վերաքննիչ բողոք բերելու իրավունք նախատեսել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող այն անձի համար, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի քննության արդյունքներով հաստատված է համարել և իր դատավճռում ամրագրել է այն, որ 2008 թվականի մարտ ամսին Լ.Թարվերդյանն Ա.Սարգսյանից փոխառության կարգով մեկ տարի ժամկետով վերցրել է 6000 ԱՄՆ դոլար` ամսական 5 տոկոս տոկոսադրույք վճարելու պայմանով: Բացի այդ, 2009 թվականի հուլիս ամսին Լ.Թարվերդյանն Ա.Սարգսյանից փոխառության կարգով խնդրել է ևս 5000 ԱՄՆ դոլար գումար, վերջինս համաձայնվել է տրամադրել այդ գումարը` դրա դիմաց որևէ անշարժ գույք գրավ դնելու պայմանով: Արդյունքում, Լ.Թարվերդյանը 68.1 քմ տունը և 140 քմ մետր հողամասն անվանափոխել է Ա.Սարգսյանի անվամբ: (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը դիմել է նաև դատախազին Ա.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Վերոհիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել դիմող Ա.Սարգսյանը, որը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության` արձանագրելով, որ Ա.Սարգսյանը դատավարության մասնակից չի հանդիսանում, քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցվել և լուծվել, հետևաբար դիմող Ա.Սարգսյանն Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բողոք բերելու իրավունք չունի (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն առերևույթ առնչվում է դիմող Ա.Սարգսյանի իրավունքներին և օրինական շահերին:

17. Սույն որոշման 12-15 կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Ա.Սարգսյանը սույն գործով չի հանդիսացել դատավարության մասնակից, այդուհանդերձ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռն առնչվել է նրա իրավունքներին և օրինական շահերին, հետևաբար Վերաքննիչ դատարանը, քննության չառնելով իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող` Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դիմող Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքը, սահմանափակել է վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Ա.Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ: Վերաքննիչ դատարանը, նման որոշում կայացնելով, թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք (...) խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: ՈՒստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ա.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

18. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտում թույլ տրված լինելու մասին բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո: ՈՒստի, բողոքաբերի բարձրացրած այդ հարցին Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ չի անդրադառնում:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Արթուր Երեմի Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.02.2013
N ԱՎԴ2/0007/01/12
Որոշում