Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 23...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                        ԵԱՔԴ/0020/11/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0020/11/12

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ պաշտպան                    Ս. Ջաղինյանի

 

    2013 թվականի փետրվարի 15-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Սարիբեկ Վարազդատի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Սամվել Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 14110012 քրեական գործը:

2012 թվականի ապրիլի 27-ին Սարիբեկ Հարությունյանը ձերբակալվել է:

2012 թվականի ապրիլի 28-ին Ս.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2. 2012 թվականի մայիսի 2-ին մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանը վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է հարուցել` խնդրելով անթույլատրելի ապացույց ճանաչել վկաներ Զավեն Մելքոնյանի և Սարիբեկ Հարությունյանի միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությունը:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա.Վարդանյանի 2012 թվականի մայիսի 10-ի որոշմամբ հիշյալ միջնորդությունը մերժվել է:

3. Մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանը քննիչ Ա.Վարդանյանի 2012 թվականի մայիսի 10-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին` խնդրելով վերացնել որոշումը և անթույլատրելի ապացույց ճանաչել վկաներ Զավեն Մելքոնյանի և Սարիբեկ Հարությունյանի միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությունը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ.Խաչատրյանի 2012 թվականի մայիսի 17-ի որոշմամբ պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը մերժվել է:

4. Պաշտպան Ս.Ջաղինյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ.Խաչատրյանի 2012 թվականի մայիսի 17-ի որոշումը և անթույլատրելի ապացույց ճանաչել վկաներ Զավեն Մելքոնյանի և Սարիբեկ Հարությունյանի միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությունը:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը մերժվել է:

5. Պաշտպան Ս.Ջաղինյանն Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ բերել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

2012 թվականի օգոստոսի 21-ի դատական նիստում Վերաքննիչ դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշել է մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանին հեռացնել վարույթից և դատական նիստը շարունակել վերջինիս բացակայության պայմաններում:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ Ս.Ջաղինյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 17-ի դատական նիստի` պարզ թղթային եղանակով կատարված արձանագրությունից երևում է, որ դատավոր Մ.Պետրոսյանի հարցին վերաքննիչ բողոք բերած անձ, պաշտպան Ս.Ջաղինյանը պատասխանել է, որ պաշտպանի կարգավիճակը հաստատող փաստաթուղթն առկա է քրեական գործում, իսկ քրեական գործը գտնվում է քննիչի մոտ (տե՛ս նյութեր, թերթ 69):

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 21-ի դատական նիստի` ձայնային արձանագրության համաձայն` նախագահող դատավոր Մ.Պետրոսյանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-71-րդ հոդվածները, փաստաբան Ս.Ջաղինյանից պահանջում է ներկայացնել փաստաբանի արտոնագիր:

Բողոքաբերը հայտարարում է, որ ինքը Վերաքննիչ դատարանին ներկայացրել է իր անձը հաստատող և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան հանդիսանալը հավաստող վկայականը, և բացի այդ, դատական նիստին ներկա է քննիչը, որի որոշմամբ ինքը ճանաչվել է սույն գործով պաշտպան, և ինչպես նա, այնպես էլ մասնակցող դատախազը դատական նիստում քանիցս հաստատեցին, որ ինքն է հանդիսանում մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպանը, ընդ որում, քննիչը դատական նիստում հայտնեց, որ փաստաբան Ս.Ջաղինյանի` սույն գործով պաշտպան լինելու հանգամանքը հաստատող ապացույցը գտնվում է քրեական գործում:

Բողոքաբերը հայտարարում է նաև, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջը չի բխում օրենքից, քանի որ Վերաքննիչ դատարանը տվյալ գործով քրեական վարույթ իրականացնող մարմին չի հանդիսանում, այլ այդպիսին հանդիսանում է նախաքննության մարմինը:

Նախագահող դատավորը վերստին պահանջում է փաստաբանական գործունեության արտոնագիրը` պատճառաբանելով, որ պահանջվող փաստաթուղթն անհրաժեշտ է` պարզելու համար, թե արդյո՞ք փաստաբան Ս.Ջաղինյանը հանդիսանում է տվյալ գործով պաշտպան:

Փաստաբան Ս.Ջաղինյանը պատասխանում է, որ փաստաբանական արտոնագիրը տվյալ գործով պաշտպան լինելու հանգամանքը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է, իսկ ինչ վերաբերում է սույն գործով պաշտպան լինելու հանգամանքը հաստատող ապացույցին, ապա այն գտնվում է քրեական գործում, և դա հավաստում են դատական նիստին ներկա քննիչը և դատախազը:

Բողոքաբերը հավելում է, որ պահանջելով փաստաբանական գործունեության արտոնագիր ներկայացնել` Վերաքննիչ դատարանն անցնում է իր լիազորությունների սահմանը, քանի որ տվյալ գործով քրեական վարույթ իրականացնող մարմին չի հանդիսանում և նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի:

Բողոքաբերը հայտարարում է, որ ինքը չի ներկայացնելու փաստաբանական գործունեության արտոնագիր` Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պահանջն ապօրինի լինելու պատճառով:

Նախագահող դատավորն առաջարկում է դատախազին կարծիք հայտնել փաստաբան Ս.Ջաղինյանի հայտարարության վերաբերյալ:

Դատախազ Ռ.Խաչատրյանը հայտարարում է, որ ինքը նախկին դատական նիստում ևս հավաստել է, որ փաստաբան Ս.Ջաղինյանը տվյալ քրեական գործով հանդիսանում է պաշտպան, իսկ տվյալ իրավիճակում արտոնագիր չներկայացնելը որպես դատաքննության շարունակելը բացառող հանգամանք դիտել-չդիտելը` դատարանի հայեցողությունն է:

Նախագահող դատավոր Մ.Պետրոսյանը հայտարարում է, որ «(...) նկատի ունենալով այն, որ մեղադրյալ Ս.Հարությունյանի անվամբ բողոք բերած անձ Ս.Ջաղինյանը, որը ներկայացել է որպես վերջինիս շահերի պաշտպան, չներկայացրեց քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցելու և պաշտպանի իրավիճակը հաստատելու մասին համապատասխան փաստաթուղթ, ուստի վերաքննիչ դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշեց դատական նիստը շարունակել վերջինիս բացակայության պայմաններում` նրան հեռացնելով վարույթից, և ելնելով նրա պաշտպանյալի շահերից` քննել վերաքննիչ բողոքը» (տե՛ս նյութեր, թերթ 76):

8. 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ է մուտքագրվել նույն դատարանի դատավոր Մ.Պետրոսյանին հասցեագրված դիմում, որով մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանը խնդրել է իրեն տրամադրել դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ միասին (տե՛ս նյութեր, թերթ 85):

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Պետրոսյանը հիշյալ դիմումին գրավոր պատասխանել է, որ Ս.Ջաղինյանը թիվ ԵԱՔԴ/0020/11/12 գործին մասնակցող անձ չի հանդիսանում, ուստի դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը և համառոտագրումը նրան չեն կարող տրամադրվել (տե՛ս նյութեր, թերթ 88):

Ս.Ջաղինյանը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին դիմել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին` խնդրելով թույլատրել ծանոթանալ իր բողոքի հիման վրա նախապատրաստված նյութերին, ինչպես նաև տրամադրել դատական նիստերի արձանագրությունների կրիչները: Նույն դիմումի տակ առկա է պաշտպան Ս.Ջաղինյանի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 18-ին կատարված գրառում այն մասին, որ ըստ ներկայացված պահանջի նա վճարել է 2000 ՀՀ դրամ պետական տուրք և ստացել է Վերաքննիչ դատարանի որոշման պատճենը և դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը (տե՛ս նյութեր, թերթ 95):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է միջազգային և ներպետական օրենսդրության դրույթների կոպիտ խախտումներով: Մասնավորապես, խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` զենքերի հավասարության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված` մրցակցության սկզբունքները:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով իրեն հեռացրել է վարույթից, իր բողոքի քննությունն իրականացրել է իր բացակայությամբ, ինչպես նաև իրեն չի տրամադրել իր վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները:

10. Վերաքննիչ դատարանի կողմից իրեն վարույթից հեռացնելն անհիմն լինելու վերաբերյալ իր պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է նրանով, որ փաստաբանական գործունեության արտոնագիրը չի հանդիսանում կոնկրետ գործով պաշտպան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, բացի այդ, տվյալ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, հետևաբար քրեական վարույթն իրականացնող մարմինն է հանդիսանում նախաքննության մարմինը, այլ ոչ թե դատարանը:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ գործի քննության այս փուլում իրեն պաշտպան ճանաչելու լիազորություն Վերաքննիչ դատարանը չի ունեցել, հետևաբար հիմնազուրկ է իր փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջը, ինչպես նաև այդ պատճենը չներկայացնելու հիմքով իրեն վարույթից հեռացնելու մասին նույն դատարանի որոշումը:

Բողոքաբերը նշել է նաև, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով իրեն տրամադրել Վերաքննիչ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները, սակայն Վերաքննիչ դատարանի գրությամբ իր խնդրանքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ինքը գործին մասնակցող անձ չի հանդիսանում:

11. Անդրադառնալով Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի հիմքերին` բողոք բերած անձը նշել է, որ վերաքննիչ բողոքում բարձրացրել է այն հարցը, թե սույն գործով նախաքննության մարմինն իրավասու էր արդյոք առերես հարցաքննել երկու վկաների, որոնց ցուցմունքներում հակասություններ չկան, առավել ևս, եթե վկաներից մեկն ընդհանրապես հրաժարվել էր ցուցմունք տալ: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ առերես հարցաքննության ժամանակ իր պաշտպանյալն ունեցել է վկայի և ոչ թե մեղադրյալի կարգավիճակ, իսկ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ ոչ թե վկան, այլ քրեական հանցագործության մեջ մեղադրվող անձն իրավունք ունի հարցաքննել իր դեմ ցուցմունք տվող վկաներին:

12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով բողոքաբերն ըստ էության երկու հարց է բարձրացրել, որոնցից առաջինը վերաբերում է իրեն վարույթից հեռացնելու և իր վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակներն իրեն չտրամադրելուն, երկրորդը` նախաքննության մարմնի կողմից կատարված քննչական գործողության` առերես հարցաքննության, օրինականությանը և հիմնավորվածությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հարցերից երկրորդին հնարավոր է անդրադառնալ միայն առաջին հարցին պատասխանելուց հետո, ուստի Վճռաբեկ դատարանը քննության է առնում սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցը:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը թո՞ւյլ է տվել արդյոք մրցակցության սկզբունքի խախտում այն պայմաններում, երբ վարույթից հեռացրել է մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանին, ինչպես նաև հրաժարվել է նրան տրամադրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

(...)

3. Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`

1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը.

2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին.

3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.

4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն`

i

«Իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու` կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հարցը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը»:

Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեադատավարական օրենքը սպառիչ թվարկում է քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը դադարելու հիմքերը, ինչպես նաև հստակ ամրագրում է, որ քրեական գործին պաշտպանի մասնակցությունը կարող է դադարեցվել բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածն ամրագրում է, որ պաշտպանն իր իրավավիճակը հաստատելու նպատակով պարտավոր է վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու` կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 21-ի դատական նիստի ժամանակ դատավորը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-71-րդ հոդվածները, փաստաբան Ս.Ջաղինյանից պահանջել է ներկայացնել փաստաբանի արտոնագիր: Ի պատասխան դատարանի պահանջին` Ս.Ջաղինյանի հայտնել է, որ Վերաքննիչ դատարանին ներկայացրել է իր անձը և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան հանդիսանալը հաստատող փաստաթղթերը, և բացի այդ, դատական նիստին ներկա է քննիչը, ում որոշմամբ ինքը ճանաչվել է սույն գործով պաշտպան: Վերաքննիչ դատարանում բողոքաբերը հայտարարել է նաև, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջը չի բխում օրենքից, քանի որ վերջինս տվյալ գործով քրեական վարույթ իրականացնող մարմին չի հանդիսանում, այլ այդպիսին հանդիսանում է նախաքննության մարմինը: Նախագահող դատավորը վերստին պահանջել է փաստաբանական գործունեության արտոնագիրը` պատճառաբանելով, որ պահանջվող փաստաթուղթն անհրաժեշտ է` պարզելու համար, թե արդյո՞ք փաստաբան Ս.Ջաղինյանը հանդիսանում է տվյալ գործով պաշտպան: Ս.Ջաղինյանը պատասխանել է, որ չի ներկայացնելու փաստաբանական գործունեության արտոնագիր` Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պահանջն ապօրինի լինելու պատճառով:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոք բերած անձ Ս.Ջաղինյանը չի ներկայացրել վարույթին որպես պաշտպան մասնակցելու և պաշտպանի իրավավիճակը հաստատելու մասին համապատասխան փաստաթուղթ, տեղում խորհրդակցելով որոշել է դատական նիստը շարունակել պաշտպանի բացակայությամբ` նրան հեռացնելով վարույթից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս.Հարությունյանի վերաբերյալ գործը նախաքննության փուլում գտնվելու պարագայում վարույթն իրականացնող մարմին է հանդիսանում ոչ թե դատարանը, այլ նախաքննության մարմինը, հետևաբար, դատարանը, տվյալ դեպքում` Վերաքննիչ դատարանը իրավասու չէր լուծել պաշտպանին գործով վարույթից հեռացնելու հարցը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանին վարույթից հեռացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական չէ:

i

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն`»Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, (...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց համապատասխան գրավոր դիմումի առկայության պարագայում նրանց տրամադրել դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները, իսկ դատական ակտի հրապարակումից հետո եռօրյա ժամկետում` դատական ակտը:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը` Ս.Ջաղինյանը, դիմել է Վերաքննիչ դատարան` խնդրելով իրեն տրամադրել դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ միասին: Վերաքննիչ դատարանի դատավորը Ս.Ջաղինյանի դիմումին գրավոր պատասխանել է, որ նա գործին մասնակցող անձ չի հանդիսանում, ուստի դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը և համառոտագրումը նրան չեն կարող տրամադրվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված վերլուծության, ինչպես նաև սույն որոշման 17-րդ կետում շարադրված եզրահանգման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր գործին մասնակցող անձին` Ս.Ջաղինյանին, տրամադրել Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինակը, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:

(...)

5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: (...):

(...)

7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: (...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման անկյունաքարը, ի թիվս քրեական դատավարության այլ կարևորագույն սկզբունքների, մրցակցության սկզբունքն է:

Մրցակցության սկզբունքը կարող է երաշխավորվել երեք բաղադրատարրերի միաժամանակյա պահպանման դեպքում: Դրանք են`

ա) կողմերի դատավարական իրավահավասարություն` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար,

բ) կողմերի միջև մեղադրանքի և պաշտպանության գործառույթների տարանջատում և դրանց սահմանազատում գործի լուծման գործառույթից,

գ) անկախ և անկողմնակալ դատարանի առկայություն:

Մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը: Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար պետք է ստեղծի գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ` դրանով իսկ ապահովելով մրցակցության սկզբունքի կենսագործումը և հասնելով քրեական դատավարության առջև դրված խնդիրների իրագործմանը: (...)» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 13-րդ կետը):

Ա.Ղարիբյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննություններին: (...)» (տե՛ս Ամալյա Սերժիկի Ղարիբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 որոշման 23-րդ կետը):

22. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի, ինչպես նաև Ա.Ղարիբյանի գործերով կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, և դրանց լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ և 20-րդ կետերում շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վարույթից հեռացնելով մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանին, ինչպես նաև հրաժարվելով նրան տրամադրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները, թույլ է տվել մրցակցության և զենքերի հավասարության սկզբունքների խախտում:

23. Հիմք ընդունելով սույն որոշման 14-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված` մրցակցության և համապատասխանաբար նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` զենքերի հավասարության սկզբունքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն` հիմք է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

24. Ինչ վերաբերում է բողոքաբերի բարձրացրած երկրորդ հարցին (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման 23-րդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սարիբեկ Վարազդատի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.02.2013
N ԵԱՔԴ/0020/11/12
Որոշում