Սեղմել Esc փակելու համար:
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ», «ԱԿԲԱ-Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ...

 

 

020.1102.280613

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ԵՎ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հունիսի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողների ներկայացուցիչներ Հ. Հարությունյանի, Ս. Գիշյանի, Կ. Պետրոսյանի և Մ. Մկոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «ՎՏԲ-Հայաստան Բանկ» և «Արցախբանկ» ՓԲԸ-ների դիմումի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «ՎՏԲ-Հայաստան Բանկ» և «Արցախբանկ» ՓԲԸ-ների` 29.03.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունիսի 3-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Հիշյալ օրենքի` սույն գործով վիճարկվող` «Վճռի կատարման շրջադարձը» վերտառությամբ 26-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան»:

2. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2009թ. հոկտեմբերի 12-ին թիվ ԵԿԴ-0094/01/09 քրեական գործով դատավճիռ է կայացրել, որով Ռումինիայի քաղաքացի Կոռնել-Կոնստանտին Ռոմիկայի Ստենգաչուին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով և դատապարտել 12 տարի ժամկետով ազատազրկման, ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 64.142.000 ՀՀ դրամից` ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավմամբ: Դատարանը սույն գործով դիմողների քաղաքացիական հայցերը բավարարել է` որոշելով դատապարտյալից հօգուտ տուժողների բռնագանձել

ընդհանուր առմամբ 25.457.000 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում: Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` սույն գործով դիմողներն իրենց քաղաքացիական հայցի բավարարման մասով դատավճռի հարկադիր կատարման համար ստացել են կատարողական թերթեր, որոնք ներկայացրել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, որից տեղեկացել են, որ ՀՀ դատախազությունն առաջինն է այդ գործով ներկայացրել կատարողական թերթ` դատապարտյալի ամբողջ գույքի, բայց ոչ ավելի, քան 64.142.000 ՀՀ դրամի բռնագրավման մասին: Սույն գործով դիմողները դիմումներ են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված քրեական գործով կայացված դատական ակտի անհստակությունը մեկնաբանելու պահանջով` կապված դատապարտյալի գույքային պարտավորությունների մասով դատավճռի կատարման և հանցավոր ճանապարհով ստացված գույքը բռնագրավելու վերաբերյալ դրույթների հետ: Դատարանն իր` 2010թ. հունիսի 3-ի որոշմամբ մեկնաբանելով կայացված դատավճռի անհստակությունը` նշել է, որ իրեղեն ապացույցներ ճանաչված և հանցավոր ճանապարհով ստացված գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալին կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալուց կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից, և որ այդ գույքը (գումարները, առարկաները) հօգուտ քաղաքացիական հայցվորների բռնագրավվել չեն կարող, տուժողներին և քաղաքացիական հայցվորներին պատճառված վնասների փոխհատուցմանն ուղղվել չեն կարող, այլ` բավարարված քաղաքացիական հայցերի մասով դատավճիռը կատարելիս բռնագանձումը պետք է տարածվի դատապարտյալին պատկանող այլ դրամական միջոցների և գույքի վրա: Դիմողների վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ վճռաբեկ բողոքները` վերադարձվել:

i

Սույն գործով դիմողների դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը (ՍԴՈ-983), որոշել է, որ այն` իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, այն մասով, որով բռնագրավումից հետո չի երաշխավորում տուժողի (օրինական տիրապետողի) գույքային շահերի և սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման հիման վրա դիմողները նոր հանգամանքի հիմքով 2011թ. հոկտեմբերի 12-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի ԵԿԴ-0094/01/09 դատավճիռը (2010թ. հունիսի 3-ի նույն դատարանի` դատավճռի անհստակությունը մեկնաբանելու մասին որոշմամբ դրան տրված մեկնաբանությամբ) բեկանելու (հանցավոր ճանապարհով ձեռք բերված և իրեղեն ապացույցներ ճանաչված գույքն առաջնահերթ կարգով տուժողներին վերադարձնելու երաշխիքներ չնախատեսելու մասով) և, մասնավորապես` դատական ակտի շրջադարձ կատարելու պահանջով, որը 2011թ. նոյեմբերի 14-ին մերժվել է: 2012թ. մարտի 30-ին ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննություն իրականացնելու պահանջով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. հունիսի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարվել են, որի համաձայն իրեղեն ապացույց ճանաչված դրամական միջոցները համամասնորեն բաշխվել են տուժողների միջև: Միաժամանակ, չի բավարարվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտի շրջադարձի վերաբերյալ (պետական բյուջե բռնագանձված իրեղեն ապացույցների մասով) դիմողների պահանջը: 2012թ. հուլիսի 13-ին այդ հարցով սույն գործով դիմողները դիմում են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը թողնվել է առանց քննության` դատական ակտի շրջադարձ կատարելն այդ դատարանի իրավասության շրջանակներից դուրս լինելու պատճառաբանությամբ: Իսկ վճռաբեկ բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. սեպտեմբերի 24-ի որոշմամբ վերադարձվել է:

3. Վիճարկելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2012թ. հուլիսի 27-ին ԵԿԴ-0094/01/09 գործով դրան տրված մեկնաբանությամբ, վկայակոչելով միջազգային իրավական փաստաթղթեր և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշումը` դիմողները գտնում են, որ զրկվել են իրենց իրավունքների արդյունավետ և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություններին համահունչ պաշտպանության միջոցներից, ինչը, ըստ դիմողների, հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին: Գտնում են նաև, որ զրկվում են խախտված իրավունքների պաշտպանության նպատակով իրենց գործի դատաքննության հնարավորությունից, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի հետ: Այն իր հերթին հանգեցնում է նաև նրան, որ չի պաշտպանվում դիմողների սեփականության իրավունքը և իրենք, որպես քրեական գործով տուժողներ, չեն ստանում իրենց պատճառված վնասի հատուցում, որը հակասում է Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին: Արդյունքում` կողմը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից առաջարկված մեկնաբանությունը հանգեցնում է դրա հակասահմանադրականությանը:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմերը, ըստ էության, քաղաքացիական դատավարական նորմեր են, և որ դրանք կարգավորում են «...միայն ի օգուտ պարտապանի վճռի կատարման շրջադարձի հարցը` որպես պարտապանի իրավունքների պաշտպանության եղանակ»:

Ըստ պատասխանողի` «Քրեական դատավարությունում դատական ակտի շրջադարձ նախատեսված է այն դեպքերի համար, երբ արդարացման դատավճիռը կամ քրեական գործը կարճելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որի հիման վրա կատարվել է վնասի հատուցում, վերացվել է և համապատասխան անձի նկատմամբ նույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ: Այս դեպքում գումարները, որոնք վճարվել են որպես վնասի հատուցում, կարող է առգրավել դատարանը որոշման կատարման շրջադարձման կարգով»:

Պատասխանողը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում բացակայում է դատական ակտի կատարման շրջադարձի հնարավորությունը «...մեկ անձից հօգուտ տուժողի»: Եվ այդպիսի իրավակարգավորումը, ըստ պատասխանող կողմի, բոլորովին էլ պայմանավորված չէ վիճարկվող նորմում «դատավճիռ» եզրույթի բացակայությամբ, այն ուղղված է պարտապանի շահերի պաշտպանությանը: Սակայն, ինչպես գտնում է պատասխանողը, առկա է «...օրենսդրական բաց, որը չի կարգավորում հօգուտ տուժողի դատական ակտի կատարման շրջադարձի հարցը, և որի պայմաններում չի ապահովվում անձանց խախտված իրավունքների արդյունավետ վերականգնման հնարավորությունը»:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս անդրադառնալ սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին այնքանով, որքանով քննության առարկա խնդիրն առնչվում է պետության` մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականությանը, ինչպես նաև այդ պարտականության կատարման շրջանակներում գույքային վնաս կրած անձանց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխավորմանը: Այս առումով վիճարկվող նորմն անմիջականորեն սահմանում է ի կատար ածված վճռի կատարման որոշակի կոնկրետ հիմքերով շրջադարձի կարգն ու պայմանները քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման բնագավառում, որը, ընդհանուր առմամբ, երաշխիք է իրավախախտման հետևանքով տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության, արդարադատության մատչելիության իրավունքի իրացման համար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` վիճարկվող իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե`

- առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, և

- դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:

Վերոհիշյալ իրավապայմանների առկայության դեպքում իրավասու դատարանը կայացնում է դատական ակտ, այսինքն` վճիռ կամ որոշում, գույքը (շարժական, անշարժ) շահագրգիռ կողմին` պարտապանին (այսինքն` դատական նախկին ակտին համապատասխան շահագրգիռ մյուս կողմի հանդեպ պարտականություն կրած անձին) լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան: Այսինքն, միանշանակ է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ` կապված դատական սխալի (նոր կամ նոր ի հայտ եկած կամ այլ հանգամանքների) արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին (անձանց) պատճառված նյութական վնասի վերականգնման (հատուցման) հետ:

Վերոհիշյալ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված են դատական այն ակտի կատարման շրջադարձի պայմանները, որը դեռևս ի կատար չի ածվել:

Նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու` օրենքով նախատեսված հիմքեր, հետևաբար` նաև այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետևանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի) նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն` դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար և արդյունավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը` գույքային իրավունքն է և դրանով պայմանավորված կողմերի` միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման իրավաչափությունը` քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում: Այսինքն` վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ պետությունը, ի դեմս իրավասու դատարանի, նպատակ ունի կատարելու անձանց սեփականությունը պաշտպանելու (այդ թվում` այլոց ապօրինի գործողություններից) իր պոզիտիվ պարտականությունը, որը նաև արդարադատության իրականացման հիմնական խնդիրներից է:

Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կարևոր երաշխիք է ՀՀ Սահմանադրության ինչպես 8-րդ, 18-րդ և 19-րդ, այնպես էլ այլ հոդվածներին համապատասխան անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության առումով, և սույն գործով վեճի առարկա իրավակարգավորման շրջանակներում այն ինքնին սահմանադրականության խնդիր չի կարող հարուցել, եթե օրենսդրությամբ նախատեսված է դրա իրացման արդյունավետ ընթացակարգ, մասնավորապես` անիրավաչափ դատական ակտի ի կատար ածման հետևանքով անձանց խախտված իրավունքների ու ազատությունների արագ, լիարժեք ու արդյունավետ վերականգնման հնարավորություն: Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և, մասնավորապես` դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն գործով վեճի առարկայի վերաբերյալ դիմողների հարցադրումներն իրենց բովանդակությամբ պարունակում են հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման այդպիսի ընթացակարգերի երաշխավորման անհրաժեշտության փաստացի պահանջ, որը, ինչպես հետևում է գործում առկա դատավարական նախապատմությունից, չնայած անմիջականորեն կապված չի եղել քաղաքացիական գործով ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառման անհրաժեշտության խնդրի հետ, սակայն իրավակարգավորման ընդհանուր նպատակներով միտված է նաև այդ խնդրի լուծմանը: Հետևաբար, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներով, սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ հանցագործությամբ անձանց պատճառված նյութական (գույքային) վնասի վերականգնման սահմանադրաիրավական սկզբունքների երաշխավորման, և հատկապես` իր նախորդ որոշումներով այդ հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության խնդրին:

6. Սույն գործով քննության առարկա հարցադրումների շրջանակներում դատավարական հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտերի համալիր ուսումնասիրությունը վկայում է, որ օրենքի կարգավորման մակարդակում բավարար չափով դեռևս առկա չեն իրավախախտմամբ անձին պատճառված նյութական վնասի հատուցման արդյունավետ ընթացակարգեր: Մասնավորապես, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական կարգավորման մակարդակում հայեցակարգային այնպիսի մոտեցման հետևողական կիրառման անհրաժեշտությունը, որի դեպքում կերաշխավորվի մեկ գործի շրջանակներում արդարադատական միասնական ընթացակարգով, հնարավորինս պարզեցված կարգով այդ վնասի արագ, լիարժեք ու արդյունավետ (արդարացի) վերականգնումը (հատուցումը): Այդպիսի իրավապայմանների` օրենքով երաշխավորման անհրաժեշտությունը սահմանադրաիրավական պահանջ է, բխում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 14-րդ, 14.1-րդ, 18-րդ, 19-րդ և բազմաթիվ այլ հոդվածներից: Այդ երաշխիքների ապահովմամբ արդարադատության իրականացման անհրաժեշտությունը կարևորվել է նաև սահմանադրական դատարանի որոշումներով (ՍԴՈ-929, ՍԴՈ-983):

Արձանագրելով դրանց առաջնահերթ կարևորությունը, նկատի ունենալով 2011 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-983 որոշմամբ սույն գործով վեճի առարկա խնդրի հետ կառուցակարգային առումով կապված իրավակարգավորման (ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի) սահմանադրականության հարցի քննության առանձնահատկությունները` սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում հատկապես այդ որոշմամբ արտահայտած իր հետևյալ իրավական դիրքորոշումների վրա.

- «... սեփականության անձեռնմխելիության սկզբունքը ոչ միայն նշանակում է, որ սեփականատերը` որպես սուբյեկտիվ իրավունքների կրող, իրավասու է պահանջելու, որպեսզի այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև ենթադրում է պետության պարտականությունը` անձի սեփականությունը պաշտպանելու անօրինական ոտնձգություններից: Պետության այս պարտականությունը խնդրո առարկա իրավիճակում պահանջում է ապահովել արդյունավետ կառուցակարգ հանցագործությունից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասի վերականգնման համար»,

- «... Եթե 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բռնագրավման` որպես լրացուցիչ պատժատեսակի դեպքում բռնագրավման օբյեկտը բացառապես դատապարտյալի օրինական գույքն է, ապա նույն հոդվածի վիճարկվող 4-րդ մասով նախատեսված բռնագրավման օբյեկտն այլ է, քան դատապարտյալի օրինական գույքը, այսինքն` այն գույքը, որը ձեռք է բերվել հանցագործությունը կատարելու արդյունքում և, որպես կանոն, հանդիսանում է տուժողի սեփականությունը»,

- «... հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման պարագայում բռնագրավման նպատակը հանցավոր ճանապարհով ստացված գույքը դատապարտյալից հետ վերցնելն է, ինչի դեպքում դատապարտյալի սեփականության իրավունքի սահմանափակում տեղի չի ունենում: Հետևաբար, հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքը, որպես կանոն, հանդիսանում է տուժողի սեփականությունը, այդ գույքի բռնագրավման պարագայում բռնագրավման հասկացության ընկալումը ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, այն է` որպես բռնագրավվող գույքի անհատույց անցում ի սեփականություն պետության` առանց տուժողի սեփականության իրավունքի վերականգնման, անթույլատրելի է, քանի որ նման ընկալման դեպքում բռնագրավման միջոցառումն անմիջականորեն ուղղվում է տուժողի սեփականության իրավունքի դեմ` ոչ իրավաչափորեն սահմանափակելով նրա սեփականության իրավունքը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ գույքն անհատույց պետության սեփականությանը հանձնելն արգելափակում է հանցավոր ճանապարհով ստացված գույքի հաշվին տուժողների գույքային շահերի բավարարման և խախտված սեփականության իրավունքի վերականգնման հնարավորությունը»,

- «... առանցքային նշանակություն ունի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման վերաբերյալ վիճարկվող նորմերի կիրառման գործընթացում տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման երաշխավորման խնդիրը, որպես նաև ՀՀ Սահմանադրության մասնավորապես` 3-րդ, 20-րդ (5-րդ մաս), 43-րդ (2-րդ մաս) հոդվածներում ամրագրված պետության սահմանադրաիրավական պարտականություն»,

- «... դրամը, այլ արժեթղթերը և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության հետևանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին ... հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեթղթերը և մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը, որպես եկամուտ` հանձնվում են պետությանը: Միաժամանակ, այս դրույթներին համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում և 61-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում ամրագրված են համապատասխանաբար` տուժողի և քաղաքացիական հայցվորի` քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց վերցված գույքը հետ ստանալու իրավունքը»,

- «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն` հանցավոր ճանապարհով ստացված գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից, որպես պայման չի նախատեսում տուժողի սեփականության իրավունքի անհրաժեշտ պաշտպանություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան: Նման իրավիճակում ոչ միայն առաջացել են ներհամակարգային հակասություններ, այլև նույնացվել են դատապարտյալի գույքի բռնագրավման` որպես պատժատեսակի, և հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման ինստիտուտները: Վիճարկվող իրավակարգավորումն իրավակիրառական պրակտիկայում ստացել է այնպիսի մեկնաբանություն, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման դեպքում այդ գույքն ամբողջությամբ անհատույց անցնում է ի սեփականություն պետության` առանց

տուժողի /օրինական տիրապետողի/ գույքային շահերի ու սեփականության իրավունքի պաշտպանության»:

Այսպիսով, սահմանադրական դատարանն իր վերոհիշյալ որոշմամբ կարևորելով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման ինստիտուտի իրավաչափ կիրառման երաշխավորումն իրավակիրառական պրակտիկայում` նախանշել էր վերջինիս օրենսդրական կարգավորումն ապահովելու սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք երաշխիք կհանդիսանան նաև սույն գործով վեճի առարկա խնդրի համալիր և արդյունավետ իրավակարգավորման, ինչպես նաև դատական հետագա միասնական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, նկատի ունենալով ձևավորված իրավակիրառական պրակտիկան, հաշվի պետք է առնվեն նաև ՀՀ դատախազության կողմից` իր իրավասության շրջանակներում տուժողների խախտված իրավունքների վերականգնումն երաշխավորելու առումով:

Միաժամանակ, ՀՀ Ազգային ժողովի խնդիրն ու սահմանադրական պարտականությունն է` ելնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներից, հաղթահարել իրավակարգավորման բացը, սահմանել հստակ դրույթներ քննության առարկա հիմնախնդրի շրջանակներում ապահովելու անձանց խախտված իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունը:

7. Միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ հանցագործությամբ անձանց պատճառված վնասի հատուցման օրենսդրական իրավակարգավորման տարբեր լուծումներ են առկա: Սակայն դրանց ընդհանրական վերլուծությունը վկայում է հետևյալ հիմնական մոտեցումների մասին.

- իրավախախտմամբ պատճառված վնասի հատուցման խնդիրը լուծվում է մեկ վարույթի շրջանակներում` որոշ դեպքերում շահագրգիռ անձանց հնարավորություն ընձեռելով կատարել դատավարական տեսակի (քաղաքացիական կամ քրեական) ընտրություն,

- իրավախախտմամբ ձեռք բերված որևէ գույքի` դրա օրինական տիրոջը վերադարձնելու պահանջի բավարարման հստակ ընթացակարգի նախատեսում,

- վնասի հատուցման հայց կարող է ներկայացվել գործը քննող միևնույն դատարանին, որի դեպքում անձը զրկվում է ընդհանուր իրավասության այլ դատարան միաժամանակ դիմելու հնարավորությունից,

- վնասի հատուցման ուղղությամբ քրեական գործով դատարանի գործողությունները, առանց վերապահումների, կարգավորվում են քաղաքացիադատավարական կարգով,

- քրեական գործից բխող քաղաքացիական հայցը քննության է առնվում քաղաքացիական դատավարության կանոններին համապատասխան,

- վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը դատարանում կարող է քննության առարկա լինել անկախ քրեական գործով քննության արդյունքներից,

- քաղաքացիական հայցով հիմնական վնասին զուգահեռ կարող է բարձրացվել նաև բարոյական վնասի հատուցման պահանջ,

- որոշ դեպքերում վնասի հատուցման պահանջը դատարանում կարող է ներկայացվել նույնիսկ բանավոր կարգով, որը կարող է քննության առնվել անհապաղ,

- եթե վարույթն իրականացվում է քրեական դատավարության շրջանակներում, ապա վնասի հատուցման պահանջը պարտադիր քննության առարկա է միայն տվյալ դատարանում,

- քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման հայցը կարող է քննության առարկա լինել, եթե քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստերը բավարար չեն,

- մինչև քրեական գործով դատաքննության ավարտը կարող են ձեռնարկվել անհապաղ միջոցներ վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցի ապահովման ուղղությամբ,

- վնասի հատուցման հայցը կարող է ներառել գույքը վերադարձնելու պահանջ,

- քրեական գործի շրջանակներում վնասի հատուցման վերաբերյալ դատարանի որոշումն այդ մասով կարող է բողոքարկվել քաղաքացիական դատավարության կանոններին համապատասխան:

8. Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ այդ դատարանը`- հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման ապահովման առումով բողոք բերելու միջոցների սահմանումը դիտարկում է պետության լայն հայեցողության շրջանակներում: Այնուամենայնիվ, նշել է, որ երկարաձգված հատուցումը, որով դիմողի վրա անհամաչափ պարտավորություն է դրվում, արդյունքում խախտում է այն հավասարակշռությունը, որը պետք է առկա լինի անձի սեփականության իրավունքի պաշտպանության և ընդհանուր շահի միջև (CASE OF KըROLY HEGED?S v. HUNGARY, (Application no. 11849/07), JUDGMENT, November 2011, FINAL, 03/02/2012),

- եկել է այն եզրահանգման, որ փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը սկզբունքորեն հանդիսանում է դատական պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս Lukenda v. Slovenia, no. 23032/02, «59, ECHR 2005-X; Jazbec v. Slovenia, no. 31489/02, «75, 14 December 2006; Varacha v. Slovenia, no. 9303/02, «32, 9 November 2006, and Lakota v. Slovenia, no. 33488/02, «35, 7 December 2006; a contrario, Ommer v. Germany (no. 1), no. 10597/03, «75, 13 November 2008),

- արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆն իրենից ներկայացնում է «դատարանի իրավունքը», որի հետ կապված դատարանի մատչելիությունը, այսինքն` քաղաքացիական հայցով դատարանի առջև վարույթ հարուցելու իրավունքը հանդիսանում է դրա մի տարրը (տե'ս The Holy Monasteries v. Greece judgment of 9 December 1994, Series A no. 301-A, pp. 36-37, para. 80): Այնուհետև հավելել է, որ, անկասկած, 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆը կիրառելի է պետական պաշտոնատար անձանց վատ վերաբերմունքի արդյունքում առաջացած վնասի հատուցման հայցերի նկատմամբ (տե'ս The Tomasi judgment cited at paragraph 61 above, p. 43, paras. 121-22), (CASE OF AKSOY v. TURKEY, (Application no. 21987/93), JUDGMENT, 18 December 1996):

Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման խնդրում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ներդրված իրավական սկզբունքները հանգում են հետևյալին, որ`

- տուժող կողմը պետք է տեղեկացվի քրեական դատավարության ընթացքում վնասի հատուցում, իրավաբանական օգնություն և խորհրդատվություն ստանալու իր հնարավորությունների մասին,

- քրեական գործերով դատարանը պետք է հնարավորություն ունենա որոշում կայացնել հանցանք կատարած անձի կողմից տուժողին փոխհատուցում տրամադրելու մասին: Այդ նպատակով գոյություն ունեցող սահմանափակումները,

սահմանները և տեխնիկական խոչընդոտները, որոնք կանխում են այդպիսի հնարավորության գործնական իրականացումը, պետք է վերացվեն,

- տուժողի կրած բոլոր վնասների և կորուստների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի դատարանին, որպեսզի այն կարողանա պատժի ձևի և չափի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել.

ա) տուժողի` վնասի հատուցում ստանալու անհրաժեշտությունը,

բ) հանցանք կատարած անձի կողմից կատարված վնասի հատուցումը կամ այդ նպատակով գործադրված ջանքերը.

- դատավճռի կատարման փուլում, եթե փոխհատուցումը քրեական սանկցիա է, ապա այն պետք է իրականացվի տուգանքների հավաքման համար սահմանված կարգով և առաջնահերթություն ունենա հանցանք կատարած անձի վրա դրված ցանկացած տեսակի այլ ֆինանսական սանկցիայի նկատմամբ: Բոլոր այլ դեպքերում տուժողին պետք է աջակցություն ցուցաբերվի գումարի հնարավորինս հավաքման հարցում (Հանձնարարական No. R (85) 11 on the position of the victim in the framework of criminal law and procedure (Adopted by the Committee of Ministers on 28 June 1985 at the 387th meeting of the MinisterԺs Deputies):

Միաժամանակ, կարևորվել է նաև, որպեսզի`

- փոխհատուցում ստանալու հարցում, ապահովագրական ընկերությունների կամ այլ կազմակերպությունների կողմից վճարվող գումարների և, հնարավորության դեպքում, պետության կողմից տրվող փոխհատուցում ստանալու հարցում աջակցություն տրամադրվի (Հանձնարարական Rec(2006)8 of the Committee of Ministers to member states on assistance to crime victims (Adopted by the Committee of Ministers on 14 June 2006 at the 967th meeting of the Ministers' Deputies),

- պետությունները ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար տուժողների քաղաքացիական պաշտպանության միջոցների մատչելիությունը և ապահովեն ողջամիտ ժամկետում իրավասու դատարանների մատչելիության իրավունքը և համապատասխան դեպքերում` իրավաբանական օգնությունը,

- պետությունները սահմանեն տուժողների համար քրեական դատավարության շրջանակներում հանցագործություն կատարած անձից վնասի փոխհատուցում հայցելու ընթացակարգեր: Տուժողներին նաև պետք է տրամադրվի խորհրդատվություն և աջակցություն այդ հայցերը կազմելու և սահմանված վճարները գանձելու ուղղությամբ,

- փոխհատուցումը հատկացվի ֆիզիկական և բարոյական վնասների վերականգնման և բուժման համար (Rec(2006)8 հանձնարարականի հավելված):

9. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկա խնդրի օրենսդրական կարգավորման մակարդակում պետք է հաշվի առնվեն նաև միջազգային պրակտիկայում հաստատագրված վերոհիշյալ հայեցակարգային մոտեցումները` որպես ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի դրույթներից անմիջականորեն բխող պահանջներ:

Այսուհանդերձ, մինչև օրենսդրական հստակեցումները, ինչի անհրաժեշտությունն ընդունում է նաև սույն գործով պատասխանող կողմը, պետք է երաշխավորվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` Հայաստանի Հանրապետության անունից 14.06.2012թ. ընդունած որոշման կատարումը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանելու և իրեղեն ապացույց ճանաչված 25.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարը և 4.040.000 ՀՀ դրամ գումարը համամասնորեն տուժողներին բաշխելու վերաբերյալ: Գործի նյութերից ակնհայտ է, որ առկա իրավիճակը վկայում է իրավունքի գերակայության սկզբունքի իրացմանը ձևական մոտեցում դրսևորելու մասին:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողների սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության տեսանկյունից, թերևս, գործուն պետք է լինի նաև ՀՀ դատախազության դերակատարությունը, քանի որ վերջինիս կողմից ներկայացված կատարողական թերթի հիման վրա են դատարանի կողմից դիմողներին հատկացված փոխհատուցման միջոցները նախապես փոխանցվել ՀՀ պետական բյուջե:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հունիսի 2013 թվականի

ՍԴՈ-1102

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.06.2013
N ՍԴՈ-1102
Որոշում