Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ԴՐԴՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՒԳՈՐԴՎԱԾ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ԴՐԴՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                      ՏԴ/0053/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՏԴ/0053/01/12

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Մ. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Ավագյանի

 

    մասնակցությամբ ամբաստանյալ                Ռ. Պապյանի

 

    պաշտպան                                   Ս. Միրզոյանի

 

    2013 թվականի ապրիլի 18-ին                        ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Ռադիկ Լիպարիտի Պապյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հունիսի 6-ին նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19111411 քրեական գործը:

2011 թվականի օգոստոսի 4-ին Ռադիկ Լիպարիտի Պապյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը Ռ.Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2012 թվականի մայիսի 13-ին Ռ.Պապյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի մայիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճռով Ռ.Պապյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ռ.Պապյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք` 500.000-ական (հինգ հարյուր հազարական) ՀՀ դրամի չափով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ռ.Պապյանն ազատվել է նշանակված պատիժները կրելուց:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ռ.Պապյանը դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով` հաշվարկը թողնելով ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին:

3. Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է բողոքը` բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճիռը: Ռ.Պապյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նշված հոդվածներով նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք` 500.000-ական (հինգ հարյուր հազարական) ՀՀ դրամի չափով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ռ.Պապայանն ազատվել է նշանակված պատիժները կրելուց:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Պողոսյանը:

2013 թվականի հունվարի 10-ին ամբաստանյալ Ռ.Պապյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Ռ.Պապյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել, և Առաջին ատյանի դատարանի կողմից նշված հոդվածներով նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել հետևյալ արարքների համար.

Ռ.Պապյանը, հանդիսանալով ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քննվող թիվ 56103410 քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով, գիտակցելով իր ծառայողական լիազորությունների շրջանակում հիշյալ խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Էդ. Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց, ապա ստանալով վերջինիս համաձայնությունը` 2010 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Քոսակյանից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 1.087.775 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար, որի պատճառով Ս.Քոսակյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Բացի այդ, Ռ.Պապյանը խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու նպատակով 2011 թվականի փետրվարին, չարաշահելով Ս.Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու և Էդ.Քոսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով Ս.Քոսակյանից պահանջել է խոշոր չափի` 1.807.000 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար գումար, ապա վստահությունն ամրապնդելու նպատակով 2011 թվականի փետրվարի 28-ին Էդ. Քոսակյանին է վերադարձրել վերջինիս անձնագիրը` հավաստիացնելով, որ քրեական գործը կարճվել է: Ստանալով իր անձնագիրը` Էդ. Քոսակյանը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը, որի համար վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Տեղեկանալով այդ մասին և գիտակցելով, որ Ռ.Պապյանը նպատակ է հետապնդում խարդախությամբ հափշտակել իր 5.000 ԱՄՆ դոլար գումարը` Ս.Քոսակյանը հրաժարվել է վերջինիս գումար տալ, որի պատճառով Ռ.Պապյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 202-203, 205-207, հատոր 2, թերթ 161):

6. Տուժող Ս.Քոսակյանը 2011 թվականի մայիսի 10-ին հաղորդում է տվել այն մասին, որ իր որդու վերաբերյալ քրեական գործը կարճելու համար պաշտպան Ռ.Պապյանը պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար, բացի այդ, պահանջել է ևս 5.000 ԱՄՆ դոլար և խնդրել է նրան ենթարկել պատասխանատվության (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 47):

Նախաքննության մարմինը 2012 թվականի մայիսի 18-ին Ս.Քոսակյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 236-237):

7. Գործի քննության ընթացքում Ս.Քոսակյանի տված ցուցմունքների համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 20-ին նա տեղեկացել է, որ որդին` Էդ. Քոսակյանը, ձերբակալվել է և պահվում է ոստիկանության Իջևանի բաժնում: 2010 թվականի սեպտեմբերի 23-ին տեղեկանալով, որ նույն օրը պետք է քննարկվի որդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցը` ցանկացել է վերջինիս շահերի պաշտպանության համար փաստաբան վարձել և այդ նպատակով ծանոթանալով փաստաբան Ռ.Պապյանի հետ` խնդրել է նրան ստանձնել որդու շահերի պաշտպանությունը, որից հետո վերջինս 150.000 ՀՀ դրամ գումարի դիմաց համաձայնել է հանդես գալ որպես Էդ. Քոսակյանի պաշտպան: Հաջորդ օրը` 2010 թվականի սեպտեմբերի 24-ին, ըստ պայմանավորվածության, Ս.Քոսակյանը Ռ.Պապյանին վճարել է 150.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ.Պապյանն առաջարկել է Էդ.Քոսակյանին նախնական կալանքից ազատելու համար իրեն տալ 3.000 ԱՄՆ դոլար` նշելով, որ 1.000-ական ԱՄՆ դոլար կաշառք պետք է տա երեք պաշտոնատար անձի` չնշելով նրանց անունները: 2010 թվականի սեպտեմբերի 27-ին տեղեկանալով, որ որդուն արդեն ազատել են նախնական կալանքից` Ս.Քոսակյանը գնացել է Իջևան քաղաք, գրասենյակում հանդիպել Ռ.Պապյանին և այլ անձանց բացակայության պայմաններում նրան փոխանցել 2.500 ԱՄՆ դոլար գումար` միաժամանակ խոստանալով մնացած 500 ԱՄՆ դոլարը տալ սեղմ ժամկետում: 2010 թվականի նոյեմբերին Ռ.Պապյանին է փոխանցել նաև 500 ԱՄՆ դոլարը: Որդուն կալանքից ազատելուց հետո Ռ.Պապյանը Ս.Քոսակյանին հայտնել է, որ տրված 3.000 ԱՄՆ դոլարը որպես կաշառք տվել է դատավորին, դատախազին և պետին, սակայն իրեն չի ասել, թե ովքեր էին այդ անձինք, չի նշել վերջիններիս ազգանունները: Ինքը գիտակցել և հասկացել է, որ կաշառք է տալիս և կարող է դրա համար պատասխանատվության ենթարկվել, սակայն եթե Ռ.Պապյանը նշված գումարն իրենից չպահանջեր, ինքը չէր տա: Նշված գումարը ստանալուց հետո Ռ.Պապյանը պահանջել է 5.000 ԱՄՆ դոլար գումար` պաշտոնատար անձանց կաշառք տալու համար, որպեսզի կարճվի քրեական գործի վարույթը: Նշված գումարը տալու համար ցանկացել է վաճառել բնակարանը, սակայն կինը թույլ չի տվել: 2011 թվականի փետրվարի 28-ին որդուն կանչել են հարցաքննության, որի համար վերջինս Ռ.Պապյանի հետ ուղևորվել է Վանաձոր քաղաք, սակայն այլևս տուն չի վերադարձել: Հետագայում իմացել է, որ որդին պաշտպան Ռ.Պապյանի միջոցով վերցրել է անձնագիրը և լքել է ՀՀ տարածքը, որպեսզի երկու ամիս աշխատի և 5.000 ԱՄՆ դոլարով վերադառնա Հայաստան: Իմանալով այդ` հասկացել է, որ Ռ.Պապյանը չարաշահել է իր վստահությունը և պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով իրենից հափշտակել է 3.000 ԱՄՆ դոլար, որի մասին հետագայում հայտնել է իրավապահ մարմիններին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 20-24, 45-51, 54, 98-102, 122-123, 146-147, 176-177):

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Ռադիկ Լիպարիտի Պապյանին մեղսագրված արարքները հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով համապատասխանաբար ճիշտ են որակված, որոնց համար նա ենթակա է պատժի:(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 163):

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-186-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Վաղարշակ Ռազմիկի Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2001 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ հանգել է այն հետևության, որ «եթե անձը որևէ մեկից գումար է ստանում պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար, նպատակ չունենալով այդ անել և յուրացնում է գումարը, ապա արարքը պետք է որակվի որպես խարդախություն: Ընդ որում, նշանակություն չունի` նշվել է կոնկրետ պաշտոնատար անձ, որին ենթադրվում է հանձնել կաշառքը, թե ոչ: Պաշտոնատար անձին իբրև կաշառք տալու համար տուժողից գումար ստանալը, որպես խաբեության տարր, իրենից ներկայացնում է խարդախության կառուցվածքային հատկանիշ և ՀՀ քրեական օրենսգրքի 17-186-րդ հոդվածով լրացուցիչ որակում չի պահանջում»:

Նույնանման փաստական հանգամանքներով Հովհաննես Պերճի Տեր-Հարությունյանի վերաբերյալ ԵՔՐԴ/0044/01/08 գործով ՀՀ վերաքննիչ դատարանն իր 2008 թվականի մայիսի 17-ի դատավճռով բավարարել է ամբաստանյալի վերաքննիչ բողոքը և Հովհաննես Պերճի Տեր-Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի փետրվարի 12-ի դատավճիռը բեկանել է:

Հովհաննես Պերճի Տեր-Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ ճանաչել է անմեղ և արդարացրել (...):

Պաշտպանության կողմից որպես իրավական փաստարկ մատնանշված` փաստաբաններ Արթուր Աթարբեկյանի, Կարեն Մարգարյանի, Արտակ Բաբախանյանի, Արտավազդ Փարսադանյանի վերաբերյալ (...) գործերով օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ են կայացվել այնպիսի փաստական հանգամանքներով, որոնք նույնանման են սույն գործի փաստական հանգամանքներին:

(...)

Քննության առնելով ամբաստանյալ Ռ.Պապյանի արարքը նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որակելու անթույլատրելիության վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմնավորումները, նկատի ունենալով, որ Վաղարշակ Ռազմիկի Խաչատրյանի վերաբերյալ և սույն քրեական գործի փաստական հանգամանքները նույնանման են, և Վ. Խաչատրյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2001 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, պարտադիր են սույն գործի քննության ժամանակ` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Ռ.Պապյանի կատարած մեկ արարքին տրվել են քրեաիրավական երկու որակումներ, խոշոր չափերով խարդախությունը, ինչպես նաև դրա հանցափորձը որակվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դրդչություն, մինչդեռ տվյալ դեպքում պաշտոնատար անձին իբրև կաշառք տալու համար տուժողից գումար ստանալը, որպես խաբեության տարր, իրենից ներկայացնում է խարդախության կառուցվածքային հատկանիշ և ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով լրացուցիչ որակում չի պահանջում:

Այսպիսով, ամբաստանյալ Ռ.Պապյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ դատական ակտը պետք է բեկանել և փոփոխել ամբաստանյալի կատարած արարքների իրավաբանական որակման մասով` նկատի ունենալով, որ դրանք պետք է որակվեին միայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով լրացուցիչ որակման (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 264-266):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, կիրառել է քրեական օրենքի այն նորմը, որը ենթակա չէ կիրառման, և արդյունքում սխալ հետևության է հանգել ամբաստանյալ Ռ.Պապյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ:

11. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը, եզրահանգում է արել այն մասին, որ կաշառք տալու դրդիչն այն անձն է, ով մեկ ուրիշի դրդում է կաշառք տալուն: Նման անձի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով` որպես կաշառք տալու դրդչություն` հղում կատարելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համապատասխան մասի վրա:

Բողոքաբերի կարծիքով` այն դեպքում, երբ կաշառք տալու նախաձեռնությունը բխում է կարծեցյալ միջնորդից, որն ի սկզբանե նպատակ չունի կաշառքի առարկան փոխանցել պաշտոնատար անձին, այլ ցանկանում է հափշտակել այն, ապա վերջինիս արարքը պետք է որակվի հանցագործությունների համակցությամբ` որպես խարդախություն և կաշառք տալու դրդչություն: Քանի որ այս դեպքում կաշառք տալու հանցագործությունն ավարտին չի հասցվում անձի կամքից անկախ պատճառներով, ապա կաշառք տվող անձի արարքը պետք է որակվի որպես կաշառք տալու փորձ, իսկ կարծեցյալ միջնորդի արարքը` որպես կաշառք տալու փորձի դրդչություն:

Վերոշարադրյալ վերլուծության լույսի ներքո վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները` բողոք բերած անձը նշել է, որ նկատի ունենալով, որ Ս.Քոսակյանն իր կողմից կաշառք տալու փորձի մասին հայտնել է իրավապահ մարմիններին, նախաքննության մարմինը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն հաշվի առնելով, որ Ռ.Պապյանն ինքն է դրդել կաշառք տալու, և նկատի ունենալով, որ կաշառք տալու ավարտված հանցակազմն այս դեպքում բացակայում է, նախաքննության մարմինը Ռ.Պապյանի արարքը որակել է որպես խարդախություն և առանձնապես խոշոր չափի կաշառք տալու դրդչության փորձ:

12. Առաջին ատյանի դատարանը, համաձայնելով նախաքննության մարմնի կողմից Ռ.Պապյանի արարքներին տրված քրեաիրավական որակումներին, վերջինիս նկատմամբ այդ հոդվածներով կայացրել է մեղադրական դատավճիռ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չհետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները և դրանց նվազ նշանակություն տալով, խնդրո առարկայի վերաբերյալ չարտահայտելով իր սեփական դիրքորոշումը, վկայակոչել է հիմնականում ոչ նույնանման փաստական հանգամանքներով դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնք միևնույն ժամանակ օրենքի միատեսակ կիրառության առումով դատարանների համար որևէ նշանակություն ունենալ չեն կարող, և արդյունքում կայացրել է անհիմն և չպատճառաբանված որոշում Ռ.Պապյանի մեղադրանքի ծավալից ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը հանելու վերաբերյալ:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կաշառք տալու դրդչությամբ զուգորդված խարդախության դեպքում հանցավորի արարքներին քրեաիրավական ճիշտ որակում տալու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ռ.Պապյանի արարքում առկա են միայն ծանրացնող հանգամանքներում կատարված խարդախության և դրա փորձի հատկանիշները և բացակայում են կաշառք տալու փորձի դրդչության հատկանիշները:

i

16. Խարդախության հանցակազմի քրեաիրավական բնութագիրը Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության է ենթարկվել Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ: Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Խարդախությունը դասվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես` հափշտակությունների շարքին: Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի բովանդակությունից, խարդախությունը «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերել[ն]» է:

Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է: Այս կապակցությամբ էական նշանակություն կարող է ունենալ թե գույքն ուրիշին հանձնելու գործում ով է նախաձեռնություն դրսևորել: Արդյոք գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնելու տուժողի մտադրությունն առաջացել է հանցավորի կողմից նրան համոզելու և հորդորելու արդյունքում:

(...) օբյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:

Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:

Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:

Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:

Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:

Խարդախության միջոցով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության և գույքը հափշտակելու շահադիտական նպատակի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն գործով ձեռք բերված ապացույցների համակցության վրա:

Նշված ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, և եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է:

Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ապա նման դեպքերում խարդախության հանցակազմ առկա չէ» (տե՛ս Լիա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-26-րդ կետերը):

17. Վերահաստատելով և զարգացնելով Լ.Ավետիսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես հափշտակությունների համար ընդհանուր հատկանիշ է հանդիսանում ուրիշի գույքին տիրանալը, որը կատարվում է տարբեր եղանակներով: Խարդախության դեպքում, ինչպես արդեն նշվեց, գույքը հանցավորին է անցնում սեփականատիրոջ կամքով, սակայն խաբեության կամ վստահությունը չարաշահելու հետևանքով: Ընդ որում, գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու նպատակով սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցավորը կարող է ազդել (ներգործել) տարբեր եղանակներով:

Մասնավորապես, իր հանցավոր նպատակն իրագործելու, գույքն իր տիրապետության տակ վերցնելու և այն հափշտակելու նպատակով խարդախություն կատարող անձը կարող է գույքի սեփականատիրոջը համոզել, հորդորել կատարելու այս կամ այն հանցագործությունը: Սեփականատերը, համաձայնելով կատարել նշված հանցագործությունը և խարդախություն կատարող անձին դիտարկելով որպես իրեն հանցակից, ընկնում է մոլորության մեջ և սխալ պատկերացնելով հանցագործության դեպքի զարգացումը, արարքի և հետևանքի միջև պատճառական կապը կամ հանցագործության մյուս հանգամանքները` կամավոր կերպով գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները հանձնում է խարդախին կամ այլ անձի կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:

18. Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Ռ.Պապյանը իր հանցավոր մտադրությունն իրագործելու և Ս.Քոսակյանի գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով վերջինիս դրդել է իր միջոցով կաշառք տալ պաշտոնատար անձանց, որից հետո Ս.Քոսակյանից ստանալով կաշառքի առարկան` հափշտակել է այն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Պապյանի արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է համադրված վերլուծության ենթարկել հանցակցությունը և հանցափորձը սահմանող, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավանորմերը:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը»:

Հանցակցության հատկանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման`

«(...) հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ.

1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից

2. գործողությունների համատեղությունը

3. հանցակցության դիտավորյալ բնույթը:

Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը` հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ: Հանցակիցներ կարող են լինել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք: Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը:

Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը` հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը: Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում:

Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է: ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը: Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում» (տե՛ս Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-րդ կետը):

Մեջբերված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը զարգացրել է Ա.Միքայելյանի և Ա.Վաղարշակյանի գործով կայացված որոշման մեջ` արձանագրելով, որ «(...) հանցակցի քրեական պատասխանատվության հիմքում ընկած է ոչ միայն նրա և կատարողի արարքի միջև պատճառական կապի առկայությունը, այլ նաև նրա կողմից կատարողի արարքի և դրա հետևանքների նկատմամբ որոշակի գիտակցական-կամային վերաբերմունք դրսևորելը:

Այսպես` հանցակցության սուբյեկտիվ կողմը նախատեսում է մեղքի բացառապես դիտավորյալ ձև, ընդ որում, որոշակի հանցանքի կատարմանն այլ անձանց հետ համատեղ մասնակցելու դիտավորությունն արտահայտվում է միայն ուղղակի ձևով, իսկ հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորվող դիտավորյալ մեղքի տեսակը կարող է լինել և՛ ուղղակի, և՛ անուղղակի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցության սուբյեկտիվ կողմին բնորոշ է այն, որ յուրաքանչյուր հանցակից պետք է`

1) գիտակցի, որ համատեղ գործում է կատարողի կամ այլ հանցակցի հետ.

2) գիտակցի, որ իր արարքն անհրաժեշտ պայման է մյուս հանցակցի կողմից արարք կատարելու համար և ցանկանա համատեղ մասնակցել հանցագործությանը.

3) նյութական հանցակազմի դեպքում նախատեսի հանրորեն վտանգավոր հետևանքը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրա առաջացումը» (տե՛ս Արամ Արշավիրի Միքայելյանի և Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0174/01/11 որոշման 17-րդ կետը):

20. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով»:

Սույն որոշման նախորդ կետում մեջբերված դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրդիչը, ազդելով կատարողի գիտակցության և կամքի վրա, տարբեր եղանակներով (համոզելով, նյութապես շահագրգռելով, սպառնալով և այլն) վերջինիս մոտ առաջացնում է հանցանք կատարելու դիտավորություն և վճռականություն: Դրդչության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, հանցավորը գիտակցում է, որ իր գործողություններով մեկ ուրիշին դրդում է հանցանքի կատարմանը, նախատեսում և ցանկանում է այդ հանցանքի կատարումը:

21. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Բաղդասարյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Օբյեկտիվ կողմից հանցափորձը բնութագրվում է`

1. գործողությամբ (անգործությամբ), որն անմիջականորեն ուղղված է հանցանքի կատարմանը,

2. հանցագործությունն անձի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով:

Հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում, այլ կերպ` հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումն սկսվում է, սակայն չի ավարտվում: Նյութական հանցագործության դեպքում չի առաջանում օրենքով նախատեսված հետևանքը կամ հետևանքն առաջանում է, սակայն ոչ հանցավորի դիտավորությամբ նախատեսվածը (...):

Հանցափորձը բնութագրող (...) հատկանիշն այն է, որ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում: Սուբյեկտիվ կողմից հանցափորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ» (տե՛ս Արարատ Վազգենի Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 16-րդ կետը):

22. Ամփոփելով սույն որոշման 19-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

ա) դրդչի արարքը ենթակա է որակման կատարողի արարքի համար պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով` հղում կատարելով նույն օրենսգրքի 38-րդ հոդվածին: Այն դեպքում, երբ հանցագործությունն ավարտին չի հասցվում կատարողի կամքից անկախ պատճառներով, դրդչի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով` հղում կատարելով նույն օրենսգրքի 38-րդ և 34-րդ հոդվածներին,

բ) այն դեպքում, երբ դրդչությունը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված է որպես հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշ (օրինակ` անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը (ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մաս), որը կատարվում է խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով, ինքնասպանության հակելը (ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդված)), արարքը որակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի վրա հղում չի կատարվում,

գ) դրդչությունը կարող է առանձին հանցագործությունների կատարման միջոց հանդիսանալ (օրինակ` խարդախությունը, որը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):

i

23. ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձին կաշառք տալու, այն է` պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալու կամ առաջարկելու կամ տրամադրելու համար` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված է խրախուսական նորմ, որի համաձայն` «Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում կաշառքի միջնորդության, այն է` կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելու համար:

Մեջբերված քրեաիրավական դրույթների համադրված վերլուծությունից երևում է, որ կաշառք տալը կարող է կատարվել ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով: Այլ խոսքով` կաշառքի միջնորդությունը կաշառք տալուն աջակցելու ձևերից մեկն է, որը տարբերվում է կաշառք տալու հանցակցության ձևերից` կազմակերպումից, դրդչությունից և օժանդակությունից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կաշառքի միջնորդության հանցակազմն իր մեջ չի ներառում այսպես կոչված «կարծեցյալ միջնորդության» դեպքերը: «Կարծեցյալ միջնորդությունն» այն իրադրությունն է, երբ անձը կաշառք տվողից վերցնում է կաշառքի առարկան` իբրև թե պաշտոնատար անձին հանձնելու համար, սակայն մտադրություն չունի փոխանցել այն:

Ընդ որում, հնարավոր են «կարծեցյալ միջնորդության» մի քանի իրավիճակներ, այն է`

1) կաշառք տալու նախաձեռնություն ցուցաբերում է «կարծեցյալ միջնորդը», ով համոզում է կաշառք տվողին, որ ինքն անհրաժեշտ կապեր ունի համապատասխան պաշտոնատար անձի հետ և դրդում է իրեն տալ կաշառքի առարկան` համապատասխան պաշտոնատար անձին փոխանցելու համար, սակայն չի կատարում իր խոստումը և չի փոխանցում կաշառքի առարկան,

2) կաշառք տալու նախաձեռնություն ցուցաբերում է կաշառք տվողը, ով «կարծեցյալ միջնորդին» համոզում է կաշառքը տալ պաշտոնատար անձին, իսկ «կարծեցյալ միջնորդը» համաձայնվում է` նպատակ չունենալով կաշառքի առարկան փոխանցել պաշտոնատար անձին:

Ինչ վերաբերում է «կարծեցյալ միջնորդի» արարքի որակմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում արարքը ճիշտ որակելու համար նախ և առաջ անհրաժեշտ է պարզել և գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորել, թե ով է նախաձեռնել կաշառք տալը` «կարծեցյալ միջնորդը», թե կաշառք տվողը: ՈՒստի, այն դեպքում, երբ «կարծեցյալ միջնորդը» որևէ անձի օգտին գործողություններ (անգործություն) կատարելու նպատակով դրդում է անձին իրեն փոխանցել կաշառքի առարկան, որպեսզի ինքը փոխանցի պաշտոնատար անձին, սակայն ի սկզբանե նման մտադրություն չի ունենում, այլ ցանկանում է հափշտակել այն, ապա արարքը պետք է որակվի համակցության կանոններով` որպես խարդախություն և կաշառք տալու փորձի դրդչություն: Ընդ որում, որևէ իրավական նշանակություն չունի` դրդիչը կոնկրետ նշել է, թե որ պաշտոնատար անձին է ենթադրվում փոխանցել կաշառքի առարկան, թե ոչ:

Հետևաբար «կարծեցյալ միջնորդի» արարքը հանցագործությունների համակցության կանոններով որակելու համար անհրաժեշտ է պարզել, թե գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվե՞լ է արդյոք, որ կաշառք տալը նախաձեռնել է «կարծեցյալ միջնորդը» և անձի մեղադրանքի ծավալում ընդգրկվե՞լ է արդյոք, որ դրդիչը համոզելու, հորդորելու կամ այլ եղանակով ազդել է կաշառք տվողի գիտակցության և կամքի վրա:

24. Սույն որոշման 16-22-րդ կետերում շարադրված վերլուծության հետ համադրելով սույն որոշման 23-րդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «կարծեցյալ միջնորդի» արարքը որպես կաշառք տալու դրդչություն և խարդախություն որակվում է այն դեպքում, երբ ինչպես «կարծեցյալ միջնորդը», այնպես էլ կաշառք տվողը գիտակցում են, որ հանցանք են կատարում և ցանկանում են դա: Բացի այդ, ինչպես «կարծեցյալ միջնորդը», այնպես էլ կաշառք տվողը գիտակցում են, որ գործում են համատեղ, թեև նրանց նպատակներն ու շարժառիթները տարբեր են:

«Կարծեցյալ միջնորդի» արարքը որպես կաշառք տալու դրդչություն և խարդախություն որակելը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կաշառք տալու դրդչությունն ինքնուրույն հանցագործություն է և թեև պարունակում է խարդախության հատկանիշներ, այնուամենայնիվ չի հանդիսանում խարդախության միջոց: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «կարծեցյալ միջնորդի» արարքը խարդախությունից բացի, կարող է պարունակել նաև այլ հանցագործության հատկանիշներ (օրինակ` անձի գույքին խարդախությամբ տիրանալու նպատակով հանցավորը դրդում է փաստաթղթեր կեղծել: Նման դեպքերում արարքը պետք է որակվի հանցագործությունների համակցությամբ որպես խարդախություն և կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելու դրդչություն):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ, անկախ այն հանգամանքից, թե ով է նախաձեռնել կաշառք տալը, կաշառք տվողի արարքը պետք է որակվի որպես կաշառք տալու փորձ, քանի որ վերջինս որոշ գործողություններ է կատարում, որոնք անմիջականորեն ուղղված են հանցանք կատարելուն (օրինակ` միջնորդին փոխանցում է կաշառքի առարկան), սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվում նրա կամքից անկախ հանգամանքներով:

25. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Պապյանը խաբեության և Ս.Քոսակյանի վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինիս որդուն նախնական կալանքից ազատելու պատրվակով համոզել, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց, սակայն ստանալով պահանջված գումարը` հափշտակել է այն: Բացի այդ, Ռ.Պապյանն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով, նույն եղանակով Ս.Քոսակյանից պահանջել է խոշոր չափ հանդիսացող գումար` 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար: Սկզբում համաձայնելով` Ս.Քոսակյանը հետագայում հասկացել է, որ Ռ.Պապյանը խաբում է իրեն, հրաժարվել է նրան գումար տալ, որի պատճառով իր կամքից անկախ հանգամանքներում Ռ.Պապյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել (տե՛ս սույն որոշման 5-րդ և 7-րդ կետերը):

Նախաքննության մարմինը Ռ.Պապյանի արարքը որակել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` որպես երկու դրվագ խարդախություն և կաշառք տալու փորձի դրդչություն (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Ս.Քոսակյանի նկատմամբ որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նկատի ունենալով, որ վերջինս կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ռ.Պապյանին մեղսագրված արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ճիշտ են որակված և նրա նկատմամբ այդ հոդվածներով կայացրել է մեղադրական դատավճիռ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, ընդհակառակը, գտել է, որ Ռ.Պապյանի կատարած արարքների իրավաբանական որակման առումով սխալ է թույլ տրվել: Նրա արարքները պետք է որակվեին միայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով լրացուցիչ որակման (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

26. Սույն որոշման 16-24-րդ կետերում շարադրված վերլուծության համատեքստում գնահատելով սույն որոշման 25-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ռ.Պապյանի արարքում առկա են միայն ծանրացնող հանգամանքներում կատարված խարդախության և դրա փորձի հատկանիշները, և բացակայում են կաշառք տալու փորձի դրդչության հատկանիշները:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, որոնցով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է իր որոշումը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ գործերի և սույն գործի փաստական հանգամանքների միջև առկա են էական տարբերություններ, դրանցով «կարծեցյալ միջնորդ» հանդիսացող անձինք կաշառք տալու դրդչություն չեն կատարել: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դատական ակտերը, այդ թվում` Վաղարշակ Ռազմիկի Խաչատրյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2001 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը օրենքի միատեսակ կիրառության առումով դատարանների համար պարտադիր չեն:

Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում նաև Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշման հետ, որ Առաջին ատյանի կողմից Ռ.Պապյանի կատարած մեկ արարքին տրվել է քրեաիրավական երկու որակում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ռ.Պապյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված երկու տարբեր հանցագործություններ, որոնցից մեկն ուղղված է սեփականության դեմ, իսկ մյուսը` պետական ծառայության դեմ: Հետևաբար, Ռ.Պապյանի արարքներին Առաջին ատյանի դատարանի կողմից տրված քրեաիրավական որակման պայմաններում կրկնակի դատապարտումը բացակայում է:

27. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Պապյանին առաջադրված մեղադրանքի ծավալից ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը հանելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել քրեական օրենքը և դրա արդյունքում չի կիրառել քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման` թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

Վերոնշյալ սխալն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի դատավճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ռադիկ Լիպարիտի Պապյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.04.2013
N ՏԴ/0053/01/12
Որոշում