Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2857/02/11

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2857/02/11

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտյոմ Նազարեթյանի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ Աննա Ֆիլջյանի հայցի ընդդեմ Արտյոմ Նազարեթյանի` ալիմենտի չափն ավելացնելու և լրացուցիչ ծախսերը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Ֆիլջյանը պահանջել է իր խնամքին գտնվող 20.06.2000 թվականին ծնված դստեր` Նատալի Նազարեթյանի համար որպես ապրուստի միջոց գանձվող ալիմենտի չափն ավելացնել և յուրաքանչյուր ամիս գանձվող ալիմենտի չափը սահմանել 35.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պարտավորեցնել Արտյոմ Նազարեթյանին մասնակցելու երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին` յուրաքանչյուր տարի բռնագանձելով 200.000 ՀՀ դրամ` որպես Ասյա Նազարեթյանի ուսման վճարի կեսը` մինչև նրա ուսման ավարտը, 20.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս գլխի տոմոգրաֆիայի համար վճարված գումար, և յուրաքանչյուր ամիս բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես Նատալի Նազարեթյանի ուսման համար կատարվող ծախսերի գումարի կեսը, 160.000 ՀՀ դրամ` որպես Նատալի Նազարեթյանի ատամների բուժման ծախսի կեսը` ալիմենտի բռնագանձման սկիզբ համարելով հայցադիմումը վարույթ ընդունելու օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 11.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.05.2013 թվականի որոշմամբ Արտյոմ Նազարեթյանի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտյոմ Նազարեթյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն Արտյոմ Նազարեթյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ` վերջինիս զրկելով իր շահերը պաշտպանելու իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արտյոմ Նազարեթյանին Երևանի Մաշտոցի 50ա շենքի թիվ 11 բնակարանի հասցեով առաքված Դատարանի 28.11.2011 թվականի որոշումը` հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստը 26.12.2011 թվականի ժամը 12:00-ին նշանակելու մասին, ստացել է վերջինիս հայրը` Ռոբերտ Նազարեթյանը (հատոր 1-ին, գ.թ. 28, 30, 32):

2) Ռոբերտ Նազարեթյանը Դատարանին հասցեագրված 19.12.2011 թվականի գրությամբ հայտնել է, որ որդին` Արտյոմ Նազարեթյանը, շուրջ 10 տարի Հայաստանում չի բնակվում, որպիսի փաստը հայտնի է Աննա Ֆիլջյանին (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

3) Մաշտոցի 50/50ա շենքերի լիազոր կառավարչի կնիքով դրոշմված և ստորագրությամբ հաստատված 21.03.2012 թվականի տեղեկանքի համաձայն` Արտյոմ Նազարեթյանը 1993 թվականից չի բնակվում Երևանի Մաշտոցի 50ա շենքի թիվ 11 բնակարանում և 2001 թվականից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (հատոր 1-ին, գ.թ.57):

4) Դատարանին հասցեագրված Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 23.03.2012 թվականի թիվ 23/35-122/599 գրությամբ հայտնվել է, որ Արտյոմ Նազարեթյանը 1993 թվականից չի բնակվում Երևանի Մաշտոցի 50ա շենքի թիվ 11 բնակարանում, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, հետևաբար 26.04.2012 թվականին նշանակված դատական նիստին վերջինիս հնարավոր չէ ծանուցել (հատոր 1-ին, գ.թ.56):

5) Աննա Ֆիլջյանը Դատարանին հասցեագրված 20.03.2012 թվականի միջնորդությամբ հայտնել է Արտյոմ Նազարեթյանի բնակության հասցեն և միջնորդել վերջինիս դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցել «ՌԴ Կալուգայի մարզ, քաղաք Օբնինսկ, Կորոլյովի 29 շենք բնակարան 42» հասցեով (հատոր 1-ին, գ.թ.66):

6) 26.12.2011 թվականի ժամը 12:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է մինչև 17.02.2012 թվականի ժամը 15:00-ը (հատոր 1-ին, գ.թ.45-46), 17.02.2012 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է մինչև 05.03.2012 թվականի ժամը 12:00-ը (հատոր 1-ին, գ.թ.49), 05.03.2012 թվականի նշանակված դատական նիստը հետաձգվել է մինչև 26.04.2012 թվականի ժամը 11:00-ն (հատոր 1-ին, գ.թ.59-60), իսկ 26.04.2012 թվականին նշանակված դատական նիստով գործի քննությունն ավարտվել է, և 11.05.2012 թվականի ժամը 15:30-ին նշանակվել է վճռի հրապարակում (հատոր 1-ին, գ.թ.68-69):

7) 26.12.2011 թվականի ժամը 12:00-ին, 17.02.2012 թվականի ժամը 15:00-ին, 05.03.2012 թվականի ժամը 12:00-ին, 26.04.2012 թվականի ժամը 11:00-ին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, 11.05.2012 թվականի ժամը 15:30-ին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Արտյոմ Նազարեթյանի պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքը վարույթ ընդունելով` Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստորադաս դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով` նույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

i

Նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:

Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես` Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը): Վկայակոչելով վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի հետ բովանդակային առումով փոխկապված է նաև նույն օրենսգրքի 117-րդ հոդվածը: Եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը նախատեսում է դատարանի պոզիտիվ պարտականությունը պատշաճ ծանուցման հարցում, ապա նույն օրենսգրքի 117-րդ հոդվածը նախատեսում է այն դատավարական ձևը, որով դատարանը վերջնականապես համոզվում է անձի` պատշաճ ծանուցված լինելու մասին: Այլ կերպ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտումը տեղի է ունենում նույն օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հետ զուգորդված, երբ դատարանը պատշաճ չի ծանուցում գործին մասնակցող անձին և չունենալով հավաստի ապացույց` շարունակում է գործի քննությունը` այդ անձանց բացակայությունը գործի քննության համար արգելք չհամարելով:

Սույն գործի փաստերի համաձայն` 26.12.2011 թվականի ժամը 12:00-ին, 17.02.2012 թվականի ժամը 15:00-ին, 05.03.2012 թվականի ժամը 12:00-ին, 26.04.2012 թվականի ժամը 11:00-ին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, 11.05.2012 թվականի ժամը 15:30-ին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Արտյոմ Նազարեթյանի պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Արտյոմ Նազարեթյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր Դատարանի կողմից ակտիվ գործողություններ ձեռնարկելու և բողոք բերած անձին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցելու փաստերը:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ և 94-րդ հոդվածները, վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Դատարանը, հիմք ընդունելով հայցվոր կողմի միջնորդությունը և պատասխանող կողմի հոր հայտարարությունը, պատասխանող կողմին դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցման ապահովման նպատակով կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի դրույթներով իր վրա դրված պարտականությունը: Ի պատասխան նշվածի` Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գ.Բաղդասարյանի 23.03.2012 թվականի թիվ 23/35-122/599 գրությամբ հայտնվել է, որ Երևանի Մաշտոցի 50ա շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Արտյոմ Ռոբերտի Նազարեթյանը 1993 թվականից չի բնակվում նշված բնակարանում և գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում պատասխանող կողմին ծանուցելու վերաբերյալ բողոքի փաստարկին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործով ձեռք չեն բերվել ապացույցներ, որ մինչև գործի քննության ավարտը Դատարանին հայտնի է եղել պատասխանողի` Ռուսաստանի Դաշնությունում բնակության հասցեն: Հետևաբար, հիմնավոր չէ նաև հիշատակված փաստարկը:

Հիմք ընդունելով վերոնշյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել համակցության մեջ, որպիսի ապացույցները փաստական տվյալներ են պարունակում առ այն, որ Դատարանի կողմից նշանակված դատական նիստերի ժամանակ Դատարանը չի ունեցել Արտյոմ Նազարեթյանի պատշաճ ծանուցված լինելը հավաստող որևէ ապացույց: Ավելին, սույն գործի քննությունն ավարտվել է 26.04.2012 թվականին, և 11.05.2012 թվականի ժամը 15:30-ին նշանակվել է վճռի հրապարակում, մինչդեռ Աննա Ֆիլջյանը 20.03.2012 թվականի միջնորդությամբ Դատարանին իրազեկել է Արտյոմ Նազարեթյանի բնակության հասցեն «ՌԴ Կալուգայի մարզ, քաղաք Օբնինսկ, Կորոլյովի 29 շենք բնակարան 42»: Այսինքն` մինչև սույն քաղաքացիական գործի քննության ավարտը Դատարանին հայտնի է եղել Արտյոմ Նազարեթյանի բնակության հասցեն: Փաստերի դասավորվածության նման պայմաններում Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների ուժով չէր կարող շարունակել գործի քննությունը և նշանակել դատական ակտի հրապարակման օր:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի գործով կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, խախտել է պատասխանողի` ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, ինչպես նաև 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Սույն եզրահանգումն ունի հետևյալ հիմնավորումը. պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը դատաքննության մասին ծանուցելու` օրենսդրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այս երկու սուբյեկտների ենթադրյալ կապը պատասխանող ֆիզիկական անձի հետ հնարավոր է և իրատեսական, և ողջամտորեն ենթադրելի է, որ այս սուբյեկտներից որևէ մեկը կարող է անձի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ դատաքննության մասին: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելիս դատարանը պետք է ողջամտորեն գնահատի օրենսդրի այս կարգավորման նպատակի իրագործելիության հնարավորությունը` տվյալ գործի փաստերից ելնելով: Նման գնահատման ողջամիտ չափորոշիչներ կարող են լինել, մասնավորապես` համայնքի ղեկավարի և դրա բնակիչների համայնքային կապերի ակտիվության մակարդակը, վերջին հայտնի աշխատավայրից անձի հեռանալու ժամկետը և այլ հանգամանքներ: Բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել ու ի չիք դարձնել անձի` արդար դատաքննության սահմանադրական իրավունքը (տես` Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի թիվ 3-24(Ա) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Այս առումով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը, վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն անհիմն է: Ավելին, տիրապետելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 23.03.2012 թվականի թիվ 23/35-122/599 գրությամբ տրված տեղեկությանն առ այն, որ Արտյոմ Նազարեթյանը 1993 թվականից չի բնակվում Երևանի Մաշտոցի 50ա շենքի թիվ 11 բնակարանում, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկանալով Կենտրոն վարչական շրջանի կողմից նրան ծանուցելու հնարավորության բացակայության մասին և անտեսելով Աննա Ֆիլջյանի` Դատարանին հասցեագրված 20.03.2012 թվականի գրությունը (Արտյոմ Նազարեթյանի բնակության հասցեի վերաբերյալ)` Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով գտել է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջներին համապատասխան Արտյոմ Նազարեթյանին պատշաճ ձևով տեղեկացրել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.10.2013
N ԵԿԴ/2857/02/11
Որոշում