Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/4566/05/11

    դատարանի որոշում                                              2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4566/05/11

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Քիշոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման 02.09.2011 թվականի թիվ ԵԼ 619 միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու) և որպես իրավական հետևանք` Կադաստրին վիճահարույց հողակտորի սեփականության իրավունքի առաջին պետական գրանցումն (գրառում) իր անվամբ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Քիշոյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Կադաստրի 02.09.2011 թվականի թիվ ԵԼ 619 միջամտող վարչական ակտը և որպես իրավական հետևանք պարտավորեցնել վերջինիս իր անվամբ կատարելու վիճահարույց հողակտորի սեփականության իրավունքի առաջին պետական գրանցում (գրառում):

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2013 թվականի որոշմամբ Դատարանի 09.11.2012 թվականի վճռի դեմ Գևորգ Քիշոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 09.11.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Քիշոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2005 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ հողային օրենսգրքի վկայակոչած իրավադրույթի հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ է կադաստր ներկայացնել հողամասի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում չգտնվելու վերաբերյալ տեղեկանք, որը, սակայն, հայցվորի կողմից չի ներկայացվել:

Ավելին, Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ճիշտ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.11.2012 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Երևանի քաղաքապետի կողմից բերված վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանումը, մերժելով իրավունքի գրանցման դիմումը, չի նշել այն փաստաթղթի անունը, որը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Ավելին, խնդրո առարկա հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնելու Գևորգ Քիշոյանի պարտականությունը պետք է սահմանված լիներ օրենքով, որպեսզի վերջինս պարտավոր լիներ ներկայացնելու այդ տեղեկանքը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանումն իրավունք ունենար պահանջելու նշված տեղեկանքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի 11.03.2005 թվականի թիվ 478-Ա որոշման հ.1 հավելվածի 291-րդ կետի համաձայն` ճանաչվել է Գևորգ Քիշոյանի սեփականության իրավունքը Երևանի Դ. Անհաղթի փողոցի ուսանողական հանրակացարանների 6-րդ մասնաշենքի դիմաց գտնվող ինքնակամ կառուցված շինության նկատմամբ, իսկ զբաղեցրած 152,7 քմ մակերեսով հողամասը տրամադրվել է վարձակալությամբ (հատոր 1-ին, գ.թ. 67, 90):

2) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետի, որի անունից հանդես է եկել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարը, և Գևորգ Քիշոյանի միջև Երևանի քաղաքապետի 11.03.2005 թվականի թիվ 478-Ա որոշման հիման վրա 17.06.2005 թվականին կնքվել է հողամասի վարձակալության Հ. 115 պայմանագիրը, որով վարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց երեք տարի ժամկետով` մինչև 11.03.2008 թվականը, վարձակալի տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրել Երևանի Դ. Անհաղթի փողոցի ուսանողական հանրակացարանների 6-րդ մասնաշենքի դիմաց գտնվող 152,7 քմ մակերեսով կառուցապատված հողամասը (սրճարան և աստիճանավանդակ): Նշված պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է 29.07.2005 թվականին (գրանցվել է սեղանամատյանի թիվ 4408 համարի տակ) (հատոր 1-ին, գ.թ. 10-13):

3) Երևանի Դ. Անհաղթի փողոցի ուսանողական հանրակացարանների 6-րդ մասնաշենքի դիմաց գտնվող 79,8 քմ մակերեսով սրճարանի և 11,1 քմ մակերեսով աստիճանավանդակի և դրանցով զբաղեցված 152,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-25 մատյանի 000117 համարի տակ 15.08.2005 թվականին գրանցվել է Գևորգ Քիշոյանի համապատասխանաբար սեփականության և վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 5-7):

4) Գևորգ Քիշոյանը 30.08.2011 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր` Երևանի Դ. Անհաղթի փողոցի ուսանողական հանրակացարանների 6-րդ մասնաշենքի դիմաց գտնվող սրճարանով և աստիճանավանդակով զբաղեցված 152,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ: Կադաստրի 02.09.2011 թվականի թիվ ԵԼ 619 գրությամբ Գևորգ Քիշոյանի 30.08.2011 թվականի թիվ 2690 դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով մերժվել է` ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, մասնավորապես` չի ներկայացվել հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում չգտնվելու վերաբերյալ ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2005 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցման առանձնահատկություններին` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում հողամասի ընդգրկված չլինելու պայմանի մասով:

«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2005 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց, ներառյալ` օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի)` նույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են`

1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաև բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերը.

2) հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում` կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը` անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:

Վերը նշված հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ վկայակոչված իրավադրույթի հիմքով իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի ծագման համար պարտադիր նախապայմաններ են` օգտագործման կամ վարձակալության իրավունքի առկայությունը, ինչպես նաև հողամասի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու փաստը: Վերջինիս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին`

ա) հողամասի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող սուբյեկտին,

բ) նշված տեղեկատվության բովանդակությանը,

գ) այդ տեղեկատվության առկայությանը` որպես «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2005 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցման հիմք:

ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 2093-Ն որոշման 3-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին) և առաջարկել համայնքների ղեկավարներին մեկամսյա ժամկետում` շաբաթական պարբերականությամբ (տվյալ շաբաթվա ընթացքում ստուգված հողամասերի մասով), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն նույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված լինելու կամ չլինելու մասին: Ընդ որում, համայնքների ղեկավարները նշված տեղեկատվությունն ուղարկում են համապատասխան մարզպետների միջոցով:

Նշված տեղեկատվությունը գործարք կնքելու նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրամադրվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող 2 օրվա ընթացքում, եթե դրա մասին տեղեկատվությունը դեռևս չի փոխանցվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

Վերոնշյալից հետևում է, որ հողամասի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կարող է տրամադրվել համայնքի ղեկավարի (կամ վերջինիս աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման) կողմից: Նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր դեպքում պետք է բովանդակի ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համապատասխան կետը, որին վերաբերում է սահմանափակումը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված տեղեկատվությունը բովանդակող փաստաթուղթը «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2005 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելիս պետք է դիտարկել որպես անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման նախադրյալը հաստատող փաստաթուղթ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենքով սահմանված այլ փաստաթղթերի հետ մեկտեղ պետք է ներկայացվի սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմին, տվյալ պարագայում` Կադաստր:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Գևորգ Քիշոյանին 152,7 քմ մակերեսով հողամասի հատկացումը կատարվել է ոչ թե ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերի հիմքերով, այլ որպես նրա կողմից ինքնակամ կառուցված սրճարանի և աստիճանավանդակի զբաղեցրած տարածք: Նշվածից հետևում է, որ սկզբնապես Գևորգ Քիշոյանին որևէ չափի հողամաս վարձակալությամբ չի տրամադրվել, մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթը վերաբերում է օրինական կարգով վարձակալությամբ տրամադրված հողամասի վրա օրինական ճանապարհով հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտ կառուցելուն, հետևաբար վկայակոչված իրավադրույթի հիմքով հողամասը որպես սեփականություն չի կարող փոխանցվել հայցվորին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով, արձանագրել է. «(...)գործում առկա ապացույցներով հաստատվում են այն փաստական հանգամանքները, որ Երևանի քաղաքապետը 11.03.2005 թվականի թիվ 478-Ա որոշման 1-ին կետով, ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ճանաչել է վեճի առարկա 152,7 քմ մակերեսով սրճարան-աստիճանավանդակի և դրանով զբաղեցված 152,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Գևորգ Քիշոյանի սեփականության իրավունքը, որի հիման վրա վերջինիս հետ 17.06.2005 թվականին կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիրը (նոտարական կարգով վավերացվել է 29.07.2005 թվականին), այնուհետև Երևանի քաղաքապետի 11.03.2005 թվականի թիվ 478-Ա որոշման և 17.06.2005 թվականին կնքված ու 29.07.2005 թվականին նոտարական կարգով վավերացված հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա վեճի առարկա գույքի նկատմամբ Գևորգ Քիշոյանի սեփականության և վարձակալության իրավունքները 15.08.2005 թվականին ստացել են պետական գրանցում 4-25 միասնական մատյանի 000117 համարի տակ, և տրվել է թիվ 2017786 վկայականը: Այսինքն` Գևորգ Քիշոյանի սեփականության իրավունքն արդեն իսկ ճանաչված է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005 թվականի թիվ ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 12-րդ կետերի ուժով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատում պետական գրանցման կատարումը Կադաստրի կողմից նշված հիմքով մերժելը»:

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Գևորգ Քիշոյանի և Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարի միջև Երևանի քաղաքապետի 11.03.2005 թվականի թիվ 478-Ա որոշման հիման վրա 17.06.2005 թվականին կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով վարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց երեք տարի ժամկետով` մինչև 11.03.2008 թվականը, վարձակալի տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրել Դ. Անհաղթի փողոցի ուսանողական հանրակացարանների 6-րդ մասնաշենքի դիմաց գտնվող 152,7 քմ մակերեսով կառուցապատված հողամասը (սրճարան և աստիճանավանդակ): Նշված պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է 29.07.2005 թվականին, իսկ պայմանագրից ծագող վարձակալության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: Գևորգ Քիշոյանը 30.08.2011 թվականին դիմել է Կադաստր` Երևանի Դ. Անհաղթի փողոցի հանրակացարանի 6-րդ մասնաշենքի դիմացի հասցեում գտնվող անշարժ գույքի հողամասի նկատմամբ իր անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու խնդրանքով: Կադաստրը 02.09.2011 թվականի թիվ 619 գրությամբ հայտնել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով պետական գրանցումը մերժվել է, քանի որ պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները:

Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումները գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ. նախ Երևանի քաղաքապետի 11.03.2005 թվականի թիվ 478-Ա որոշմամբ Երևանի Դ. Անհաղթի փողոցի ուսանողական հանրակացարանների 6-րդ մասնաշենքի դիմաց գտնվող սրճարանով և աստիճանավանդակով զբաղեցված 152,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ոչ թե ճանաչվել է Գևորգ Քիշոյանի սեփականության իրավունքը, այլ որոշվել է հողամասը վերջինիս տրամադրել վարձակալության իրավունքով: Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2005 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սեփականության իրավունքի ծագման նախապայման է հանդիսանում հողամասի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն բովանդակող փաստաթուղթը, որը միաժամանակ հանդիսանում է նշված հիմքով սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթուղթ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն` չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան:

Տվյալ պարագայում Գևորգ Քիշոյանը Երևանի Դ. Անհաղթի փողոցի հանրակացարանի 6-րդ մասնաշենքի դիմացի հասցեում գտնվող անշարժ գույքի հողամասի նկատմամբ իր անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար սահմանված կարգով լիազոր մարմին չի ներկայացրել հողամասի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում չգտնվելու վերաբերյալ տեղեկատվություն, այսինքն` պետական գրանցման ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել ՀՀ օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, հետևաբար կադաստրի մերժումը Վճռաբեկ դատարանը համարում է իրավաչափ:

Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀՀ վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Դատարանի վճռում առկա թերի պատճառաբանությունները, հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 09.11.2012 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Գևորգ Քիշոյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.10.2013
N ՎԴ/4566/05/11
Որոշում