Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԵՐԵՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ...

 

 

020.1124.191113

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 նոյեմբերի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի փորձագետ Հ. Սարդարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 26.06.2013թ., Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 22.08.2013թ. և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 17.09.2013թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

ՀՀ սահմանադրական դատարանի 16.07.2013թ. ՍԴԱՈ-69 աշխատակարգային որոշմամբ «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2013թ. նոյեմբերի 19-ին, գրավոր ընթացակարգով, և գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանին:

ՀՀ սահմանադրական դատարանի 10.09.2013թ. ՍԴԱՈ-75 աշխատակարգային որոշմամբ «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության, որոշվել է այն միավորել «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի հետ, գործի դատաքննությունն սկսել 2013թ. նոյեմբերի 19-ին, գրավոր ընթացակարգով, և գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանին:

ՀՀ սահմանադրական դատարանի 01.10.2013թ. ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշմամբ «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության, որոշվել է այն միավորել «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի հետ:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003թ. ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003թ. ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից:

ՀՀ քրեական օրենսգրքում դիմողների կողմից վիճարկվող դրույթը լրացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-18-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2012 թվականի փետրվարի 9-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2012 թվականի մարտի 2-ին և ուժի մեջ մտել 2012 թվականի մարտի 24-ին: Հիշյալ լրացումից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածը փոփոխությունների չի ենթարկվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի շրջանակներում գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Լ. Մելքոնյանի 2012թ. նոյեմբերի 12-ի որոշմամբ Ս. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` նրա համար, որ նա, ծառայելով ՀՀ ոստիկանությունում, աշխատելով ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում որպես ավագ քննիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս` խոշոր չափերի կաշառք տալու առաջարկը:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 22-ի դատավճռով ամբաստանյալ Ս. Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման չորս տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Համաձայն առաջին ատյանի դատարանի դատավճռի` «...դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սամվել Նորիկի Մելքոնյանի կողմից, նրա մեղավորությամբ, որպես պաշտոնատար անձ կաշառք ստանալը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից դրամ ստանալու առաջարկն ընդունելը` կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, որը կատարվել է խոշոր չափերով, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 2013 թվականի մարտի 29-ի որոշմամբ Ս. Մելքոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, իսկ 2013 թվականի հունիսի 21-ի որոշմամբ, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, որոշել է կասեցնել վերաքննիչ վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառակապակցության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի շրջանակներում գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 2013թ. հունվարի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել քրեական գործն ըստ մեղադրանքի` Էդուարդ Աշոտի Զաքարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Գևորգ Ավետիքի Գևորգյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Վաղինակ Վահագնի Վարդանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ինչպես նաև Գևորգ Էդիկի Մարտիրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 2013 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառակապակցության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի շրջանակներում գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին (մեջբերում դատարանի 2013թ. սեպտեմբերի 12-ի որոշումից). «... ամբաստանյալ Հովսեփ Հակոբյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012 թվականի օգոստոսի 04-ին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված ... վարորդ Պարույր Թալանչյանից, վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն չկատարելու, այն է` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված 300.000 ՀՀ դրամի տուգանքը չարձանագրելու համար անձամբ, որպես կաշառք պահանջել է 15.000 ՀՀ դրամ գումար, որից հետո ամբաստանյալ Արսեն Գրիգորյանի միջնորդությամբ համաձայնության է եկել պահանջված գումարի փոխարեն ստանալ 10.000 ՀՀ դրամ գումար, որը սակայն չի ստացել»: Նույն որոշմամբ, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է կասեցնել Հովսեփ Լևիկի Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառակապակցության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով:

3. Դիմողները, արձանագրելով, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-18-Ն օրենքի ընդունումը գործող նախորդ իրավակարգավորման պայմաններում իրենց վարույթներում գտնվող գործերով մեղադրվող անձանց կողմից կատարված արարքը կմեկնաբանվեր որպես կաշառք ստանալու նախապատրաստություն կամ հանցափորձ, մինչդեռ նոր իրավակարգավորման պայմաններում այն դիտարկվում է որպես ավարտված հանցագործություն, գտնում են, որ հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարվելու հնարավորության նման սահմանափակումը և կաշառք ստանալու նյութական հանցակազմի կիրառման անհնարինությունը հակասում են Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված` արդար դատաքննության և 14.1-րդ հոդվածով սահմանված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին և անհավասար վիճակի մեջ դնում այն անձանց, ովքեր հանցանքը կատարել են մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-18-Ն օրենքի ընդունումը, և այն անձանց, ովքեր հանցանքը կատարել են նշված օրենքն ընդունելուց հետո:

Իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողները փաստարկում են, որ ներկայիս իրավակարգավորման պայմաններում հանցագործությունը, փաստորեն, չի անցնում նախապատրաստության և հանցափորձի փուլեր և ավարտված է համարվում այն պահից, երբ անձը որևէ ձևով կպահանջի կաշառքի առարկան, այն ստանալու խոստում կտա կամ ստանալու առաջարկը կընդունի, իսկ նախապատրաստության կամ հանցափորձի փուլերի բացակայությունը նշանակում է, որ անձը զրկվում է հանցագործությունից կամովին հրաժարվելու հնարավորությունից: Դիմողները փաստարկում են նաև, որ ներկայիս իրավակարգավորման պայմաններում նյութական հանցակազմ հանդիսացող կաշառք ստանալու փորձը կամ նախապատրաստությունը պատժվում է ավելի մեղմ, քան կաշառք ստանալու ձևական հանցակազմը` կաշառք պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հիշատակում է նաև 1999թ. հունվարի 27-ի` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան, որով ակտիվ կաշառակերություն է դիտարկվում նաև կաշառքի առարկան ստանալու խոստումը կամ կաշառքի առաջարկն ընդունելը, և 2003թ. հոկտեմբերի 31-ի` ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որով մասնակից պետություններին պարտավորեցվում է քրեականացնել միայն կաշառք ստանալը:

Բացի դրանից, ի տարբերություն մյուս դիմողների, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտնում է նաև, որ.

ա) ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող նորմը հակասում է իրավական ակտերի կազմման, դրանց բովանդակության, իրավական ուժի, մեկնաբանության կանոններին, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածին, քանի որ վերջինս որպես քրեական պատասխանատվության հիմք է դիտարկում միայն քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները պարունակող հանցանքի կատարումը, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կաշառքի առարկան պահանջելը, այն ստանալու խոստում տալը, կաշառքի առաջարկն ընդունելը համարժեք չեն կաշառք ստանալու ավարտված հանցակազմին,

բ) ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթներով պաշտոնատար անձին պրովոկացիայի զոհ դառնալու հնարավորությունը բացառող երաշխիքային բնույթի իրավադրույթներ չնախատեսելը հակասում է Սահմանադրության 14.1-րդ հոդվածով սահմանված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին,

գ) իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանության կարիք ունի ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ, նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 311, 311.1. և 311.2-րդ հոդվածներում արարքը որակյալ դարձնող «նույն արարքը» եզրույթի պարզաբանումը, քանի որ իրավակիրառական պրակտիկայում մի դեպքում այն մեկնաբանվում է որպես ՀՀ քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի տվյալ մասից առաջ գտնվող բոլոր մասերին վերաբերող, մյուս դեպքում` միայն այդ մասին նախորդող մասին վերաբերող:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանող կողմն արձանագրում է, որ ի սկզբանե ՀՀ քրեական օրենսգրքում կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմն ընդգրկում էր հանրորեն վտանգավոր գործողությունների նեղ շրջանակ, ինչը չէր համապատասխանում միջազգային պահանջներին: Հետագայում` 05.12.2006թ. ՀՕ-256-Ն և 09.02.2012թ. ՀՕ-18-Ն ՀՀ օրենքներով ՀՀ քրեական օրենսգրքում կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների ցանկն ընդլայնվեց: Ընդ որում, համապատասխան փոփոխություններ կատարվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքի` կաշառքին վերաբերող մյուս հոդվածներում, մասնավորապես, 200-րդ (Առևտրային կաշառքը), 201-րդ (Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը), 311.1-րդ (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), 311.2-րդ (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը), 312-րդ (Կաշառք տալը), 312.2-րդ (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը) հոդվածներում:

Հղում կատարելով 1999թ. հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի` համապատասխանաբար ակտիվ և պասիվ կաշառակերության վերաբերյալ 2-րդ և 3-րդ հոդվածներին, որոնցով, ըստ պատասխանողի, կաշառքի ակտիվ ձևի բովանդակային ծավալում ներառված են որևէ օգուտ խոստանալը, առաջարկելը, տալը, իսկ կաշառքի պասիվ ձևի բովանդակային ծավալում ներառված են որևէ օգուտ պահանջելը, ստանալը, ստանալու առաջարկության ընդունումը, ստանալու խոստման ընդունումը, ինչպես նաև անդրադառնալով նշված կոնվենցիային կից թիվ 173 Բացատրական զեկույցին, որտեղ, ըստ պատասխանողի, առավել պարզեցվում են ակտիվ և պասիվ կաշառակերության հասկացությունները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված` «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 15-րդ հոդվածին, 1999թ. նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիային /որով, ըստ պատասխանողի, կոռուպցիան բնորոշվում է որպես կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը/, պատասխանող կողմն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված` վերը նշված փոփոխություններն ունեն հակակոռուպցիոն բնույթ, անմիջականորեն բխում են Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ընդունված միջազգային կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից, ինչպես նաև GRECO-ի (Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) առջև մեր պետության ստանձնած պարտավորություններից, որի պահանջներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների կատարելագործումն է: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 8-ի թիվ 1272-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում էր ՀՀ քրեական օրենսգիրքը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասով համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` կոռուպցիայի քրեականացման չափանիշները սահմանող միջազգային կոնվենցիաներին և համաձայնագրերին:

Անդրադառնալով դիմողների այն փաստարկին, որ կաշառք ստանալու հանցակազմը նախկինում նախատեսված էր նյութական հանցակազմով, պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումից ի վեր կաշառքի հետ կապված հանցակազմերը նախատեսված են եղել ձևական հանցակազմով. տարբերությունը եղել է միայն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների շրջանակի մեջ, իսկ կաշառք համարվող հանցագործությունների կատարմամբ առաջ եկող հետևանքները հանցակազմի բաղկացուցիչ մաս չեն կազմել: Միաժամանակ, պատասխանող կողմը կարծիք է հայտնում, որ գործող իրավակարգավորումից առաջ եկող հնարավոր բարդություններն ընդհանուր են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար, հիմնականում պայմանավորված են դրանց բացահայտման դժվարությամբ և դրանից առաջ եկող ապացուցման խնդիրներով, ինչը նորմի սահմանադրականության խնդրին չի վերաբերում:

Անդրադառնալով ավարտված հանցագործության և հանցագործությունից կամովին հրաժարվելու վերաբերյալ դիմողների փաստարկներին` պատասխանող կողմը դրանք հիմնավոր չի համարում, գտնելով, որ հանցագործությունից կամովին հրաժարվելը հնարավոր է միայն այն հանցագործությունների դեպքում, որտեղ նախապատրաստություն կամ հանցափորձ օբյեկտիվորեն հնարավոր է, և իրականության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ հանցագործությունը նախապատրաստության փուլ չի անցնում: Ըստ պատասխանողի` հանցագործությունը տվյալ փուլում ավարտված համարելը պայմանավորված է ոչ թե սուբյեկտիվ մոտեցմամբ, այլ օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանրային վտանգավորությամբ, և օրենսդիրը չի կարող հանցակազմն արհեստականորեն այնպես կառուցել, որ կատարողի համար հատուկ առանձնացվի առանձին ժամանակահատված դրա կատարումից կամովին հրաժարվելու համար:

Հղում կատարելով ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և հետադարձ ուժի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 22-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 12 և 13-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումներին` պատասխանող կողմը հիմնավոր չի համարում նաև խնդրո առարկա նորմի և Սահմանադրության 14.1-րդ հոդվածի միջև հարաբերակցության վերաբերյալ դիմողների փաստարկները, գտնելով, որ դիմողների նշած եղանակով առաջնորդվելու պարագայում կստացվի, որ օրենսդիրը երբևէ չի կարող պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենք ընդունել, քանի որ այն նախկին իրավակարգավորման համեմատ անհավասար պայմաններ կստեղծի նույնաբնույթ արարքը տարբեր ժամանակահատվածներում կատարած հասարակության տարբեր անդամների միջև:

5. Չանդրադառնալով կողմերի այն հարցադրումներին, որոնք վեճի առարկա դրույթի սահմանադրականությանը չեն վերաբերում, սույն գործի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

i

առաջին` Հայաստանի Հանրապետությունը 2004թ. դեկտեմբերի 8-ին վավերացրել է 1999թ. նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան, 2005թ. դեկտեմբերի 8-ին` 2003թ. մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան, 2006թ. հոկտեմբերի 23-ին` 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված` Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան:

Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Երկրորդ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն` վավերացման ենթակա միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետությունում նախնական պարտադիր սահմանադրական վերահսկողության օբյեկտ են: Օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Հանրապետության Նախագահը նախապես դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` հիշյալ կոնվենցիաներով ստանձնված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու համար:

Երրորդ` ՀՀ սահմանադրական դատարանը համապատասխանաբար ընդունել է ՍԴՈ-530 /09.11.2004թ./, ՍԴՈ-483 /30.03.2004թ./ և ՍԴՈ-641 /30.06.2006թ./ որոշումները, որոնցով հիշյալ կոնվենցիաներով ստանձնված պարտավորությունները ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Մասնավորապես, 1999թ. հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ ազգային պետական պաշտոնյաների պարագայում քրեական պատասխանատվության ենթակա ակտիվ կաշառակերությունը ներառում է «...դիտավորությամբ որևէ պետական պաշտոնյայի ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը` նրա կամ ուրիշ որևէ մեկի համար, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա»: Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածով ազգային պետական պաշտոնյաների քրեորեն պատժելի պասիվ կաշառակերության բովանդակային ծավալում ներառվում է «... որևէ պետական պաշտոնյայի` դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն` նրա կամ ուրիշ որևէ մեկի համար անհիմն որևէ օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա»:

1999թ. նոյեմբերի 4-ին Ստրասբուրգում ստորագրված` «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի 2-րդ հոդվածում ամրագրված է, որ` «Սույն կոնվենցիայի նպատակների համար «կոռուպցիա» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծ»:

Անհրաժեշտ է շեշտել նաև, որ Եվրոպայի խորհրդի կազմում գործում է կաշառակերության դեմ պայքարի մասնագիտացված կառույցը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը` GRECO-ն (Group of States against corruption), որի վերահսկողության շրջանակներում է հիշյալ կոնվենցիաներով անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը:

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, միջազգային պարտավորություններ է ստանձնել ընդունել համարժեք օրենսդրական ակտեր թե' ակտիվ և թե' պասիվ կաշառակերության դեմ անհրաժեշտ պայքար ծավալելու ուղղությամբ` դրանց համար սահմանելով համապատասխան քրեական պատիժ: Դրա նպատակն է թույլ չտալ, որպեսզի պաշտոնյայի անհամաչափ գործողության կամ անգործության արդյունքում խտրական իրավիճակ ստեղծվի մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում: Սա ավելին է, քան պարզապես պաշտոնական դիրքի չարաշահումը, որովհետև հետևանքը հանգեցնում է իրավական պետության հիմնարար սկզբունքների ձևախեղմանը` ոչ միայն պաշտոնյան չի առաջնորդվում իրավունքի գերակայության սկզբունքով, ինչը, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջն է, այլև մասնավոր շահագրգռությամբ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում խտրական իրավիճակ է ստեղծում:

Ելնելով հարցի կարևորությունից, իրավական պետության կայացման հրամայականներից` ՀՀ սահմանադրական դատարանը ոչ միայն առաջարկվող իրավակարգավորումը համարել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, այլև 2004թ. մարտի 30-ի ՍԴՈ-483 որոշման մեջ շեշտել է, որ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում հռչակված ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Ակնհայտ է, որ սույն գործով քննության առարկա հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը միարժեք դիրքորոշում արդեն իսկ արտահայտել է` ճանաչելով թեԺ ակտիվ և թեԺ պասիվ կաշառակերության դեմ քրեական միջոցներով պայքարը որպես սահմանադրաիրավական անհրաժեշտություն, փաստել է, որ որևէ օգուտ խոստանալու, ընդունելու, առաջարկելու, պահանջելու և կոնվենցիայում նշված այլ ձևերով այդ գործառույթը խտրական վիճակ ստեղծելուն ծառայեցնելը ոչ այլ ինչ է, քան կաշառք:

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների երկու երրորդից ավելին արդեն իսկ հենվելով միասնական քրեական քաղաքականություն իրականացնելու իրենց միջազգային իրավական պարտավորությունների վրա և նախաձեռնելով համարժեք պայքար ակտիվ և պասիվ կաշառակերության դեմ, քրեական օրենսգրքերով նախատեսել են, որ եթե պաշտոնատար անձն իր իրավասության շրջանակներում որևէ մեկի համար այնպիսի գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա, երբ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ է պահանջել կամ ստացել, ինչպես նաև նման առաջարկ կամ խոստում է ընդունել, ապա դա համարվում է կաշառք և ենթակա է համարժեք պատասխանատվության:

Նույնպիսի իրավակարգավորման նախատեսման անհրաժեշտությամբ է առաջնորդվել նաև Հայաստանի Հանրապետությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասում որպես կաշառքը բնորոշող հատկանիշ նախատեսելով ոչ միայն «ստանալը», այլև «պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը»: Նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման անմիջական իրացման արդյունք է: Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում նման պարտավորության վերաբերյալ, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված է, որ սահմանադրական դատարանը գործի վարույթը կարճում է գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Իսկ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է, որ դատարանը գործի քննությունը մերժում է, եթե սույն օրենքի 68-75-րդ և 77-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ խոսքը վերաբերում է ոչ թե այս կամ այն կոնկրետ նորմին, այլ «դիմումում առաջադրված հարցին»: Իսկ ինչպես նշվեց, սույն գործով քննության առարկա դիմումներում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, որն իր որոշման բաղկացուցիչ մասն է:

Բերված նկատառումներից ելնելով` տվյալ գործի վարույթը ենթակա է կարճման:

i

6. Անդրադառնալով դիմողների այն փաստարկին, համաձայն որի` ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին, սահմանադրական դատարանն այն հիմնավոր չի համարում: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել իր ՍԴՈ-881 որոշման մեջ, մասնավորապես, սահմանելով, որ «... օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ ... սահմանելուն»: Օրենսդրական փոփոխության նպատակը միանշանակ իրավաչափ է, այն է` պետաիշխանական գործառույթն անձնական նկատառումներից ելնելով չծառայեցնել մարդկանց համար օրենքի առջև հավասար պատասխանատվության հարցում խտրական վիճակ ստեղծելուն: Իրավական, ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին վերոհիշյալ հանցակազմն ամենավտանգավորներից է, հետևաբար` հիշյալ կոնվենցիաներով ստանձնված պարտավորությունների բարեխիղճ կատարումն իրավիճակի դրական փոփոխության կարևոր երաշխիք կարող է հանդիսանալ:

7. Ինչ վերաբերում է դիմողների այն փաստարկներին, որոնք վերաբերում են ներօրենսդրական կանոնակարգումների ներդաշնակության ու համասեռության ապահովմանը, պետական պաշտոնյաներին վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում հնարավոր հակաիրավական գործողություններից պաշտպանելու երաշխիքներին և մի շարք այլ հարցադրումների, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք.

նախ` մասնակի ամրագրված են հենց կոնվենցիոն նորմերում, որոնք Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են,

երկրորդ` Հայաստանը կոնվենցիաները վավերացրել է առանձին վերապահումով, որը վերաբերում է հենց այդ մտահոգություններին,

երրորդ` ՀՀ Ազգային ժողովը նույնպես պարտավոր է տվյալ կոնվենցիաներով ստանձնված պարտավորությունների իրացմանը համալիր մոտեցում ցուցաբերել և առաջին հերթին հաշվի առնել պատժի համաչափության սկզբունքը, ինչպես նաև հենց կոնվենցիոն նորմերից ելնելով բարեխիղճ աշխատող պետական պաշտոնյաների պաշտպանության օրենսդրական համարժեք երաշխիքներ ստեղծել, հաղթահարել օրենսդրության մեջ հնարավոր ներքին անհամապատասխանությունները: Մասնավորապես` սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ կաշառք ստացողի համար գործուն զղջալու ակտիվ գործողությունների պարտադիր ժամկետ ամրագրելով, կամավոր հայտարարության հասկացության վերաբերյալ տարաբնույթ մոտեցումներից առավելագույնս խուսափելու, դատաքննչական մարմինների կողմից բացթողումները և սխալները հնարավորինս բացառելու նպատակով, թերևս, ՀՀ քրեական օրենսգրքում կարող էր կատարվել լրացում և օրենսգրքի 312-րդ հոդվածում, որպես ծանոթագրություն, տալ կամավոր հասկացության բնորոշումը,

չորրորդ` հիշյալ կոնվենցիաները մեծապես կարևորում են դատարանների դերը, յուրաքանչյուր կոնկրետ գործով պատճառահետևանքային կապերի օբյեկտիվ ու անաչառ քննության և գնահատման կարևորությունը, արարքի վտանգավորության աստիճանի ճիշտ որակումը, առանձնապես այն բանի կարևորումը, թե պաշտոնյայի կողմից իր գործառույթի ոչ պատշաճ կատարումը կամ պատշաճ կատարումից խուսափելը որչափով է ավարտուն հանցագործություն և հանգեցրել մարդու իրավունքների պաշտպանության հարցում խտրական իրավիճակի ստեղծմանը, ինչն իշխանության հանդեպ հանրային անվստահության լուրջ պատճառներից մեկն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 նոյեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1124

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.11.2013
N ՍԴՈ-1124
Որոշում