Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵ ...

12.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.09.1992  -ից մինչեւ   12.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 12.01.99թ` 18.06.98 ՀՕ-233 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների կանոնադրությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիայի և զինվորական դատարանի հաստիքացուցակները:

12 սեպտեմբերի 1992 թվական:

 

Հ ա ս տա տ վ ա ծ  է

Հայաստանի Հանրապետության Գերագույն

խորհրդի նախագահության 1992 թվականի

սեպտեմբերի 12-ի հ. Նխ-515-1. որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանները Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասն են և գործում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Զինվորական դատարանները կազմվում են տարածքային սկզբունքով:

Հոդված 2. Զինվորական դատարանները, իրականացնելով արդարադատություն, կոչված են ոտնձգություններից պաշտպանելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, նրա զինված ուժերի մարտունակությունը և պատրաստականությունը, զինվորական կարգապահությունը և զինվորական ծառայություն կրելու սահմանված կարգը:

Հոդված 3. Զինվորական դատարանների կազմավորումը և իրավասությունը, դատավորների և ժողովրդական ատենակալների ընտրության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 4. Արդարադատություն իրականացնելիս զինվորական դատարանները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:

Հոդված 5. Զինվորական դատարանն ընտրվում է դատարանի դատավորների և ժողովրդական ատենակալների կազմով:

Զինվորական դատարանների դատավորներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Զինվորական դատարանի ժողովրդական ատենակալներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, արտակարգ իրավիճակների պետական վարչության, զինվորական ուսումնական հաստատությունների զինծառայողների ընդհանուր ժողովներում` օրենքով սահմանված կարգով:

Զինվորական դատարանի դատավորները կարող են հետ կանչվել կամ ժամկետից շուտ այդ պաշտոնից ազատվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Առաջին անգամ զինվորական դատավոր ընտրվածները տալիս են հետևյալ երդումը. «Ստանձնելով դատավորի պարտականությունները, երդվում են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, արդարադատությունը իրականացնել օրենքին ճիշտ համապատասխան` անկախ որևէ ազդեցությունից, լինել արդարացի, սկզբունքային և անաչառ, ամենուրեք իմ վարքով արժանի լինել դատավորի բարձր կոչմանը»:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանի դատավորը կարող է ընտրվել 25 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացին, որը տիրապետում է հայերենին, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, ըստ մասնագիտության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ և հանձնել է որակավորման քննություններ:

Հոդված 7. Զինվորական դատարանի ժողովրդական ատենակալ կարող է ընտրվել իսկական կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի:

Արդարադատություն իրականացնելիս ժողովրդական ատենակալները օգտվում են դատավորի հետ համահավասար իրավունքներից:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը զինվորական դատարանում ընտրված դատավորներից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ հաստատում է դատարանի նախագահին:

Հոդված 9. Զինվորական դատարանում քրեական և քաղաքացիական գործերի քննությունը կատարվում է կոլեգիալ կարգով:

Առաջին ատյանի դատարանում քրեական և քաղաքացիական բոլոր գործերը քննվում են զինվորական դատարանի դատավորի և երկու ժողովրդական ատենակալների կազմով:

Զինվորական գործերի դատական կոլեգիայում վճռաբեկության և հսկողության կարգով գործերի քննությունը կատարվում է դատարանի երեք անդամների կազմով:

Հոդված 10. Արդարադատություն իրականացնելիս զինվորական դատավորներն ու ժողովրդական ատենակալները անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

i

Հոդված 11. Զինվորական դատարանի դատավորը (իսկ ատենակալը` գործի քննության ընթացքում) չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ դատական կարգով վարչական տույժի ենթարկվել առանց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնության, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում` առանց Գերագույն խորհրդի նախագահության համաձայնության:

Հոդված 12. Զինվորական դատարանի դատավորը կարգապահական պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

ԳԼՈՒԽ 2
ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

 

Հոդված 13. Զինվորական դատարաններն ընդդատյա են`

i

- զինծառայողների, ինչպես նաև վարժական հավաքների մեջ գտնվող զինապարտների կողմից կատարված բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը.

- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության գեներալական, սպայական, ենթասպայական, սերժանտական և շարքային անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը.

- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության զինծառայողների անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը.

- Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային հիմնարկների սերժանտական, ենթասպայական, սպայական անձնակազմի կողմից կատարվող ծառայությունը կրելու սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերը.

- լրտեսության վերաբերյալ գործերը.

- միջպետական համաձայնագրերով զինվորական դատարաններին վերապահված գործերը.

- սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված անձանց կողմից կատարված վարչական զանցանքների վերաբերյալ գործերը:

Հոդված 14. Զինվորական դատարանները քրեական գործերի հետ համատեղ քննության են առնում այդ հանցագործություններով քաղաքացիներին, զորամասերին, պետական և ոչ պետական ձեռնարկություններին ու հիմնարկներին պատճառված նյութական վնասի հատուցման պահանջի վերաբերյալ հայցերը:

Հոդված 15. Եթե մեկ կամ մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործություններից թեկուզ և մեկի վերաբերյալ գործը ընդդատյա է զինվորական դատարանին, ապա բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը քննում է զինվորական դատարանը:

Եթե մի խումբ անձանց կողմից կատարված մեկ կամ մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղադրյալներից թեկուզ մեկի գործը ընդդատյա է զինվորական դատարանին, ապա բոլոր մեղադրյալների վերաբերյալ գործը քննում է զինվորական դատարանը:

Հոդված 16. Սույն կանոնադրության 13 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված, ծառայության ընթացքում հանցագործություններ կատարած, սակայն գործը դատարանում քննելու պահին ծառայությունից արձակված անձանց գործերը քննում է զինվորական դատարանը:

i

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիային ընդդատյա են գնդապետի, գեներալի զինվորական կոչում ունեցող կամ այդպիսի կոչում պահանջող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների վերաբերյալ գործերը:

 

ԳԼՈՒԽ 3
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Զինվորական դատարանների դատական գործունեության հսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիան`

- քննության է առնում Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների վճիռների և դատավճիռների դեմ բերված վճռաբեկ, մասնավոր գանգատներն ու բողոքները.

- հսկողության կարգով քննության է առնում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի բողոքները զինվորական դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների դեմ.

- նոր երևան եկած հանգամանքներով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի եզրակացության հիման վրա քննում է այն գործերը, որոնց վերաբերյալ զինվորական դատարանները կայացրել են որոշումներ, վճիռներ ու դատավճիռներ.

- իրավասու է որպես առաջին ատյանի դատարան իր վարույթին ընդունել զինվորական դատարանի ցանկացած գործ:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահը`

- ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի աշխատանքը.

- իրավունք ունի նախագահել զինվորական գործերի դատական կոլեգիայի նիստերին.

- նշանակում է դատարանի կազմը` կոլեգիային դատական նիստերում գործերի քննության համար.

- օրենքով սահմանված դեպքերում և կարգով բողոքարկում է Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների որոշումները, վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաև կասեցնում է դրանց կատարումը.

- Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումին հաշվետվություններ է ներկայացնում դատական կոլեգիայի գործունեության մասին.

- ապահովում է կոլեգիայի հսկողության աշխատանքը մյուս զինվորական դատարանների գործունեության նկատմամբ, հսկողության կարգով ստուգելու համար իրավունք ունի պահանջելու գործեր, որոնք քննվել են զինվորական դատարանների կողմից.

- կազմակերպվում է դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման աշխատանքը:

 

ԳԼՈՒԽ 4
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Հոդված 21. Զինվորական դատարանների գործունեության կազմակերպման ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Հոդված 22. Զինվորական դատարանի նախագահը`

- նախագահում է դատական նիստերին.

- կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման, դատական վիճակագրության վարման աշխատանքները.

- կատարում է աշխատանքի բաժանում դատավորների միջև.

- կատարում է ընդունելություն, կազմակերպում է մյուս զինվորական դատավորների կողմից ընդունելության աշխատանքը, առաջարկությունների, դիմում-գանգատների քննարկումը.

- պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և պաշտոնատար անձանց միջնորդագրեր է ներկայացնում իրավախախտումների պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման վերաբերյալ.

- կազմակերպական ղեկավարություն է իրականացնում դատարանի ապարատի աշխատանքի նկատմամբ.

- կազմակերպում է իրավական գիտելիքների պրոպագանդման և օրենսդրության պարզաբանման, ինչպես նաև զինվորական դատարանների կադրերի որակավորման բարձրացման աշխատանքը.

- իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 5
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հոդված 23. Զինվորական դատարանի կառուցվածքն ու հաստիքները հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի կառուցվածքն ու հաստիքները հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի անձնակազմերը զինծառայողների հետ համահավասար օգտվում են զինվորական պարենային, դրամական և իրեղեն բավարարման բոլոր տեսակներից:

Զինվորական դատարանների դատավորների պաշտոնացուցակին և այդ պաշտոններին համապատասխան զինվորական կոչումները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ և պաշտպանության նախարարի համաձայնությամբ շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավորների զինվորական կոչումները Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ և պաշտպանության նախարարի համաձայնությամբ շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Հոդված 24. Զինվորական դատարանների և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի սպայական, ենթասպայական, սերժանտական և շարքային անձնակազմերը համարվում են իսկական զինվորական ծառայության մեջ, նրանց վրա տարածվում են զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանող զինվորական կանոնագրքերը, հրամաններն ու հրահանգները: Նրանք օգտվում են զինվորական պարենային, դրամական և իրեղեն բավարարման բոլոր տեսակներից:

Հոդված 25. Զինվորական դատարանի աշխատողներին և ծառայողներին աշխատանքի է ընդունում և աշխատանքից արձակում համապատասխան զինվորական դատարանի նախագահը:

Հոդված 26. Զինվորական դատարանների նյութատեխնիկական մատակարարումը, ֆինանսավորումը, տրանսպորտի և կապի միջոցներով ապահովումը, արխիվային նյութերի պահպանությունը կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Զինվորական դատարանների ծառայողական շենքերի պահպանությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերի կողմից:

Կալանավորների ուղեկցումը զինվորական դատարան և նրանց պահպանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները:

Հոդված 27. Հայաստանի Հանրապետության տարածքում հակաօրինական արարք կատարած այլ հանրապետության զինվորականի պատասխանատվության հարցը լուծվում է միջպետական պայմանագրով:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
12.09.1992
N ՀՆԽ-515-I
Որոշում