Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Քուվեյթի Պետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

ճանաչելով բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև,

ցանկանալով ամրապնդել և զարգացնել Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական և տեխնիկական համագործակցությունը` ի շահ իրենց ժողովուրդների,

ղեկավարվելով կայուն տնտեսական աճի ապահովման, իրենց քաղաքացիների կենսամակարդակի բարելավման և իրենց բնական և մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակներով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Առարկան

 

Պայմանավորվող կողմերը, իրենց համապատասխան ազգային օրենսդրություններին համապատասխան, և հաշվի առնելով իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, զարգացնում, ամրապնդում և դիվերսիֆիկացնում են տնտեսական բնագավառները, ինչպես նաև գիտական և տեխնիկական փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Գործողության ոլորտը

 

1. Սույն Համաձայնագրի մեջ նշված համագործակցությունը մասնավորապես ներառում է, բայց չի սահմանափակվում, հետևյալ ոլորտների խթանումը.

ա) նախագծերի հաստատում բոլոր տնտեսական բնագավառներում, ինչպիսիք են` ֆինանսները, բանկային գործը, արդյունաբերությունը, ներդրումները, զբոսաշրջությունը, առողջապահությունը, տրանսպորտը և հեռահաղորդակցությունը, երիտասարդությունը և սպորտը, կրթությունը, ծառայությունները, մարդկային ռեսուրսները, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը,

բ) համագործակցության հատուկ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ մասնագետների փոխանակում և ուսուցում,

գ) Պայմանավորվող կողմերի միջև համագործակցության խթանում` նպատակ ունենալով խթանել ներդրումները բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև:

2. Պայմանավորվող կողմերը խորհրդակցում են միմյանց հետ` իրենց համագործակցության գերակա ոլորտները, ինչպես նաև ներառվելիք տնտեսական, գիտական և տեխնիկական նոր ուղղությունների շուրջ համագործակցությունը նախանշելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցության միջոցները

 

Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը գործում են իրենց երկրներում կիրառվող օրենքների և կանոնակարգերի շրջանակներում` խթանելու և նպաստելու.

ա) պետական մարմինների միջև համագործակցությանը,

բ) մասնագիտական կազմակերպությունների, պալատների և ասոցիացիաների միջև կապերին,

գ) տեխնիկական հետազոտություններին առնչվող տեղեկատվության փոխանակմանը,

դ) անհատների, պաշտոնյաների և տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցությունը խթանելու համար նախատեսված այցելություններին և աշխատանքներին,

ե) տոնավաճառների և ցուցահանդեսների, ինչպես նաև տնտեսական սեմինարների և գիտաժողովների կազմակերպմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ԱՀԿ-ի ներքո ստանձնած պարտավորությունները

 

Սույն Համաձայնագիրը կիրարկելիս Պայմանավորվող կողմերը գործում են Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակների ներքո ստանձնած իրենց համապատասխան պայմանագրային պարտավորություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հատուկ համաձայնագրերի կնքումը

 

Անհրաժեշտության դեպքում, հիմնվելով սույն Համաձայնագրի դրույթների վրա` Պայմանավորվող կողմերը կնքում են հատուկ համաձայնագրեր, որոնք առնչվում են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված համագործակցության ոլորտներին և նախաձեռնում են այլ հատուկ նախագծեր, որոնք կարող են համաձայնեցվել միմյանց միջև:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծումը

 

1. Սույն Համաձայնագրի կիրարկմանը նպաստելու նպատակով ստեղծվում է Միջկառավարական համատեղ հանձնաժողով (այսուհետ` «Համատեղ հանձնաժողով»), որը բաղկացած կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից: Համատեղ հանձնաժողովի նիստերն անց են կացվում փոխհամաձայնեցված ժամկետներում` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով` հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Քուվեյթի Պետությունում: Համատեղ հանձնաժողովը նախագահում են, Քուվեյթի կողմից, Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

2. Համատեղ հանձնաժողովը, ի թիվ այլ լիազորությունների, ունի հետևյալ հարցերը քննարկելու լիազորություն.

ա) Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության խթանում և համակարգում,

բ) առաջարկությունների մշակում, որոնց նպատակն է վերացնել այն խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ ցանկացած այնպիսի համաձայնագրի կամ նախագծի իրականացման ընթացքում, որը կարող է ստեղծվել սույն Համաձայնագրին համապատասխան,

գ) բոլոր խոչընդոտների քննարկում, որոնք կարող են խաթարել Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացումը:

3. Համատեղ հանձնաժողովը կարող է քննարկել համագործակցության ցանկացած այլ բնագավառ կամ ձև, որը նշված չէ սույն հոդվածի 2-րդ պարբերությունում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանմանը կամ կիրարկմանն առնչվող ցանկացած վեճ կարգավորվում է բարեկամաբար` Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցագրի ստացման օրը, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնում են միմյանց սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և վերանայվել` դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի միջև հայտագրերի փոխանակման միջոցով: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է հինգ (5) տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա (5) ժամկետով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը գրավոր չի ծանուցում մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին` դրա գործողության ավարտից առնվազն վեց (6) ամիս առաջ:

4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում սույն Համաձայնագրի ներքո նախաձեռնված որևէ հատուկ համաձայնագրի, նախագծի և աշխատանքի վավերության կամ գործողության ժամկետի վրա` մինչև այդպիսի հատուկ համաձայնագրերի, նախագծերի և աշխատանքների ավարտը:

Կատարված է Քուվեյթ քաղաքում 2010 թ. դեկտեմբերի 9-ին, որը համապատասխանում է ....... .......... 1431 թ., երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, արաբերենով և անգլերենով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մայիսի 15-ին

 

 

pin
09.12.2010
Միջազգային պայմանագիր