Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման ձգտումներով,

ցանկանալով ամրապնդել երկկողմ համագործակցությունը բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասությունների շրջանակներում, կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.

1. տեղեկատվության, պարբերական հրատարակությունների, մեթոդական և գիտատեխնիկական գրականության, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների, տեսա- և լուսանկարչական նյութերի փոխանակում,

2. համատեղ աշխատանքային խորհրդակցությունների, սեմինարների, խորհրդաժողովների, ուսումնական դասընթացների, մարզումների, վարժանքների, գիտահետազոտական նախագծերի և այլ միջոցառումների պլանավորում, մշակում և անցկացում,

3. մասնագետների պատրաստման կազմակերպում Կողմերի կրթական հաստատություններում, փորձնակների, դասախոսների, գիտնականների, մասնագետների և այլ ներկայացուցիչների փոխանակում,

4. տեխնիկական, սոցիալական և մարդասիրական համագործակցության համատեղ նախագծերի մշակում և իրականացում,

5. անհրաժեշտության դեպքում երրորդ կողմ հանդիսացող երկրներին բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ օգնության ցուցաբերում,

6. համագործակցություն Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և Սպիտակի երկրաշարժի հետևանքների հաղթահարման ուղղությամբ,

7. Կողմերի իրավասությունների շրջանակներում այլ գործունեության իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն փոխգործակցության միջգերատեսչական հայ-բելառուսական համատեղ հանձնաժողով արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում: Համատեղ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հաջորդաբար Բելառուսի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում` Կողմերի հետ համաձայնեցմամբ: Համատեղ հանձնաժողովի կառուցվածքը և գործունեության կարգը սահմանվում են Կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված դրույթների իրագործման պայմանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին համաձայնեցվում են Կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող նրանց իրավունքները և պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի միջև ծագող տարաձայնությունները կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի նախատեսած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված և սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից, կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2011 թվականի մայիսի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության շուրջ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. սեպտեմբերի 2-ին

 

 

pin
18.05.2011
Միջազգային պայմանագիր