Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱ ...

 

 

i

ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Ներածություն

 

Սույն Կոնվենցիայի Կողմ պետությունները,

 

հաշվի առնելով ՄԱԿ-ի Կանոնադրության շրջանակներում պետությունների` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքին և պահպանմանն աջակցելու պարտավորությունը,

 

ղեկավարվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով,

 

վկայակոչելով «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրն ու մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի բնագավառներին առնչվող մյուս համապատասխան միջազգային փաստաթղթերը,

 

վկայակոչելով նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1992 թ. դեկտեմբերի 18-ի 47/133 բանաձևով ընդունված` «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» հռչակագիրը,

 

գիտակցելով բռնությամբ անհետացումների լրջությունը, որը համարվում է հանցանք, իսկ միջազգային իրավունքում սահմանված որոշակի հանգամանքներում` նաև մարդկության դեմ գործած հանցագործություն,

 

վճռական լինելով կանխարգելել բռնությամբ անհետացումները և պայքարել բռնությամբ անհետացման հանցագործության անպատժելիության դեմ,

 

գիտակցելով յուրաքանչյուր անձի` բռնությամբ անհետացման չենթարկվելու իրավունքը, տուժողների` արդարադատության և փոխհատուցման իրավունքը,

 

հաստատելով յուրաքանչյուր տուժողի` բռնությամբ անհետացման հանգամանքների և անհետացած անձի ճակատագրի մասին ճշմարտությունն իմանալու, ինչպես նաև այդ նպատակով տեղեկատվություն փնտրելու, ստանալու և հայտնելու իրավունքը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Բաժին 1
ՀՈԴՎԱԾ 1

 

1. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:

2. Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «բռնությամբ անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված ձերբակալումը, կալանավորումը, առևանգումը կամ ազատազրկման ցանկացած այլ տեսակ, որին հետևում է ազատազրկման փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ հետաքննելու համար 2-րդ հոդվածում նշված գործողությունները, որոնք կատարվել են անձանց կամ մի խումբ անձանց կողմից` առանց պետության թույլտվության, աջակցության կամ լուռ համաձայնության, և պատասխանատուներին հանձնելու համար արդարադատությանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ բռնությամբ անհետացումը իր երկրի քրեական իրավունքում հանցագործություն որակելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Բռնությամբ անհետացման համատարած կամ պարբերաբար կիրառվող գործելակերպը համարվում է մարդկության դեմ կատարված հանցագործություն, ինչպես նշված է կիրառվող միջազգային իրավունքում, և պետք է արժանի հակազդեցություն ստանա` կիրառվող միջազգային իրավունքի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի քրեական պատասխանատվության ենթարկելու գոնե`

ա. այն անձին, որը կատարում է բռնությամբ անհետացման գործողություն, հրամայում, դրդում կամ ստիպում է իրականացնել այդ գործողությունը, դրա իրականացման փորձ է կատարում, մեղսակից է կամ մասնակցում է այդ գործողությանը.

բ. այն վերադասին, ով`

i) իմացել կամ գիտակցաբար անտեսել է այն տեղեկատվությունը, ըստ որի իր անմիջական իրավասության և վերահսկողության տակ գտնվող ենթակաները կատարել են կամ փորձել են կատարել բռնությամբ անհետացման հանցագործություն.

ii) անմիջականորեն պատասխանատու է եղել և վերահսկողություն է իրականացրել բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված գործունեության նկատմամբ, և

iii) չի ձեռնարկել անհրաժեշտ և խելամիտ միջոցներ իր իրավասության շրջանակներում կանխարգելելու կամ զսպելու համար բռնությամբ անհետացման գործողության կատարումը կամ ներկայացնելու խնդիրն իրավասու մարմիններին հետաքննության կամ հետապնդման համար.

գ. վերը նշված «բ» ենթակետը կիրառվում է` առանց խախտելու պատասխանատվությանն առնչվող առավել խիստ սկզբունքները, որոնք կիրառվում են համապատասխան միջազգային իրավունքում զինվորական հրամանատարի կամ այն անձի համար, ով փաստացի իրականացնում է զինվորական հրամանատարի գործառույթներ:

2. Պետական մարմնից, քաղաքացուց, զինվորականից կամ այլ անձից հրաման կամ հրահանգ ստանալը չի կարող դիտարկվել իբրև բռնությամբ անհետացման հանցագործության արդարացում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն բռնությամբ անհետացման հանցագործության համար պետք է սահմանի համապատասխան պատժամիջոցներ` հաշվի առնելով դրա լրջությունը:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է սահմանի.

ա. մեղմացուցիչ հանգամանքներ մասնավորապես այն անձանց համար, ովքեր, բռնությամբ անհետացման գործողություն իրականացնելուն մասնակից լինելով հանդերձ, արդյունավետորեն օժանդակում են անհետացած անձի կենդանի վերադարձմանը կամ հնարավոր են դարձնում բռնությամբ անհետացմանն առնչվող հանգամանքները պարզաբանելը կամ բռնությամբ անհետացում իրականացնող անձանց ինքնությունը պարզելը.

բ. առանց խախտելու մյուս քրեական ընթացակարգերը` ծանրացուցիչ հանգամանքներ. մասնավորապես անհետացած անձի մահվան կամ հղի կանանց, անչափահասների, հաշմանդամների կամ այլ` մասնավորապես խոցելի անձանց` բռնությամբ անհետացման գործողություն կատարելու հետ կապված դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Առանց խախտելու 5-րդ հոդվածը`

1. Այն Կողմ պետությունը, որը կիրառում է բռնությամբ անհետացման վերաբերյալ վաղեմության ժամկետների մասին դրույթը, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի` ապահովելու համար, որ այդ քրեական ընթացակարգի վաղեմության ժամկետը`

ա. լինի երկարաժամկետ և այս հանցավորության լրջությանը համապատասխան.

բ. հաշվարկվի հենց այն պահից, երբ բռնությամբ անհետացման հանցագործությունը ավարտվում է` հաշվի առնելով դրա շարունակական բնույթը:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է վաղեմության ժամկետի ընթացքում երաշխավորի բռնությամբ անհետացածների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի` հաստատելու իր իրավասությունը բռնությամբ անհետացման հանցագործության նկատմամբ իր լիազորությունն իրականացնելու համար`

ա. երբ հանցագործությունը կատարվել է իր իրավասության տակ գտնվող որևէ տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված նավում կամ օդանավում.

բ. երբ ենթադրյալ օրինախախտը տվյալ պետության քաղաքացի է.

գ. երբ անհետացած անձը տվյալ պետության քաղաքացի է, և Կողմ պետությունը դա նպատակահարմար է համարում:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկի նաև այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են` հաստատելու իր իրավասությունը բռնությամբ անհետացման հանցագործության նկատմամբ լիազորություն իրականացնելու համար, երբ ենթադրյալ օրինախախտն իր իրավասության տակ գտնվող որևէ տարածքում է, եթե նա չի հանձնում կամ փոխանցում նրան մեկ այլ պետության իր միջազգային պարտավորություններին համապատասխան կամ նրան չի հանձնում միջազգային քրեական դատարանին, որի իրավասությունն ինքը ճանաչում է:

3. Սույն Կոնվենցիան չի բացառում քրեական որևէ լրացուցիչ իրավազորություն, որն իրականացվում է ազգային իրավունքին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Ցանկացած Կողմ պետություն, որի տարածքում գտնվում է բռնությամբ անհետացման հանցագործություն կատարելու համար կասկածվողը, պետք է կալանավորի կամ ձեռնարկի այլ իրավական միջոցներ, եթե անհրաժեշտ է, նրա ներկայությունը ապահովելու համար, եթե իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո նա կհամարի, որ հանգամանքներն այդպես են պահանջում: Այդպիսի կալանքը և այդպիսի մյուս իրավական միջոցները, ինչպես նախատեսված է Կողմ պետության օրենքով, պետք է կատարվեն այնպիսի ժամկետներում, երբ անհրաժեշտ է ապահովել անձի ներկայությունը քրեական, հանցագործին այլ պետության հանձնման կամ փոխանցման ընթացակարգերում:

2. Կողմ պետությունը, որը ձեռնարկել է սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցները, պետք է անմիջապես իրականացնի նախաքննություն և հետաքննություն` փաստերը հաստատելու համար: Նա պետք է ծանուցի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված Կողմ պետություններին սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկած միջոցների մասին, ներառյալ` կալանքի և կալանքի հիմնավորված հանգամանքների և իր նախաքննության ու հետաքննության արդյունքների մասին` նշելով, թե մտադի՞ր է արդյոք իրականացնել իր լիազորությունը:

3. Կալանքի տակ գտնվող յուրաքանչյուր անձ, համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, կարող է անմիջապես կապ հաստատել այն պետության լիազոր ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը համարվում, կամ եթե քաղաքացիություն չունի, այն պետության ներկայացուցչի հետ, որտեղ սովորաբար բնակվում է:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Եթե բռնությամբ անհետացման հանցագործություն կատարած ենթադրյալ անձը հայտնաբերվում է Կողմ պետության իրավասության տակ գտնվող տարածքում, և եթե տվյալ պետությունը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, մեկ այլ պետությանը կամ միջազգային քրեական դատարանին, որի իրավասությունն ինքը ճանաչել է, այդ անձին չի հանձնում կամ փոխանցում, ապա այն պետք է տվյալ գործը ներկայացնի իր իրավասու մարմիններին` քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:

2. Այս մարմինները պետք է նույն ձևով որոշում կայացնեն, ինչպես կկայացնեն ցանկացած լուրջ բնույթի այլ հանցագործության դեպքում` տվյալ Կողմ պետության օրենքի համաձայն: 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում դատական հետապնդման և դատապարտման համար պահանջվող վկայության չափանիշները չպետք է լինեն նվազ խիստ, քան 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում:

3. Յուրաքանչյուր անձի համար, որի նկատմամբ բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված դատական հետապնդում է իրականացվում, պետք է երաշխավորվի արդար վերաբերմունք դատավարության բոլոր փուլերում: Յուրաքանչյուր անձ, որին դատում են բռնությամբ անհետացման հանցագործության համար, պետք է օգտվի արդար դատական վարույթի իրավունքից` օրենքով ստեղծված իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանում կամ միջնորդ դատարանում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի ցանկացած անձի, որը պնդում է, որ այս կամ այն անձը ենթարկվել է բռնությամբ անհետացման, իրավասու մարմիններին փաստեր տրամադրելու իրավունքը, որոնք պետք է դրանք քննեն ճշգրտորեն ու անկողմնապահորեն և անհրաժեշտության դեպքում անհապաղ ձեռնարկեն համակողմանի և անկողմնակալ հետաքննություն: Անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն` ապահովելու համար, որ անհետացած անձի անունից բողոք ներկայացնողը, վկաները, անհետացած անձի բարեկամներն ու պաշտպանը, ինչպես նաև հետաքննությանը մասնակցող անձինք պաշտպանված լինեն բողոքի կամ տրված որևէ վկայության հետևանքով վատ վերաբերմունքից կամ ահաբեկումներից:

2. Եթե կան հավաստի տեղեկություններ, որ անձը ենթարկվել է բռնությամբ անհետացման, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները պետք է սկսեն հետաքննություն անգամ այն դեպքում, եթե չկա պաշտոնական բողոք:

3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները`

ա. ունենան անհրաժեշտ լիազորություններ և միջոցներ արդյունավետ կերպով հետաքննություն վարելու համար, ներառյալ` իրենց հետաքննությանն առնչվող փաստաթղթերից և մյուս տեղեկատվություններից օգտվելու հնարավորությունը.

բ. անհրաժեշտության դեպքում դատական մարմնի նախնական թույլտվությամբ, որը պետք է անհապաղ տրվի, ունենան մուտքի հնարավորություն ցանկացած կալանավայր կամ մեկ այլ վայր, որտեղ, ըստ հավաստի տեղեկությունների, կարող է գտնվել անհետացած անձը:

4. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի կանխարգելելու և պատժելու համար այն գործողությունները, որոնք խոչընդոտում են քննությունը վարելուն: Նա պետք է մասնավորապես ապահովի, որ բռնությամբ անհետացման հանցագործություն կատարած կասկածյալները չխոչընդոտեն հետաքննության ընթացքին` ճնշում գործադրելով, ահաբեկելով և հետապնդելով անհետացած անձի վերաբերյալ բողոք ներկայացնողին, վկաներին, բարեկամներին և նրանց պաշտպանին, ինչպես նաև հետաքննությանը մասնակցող անձանց:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Կողմ պետությունների միջև հանձնման նպատակներից ելնելով` բռնությամբ անհետացման հանցագործությունը չպետք է դիտարկվի որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական շարժառիթներից առաջացած հանցագործություն: Համապատասխանաբար, նման հանցագործության վրա հիմնված` հանցագործի հանձնման վերաբերյալ հարցումը չի կարող մերժվել միայն այս հիմքով:

2. Բռնությամբ անհետացման հանցագործությունը, որպես հանձնում նախատեսող հանցագործություն, պետք է ներառվի Կողմ պետությունների միջև հանցագործի հանձնման վերաբերյալ ցանկացած պայմանագրում մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

3. Կողմ պետությունները պարտավորվում են ներառել բռնությամբ անհետացման հանցագործությունը այն հանցագործությունների շարքում, որոնք հանգեցնում են հանձնման, հանձնման մասին ցանկացած պայմանագրում, որը հետագայում կկնքվի իրենց միջև:

4. Եթե Կողմ պետությունը, որը հանցագործի հանձնումը առկա պայմանագրով պայմանական է կատարում, ստանում է հանցագործի հանձնման խնդրանք այլ Կողմ պետությունից, որի հետ չունի հանցագործի հանձնման մասին պայմանագիր, սույն Կոնվենցիան կարող է համարել անհրաժեշտ իրավական հիմք բռնությամբ անհետացման հանցագործություն կատարած հանցագործի հանձնման համար:

5. Կողմ պետությունները, որոնք հանցագործի հանձնումը առկա պայմանագրով պայմանական չեն կատարում, բռնությամբ անհետացման հանցագործությունն իրենց երկրների միջև պետք է ճանաչեն հանձնման հանգեցնող հանցագործություն:

6. Հանձնումը բոլոր դեպքերում պետք է իրականացվի հայցվող Կողմ պետության ներպետական օրենքով նախատեսված պայմաններին կամ իրավական օգնության մասին կիրառվող պայմանագրերին համապատասխան, ներառյալ` մասնավորապես հանձնման նվազագույն պատժամիջոցի պայմաններին առնչվող պահանջներին և հիմքերին, որոնց առնչությամբ պահանջող Կողմ պետությունը կարող է մերժել հանձնումը կամ դրա վերաբերյալ վերապահումներ անել` առաջ քաշելով որոշակի պայմաններ:

7. Սույն Կոնվենցիայում ոչ մի կետ չպետք է մեկնաբանվի որպես հանցագործին հանձնելու հարկադրված պարտավորություն, եթե հայցվող Կողմ պետությունը փաստացի հիմքեր ունի կարծելու, որ հարցումն արվել է անձին հետապնդելու և պատժելու նպատակով` ելնելով անձի սեռից, ռասայից, հավատքից, ազգությունից, էթնիկ ծագումից, քաղաքական հայացքներից կամ սոցիալական որոշակի խմբին պատկանելությունից, կամ տվյալ հարցման բավարարումը կարող է այդ անձին վնաս հասցնել այս պատճառներից որևէ մեկով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Կողմ պետությունները պետք է միմյանց տրամադրեն բազմակողմանի իրավական օգնություն` կապված բռնությամբ անհետացման հանցագործությանն առնչվող քրեական դատավարության հետ, ներառյալ իրենց տրամադրության տակ եղած վկայությունները, որոնք անհրաժեշտ են դատավարության համար:

2. Այսպիսի բազմակողմանի իրավական օժանդակությունը պետք է իրականացվի հայցվող Կողմ պետության օրենքով նախատեսված պայմաններին կամ իրավական օժանդակության մասին կիրառվող պայմանագրերին համապատասխան, ներառյալ մասնավորապես այն պայմանները, որոնց պատճառով հայցող Կողմ պետությունը կարող է մերժել տրամադրել բազմակողմանի իրավական օժանդակություն կամ դրա վերաբերյալ վերապահումներ անել` առաջ քաշելով որոշակի պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմ պետությունները պետք է համագործակցեն և միմյանց տրամադրեն բազմակողմանի օժանդակություն բռնությամբ անհետացածներին օժանդակելու և անհետացած անձանց փնտրելու, գտնվելու վայրը պարզելու և նրանց ազատելու նպատակով, իսկ մահվան դեպքում` դատաբժշկական և ինքնության հաստատման հետազոտության և աճյունը վերադարձնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Ոչ մի Կողմ պետություն չպետք է անձին վտարի, վերադարձնի կամ հանձնի այլ պետության, որտեղ փաստացի հիմքեր կան ենթադրելու համար, որ նա կարող է ենթարկվել բռնությամբ անհետացման:

2. Որոշելու համար, թե կա՞ն արդյոք այդպիսի հիմքեր, իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն բոլոր հանգամանքները, ներառյալ, երբ կիրառելի է, շահագրգիռ պետությունում մարդու իրավունքների կոպիտ, սարսափելի կամ զանգվածային խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների առկայությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Ոչ ոք չպետք է գաղտնի կալանքի տակ պահվի:

2. Առանց խախտելու Կողմ պետության` ազատազրկման հետ կապված և միջազգային այլ պարտավորությունները` յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է իր օրենսդրությամբ`

ա. սահմանի պայմաններ, որոնց համաձայն կարող են տրվել ազատազրկման ենթարկելու հրամաններ.

բ. նշի այն մարմինների ցանկը, որոնք իրավասու են ազատազրկման վերաբերյալ հրաման տալու.

գ. երաշխավորի, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ պահվի ազատազրկման համար նախատեսված` միայն պաշտոնապես ճանաչված և վերահսկվող վայրերում.

դ. երաշխավորի, որ յուրաքանչյուր ազատազրկված անձ կհաղորդակցվի իր ընտանիքի անդամների հետ, կամ ընտանիքը կունենա նրան այցելելու իրավունք, կհաղորդակցվի դատապաշտպանի կամ, իր ընտրությամբ, որևէ այլ անձի հետ` հաշվի առնելով միայն օրենքով սահմանված պայմանները, կամ եթե նա օտարերկրացի է, կհաղորդակցվի հյուպատոսական մարմինների հետ` միջազգային կիրառվող իրավունքի համաձայն.

ե. երաշխավորի իրավասու և օրենքով լիազորված մարմինների և հաստատությունների մուտքն ազատազրկված անձանց գտնվելու վայրեր, անհրաժեշտության դեպքում` դատական մարմնի նախնական թույլտվությամբ.

զ. երաշխավորի, որ ազատազրկված յուրաքանչյուր անձ, իսկ բռնությամբ անհետացման վերաբերյալ կասկածների դեպքում, օրինական շահ ունեցող յուրաքանչյուր անձ, ինչպիսիք են ազատազրկված անձի բարեկամները, նրանց ներկայացուցիչները կամ դատապաշտպանը, եթե ազատազրկված անձը չի կարող ինքնուրույն օգտվել այս իրավունքից, բոլոր դեպքերում իրավունք ունենան դատարան դիմելու, որպեսզի դատարանը կարողանա անհապաղ որոշում ընդունել ազատազրկման օրինականության և անձի ազատման վերաբերյալ, եթե նման ազատազրկումը օրինական չէ:

3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի ազատազրկված անձանց վերաբերյալ մեկ կամ պաշտոնական մի քանի գրանցամատյանների և/կամ հաշվառման մատյանների կազմումը և կանոնավոր թարմացումը, որոնք որևէ հարցման դեպքում պետք է անհապաղ ներկայացվեն որևէ դատական կամ այլ մարմնին կամ հաստատությանը` լիազորված այս հարցով համապատասխան Կողմ պետության օրենքով կամ համապատասխան միջազգային իրավական փաստաթղթով, որին պետությունը հանդիսանում է Կողմ: Տվյալ գրանցամատյանների և հաշվառման մատյանների մեջ պետք է նշվի նվազագույնը հետևյալ տեղեկատվությունը`

ա. ազատազրկված անձի անձնական տվյալները.

բ. անձի ազատազրկման ամսաթիվը, ժամանակը, վայրը և անձին ազատազրկման ենթարկող դատական մարմնի անվանումը.

գ. անձին ազատազրկելու մասին հրաման արձակող մարմինն ու ազատազրկման հիմքերը.

դ. այն մարմինը, որն ապահովում է վերահսկողությունը ազատազրկման նկատմամբ.

ե. ազատազրկման վայրը, ազատազրկման վայր ընդունելու ամսաթիվն ու ժամանակը և ազատազրկման վայրի համար պատասխանատու մարմինը.

զ. ազատազրկված անձի առողջության վիճակի վերաբերյալ տվյալներ.

է. ազատազրկման ընթացքում մահվան դեպքում` մահվան պատճառն ու հանգամանքները, աճյունի հանձնման վայրը.

ը. ազատման կամ մեկ այլ կալանքի վայր տեղափոխման ամսաթիվն ու ժամանակը, ժամկետը և տեղափոխման համար պատասխանատու մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. 19-րդ և 20-րդ հոդվածներով պայմանավորված` յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի, որ այս տեղեկատվության նկատմամբ օրինական հետաքրքրություն ունեցող բոլոր անձինք, ինչպիսիք են ազատազրկված անձի բարեկամները, նրանց ներկայացուցիչները կամ պաշտպանը, կունենան հետևյալ տեղեկատվությունը.

ա. ազատազրկման հրաման արձակող մարմնի վերաբերյալ.

բ. անձի ազատազրկման ամսաթիվը, ժամանակը, վայրը և անձին ազատազրկման վայր ընդունելու ամսաթիվը, ժամանակը, վայրը.

գ. այն մարմինը, որն ապահովում է վերահսկողությունը ազատազրկման նկատմամբ.

դ. ազատազրկված անձի գտնվելու վայրը, ներառյալ, ազատազրկման մեկ այլ վայր տեղափոխելու դեպքում, վերջնակետը և տեղափոխման համար պատասխանատու մարմինը.

ե. ազատման ամսաթիվը, ժամանակը և վայրը.

զ. ազատազրկված անձի առողջական վիճակի մասին տեղեկություններ.

է. ազատազրկման ընթացքում մահվան դեպքում` մահվան պատճառը և հանգամանքները, աճյունի հանձնման վերջնակետը:

2. Անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև հետաքննությանը մասնակցող անձանց` ազատազրկված անձի վերաբերյալ տեղեկատվություն փնտրելիս ցանկացած ոչ պատշաճ վերաբերմունքից, ահաբեկումից կամ պատժից պաշտպանելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Անձնական` ներառյալ բժշկական և ժառանգական տվյալները, որոնք հավաքվում և փոխանցվում են անհետացած անձին փնտրելու շրջանակներում, պետք է օգտագործվեն կամ մատչելի լինեն միայն անհետացած անձին փնտրելու նպատակով: Սա չպետք է խոչընդոտի բռնությամբ անհետացման հանցագործության հետ կապված քրեական դատավարության ընթացքում նման տեղեկատվության օգտագործմանը կամ փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվելուն:

2. Անձնական` ներառյալ բժշկական և ժառանգական տվյալների հավաքումը, մշակումը, օգտագործումը կամ պահպանումը չպետք է խախտեն մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները կամ անձի արժանապատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Միայն այն դեպքերում, երբ անձը գտնվում է օրենքի պաշտպանության տակ, և ազատազրկումը ենթակա է դատական հսկողության, 18-րդ հոդվածում նշված տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն բացառիկ պատճառներով, երբ խիստ անհրաժեշտ է և նախատեսված է օրենքով, և երբ տեղեկատվության փոխանցումը կարող է բացասաբար ազդել անձի անձնական կյանքին ու անվտանգությանը, խոչընդոտել քրեական հետաքննությանը կամ այլ համարժեք պատճառներին` օրենքին և կիրառվող միջազգային օրենքներին և սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան: Ոչ մի դեպքում չպետք է լինեն 18-րդ հոդվածում նշված տեղեկատվության իրավունքի վերաբերյալ սահմանափակումներ, որոնք կարող են իրենցից ներկայացնել 2-րդ հոդվածում նշված գործողություններ կամ խախտել 17-րդ հոդվածի 1-ին կետը:

2. Առանց խոչընդոտելու անձի ազատազրկման օրինականության վերաբերյալ քննարկման հարցին` Կողմ պետությունները պետք է երաշխավորեն 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց անհետաձգելի և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը 18-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը անհապաղ ձեռք բերելու միջոցով: Այս պաշտպանության իրավունքը ոչ մի դեպքում չպետք է դադարեցվի կամ սահմանափակվի:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ ազատազրկված անձանց ազատ արձակումը իրականացվի այնպիսի պայմաններում, որոնք թույլ կտան հավաստիանալ, որ նրանք իսկապես ազատ են արձակվել: Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է նաև երաշխավորի նման անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և նրանց հնարավորությունը` ազատ արձակման ժամանակ ամբողջովին օգտվել իրենց իրավունքներից, առանց խախտելու որևէ պարտավորություն, որին նման անձինք կարող են ենթարկվել ազգային օրենքի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Առանց խախտելու 6-րդ հոդվածը` յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` կանխարգելելու և ընտրելու պատժամիջոցները հետևյալ խախտումների համար.

ա. 17-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետում և 20-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտպանության միջոցների օգտագործման ձգձգում կամ խոչընդոտում.

բ. որևէ անձի ազատազրկման մասին գրանցման հետ կապված լիազորությունների չկատարում կամ ցանկացած տեղեկատվության գրանցում, որը պաշտոնական գրանցման համար պատասխանատու պաշտոնատար անձը իմացել է կամ պետք է իմանար, որ սխալ է.

գ. անձի ազատազրկման մասին տեղեկատվության տրամադրման մերժում կամ սխալ տեղեկատվության տրամադրում, եթե նույնիսկ նման տեղեկատվության տրամադրման համար օրինական պահանջները բավարարվել են:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի, որ օրենքի կատարումն ապահովող քաղաքացիական կամ զինվորական ծառայողների, բժշկական անձնակազմի, պետական պաշտոնյաների և այլ անձանց, ովքեր կարող են առնչություն ունենալ ցանկացած ազատազրկված անձի կալանքի տակ պահելուն կամ նրա հետ վարվելուն, մասնագիտական վերապատրաստումը ներառի սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ անհրաժեշտ ուսուցում և տեղեկատվություն, որպեսզի`

ա. կանխարգելի այդպիսի պաշտոնյաների ընդգրկումը բռնությամբ անհետացման հանցագործությունում.

բ. մատնանշի բռնությամբ անհետացման հետ կապված հետաքննության և կանխարգելման կարևորությունը.

գ. ապահովի, որ ճանաչվի բռնությամբ անհետացմանն առնչվող գործերը լուծելու վերաբերյալ հարցի հրատապության անհրաժեշտությունը:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ապահովի, որ արգելվեն այն հրամաններն ու հրահանգները, որոնք ուղղված են բռնությամբ անհետացման գործողություն կատարելու թույլտվությանը կամ խրախուսմանը: Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի, որ այն անձը, որը հրաժարվում է ենթարկվել նման հրամաններին, չի պատժվի:

3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք, որոնք հիմքեր ունեն ենթադրելու, որ տեղի է ունեցել կամ տեղի կունենա բռնությամբ անհետացում, դրա մասին զեկուցեն իրենց վերադասներին և, անհրաժեշտության դեպքում, այն իրավասու իշխանություններին կամ մարմիններին, որոնց տրված են ստուգման կամ պաշտպանության լիազորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

1. Սույն Կոնվենցիայում «տուժող» բառը նշանակում է` անհետացած անձ և ցանկացած անհատ, որին ուղղակի վնաս է հասցվել բռնությամբ անհետացման արդյունքում:

2. Յուրաքանչյուր տուժող իրավունք ունի իմանալու ճշմարտությունը բռնությամբ անհետացման հանգամանքների, հետաքննության ընթացքի և արդյունքների, անհետացած անձի ճակատագրի մասին: Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է այս ուղղությամբ ձեռնարկի համապատասխան միջոցներ:

3. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները անհետացած անձանց փնտրելու, գտնվելու վայրը պարզելու, նրանց ազատելու, իսկ մահվան դեպքում` նրանց աճյունների տեղը հայտնաբերելու, դրանց նկատմամբ հարգանքի ապահովման և վերադարձնելու համար:

4. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է իր իրավական համակարգում ապահովի, որ բռնությամբ անհետացման տուժողները իրավունք ունենան ստանալու անհետաձգելի, արդար ու համարժեք փոխհատուցում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված փոխհատուցում ստանալու իրավունքն ընդգրկում է նյութական և բարոյական վնասների փոխհատուցումը, իսկ հարմար առիթի դեպքում` փոխհատուցման մյուս ձևերը, ինչպիսիք են`

ա. իրավունքների վերականգնումը.

բ. արդարացումը.

գ. պահանջների բավարարումը, ներառյալ արժանապատվության և բարի համբավի վերականգնումը.

դ. դեպքը չկրկնվելու երաշխիքները:

6. Առանց խոչընդոտելու հետաքննությունը շարունակելու պարտավորությանը` մինչև անհետացած անձի ճակատագրի վերաբերյալ ինչ-որ բան պարզելը յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր` կապված անհետացած այն անձանց իրավական վիճակի հետ, որոնց ճակատագիրն անհայտ է, և` նրանց հարազատների իրավական վիճակի, մասնավորապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են սոցիալական ապահովությունը, ֆինանսական հարցերը, ընտանեկան իրավունքն ու սեփականության իրավունքները:

7. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է երաշխավորի այն կազմակերպությունների և միավորումների ստեղծման և դրանց աշխատանքներում ազատ մասնակցելու իրավունքը, որոնք զբաղվում են բռնությամբ անհետացումների հանգամանքների ու անհետացած անձանց ճակատագրի վերաբերյալ ինչ-որ բան պարզելուն աջակցմամբ ու բռնությամբ անհետացման տուժողներին օգնության տրամադրմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի, իր քրեական օրենքի համաձայն, անհրաժեշտ միջոցներ` կանխարգելելու և պատժելու համար.

ա. բռնությամբ անհետացած այն երեխաների անօրինական տեղափոխումը, որոնց հայրը, մայրը կամ օրինական խնամակալը ենթարկվել են բռնությամբ անհետացման, կամ երեխան ծնվել է բռնությամբ անհետացման ենթարկված մոր գերության ընթացքում.

բ. վերը բերված «ա» ենթակետում նշված երեխաների ինքնությունը հաստատող փաստաթղթերը կեղծելը, թաքցնելը կամ ոչնչացնելը:

2. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված երեխաներին որոնելու, նրանց ինքնությունը հաստատելու և իրենց ընտանիքներ վերադարձնելու ուղղությամբ` իրավական ընթացակարգին և կիրառվող միջազգային համաձայնագրերին համապատասխան:

3. Կողմ պետությունները պետք է միմյանց օժանդակեն սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված երեխաների որոնման, ինքնության հաստատման և գտնվելու վայրի հայտնաբերման հարցերում:

4. Հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու անհրաժեշտությունը և նրանց` ինքնությունը պահելու և վերականգնելու իրավունքը, ներառյալ նրանց քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը, ինչպես նախատեսված է օրենքով, Կողմ պետություններում, որոնք ճանաչում են որդեգրման համակարգը կամ երեխաներին խնամակալության հանձնման մյուս ձևերը, պետք է լինեն իրավական ընթացակարգեր` վերանայելու որդեգրման և խնամակալության հանձնման ընթացակարգը և անհրաժեշտության դեպքում չեղյալ համարելու բռնությամբ անհետացման արդյունքում կատարված երեխաների որևէ որդեգրում կամ խնամակալության հանձնում:

5. Բոլոր դեպքերում և մասնավորապես սույն հոդվածին վերաբերող հարցերում երեխայի բարձրագույն շահերը պետք է առաջնային ուշադրության արժանանան, և այն երեխան, որն ընդունակ է ինքնուրույն կարծիք հայտնելու, պետք է իրավունք ունենա ազատորեն արտահայտելու դա, որը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:

 

Բաժին II
ՀՈԴՎԱԾ 26

 

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար պետք է ստեղծվի բռնությամբ անհետացման հարցերով Կոմիտե (այսուհետ` Կոմիտե): Կոմիտեն պետք է բաղկացած լինի բարոյական բարձր հատկանիշներով օժտված և մարդու իրավունքների ոլորտի ճանաչված 10 որակյալ փորձագետներից, ովքեր պետք է աշխատեն` ներդնելով իրենց բոլոր հնարավորությունները, լինեն անկախ ու անկողմնակալ: Կոմիտեի անդամները պետք է ընտրվեն Կողմ պետությունների կողմից` աշխարհագրական հավասարաչափ բաշխմամբ: Պատշաճ կերպով պետք է հաշվի առնվեն իրավական փորձ ունեցող անձանց մասնակցության օգտակարությունը Կոմիտեի աշխատանքում և գենդերային ներկայացվածության հավասարակշռությունը:

2. Կոմիտեի անդամները պետք է ընտրվեն գաղտնի քվեարկությամբ` այն թեկնածուների ցուցակից, որոնք առաջադրվել են Կողմ պետությունների կողմից` իրենց քաղաքացիներից, Կողմ պետությունների հանդիպումների ընթացքում, որոնք այս նպատակով երկու տարին մեկ անգամ հրավիրվում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Այս հանդիպումներում Կողմ պետությունների 2/3-ը ապահովում է քվորում. Կոմիտեի անդամ են ընտրվեն այն անձինք, որոնք ստացել են առավելագույն ձայներ, ինչպես նաև ներկա գտնվող ու քվեարկող Կողմ պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:

3. Առաջին ընտրությունը պետք է տեղի ունենա սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Յուրաքանչյուր ընտրության օրվանից 4 ամիս առաջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է գրություն ուղարկի Կողմ պետություններին` առաջարկելով նրանց երեք ամսվա ընթացքում առաջադրել թեկնածություններ: Գլխավոր քարտուղարը պետք է կազմի առաջադրված թեկնածուների ցուցակը այբբենական կարգով` նշելով յուրաքանչյուր Կողմ պետության կողմից առաջադրված թեկնածուին և ցուցակը ներկայացնի բոլոր Կողմ պետություններին:

4. Կոմիտեի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Նրանք ունեն մեկ անգամ վերընտրվելու իրավունք: Այնուամենայնիվ, առաջին ընտրությունում ընտրված անդամներից հինգի ժամկետը լրանում է երկու տարուց. առաջին ընտրությունից անմիջապես հետո այս հինգ անդամների անուններն ընտրվում են վիճակահանությամբ` սույն հոդվածի 2-րդ կետում նշված հանդիպումը նախագահողի կողմից:

5. Եթե Կոմիտեի անդամը մահանում է կամ հրաժարական է տալիս կամ այլ պատճառով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները Կոմիտեում, այն Կողմ պետությունը, որը նշանակել է այդ թեկնածուին, սույն հոդվածի 1-ին կետում նշված չափանիշների համաձայն, պետք է նշանակի իր պետությունից մեկ այլ թեկնածու` պարտավորության ժամկետը ավարտին հասցնելու համար` Կողմ պետությունների մեծամասնության հավանությունը ստանալուց հետո: Այսպիսի հավանությունը համարվում է վերջնական, եթե Կողմ պետությունների կեսը կամ կեսից ավելին բացասական պատասխան չի տվել` 6 ամսվա ընթացքում տեղեկացված լինելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված նշանակման մասին:

6. Կոմիտեն հաստատում է իր սեփական կանոնակարգը:

7. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է Կոմիտեին ապահովի անհրաժեշտ միջոցներով, աշխատակազմով և հնարավորություններով իր գործառույթների արդյունավետ իրականացման համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է գումարի Կոմիտեի առաջին հանդիպումը:

8. Կոմիտեի անդամներն օգտվում են այն նույն հնարավորություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք տրամադրվում են ՄԱԿ-ի առաքելություններում աշխատող փորձագետներին, ինչպես նշված է «ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կոնվենցիայի համապատասխան բաժիններում:

9. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է համագործակցի Կոմիտեի հետ և օժանդակի իր անդամներին իրենց առաքելությունն իրականացնելիս Կողմ պետության կողմից հաստատված Կոմիտեի գործառույթների սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Կողմ պետությունների խորհրդաժողովը պետք է տեղի ունենա սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ամենաշուտը 4 տարի և ամենաուշը 6 տարի հետո` Կոմիտեի գործառույթները գնահատելու համար և որոշելու, 44-րդ հոդվածի 2-րդ կետում նկարագրված ընթացակարգի համաձայն, թե արդյոք պե՞տք է Կոնվենցիայի վերահսկման գործառույթը հանձնարարել այլ մարմնի` առանց որևէ հնարավորության բացառման` 28-36-րդ հոդվածներում սահմանված գործառույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

1. Սույն Կոնվենցիայով հաստատված իրավասությունների շրջանակներում Կոմիտեն պետք է համագործակցի ՄԱԿ-ի համապատասխան բոլոր մարմինների, գրասենյակների և մասնագիտացված գործակալությունների ու հիմնադրամների հետ` հիմնադրված միջազգային փաստաթղթերով և ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերով, պայմանագրային մարմինների հետ և համապատասխան տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների կամ մարմինների հետ, ինչպես նաև համապատասխան բոլոր պետական հաստատությունների, գործակալությունների կամ գրասենյակների հետ, որոնք աշխատում են բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության ուղղությամբ:

2. Իր լիազորությունների կատարման շրջանակներում Կոմիտեն պետք է խորհրդակցություններ անցկացնի մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերով հիմնադրված մյուս համապատասխան մարմինների, մասնավորապես «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների» մասին միջազգային դաշնագրով հիմնադրված Մարդու իրավունքների կոմիտեի հետ` նրանց դիտողությունների և առաջարկությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնի զեկույց սույն Կոնվենցիայի պարտավորությունները արդյունավետ կատարելու համար ձեռնարկված միջոցների վերաբերյալ սույն Կոնվենցիայի` տվյալ Կողմ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

2. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն այս զեկույցը տրամադրում է բոլոր Կողմ պետություններին:

3. Յուրաքանչյուր զեկույց պետք է քննարկվի Կոմիտեի կողմից, որը կներկայացնի նման մեկնաբանություններ, դիտողություններ ու առաջարկություններ, եթե անհրաժեշտ համարի: Մեկնաբանությունները, դիտողություններն ու առաջարկությունները պետք է հաղորդվեն տվյալ Կողմ պետությանը, որը կարող է դրանց պատասխանել իր սեփական նախաձեռնությամբ կամ Կոմիտեի խնդրանքով:

4. Կոմիտեն կարող է նաև խնդրել Կողմ պետություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն սույն Կոնվենցիայի իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

1. Անհետացած անձի որոնման և գտնվելու վայրը պարզելու վերաբերյալ հարցումը` որպես հրատապ հարց, կարող է ներկայացվել Կոմիտեին անհետացած անձի հարազատների, նրանց իրավական ներկայացուցիչների, պաշտպանների կամ նրանց կողմից լիազորված այլ անձի կողմից, ինչպես նաև օրինական շահ ունեցող որևէ անձի կողմից:

2. Եթե Կոմիտեն համարի, որ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված հրատապ հարցումը`

ա. ակնհայտորեն հիմնավորված է.

բ. նման հարցումներ ներկայացնելու իրավունքի խախտում չէ.

գ. արդեն պատշաճ կերպով ներկայացվել է տվյալ Կողմ պետության իրավասու մարմիններին, օրինակ` այն մարմիններին, որոնք ունեն հետաքննություն իրականացնելու լիազորություն, եթե կա այդպիսի հնարավորություն.

դ. սույն Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի չէ, և

ե. նույն հարցը չի ուսումնասիրվում միջազգային հետաքննության` նման բնույթի մեկ այլ ընթացակարգի կամ կարգավորման շրջանակներում, նա պետք է տվյալ Կողմ պետությանը խնդրի տրամադրել իրեն տեղեկատվություն անձանց որոնման վիճակի վերաբերյալ Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տվյալ Կողմ պետության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա Կոմիտեն պետք է Կողմ պետությանը փոխանցի առաջարկություններ, ներառյալ այն հարցումը, որի համաձայն Կողմ պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր` ներառյալ միջանկյալ միջոցները, խնդրո առարկա անձի գտնվելու վայրը պարզելու և նրան պաշտպանելու համար` սույն Կոնվենցիային համապատասխան, և տեղեկացնելու համար Կոմիտեին որոշակի ժամկետներում ձեռնարկված միջոցների մասին` հաշվի առնելով իրավիճակի անհետաձգելիությունը: Կոմիտեն պետք է տեղեկացնի այն անձին, որը ներկայացրել է անհետաձգելի քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հարցում, իր առաջարկությունների և պետության կողմից իրեն տրամադրված տեղեկատվության մասին, եթե այդպիսիք առկա են:

4. Կոմիտեն պետք է շարունակի ջանքեր գործադրել` աշխատելու համար համապատասխան Կողմ պետության հետ, քանի դեռ որոնվող անձի ճակատագրի լուծումը մնացել է անհայտ:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

1. Կողմ պետությունը սույն Կոնվենցիայի վավերացման ժամանակ կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, կարող է հայտարարել, որ ինքը ճանաչում է Կոմիտեի իրավասությունը` իր իրավասության տակ գտնվող անհատներից կամ նրանց անունից հանդես եկող անձանցից ստանալու և քննարկելու հաղորդագրություններն այն մասին, որ իրենք համապատասխան Կողմ պետության կողմից սույն Կոնվենցիայի դրույթների խախտման տուժող են: Կոմիտեն չպետք է ընդունի Կողմ պետությանը առնչվող որևէ հաղորդագրություն, որը չի արել նման հայտարարություն:

2. Կոմիտեն պետք է համարի հաղորդագրությունն անընդունելի, եթե`

ա. հաղորդագրությունն անանուն է.

բ. իրենից ներկայացնում է նման հաղորդագրության ներկայացման իրավունքի չարաշահում կամ սույն Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի է.

գ. նույն հարցը ուսումնասիրվում է միջազգային հետաքննության մեկ այլ` նման բնույթի ընթացակարգի կամ կարգավորման շրջանակներում.

դ. իրավական պաշտպանության ներպետական առկա միջոցները չեն սպառվել: Այս կանոնը չպետք է կիրառվի, եթե պաշտպանության միջոցների կիրառումն անհիմն կերպով երկարաձգվում է:

3. Եթե Կոմիտեն համարում է, որ հաղորդագրությունը բավարարում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները, նա պետք է հաղորդագրությունը փոխանցի համապատասխան Կողմ պետությանը` նրան խնդրելով տրամադրել դիտողություններ ու մեկնաբանություններ Կոմիտեի կողմից սահմանված ժամկետում:

4. Հաղորդագրությունը ստանալուց հետո և նախքան ըստ էության որոշում կայացնելը Կոմիտեն ցանկացած ժամանակ համապատասխան Կողմ պետության քննարկմանը կարող է փոխանցել անհետաձգելի հարցումը, որպեսզի Կողմ պետությունը ձեռնարկի այնպիսի ժամանակավոր միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` թույլ չտալու, որպեսզի ենթադրվող բռնությունների զոհերին անուղղելի վնաս հասցվի: Կոմիտեի կողմից նման հնարավորության օգտագործումը չի կանխորոշում հաղորդագրության ընդունելի լինելու մասին որոշումը կամ դրա ըստ էության քննարկումը:

5. Կոմիտեն պետք է անցկացնի փակ հանդիպումներ սույն հոդվածի համաձայն հաղորդագրություններ քննարկելիս: Նա հաղորդագրության հեղինակին պետք է տեղեկացնի համապատասխան Կողմ պետության կողմից տրամադրված պատասխանների մասին: Երբ Կոմիտեն որոշում է ավարտել ընթացակարգը, նա պետք է իր տեսակետը հաղորդի Կողմ պետությանը և հաղորդագրության հեղինակին:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Սույն Կոնվենցիայի Կողմ պետությունը կարող է ցանկացած ժամանակ հայտարարել, որ ճանաչում է Կոմիտեի` հաղորդագրություններ ստանալու և քննարկելու լիազորությունը, ուր Կողմ պետությունը պնդում է, որ մյուս Կողմ պետությունը չի կատարում սույն Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները: Կոմիտեն չպետք է ընդունի այն Կողմ պետությանն առնչվող հաղորդագրությունները, որը չի արել նման հայտարարություն, և ոչ էլ այն Կողմ պետությունից ստացվող հաղորդագրությունները, որը չի արել նման հայտարարություն:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

1. Եթե Կոմիտեն ստանում է հավաստի տեղեկատվություն, որտեղ մատնանշվում է, որ Կողմ պետությունը լրջորեն խախտում է սույն Կոնվենցիայի դրույթները, նա կարող է համապատասխան Կողմ պետության հետ խորհրդակցելուց հետո խնդրել իր մեկ կամ մի քանի անդամներին այցելել այդ պետություն և անհապաղ հաշվետվություն ներկայացնել դրա վերաբերյալ:

2. Կոմիտեն պետք է գրավոր ծանուցի համապատասխան Կողմ պետություն այցելություն կազմակերպելու իր մտադրության մասին` նշելով պատվիրակության կազմի և այցելության նպատակի մասին: Կողմ պետությունը պետք է Կոմիտեին պատասխանի խելամիտ ժամկետում:

3. Կողմ պետության կողմից հիմնավորված հարցման հիման վրա Կոմիտեն կարող է որոշում կայացնել այցելությունը հետաձգելու կամ չեղյալ համարելու վերաբերյալ:

4. Եթե Կողմ պետությունը այցելությունը կատարելու համաձայնություն է տալիս, Կոմիտեն և համապատասխան Կողմ պետությունը պետք է համատեղ աշխատեն այցելության պայմանները որոշելու համար, և Կողմ պետությունը պետք է Կոմիտեին տրամադրի բոլոր անհրաժեշտ միջոցները` այցելությունն իրականացնելու համար:

5. Այցելությունից հետո Կոմիտեն պետք է համապատասխան Կողմ պետությանը հայտնի իր դիտողություններն ու առաջարկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

Եթե Կոմիտեն ստանում է այնպիսի տեղեկատվություն, որը, իր կարծիքով, պարունակում է բավականաչափ հիմնավորված ապացույցներ այն մասին, որ բռնությամբ անհետացումը համատարած և պարբերաբար հիմունքներով կիրառվում է Կողմ պետության իրավասության տակ գտնվող տարածքում, նա կարող է համապատասխան Կողմ պետությունից իրավիճակի վերաբերյալ համապատասխան ամբողջ տեղեկատվությունն ստանալուց հետո հարցն անհապաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ուշադրությանը ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

1. Կոմիտեի իրավասությունները տարածվում են միմիայն բռնությամբ անհետացման այն դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

2. Եթե պետությունը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո, պետության պարտավորությունները Կոմիտեի նկատմամբ պետք է վերաբերեն միայն բռնությամբ անհետացման այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել համապատասխան պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

1. Սույն Կոնվենցիայի համաձայն` Կոմիտեն պետք է իր գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց ներկայացնի Կողմ պետություններին և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին:

2. Մինչև տարեկան զեկույցում Կողմ պետության վերաբերյալ դիտողության հրապարակումը համապատասխան Կողմ պետությունը պետք է նախապես դրա մասին տեղեկացվի, և նրան պետք է տրվի խելամիտ ժամկետ պատասխանելու համար: Այս Կողմ պետությունը կարող է հանդես գալ իր մեկնաբանություններն ու դիտողությունները զեկույցում հրապարակելու խնդրանքով:

 

Բաժին III
ՀՈԴՎԱԾ 37

 

Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է խախտի բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանությանը նպաստող որևէ դրույթ, և որը կարող է ընդգրկվել`

ա. Կողմ պետության օրենքում.

բ. այն միջազգային իրավունքում, որը գործում է այդ պետության համար:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

1. Սույն Կոնվենցիան բաց է ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների ստորագրման համար:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կողմից: Վավերագրերը պետք է ի պահ հանձնվեն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան բաց է ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների միանալու համար: Միանալն իրականացվում է միանալու փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին վավերացման և միանալու 20-րդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` 30-րդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում և միանում է սույն Կոնվենցիային վավերացման և միանալու 20-րդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այս պետության վավերացման և միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` 30-րդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 40

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պետք է հետևյալի մասին ծանուցի ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին և բոլոր այն պետություններին, ովքեր ստորագրել են սույն Կոնվենցիան կամ միացել են դրան.

ա. ստորագրումների, վավերացումների և միանալու մասին` 38-րդ հոդվածին համապատասխան.

բ. սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին` համաձայն 39-րդ հոդվածի:

 

ՀՈԴՎԱԾ 41

 

Սույն Կոնվենցիայի դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր մասերի վրա` առանց սահմանափակումների և բացառությունների:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Կողմ պետությունների միջև ցանկացած տարաձայնություն, որը չի կարող լուծվել բանակցությունների կամ սույն Կոնվենցիայով ուղղակիորեն նախատեսված ընթացակարգերի միջոցով, նրանցից մեկի խնդրանքով պետք է ներկայացվի միջնորդ դատարանին: Եթե միջնորդ դատարանում գործը քննելու վերաբերյալ հարցման օրվանից 6 ամսվա ընթացքում Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ միջնորդ դատարանի կազմավորման շուրջ, այս Կողմերից որևէ մեկը կարող է վեճը տեղափոխել Արդարադատության միջազգային դատարան` Դատարանի կանոնադրության համաձայն խնդրանք ներկայացնելով:

2. Պետությունը կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու ժամանակ հայտարարել, որ ինքը սահմանափակված չէ սույն հոդվածի 1-ին կետով: Մյուս Կողմ պետությունները չպետք է սահմանափակված լինեն սույն հոդվածի 1-ին կետով որևէ Կողմ պետության առնչությամբ, որը նման հայտարարություն է արել:

3. Որևէ Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն հայտարարություն է արել, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ հայտարարությունը` ծանուցելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 43

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է` առանց խախտելու միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, ներառյալ` 1949 թ. օգոստոսի 12-ի` Ժնևի 4 կոնվենցիաներով և 1977թ. հունիսի 8-ի` դրանց կից լրացուցիչ արձանագրություններով Պայմանավորվող բարձր կողմերի ստանձնած պարտավորությունները, կամ առանց խոչընդոտելու յուրաքանչյուր Կողմ պետության հնարավորությանը` լիազորել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին այցելել կալանավայրեր միջազգային մարդասիրական իրավունքով չկարգավորվող իրավիճակներում:

 

ՀՈԴՎԱԾ 44

 

1. Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ պետություն կարող է Կոնվենցիայում փոփոխություն կատարելու առաջարկություն անել և այն ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը պետք է այնուհետև հաղորդի առաջարկված փոփոխության մասին սույն Կոնվենցիայի Կողմ պետություններին` խնդրելով, որ իրեն հայտնեն, թե արդյոք համաձա՞յն են հրավիրել Կողմ պետությունների խորհրդաժողով` առաջարկության քննարկման և դրա վերաբերյալ քվեարկություն անցկացնելու նպատակով: Այն դեպքում, երբ հաղորդման օրվանից 4 ամսվա ընթացքում Կողմ պետությունների առնվազն 1/3-ը համաձայն է այդպիսի խորհրդաժողով հրավիրել, Գլխավոր քարտուղարը գումարում է խորհրդաժողովը ՄԱԿ-ի հովանու ներքո:

2. Խորհրդաժողովին ներկա գտնվող և քվեարկող Կողմ պետությունների 2/3-րդ մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն պետք է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվի բոլոր Կողմ պետություններին` ընդունելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված փոփոխությունն ուժի մեջ է մտնում, երբ սույն Կոնվենցիայի Կողմ պետությունների 2/3-ն ընդունել է այն` համապատասխան սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

4. Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դառնում են պարտադիր այն Կողմ պետությունների համար, որոնք ընդունել են այն, իսկ մյուս Կողմ պետությունների համար պարտադիր են միայն սույն Կոնվենցիայի դրույթները և նրանց կողմից ավելի վաղ ընդունված բոլոր փոփոխությունները:

 

ՀՈԴՎԱԾ 45

 

1. Սույն Կոնվենցիան, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, պետք է ի պահ հանձնվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

2. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի հաստատված պատճենները պետք է փոխանցի 38-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2011 թ. փետրվարի 23-ին

 

 

pin
20.12.2006
Միջազգային պայմանագիր