Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՀԱՄ ...

 

 

329.0127.240699

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

9 հունիսի 1999 թվականի թիվ 127

 

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ

i

(ԿՈՆՍՈԼԻԴԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 08.04.1999թ. «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 211 որոշման կատարումն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբման (կոնսոլիդացման)» կարգը (կցվում է):

2. Ընդունել ի գիտություն, որ համախմբման գործընթացի տեխնիկական ապահովումը (սարքավորումների, ծրագրային ապահովում, տվյալների մուտքագրում և վերաձևակերպում և այլն) իրականացվելու է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից` PricewaterhouseCoopers (PWHC) llP-ի միջոցով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ Արժեթղթերի շուկայի տեսչության պետի

«09» հունիսի 1999թ.

թիվ 127 հրամանով

 

ԿԱՐԳ

Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների

համախմբման (կոնսոլիդացման)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է ի կատարումն ՀՀ կառավարության 08.04.1999թ. «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 211 որոշման և կանոնակարգում է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի (այսուհետև` Ռեեստր) վարումն ու պահպանումը կենտրոնացված կարգով իրականացնելու համար Ռեեստրների համախմբման (կոնսոլիդացիայի) և կենտրոնացված կարգով վարմանը հանձնելու աշխատանքները:

Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում գործող այն թողարկողների (այդ թվում` բաժնետիրական ընկերությունների) վրա, որոնց ազատ շրջանառության իրավունքով թողարկված միևնույն տեսակի անվանական արժեթղթերի սեփականատերերի թիվը 25-ից ավելի է (բաց բաժնետիրական ընկերությունների համար` անկախ ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի թվից):

2. Ռեեստրների համախմբման գործընթացը իրականացվում է համախմբման ծրագրի համաձայն, որը կազմվում է ամսական (եռամսյակային) կտրվածքով և հաստատվում է ՀՀ Արժեթղթերի շուկայի տեսչության (այսուհետև` Տեսչություն) կողմից:

Ծրագրում նշվում են`

ա) Թողարկողների ցանկը և հասցեն.

բ) Ռեեստրների համախմբման ընթացակարգը սկսելու և ավարտելու ժամկետները.

գ) այլ անհրաժեշտ տվյալներ:

3. Ռեեստրի համախմբման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`

ա) Ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրությունը.

բ) Ռեեստրի նախապատրաստումը համախմբմանը.

գ) Թողարկողի անվանական արժեթղթերի պետական գրանցումը (եթե արժեթղթերը մինչ այդ չեն գրանցվել).

դ) Ռեեստրի վերաձևակերպումը.

ե) Ռեեստրի փոխանցումը «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ՓԲԸ-ին (այսուհետև` Դեպոզիտարիա):

 

II. Ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրություն

 

4. Ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրությունը իրականացվում է Ռեեստրի համախմբման խմբի (այսուհետև` խումբ) կողմից` ՀՀ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խստիվ պահպանմամբ:

5. Թողարկողը (կամ նրա կողմից լիազորված անձը) պարտավոր է խմբին ուսումնասիրության համար տրամադրել`

ա) Թողարկողի կանոնադրությունը.

բ) Թողարկողի պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) արժեթղթերի գրանցման վկայականը (առկայության դեպքում).

դ) Ռեեստրի վարման համար պատասխանատու անձի նշանակման մասին համապատասխան մարմնի հրամանը կամ որոշումը.

ե) Ռեեստրում գրանցումների համար հիմք հանդիսացող ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը.

զ) Ռեեստրի թղթային և/կամ համակարգչային գրանցամատյանները.

է) մասնավորեցման հետևանքով ստեղծված բաժնետիրական ընկերությունների դեպքում` մասնավորեցման մասնակիցների ցանկը` ըստ նրանց պատկանող արժեթղթերի քանակի, գումարի և տեսակարար կշռի (այդ թվում` անհատույց սեփականաշնորհման, փակ և բաց բաժանորդագրության և մասնավորեցման այլ դեպքերում).

ը) անվանական արժեթղթերի սեփականատերերի (բաժնետերերի) ցանկը.

թ) անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) կամ անվանական արժեթղթերի հավաստագրերի (այսուհետև` հավաստագրեր) ըստ սեփականատերերի բաշխման ցանկը.

ժ) անվանական արժեթղթերի սեփականատերերին (բաժնետերերին) Ռեեստրից տրված քաղվածքների պատճենները.

ժա) արժեթղթերի սեփականատերերին դեռևս չտրված և/կամ անվավեր ճանաչված անվանական արժեթղթերը (բաժնետոմսերը) կամ հավաստագրերը.

ժբ) անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) կամ հավաստագրերի չլրացված ձևաթղթերը (բլանկները).

ժգ) տեղեկություններ և համապատասխան փաստաթղթեր անվանական արժեթղթերի սեփականատերերին (բաժնետերերին) շահաբաժինների վճարման վերաբերյալ.

ժդ) բաժնետիրական ընկերությունների համար` բաժնետերերի ընդհանուր ժողովների, խորհրդի նիստերի արձանագրությունները, դրանց հրավիրման ու անցկացման մասին տվյալներն ու փաստաթղթերը, ինչպես նաև կառավարման մարմինների որոշումները անվանական արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման, խոշոր և շահագրգիռ գործարքների կատարման վերաբերյալ.

ժե) վերստուգող հանձնաժողովի և աուդիտորական կազմակերպության եզրակացությունները տարեկան հաշվապահական հաշվեկշիռների ու ֆինանսատնտեսական հաշվետվությունների վերաբերյալ, և համապատասխան նյութեր դրանց հրապարակման վերաբերյալ.

ժզ) Ռեեստրի վարման համար պատասխանատու անձի գրավոր բացատրությունը Ռեեստրում գրառումների կորստի դեպքում.

ժէ) համապատասխան պաշտոնատար անձի կամ Ռեեստրի վարման համար պատասխանատու անձի կողմից տեղեկանք` Ռեեստրում գրառումների սխալ կամ թերի լինելու դեպքում.

ժը) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր և տվյալներ, որոնք անհրաժեշտ են Ռեեստրի վարման ու պահպանման համար:

6. Ռեեստրի վարման օրինականության ուսումնասիրության ընթացքում խումբը ուսումնասիրում է`

ա) Ռեեստրի վարման և պահպանման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և բացահայտում է խախտումներն ու բացթողումները.

բ) Ռեեստրի գրանցամատյաններում նշված տվյալների ամբողջականությունը, հավաստիությունը և արձանագրում անհամապատասխանությունները:

7. Սույն կարգի 6-րդ կետի ա) ենթակետում նշված դեպքում խումբը ուսումնասիրում է Թողարկողի`

ա) Ռեեստրի վարման առկայությունը.

բ) Ռեեստրի վարման համար պատասխանատու անձի նշանակման մասին համապատասխան մարմնի հրամանի կամ որոշման առկայությունը.

գ) անվանական արժեթղթերով կատարված գործառնությունների գրանցման, սերտիֆիկատների տրման և ոչնչացման գրանցամատյանների առկայությունը.

դ) անվանական արժեթղթերի սեփականատերերի (բաժնետերերի) հաշվառման թղթային և/կամ համակարգչային գրանցամատյանի առկայությունը.

ե) գրանցամատյանների և գրառումների, տվյալների համապատասխանությունը սահմանված կարգին.

զ) Ռեեստրում գրանցումների համար հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, հավաստիությունը և ամբողջականությունը.

է) անվանական արժեթղթերով կատարված գործառնությունների գրանցամատյանի սահմանված կարգով վավերացումը ռեեստրի վարման համար պատասխանատու անձի կողմից.

ը) գրանցումների, գրանցումների համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանության համար սահմանված ժամկետների պահպանումը.

թ) Ռեեստրի գրանցամատյանների, արժեթղթերի կամ հավաստագրերի, գրանցումների համար հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթերի պահպանության և գրանցամատյաններում գրառումների պաշտպանվածության պայմանները.

ժ) անվանական արժեթղթերի սեփականատերերին (բաժնետերերին) Ռեեստրից տրված քաղվածքների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգին.

ժա) անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեկվիզիտների համապատասխանությունը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

ժբ) Թողարկված և տեղաբաշխված անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) քանակի համապատասխանությունը դրանց հավաստագրերով հավաստված արժեթղթերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակին.

ժգ) անվանական արժեթղթերի և դրանց հավաստագրերի միաժամանակյա շրջանառության բացառման հանգամանքը.

ժդ) Թողարկողի անվանման, կանոնադրական կապիտալի, արժեթղթերի անվանական արժեքի և քանակի փոփոխությունները և դրանք իրավական ակտերով սահմանված կարգով Տեսչություն ներկայացնելու և հրապարակելու պահանջների կատարման ապահովումը.

ժե) ընդհանուր ժողովների, խորհրդի նիստերի հրավիրման, անցկացման, որոշումների (այդ թվում` խոշոր և/կամ շահագրգիռ գործարքների կատարման) ընդունման, հաշվապահական հաշվեկշիռների և ֆինանսատնտեսական հաշվետվությունների հրապարակման ընթացակարգն ու օրինականությունը.

ժզ) զուտ ակտիվների և կանոնադրական կապիտալի օրենքով սահմանված հարաբերակցությունը:

8. Սույն կարգի 6-րդ կետի բ) ենթակետում նշված դեպքում խումբն ուսումնասիրում է Թողարկողի`

ա) անվանման, իրավաբանական հասցեի համապատասխանությունը պետական գրանցման վկայականում և կանոնադրությունում նշված տվյալներին.

բ) կանոնադրական կապիտալի մեծության համապատասխանությունը կանոնադրության մեջ և արժեթղթերի գրանցման վկայականում նշված մեծությանը և հիմքերը (առաջին ժողովի արձանագրությունը, եթե կանոնադրական կապիտալի փոփոխություն է կատարվել, ապա այն ժողովի արձանագրությունը, որտեղ որոշում է կայացվել կանոնադրական կապիտալը փոփոխելու մասին).

գ) անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) վերաբերյալ տվյալների (արժեթղթերի տեսակը, յուրաքանչյուր տեսակի արժեթղթերի քանակը և անվանական արժեքը) համապատասխանությունը կանոնադրության մեջ և արժեթղթերի գրանցման վկայականում նշված տվյալներին.

դ) անվանական արժեթղթերի սեփականատերերի (բաժնետերերի) վերաբերյալ առկա տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) համապատասխանությունը`

- Թողարկողի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումում եղած տվյալներին.

- մասնակի անհատույց սեփականաշնորհման, փակ և բաց բաժանորդագրությամբ մասնավորեցման մասնակիցների վերաբերյալ տվյալներին.

- Ռեեստրում գրանցումների համար հիմք հանդիսացող փաստաթղթերում նշված տվյալներին.

ե) անվանական արժեթղթերով կատարված գործառնությունների (գործարքների) վերաբերյալ գրանցամատյանում նշված տվյալների համապատասխանությունը գրանցումների համար հիմք հանդիսացող փաստաթղթերում նշված տվյալներին.

զ) անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) հավաստագրերի տեսակների ու քանակի համապատասխանությունը դրանց ըստ տեսակների բաշխման ցանկի տվյալներին.

է) տպագրված անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) կամ հավաստագրերի ընդհանուր քանակի համապատասխանությունը անվանական արժեթղթերի սեփականատերերին (բաժնետերերին) հասանելիք (տրված և չտրված) անվավեր ճանաչված, չլրացված անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) կամ հավաստագրերի քանակների գումարին.

ը) անվանական արժեթղթերի սեփականատերերին (բաժնետերերին) տրված շահաբաժինների վերաբերյալ տվյալների համապատասխանությունը ներքին պաշտոնական համապատասխան փաստաթղթերում նշված տվյալներին.

թ) Ռեեստրի տվյալների համապատասխանությունը Տեսչության տրամադրության տակ եղած տվյալների հետ:

9. Ուսումնասիրության արդյունքում խմբի կողմից կազմվում է ակտ (արձանագրություն) երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է Թողարկողին:

Թողարկողի պաշտոնատար անձը ենթակա է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության, եթե Թողարկողը հրաժարվում է Ռեեստրը հանձնել Դեպոզիտարիային` կենտրոնացված կարգով վարման համար, կամ դիտավորյալ խոչընդոտում է համախմբման աշխատանքներին:

10. Ակտը (արձանագրությունը) համապատասխան ստորագրություններով վավերացվում է խմբի ղեկավարի և Թողարկողի պաշտոնատար անձանց` խորհրդի նախագահի կամ գործադիր տնօրենի կողմից:

Ակտի (արձանագրության) մեկ օրինակը ստանալիս Թողարկողի համապատասխան պաշտոնատար անձը ակտի (արձանագրության) մյուս օրինակի վրա նշում է «Ստացա» բառը և ստորագրում:

 

III. Ռեեստրի նախապատրաստումը համախմբմանը

 

11. Ռեեստրի համախմբման նախապատրաստման ընթացքում Թողարկողը պարտավոր է`

ա) նախապատրաստել սույն կարգի 5-րդ կետում նշված այն փաստաթղթերը, տվյալներն ու նյութերը, որոնք անհրաժեշտ են Ռեեստրի համախմբման համար.

բ) հնարավորին չափ համապատասխանեցնել Ռեեստրի վարման ու պահպանման գործունեությունը ՀՀ օրենսդրության պահանջներին.

գ) ապահովել ռեեստրի վարման համար պատասխանատու անձի առկայությունը.

դ) Ռեեստրում թերի կամ սխալ տվյալների առկայության դեպքում, ինչպես նաև` գրանցումները սահմանված կարգով չկատարելու դեպքում, անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել լրացնելու և ճշտելու տվյալները, ինչպես նաև գրանցումների կատարումը համապատասխանեցնելու սահմանված կարգին.

ե) կատարել կամ լրացնել սեփականատեր դառնալու կամ սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրառումները անվանական արժեթղթերի սեփականատերերին դեռևս չտրված անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) կամ հավաստագրերի վրա.

զ) անվանական արժեթուղթ (բաժնետոմս) կամ հավաստագիր դեռևս չստացած անվանական արժեթղթերի սեփականատերերին (բաժնետերերին) տրամադրել նրանց հասանելիք անվանական արժեթղթերը (բաժնետոմսերը) կամ հավաստագրերը.

է) համախմբման գործընթացի իրականացման ընթացքում գործարքների կողմերի նախաձեռնությամբ գրանցել անցյալում կամ Ռեեստրի ուսումնասիրության ընթացքում կատարված, սակայն դեռևս չգրանցված գործարքները.

ը) իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին չհակասող այլ անհրաժեշտ միջոցառումներ:

 

IY. Թողարկողի արժեթղթերի պետական գրանցումը

 

12. Եթե Ռեեստրի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ Թողարկողի արժեթղթերը (այդ թվում` անվանական արժեթղթերը) պետական գրանցում չեն ստացել, ապա Թողարկողը պարտավոր է դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել գրանցման:

 

Y. Ռեեստրի վերաձևակերպումը

 

13. Նախքան Դեպոզիտարիային Ռեեստրի փոխանցումը խմբի կողմից կատարվում է Ռեեստրի վերաձևակերպում:

14. Ռեեստրի վերաձևակերպումը բաղկացած է հետևյալ փուլերից.

ա) Ռեեստրում թերի կամ սխալ տվյալների լրացում և ճշգրտում.

բ) անվանական արժեթղթերի սեփականատերերի (բաժնետերերի) անձնական հաշիվների միավորում (եթե անվանական արժեթղթերի սեփականատերը (բաժնետերը) չի հանդիսանում միաժամանակ անվանական սեփականատեր).

գ) Ռեեստրի թղթային գրանցամատյանների տվյալների տեղափոխում տեղեկատվության էլեկտրոնային կրիչների վրա.

դ) Ռեեստրի էլեկտրոնային տվյալների համակարգի ըստ սահմանված կարգի վերաձևակերպում և միասնականացում (ստանդարտացում)` համակարգչային գրանցամատյանների կազմում.

ե) Ռեեստրի համակարգչային գրանցամատյանների տվյալների հիման վրա` ըստ սահմանված կարգի Ռեեստրի թղթային գրանցամատյանների կազմում երկու օրինակից:

15. Սույն կարգի 14-րդ կետի ա) ենթակետում նշված դեպքում նորացման, լրացման և ճշտման են ենթակա`

ա) Թողարկողի անվանումը.

բ) անվանական արժեթղթերի սեփականատերերի անունը, ազգանունը, հայրանունը անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները (քաղաքացու համար) կամ անվանումը, պետական գրանցման համարն ու ամսաթիվը) կազմակերպության համար).

գ) Թողարկողի կամ անվանական արժեթղթերի սեփականատերերի (բաժնետերերի) հասցեները (բնակության վայրը).

դ) Թողարկողի պետական գրանցման ամսաթիվը.

ե) Արժեթղթերի գրանցման համարն ու ամսաթիվը:

16. Սույն կարգի 15-րդ կետի ա) ենթակետում նշված դեպքում վերաձևակերպվող Ռեեստրում նշվում է Թողարկողի նոր անվանումը:

Սույն կարգի 15-րդ կետի բ) ենթակետում նշված դեպքում վերաձևակերպվող Ռեեստրում նշվում է նոր անձնագրի (եթե փոխվել է) կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (քաղաքացու համար) կամ նոր անվանումը, պետական գրանցման նոր համարն ու ամսաթիվը (կազմակերպության համար):

Սույն կարգի 15-րդ կետի գ) ենթակետում նշված դեպքում վերաձևակերպվող Ռեեստրում նշվում է նոր հասցեն (բնակության վայրը), այդ թվում` վարչական միավորների, քաղաքների, գյուղերի և այլ բնակավայրերի, փողոցների նոր պաշտոնական անվանումներով:

Սույն կարգի 15-րդ կետի դ) ենթակետում նշված դեպքում վերաձևակերպվող Ռեեստրում նշվում է Թողարկողի (այդ թվում` բաց բաժնետիրական ընկերության) գրանցման ամսաթիվը:

Սույն կարգի 15-րդ կետի ե) ենթակետում նշված դեպքում վերաձևակերպվող Ռեեստրում նշվում է Թողարկողի արժեթղթերի գրանցման նոր վկայականի համարն ու ամսաթիվը:

17. Սույն կարգի 14-րդ կետի բ) ենթակետում նշված դեպքում միավորվում են անվանական արժեթղթերի նույն սեփականատիրոջ (բաժնետիրոջ) համար բացված մեկից ավելի անձնական հաշիվները, որոնցում գրանցված տվյալները համապատասխանում են լիովին կամ մասնակիորեն:

Անձնական հաշիվներում գրանցված տվյալները բաժանվում են հետևյալ խմբերի`

1-ին խումբ. անուն, ազգանուն, հայրանուն (քաղաքացու համար) կամ անվանում (կազմակերպության համար).

2-րդ խումբ. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ (քաղաքացու համար) կամ պետական գրանցման համարն ու ամսաթիվ (կազմակերպության համար).

3-րդ խումբ. հասցե (բնակության վայր):

17.1. Բոլոր խմբերի տվյալների համապատասխանության դեպքում, բոլոր անձնական հաշիվները ենթակա են միավորման:

17.2. Առաջին խմբի տվյալները ոչ էական անհամապատասխանության և մյուս խմբերի տվյալների համապատասխանության դեպքում իրար համապատասխան անձնական հաշիվները ենթակա են միավորման:

Առաջին խմբի տվյալներում ոչ էական անհամապատասխանություն է համարվում`

ա) անունի, ազգանունի, հայրանունի (քաղաքացիների համար) կամ անվանման (կազմակերպության համար) գրանցումների ակնհայտ սխալները կամ ուղղագրական սխալները.

բ) խմբի կարծիքով գոյություն չունեցող անունը, ազգանունը, հայրանունը կամ անվանումը:

17.3. Երկրորդ խմբի տվյալների ոչ էական անհամապատասխանության և մյուս խմբերի տվյալների համապատասխանության դեպքում իրար համապատասխան անձնական հաշիվները ենթակա են միավորման:

Երկրորդ խմբի տվյալներում ոչ էական անհամապատասխանություն է համարվում`

ա) նշանների (թիվ կամ տառ) ակնհայտ տեղափոխություններ կամ երկուսից ոչ ավել տարբեր նշաններ համապատասխան տվյալներում.

բ) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի (քաղաքացու համար), պետական գրանցման վկայականի համարի ու ամսաթվի (կազմակերպության համար) տարբեր տվյալներ, եթե դրանց մի մասը համարվում է հին, իսկ մի մասը` նոր:

17.4. Երրորդ խմբի տվյալների ոչ էական անհամապատասխանության և մյուս խմբերի տվյալների համապատասխանության դեպքում իրար համապատասխան անձնական հաշիվները ենթակա են միավորման:

Երրորդ խմբի տվյալներում ոչ էական անհամապատասխանություն է համարվում`

ա) բնակավայրի (գտնվելու վայրի) և փողոցի, տան կամ բնակարանի (շենքի) վերաբերյալ տվյալների անհամապատասխանությունները.

բ) վարչական միավորների, քաղաքների, գյուղերի և այլ բնակավայրերի, փողոցների տարբեր անունները, եթե այդ անունների մի մասը նոր է, մի մասը` հին:

17.5. Առավել էական անհամապատասխանությունների դեպքում անձնական հաշիվները ենթակա են միավորման Թողարկողի կողմից լրացուցիչ այլ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո:

17.6. Միավորման ենթակա անձնական հաշիվների տվյալները`

ա) սույն կարգի 8-րդ կետի դ) ենթակետի համաձայն ենթարկվում են ուսումնասիրության.

բ) սույն կարգի 16-րդ կետի 1-3 պարբերությունների համաձայն ենթարկվում են նորացման, ճշտման և լրացման:

Միավորման արդյունքում կազմվում են մեկ անձնական հաշիվ:

18. Վերաձևակերպված Ռեեստրի թղթային գրանցամատյանները վավերացվում են Թողարկողի խորհրդի նախագահի կամ գործադիր տնօրենի, ինչպես նաև Ռեեստրի վարման համար պատասխանատու անձի կողմից, հաստատվում են ընկերության կնիքով և ստորագրվում են խմբի ղեկավարի կողմից:

 

YI. Ռեեստրի փոխանցումը Դեպոզիտարիային

 

19. Վերաձևակերպված Ռեեստրի վավերացումից անմիջապես հետո Դեպոզիտարիայի ու Թողարկողի միջև կնքված Ռեեստրի վարման ու պահպանման պայմանագրի համաձայն Թողարկողը համապատասխան փոխանցման-ընդունման ակտով (հավելված 1) Դեպոզիտարիային է փոխանցում Ռեեստրը (իր մոտ եղած թղթային գրանցամատյանների մեկ օրինակը և համակարգչային գրանցամատյանները) և պայմանագրով սահմանված ելակետային ու այլ փաստաթղթերն ու նյութերը (որոնց համար կազմվում է լրացուցիչ ընդունման-հանձնման ակտ):

20. Դեպոզիտարիայի ու Թողարկողի միջև կնքված Ռեեստրի վարման ու պահպանման պայմանագրի կնքումից և Ռեեստրը Դեպոզիտարիային հանձնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Տեսչությունը «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում հայտարարություն է տալիս (հավելված 2) Դեպոզիտարիայի կողմից Ռեեստրի վարման մասին:

21. Ռեեստրը Դեպոզիտարիային հանձնելուց հետո խումբը անմիջապես ոչնչացնում է իր մոտ գտնվող Ռեեստրի էլեկտրոնային բոլոր տվյալներն ու համակարգչային գրանցամատյանները:

22. Այն Թողարկողները, որոնց Ռեեստրի վարումն ու պահպանումը մինչև սույն կարգի ընդունումը իրականացնում էր Դեպոզիտարիայի կամ նրա գործակալ հանդիսացող Ռեեստրի վարման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունը, պարտավոր են Դեպոզիտարիայի հետ կնքել համապատասխան պայմանագիր և նրան փոխանցել պայմանագրով սահմանված և դեռևս Դեպոզիտարիային չփոխանցված փաստաթղթերը, գրանցամատյանները, սեփականատերերին չտրված և չլրացված անվանական արժեթղթերը (բաժնետոմսերը) կամ հավաստագրերը (առկայության դեպքում):

 

YII. Խմբերի գործունեության կազմակերպումը

 

23. Խումբը ղեկավարում է` Տեսչության պետի հրամանով նշանակված Տեսչության աշխատակիցը, որը պատասխանատու է խմբի աշխատանքների ժամանակին և պատշաճ կատարման համար:

24. Խմբի ղեկավարը, անմիջականորեն ղեկավարում է խմբի աշխատանքները, լուծում խմբի աշխատանքների ընթացքում առաջացած ցանկացած խնդիր, իսկ դրանց լուծման անհնարինության դեպքում` զեկուցում Տեսչությանը:

25. Խմբի անդամները պարտավոր են`

ա) ժամանակին և պատշաճորեն կատարել իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները.

բ) որպես գաղտնիք պահպանել և որևէ կերպ չհրապարակել աշխատանքների ընթացքում հայտնի դարձած և Թողարկողից ստացված ցանկացած բնույթի տեղեկատվությունը.

գ) ղեկավարվել սույն կարգով և խմբի ղեկավարի ցուցումներով:

 

Հավելված 1

 

ԱԿՏ

Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի և ելակետային

փաստաթղթերի փոխանցման-ընդունման

 

   «______»______________»______ թ.                 ք. Երևան

 

1. Ի կատարումն ՀՀ կառավարության 08.04.1999թ. «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 211 որոշման`

ՀՀ Արժեթղթերի շուկայի տեսչության ներկայացուցչի ներկայությամբ`

 

______________________________________________________________________

 

_________________ (այսուհետև` Թողարկող) փոխանցեց և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ՓԲԸ-ն ընդունեց`

ա) Իր մոտ եղած վերաձևակերպված Ռեեստրի թղթային գրանցամատյանների մեկ օրինակը` բաղկացած ______ էջից և համակարգչային գրանցամատյանները` բաղկացած ______ սկավառակից.

բ) Թողարկողի հետևյալ ելակետային փաստաթղթերը.

- պետական գրանցման վկայականի պատճենը.

- արժեթղթերի գրանցման վկայականի պատճենը.

- կանոնադրության պատճենը.

- սեփականատերերին չտրված անվանական արժեթղթերը կամ հավաստագրերը.

- անվանական արժեթղթերի կամ հավաստագրերի չլրացված ձևաթղթերը (բլանկները).

- անվանական արժեթղթերի հավաստագրերի բաշխման գրանցամատյանը.

- պայմանագրով սահմանված այլ փաստաթղթեր ու նյութեր:

2. Ակտը կազմվում է երեք օրինակից` ամեն կողմի համար մեկ օրինակ:

 

_________________________________________________________________

Ներկայացուցիչ  (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչ (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

ՀՀ Արժեթղթերի շուկայի տեսչության ներկայացուցիչ (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հավելված 2

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

______________________________________

              անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը

            «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»  ՓԲԸ-ին

                          փոխանցելու մասին

 

Ի գիտություն _________________________________________________________ անվանական արժեթղթերի սեփականատերերին, հայտնում ենք, որ

_________________________________________________________________________

հասցե`  ________________  անվանական արժեթղթերի սեփականատերերի (բաժնետերերի) ռեեստրի վարումն ու պահպանումը «______» __________ -թ-ից իրականացվելու է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ՓԲԸ-ի կողմից (հասցե` _____________________________________________________________):

Անվանական արժեթղթերով (բաժնետոմսերով) կատարված գործառնությունների (գործարքների) գրանցման, հասանելիք անվանական արժեթղթերը (բաժնետոմսերը) կամ անվանական արժեթղթերի (բաժնետոմսերի) հավաստագրերը, ինչպես նաև անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրից քաղվածք ստանալու համար խնդրվում է դիմել «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ՓԲԸ-ին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

24.  06.  1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 329990102

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
09.06.1999
N 127
Հրաման