Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական     Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0045/02/12

    դատարանի որոշում                                            2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0045/02/12

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ի. Վարդանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) հայցի ընդդեմ Արմեն Մկրտչյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արմեն Մկրտչյանից բռնագանձել 2.045.700 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) (այսուհետ` Դատարան) 26.02.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.05.2013 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.02.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Մկրտչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 189-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը և 53-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 6-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ Արմեն Մկրտչյանը հանցավոր արարքը կատարել է 2008 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում, այսինքն` մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-145-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-214 օրենքների ուժի մեջ մտնելը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 30.03.2012 թվականի թիվ ՏԴ/0088/01/11 որոշումից հետևում է, որ եթե տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու պաշտոնատար անձի հակաիրավական գործողության (անգործության) հետևանքով պետությանը պատճառվել է վնաս, ապա այն վնաս պատճառած անձից քաղաքացիաիրավական հայց հարուցելու եղանակով ենթակա է բռնագանձման, եթե հակաիրավական արարքի` գործողության կամ անգործության հետևանքով վնասը պատճառվել է մինչև 2011 թվականի մայիսի 25-ը, այսինքն` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Մկրտչյանը քրեական պատասխանատվությունից ազատվել է ոչ թե «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման, այլ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման կիրառման հիմքով, որն ի տարբերություն առաջինի, վնասը չհատուցած անձանց նկատմամբ համաներումը չկիրառելու արգելք չի նախատեսել: ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերում 2011 թվականին կատարված փոփոխությունները կարգավորում են 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված համաներման ակտի հիման վրա առաջացած հարաբերությունները և վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն, որպիսի պայմաններում նախաքննության ընթացքում վնասը հատուցելու պահանջ չէր կարող դրվել, իսկ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը 2011 թվականի դեկտեմբերի 19-ին կայացված լինելու հանգամանքն ինքնին բավարար չէ պատճառված վնասի հատուցված լինելու կամ այդ կապակցությամբ վեճի բացակայության մասին եզրահանգում կատարելու համար, քանի որ տվյալ դեպքում նշված եզրահանգումը դառնում է առարկայազուրկ և անհիմն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի վերը նշված որոշմամբ արտահայտած դիրքորոշման համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արգելվում է կիրառել դատավարական այն օրենքը, որը վերացնում է կամ սահմանափակում է այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահին դատավարության մասնակցի ունեցած իրավունքը, ինչպես նաև այլ կերպ վատթարացնում է նրա` այդ պահին ունեցած կարգավիճակը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման վերլուծումից երևում է, որ այն ուղղակիորեն կարող է կապված լինել 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված համաներման ակտի հետ և սահմանում է դրա կիրառման արգելքը: Այդ լրացման համաձայն` արգելվում է համաներման հիմքով գործի հարուցումը մերժել, վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ, հետևաբար 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված և 2011 թվականի մայիսի 25-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը փոխկապակցված է համաներման կոնկրետ ակտի հետ և առանց դրա կիրառվել չի կարող:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող, հիմնավոր և պատճառաբանված դատական ակտ, իսկ Դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ դրանում չի հիմնավորվել դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի խախտման կամ սխալ կիրառման առկայությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 14.12.2010 թվականի թիվ 10-3228 եզրակացության համաձայն` «Հայպեռլիտ» ՍՊԸ-ում (այսուհետ` Ընկերություն) ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյան 1 ՀՏ աշխատակցի կողմից 04.10.2010 թվականին կազմված տեղեկանքով հարկային պարտավորությունների առաջադրումը կատարվել է փաստաթղթային ստուգման մեթոդի երեք` փաստաթղթերի ստուգումն ըստ ձևի, թվաբանական և նորմատիվային հետազոտման եղանակների կիրառմամբ, և այն բխում է նախաձեռնողի կողմից սույն փորձաքննությանը տրամադրված նյութերում եղած փաստական տվյալներից: ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյան 1 ՀՏ Հ/Ս բաժնի պետ Գ. Հակոբյանի կողմից 04.10.2010 թվականին կազմված տեղեկանքի դրվագով և սույն փորձաքննությամբ կատարված վերահաշվարկներից ելնելով` փորձագետը գտնում է, որ Ընկերության կողմից լրացուցիչ բյուջե վճարման ենթակա հարկի գումարը տույժի և տուգանքների հետ միասին կկազմի ընդամենը 18330,1 (ԱԱՀ` 7077,7+տուգանք` 7785,5+տույժ` 3466,9) հազար դրամ (1-ին հատոր, գ.թ. 6-10).

2) Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Գ. Աթանեսյանը 27.01.2011 թվականին որոշում է կայացրել Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի կողմից կանխամտածված սնանկության և խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, իսկ Վարդան Վարդազարյանի կողմից կանխամտածված սնանկությանն օժանդակելու վերաբերյալ նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի, 205-րդ հոդվածի 1-ին մասի և 38-193 հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին (1-ին հատոր, գ.թ. 18-19).

3) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ Ն. Ղազարյանը 19.12.2011 թվականին նաև որոշում է կայացրել Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյան 1 հարկային տեսչություն ԱԱՀ-ի հաշվարկները չներկայացնելու միջոցով 2.045.700 ՀՀ դրամի խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դրվագով «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման կիրառման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (1-ին հատոր, գ.թ. 11-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացած վնասի գումարը տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին ընդհանրապես, ինչպես նաև անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել այն դեպքերը, երբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական դատավարության տարբեր փուլերում և տարբեր համաներման ակտերի կիրառմամբ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատախազության` տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացած վնասի գումարը բռնագանձելու հայց ներկայացնելու լիազորության հարցին` արձանագրելով նման լիազորության առկայությունը, ինչպես նաև նման վնասի գանձման համար անհրաժեշտ պայմանների հարցին (ի թիվս այլոց` տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել նշված գործով արտահայտած որոշ դիրքորոշումներ, որոնք առանցքային նշանակություն ունեն սույն բողոքի քննության համար:

Հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության ընթացքում առկա իրավակարգավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ համաներում կիրառելու պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-145-Ն օրենքով կատարված փոփոխությունից հետո նշված գումարների վճարված լինելը պարզելու հարցը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է:

Օրենսդրական գործող կարգավորումը հնարավոր է համարում նաև չվճարված կամ պակաս վճարված հարկերն ու տուրքերը գանձելու հարցին անդրադառնալը մինչև համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Նույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտել է, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում դրանք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու միջոցով կարող են գանձվել մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերը նշված փոփոխության կատարումն իրականացված հակաիրավական արարքների արդյունքում պատճառված վնասի համար, քանի որ նշված փոփոխությունից հետո համաներման ակտի ընդունման և համաներում կիրառելու մասին որոշման առկայության պարագայում գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կամ վնասի հետ կապված վեճի բացակայության կանխավարկածը:

Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Գարիկ Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը (տե՛ս Գարիկ Ղազարյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0088/01/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2012 թվականի որոշումը): 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարվել է լրացում, համաձայն որի` «Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով (ընդունվել է համաներման ակտ) գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ: Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա»:

Զարգացնելով Ա. Հարությունյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժամանակի մեջ քրեադատավարական իրավունքի նորմերի գործողության առանձնահատկությունն այն է, որ գործի քննության կոնկրետ փուլում կիրառման ենթակա են տվյալ պահին գործող քրեադատավարական օրենքի դրույթները` անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեադատավարական օրենք է գործել հանցանքը կատարելու պահին: Ժամանակի մեջ քրեադատավարական օրենքի գործողության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կանոնից միակ բացառությունը նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեադատավարական օրենքի հետադարձ ուժի արգելքին: Նշված արգելքի իմաստով սկսված վարույթի ընթացքում կիրառման ենթակա չէ դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը: Այլ կերպ` սկսված վարույթը շարունակվում է քրեադատավարական հին օրենքին համապատասխան, եթե նոր օրենքով վերացվում, սահմանափակվում են դատավարության մասնակցի իրավունքները կամ այլ կերպ վատթարացվում է նրա վիճակը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակցի իրավունքները և կարգավիճակը կապված են քրեական դատավարության կոնկրետ փուլում որոշակի իրավահարաբերությունների առկայության հետ: Նշված իրավահարաբերությունների առկայությամբ պայմանավորված` քրեական գործով վարույթի ընթացքում դատավարության մասնակիցը ձեռք է բերում տվյալ փուլին բնորոշ կարգավիճակ և դրանից բխող իրավունքներ: ՈՒստի, քրեադատավարական օրենքի փոփոխության հետևանքով անձի իրավունքների սահմանափակման կամ նրա վիճակի վատթարացման մասին դատողություններ անելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել, թե նախքան քրեադատավարական օրենքում փոփոխություն կատարելն անձն արդյոք օժտված է եղել որոշակի իրավունքով, որը սահմանափակվել է, կամ ունեցել է որոշակի կարգավիճակ, որը վատթարացել է օրենքի փոփոխության հետևանքով:

i

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արգելվում է կիրառել դատավարական այն օրենքը, որը վերացնում կամ սահմանափակում է այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահին դատավարության մասնակցի ունեցած իրավունքը, ինչպես նաև այլ կերպ վատթարացնում է նրա` այդ պահին ունեցած կարգավիճակը:

i

Վերը նշված քրեական գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործով քննարկման առարկա հանդիսացող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման վերլուծությունից երևում է, որ այն ուղղակիորեն կապված է համաներման ակտի հետ և սահմանում է դրա կիրառման արգելք: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման համաձայն` արգելվում է համաներման հիմքով գործի հարուցումը մերժել, վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Հետևաբար, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը փոխկապակցված է համաներման կոնկրետ ակտի հետ և առանց դրա կիրառվել չի կարող: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ընդունվել է 2011 թվականի մայիսի 23-ին, «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակվել է 2011 թվականի մայիսի 24-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 25-ին: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 26-ին:

Մեջբերված ժամկետների հետ համադրելով վերոնշյալ վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է, և դրանից բխող իրավահարաբերությունները ծագել են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Այլ կերպ` այն պահին, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում համաներման կիրառման համար սահմանվել է լրացուցիչ արգելք, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը դեռևս ընդունված չի եղել, և դրա հետ կապված որևէ իրավահարաբերություն գոյություն չի ունեցել:

Վերոնշյալ դիրքորոշումները հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածի գործելու հնարավորությանը այն դեպքերում, երբ տնտեսվարող սուբյեկտի տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական դատավարության տարբեր փուլերում և տարբեր համաներման ակտերի կիրառմամբ:

Նախաքննության փուլում քրեական հետապնդումը չիրականացնելը կամ դադարեցնելը համաներման ակտերի կիրառմամբ.

i

1) Դատարանները նմանատիպ գործեր քննելիս պետք է անդրադառնան այն հանգամանքին, թե նախաքննության փուլում քրեական հետապնդումը չիրականացնելու կամ դադարեցնելու համար հիմք է հանդիսացել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման, թե «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման կիրառումը:

Ըստ այդմ,

- եթե քրեական հետապնդումը չի իրականացվել կամ դադարեցվել է մինչև վերոնշյալ օրենսգրքում փոփոխության կատարումը, և կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը, ապա չի կարող գործել պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը, քանի որ հետապնդումը դադարեցնելու պահին գործող քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսել համաներման ակտի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում նյութական վնասի հատուցված լինելու պայման: Իսկ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետը թեև պարունակում է համաներման ակտի կիրառման արգելք, այնուամենայնիվ դա վերաբերում է այն դեպքերին, երբ հատուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված տուժողին հասցված նյութական վնասը: Այլ կերպ` այս դեպքում խոսքը չի վերաբերում նախաքննության փուլում քրեական հետապնդումը չիրականացնելուն կամ դադարեցնելուն և կիրառելի է այն դեպքերի համար, երբ համաներումը կիրառվում է դատապարտյալների նկատմամբ:

- Այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերոնշյալ փոփոխությունից հետո, սակայն կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը, ապա անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ արտահայտված վերոնշյալ դիրքորոշմամբ չի գործում պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը:

- Իսկ այն դեպքում, երբ քրեական հետապնդումը նախաքննության փուլում չի իրականացվել կամ դադարեցվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման կիրառմամբ, գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը:

 

Դատական քննության փուլում քրեական հետապնդումը դադարեցնելը համաներման ակտի կիրառմամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը` (...) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության փուլում դատարանի կողմից քրեական հետապնդումը համաներման ակտի կիրառման հիմքով դադարեցնելու դեպքում սույն բողոքի շրջանակներում քննվող հարցի համատեքստում իրավակարգավորման առանձնահատկությունները չեն տարբերվում նախաքննության ընթացքում նույն հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավակարգավորումից, հետևաբար վերոնշյալ մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև այս դեպքում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ համաներման ակտի կիրառման վերը նշված դեպքերից տարբերվում է այն դեպքը, երբ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս կամ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կիրառվում է համաներում` պատժաչափի կրճատման, պատիժը կրելուց ազատելու ձևով: Նման դեպքերի համար կիրառելի չէ պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը, քանի որ այս իրավիճակում տեղի չի ունենում քրեական հետապնդման դադարեցում:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործով Դատախազությունը, իր հայցապահանջի հիմքում դնելով այն հանգամանքները, որ Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը հարկային տեսչություն հաշվետվություններ չներկայացնելու հետևանքով չարամտորեն խուսափել է ընդհանուր 2.045.700 ՀՀ դրամի չափով հարկի գումարը պետական բյուջե վճարելուց, Արմեն Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` համաներման ակտի ընդունման հիմքով, պահանջել է Արմեն Մկրտչյանից բռնագանձել 2.045.700 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս:

Դատարանը, պատճառաբանելով, որ միայն քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, իսկ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք, մինչդեռ Դատախազությունը որպես իր պահանջը հիմնավորող և դրանից բխող հանգամանքներն արդեն իսկ ապացուցած լինելու հիմնական ապացույց համարում է քննիչի որոշումը, ինչը թույլատրելի չէ, Արմեն Մկրտչյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը երբևէ դատական կարգով քննության չի առնվել, այսինքն` բացակայում է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը, որով կհաստատվեր Արմեն Մկրտչյանի մեղքը կամ նրա կողմից հակաօրինական գործողություն կատարելը, իսկ Արմեն Մկրտչյանի կողմից համաներում կիրառելու դեմ չառարկելը, դրա կիրառման մասին համաձայնություն տալը և այդ հիմքով նույնիսկ հանցագործության կատարման փաստն ընդունելը չի կարող հավասարեցվել անձի մեղավորությանը դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված լինելու` օրենքներով սահմանված պահանջներին, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ չի կարող հիմնավորվել պետությանը վնաս պատճառելու հանգամանքը, Ընկերության հարկային պարտավորությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության նորմերը կիրառելի չեն և քաղաքացիական դատավարության օրենքով սահմանված կարգով քննության ոչ ենթակա, փորձագետի եզրակացությունը վերաբերում է Ընկերության կողմից հարկային տեսչություն ԱԱՀ-ի հաշվարկները չներկայացնելու հետևանքով պետությանը պատճառված վնասի հետ կապված պարտավորությունների չկատարմանը, Արմեն Մկրտչյան ֆիզիկական անձը չի կարող կրել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն, ներկայացված դատահաշվապահական փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ որոշվել է միայն պարտավորության չափը և ոչ թե պետությանը վնաս պատճառելու հանգամանքը, Դատախազությունը չի կարող օգտվել քաղաքացիաիրավական պաշտպանության նշված եղանակից, քանի որ Արմեն Մկրտչյանը հանցագործություն չի կատարել, հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ թեև մասնակի հիմնավորված են վերաքննիչ բողոքի հիմքերը, վերաքննիչ բողոքը մերժելը պատճառաբանել է նրանով, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ընդունվել է 2011 թվականի մայիսի 23-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 25-ին, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-214-Ն օրենքն ընդունվել է 2011 թվականի հունիսի 23-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 23-ին, Արմեն Մկրտչյանի նկատմամբ «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումն ընդունվել է 19.12.2011 թվականին, այսինքն` որոշման կայացման պահի դրությամբ արդեն իսկ ուժի մեջ էին մտել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, այսինքն` նշված որոշման կայացման պահի դրությամբ գործում էր և նշված որոշման նկատմամբ կիրառելի էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ու ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտած վերը նշված փոփոխությունները, և համաներման կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու փաստը օրենսդրական նշված կարգավորման պայմաններում ինքնին բավարար է արձանագրելու պատճառված վնասները հատուցված լինելու կամ այդ կապակցությամբ վեճի բացակայության փաստը, ինչն էլ իր հերթին առարկայազուրկ և մերժման ենթակա է դարձնում դատախազության` պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջը:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ չնայած տվյալ դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված վկայակոչված փոփոխություններից հետո` 19.12.2011 թվականին, սակայն կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը, որի պայմաններում պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը չի գործում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.11.2013
N ԵԱԴԴ/0045/02/12
Որոշում