ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0282/02/12
դատարանի որոշում 2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0282/02/12
Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի նոյեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարիետա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարիետա Գրիգորյանի ընդդեմ Համլետ Գևորգյանի, երրորդ անձ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պարտավորական հարաբերությունների առկայությունը և որպես հետևանք պահանջի իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարիետա Գրիգորյանը պահանջել է ճանաչել իր և Համլետ Գևորգյանի միջև պարտավորական հարաբերությունների առկայությունը, որով Համլետ Գևորգյանի պարտավորությունը Մարիետա Գրիգորյանի հանդեպ կազմում է 24.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` որպես իր և Համլետ Գևորգյանի միջև առկա պարտավորական հարաբերությունների և Համլետ Գևորգյանի գործողությունների հետևանք` ճանաչել Մարիետա Գրիգորյանի պահանջի իրավունքը Երևանի 33-րդ թաղամասում Ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի 2-րդ մասնաշենքի 14-րդ հարկի 61,6քմ մակերեսով թիվ 1405 բնակարանի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 18.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.05.2013 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 18.06.2012 թվականի վճիռը բեկանվել, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիետա Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 39-րդ հոդվածի «գ» կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մարիետա Գրիգորյանն իր պահանջի իրավունքը ճանաչելու մասին հայցը Դատարան ներկայացրել է սնանկության վարույթի հարուցումից դեռևս ութ ամիս առաջ: Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հետևում է, որ սնանկության գործով կառավարչի վրա է դրված պարտականությունը` ճշտելու, թե արդյոք առկա են պարտապանի դեմ հարուցված դատական վարույթներ` դրանցում ներգրավվելու համար: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքին կից բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ սնանկության գործով կառավարիչը բարեխղճորեն կատարել է իր այդ պարտականությունը: Բացի այդ, Դատարանի վճիռը կայացվել է 18.06.2012 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոք է ներկայացվել միայն 12.03.2013 թվականին: Այսինքն` ամեն դեպքում սնանկության գործով կառավարչի գործողություններում առկա է իրավունքի չարաշահում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.06.2012 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, դրանցից յուրաքանչյուրը գնահատել է մյուս ապացույցների հետ համադրման սկզբունքից ելնելով, և հանգել է ճիշտ եզրակացության առ այն, որ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի վճռով Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Մարիետա Գրիգորյանի հայցն ընդդեմ Համլետ Գևորգյանի` պարտավորական հարաբերությունների առկայությունը և որպես հետևանք պահանջի իրավունքը ճանաչելու պահանջների մասին Դատարանի 18.06.2012 թվականի վճռով բավարարվել է, նշված դատական ակտը կողմերի կողմից չի բողոքարկվել (հատոր 1-ին, գ.թ. 102-112):
2) Սոնյա Ղարիբյանի դիմումը` Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, վարույթ է ընդունվել 25.05.2012 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0049/04/12 որոշմամբ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը (հատոր 2-րդ, գ.թ. 29):
3) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի թիվ ԵԿԴ/0049/04/12 վճռով Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 29-30):
4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը (հատոր 2-րդ, գ.թ. 27-28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանի մասնակցությամբ դատավարություններում սնանկության ժամանակավոր կառավարչի ներգրավման իրավական խնդրին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերաքննիչ բողոքարկման իրավունք վերապահել է միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, սակայն վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման համար անձը նախ և առաջ պետք է օժտված լինի վարույթի կողմ լինելու ունակությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության վարույթի տարբեր փուլերում նախատեսել է սնանկության ժամանակավոր կառավարչի և կառավարչի մասնակցությունը, որոնք սնանկության իրավահարաբերությունների տարբեր սուբյեկտներ են` ինքնուրույն գործառույթներով:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի և 22-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից հետևում է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը սնանկության վարույթին մասնակցում է մինչև կառավարչի նշանակումը կամ մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Այսպես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` սնանկության ժամանակավոր կառավարիչը մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերով նախատեսված լիազորությունները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է սնանկության կառավարչի լիազորությունները: Մասնավորապես, սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`
ա) դատարանի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն:
բ) սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում.
գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.
դ) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների և նրանց վարձատրում է պարտապանի հաշվին.
ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.
զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.
է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.
ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.
թ) հիմնական կապիտալի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին հինգ առևտրային բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.
ժ) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը.
ժա) հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ.
ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի լիազորությունները, ի տարբերություն սնանկության կառավարչի, սահմանափակ են և կրում են սպառիչ բնույթ: Մասնավորապես, սնանկության ժամանակավոր կառավարիչն իրականացնում է հետևյալ լիազորությունները` կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար, ինչպես նաև վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում: Օրենսդրական նման կարգավորումը պայմանավորված է մինչ սնանկ ճանաչվելը և սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով: Մինչ սնանկ ճանաչվելը պարտապանն ինքնուրույն է իրացնում իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև` դատավարական, հետևաբար օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչին վերապահել է սահմանափակ լիազորություններ: Մինչդեռ, սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի որոշ իրավունքներ, այդ թվում նաև` դատավարական, իրացնում է կառավարիչը: Մասնավորապես, վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:
Վերը շարադրվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված չէ դատավարական իրավունակությամբ, հետևաբար նաև` վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքով, և պարտապանի մասնակցությամբ դատավարություններում նրան ներգրավելու անհրաժեշտությունը բացակայում է:
Նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գալիս է հետևյալ եզրահանգման.
Սույն գործի փաստերի համաձայն` Մարիետա Գրիգորյանի հայցն ընդդեմ Համլետ Գևորգյանի` պարտավորական հարաբերությունների առկայությունը և որպես հետևանք պահանջի իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Դատարանի 18.06.2012 թվականի վճռով բավարարվել է: Սոնյա Ղարիբյանի դիմումը` Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, վարույթ է ընդունվել 25.05.2012 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0049/04/12 որոշմամբ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի թիվ ԵԿԴ/0049/04/12 վճռով Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը:
Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել 07.02.2012 թվականին, վճիռը կայացվել է 18.06.2012 թվականին, Հակոբ Ասոյանը գործի քննությանը մասնակից չի դարձվել, մինչդեռ Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ է ընդունվել, և Հակոբ Ասոյանը սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2012 թվականի որոշմամբ, հետևաբար բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում և մինչև քննության ավարտը պատասխանող Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ առկա չի եղել, որպիսի պարագայում վերջինս հանդիսացել է դատավարական իրավահարաբերությունների լիարժեք սուբյեկտ և սույն գործի շրջանակներում ինքնուրույն իրականացրել է իր դատավարական իրավունքները և պարտականությունները: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում և մինչև քննության ավարտը Հակոբ Ասոյանը նշանակված էր որպես պատասխանող Համլետ Գևորգյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ, հետևաբար իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, օժտված չլինելով դատավարական իրավունակությամբ, բացակայել են վերջինիս գործի քննությանը ներգրավելու հիմքերը: Նշված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ժամանակավոր կառավարիչը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, որով զրկվել իր դատավարական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավունքներ սնանկության ժամանակավոր կառավարչին վերապահված չլինելու պարագայում վերջինիս գործին մասնակից չդարձնելը չի կարող հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված որևէ իրավունքի խախտման:
Միաժամանակ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հիմքով կարճման ենթակա է միայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին դատարանի վարույթում քննվող (ընթացիկ) քաղաքացիական գործի վարույթը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությունն ավարտվել է 04.06.2012 թվականին, և վճիռը հրապարակվել է 18.06.2012 թվականին, որպիսի դատական ակտը կողմերի կողմից չի բողոքարկվել: Համլետ Գևորգյանը սնանկ է ճանաչվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի վճռով, այսինքն` սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին սույն գործն ընթացիկ չի եղել: Այն ընթացիկ չէր կարող համարվել նաև վերաքննության փուլում` նկատի ունենալով վերաքննիչ բողոք բերելու իրավունքի բացակայությունը, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը քննարկվող պարագայում կիրառելի չէ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը, ինչպես նաև այն, որ առաջին ատյանի դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից չի բողոքարկվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2012 թվականի վճռին:
2. Հակոբ Ասոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան