Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1136.240114

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 597-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 հունվարի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Ա. Վարդևանյանի, նույն վարչության աշխատակիցներ Ս. Յուզբաշյանի և Ա. Մարգարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի, ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 18.05.2013թ. և 25.10.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Սահմանադրական դատարանի 05.11.2013թ. ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշմամբ որոշվել է սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված` «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը միավորել և քննել դատարանի նույն նիստում` բանավոր ընթացակարգով, որպես պատասխանող կողմ դատավարությանը նաև ներգրավելով «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներն ընդունած մարմնին` ՀՀ Ազգային ժողովին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, հետազոտելով «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թվականի ապրիլի 14-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1999 թվականի մայիսի 8-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 14-ին:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2005 թվականի հունվարի 18-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի մարտի 2-ին:

«Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 597-Ն որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2012 թվականի ապրիլի 26-ին, ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել` 2012 թվականի մայիսի 16-ին և ուժի մեջ է մտել 2012 թվականի մայիսի 24-ին:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի` «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները» վերտառությամբ 5-րդ հոդվածը սահմանում է. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության և բնապահպանական աշխարհայացքի դաստիարակությունը.

2) կրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին` պետական պարտադիր նվազագույնի ապահովմամբ.

3) կրթության բնագավառում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը.

4) միջազգային կրթական համակարգում ինտեգրացումը.

5) սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելը.

6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը.

7) ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը.

8) պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում քաղաքացիների կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը.

9) ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը»:

Նույն օրենքի` «ՈՒսումնական հաստատության ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 15-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի` «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է. «Բարձրագույն ուսումնական հաստատությունը` ... ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում»:

Նույն օրենքի` «Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում» վերտառությամբ 14-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

ՀՀ կառավարության վիճարկվող որոշումը սահմանում է հետևյալը.

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 238-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 686-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

ՀՀ կառավարության վիճարկվող որոշման հավելվածով սահմանվում է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը` հետևյալ գլուխներով. I. Ընդհանուր դրույթներ, II. Միասնական, կենտրոնացված քննությունների հայտագրումը, III. Ընդունելության դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունումը, IV. Մասնագիտությունների հայտագրումը, V. Ընդունելության դիմում-հայտերն ուղղելը և փաստաթղթերը հետ վերցնելը, VI. Ընդունելության դիմում-հայտերի հաստատագրումը, VII. Կենտրոնացված և ներբուհական քննության` կորցրած քննական թերթիկի վերականգնումը, VIII. Միասնական քննությունների կազմակերպումը, անցկացումը և բողոքարկումը, IX. Կենտրոնացված ընդունելության քննությունների (բանավոր և գրավոր) կազմակերպումը, անցկացումը և բողոքարկումը, X. Ներբուհական ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը, XI. Ներբուհական և կենտրոնացված քննությանը չներկայացած դիմորդների` լրացուցիչ քննությունների կազմակերպումը, XII. Բուհերի ընդունելության մրցույթի անցկացումը, XIII. Ընդունելության քննությունների հանրապետական ընդունող հանձնաժողովը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեպետ դիմողը վիճարկել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ամբողջությամբ, այդուհանդերձ, նրա հիմնավորումները վերաբերում են բացառապես նշված հոդվածի 7-րդ կետի դրույթին: Բացի դրանից, ՀՀ կառավարության վերը նշված որոշման առնչությամբ դիմողն ըստ էության վիճարկում է միայն նշված որոշման հավելվածով սահմանված կարգի 6-րդ կետի սահմանադրականությունը: Համաձայն նշված կետի` «Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններն են: Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն)»:

2. Վիճարկվող օրենքների առնչությամբ դիմողի դիրքորոշումները հանգում են հետևյալին. «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանվում են բուհերի ինքնավարության սկզբունքները, սակայն դրանք ձևակերպված չեն բավարար հստակությամբ և պարզ չեն դրանց սահմանները: ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածն ինքնին երաշխավորում է ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, և սահմանադիրն այդ հաստատությունների ինքնավարության սկզբունքների սահմանումը թողել է օրենսդրի հայեցողությանը: Նման նորմ նախատեսելը նաև բացառում է հետագայում այնպիսի իրավիճակ, որտեղ բուհերը կարող են զրկվել ինքնավարության սկզբունքներից:

Վկայակոչելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետով որպես սկզբունք ամրագրված` ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը, դիմողն արձանագրում է, որ «ողջամտություն» եզրույթով օրենսդիրը չի խախտել սահմանադրական երաշխիքը, սակայն փաստում է, որ նշված հոդվածով օրենսդրական որևէ սահման հստակ ամրագրված չէ, ուստի այն տարաբնույթ մեկնաբանությունների ռիսկ է պարունակում: Հետևաբար, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Սանդի Թայմսն» ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 26.04.1979թ. վճիռը, ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-753 որոշումը, դիմողը գտնում է, որ այն առաջացնում է իրավական որոշակիության սկզբունքի հետ անհամապատասխանության խնդիր:

Ըստ դիմողի` իրավական որոշակիության խնդիր են առաջացնում նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կարգավորումները: Դիմողը գտնում է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված «ուսումնական գործընթացի կազմակերպում» հասկացությունը նույնպես անորոշ է և, առաջին հերթին, կարող է ենթադրել բուհի ինքնավարությունն ընդունելության, ուսուցման և ավարտական գործընթացների կազմակերպման բնագավառում: Ըստ դիմողի` ուսումնական գործընթացն սկսվում է ուսանողին ընդունելուց, ինչը բուհի ինքնուրույնությունը և անկախությունը երաշխավորող հիմնական ինստիտուտն է, և այն ընդունված է մի շարք երկրներում (Ֆինլանդիա, Չեխիա, Էստոնիա և այլն):

Ինչ վերաբերում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի վիճարկվող դրույթներին, ապա, դիմողի կարծիքով, դրանց առնչությամբ խնդիր է առաջանում այնքանով, որքանով դրանք հնարավորություն են նախատեսել Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքը սահմանափակել կառավարության որոշմամբ: Նշված կարծիքը դիմողը հիմնավորում է` հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին, համաձայն որի` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

ՀՀ կառավարության վիճարկվող որոշման առնչությամբ դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 39-րդ, 83.5-րդ և 85-րդ հոդվածների պահանջներին:

Իր տեսակետը հիմնավորելու համար, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, որոնք, համապատասխանաբար, ամրագրում են, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով և ուսումնական հաստատությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով, դիմողն արձանագրում է, որ բուհերն իրենց ինքնավարությունն իրականացնում են ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքների հիման վրա: Դիմողն արձանագրում է նաև, որ ըստ օրենսդրության` բուհերն ինքնուրույն են որոշելու ինչպես ուսումնական գործունեությանը, այնպես էլ ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հարցերը և եզրահանգում, որ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համատեքստում որևէ օրենքով նախատեսված չէ բուհի` որպես իրավաբանական անձի իրավունքների նման սահմանափակում, և որ կառավարության որոշումներն ընդունվում են ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի կամ ՀՀ Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա և դրանց կատարումն ապահովելու նպատակով:

Հղում կատարելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որը սահմանում է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունը` ... ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում», դիմողը գտնում է, որ դրանում օգտագործված` «ուսումնական գործընթացի կազմակերպում» հասկացությունը, առաջին հերթին, ենթադրում է բուհերի ինքնավարությունն ընդունելության, ուսուցման և ավարտական գործընթացների կազմակերպման բնագավառներում: Ըստ դիմողի` ուսումնական գործընթացն սկսվում է ուսանողին ընդունելուց, ինչը բուհերի ինքնուրույնությունը և անկախությունը երաշխավորող հիմնական ինստիտուտն է, և այն ընդունված է մի շարք երկրներում: Ընդունելության կազմակերպումը` որպես բուհերի կարևորագույն իրավասություններից մեկը, հստակ սահմանված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է` ... ըստ կրթական ծրագրերի` դիմորդների, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը ...»:

Անդրադառնալով միջազգային փորձին և, մասնավորապես, հղում կատարելով Բերգենի հռչակագրին և «Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիայի» (ENQA) զեկույցին (ENQA report on «Standards and Guidelines for Quality Assurance in the European Higher Education Area», Third Edition, 2009, Helsinki, p.11.), նշելով, որ բուհերի ինքնավարության սկզբունքը Բոլոնիայի գործընթացի և կրթության բնագավառի միջազգային իրավական սկզբունքներից մեկն է, դիմողը վերոգրյալի հիման վրա գտնում է, որ ՀՀ կառավարության վիճարկվող որոշմամբ միայն «Գնահատման և թեստավորման կենտրոնի» համար նման լիազորություն նախատեսելը և գործնականում բուհերին ընդունելության քննությունների կազմակերպման իրավասությունից զրկելը կարող է առաջացնել Սահմանադրությամբ ամրագրված և միջազգային իրավունքում ընդունված` ինքնավարության սկզբունքից բխող` բուհերի ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքների ոչ իրավաչափ սահմանափակման իրական ռիսկ:

3. Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչը, սույն գործով վիճարկվող օրենքների դրույթների առնչությամբ առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ դիմողը վիճարկում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետում տեղ գտած «ողջամիտ» եզրույթի` ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության հարցը` իրավական որոշակիության սկզբունքին հակասելու հիմնավորմամբ, որի կապակցությամբ պատասխանողն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նշված եզրույթի էությանը, դրա որոշակիության աստիճանին և ըստ այդմ` հարակից համապատասխան իրավակարգավորումների կանխատեսելի լինելու հնարավորությանը: Ըստ պատասխանողի` վերը հիշատակված «ողջամիտ» եզրույթը և «պատշաճ», «բարեխիղճ» եզրույթները լինելով գնահատողական հասկացություններ, որոշակիության իրենց աստիճանն են ստանում յուրաքանչյուր օրենքի կարգավորման համատեքստում: Այսինքն` եթե օրենքի ընդհանուր բովանդակությունից, այլ հոդվածներում տեղ գտած ձևակերպումներից հնարավոր է որոշել, սահմանել և կանխատեսել նշված եզրույթներից յուրաքանչյուրի բովանդակային առանձնահատկությունը` տվյալ օրենքի իրավական կարգավորման տիրույթում գտնվող հասարակական հարաբերությունների առնչությամբ, ապա դրանց առկայությունն օրենքում ամենևին հակասության մեջ չի մտնում իրավական օրենքի և իրավական պետության հայեցակարգի հետ: Նման եզրույթների առկայությունը, ըստ պատասխանողի, ընդամենը հնարավորություն է տալիս օրենքի կամ երբեմն ենթաօրենսդրական ակտի միջոցով ապահովել առավել ճկուն իրավակարգավորումներ: Ակնհայտ է, որ, ըստ դիմողի, դիմումատուն ՀՀ կառավարության թիվ-597-Ն որոշման` ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության հարցը բարձրացնելիս դրսևորել է այնպիսի մոտեցում, որով կասկածի տակ անգամ չի դրվել ներկայումս վիճարկվող նորմերի և, մասնավորապես, «ողջամիտ» եզրույթի ՀՀ Սահմանադրությունից բխելու փաստը: Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող ակտում հիշատակված «ողջամիտ» եզրույթի առկայությունը որևէ խնդիր չի առաջացնում որոշակիության տեսանկյունից: Անդրադառնալով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին` պատասխանողն արտահայտում է այն դիրքորոշումը, համաձայն որի` վերջինս սահմանում է այն պետական իրավասու մարմինը, որը կարող է սահմանել ընդունելությանը ներկայացվող պահանջները` պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար. դա ՀՀ կառավարությունն է: Այսինքն` տվյալ նորմի կարգավորման շրջանակը սովորողների ընդունելության կազմակերպման նպատակով որոշակի գործառույթների վերապահումն է համապատասխան մարմնին: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներն առավել մանրամասնում են բուհերում սովորողների ընդունելության հետ կապված հարաբերությունների իրավակարգավորումը: Այսպես, վերոնշյալ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ամրագրում է բուհին վերապահված ինքնավարության շրջանակներն ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտում, իսկ 14-րդ հոդվածի 5-րդ մասը դարձյալ նշում է այն իրավասու մարմնին, որը պետք է սահմանի բուհերի ընդունելության կարգը: Ավելին` պատասխանողը գտնում է, որ բարձրացնելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի հետ համապատասխանության մասին հարցը, դիմողը չի ներկայացրել այնպիսի հիմնավորում, որը կվկայեր տվյալ վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված` բուհերի ինքնավարության սկզբունքի միջև ծագող հակասությունը: Ըստ դիմողի` բոլոր կատարված շեշտադրումները միտված են «ուսումնական գործընթաց» հասկացության բացահայտմանը և դրանում ընդունելության քննությունների կազմակերպման փուլի ընդգրկվածության հարցի քննարկմանը: Բուհերում ընդունելության կարգի սահմանումը կամ սովորողների ընդունելությանը ներկայացվող պահանջների սահմանումը ՀՀ կառավարությանը վերապահելը որևէ կերպ չի հանդիսանում բուհերի իրավունքների սահմանափակում, այն պարզապես ենթադրում է որոշակի գործառույթների իրականացում ընթացակարգային հարցերի լուծման կամ համապատասխան չափորոշիչների որոշման միջոցով:

Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը սույն գործով վիճարկվող որոշման մասով առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ ՀՀ կառավարության վիճարկվող որոշումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 39-րդ, 83.5-րդ և 85-րդ հոդվածներին և միջազգային իրավունքի համապատասխան նորմերին:

Իր տեսակետը հիմնավորելու համար պատասխանողն արձանագրում է, որ ՀՀ կառավարության վիճարկվող որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության իրավասության տիրույթում` հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնցով ՀՀ կառավարությանն իրավասություն է վերապահված սահմանելու պետական բուհերի ընդունելության կարգը և պետական և ոչ պետական բուհերում ընդունելության պահանջները:

Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, համաձայն որի` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում օգտագործված` «ուսումնական գործընթացի կազմակերպում» հասկացությունը, առաջին հերթին, ենթադրում է բուհերի ինքնավարությունն ընդունելության, ուսուցման և ավարտական գործընթացների կազմակերպման բնագավառներում, պատասխանողը, վկայակոչելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ կառավարության վիճարկվող որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 6-րդ, 14-րդ կետերը, գտնում է, որ ընդունելությունն ուսումնական գործընթացի մաս չի կազմում և «ընդունելության կազմակերպում» և «ընդունելության քննությունների կազմակերպում» հասկացությունները տարբեր հասկացություններ են:

Վերոգրյալի հիման վրա պատասխանողը գտնում է, որ բուհերն ընդունելության քննությունների կազմակերպում չեն իրականացնում, բացառությամբ ՀՀ կառավարության վիճարկվող որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետով սահմանված դեպքերի, որոնք վերաբերում են ներբուհական քննություններին:

Անդրադառնալով դիմողի մատնանշած միջազգային փորձին և արձանագրելով, որ ՀՀ օրենսդրությամբ լիարժեք բացահայտված չեն «բուհական ինքնավարություն» և «ակադեմիական ազատություն» հասկացությունների բովանդակությունները, և որ բուհական ինքնավարությունն այն սկզբունքներից է, որը տարբեր կերպ է ընկալվում, իսկ անգամ շատ հաճախ` հակասական` պայմանավորված տարբեր երկրներում կրթական ոլորտում եղած ավանդույթներով, ներկայացնելով ԵՄ շրջանակներում գործող ընդունելության քննությունների կազմակերպման 3 համակարգերը, որոնք ներառում են ընդունելության չափանիշների սահմանումը ոչ միայն բուհի կողմից կամ բուհի մասնակցությամբ, այլ նաև արտաքին մարմնի կողմից, պատասխանողը գտնում է, որ նշված 3 համակարգերն էլ ներկայումս դիտարկվում են բուհական ինքնավարության շրջանակներում` կախված տվյալ պետության` համապատասխան ոլորտում իրականացվող քաղաքականության առանձնահատկություններից:

4. Սույն գործով վիճարկվող օրենքների դրույթների վերաբերյալ դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջի առկայության պայմաններում, սահմանադրական դատարան դիմում է ներկայացվել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների` ըստ էության ոչ այնքան ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին, որքան ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխանության հարցով, ինչը դուրս է գալիս դիմողի իրավասության շրջանակներից:

Առաջադրված հարցերի հիմնական մասն իր լուծումը կարող էր գտնել օրենքի միատեսակ կիրառման սահմանադրական իրավասության շրջանակներում` ձևավորելով նաև համարժեք իրավակիրառական պրակտիկա:

Միաժամանակ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետը` սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ կառավարության` սույն գործով վիճարկվող թիվ 597-Ն որոշման մասով, այն պատճառաբանությամբ, որ այդ մասով դիմողն առաջադրում է սահմանադրական դատարանի իրավասությանը ոչ ենթակա հարց, այն է` ըստ էության առաջադրվում է ՀՀ կառավարության որոշման` ՀՀ օրենքներին համապատասխանության, օրինականության խնդիր: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմողը կարող էր ՀՀ կառավարության` սույն գործով վիճարկվող թիվ 597-Ն որոշումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնել, ինչը, թերևս, կարող էր հանդիսանալ բուհերի իրավունքների հնարավոր պաշտպանության միջոց:

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածը սահմանում է, որ. «Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը»:

Նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ. «Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը ...»:

Ակնհայտ է, որ նման պարագայում սահմանադրական դատարանը պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջով և հաշվի առնի, որ ՀՀ կառավարության որոշման օրինականության հարցը վարչական արդարադատության շրջանակներում նախ պետք է դառնա համապատասխան իրավասու դատարանում վիճարկման առարկա:

5. Անդրադառնալով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներին, սույն գործով դիմումների, դրանցով վիճարկվող իրավական նորմերի, դիմումներին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը սահմանադրական դատարանի առջև ըստ էության բարձրացնում է այն հարցը, թե ինչու՞ է ինքնավար բուհերի փոխարեն ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Դիմողի կողմից բարձրացված` վերը նշված հարցադրման կապակցությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. նախ` ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 4-րդ մասը նախ և առաջ ուղղված է նույն հոդվածի 1-ին մասով ամրագրված` կրթության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրացմանը, երկրորդ` ՀՀ Սահմանադրությունը որևէ ձևով չի կանխորոշել բուհերի ինքնավարության սահմանները և Սահմանադրության 39-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դրա բովանդակության բացահայտումը և սահմանների ամրագրումը վերապահվել է օրենսդրի հայեցողությանը, երրորդ` ցանկացած իրավական սկզբունք իր բովանդակությամբ տարբերվում է կոնկրետ կարգավորիչ նշանակություն ունեցող նորմերից և դրա բովանդակությունը բացահայտվում է վերջիններիս միջոցով, չորրորդ` կարևորելով հասարակության զարգացման գործում կրթության իրավունքը և այն երաշխավորելով սահմանադրական մակարդակով` պետությունն ստանձնում է որակյալ կրթություն ապահովելու պարտականություն, ինչը նաև կանխորոշում է միաժամանակ և՛ պետության, և՛ բուհի կողմից կրթության բնագավառում գործունեություն ծավալելու հնարավորությունը և անհրաժեշտությունը, հինգերորդ` որակյալ կրթություն ապահովելու` պետության պարտականությունից բխում է կրթական քաղաքականության իրականացումը` ներառյալ կրթության որակի նվազագույն շեմի ապահովումը, վեցերորդ` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ամրագրում է կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները` բուհերի ինքնավարության առնչությամբ ամրագրելով «ողջամիտ» եզրույթը, դրանով փորձ է արվել բացահայտել պետության և բուհի` կրթության բնագավառում ծավալած գործունեության շրջանակները, յոթերորդ` օրենսդիրը, սահմանելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները», դրանք դիտել է որպես մեկ միասնական փոխկապակցված համակարգ, որոնք ամբողջական են դառնում միայն իրենց միասնության մեջ, և որոնցից ոչ մեկը չի կարող կրել բացարձակ բնույթ և յուրաքանչյուրը կոչված է փոխլրացնելու մյուսներին` ստեղծելով ներդաշնակ ամբողջություն: Գործնականում, սակայն, «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով օրենսդիրը փորձել է ոչ հստակ կանոնակարգվածությամբ ուրվագծել բուհերի վարչական, ֆինանսական, կազմակերպչական և ակադեմիական ազատությունների սահմանները:

Սահմանադրական դատարանը համամիտ է այն մոտեցմանը, որ բուհերի ողջամիտ ինքնավարությունը չի ենթադրում բուհերի բացարձակ անկախություն: Բուհերի ողջամիտ ինքնավարության շրջանակները պայմանավորված են որակյալ կրթություն ապահովելու նպատակով կրթության բնագավառում պետության` օրենքի հիման վրա իրականացվող քաղաքականության շրջանակներով: ՈՒստի սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներում առկա է իրավական անորոշություն: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը կիսում է դիմողի մտահոգությունն այն մասին, որ վեճի առարկա օրենքներում ձևակերպումներն առավել մեծ չափով կարող էին համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին և երկիմաստություն չառաջացնեին: Սակայն այդ երկիմաստությունը դեռևս փորձ չի արվել հաղթահարել օրենքի միատեսակ կիրառման շրջանակներում, իսկ մեկնաբանությունները հայեցողական բնույթ ունեն: Այդուհանդերձ, օրենքի նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ դիմողի մտահոգության շրջանակներում, օրենսդրական բարեփոխումների խնդրի առկայությամբ հանդերձ, առկա չէ սահմանադրականության խնդիր:

Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված` «ուսումնական գործընթացի կազմակերպում» հասկացության իրավական անորոշության վերաբերյալ դիմողի փաստարկներն այն պատճառաբանությամբ, որ նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում բուհերի դիմորդների ընդունելությունը տարանջատված է ուսումնական գործընթացի կազմակերպումից:

Բացի նշվածից, սահմանադրական դատարանը նպատակահարմար է համարում արձանագրել, որ «ընդունելության կազմակերպում» և «ընդունելության քննությունների կազմակերպում» արտահայտությունները չեն կարող ունենալ միևնույն բովանդակությունը, իսկ միասնական, կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունների կազմակերպումը և անցկացումն այլ կառույցների կողմից` կոչված է սոսկ նախատեսելու թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերում ըստ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման ներդաշնակ չափանիշներ` սահմանելով որակի այն նվազագույն շեմը, որից ցած հնարավոր չէ երաշխավորել համապատասխան մասնագիտություններով բարձրագույն կրթություն տրամադրելու անհրաժեշտ նախադրյալները: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները բուհերի համար չեն առաջացնում ընդունելության համար հավելյալ չափանիշներ կամ պահանջներ սահմանելու որևիցե խոչընդոտ` դրանով իսկ երաշխավորելով համապատասխան բուհի ինքնավարության անքակտելիությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման մասով գործի վարույթը կարճել:

i

2. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 հունվարի 2014 թվականի

ՍԴՈ-1136

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.01.2014
N ՍԴՈ-1136
Որոշում