Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԱՔԴ/0009/11/13
Գործ թիվ   ԵԱՔԴ/0009/11/13
Նախագահող դատավոր`   Գ. Ավետիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Կ. Աբրահամյանի
մասնակցությամբ
դատախազ Գ. Գասպարյանի

   

    2013 թվականի սեպտեմբերի 13-ին                           ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ դատախազ Գ.Գասպարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում 2011 թվականի մայիսի 31-ին հարուցվել է թիվ 14113611 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2011 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:

2. ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ թիվ 14113611 քրեական գործով Ն.Սուքիասյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 90277311 համարը:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում 2012 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թիվ 90277311 քրեական գործի վարույթը կարճվել է, և Ա.Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ բավարարվել է Ն.Սուքիասյանի ներկայացուցիչ Ս.Շարբաթյանի բողոքը` վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել թիվ 90277311 քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը և վերսկսել քրեական գործի վարույթը:

3. Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Զ.Խորասանյանի 2012 թվականի մարտի 23-ի որոշմամբ վերացվել է թիվ 90277311 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2012 թվականի փետրվարի 1-ի որոշումը և քրեական գործի վարույթը վերսկսվել է:

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վ.Հակոբյանի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ թիվ 90277311 քրեական գործով Ա.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի 2012 թվականի սեպտեմբերի 21-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Բաղդասարյանը 2012 թվականի հոկտեմբերի 10-ին դիմում է ներկայացրել քննիչ Վ.Հակոբյանին` հայտնելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, և խնդրում է իր նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը (այսուհետ նաև` Համաներման ակտ) և քրեական հետապնդումը դադարեցնել:

Նախաքննության մարմինը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով դադարեցրել է:

Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 90277311 քրեական գործի վարույթը կարճվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիմքով:

Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչ Վ.Հակոբյանի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումների դեմ Ա.Բաղդասարյանի բողոքը ՀՀ զինվորական դատախազ Գ.Կոստանյանի 2013 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մերժվել է:

4. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի բողոքը` քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչ Վ.Հակոբյանի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումները վերացնելու պահանջի վերաբերյալ, մերժվել է:

Ա.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի հունիսի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 19-ի որոշումը` վերացրել: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել Ա.Բաղդասարյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Գ.Գասպարյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ դատախազ Գ.Գասպարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ա.Բաղդասարյանը` նշելով որ նախաքննության ընթացքում համաներում կիրառելու վերաբերյալ համաձայնություն տալու իր իրավունքից օգտվելը` անկախ նրանից, գիտակցել է դրա իրավական հետևանքները, թե ոչ, մեկնաբանվել է ի վնաս իրեն, իր համար առաջացրել անբարենպաստ հետևանքներ: ՈՒստի, խնդրել է դատախազ Գ.Գասպարյանի վճռաբեկ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

6. Ա.Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, ծառայելով ՀՀ ՊՆ 79512 զորամասում որպես գլխավոր ինժեներ-հրամանատարի տեխնիկական մասի գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, 2007թ. մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում քաղաքացի Նունե Րաֆֆիի Սուքիասյանին պարտքով տվել է 22.000 ԱՄՆ դոլար և 2.000 եվրո ու մինչև 2011թ. սկիզբը, յուրաքանչյուր ամիս որպես տոկոսադրույք նրանից ստացել է տրված գումարի 10 տոկոսը, որը գերազանցում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը» (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, թերթեր 102-107):

i

7. «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ քննիչը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, թիվ 90277311 քրեական գործով Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով` արձանագրելով` «(...) Ինչ վերաբերվում է Ա.Բաղդասարյանի կողմից ՀՀ քր. օր-ի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելուն, ապա թեև նա կատարել է հանցանք, սակայն նկատի ունենալով, որ 26.05.2011թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու» մասին որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն անձինք, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, ինչպես նաև կարճվում են մինչև 01.05.2011թ. կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերը: Տվյալ պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժի առավելագույն ժամկետը երկու տարի ժամկետով ազատազրկում է, արարքը կատարվել է մինչև 01.05.2011թ., իսկ Ա.Բաղդասարյանը 11.10.2012թ. դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժին և խնդրել, որ իր նկատմամբ կիրառվի 26.05.1011թ. ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման պահանջները: (...)» (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, թերթեր 144-151):

i

8. Քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ թիվ 90277311 քրեական գործի վարույթը կարճվել է սույն որոշման նախորդ կետում շարադրված հիմնավորմամբ (տե՛ս նյութեր, թերթեր 152-154):

i

9. Առաջին ատյանի դատարանը, քննելով դիմող Ա.Բաղդասարյանի բողոքը, գտել է, որ «ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վ.Հակոբյանի 25.10.2012թ. քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները կայացվել են օրենքին համապատասխան և որևէ անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 41-45):

i

10. Վերաքննիչ դատարանը վերացրել է Առաջին ատյանի դատարանի որոշումը` արձանագրելով, որ «(...) քննիչը միաժամանակ վերոնշյալ [քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին] որոշումների պատճառաբանական մասերում դատողություններ անելով դիմող Ա.Բաղդասարյանին մեղսագրված արարքի հիմնավորված, ապացուցված լինելու, ապացույցները գնահատելու մասին, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և ՀՀ ԱԺ «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման պահանջները:

Քննիչը որոշման պատճառաբանական մասում, ապացուցված համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Բաղդասարյանին մեղսագրված արարքը և դրան տալով իրավական գնահատական, խախտել է վերջինիս իրավունքները և ազատությունները:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդման մարմինը համաներման ակտը կիրառելու համաձայնության մասին դիմում ներկայացնելու պայմաններում իրավունք չուներ Ա.Բաղդասարյանին մեղսագրված արարքի ապացուցված լինելու մասին տվյալներ նշել, որոնք կարող են նրա համար իրավական հետևանքներ առաջացնել:

Մեղադրանքի կողմի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նյութերի նախապատրաստման կամ քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո, ինչպես նաև Դատարանում` դատաքննության ընթացքում, երբ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի մեղավորության փաստը հաստատելու մասին դեռևս լիարժեք ապացույցներ ձեռք չեն բերվել, այդպիսիք չեն վերլուծվել, հետազոտվել և գնահատվել, համաներման ակտը կիրառելու մասին համաձայնություն ստանալուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է շարունակեր նյութերի նախապատրաստումը, քրեական գործի քննությունը, ապացուցեր անձի կողմից հանրորեն վտանգավոր արարքի կատարման հանգամանքը, ինչից հետո միայն քննարկեր համաներման ակտը կիրառելու հարցը: Մինչդեռ, օրենսդիրը նման պայման չի նախատեսել` սահմանել է, որ համաներման ակտը կիրառելու մասին դիմումը` համաձայնությունը, ստանալուց անմիջապես հետո քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քննարկել նշված ակտը կիրառելու հարցը:

ՈՒստի, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վ.Հակոբյանի 2012թ. հոկտեմբերի 25-ի` Ա.Բաղդասարյանի վերաբերյալ կայացված որոշումների պատճառաբանական մասերի` վերջինիս մեղավորությունը հաստատող դատողությունները ենթակա են վերանայման, այսինքն` պետք է վերացվեն վերջինիս իրավունքների և ազատությունների խախտումները: (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 132-138):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

i

11. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի բխում օրենքից, կայացվել է դատավարական իրավունքի պահանջների խախտմամբ:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ քննիչ Վ.Հակոբյանը, հիմնվելով քրեական գործով ձեռք բերված` Ա.Բաղդասարյանի կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության վրա, պատճառաբանված որոշում է կայացրել Ա.Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և վերջինիս մեղադրանք է առաջադրել: Դրանից որոշ ժամանակ անց Ա.Բաղդասարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին` իր նկատմամբ Համաներման ակտը կիրառելու խնդրանքով:

Քննիչ Վ.Հակոբյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է` Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով: Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի շարադրանքից հետևում է, որ այն կիրառելի է անձանց նկատմամբ «որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են (...) հանցագործության կատարման մեջ»: Հետևաբար, քննիչը պարտավոր է եղել քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա Ա.Բաղդասարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու մասին իր դատողություններն արտահայտել որոշման մեջ` կատարելով քրեական դատավարության օրենսդրության պահանջները:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Բաղդասարյանին մեղսագրված արարքը հիմնավորված, ապացուցված լինելու, ապացույցները գնահատելու մասին դատողություններ անելով, քննիչը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և Համաներման ակտի պահանջները: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը որևէ ձևով չի հիմնավորել, թե նշված ակտերի հատկապես որ պահանջներն են խախտվել, ինչպես նաև չի պարզաբանել, թե քննիչի կողմից կայացված որոշումների հատկապես որ դատողություններն են ենթակա վերանայման, Ա.Բաղդասարյանի որ իրավունքներն ու ազատություններն են խախտվել, որոնք ենթակա են վերանայման:

i

12. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը բեկանել, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 19-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման և դրա իրավական հետևանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

i

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշմամբ խախտվել են Ա.Բաղդասարյանի իրավունքներն ու ազատությունները:

i

14. ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման ակտ:

(...)

3. Դատախազը, քննիչը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

(...)

3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի համաձայն`

«1. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում:

2. Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ներածական մասում նշվում են որոշումը կազմելու ժամանակը և տեղը, քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը, քննվող գործի վերաբերյալ տեղեկություններ:

3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է:

4. Որոշման եզրափակիչ մասում շարադրվում են քրեական գործը կարճելու հիմքերը, օրենքի նորմը, որի հիման վրա կայացվում է որոշումը, խափանման միջոցը վերացնելու, կալանքի տակ գտնվող գույքի և սույն օրենսգրքով սահմանված կարգով իրեղեն ապացույցների տնօրինման վերաբերյալ հարցերը:

5. Սույն օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հանգամանքների առկայությամբ գործով վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողի կամ մեղադրվողի մեղքն ապացուցված կարող է համարվել միայն դատարանի` օրենքով սահմանված կարգով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ խոսքով` կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորությունը կարելի է հաստատված համարել միայն այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Դատավճռից բացի այլ դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումներ, մեղադրական եզրակացություն) անձի մեղավորության մասին առկա դատողություններն արտացոլում են վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունն այն մասին, որ կասկածյալը (մեղադրյալը) հանցանք է կատարել:

i

15. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նախաքննական մարմինն արձանագրում է գործի քննության տվյալ փուլում իր մոտ առկա ենթադրությունն այն մասին, որ մեղադրյալը կատարել է նրան մեղսագրվող հանցանքը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասում առկա` «բավարար ապացույցների համակցություն» ձևակերպումը նշանակում է, որ գործի քննության տվյալ փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել ապացույցներ, որոնք բավարար են անձին որպես մեղադրյալ ներգրավելու և ոչ թե հանցանքի կատարման մեջ նրա մեղքը հաստատված համարելու համար: Հետևաբար, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը հանցանքի կատարման մեջ անձի մեղավորությունը հաստատող վերջնական փաստաթուղթ չէ:

Գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դատավարական կարգը սահմանող` սույն որոշման 14-րդ կետում մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից երևում է, որ նշված որոշումները ևս անձի մեղավորությունը հաստատող դատավարական փաստաթղթեր չեն: Այսպես` քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է:

16. Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը սահմանող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ նշված հիմքերը դասակարգվում են երկու խմբի`

ա) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «արդարացնող» («ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով.

բ) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «ոչ արդարացնող» («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով:

«Արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերում օրենսդիրն արգելում է որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 5-րդ մաս):

«Ոչ արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի համար օրենսդիրը նման արգելք չի սահմանել: Հետևաբար, «ոչ արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ քրեական հետապնդման մարմինն արձանագրում է գործի քննության տվյալ փուլում իր մոտ առկա ենթադրությունն այն մասին, որ կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է իրեն մեղսագրվող հանցավոր արարքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ոչ արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հանդիսանում է ինքնուրույն դատավարական փաստաթուղթ և չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող մեկ այլ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ: Այլ խոսքով` «ոչ արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինն արտահայտում է իր ենթադրությունն առ այն, որ անձը կատարել է հանցավոր արարքը, ինչը, նշանակում է, որ «ոչ արդարացնող» հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը չի կարող հավասարեցվել վերջնական մեղադրական դատավճռի հետ և անձի իրավունքների սահմանափակման առումով առաջացնել նույն իրավական հետևանքները, ինչ վերջնական մեղադրական դատավճիռը:

17. Վճռաբեկ դատարանի` սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, որի իմաստով անմեղության կանխավարկածի խախտում է այն դեպքը, երբ դատական որոշման կամ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարության մեջ կարծիք է արտահայտվում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի մեղքի վերաբերյալ` նախքան նրա մեղքը կհաստատվի օրենքով սահմանված կարգով (տե՛ս Garycki v. Poland գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14348/02, կետ 66): Մեկ այլ` Դակթարասն ընդդեմ Լիտվայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ անմեղության կանխավարկածը կխախտվի, եթե պաշտոնատար անձը կարծիք արտահայտի հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի մեղավորության վերաբերյալ` նախքան նրա մեղքը կհաստատվի օրենքով սահմանված կարգով: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտադրել է պաշտոնատար անձանց կողմից կատարվող հայտարարություններում բառերի ընտրության կարևորությունն այն դեպքում, երբ խոսքը գնում է հանցանքի կատարման մեջ օրենքով սահմանված կարգով չմեղադրված և չդատապարտված անձանց մասին (տե՛ս Daktaras v. Lithuania գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2000 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 42095/98, կետ 41):

18. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` «Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ [կետում] նշված [հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: (...)»:

Քրեական գործի վարույթը համաներման ակտի ընդունման հիմքով կարճելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Թ. Գևորգյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով` հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում, որը դրսևորվել է Համաներման ակտի կիրառման ոչ իրավաչափ սահմանափակման ձևով» (տե՛ս Թադևոս Ավետիքի Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 18-րդ կետը):

19. Վերահաստատելով Թ. Գևորգյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը դասվում է «ոչ արդարացնող» հիմքերի շարքին: Հետևաբար նման հիմքով քրեական հետապնդման դադարեցման պարագայում նախապես անձի համաձայնությունն ստանալու օրենսդրական պահանջը նպատակ է հետապնդում պարզել իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի դիրքորոշումը: Անձի համաձայնությունը վերաբերում է միայն համաներման ակտի կիրառմանը, այն ոչ մի պարագայում չի կարող մեկնաբանվել որպես անձի կողմից մեղքն ընդունելու հանգամանք: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ համաներման կիրառման հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու դեպքում քրեական հետապնդման մարմինը ոչ թե հաստատված է համարում մեղսագրված արարքում անձի մեղքի առկայությունը, այլ ենթադրություն է արտահայտում այն մասին, որ անձին մեղսագրված արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Հետևաբար, համաներման կիրառմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, անկախ դրանում տրված ձևակերպումներից և արտահայտություններից, չի կարող նույնացվել անձի մեղքը հաստատող միակ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ և որպես այդպիսին, սահմանափակել կամ որևէ կերպ խախտել այդ անձի իրավունքներն ու ազատությունները:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ա.Բաղդասարյանը դիմում է ներկայացրել քննիչին և նշելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, խնդրել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Նախաքննության մարմինը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, Ա.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է` Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացրել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչը, նշելով, որ թեև Ա.Բաղդասարյանը կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նկատի ունենալով ընդունված Համաներման ակտը թիվ 90277311 քրեական գործի վարույթը կարճել է (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը, քննելով դիմող Ա.Բաղդասարյանի բողոքը, գտել է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2012 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումները կայացվել են օրենքին համապատասխան և որևէ անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն: Վերաքննիչ դատարանը, վերացրել է Առաջին ատյանի դատարանի որոշումը` արձանագրելով, որ նախաքննության մարմինը, որոշումների պատճառաբանական մասերում դատողություններ անելով դիմող Ա.Բաղդասարյանին մեղսագրված արարքի հիմնավորված, ապացուցված լինելու, ապացույցները գնահատելու մասին, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և Համաներման ակտի պահանջները, Ա.Բաղդասարյանի իրավունքները և ազատությունները: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Բաղդասարյանի գործով կայացված որոշումների պատճառաբանական մասերում առկա` նրա մեղավորությունը հաստատող դատողությունները ենթակա են վերանայման (տե՛ս սույն որոշման 3-5-րդ և 9-10-րդ կետերը):

21. Սույն որոշման 14-19-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումներում նախաքննության մարմինն իր ենթադրությունն է արտահայտել այն մասին, որ Ա.Բաղդասարյանին մեղսագրվող արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, և ոչ թե հաստատված է համարել նշված արարքում Ա.Բաղդասարյանի մեղքի առկայությունը: Այս առումով նախաքննության մարմինը կայացրել է որոշում, որն իր հետևանքներով չի նույնացվում անձի մեղքը հաստատող միակ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ և որպես այդպիսին, չի սահմանափակում կամ որևէ կերպ չի խախտում անձի իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ սույն գործով Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշմամբ խախտվել են Ա.Բաղդասարյանի իրավունքներն ու ազատությունները:

22. Դատավարական իրավունքի վերոնշյալ խախտումները հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացմանը և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: ՈՒստի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա` Ա.Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը պետք է բեկանել` օրինական ուժ տալով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 19-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արմեն Պավլուշի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 19-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.09.2013
N ԵԱՔԴ/0009/11/13
Որոշում