Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51 ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                       ՍԴ/0001/15/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0001/15/13

Նախագահող դատավոր` Լ. Թադևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    2013 թվականի սեպտեմբերի 13-ին                      ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գարիկ Էդիկի Սողոմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 22-ի որոշման դեմ դատապարտյալ Գ. Սողոմոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով Գարիկ Էդիկի Սողոմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Գ.Սողոմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես պատիժ նշանակվել է տուգանք` 550.000 ՀՀ դրամի չափով, իսկ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` տուգանք` 500.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Սողոմոնյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 650.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա` հաշվի առնելով Գ.Սողոմոնյանի կալանքի տակ լինելու ժամանակահատվածը, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 550.000 ՀՀ դրամի չափով:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 30-ի որոշմամբ տուգանքի վճարումը հետաձգվել է 1 տարի ժամկետով` մինչև 2013 թվականի հունվարի 10-ը:

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Սյունիքի բաժանմունքի պետի միջնորդությունը և դատապարտյալ Գ.Սողոմոնյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով նշանակված 550.000 ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասը` 450.000 ՀՀ դրամը փոխարինվել է 2.200 ժամ հանրային աշխատանքներով:

3. Դատապարտյալ Գ.Սողոմոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, իսկ բողոքարկված դատական ակտը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դատապարտյալ Գ.Սողոմոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Դատապարտյալ Գ.Սողոմոնյանի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «(...) ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 26 հոդվածի 1-ին կետի համաձայն` տուգանքը չվճարելու դեպքում, այն փոխարինվում է հանրային աշխատանքներով` ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 51 հոդվածի 4-րդ մասի` տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

Փաստորեն դատապարտյալը դատապարտվել է տուգանքի` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրհիսնապատիկի` 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, որից չի վճարվել 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը, որը կազմում է 2250 (երկու հազար երկու հարյուր հիսուն) ժամ հանրային աշխատանքներ: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 51 հոդվածի 4-րդ մասի համաձայն նրա նկատմամբ պետք է նշանակել 2200 (երկու հազար երկու հարյուր) ժամ հանրային աշխատանքներ (...)» (տես նյութեր, հատոր 1, թերթ 13-14):

6. Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 22-ի որոշմամբ եզրահանգել է, որ «(...) Առաջին ատյանի դատարանը, բավարարելով ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Սյունիքի բաժանմունքի պետի միջնորդությունը և դատապարտյալ Գարիկ Սողոմոնյանի նկատմամբ կայացված ու օրինական ուժի մեջ մտած դատավճռով սահմանված տուգանքի չվճարված մասը փոխարինելով հանրային աշխատանքներով, նյութական օրենքը ճիշտ է կիրառել` արդյունքում կայացնելով օրինական, հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան (...)» (տես նյութեր, հատոր 2, թերթ 51-55):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

7. Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշումն իրավաչափ չէ, այն չի բխում պատժի նպատակներից և հակասում է ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված` արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև մարդասիրության սկզբունքներին:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ նյութական ծանր վիճակում գտնվելու պատճառով չի կարողացել վճարել իր նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքի մի մասը, սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքն արժանի չէ պատժի, իսկ նշանակված հանրային աշխատանքները կատարելն իր համար ծանր հետևանքներ կառաջացնի:

8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 22-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` նշանակված պատիժը կրելուց իրեն ազատելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

9. ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ»:

10. 2013 թվականի ապրիլի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրել է ՍԴՈ-1082 որոշումը, որի եզրափակիչ մասը շարադրված է հետևյալ կերպ.

«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն` արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակված մոտեցում չի դրսևորում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:

(...)»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` «Քրեական օրենսգրքի (...) վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այդ դրույթն իրավաբանական ուժը կորցնում է իր ուժի մեջ մտնելու պահից: Այդ դրույթի կիրառման վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածում ընդունված դատական և վարչական ակտերը օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման»:

11. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Գ.Սողոմոնյանը վճարել է դատավճռով իր նկատմամբ որպես պատիժ նշանակված տուգանքից 100.000 ՀՀ դրամ, իսկ տուգանքի չվճարված մասի, այն է` 450.000 ՀՀ դրամի վճարումը դատարանի որոշմամբ հետաձգվել է 1 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Դատապարտյալ Գ.Սողոմոնյանը, բացի վերոհիշյալ 100.000 ՀՀ դրամի վճարումից, այլ վճարում չի կատարել` պատճառաբանելով նյութական ծանր վիճակում գտնվելու հանգամանքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1082 որոշման լույսի ներքո գնահատելով սույն գործի հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը դատապարտյալ Գ.Սողոմոնյանի նկատմամբ չի կարող կիրառվել, քանի որ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:

12. Անդրադառնալով բողոք բերած անձի այն պնդումներին, որ բողոքարկվող որոշումն իրավաչափ չէ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշումը, այնպես էլ այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 22-ի որոշումը կայացվել են տվյալ պահին գործող օրենսդրության պահպանմամբ և այդ առումով չեն կարող համարվել ապօրինի, չհիմնավորված և չպատճառաբանված: Նշված դատական ակտերի վերանայումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն գործով կիրառված իրավանորմը` ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը, հակասահմանադրական է ճանաչվել:

13. Հիմք ընդունելով շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Գ.Սողոմոնյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 22-ի դատական ակտերը պետք է բեկանել և տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ վարույթը կարճել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 13-րդ մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Գարիկ Էդիկի Սողոմոնյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 22-ի որոշումները բեկանել և տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.09.2013
N ՍԴ/0001/15/13
Որոշում