Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2013 թվականի N 86-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները` նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով` ընդհանուր 1000 տպաքանակներով:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

N 86-Ն որոշման

 

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիր

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան

Երևանի զարգացման 2014թ. ծրագրի գերակայությունները

Քաղաքաշինություն և ճարտարապետություն

Արտաքին ձևավորում և գովազդ

Շինարարություն և բարեկարգում

Անշարժ գույքի կառավարում

Կոմունալ ոլորտ

Առևտրի և սպասարկումների ոլորտ

Տրանսպորտ

Բնապահպանություն

Հանրակրթություն

Առողջապահություն

Սոցիալական ապահովություն

Մշակույթ

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ

Միջազգային համագործակցություն

Զբոսաշրջություն

Աջափնյակ վարչական շրջան

Արաբկիր վարչական շրջան

Ավան վարչական շրջան

Դավթաշեն վարչական շրջան

Էրեբունի վարչական շրջան

Կենտրոն վարչական շրջան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Նոր Նորք վարչական շրջան

Նորք-Մարաշ վարչական շրջան

Նուբարաշեն վարչական շրջան

Շենգավիթ վարչական շրջան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը 2795 տարեկան է:

Էրեբունի-Երևանը հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը մ.թ.ա. 782 թվականին:

1918 թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է, Հայաստանի պատմության մեջ 13-րդը: 2012թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Երևանի տարածքը կազմում է 223 քառ.կմ, բնակչությունը 1127.3 հազ. մարդ:

Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:

Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին: Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, հանդիսանում է տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույց: Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.4%-ը, շինարարության 54.7%-ը, մանրածախ առևտրի 83.8%-ը, ծառայությունների 86.4%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի 85,4%-ը, հյուրանոցային տնտեսության 32.2%-ը, տրանսպորտի ծառայությունների 87.9%-ը:

Երևանի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման գործում զգալի նշանակություն ունի նաև այն, որ այստեղ են գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու կառավարությունը, բոլոր նախարարությունները և պետական կառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը:

Քաղաքում են գործում իր էությամբ եզակի հին ձեռագրերի կենտրոն Մատենադարանը, տասնյակ գիտական հաստատություններ, շուրջ 70 համալսարան և ինստիտուտ, երկու տասնյակ թատրոն և մոտ 60 թանգարան, համերգասրահ, մարզական կենտրոն, 21 եկեղեցի: Մայրաքաղաքում են գտնվում օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները, արտերկրյա ֆինանսական, հասարակական և մշակութային հաստատությունների հայաստանյան գրասենյակներ, Հայաստանում գործող բանկեր և ֆինանսական հաստատություններ:

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը:

Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, Կայուն զարգացման ծրագիրը, բովանդակում է քաղաքային տնտեսության ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրում օգտագործված վիճակագրական տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նյութերից:

Ծրագրի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները Երևանի քաղաքապետը և ավագանին:

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրի լիարժեք իրականացումը հիմնարար նախադրյալներ կստեղծի մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման համար:

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014Թ. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Երևանի զարգացման ծրագրի գերակայություններն են`

1. Երևանի տարածքային համաչափ, կայուն զարգացումը և պլանավորումը

2. բնակչության կենսական շահերի ապահովումը

3. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից բխող Երևանի բնակչության պաշտպանության և անվտանգության, հասարակական կարգի և համակեցության կանոնների պահպանության ապահովումը

4. կառավարման համակարգի բարեփոխումները և տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը այդ նպատակով իրավական դաշտի կատարելագործումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, հաղորդակցության ժամանակակից միջոցների կիրառումը և բնակչի հետ հետադարձ կապի ակտիվացումը ապահովելով վերջինիս լիարժեք մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում

5. քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ապահովումը

6. 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի գույքագրում և դասակարգում ըստ առաջնահերթության

7. անավարտ շինությունների գույքագրում, համապատասխան հայեցակարգի մշակում

8. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը և որակի էական բարելավումը

9. բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար այդ նպատակով հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը

10. էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործումը

11. Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության ապահովումը այդ նպատակով սոցիալական ծրագրերի իրագործումը նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ

12. կրթական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովումը

13. համամարդկային և ազգային արժեքների ազգային ավանդույթների հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և պատշաճ ներկայացումը

14. առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը

15. երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը

16. առողջ ապրելակերպի խրախուսումը այդ նպատակով նպաստավոր պայմանների ստեղծումը

17. գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը

18. պետական, համայնքային և մասնավոր գործընկերության ակտիվացումը և արդյունավետության բարձրացումը

19. միջազգային համագործակցության ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի 2006-2020թթ. իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հ.1402-Ն որոշմանը համապատասխան կազմակերպվել և հաստատվել են մի շարք քաղաքաշինական ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթեր:

Քաղաքի զարգացման գերակա խնդիրներից է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներին և գոտիավորման նախագծերում ամրագրված պահանջներին համապատասխան քաղաքի կառուցապատման ամբողջականացումն ու արդիականացումը:

 

Հիմնախնդիրներ

1. Երևանի գլխավոր հատակագծի իրագործմանն ուղղված միջոցառումների իրականացում, այդ թվում ընթացքի ուսումնասիրություն, հաշվառում, անհրաժեշտ ճշգրտումների կատարում և համապատասխան ծրագրերի մշակում

2. Փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորման համար անհրաժեշտ իրավական և նախագծային փաստաթղթերի սահմանված կարգով մշակում

3. 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի գույքագրում և դասակարգում ըստ առաջնահերթության և հնարավորության

4. անավարտ շինությունների գույքագրում, համապատասխան հայեցակարգի մշակում

5. Երևան քաղաքի վարչական շրջանների կամ առանձին տարածքների գոտիավորման նախագծերի մշակում

6. Երևան քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծում և ներդրում

7. նոր այգիների և հանգստի գոտիների հիմնադրման և կանաչ տարածքների վերականգնման և ընդլայնման նախագծերի մշակում

8. ճանապարհափողոցային ցանցի կատարելագործում, մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույցների, նոր ուղեբաժանքների և ավտոկայանատեղերի նախագծում

9. համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում քաղաքաշինական նոր ծրագրերի մշակում

10. բնակելի թաղամասերի բակային տարածքների բարելավման նախագծերի մշակում

11. քաղաքաշինական միջավայրում տեղաշարժվելու դժվարություն ունեցողների համար տեղաշարժման մատչելիության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի մշակում

2013 թվականին իրականացված աշխատանքներ

2013թ. իրականացվել է Երևան քաղաքի Գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների մշտադիտարկում, որով վերահսկվել և ամրագրվել է նախանշված միջոցառումների կատարման ընթացքը:

2013թ. նախատեսվում է ավարտել Երևանի Կոնդ թաղամասի կառուցապատման հայեցակարգային էսքիզային նախագիծը:

Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում անհատական բնակելի տների կառուցապատման նպատակով կատարվել են սխեմաների մշակման աշխատանքներ` աճուրդային կարգով հողամասերի վաճառք իրականացնելու համար:

Ճանապարհների բեռնաթափմանն ուղղված մեծածավալ ծրագրերը կրում են շարունակական բնույթ: Համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում նախատեսվում է 2013թ. շահագործման հանձնել Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղին, ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցները միացնող ավտոճանապարհը:

Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ծրագրով նախատեսված է երկու տրանսպորտային հանգույցների մասնակի լուծում Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներով: Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցը ապահովում է տրանսպորտային միջոցների ընթացքն առանց երթևեկության հատումների, ստեղծում տրանսպորտային կապ Ծովակալ Իսակովի պողոտայի և նոր մայրուղու միջև: Լենինգրադյան փողոցում նախատեսված է թունելային անցում:

2013թ. մշակվել է նշված մայրուղու շարունակությունը հանդիսացող Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա քաղաքային մայրուղու կառուցման նախագիծը:

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների անարգել երթևեկությունն ապահովելու նպատակով քաղաքի բանուկ հատվածներում նախագծվել և կառուցվում է 7 վերգետնյա անցում:

Ծավալուն աշխատանք է կատարվել նոր այգիների հիմնադրման, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնման ուղղությամբ: Մշակվել են Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման նախագծերը: Ավարտվել են Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի, Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների վերակառուցման նախագծային աշխատանքները:

Ավարտվել են Աջափնյակ վարչական շրջանի զբոսայգիների կառուցման, Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում հանգստի գոտու կազմակերպման, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Տիգրան Մեծի այգու բարեկարգման, Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի և Նոր Արեշի 22-րդ փողոցի հատման մասում հանգստի գոտու ստեղծման, Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի հ.հ. 12, 14 շենքերի միացյալ բակում հանգստի գոտու շինարարական, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

2013թ. կավարտվեն Կոմիտասի անվան պանթեոնին կից տարածքում Կոմիտասի թանգարան-մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքները:

Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ մշակվել և քննարկվում են Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագրերը:

Բակային տարածքների բարելավման և բնակչության հանգստի համար պայմանների ստեղծման նպատակով մշակվել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, այդ թվում մարզական և այլ խաղահրապարակների նախագծեր:

Երևան քաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով 2013թ. շահագործման է հանձնվել Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան փողոցի հ.22 շենքը, և մինչև տարեվերջ կհանձնվի Մարգարյան հ.37:

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժի մատչելիության ապահովման ուղղությամբ մշակվել են մայթերում և Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի շենքերի մուտքերի թեքահարթակների կառուցման նախագծեր:

Նախագծվել և իրականացվել են մայրաքաղաքի ինժեներական ենթակառուցվածքների և ստորգետնյա հաղորդակցուղիների վերականգնման և արդիականացման ծրագրեր, այդ թվում ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման մայրուղագծեր ու այլ առանձին հատվածներ:

2014 թվականին նախատեսվող աշխատանքներ

Հաշվի առնելով, որ Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նպատակը Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումն է 2014թ. կնախատեսվի Երևան քաղաքի 2014-2017թթ. համաչափ զարգացման հայեցակարգի մշակում:

2014թ. նախատեսվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի իրականացման ընթացքի ուսումնասիրություն և հաշվառում:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ուղղությամբ նախատեսվում է.

. Իսակովի-Լենինգրադյան և Աթենքի փողոցներով պարփակված տարածքների գոտիավորման և կառուցապատման նախագծի մշակում

. «Կոնդ» թաղամասի վերակառուցման և այլ տարածքների կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակում

. աճուրդով օտարված կամ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներդրումային ծրագրերի, ճանապարհների և ինժեներական ցանցերի նախագծային աշխատանքներ

. «ՈՒսանողական Երևան» ավանի կառուցապատման ծրագրի մշակում

. տեղաշարժվելու դժվարություն ունեցողների ազատ տեղաշարժմանն ուղղված քաղաքաշինական ծրագրերի մշակում և իրականացում

. նոր մանկական խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի նախագծում:

2014թ. կշարունակվեն մայրաքաղաքը շրջանցող ռազմավարական ճանապարհի

կառուցման աշխատանքներն Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ: Այս ծրագիրը փուլային է, որի առաջին փուլում շահագործման կհանձնվի Արտաշատի խճուղի-Շիրակի փողոց միջպետական մայրուղին, Շիրակի փողոցը Արգավանդի ճանապարհային հանգույցին միացնող վերակառուցված ճանապարհը: Երկրորդ փուլում կիրականացվի Արգավանդի ճանապարհային հանգույցից Րաֆֆու և Տիչինայի փողոցներով մինչև Երևանի հյուսիսարևմտյան մուտք հանդիսացող Աշտարակի խճուղի ձգվող ճանապարհային հատվածի նախագծումն ու շինարարությունը:

Կավարտվեն Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա-Արտաշատի խճուղի քաղաքային ճանապարհային հանգույցի մանրամասն ճարտարագիտական նախագծերը, միաժամանակ կպատրաստվեն շինարարական աշխատանքների կապալառու կազմակերպության մրցութային փաստաթղթերը:

Կիրականացվեն Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա քաղաքային նշանակության մայրուղու շինարարական աշխատանքները, որը կենտրոնը շրջանցող կապուղի է, և հանդիսանում է կառուցված Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող մայրուղու անմիջական շարունակությունը:

Ճանապարհափողոցային ցանցի կատարելագործման, տրանսպորտային հանգույցների, նոր ուղեբաժանքների և տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցների և հետիոտն անցումների մասով կշարունակվի հետազոտական և նախագծային աշխատանքների իրականացումը,

Կշարունակվի Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպման և զարգացման ծրագրերի իրականացումը: Նախատեսվում է նոր այգիների հիմնադրում, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնում:

 

ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ

 

2013 թվականին իրականացված աշխատանքներ Գովազդ

Մշակվել և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հավանությանն է արժանացել «Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունները և համաչափությունները» հայեցակարգային ուղեցույցը: Դրանով կանոնակարգվել են արտաքին գովազդի վահանակների և կրիչների տեղադրման չափորոշիչները, տառատեսակները, համաչափությունները, դրանց վրա կրվող դեկորատիվ տարրերը, դրանց տեղադրման վայրերը:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում` շենք-շինությունների արտաքին տեսքը խաթարող ոչ արդիական գովազդային միջոցների, ինչպես նաև ապօրինի տեղադրված և «Գովազդի մասին» ՀՀ օրենքին հակասող գովազդային վահանակների ապամոնտաժման ուղղությամբ: Ապամոնտաժվել է շուրջ 3000 ցուցանակային գովազդ: Դրանք փոխարինվելու են քաղաքային չափերի արդիական գովազդային միջոցներով:

Արտաքին ձևավորում

Մշակվել է արտաքին ձևավորման հայեցակարգը, որը բաղկացած է 2 մասից տոնական ձևավորում և պետական ու պաշտոնական այցերի ժամանակ Երևան քաղաքի ձևավորում:

Մայրաքաղաքում տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների ժամանակ իրականացվում են վարչական շրջանների արտաքին ձևավորման աշխատանքներ համապատասխան տարրերի կիրառմամբ:

Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա նախագահների պետական և պաշտոնական այցերի, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների այցերի ժամանակ իրականացվել են դրոշակազարդման աշխատանքներ:

Իրականացվել է 500 դրոշների սպասարկման ծրագիրը, արդիականացվել է առանցքային մի շարք փողոցների հենասյուներին և շենք-շինություններին տեղադրված շուրջ 1400 դրոշակահենակ:

Երևանի բրենդի մշակման և տեղայնացման աշխատանքները կազմակերպելու համար ձևավորվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնք բրիտանական «Ինսթիդ» բրենդինգային ընկերության համակարգմամբ մշակում են Երևանի բրենդի հայեցակարգը: Արդյունքները կամփոփվեն 2013թ. դեկտեմբերին, որից հետո կսկսվեն բրենդի վիզուալիզացման աշխատանքները:

Երևանում գործող հաստատությունների տեղեկատվական ցուցանակների արտաքին տեսքի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության շուրջ 30 բժշկական կազմակերպությունների, դեսպանատների, դրամատների և կազմակերպությունների տեղեկատվական ցուցանակների նախագծում և ձևավորում: Պուրակների և այգիների մոտ տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ:

Քաղաքային կահավորանք

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են քաղաքային կահավորանքի տարրերով համալրման աշխատանքներ: Սա նպատակ ունի ինչպես բանուկ հատվածները, այնպես էլ հանգստի համար նախատեսված վայրերը ապահովել անհրաժեշտ գույքով նստարաններ, աղբամաններ, հայտարարությունների վահանակներ, ժամացույցներ, լապտերներ, մշակութային միջոցառումների մասին ազդարարող գովազդակիրներ և այլ տարրեր:

Լայն կիրառություն են ստացել հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակները, որի նպատակն է Երևանում քաղաքացիներին հնարավորություն տալ տեղադրել անվճար հայտարարություններ միաժամանակ նպաստելով շենքերի պատերին և էլեկտրասյուներին փակցված հայտարարությունների նվազեցմանը, այնուհետև վերացմանը: 2013թ. 12 վարչական շրջաններում տեղադրվել է շուրջ 200 ցուցատախտակ:

Կանգառասրահների արտաքին տեսքի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով 2013թ. կազմվել են նոր կանգառասրահների էսքիզային տարբերակների նախագծեր: Տեղադրվել է նոր ոճի 6 կանգառասրահ Մաշտոցի պողոտայում:

Երևանում հեծանվորդների համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար մշակվել են հեծանվականգառների կառուցման էսքիզներ:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում տեղադրվել է 21 էլեկտրոնային չվացուցակ տրանսպորտային միջոցների ժամանումը կանգառասրահներում պատշաճ իրազեկելու նպատակով: Մինչև 2013թ. ավարտը կտեղադրվի ևս 30 չվացուցակ: Նախատեսվում է նմանատիպ չվացուցանակներ տեղադրել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների կանգառներում: Այս ծրագրով առավել դյուրին է դառնում քաղաքացիների կողմից հասարակական տրանսպորտից օգտվելը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի մի շարք փողոցներում տեղադրվել է նոր ոճի, քաղաքային կահույքի միասնական հայեցակարգին համապատասխանող 35 ճանապարհային կողմնորոշիչ ցուցանակ մայրաքաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների կողմնորոշումը տեղանքում հեշտացնելու համար: Աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:

Երևանի բնակիչների և հյուրերի երեկոյան հանգիստը առավել հետաքրքիր դարձնելու նպատակով ջրային էկրաններ են տեղադրվել Կարապի լճում և Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում, որոնց միջոցով ցուցադրվել են հայկական ֆիլմեր, համերգային ծրագրեր, ինչպես նաև լուսաբանվել են տարատեսակ համաքաղաքային և մշակութային միջոցառումներ:

Քաղաքի ձևավորման տարրեր

Երեխաների շրջանում շախմատի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ինչպես նաև նրանց ժամանցը հետաքրքիր դարձնելու նպատակով Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվել է քաղաքային ձևավորման տարր հանդիսացող ինտերակտիվ շախմատային հարթակ:

Միասնական մոտեցում է սահմանվում շինհրապարակների պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատման նկատմամբ` օգտագործելով Երևանի զինանշանի և «Ավելի բարեկարգ Երևան» մակնշումով պաստառներ, ինչպես նաև տրվել է շինհրապարակների սահմանազատման այլընտրանքային հնարավորություն: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն:

Բակային տարածքների և կամարանցումների նկարազարդման աշխատանքներ Ելնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման հիմնադրույթներից Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվել են նաև պատերի նկարազարդման և գեղագիտական ձևավորման աշխատանքներ: Նկարազարդման աշխատանքներին մասնակցել են նաև կամավորները: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

Բակային տարածքների նկարազարդմանը զուգընթաց, իրականացվել է կամարանցումների վերանորոգման, գունազարդման և լուսավորման ծրագիր: Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում վերանորոգվել և գունազարդվել է շուրջ 180 կամարանցում:

Մայրաքաղաքում առկա մի շարք շենքերի արտաքին տեսքի բարելավման նպատակով իրականացվել է շենքերի ճակատային հատվածների մաքրման և գունավորման աշխատանքներ: Այս խնդրի լուծման ուղղություններից մեկը քաղաքային միջավայրի գեղագիտական տարր հանդիսացող կերամիկական խճանկարի կիրառումն է: Բացի բարեկարգման միջոց լինելուց, այն ունի ուսուցողական նշանակություն: Վերջինիս միջոցով ներկայացվում են հայ նկարիչների հայտնի ստեղծագործությունների նմուշները:

2013թ. «Երևանյան ամառ» ծրագրով Ազատության հրապարակում եռաչափ նոր նկարներ են պատկերվել:

Լանդշաֆտային ձևավորման տարրեր

Կանաչապատման և ձևավորման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով 2013թ. կազմվել են նոր լանդշաֆտային ձևավորման էսքիզներ: Երևանի բոլոր վարչական շրջաններին տրամադրվել են նմանատիպ էսքիզներ, որոնց հիման վրա իրականացվել են վարչական շրջանների համապատասխան տարածքների և հրապարակների կանաչապատման ձևավորման աշխատանքները:

Համաձայն լանդշաֆտային ձևավորման էսքիզների իրականացվել են Հանրապետության հրապարակի, Ռուսաստանի հրապարակի, Ֆրանսիայի հրապարակի, ՈՒրուգվայի հրապարակի, Աբովյանի պուրակի կանաչապատման աշխատանքները:

Կանաչապատման աշխատանքներում որպես ձևավորման միջոց օգտագործվել են մի շարք դեկորատիվ տարրեր` նոր տիպի ծաղկամաններ, բազրիքներ, խոտածածկերի և ծառերի համար նախատեսված մետաղյա ցանկապատեր և այլն: Օգտագործվել են ծառարմատները պաշտպանող երկաթյա հիմքեր, որոնք ֆունկցիոնալ նշանակությունից զատ հանդիսանում են արտաքին ձևավորման յուրահատուկ տարր:

Երևանի համաչափ զարգացման համատեքստում, ինչպես նաև քաղաքում կանաչ գոտիների ավելացման նպատակով նախատեսվում է 2014 թվականին բարեկարգել Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող (Նոր Նորք վարչական շրջան) և Ռոմանոս Մելիքյան ու Սեբաստիա փողոցների հարակից տարածքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարող այգիները: Այգիների բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են:

2014 թվականին նախատեսվող աշխատանքներ

Գովազդ

2014թ. նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում առկա գովազդային վահանակների և ցուցանակային գովազդների միասնական գույքագրման աշխատանք, որի արդյունքում կստեղծվի միասնական հաշվառման ծրագիր-բազա, որն էլ ավելի կնպաստի տեղական տուրքերի հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն կտա գովազդային միջոցներ տնօրինող կազմակերպություններին օնլայն տարբերակով ներկայացնելու գովազդային ուրվանկարները համաձայնեցման, ինչպես նաև կնպաստի ապօրինի տեղադրված գովազդի առավել արագ հայտնաբերման աշխատանքների իրականացմանը:

2014թ. աշխատանքներ կիրականացվեն հեռացնելու առանցքային փողոցների երթևեկելի մասի վրա տարածվող, վարորդների տեսողական ընկալումը խոչընդոտող մեծ և միջին չափի գովազդային վահանակները և տեղադրելու քաղաքային ֆորմատի վահանակային կայանքներ: Աշխատանքները կիրականացվեն Կենտրոն վարչական շրջանում և այլ վարչական շրջանների մի քանի առանցքային փողոցներում:

2014թ. գովազդային վահանակների տարերայնորեն տեղադրումը կանխելու և շենքերի համար գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունները և համաչափությունները սահմանելու նպատակով կմշակվի շենք-շինությունների վրա տեղադրվող գովազդային վահանակների դիզայներական լուծումներ հաշվի առնելով 2013թ. ընդունված հայեցակարգի պահանջները:

Կշարունակվեն քաղաքային նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքները որպես փոխհատուցում մասնավորին գովազդային տարածքների տրամադրմամբ (վերգետնյա անցումների կառուցում, Էլեկտրոնային չվացուցակների համակարգի ներդրում, նոր կանգառասրահների տեղադրում, հեծանվային կանգառների տեղադրում):

Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում կիրականացվեն քաղաքային կահույքի արդիականացման աշխատանքներ, որում հաշվի կառնվեն երևանյան ոճի տարրերը:

Կշարունակվեն հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների, ճանապարհային կողմնորոշիչ ցուցանակների, ծառերի արմատները պաշտպանող երկաթյա հիմքերի տեղադրման աշխատանքները, ինչպես նաև մի շարք առանցքային փողոցներում հենասյուներին և շենք շինությունների ճակատային հատվածներին կտեղադրվեն նոր դրոշակահենակներ:

2014թ. կիրականացվեն ձևավորման լոկալ լուծումներ հրապարակներում, այգիներում, զբոսաշրջային կենտրոններում, ինչն առավել գրավիչ կդարձնի այն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար:

Կավարտվեն Երևանի բրենդի վիզուալիզացման աշխատանքները և կիրականացվի բրենդի տեղայնացումը: Կկազմվի Երևանի տուրիստական տարբերանշանի օգտագործման ուղեցույցը, մայրաքաղաքի նավիգացիոն համակարգի ուղեցույցը և կսկսվի Երևան քաղաքի դիզայն անձնագրի ստեղծման աշխատանքը համաձայն Երևան բրենդի չափորոշիչների:

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

 

Փողոցների բարեկարգում

 

Հիմնախնդիրներ

1. Երևան քաղաքի փողոցների բարեկարգում, հիմնանորոգում

2. Հուսալի և ժամանակակից ճանապարհների կառուցում

2013 թվականին իրականացված աշխատանքներ

2013թ. մայրաքաղաքի փողոցներում կատարվել են մեծածավալ ասֆալտապատման աշխատանքներ. վերանորոգվել է մոտ 2.5 մլն քմ փողոցի և մայթի ասֆալտ-բետոնե ծածկ, որից 0.6մլն քմ բակային տարածքներում: Իրականացվել է բակային տարածքների 70%-ի ասֆալտապատման աշխատանք: Հիմնանորոգվել է 31 պողոտա և փողոց մայթերով, եզրաքարերով և դիտահորերով.

. Աջափնյակ վարչական շրջան Լենինգրադյան փողոց (Շինարարների փող.- Ծիծեռնակաբերդի խճ. հատված), Հալաբյան փողոց, Ֆուչիկի փողոց (Բեկնազարյան փող.- Մարգարյան փող. հատված), Մելքումովի փողոց (Գ.Չաուշի փողոցից Բեկնազարյան-Ֆուչիկ խաչմերուկ հատված):

. Ավան վարչական շրջան Բաբաջանյան փողոց:

. Արաբկիր վարչական շրջան Գուլակյան և Բրայսի փողոցներ:

. Դավթաշեն վարչական շրջան Եղվարդի խճուղի և Հալաբյան փողոց (մինչև Դավթաշենի կամուրջ հատված):

. Էրեբունի վարչական շրջան` Էրեբունի փողոց:

. Կենտրոն վարչական շրջան Ամիրյան փողոց (Հանրապետության հրապարակ-Մաշտոցի պողոտա հատված), Իսակովի պողոտա (Հաղթանակ կամուրջ-»Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկ), Թումանյան փողոց, Սայաթ-Նովա պողոտա, Արշակունյաց պողոտա (մինչև Հյուսիս-Հարավ շրջանցիկ մայրուղու հատված), Հանրապետության փողոց, Աբովյան փողոց և պուրակ, Կորյունի փողոց, Չարենց փողոց, Նար-Դոս փողոց, Հերացի փողոց, Խորենացի փողոց (Մաշտոց-»Տաշիր» առևտրի կենտրոն հատված), Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծ պողոտա (Հանրապետության հրապարակ-»Այրարատ» կ/թ հատված):

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Սեբաստիա փողոց (Գր. Հասրաթյան փողոց-Իսակովի պողոտա ուղետար):

. Նոր-Նորք վարչական շրջան Դավիթ Բեկի փողոց (Հ.Ավետիսյան փողոցի խաչմերուկից), Բ.Մուրադյան փողոց (Վ.Սարգսյանի անվ. Ռազմական ակադեմիայից մինչև Թևոսյան և Գայի պողոտա հատվածներ), Քոչարյան փողոց, Բագրևանդ փողոց:

. Նորք-Մարաշ վարչական շրջան Արմենակյան փողոց:

. Շենգավիթ վարչական շրջան Բագրատունյաց փողոց (Իսակովի պողոտայի ուղետար-Արշակունյաց պողոտա հատված):

Մայրաքաղաքի փողոցների շահագործման ժամկետները երկարաձգելու նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվում են ինչպես ընթացիկ նորոգման, այնպես էլ վերին շերտի նորոգման, ճաքալցման, եզրաքարերի փոխարինման, անհրաժեշտության դեպքում, նաև դիտահորերի ծածկի սալերի և ջրընդունիչ ցանցի նորոգման աշխատանքներ:

2014 թվականին նախատեսվող աշխատանքներ

2014թ. ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն 12 վարչական շրջանների փողոցներում, բակերում, մայթերում, ինչպես նաև առկա գրունտային ճանապարհներին: Փողոցները ձեռքբերված մակարդակի պահպանելու նպատակով կշարունակվեն անհրաժեշտ ծավալի ճաքալցման և փոսային նորոգման աշխատանքները:

Հենապատերի նորոգում-վերականգնում

Երևան քաղաքում հաշվառված է վերանորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև նոր հենապատերի կառուցման անհրաժեշտություն ունեցող շուրջ 130 հասցե:

 

Հիմնախնդիրներ

1. քայքայված, վթարային հենապատերի ամրացում, անվտանգության աստիճանի բարձրացում

2. նոր հենապատերի կառուցում

2013 թվականին իրականացված աշխատանքներ

2013թ. հենապատեր են վերանորոգվել Ավան-Առինջ 2-րդ մկշ. հ.2/7 շենքի մոտ, Խուդյակովի հ.68 շենքի մոտ, Սայաթ-Նովա թաղամասի հ.հ.5 և 8 շենքերի մոտ, Թամրուչի փողոցում, Հովհաննիսյան թաղամասի հ.28 և Թումանյան թաղամասի հ.11 շենքերի մոտ, Ն.Զարյան հ.21 շենքի մոտ, Մամիկոնյանց հ.37 շենքի մոտ, Կիևյան հ.11 շենքի մոտ, Նոր-Արեշի 33-րդ փողոցի հ.24 տան մոտ, Բուռնազյան 2-րդ նրբանցքում, Սարալանջի մայրուղում, Թումանյան 2-րդ նրբանցքի հ.1 շենքի մոտ, Մալաթիա-Սեբաստիայի հ.184 դպրոցի մոտ, Նոր Նորքի 1-ին զանգվ. Լվովյան հ.հ.21, 23 շենքերի մոտ, Նոր Նորքի հ.118 ՆՈԻՀ-ի մոտ, Նոր Նորքի 7-րդ զանգվածի հ.42 շենքի մոտ, Նոր Նորքի 9-րդ զանգվածի հ.20 շենքի մոտ և Նոր Նորքի 9-րդ զանգվածի հ.67/1 շենքի մոտ:

2014 թվականին նախատեսվող աշխատանքներ

2014թ. ծրագրով վարչական շրջաններից ներկայացված վերանորոգման կարիք ունեցող 50 հենապատերից առաջնահերթության սկզբունքով կվերանորոգվեն 15-20 հենապատեր:

Վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում և նորոգում

Մայրաքաղաքում հետիոտնի տեղաշարժն ավելի հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով կարևորվում է անհրաժեշտ վայրերում հետիոտնային անցումների կառուցումը, ինչպես նաև առկա անցումների վերանորոգումն ու շահագործման համար հարմար պայմանների ստեղծումը: Նոր անցումների ստեղծման վայրերն ընտրվում են ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները:

Երևանի քաղաքապետարանում հաշվառված է 58 անցում 19 վերգետնյա և 39 ստորգետնյա, որից 36-ը բավարար վիճակում են, 22-ում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, հիմնականում երեսապատման, հարդարման, ջրամեկուսացման, ջրահեռացման և լուսավորության գծով:

 

Հիմնախնդիրներ

1. Հետիոտնի առավել մեծ կուտակումներ առաջացնող խաչմերուկներում ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում

Մինչև 2013թ. նախատեսվում է ավարտել 7 նոր վերգետնյա հետիոտնային անցումների կառուցման աշխատանքները Տիգրան Մեծ պողոտա «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, Չարենցի փողոց Պետական Համալսարանի մոտ, Ծիծեռնակաբերդի խճուղի «Դալմա գարդեն» առևտրի կենտրոնի մոտ, Բագրատունյաց փողոց «Երևան Սիթի» հանրախանութի մոտ, Արշակունյաց պողոտա (դեպի «Հայրենիք» կ/թ), Դավիթ Բեկ փողոց Վ.Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի մոտ և Թբիլիսյան խճուղի Շամպայն-գինիների գործարանի մոտ:

Մասնակի վերանորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի ստորգետնյա հետիոտնային անցումը:

Հաշվառվել են հասցեներ, որտեղ նախատեսվում է կառուցել շուրջ 40 վերգետնյա անցում: 2014թ. համայնք-մասնավոր հատված շարունակական համագործակցության միջոցով կկառուցվի 6 վերգետնյա անցում:

Վարձակալությամբ տրված ստորգետնյա հետիոտն անցումներում կիրականացվեն ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ Երևանի քաղաքապետարան - վարձակալ համագործակցության շրջանակում:

 

Թեքահարթակների կառուցում

 

Տեղաշարժվելու դժվարություն ունեցող բնակիչների տեղաշարժը մատչելի դարձնելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում և բանուկ մասերում կառուցվում են թեքահարթակներ: Թեքահարթակների կառուցման տեղերը որոշելու նպատակով քննարկումներ են անցկացվում հաշմանդամների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

2013թ. մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում և բանուկ հատվածներում կառուցվել է շուրջ 80 թեքահարթակ, իսկ հիմնանորոգվող փողոցներում ավելի քան 190:

Թեքահարթակների կառուցման աշխատանքներն իրականացնելիս ապահովվել է չափորոշիչներով նախատեսված թեքահարթակի թեքություն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը:

Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս մոտեցումը նպատակ ունի հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ապահովել անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:

Թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակական է և կիրականացվի նաև 2014թ.` ընդգրկելով Երևանի բոլոր վարչական շրջանները:

Մայթերի բազալտե և բետոնե ձևավոր սալիկների վերանորոգում

Մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում կատարվում են մայթերի և եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվում կամ փոխարինվում են նորերով մայթերի ձևավոր բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկները, վերանորոգվում բետոնե, փոխարինվում բազալտե եզրաքարերը:

2013թ. կատարվել է 16320քմ մայթերի և Շառլ Ազնավուրի հրապարակի ու Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածքի վերանորոգման աշխատանքներ:

2014թ. մայթերի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն բոլոր վարչական շրջաններում:

 

Կամրջային կառուցվածքների սպասարկում, շահագործում, վերականգնում ու

ամրացում

 

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված են 27 կամուրջ և կամրջային կառուցվածք, ուղեանց և էստակադա:

Հիմնախնդիրներ

1. Կամրջային կառույցների հիմնանորոգում, շահագործման բարելավում

2013թ. վերանորոգվել է Քրիստափորի փողոցի («Փեթակ» առևտրի կենտրոնին կից) մետրոյի կամուրջը:

Կամուրջների հիմնանորոգման նախագծեր կազմելիս հաշվի են առնվում ստացված ահազանգերը և առաջարկությունները, և կատարվող ուսումնասիրությունների արդյունքում, հնարավորության սահմաններում, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

 

Երևան քաղաքում շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգում և

քարերի մաքրում

 

Հիմնախնդիրներ

1. մայրաքաղաքի պատշաճ արտաքին տեսքի ապահովում

2. պատշգամբների, տանիքների, մուտքերի նորոգում

3. շենքերի ճակատային մասերի մաքրում, լվացում, ներկում

2013թ. կատարվել է 32 շենքի ֆասադների ընթացիկ նորոգման և քարերի մաքրման աշխատանքներ, վերանորոգվել է 35 շենքերի 76 պատշգամբ:

2013թ. ավարտվել է կամարանցումների վերանորոգման և գունազարդման ծրագիրը:

2014թ. ծրագրերով կիրականացվեն շուրջ 30 շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգման և քարերի մաքրման աշխատանքներ, կվերանորոգվի ավելի քան 200 պատշգամբ:

 

Հանգստի գոտիների ստեղծում, բակային տարածքների բարեկարգում

 

Բնակչության հանգստի կազմակերպման համար մայրաքաղաքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր հանգստի գոտիների ստեղծման և բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ:

Հիմնախնդիրներ

1. հանգստի գոտիների ստեղծում

2. բակերի և այգիների բարեկարգում

2013 թվականին իրականացված աշխատանքներ

2013թ. այգիների ստեղծման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի և Նոր Արեշի 22-րդ փողոցի հատման մասում (Էրեբունի վարչական շրջան), Տիգրան Մեծի այգում (Նոր Նորք վարչական շրջան) և Շիրակի փողոցի հ.հ. 12, 14 շենքերի միացյալ բակում (Շենգավիթ վարչական շրջան), Աճառյան և Մյասնիկյան փողոցների հատման մասում (Ավան վարչական շրջան):

Մեծածավալ աշխատանքներ են կատարվել բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման ուղղությամբ:

2014 թվականին նախատեսվող աշխատանքներ

2014թ. կբարեկարգվեն Գլխավոր պողոտայի Սարյան-Մաշտոց և Նալբանդյան-Հանրապետության հատվածները, Ամերիկյան Համալսարանի ետնամասի այգին:

 

Մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծում

 

Բակերի բարեկարգման աշխատանքների, ինչպես նաև երիտասարդության ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մեծ ուշադրություն է հատկացվում մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծմանը: Ներկայում մայրաքաղաքում առկա է շուրջ 90 մինի ֆուտբոլի դաշտ:

2013թ. ծրագրերով կառուցվել է 19 մինի-ֆուտբոլի դաշտ:

2014թ. ծրագրով կկառուցվի ևս 15 մինի ֆուտբոլի դաշտ, իսկ 11 հասցեների համար արդեն պատվիրված են նախագծանախահաշվային փաստաթղթեր.

. Աջափնյակ վարչական շրջան Գ-3 թաղամասի հ.25 շենքի մոտ,

. Արաբկիր վարչական շրջան Վրացական հ.7 շենքի բակում,

. Ավան վարչական շրջան 1-ին միկրոշրջանում,

. Դավթաշեն վարչական շրջան 4-րդ թաղամասի հ.հ. 1, 2, 3, 4, 7 շենքերի բակում,

. Էրեբունի վարչական շրջան Խաղաղ Դոն փողոցի հ.23 շենքի բակում,

. Կենտրոն վարչական շրջան Զավարյան փողոցի հ.64 շենքի հարակից տարածքում,

. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Բաբաջանյան փողոցի հ.հ.129-132 շենքերի բակում,

. Նոր Նորք վարչական շրջան 1-ին զանգվածի Բորյան փողոցի հ.4/1 շենքի բակում,

. Նորք-Մարաշ վարչական շրջան հ.61 դպրոցի հարակից տարածքում,

. Շենգավիթ վարչական շրջան Արշակունյաց փողոցի հ.135դ և 135գ շենքերի միացյալ բակում,

. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Մ.Ավետիսյան պուրակում:

2014թ. նախատեսվում է բարեկարգել նախկինում կառուցված մինի ֆուտբոլի դաշտերը:

 

Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում

 

2013թ. վերանորոգման աշխատանքներ են կատարվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.9 և Արաբկիրի մանկական պոլիկլինիկաներում:

2014թ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության 2 պոլիկլինիկաներում կիրականացվեն դռների և լուսամուտների փոխարինման և ևս 2-ում ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցներում հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում:

 

Կրթական, նախադպրոցական, արտադպրոցական և մարզական

հաստատությունների հիմնանորոգում

 

2013 թվականին իրականացված աշխատանքներ

2013թ. հիմնանորոգվել է 29 մանկապարտեզ. կատարվել են լուսամուտների և դռների փոխարինման, տանիքների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

2013թ. մայրաքաղաքի բոլոր գրադարաններն ապահովվել են ջեռուցման համակարգերով: Ջեռուցվել են նաև 2 երաժշտական դպրոց և Ա. Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը:

2014թ թվականին նախատեսվող աշխատանքներ

2014թ. ծրագրով նախատեսվում է Երևանի ենթակայության 25 մանկապարտեզներում իրականացնել մասնակի նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն 8 երաժշտական դպրոցներում, 3 արվեստի դպրոցներում և 12 գրադարաններում: Ջեռուցման համակարգեր կտեղադրվեն 5 մարզական դպրոցներում:

 

Մշակութային կենտրոնների և թանգարանների հիմնանորոգում

 

2013 թվականին հիմնանորոգվել է Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տունը և «Հայ Արտ» մշակութային կենտրոնը:

«Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում կառուցվել է ջեռուցման համակարգ, վերանորոգվել է Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահի տանիքը:

2014թ. նախատեսվում է կատարել «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներ:

 

Երևան քաղաքի ջրային կառույցների սպասարկման ու շահագործման

ծառայությունների իրականացում

 

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում առկա է 33 ջրային կառույց, որոնց մեծ մասն ունի վերանորոգման և հիմնանորոգման կարիք:

2013թ. ծրագրերով շահագործվել է թվով 27 ջրային կառույց:

Ջրային կառույցների վերականգնման ծրագիրը կրում է շարունակական բնույթ, և 2014թ. շարունակվելու է մայրաքաղաքի ջրային կառույցների վերանորոգման, վերազինման, պահպանման և շահագործման աշխատանքները:

Նախատեսվում է համայնք-մասնավոր հատված շարունակական համագործակցության միջոցով իրականացնել բարեկարգման կարիք ունեցող շատրվանների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:

 

Հուշարձանների պահպանում (պատվանդանների վերանորոգում, կառուցում)

 

ՀՀ կառավարության 20.04.2002թ. հ.438 որոշման համաձայն Երևանի սեփականություն հանդիսացող 401 հուշարձանների պահպանումը, սպասարկումն ու պատվանդանների նորոգման աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:

2013թ. իրականացվեց Հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Միացյալ Խաչ հուշարձանի պատվանդանի կառուցման աշխատանքները:

2014թ. նախատեսվում է բարեկարգել վերանորոգման կարիք ունեցող հուշարձանները, ինչպես նաև իրականացնել պատվանդանների կառուցման, վերանորոգման աշխատանքներ:

Կվերանորոգվեն և կբարեկարգվեն Ռումտիկցիների հուշարձանը, Ծովակալ Իսակովի հուշարձանն ու Մարշալ Բաղրամյանի արձանը:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Երևան համայնքի վարչական տարածքը 2013թ. հունվարի դրությամբ կազմում է 22328 հա, որից պետական սեփականության հողերը 3369.7 հա, համայնքային սեփականության հողերը 11031.65հա, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը 7913.7հա, օտարերկրյա պետությունների սեփականությունը 12.95հա:

Ներկայում Երևան քաղաքում առկա է 4-րդ աստիճանի վթարայնության քանդման ենթակա բազմաբնակարան բնակելի 5 և հանրակացարանային 3 շենք 414 բնակարանով:

 

Հիմնախնդիրներ

1. Առկա են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող, պետական գրանցում ունեցող, հաշվառված, բայց չհասցեավորված, ինչպես նաև չհաշվառված շենք-շինություններ:

2. Լուծման կարիք ունի Երևան քաղաքի մի շարք թաղամասերում 1991 թվականին որպես տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված, նախկինում սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցը:

3. Առկա է բարոյական և ֆիզիկական մաշվածությամբ շարժական և անշարժ գույք, որն անհրաժեշտ է ընդգրկել մասնավորեցման գործընթացում արդյունավետ կառավարում ապահովելու համար:

4. Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի մաշվածություն: Շենքերի տեխնիկական վիճակի վրա բացասաբար ազդեցություն են ունեցել ներքին և արտաքին ջրակոյուղատար ցանցերի մաշվածությունը, տանիքների ջրամեկուսիչ շերտի վնասվածությունը:

5. Առկա են վթարային բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր:

2013 թվականներին իրականացված աշխատանքներ

թվականին Երևան քաղաքում 4-րդ կարգի վնասվածություն ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցման հետ կապված շարունակվեց և ավարտին հասցվեց Շինարարների հ.15, Ֆուչիկի հ.12 հասցեների շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման գործընթացը:

Երևանի բյուջեի միջոցների հաշվին լուծվել են սողանքի հետևանքով վթարային և բնակության համար ոչ պիտանի դարձած Սարի Թաղի 18-րդ փողոցի հ.հ. 33, 35, 37, 39 և 41 հասցեներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները, որոնք ըստ ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի հ.204-Ն որոշման ենթակա են վերաբնակեցման:

2013թ ընթացքում վերաբնակեցվել է շուրջ 116 ընտանիք (Ֆուչիկի փող. 12, Շինարարների փող. 15, Հալաբյան փող. 3, Սարի Թաղի 18-րդ փողոցի սեփական տներ, Արցախի 4-րդ նրբ. հ.5, Նոր Արեշի 127/1 հանրակացարանային շենքեր): Վերաբնակեցումը կազմակերպելու համար օգտագործվել են Քանաքեռի 14-րդ և Բաբաջանյան փողոցներում շահագործման հանձնված բնակելի շենքերը, ինչպես նաև Սիսակյան փողոցի հ.22 հասցեում նոր կառուցված բազմաբնակարան շենքը:

Երևան համայնքի հաշվեկշռում առկա անմխիթար վիճակում գտնվող գույքի արդյունավետ կառավարման նպատակով մշակվել են ներդրումային փաթեթներ, որոնք ներկայացվում են շահագրգիռ սուբյեկտներին ներդրումների ներգրավման նպատակով:

Ծավալուն աշխատանք է տարվել վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի ոչ բնակելի տարածքների հաշվառման ուղղությամբ:

2014 թվականին նախատեսվող աշխատանքներ

թվականին կշարունակվի ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշման համաձայն, զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին հաշվառման ընդունելու և ցուցակները ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու գործընթացը:

2014թ. նախատեսվում է շարունակել Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի (բնակելի տների) բնակիչների անվտանգության ապահովման, անկանխատեսելի հետևանքները բացառելու, դրանցում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու հետ կապված աշխատանքները:

2014 թվականին կշարունակվեն Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերում դեռևս չսեփականաշնորհված բնակարանների անհատույց մասնավորեցման գործընթացը:

Կկազմակերպվեն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, սակայն դեռևս չգրանցված գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները:

2014թ. նախատեսվում է բնակարանային ֆոնդի վթարայնության ուսումնասիրման միջոցառումների վերաբերյալ հայեցակարգի մշակում:

Բնակարանային շինարարության իրականացման առկա փորձի վերլուծության արդյունքներից ելնելով հնարավոր միջոցներ կձեռնարկվեն վթարային, քանդման ենթակա շենքերից բնակիչների վերաբնակեցման նպատակով բնակարանային շինարարությունը տվյալ վարչական շրջանի սահմաններում իրականացնելու համար:

Կշարունակվեն Երևան քաղաքի դեռևս չանվանակոչված և անվանափոխության ենթակա պողոտաների, փողոցների և հրապարակների անվանման, ինչպես նաև սեփականության վկայական ունեցող շենք-շինությունների և հողամասերի հասցեավորման գործընթացները:

Նախկինում սեփականաշնորհված, սակայն սահմանված կարգով իրավունքներ չձևակերպած հողամասերի հաշվառման, գույքագրման, դրանց նկատմամբ իրավունքի վերականգնման և ձևակերպման գործառույթները կշարունակվեն նաև 2014 թվականին:

2014թ. նախատեսվում է Մարգարյան 45 հասցեում 4-րդ կարգի վթարային շենքի քանդում, նույն տեղում բազմաբնակարան շենքի կառուցում և այդ շենքից բնակարանների ձեռքբերում:

Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ֆիզիկական և բարոյական մաշվածություն ունեցող և պահպանման համար չհիմնավորված ծախսեր պահանջող գույքերի օտարման գործընթացի կազմակերպում:

Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերով, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում քաղաքաշինական ծրագրերի կազմման աշխատանքներում համապատասխան աջակցության ցուցաբերում:

Անշարժ գույքի օտարման տարեկան ծրագրերի մշակում հաշվի առնելով նախորդ տարիների փորձը:

Քաղաքաշինության ոլորտում, ինչպես նաև ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթների մշակում, հողային հաշվեկշռի ամենամյա հաստատմանն ուղղված աշխատանքների իրականացում:

Անշարժ գույքի կառավարման էլեկտրոնային ծրագրի մշակում և ներդրում, որը հնարավորություն կտա ավտոմատ ռեժիմով կառավարել գույքը, այդ թվում վարձակալությամբ տրամադրված պայմանագրային պարտավորությունների նկատմամբ իրականացնելով առավել արդյունավետ հսկողություն:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց համապատասխան պայմանագրերի համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի օգտագործման դեպքերի հայտնաբերում և համապատասխան ձևակերպումների իրականացում:

Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի գույքագրում, ընդհանուր բազայի ստեղծում:

Վարձակալությամբ տրված տարածքների և հողամասերի պայմանագրերի ժամկետների վերանայում և վարձավճարների համապատասխանեցում Երևանի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերին:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխում համապատասխան որոշումների միջոցով: 2014թ. նախատեսվում է քաղաքացիների դիմումների առկայության դեպքում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրականացնել նախկինում պետական ակտերով կամ սեփականաշնորհման այլ փաստաթղթերով գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ փաստաթղթերի տրամադրումը:

 

ԿՈՄՈՒՆԱԼ ՈԼՈՐՏ

 

Ջրամատակարարում և ջրահեռացում

 

«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործումն ու կառավարումը:

Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 1964 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 223,5 հազ. խմ տարողությամբ 23 օրվա կարգավորիչ ջրավազանների (ՕԿՋ) միջոցով:

Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգն ունի 9 ջրաղբյուր, 103 կապտաժային կառույց, 39 արտեզյան (ինքնաբուխ) հորատանցք, 5 խոշոր պոմպակայան, 29 խորքային հորատանցք և 700 կմ մայրուղային ջրատար:

 

Հիմնախնդիրներ

1. ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման որակի բարելավում

2. ջրակորուստների կրճատում

3. ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի ընդլայնում

4. նկուղային հարկերում և կաթսայատներում տեղակայված պոմպակայանների տեղափոխում

5. պոմպակայանների և բակային պոմպերի նորացում ու փոխարինում

6. ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի հետագա շահագործման խնդիրների կարգավորում

7. մակերևութային ջրերի հեռացման համակարգի շահագործման արդյունավետության բարձրացում

8. «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցում

2013 թվականին իրականացված աշխատանքներ

Երևանի ջրային համակարգերի «Վարձակալության պայմանագրի» մեկնարկից` 2006թ. հունիսի 1-ից պայմանագրի իրականացման 7 տարիների ընթացքում, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից լուրջ միջոցառումներ են իրականացվել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման բարելավման և շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կատարվել են ջրամատակարարման բաշխիչ ցանցերի լայնամասշտաբ գոտիավորման և ճնշումների կառավարման ծրագրեր, որոնց արդյունքում ընկերության կատարողականությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գծով զգալի առաջընթաց է ապահովվել:

Երևան քաղաքի բնակիչներին ջրի մատակարարման միջին տևողությունը օրվա ընթացքում կազմել է 94.8% կամ 22.76 ժամ, այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված 95% ցուցանիշը պետք է ապահովվեր 10-րդ տարում:

Ջրամատակարարման նվազագույն տևողությունը կազմում է 12 ժամ, ընդ որում բաժանորդների զգալի մասը`67%-ը ստանում է շուրջօրյա ջրամատակարարում, բաժանորդների 29%-ը ստանում է 17-23.5-ժամյա ջրամատակարարում, բաժանորդների միայն 4%-ն է ստանում 12-17-ժամյա ջրամատակարարում:

Ջրամատակարարման տևողության արձանագրված առաջընթացի պահպանման պարագայում, ջրակորուստների կրճատման և քաղաքում ջրաքանակների օպտիմալ վերաբաշխման արդյունքում տարեցտարի նվազեցվում են ջրարտադրության ծավալները: Ջրառը պայմանագրային 7-րդ տարում կազմել է 300.5 մլն խմ` Պայմանագրի մեկնարկին նախորդող տարվա 358.2 մլն խմ-ի դիմաց: Ընդ որում, այս նվազեցումը ապահովվել է հիմնականում խոշոր պոմպակայաններում մեխանիկական եղանակով ջրառի նվազեցման հաշվին, որը 155.6 մլն խմ-ից նվազեցվել է մինչև 70.6 մլն խմ:

էլեկտրաէներգիայի ծախսը 119.4 մլն խմ-ից նվազեցվել է մինչև 33.7 մլն խմ: Երևան քաղաքի և սպասարկվող 32 գյուղերի բոլոր բաժանորդներին մատակարարվել է խմելու ջրի որակի ստանդարտներին համապատասխանող պատշաճ որակի ջուր:

Ապահովվել են նաև վթարների վերաբերյալ տեղեկացումներին արձագանքման և վերանորոգման, ինչպես նաև գրավոր հարցումներին ու բողոքներին պատասխանելու համար պայմանագրով սահմանված ժամկետները:

Անհատական ջրաչափեր տեղադրած բաժանորդների թիվը 89.7%-ից հասցվել է 97.75%-ի,

Սպառված ջրաքանակի դիմաց վարձավճարների գանձման ցուցանիշը 84%-ից հասցվել է 99.3%-ի:

2013թ. տարում կատարվել են հեղեղատար (մակերևութային ջրերի հեռացման) ցանցի շահագործման բարելավման աշխատանքներ: Իրականացվել է անձրևընդունիչների, հորերի, խողովակաշարերի մաքրման 7951 գործողություն: Կատարվել է նաև հեղեղատար ցանցի ընդլայնում կառուցվել և վերակառուցվել է 300մմ տրամագծով 455 գծմ հեղեղատար ցանց և անձրևընդունիչ հորեր:

2014 թվականին նախատեսվող աշխատանքներ

(Պայմանագրային 8-րդ տարի 01.06.2013թ.-31.05.2014թ.)

Պայմանագրային 8-րդ տարում շարունակվելու են ջրարտադրության, ջրատար համակարգերի և ջրամատակարարման բաշխիչ ցանցերի կառավարման բարելավմանը, ջրային համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Ընդ որում, ջրամատակարարման շարունակականության բարելավման հետ մեկտեղ կարևորվում են նաև ջրամատակարարման հուսալիության ապահովման հարցերը:

Ջրամատակարարման շարունակականության (օրվա ջրամատակարարման ժամերի միջին տևողության) բարելավման հարցում առանձնակի ուշադրություն է դարձվելու ջրամատակարարման առումով ոչ բարենպաստ պայմաններում գտնվող գոտիների բարելավմանը: 2013թ. Երևան քաղաքի բոլոր սպառողների համար ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշ է սահմանվել 12-ժամյա ջրամատակարարումը, սակայն ձեռնարկվելու են միջոցառումներ պայմանագրային 8-րդ տարվա ընթացքում ջրամատակարարման նվազագույն շեմը էլ ավելի բարձրացնելու համար` անփոփոխ թողնելով մինչ այդ շուրջօրյա ջրամատակարարում ստացող տարածքները:

Պայմանագրային 8-րդ տարում նախատեսվող կարևոր բարեփոխումներից են` Նոր-Նորքի I և II զանգվածների նվազագույն ջրամատակարարման շեմը 17 ժամ սահմանելը` նախկին` 12-ժամի փոխարեն, 16 և 17 թաղամասերում 24 ժամ` նախկին` 17 ժամի փոխարեն, Հարավ-Արևմտյան Ա թաղամասում 24 ժամ` նախկին 17 ժամի փոխարեն, և քաղաքի տարբեր թաղամասերի մոտ 80 շենքերում, ջրամատակարարման հին պոմպերը նոր պոմպերով և վարիատորներով փոխարինելու շնորհիվ 3-րդ հարկից բարձր բաժանորդները նախկին 12 ժամի փոխարեն կստանան առնվազն 17 ժամյա ջրամատակարարում:

«Վարձակալության պայմանագրի» 8-րդ տարում (01.06.2013-31.05.2014) «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրով» նախատեսվում է կատարել 1920.0 մլն ՀՀ դրամի աշխատանքներ:

Միայն ջրամատակարարման բաշխիչ ցանցի և կոյուղագծերի բարելավման ու վերակառուցման համար «Երևան Ջուր» ՓԲԸ-ի շահագործման պատասխանատուների կողմից ներկայացված առաջնահերթ աշխատանքների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 1436.4 մլն ՀՀ դրամ այդ թվում` բախշիչ ցանցի համար 1110.0 մլն ՀՀ դրամ, կոյուղու ցանցի համար 326.4 մլն ՀՀ դրամ:

Շարունակվելու են ջրային օբյեկտների սանիտարական գոտիների սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, բարելավման և անվտանգության ապահովման միջոցառումները: Այս նպատակների համար նախատեսվում է իրականացնել առնվազն 145 մլն ՀՀ դրամի աշխատանքներ:

Մասնավորապես, պայմանագրային 8-րդ տարում ջրային օբյեկտների «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների» ծրագրի շրջանակներում նախատեսվում է`

. վերանորոգել Ապարանի պոմպակայանի գալերեան և M-ից մինչև N15 հորատանցքերի տեսչական ճանապարհը,

. վերանորոգել Ծարավաղբյուրի սանիտարական գոտին,

. վերակառուցել Դավիթաշենի ՕԿՋ-ի սանիտարական պահպանման գոտում առկա շինությունները, որտեղ տեղակայվելու է «Արևմուտք» շահագործման տնօրինության Մաշտոց տեղամասը,

. Աբովյան Վերին ՕԿՋ-ի սանիտարական պահպանման գոտում կառուցել մետաղական ցանկապատ` 160գծմ ընդհանուր երկարությամբ և տեղադրել դարպասներ:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
10.12.2013
N 86-Ն
Որոշում