Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ

 

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ

 

i

Նախաբան

 

Եվրոպայի խորհրդի անդամ երկրները, ստորագրելով սույն Խարտիան,

համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև հանուն ընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալների ու սկզբունքների պաշտպանության և իրագործման,

համարելով, որ վարչական ոլորտում համաձայնագրերի կնքումն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է,

համարելով, որ տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած ժողովրդավարական ռեժիմի հիմնական հիմքերից մեկն են,

համարելով, որ պետական գործերի կառավարմանը մասնակցելու քաղաքացիների իրավունքը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների ժողովրդավարական սկզբունքներից է,

համարելով, որ այդ իրավունքը կարող է առավել ուղղակիորեն իրականացվել հատկապես տեղական մակարդակով,

համոզված լինելով, որ իրական պատասխանատվությամբ օժտված տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունը կարող է ապահովել արդյունավետ և, միաժամանակ, քաղաքացուն մերձեցած կառավարում,

գիտակցելով, որ եվրոպական տարբեր երկրներում տեղական ինքնակառավարման պաշտպանությունն ու ամրապնդումն զգալիորեն աջակցում են ժողովրդավարական սկզբունքների և ապակենտրոնացված իշխանության վրա հիմնված Եվրոպայի կառուցման գործին,

հաստատելով, որ դա ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների առկայություն, որոնք օժտված են ժողովրդավարական ճանապարհով ստեղծված որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցող մարմիններով, և որոնք լայն ինքնավարություն ունեն իրենց պարտավորությունների, դրանց իրականացման կարգի և մեթոդների, դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցների առումով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը պարտավորվում են պահպանել հետևյալ հոդվածները այն ձևով և ծավալով, ինչպես նախատեսված է սույն Խարտիայի 12-րդ հոդվածում:

 

Մաս 1

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Տեղական ինքնակառավարման սահմանադրական և իրավական հիմքերը

 

Տեղական ինքնակառավարման սկզբունքը պետք է ճանաչված լինի ներպետական օրենսդրությունում և, հնարավորինս, երկրի Սահմանադրությունում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տեղական ինքնակառավարում հասկացությունը

 

1. Տեղական ինքնակառավարում հասկացություն նշանակում է` տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը և կարողությունը` կանոնակարգելու և կառավարելու պետական գործերի զգալի մասը (օրենքի շրջանակներում)` սեփական պատասխանատվությամբ և տեղական բնակչության շահերից ելնելով:

2. Այդ իրավունքը իրականացվում է խորհուրդների կամ ժողովների կողմից, որոնց անդամները ընտրված են ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության ճանապարհով: Խորհուրդները կամ ժողովները կարող են ունենալ հաշվետու գործադիր մարմիններ: Այս դրույթը չի բացառում քաղաքացիների` ժողովին, հանրաքվեին կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության ցանկացած այլ ձևի դիմելը այնտեղ, որտեղ դա թույլատրվում է օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Տեղական ինքնակառավարման իրավասության ոլորտը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքով: Սակայն այդ դրույթը չի խանգարում, որ տեղական ինքնակառավարման մարմիններին, օրենքին համապատասխան, որոշակի նպատակներով որոշակի լիազորություններ տրվեն:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով սահմանված շրջանակներում, գործողությունների լիակատար ազատություն ունեն` իրականացնելու իրենց նախաձեռնությունները ցանկացած հարցի հետ կապված, որը դուրս չէ իրենց իրավասություններից և վերապահված չէ իշխանության այլ մարմնի:

3. Պետական լիազորությունների իրականացումը, որպես կանոն, պետք է առավելապես դրվի քաղաքացիներին ամենից մոտ կանգնած իշխանության մարմինների վրա: Որևէ այլ մարմնի լիազորություն ընձեռելու դեպքում պետք է հաշվի առնվեն առաջադրված խնդրի ծավալն ու բնույթը, ինչպես նաև` խնայողության ու արդյունավետության պահանջները:

4. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող լիազորությունները պետք է լիակատար և բացառիկ լինեն: Դրանք չեն կարող վերացվել կամ սահմանափակվել իշխանության այլ (կենտրոնական կամ տարածաշրջանային) մարմնի կողմից, բացառությամբ օրենքով սահմանված շրջանակների:

5. Կենտրոնական կամ տարածաշրջանային մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների պատվիրակման դեպքում նրանք պետք է, հնարավորության սահմաններում, ազատություն ունենան դրանց իրականացումը հարմարեցնելու տեղական պայմաններին:

6. Պլանավորման և որոշում կայացնելու գործընթացներում, որոնք անմիջականորեն առնչվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, անհրաժեշտ է, հնարավորության դեպքում, ժամանակին և համապատասխան ձևով խորհրդակցել այդ մարմինների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային սահմանազատումների

պահպանումը

 

Տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում, նաև հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով):

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Համապատասխան վարչական կառուցվածքներ և ռեսուրսներ տեղական

ինքնակառավարման մարմինների խնդիրների համար

 

1. Չխախտելով առավել ընդհանուր օրենսդրական դրույթները` տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան որոշել իրենց ներպետական վարչական կառուցվածքները` դրանք տեղական պահանջներին հարմարեցնելու և արդյունավետ կառավարում երաշխավորելու համար:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների աշխատանքային պայմանները պետք է հնարավորություն տան` հավաքագրելու փորձի և բանիմացության սկզբունքների վրա հիմնված բարձր որակավորում ունեցող կադրերի: Այդ նպատակով պետք է ապահովվեն համապատասխան ուսուցման հնարավորություններ, վարձատրություն և ծառայողական առաջխաղացում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Լիազորությունների իրականացման պայմանները տեղական մակարդակում

 

1. Տեղական մարմինների ընտրված ներկայացուցիչների կարգավիճակը պետք է ապահովի նրանց գործառույթների ազատ իրականացումը:

2. Տեղական մարմիններում ընտրված անձանց կարգավիճակը պետք է թույլ տա` ստանալու իրենց լիազորությունների իրականացման ժամանակ արվող ծախսերին համապատասխան դրամական փոխհատուցում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցում` չստացված վաստակի դիմաց կամ վճարում` կատարված աշխատանքի դիմաց, և համապատասխան սոցիալական պաշտպանություն:

3. Տեղական մարմիններում ընտրված անձի կարգավիճակին անհամատեղելի գործառնություններն ու գործունեությունը կարող են սահմանվել օրենքով կամ հիմնարար իրավական սկզբունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական

վերահսկողությունը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական վերահսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ընթացակարգերով և դեպքերում:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ցանկացած վարչական վերահսկողություն պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրական սկզբունքների ապահովմանը: Այդուհանդերձ, վարչական վերահսկողությունը կարող է ներառել նաև վերադաս մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների կատարման հսկողությունը:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որ վերահսկող մարմնի միջամտության աստիճանը համաչափ լինի այն շահերի կարևորության աստիճանին, որոնք նա նպատակ ունի պաշտպանելու:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման աղբյուրները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն ազգային տնտեսական քաղաքականության շրջանակներում տնօրինելու համապատասխան սեփական ֆինանսավորման միջոցներ, որոնք նրանք ազատորեն կարող են օգտագործել իրենց լիազորությունների շրջանակում:

 

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցները պետք է համաչափ լինեն Սահմանադրությամբ կամ օրենքով նրանց տրված լիազորություններին:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերից և վճարներից, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել օրենքի շրջանակներին համապատասխան:

4. Այն ֆինանսական համակարգերը, որոնց վրա հիմնվում են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցները, պետք է բավականին բազմազան և ճկուն լինեն, որպեսզի, որքանով դա գործնականում հնարավոր է, համաքայլ ընթանան ծախսերի փոփոխություններին, որոնք ծագում են տեղական ինքնակառավարումից ծագող խնդիրները իրականացնելիս:

5. Ֆինանսական առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգերի հաստատում կամ հավասարազոր միջոցառումներ, որոնք ուղղված են տեղական մարմինների պոտենցիալ ֆինանսական աղբյուրների անհամաչափ բաշխման արդյունքների և նրանց ֆինանսական վերադիր ծախքերի ճշգրտմանը: Այդպիսի ընթացակարգերը կամ միջոցառումները չպետք է սահմանափակեն տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ազատությունը, որոնք նրանք կարող են իրականացնել իրենց լիազորությունների շրջանակում:

6. Տեղական ինքնակառավարման մարմինների հետ պատշաճ կերպով պետք է խորհրդատվություններ անցկացվեն վերաբաշխվող միջոցները նրանց հատկացնելու կարգի վերաբերյալ:

7. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող դոտացիաները հնարավորին չափով չպետք է նախատեսվեն որոշակի ծրագրերի ֆինանսավորման համար: Դոտացիաների տրամադրումը չպետք է վնասի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում վարվող քաղաքականությանը:

8. Կապիտալ ներդրումներ ձեռք բերելու նպատակով, օրենքի շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է մատչելի լինի կապիտալի ազգային շուկան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Տեղական ինքնակառավարման մարմինների միավորվելու իրավունքը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն իրենց լիազորությունները իրականացնելիս համագործակցել և, օրենքի շրջանակներում, միավորվել տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման համար:

2. Յուրաքանչյուր պետությունում պետք է ճանաչվի տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը` մտնելու միավորումների մեջ` ընդհանուր շահերը պաշտպանելու և առաջ տանելու համար, ինչպես նաև` մտնելու տեղական ինքնակառավարման մարմինների միջազգային միավորման մեջ:

3. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն օրենքով սահմանված պայմաններում համագործակցել այլ պետությունների համանման մարմինների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Տեղական ինքնակառավարման իրավական պաշտպանությունը

 

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների ազատ իրականացման ապահովման և Սահմանադրությամբ կամ ներպետական օրենսդրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման սկզբունքների պահպանման համար պետք է ունենան դատարանով պաշտպանվելու իրավունք:

 

Մաս 2

 

Այլ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պարտավորություններ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է հետևել Խարտիայի առաջին մասի առնվազն 20 կետերի, որոնցից առնվազն տասը պետք է ընտրված լինեն հետևյալ կետերից.

հոդված 2

հոդված 3, 1-ին և 2-րդ կետեր

հոդված 4, 1-ին, 2-րդ և 4-րդ կետեր

հոդված 5

հոդված 7, կետ 1

հոդված 8, կետ 2

հոդված 9, 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր

հոդված 10, կետ 1

հոդված 11

2. Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ տալու պահին յուրաքանչյուր պայմանավորվող պետություն ծանուցում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան ընտրված կետերի մասին:

3. Հետագայում ցանկացած Կողմը կարող է ցանկացած ժամանակ ծանուցել գլխավոր քարտուղարին, որ ինքը պարտավորվում է հետևել սույն Խարտիայի այլ կետերի, որոնք դեռ չեն ընդունվել սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան: Հետագայում տրված նման պարտավորությունները դիտվում են որպես ծանուցող Կողմի` վավերացման, ընդունման կամ հավանության բաղկացուցիչ մաս և ուժի մեջ են մտնում այն ամսվա առաջին օրվանից, որը հաջորդում է ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալուց հետո եռամսյա ժամկետին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց վրա տարածվում է Խարտիայի

ազդեցությունը

 

Սույն Խարտիայում պարունակվող տեղական ինքնակառավարման սկզբունքները տարածվում են Կողմի տարածքում գոյություն ունեցող բոլոր կատեգորիաների տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Սակայն վավերագիրը, ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթը ի պահ տալու պահին յուրաքանչյուր Կողմ կարող է նշել տեղական կամ տարածաշրջանային մարմինների այն կատեգորիաները, որոնց նկատմամբ մտադիր է սահմանափակել Խարտիայի կիրառումը կամ որոնց մտադիր է դուրս թողնել դրա կիրառման ոլորտից: Կողմը կարող է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հետագայում տրվող ծանուցման միջոցով տարածել Խարտիայի ազդեցությունը իշխանության տեղական և տարածաշրջանային մարմինների այլ կատեգորիաների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Տեղեկության տրամադրումը

 

Յուրաքանչյուր Կողմ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տրամադրում է ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը օրենսդրական դրույթների և իր կողմից ձեռնարկված այլ միջոցառումների մասին` սույն Խարտիայի պայմաններին համապատասխանություն ապահովելու նպատակով:

 

Մաս 3

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Խարտիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Խարտիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

2. Սույն Խարտիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի 4 անդամ պետությունների կողմից, նախորդ կետի դրույթների համաձայն, Խարտիային հետևելու մասին համաձայնություն տալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

3. Ցանկացած անդամ պետության համար, որը համաձայնություն է տվել միանալու Խարտիային հետագայում, Խարտիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ տալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Տարածքային կիրառելիություն

 

1. Ստորագրման կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ տալու պահին յուրաքանչյուր պետություն կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Խարտիան:

2. Հետագայում յուրաքանչյուր պետություն կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ տարածել սույն Խարտիայի կիրառումը հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքի նկատմամբ Խարտիան ուժի մեջ է մտնում ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

3. Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն, որը առնչվում է այդ հայտարարության մեջ նշված որևէ տարածքի, կարող է հետ վերցվել գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Յուրաքանչյուր հրաժարում ուժի մեջ կմտնի նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Չեղյալ հայտարարելը

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Խարտիան տվյալ Կողմի համար ուժի մեջ մտնելու պահից հնգամյա ժամկետը անցնելուց հետո ցանկացած ժամանակ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին 6 ամիս առաջ հղվում է ծանուցագիր: Նման չեղյալ հայտարարման հետևանքով Խարտիան չի կորցնում իր ուժը այլ Կողմերի նկատմամբ` պայմանով, որ նման Կողմերի թիվը երբևէ չպետք է 4-ից պակաս լինի:

2. Նախորդ կետի դրույթների համաձայն` Կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել Խարտիայի առաջին մասի` իր կողմից ընդունված ցանկացած կետ` պայմանով, որ այդ Կողմը պարտավորված է մնում 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կետերին և նրանց քանակին: Որևէ կետի չեղյալ հայտարարման դեպքում ցանկացած Կողմ, որը չի պահպանի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, պետք է համարվի որպես ամբողջ Խարտիան չեղյալ հայտարարած:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Ծանուցագրերը

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ծանուցում է խորհրդի անդամ պետություններին.

ա) ցանկացած ստորագրության մասին,

բ) ցանկացած վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,

գ) 15-րդ հոդվածին համապատասխան` սույն Խարտիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

դ) 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին համապատասխան ստացված ցանկացած ծանուցագրի մասին,

ե) 13-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ստացված ցանկացած ծանուցագրի մասին,

զ) ցանկացած այլ ակտի, ծանուցագրի կամ հաղորդագրության մասին, որն առնչվում է սույն Խարտիային:

 

Ի վկայումն վերոնշյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Խարտիան:

 

Կատարված է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին` Ստրասբուրգում, մեկ օրինակով, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության:

 

* Համաձայն Խարտիայի հոդված 12-ի` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կապված լինել Խարտիայի հետևյալ հոդվածներով`

հոդված 2

հոդված 3-ի 1-ին և 2-րդ կետեր

հոդված 4-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետեր

հոդված 7-ի 1-ին և 3-րդ կետեր

հոդված 8-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր

հոդված 9-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետեր

հոդված 10-ի 1-ին և 2-րդ կետեր

հոդված 11»

 

** Խարտիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 1-ից:

 

 

pin
15.10.1985
Միջազգային պայմանագիր