Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ` «ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ

 

Նախաբան

 

Սույն Արձանագրության Մասնակից պետությունները,

 

գիտակցելով հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը կանխելու, վերացնելու և դրանց դեմ պայքարելու անհետաձգելի անհրաժեշտությունը, քանի որ նման գործողությունները վնասակար ազդեցություն ունեն յուրաքանչյուր պետության, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության վրա` վտանգի ենթարկելով ժողովուրդների բարեկեցությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը և խաղաղ ապրելու իրավունքը,

 

համոզված լինելով բոլոր պետությունների կողմից այդ նպատակով համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկելու անհրաժեշտության մեջ, ներառյալ միջազգային համագործակցությունը և տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներով այլ միջոցները,

 

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի` 1998 թվականի դեկտեմբերի 9-ի հմ. 53/111 բանաձևը, որում ասամբլեան որոշել է բաց կազմով միջկառավարական հատուկ կոմիտե հիմնել` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ համապարփակ միջազգային կոնվենցիայի մշակման, այդ թվում` նաև հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ պայքարի մասին միջազգային փաստաթղթի մշակման հարցի քննարկման նպատակով,

 

հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված` ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման վերաբերյալ սկզբունքները և, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագիրը,

 

համոզված լինելով, որ Միավորված ազգերի կազմակերպության` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիան լրացնելը հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ միջազգային փաստաթղթով կնպաստի այդ հանցագործությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին,

 

համաձայնեցին հետևյալի մասին:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հարաբերությունը Միավորված ազգերի կազմակերպության` Անդրազգային

կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիայի հետ

 

1. Սույն Արձանագրությունը լրացնում է Միավորված ազգերի կազմակերպության` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Կոնվենցիան: Այն պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի հետ համատեղ:

 

2. Կոնվենցիայի դրույթները անհրաժեշտ փոփոխություններով կկիրառվեն սույն Արձանագրության նկատմամբ, եթե դրանում այլ բան նախատեսված չէ:

 

3. Սույն Արձանագրության 5-րդ հոդվածին համապատասխան սահմանված իրավախախտումները կդիտվեն իբրև Կոնվենցիային համապատասխան սահմանված իրավախախտումներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Նպատակը

 

Սույն Արձանագրության նպատակն է հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը կանխելու, վերացնելու և դրանց դեմ պայքարելու նպատակով Մասնակից պետությունների միջև համագործակցության խթանումը, դյուրացումը և ամրապնդումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Եզրույթների կիրառումը

 

Սույն Արձանագրության նպատակների համար`

 

ա) «հրազեն» նշանակում է` կրելու համար նախատեսված ցանկացած փողավոր զենք, որն արձակում է, նախատեսված է արձակելու կամ հեշտությամբ կարող է հարմարեցվել` արձակելու համար կրակոց, փամփուշտ կամ արկ պայթուցիկ նյութի գործողության հաշվին` բացառությամբ հնատիպ հրազենի կամ դրա կրկնօրինակների: Հնատիպ հրազենը կամ դրա կրկնօրինակները սահմանվում են ներքին օրենսդրության համաձայն: Ոչ մի դեպքում, սակայն, հնատիպ հրազեն չի կարող համարվել 1899 թվականից հետո արտադրված հրազենը.

 

բ) «հիմնամասեր և բաղադրիչներ» նշանակում է` հրազենի համար հատուկ նախատեսված և դրա գործողության համար անհրաժեշտ ցանկացած բաղադրիչ կամ պահեստամաս, ներառյալ փողը, պահունակը կամ փողատուփը, գնդացրի փակաղակի շրջանակը կամ թմբուկը, փակաղակը կամ հրացանի լցամասը, ինչպես նաև արձակվող կրակոցի ձայնը խլացնելու համար նախատեսված կամ հարմարեցված ցանկացած սարքավորում.

 

գ) «ռազմամթերք» նշանակում է` փամփուշտ կամ դրա բաղադրիչներ, ներառյալ պարկուճները, հրապատիճները, նետողական լիցքը, գնդակները կամ արկերը, որոնք օգտագործվում են հրազենում` պայմանով, որ այդ բաղադրիչներն ինքնին ենթակա են համապատասխան թույլտվության Մասնակից պետությունում.

 

դ) «անօրինական արտադրություն» նշանակում է` հրազենի, դրա մասերի, բաղադրիչների կամ ռազմամթերքի անօրինական արտադրություն կամ հավաքում`

 

ապօրինի շրջանառված մասերից կամ բաղադրիչներից,

առանց այն Մասնակից պետության համապատասխան արտոնագրի կամ թույլտվության, որտեղ իրականացվում է արտադրումը կամ հավաքումը,

արտադրման ժամանակ առանց հրազենի դրոշմանշման` սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համապատասխան.

 

մասերի և բաղադրիչների արտադրման համար արտոնագիր կամ թույլտվություն տրվում է ներքին օրենսդրությանը համապատասխան.

 

ե) «ապօրինի շրջանառություն» նշանակում է` որևէ Մասնակից պետության տարածքից կամ նրա տարածքով մեկ այլ Մասնակից պետության տարածք հրազենի, դրա մասերի, բաղադրիչների կամ ռազմամթերքի ներկրում, արտահանում, գնում, վաճառք, առաքում, տեղափոխում կամ փոխանցում, եթե սույն Արձանագրության պայմանների համաձայն` շահագրգիռ Մասնակից պետություններից մեկը դրա համար թույլտվություն չի տվել, կամ եթե հրազենը չունի դրոշմ` սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համապատասխան,

 

զ) «հսկողություն» նշանակում է` հրազենի և, եթե հնարավոր է, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի պարբերական հսկողություն արտադրողից մինչև գնորդ` անօրինական արտադրության և ապօրինի շրջանառության բացահայտման, հետաքննության և վերլուծության գործում Մասնակից պետությունների իրավասու մարմիններին աջակցելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կիրառության ոլորտ

 

1. Սույն Արձանագրությունը կիրառվում է, եթե դրանում այլ բան նշված չէ, հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը կանխելու և սույն Արձանագրության 5-րդ հոդվածին համապատասխան սահմանված իրավախախտումների հետաքննության և դատական հետապնդման նպատակով, եթե այդ իրավախախտումները կրում են անդրազգային բնույթ և կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի կողմից:

 

2. Սույն Արձանագրությունը չի կիրառվում միջպետական գործարքների կամ դեպի որևէ պետություն կատարվող փոխանցումների նկատմամբ այն դեպքերում, երբ Արձանագրության կիրառումը կարող է ազդել Մասնակից պետության` ի նպաստ ազգային անվտանգության միջոցներ ձեռնարկելու իրավունքին` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Քրեականացում

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ բնույթի միջոցներ, որոնք կարող են պահանջվել հետևյալ արարքները քրեական իրավախախտումներ ճանաչելու համար, եթե դրանք կատարվել են դիտավորությամբ.

 

ա) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրում

 

բ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և ապօրինի շրջանառություն,

 

գ) Սույն Արձանագրության 8-րդ հոդվածով պահանջվող` հրազենի վրա դրոշմը կեղծելը կամ անօրինական կերպով ջնջելը, հեռացնելը կամ փոփոխելը:

 

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ընդունի նաև այնպիսի օրենսդրական և այլ բնույթի միջոցներ, որոնք կարող են պահանջվել հետևյալ արարքները քրեական իրավախախտումներ ճանաչելու համար.

 

ա) իր իրավական համակարգի հիմնարար հայեցակետերի համաձայն` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատված որևէ իրավախախտում կատարելու փորձը կամ մասնակցությունը դրան` իբրև հանցակից.

 

բ) սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատված որևէ իրավախախտման կատարման կազմակերպումը, ղեկավարումը, աջակցումը, դրդումը, դյուրացումը կամ խորհրդատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Բռնագրավում, կալանում և օտարում

 

1. Չհակասելով Կոնվենցիայի 12-րդ հոդվածի դրույթներին` Մասնակից պետությունները իրենց ներքին իրավական համակարգերի շրջանակներում առավելագույն հնարավորության սահմաններում կձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի բռնագրավումը հնարավոր դարձնելու համար:

 

2. Մասնակից պետություններն իրենց ներքին իրավական համակարգի շրջանակներում կձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` կանխելու համար անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված հրազենը, դրա հիմնամասերը և բաղադրիչները, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքը դրանց կիրառման համար չլիազորված անձանց մոտ հայտնվելը` կալանելով և ոչնչացնելով այդ հրազենը, դրա հիմնամասերը և բաղադրիչները, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքը, եթե դրանց օտարումը պաշտոնապես չի թույլատրվել` պայմանով, որ այդ հրազենի վրա համապատասխան նշում արվի, և գրանցվեն այդ հրազենի ու ռազմամթերքի օտարման եղանակները:

 

II. Կանխարգելում

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Գրառումների վարում

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ապահովի ոչ պակաս, քան տասը տարվա ընթացքում հրազենի և, հարկ եղած ու գործնական հնարավորության դեպքերում, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի վերաբերյալ այն տեղեկությունների պահպանումը, որոնք անհրաժեշտ են անօրինական կերպով արտադրված և ապօրինի շրջանառված հրազենի և, հարկ եղած ու գործնական հնարավորության դեպքերում, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի վերահսկման ու հայտնաբերման համար, և նման գործունեությունը կանխարգելելու ու բացահայտելու համար: Նման տեղեկությունները ներառում են.

 

ա) սույն Արձանագրության 8-րդ հոդվածով պահանջվող պատշաճ դրոշմանշումները.

 

բ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի հետ կապված միջազգային գործարքների դեպքերում` համապատասխան արտոնագրերը կամ թույլտվությունները տալու ամսաթվերի և վավերականության ժամկետների, արտահանող երկրի, ներկրման երկրի, հարկ եղած դեպքում` տարանցիկ երկրի և վերջնական ստացողի մասին տեղեկությունները, ինչպես նաև առարկաների նկարագրությունը և քանակը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հրազենի դրոշմանշումը

 

1. Յուրաքանչյուր հրազենի նույնականացման և վերահսկողության նպատակով Մասնակից պետությունները պետք է.

 

ա) յուրաքանչյուր հրազենի արտադրման ընթացքում պահանջեն յուրահատուկ դրոշմի կիրառում` արտադրողի անունով, արտադրման վայրով կամ երկրով ու սերիական համարով, կամ թվային և/կամ տառաթվային գաղտնագրի հետ համակցված պարզ երկրաչափական նշաններից կազմված, այլընտրանքային, գործածության համար հարմար յուրահատուկ դրոշմի կիրառում, որը բոլոր Մասնակից պետություններին թույլ կտա արագ որոշել արտադրման երկիրը.

 

բ) պահանջեն ներկրվող յուրաքանչյուր հրազենի վրա համապատասխան պարզ դրոշմ, որը թույլ կտա որոշել ներկրող երկիրը և, հնարավորության դեպքում, ներկրման տարեթիվը, և որը հնարավորություն կտա տվյալ երկրի իրավասու մարմիններին հսկողություն սահմանել այդ հրազենի նկատմամբ. իսկ եթե տվյալ հրազենը չունի նման դրոշմ, կարող է պահանջվել յուրահատուկ դրոշմ: Սույն ենթակետի պահանջները չեն կիրառվում ապացուցելի օրինական նպատակների համար ներկրվող հրազենի նկատմամբ.

 

գ) ապահովեն քաղաքացիական նպատակով օգտագործման համար պետական պահեստից հրազենի փոխանցման ընթացքում համապատասխան յուրահատուկ դրոշմի առկայություն, որը թույլ կտա բոլոր Մասնակից պետություններին որոշել փոխանցող երկիրը:

 

2. Մասնակից պետությունները կխրախուսեն հրազեն արտադրող ձեռնարկություններին մշակել դրոշմների հեռացման կամ փոփոխման դեմ պայքարի միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Հրազենի ապաակտիվացումը

 

Մասնակից պետությունը, որը, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, ապաակտիվացված հրազենը չի ընդունում որպես հրազեն, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի ապաակտվացված հրազենի անօրինական վերաակտիվացումը կանխելու համար` ներառյալ, հարկ եղած դեպքում, առանձին իրավախախտումների սահմանումը` ապաակտիվացման հետևյալ ընդհանուր սկզբունքներին համապատասխան.

 

ա) ապաակտիվացված հրազենի բոլոր հիմնական մասերը պետք է լինեն մշտական օգտագործման համար ոչ կիրառելի և անպիտան տեղափոխման, փոխարինման կամ փոփոխության համար, որը թույլ կտա ցանկացած ձևով վերաակտիվացնել հրազենը.

 

բ) անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարկ եղած դեպքում ապաակտիվացված լինելը ստուգվի իրավասու մարմնի կողմից` ապահովելու համար, որ հրազենում կատարված փոփոխությունները այն լիովին դարձրել են օգտագործման համար ոչ կիրառելի.

 

գ) իրավասու մարմնի կողմից ստուգումը պետք է ներառի հրազենի ապաակտիվացման փաստը հաստատող վկայական կամ գրառում կամ այդ հրազենի վրա այդ նպատակով արված պարզ տեսանելի նշում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Ընդհանուր պահանջներ արտահանման, ներկրման և տարանցիկ փոխադրումների

համար արտոնագրերի կամ թույլտվությունների համակարգերի նկատմամբ

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է հիմնի կամ կիրառի արտահանման և ներկրման համար արտոնագրերի կամ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի փոխանցման համար միջազգային տարանցման միջոցների արդյունավետ համակարգեր:

 

2. Նախքան հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի փոխադրման համար արտահանման արտոնագրեր կամ թույլտվություններ տրամադրելը յուրաքանչյուր Մասնակից պետություն ստուգում է.

 

ա) որ ներկրող պետությունների կողմից տրվեն ներկրման արտոնագրեր կամ թույլտվություններ.

 

բ) որ, առանց հակասելու դեպի ծով ելք չունեցող պետությունների շահերը պաշտպանող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին, տարանցման պետությունները առնվազն մինչև բեռնաթափումը գրավոր ծանուցեն, որ տարանցման դեմ առարկություններ չունեն:

 

3. Արտահանման և ներկրման արտոնագիրը կամ թույլտվությունը և կից փաստաթղթերը պետք է պարունակեն տեղեկություններ, որոնք առնվազն կներառեն տալու վայրն ու ամսաթիվը, վավերականության ժամկետը, արտահանման երկիրը, ներկրման երկիրը, վերջնական ստացողը, հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի նկարագրությունը և քանակը, իսկ տարանցման դեպքում` տարանցիկ երկրները: Ներկրման արտոնագրի մեջ ներառված տեղեկությունները պետք է նախապես տրամադրվեն տարանցիկ երկրներին:

 

4. Ներկրող Մասնակից պետությունը, ըստ պահանջի, կտեղեկացնի արտահանող Մասնակից պետությանը հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի ուղարկված խմբաքանակի ստացման մասին:

 

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն հնարավորության սահմաններում կձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու համար, որ արտոնագրերի կամ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը լինեն հուսալի, իսկ արտոնագրման կամ թույլտվության փաստաթղթերը հնարավոր լինի ստուգել կամ վավեր համարել:

 

6. Մասնակից պետությունները կարող են ընդունել հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի ժամանակավոր արտահանման, ներկրման կամ տարանցման համար պարզեցված ընթացակարգեր` օրինական կերպով ստուգելի նպատակների համար, ինչպիսիք են, օրինակ` որսորդությունը, սպորտային հրաձգությունը, գնահատումը, ցուցադրությունները կամ վերանորոգումը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Անվտանգության և կանխարգելման միջոցներ

 

Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության բացահայտման, կանխարգելման և վերացման համար յուրաքանչյուր Մասնակից պետություն կկիրառի պատշաճ միջոցներ.

 

ա) պահանջելով հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անվտանգություն արտադրման, ներկրման, արտահանման և իր տարածքով տարանցման ընթացքում, և

 

բ) ավելացնելով ներկրման, արտահանման և տարանցման վերահսկողության արդյունավետությունը` հարկ եղած դեպքում ներառելով սահմանային ստուգումները, ինչպես նաև ոստիկանության և մաքսային մարմինների միջև անդրսահմանային համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Տեղեկատվություն

 

1. Առանց հակասելու Կոնվենցիայի 27-րդ և 28-րդ հոդվածներին` Մասնակից պետությունները, իրենց ներքին իրավական և վարչական համապատասխան համակարգերի համաձայն, միմյանց միջև կփոխանակեն համապատասխան կոնկրետ տեղեկություններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի լիազորված արտադրողների, վաճառողների, ներկրողների, արտահանողների և, հնարավորության դեպքում, փոխադրողների մասին տեղեկությունները:

 

2. Առանց հակասելու Կոնվենցիայի 27-րդ և 28-րդ հոդվածներին` Մասնակից պետությունները, իրենց ներքին իրավական և վարչական համապատասխան համակարգերի համաձայն, միմյանց միջև կփոխանակեն համապատասխան տեղեկություններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.

 

ա) կազմակերպված հանցավոր խմբերը, որոնք` հայտնի է կամ ենթադրվում է, որ մասնակցում են հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությանը կամ ապօրինի շրջանառությանը.

 

բ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության ընթացքում կիրառվող քողարկման միջոցները և դրանց բացահայտման ձևերը.

 

գ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության մեջ ներգրավված կազմակերպված հանցավոր խմբերի կողմից սովորաբար օգտագործվող մեթոդներն ու միջոցները, ուղարկման կետերը, հասցեագրման վայրը և երթուղիները.

 

դ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը կանխելուն, վերացնելուն կամ դրանց դեմ պայքարին ուղղված օրենսդրական փորձը և գործելակերպը:

 

3. Մասնակից պետությունները կտրամադրեն կամ, հարկ եղած դեպքում, միմյանց միջև կփոխանակեն օրենքի հարկադիր կատարումն ապահովող մարմինների համար օգտակար համապատասխան գիտատեխնիկական տեղեկություններ, որպեսզի ամրապնդեն միմյանց կարողությունները` կանխելու, բացահայտելու և հետաքննելու համար հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը և դատական կարգով հետաքննելու համար նման գործունեության մեջ ներգրավված անձանց:

 

4. Մասնակից պետությունները կհամագործակցեն այն հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի վերահսկողության գործում, որոնք կարող են լինել անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված: Նման համագործակցությունը ներառում է, հասանելի միջոցների շրջանակում, պատասխանների անհապաղ տրամադրումը նման հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի վերահսկման գործում աջակցության դիմումներին:

 

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի կամ ցանկացած միջազգային համաձայնագրի հիմնարար հայեցակետերին համապատասխան, կերաշխավորի, սույն հոդվածի համաձայն, մեկ այլ Մասնակից պետությունից ստացված տեղեկատվության գաղտնիությունը` ներառյալ առևտրային գործարքներին առնչվող մասնավոր տեղեկությունները, և այդ տեղեկատվությունը կիրառելիս կպահպանի բոլոր սահմանափակումները, եթե տեղեկությունը տրամադրող Մասնակից պետության կողմից նման խնդրանք է եղել: Եթե այդ գաղտնիությունը չի կարող պահպանվել, տեղեկություն տրամադրող Մասնակից պետությունը մինչև դրա հրապարակումը պետք է ծանուցվի այդ մասին:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Համագործակցություն

 

1. Մասնակից պետությունները կհամագործակցեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով` հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության կանխարգելման, վերացման և դրա դեմ պայքարի նպատակով:

 

2. Առանց հակասելու Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 13-րդ կետին` յուրաքանչյուր Մասնակից պետություն կնշանակի ազգային մարմին կամ կապի միակ կետ` սույն Արձանագրությանն առնչվող հարցերի մասով իր և մյուս Մասնակից պետությունների միջև իբրև միջնորդ հանդես գալու համար:

 

3. Մասնակից պետությունները կձգտեն համագործակցել հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերք արտադրողների, վաճառողների, ներկրողների, արտահանողների, միջնորդների և առևտրային փոխադրողների հետ և ստանալ նրանց աջակցությունը` սույն հոդվածի 1-ին կետով նշված անօրինական գործունեությունը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ՈՒսուցում և տեխնիկական օգնություն

 

Մասնակից պետությունները կհամագործակցեն միմյանց և, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի Մասնակից պետությունները, ըստ պահանջի, ստանան տեխնիկական օգնություն, և անցկացվի ուսուցում, որն անհրաժեշտ է հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության կանխարգելմանը, վերացմանը և դրանց դեմ պայքարին ուղղված իրենց կարողությունների ամրապնդման համար, ներառյալ Կոնվենցիայի 29-րդ և 30-րդ հոդվածներում նշված հարցերով տեխնիկական, ֆինանսական և նյութական օգնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Միջնորդներ և միջնորդական գործունեություն

 

1. Նպատակ ունենալով կանխելու հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը` Մասնակից պետությունները քննության կառնեն միջնորդական գործունեությամբ զբաղվող անձանց գործունեության կարգավորման համակարգի ստեղծման հնարավորությունը, եթե դեռևս այն չի ներդրվել: Նման համակարգը կարող է ներառել մեկ կամ մի քանի միջոց, ինչպիսիք են.

 

ա) իրենց տարածքներում գործող միջնորդների գրանցման պահանջը.

 

բ) միջնորդական գործունեության համար արտոնագրման կամ թույլտվության պահանջը, կամ

 

գ) ներկրման և արտահանման արտոնագրերում կամ թույլտվություններում կամ կից փաստաթղթերում գործարքին մասնակից միջնորդների անունների և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման պահանջը:

 

2. Մասնակից այն պետությունները, որոնք ստեղծել են սույն հոդվածի 1-ին կետում նշված միջնորդության համար թույլտվության համակարգ, հորդորվում են սույն Արձանագրության 12-րդ հոդվածին համապատասխան տեղեկատվության փոխանակման շրջանակներում ներառել միջնորդների և միջնորդական գործունեության վերաբերյալ տեղեկությունները` փոխանակման համար, և սույն Արձանագրության 7-րդ հոդվածին համապատասխան` գրառումներ վարել միջնորդների և միջնորդական գործունեության վերաբերյալ:

 

III. Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Վեճերի կարգավորումը

 

1. Մասնակից պետությունները կջանան սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով:

 

2. Սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Մասնակից պետությունների միջև ցանկացած վեճ, որը ողջամիտ ժամկետում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, Մասնակից այդ պետություններից մեկի դիմումի հիման վրա փոխանցվում է միջնորդ դատավարության: Եթե միջնորդ դատավարության մասին դիմումից հետո` վեց ամսվա ընթացքում, Մասնակից պետությունները չկարողանան պայմանավորվել միջնորդ դատավարության կազմակերպման շուրջ, այդ Մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող է վեճը փոխանցել Արդարադատության միջազգային դատարան` դատարանի կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելով:

 

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Արձանագրությունն ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս կամ դրան միանալիս կարող է հայտնել, որ սույն հոդվածի 2-րդ կետն իր համար իրավապարտադիր չէ: Մյուս Մասնակից պետությունների համար 2-րդ կետն իրավապարտադիր չէ այն Մասնակից պետության նկատմամբ, որը նման վերապահում է արել:

 

4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն վերապահում արած ցանկացած Մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ մասին ծանուցելով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը

 

1. Սույն Արձանագրությունը բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում, Գլխավոր ասամբլեայի կողմից այն ընդունվելուց հետո երեսուներորդ օրվանից սկսած մինչև 2002 թվականի դեկտեմբերի 12-ը:

 

2. Սույն Արձանագրությունը բաց է նաև տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների ստորագրման համար` պայմանով, որ այդ կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը ստորագրել է սույն Արձանագրությունը` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:

 

3. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթղթերը կարող է ի պահ հանձնել, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը նույն կերպ է վարվել: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթում այդ կազմակերպությունը հռչակում է սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իր իրավասության շրջանակը: Այդ կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասությունների շրջանակում կատարված ցանկացած համապատասխան փոփոխության մասին:

 

4. Սույն Արձանագրությունը բաց է ցանկացած պետության կամ այն տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության միանալու համար, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Արձանագրության մասնակից է: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Միանալիս տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը հռչակում է սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իր իրավասության շրջանակը: Այդ կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասությունների շրջանակում կատարված ցանկացած համապատասխան փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քառասուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը, բայց այն ուժի մեջ չի կարող մտնել մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Սույն կետի նպատակների համար` տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի դիտվում որպես հավելում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից:

 

2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Արձանագրությունը կամ միանում են դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քառասուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից իր համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից հետո երեսուներորդ օրը կամ, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը` կախված նրանից, թե որն ավելի ուշ տեղի կունենա:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Փոփոխություններ

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց Արձանագրության Մասնակից պետությունը կարող է փոփոխություն առաջարկել և այն ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետև առաջարկվող փոփոխության մասին հաղորդում է Մասնակից պետություններին և Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովին` առաջարկության քննարկման և դրա վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով: Սույն Արձանագրության այն Մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովին, կգործադրեն բոլոր ջանքերը յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ համաձայնության գալու համար: Եթե համաձայնության գալու բոլոր ջանքերն սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունելու համար կպահանջվի սույն Արձանագրության այն Մասնակից պետությունների ձայների երկու երրորդ մեծամասնությունը, որոնք ներկա են Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովին և մասնակցում են քվեարկությանը:

 

2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց իրավասության շրջանակում գտնվող հարցերի առնչությամբ ձայնի իրենց իրավունքը կիրականացնեն սույն հոդվածի համաձայն` ձայների այն քանակով, որքան դրանց անդամ պետությունների քանակն է, որոնք սույն Արձանագրության Մասնակից պետություններ են: Այդ կազմակերպությունները ձայնի իրենց իրավունքը չեն իրականացնի, եթե դրանց անդամ պետություններն իրականացնեն ձայնի իրենց իրավունքը և` հակառակը:

 

3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված փոփոխությունը ենթակա է Մասնակից պետությունների կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման:

 

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված փոփոխությունը Մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից իննսուն օր անց:

 

5. Երբ փոփոխությունն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է դառնում այն Մասնակից պետությունների համար, որոնք համաձայնություն են հայտնել դրա իրավապարտադիր լինելու մասին: Մյուս Մասնակից պետությունների համար շարունակում են իրավապարտադիր մնալ սույն Արձանագրության դրույթները և իրենց կողմից նախկինում վավերացված, ընդունված կամ հաստատված բոլոր փոփոխությունները:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Չեղյալ հայտարարելը

 

1. Մասնակից պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ մասին գրավոր ծանուցելով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անց:

 

2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը դադարում է սույն Արձանագրության մասնակից լինելուց, եթե նրա բոլոր անդամ պետությունները չեղյալ են հայտարարել սույն Արձանագրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Ավանդապահ և լեզուներ

 

1. Սույն Արձանագրության ավանդապահ է նշանակվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:

 

2. Սույն Արձանագրության բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճ կերպով իրենց համապատասխան կառավարությունների կողմից լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունը ուժի մեջ է մտել 2012թ. փետրվարի 25-ին

 

 

pin
31.05.2001
Միջազգային պայմանագիր