Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1141.180314

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 մարտի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Ա. Վարդևանյանի, նույն վարչության մասնագետ Ս. Տերզիկյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 04.11.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2003 թվականի ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից:

Օրենսգրքի` «Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով» վերտառությամբ 75-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխության չի ենթարկվել:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-753 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, իրավական որոշակիության և դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված համապատասխան իրավական դիրքորոշումները` դիմողը ներկայացնում է, մասնավորապես, հետևյալ փաստարկները. «Օրենսդիրը, սահմանելով, որ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ հանցանք է կատարել, լուծում է դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի, ինչպես նաև այլ դրույթների կարգավորումների շրջանակներում չի սահմանել հստակ և կանխատեսելի չափանիշներ, որոնցով դատարանը պետք է առաջնորդվի կամ այն հանգամանքները, որոնք դատարանը պետք է հաշվի առնի որոշում կայացնելուց: Նախատեսելով այդպիսի որոշում կայացնելու լիազորություն և չսահմանելով որոշումը կայացնելու հստակ չափանիշներ` օրենքի վիճարկվող նորմը բացարձակ հայեցողություն է տվել դատարաններին»:

Նշվում է նաև, որ «Քրեական օրենսգիրքը նախատեսում է բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը թողնված է դատարանին, սակայն յուրաքանչյուր դեպքում, երբ որևէ այլընտրանքային որոշման կայացումը օրենքով թողնվում է դատարանին, նույն օրենքը միաժամանակ սահմանում է այն չափանիշները և/կամ պայմանները, որոնցով պետք է առաջնորդվի դատարանը` իր հայեցողական լիազորությունները կիրառելիս: Մինչդեռ չափանիշների բացակայության դեպքում դատական հայեցողությունը կարող է հանգեցնել ոչ պատճառաբանված որոշումների կայացմանը:

... ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը, համաձայն որի վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը` առաջացնում է իրավական որոշակիության սկզբունքի հետ անհամապատասխանության ակնհայտ ռիսկ և որոշակի պարտադիր չափանիշների և/կամ հանգամանքների բացակայությունը (որոնց վրա կհիմնվեր դատարանի որոշումը) արգելափակում է անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը»:

Դիմողը ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման շրջանակներում որպես ոչ պատճառաբանված դատական ակտի կայացման օրինակ է ներկայացնում ԵԱՆԴ 0017/01/11 քրեական գործը, որի շրջանակներում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուսումնասիրելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, նշել է. «Դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին, հնարավոր չգտավ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալին ազատել քրեական պատասխանատվությունից և գտավ, որ նրա նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատիժ, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը»:

Այս կապակցությամբ դիմողը փաստարկում է, որ դատարանի` որպես հիմնավորում նշված` «հանցագործության բնույթ» և «վտանգավորության աստիճան» եզրույթները չեն կարող համարվել պատշաճ հիմնավորում այն պարզ տրամաբանությամբ, որ վիճարկվող դրույթի կարգավորման ներքո գտնվող բոլոր արարքները հանդիսանում են առանձնապես ծանր հանցագործություններ, ուստի դրանց բնույթը և վտանգավորության աստիճանն ակնհայտ են:

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը նշում է, որ դիմողի մատնանշած իրավական անորոշությունը բացահայտելու համար հարկ է օրենսգրքի վիճարկվող դրույթը դիտարկել օրենսգրքի մյուս դրույթների հետ համադրված: Այս կապակցությամբ պատասխանողը նշում է, որ այնպես, ինչպես հանցանք կատարած անձի նկատմամբ տասը կամ ավելի տարի ժամկետով ազատազրկում նշանակելու և ցմահ ազատազրկում նշանակելու հնարավոր հիմնական պատիժներից մեկի ընտրության ժամանակ դատարանը կաշկանդված է ՀՀ քրեական օրենսգրքի 60 և 63-րդ հոդվածների պահանջներով, այնպես էլ օրենսգրքի վիճարկվող նորմի կիրառման ժամանակ դատարանը պետք է առաջնորդվի ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածներով, ինքնին հանրային բարձր վտանգավորություն ունեցող արարքի կատարման, իրագործման առանձնահատկություններով և այն կատարող անձին բնութագրող հատկանիշներով` այդ ամենը դիտարկելով ծագած բացասական հետևանքների ծավալի և բնույթի լույսի ներքո:

Պատասխանողի կարծիքով` «Դիմողն անդրադառնալով վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցին հաշվի չի առել օրենսգրքի այլ հոդվածներում առկա կարգավորումները, օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի միջև գոյություն ունեցող կուռ իրավական փոխկապվածությունը»: Եվ` «... եթե բարձրացվում է վիճարկվող նորմի ոչ որոշակի լինելու խնդիրը, կամ դատարանին վերապահված լիազորությունը` կայացնելու վաղեմության ժամկետների կիրառելիության վերաբերյալ համապատասխան որոշում, դիտարկվում է բացառապես վիճարկվող նորմի համատեքստում` այն ընկալելով որպես առանձին, քրեական օրենսգրքի ընդհանուր կարգավորման հայեցակարգից ու սկզբունքներից դուրս դրույթ, ապա կարող է առաջանալ թյուր ընկալում դատարանին վերապահված հայեցողական լիազորությունների «բացառիկության» վերաբերյալ և կարող է ծագել ոչ ճիշտ պատկերացում, որը տարբեր է քրեական օրենսդրության կարգավորման համակարգային խնդիրներից ու առաջնահերթություններից»:

Պատասխանողը նշում է նաև, որ օրենսգրքի վիճարկվող նորմում օրենսգրքի 63-րդ հոդվածով արդեն իսկ ամրագրված ծանրացնող հանգամանքները չարտացոլելը չի կարող առիթ հանդիսանալ այն իրավական որոշակիությունից զուրկ համարելու կամ դատարանին վերապահված հայեցողական լիազորության սահմաններն անտեսելու համար:

Անդրադառնալով, որպես վիճարկվող դրույթի կիրառման հետևանքով ոչ պատճառաբանված դատական ակտերի կայացման օրինակ, դիմողի կողմից ներկայացված ԵԱՆԴ 0017/01/11 քրեական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի ապրիլի 23-ի դատավճռին` պատասխանողը գտնում է, որ հարկ է տարբերակել դատական ակտի պատճառաբանվածությունը դատական ակտի հիմնավորվածությունից:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը, 394 և 419-րդ հոդվածների 1-ին մասերը` պատասխանողը գտնում է, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կարևոր, սակայն գործի ճիշտ հանգուցալուծման համար երկրորդական պահանջ է և չի հանգեցնում դատական ակտի բեկանման: Հետևաբար, ըստ պատասխանողի` դիտարկվող դատավճռում բավարար պատճառաբանական տեքստի բացակայությունը չի ենթադրում կիրառված նորմի հակասություն ՀՀ Սահմանադրության հետ:

4. Դիմումում բարձրացվող իրավական որոշակիության խնդիրը դիմողը պայմանավորում է վեճի առարկա դրույթի շրջանակներում դատարանին վերապահված հնարավոր «բացարձակ» հայեցողության առկայությամբ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա իրավահարաբերություններում դատական հայեցողությունը պետք է դիտարկել ոչ թե որպես սուբյեկտիվ կամքի դրսևորում, այլ օրինական տարբերակներից մեկի իրավաչափ ընտրության հնարավորություն: Դատարանը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի` վեճի առարկա դրույթի, նախ` գործ ունի անձի հետ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել: Օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով կանոնակարգվում են ցմահ ազատազրկման հետ կապված իրավահարաբերությունները /հոդվածներ` 19/5, 49/10, 50/1, 60, 66/4, 67/6, 76/5,7, 81/4, 104/2, 305, 387 և այլն/: Երկրորդ` օրենսգրքի այլ հոդվածների հետ համադրված վերլուծության արդյունքում, գործի փաստական հանգամանքները քննության առնելու հիման վրա դատարանին տրվում է օրենքով նախատեսված երկու հնարավորություններից մեկի ընտրության իրավասություն` հնարավոր գտնել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատ արձակելը կամ, եթե դատարանը դա հնարավոր չի գտնում, ապա չկիրառել ցմահ ազատազրկում: Սա ոչ թե դատավորի սուբյեկտիվ կամքի արտահայտություն է, այլ օրենքով նախատեսված արդարադատական օբյեկտիվ գործընթացի արդյունք: Նույն տրամաբանությունից է բխում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումը: Նկատի ունենալով, որ ցմահ ազատազրկման հիմքերը կարող են տարբեր լինել, ապա տվյալ իրավակարգավորումների պայմաններում դատարանին հնարավորություն է տրվում օրենքով նախատեսված իրավաչափ տարբերակների միջև ընտրություն կատարել` գործի փաստական հանգամանքների դատաքննության հիման վրա:

ՀՀ սահմանադրական դատարանն անհիմն է համարում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությամբ պայմանավորված` ոչ պատճառաբանված դատական ակտի կայացման վերաբերյալ փաստարկները, քանի որ ոչ պատճառաբանված դատական ակտի կայացումը պայմանավորված է ոչ թե վիճարկվող նորմի հնարավոր հակասահմանադրականությամբ, այլ տվյալ նորմի` դատարանի կողմից կիրառման իրավաչափությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կողմերի միջնորդությունների և քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահանջների վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Սա դատավարական գործընթացի հստակ պահանջ է և դատարանին որևէ հայեցողությամբ չի օժտում:

Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ վիճարկվող նորմը չի սահմանել հստակ և կանխատեսելի չափանիշներ, որոնցով դատարանը պետք է առաջնորդվի, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե վիճարկվող նորմն ընկալվում է որպես առանձին, քրեական օրենսգրքի ընդհանուր կարգավորման տրամաբանությունից դուրս դրույթ, ապա կարող է առաջանալ թյուր ընկալում դատարաններին վերապահած «բացարձակ» հայեցողական լիազորությունների վերաբերյալ: Այնինչ, ճիշտ այնպես, ինչպես հանցանք կատարած անձի նկատմամբ տասը կամ ավելի տարի, կամ ցմահ ազատազրկման ժամկետով պատիժ նշանակելու ժամանակ, դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր սկզբունքներով և, մասնավորապես, 60-63-րդ հոդվածների պահանջներով: Բացի դրանից, վեճի առարկա դրույթը լուծում է կարևոր մի խնդիր ևս, անկախ այն բանից, որ անձը ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել և դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելուց հետո անձին ազատ արձակել, ապա, ըստ վեճի առարկա դրույթի և օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի` չի կարող նաև ցմահ ազատազրկում կիրառել: Այսպիսի կարգավորումն իրավունքների պաշտպանության օրենսդրական մոտեցում է:

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ նման մոտեցումը կամ տարբեր հանցանքների առնչությամբ վաղեմության ժամկետի սահմանումը, ինչպես նաև դրա բացառումը, օրենսդրի իրավասության հարցն է: Դատարանին գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով և համապատասխան արդարադատական ընթացակարգով տրվում է միայն օրենքով նախատեսված տարբերակներից ընտրություն կատարելու հնարավորություն:

5. Վիճարկվող դրույթի կիրառման հետևանքով հնարավոր ոչ պատճառաբանված դատական ակտերի կայացման` դիմողի կողմից բերված օրինակի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, նախ` իրավանորմի հնարավոր ոչ իրավաչափ կիրառումը ՀՀ գործող օրենսդրությամբ ինքնին սահմանադրական արդարադատության առարկա լինել չի կարող: Երկրորդ` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից` քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ»: Գործում առկա նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ նախաքննության մարմնի 2000 թվականի հունվարի 23-ի որոշմամբ թիվ 17203890 քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կասեցվել է` Ա. Մելքոնյանի գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառաբանությամբ: Ա.Մելքոնյանը հայտնաբերվել է 2010 թվականի նոյեմբերի 18-ին և նույն օրը թիվ 17203890 քրեական գործի վարույթը վերսկսվել է: Այսուհանդերձ, այս հանգամանքները նույնպես վեճի առարկա նորմի սահմանադրականությանը չեն առնչվում: Դրանք միայն քրեական գործի լուծման իրավաչափությունը վիճարկելու հիմք կարող են հանդիսանալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 մարտի 2014 թվականի

ՍԴՈ-1141

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.03.2014
N ՍԴՈ-1041
Որոշում