Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1143.080414

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 ապրիլի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Ա. Վարդևանյանի, նույն վարչության մասնագետ Ս. Տերզիկյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 22.11.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Վարչական տույժ նշանակելու ժամկետները» վերտառությամբ 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի»:

Հիշյալ հոդվածում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել 18.08.93 ՀՕ-73, 23.06.97 ՀՕ-133, 13.06.06 ՀՕ-138-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 09.02.12 ՀՕ-11-Ն, 05.12.13 ՀՕ-143-Ն ՀՀ օրենքներով:

2. Դիմողն իր դիրքորոշումը փաստարկում է նրանով, որ օրենսգրքի վիճարկվող նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանզի չի սահմանում, թե որն է տևող կամ շարունակվող իրավախախտումը: Ըստ դիմողի` ՀՀ օրենսդրությամբ ևս բացահայտված չէ «տևող և շարունակվող իրավախախտում» եզրույթների բովանդակությունը: Նման պայմաններում, ըստ դիմողի, հստակ օրենսդրական սահմանումների, որոշակի պարտադիր չափանիշների և/կամ հիմքերի բացակայությունը (որոնց վրա կհիմնվեր վարչական մարմինը` զանցանքը տևող կամ շարունակվող որակելու համար) արգելափակում է անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, քանի որ չկան մեխանիզմներ նշված որոշումների դեմ հակափաստարկներ ներկայացնելու համար:

Ընդ որում, սահմանադրական դատարան ներկայացրած գրավոր բացատրություններում հստակեցնելով իր փաստարկները, արձանագրելով այն փաստը, որ տևող և շարունակվող իրավախախտումների վերաբերյալ առկա են դոկտրինալ աղբյուրներ, դիմողն ընդունում է, որ «տևող և շարունակվող իրավախախտում» եզրույթների բովանդակությունը պետք է սահմանվի ՀՀ օրենսդրությամբ և իր հետագա փաստարկներում չի հիմնավորում վերը նշված եզրույթների բովանդակությունը հենց օրենսգրքի վիճարկվող նորմում սահմանելու անհրաժեշտությունը:

Դիմողը գտնում է նաև, որ օրենսգրքի վիճարկվող նորմի` իրավական որոշակիության սկզբունքին հակասելու պայմաններում կարող է խախտվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված` միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելու արգելքի սկզբունքը և նույն օրենքի 5-րդ հոդվածը, քանի որ վերջին դեպքում վարչական մարմինների լիազորությունները` զանցանքը տևող կամ շարունակվող որակելու տեսանկյունից, հստակ չեն:

Ըստ դիմողի` նման պայմաններում իրավակիրառը կարող է պարզ իրավախախտումը ևս որակել որպես տևող կամ շարունակվող իրավախախտում և անձին ցանկացած դեպքում ենթարկել վարչական պատասխանատվության` արարքը բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում` չկիրառելով օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակային սահմանափակումը:

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` «տևող իրավախախտում» և «շարունակվող իրավախախտում» հասկացությունների բովանդակության օրենսդրորեն բացահայտված չլինելը բավարար չէ այդ նորմը հակասահմանադրական դիտարկելու համար:

Իր դիրքորոշումը պատասխանողը հիմնավորում է նրանով, որ ինչպես լեզվաբանական, այնպես էլ օրենսդրական իմաստի տեսանկյունից «տևող» և «շարունակվող» եզրույթները բավականին պարզ և հիմնականում միատեսակ ընկալելի են: Պատասխանողը, որպես փաստարկ, վկայակոչում է համապատասխան բացատրական բառարանը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական գրականությունը, որոնցում սահմանված են «տևող» և «շարունակվող» եզրույթների լեզվաբանական և իրավաբանական իմաստները: Ըստ պատասխանողի` համապատասխան դոկտրինալ մեկնաբանությունների առկայության պայմաններում դիտարկվող հասկացությունների օրենսդրական ամրագրումը չէր փոխի օրենսդրական կարգավորման էությունը, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ վարչական իրավախախտման կապակցությամբ որոշում կայացնելիս իրավակիրառն ստիպված է լինելու որոշում կայացնել այն մասին, թե արդյոք նշված իրավախախտումը տեղավորվում է համապատասխան հասկացությունների ներքո, թե` ոչ: Պատասխանողի կարծիքով, խնդիրը տվյալ դեպքում ոչ այնքան դիտարկվող հասկացությունների օրենսդրական ամրագրման մեջ է, որքան վարչական յուրաքանչյուր իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմի դիսպոզիցիայում դրա բնույթի ամրագրման մեջ:

Միաժամանակ, պատասխանողն արձանագրում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմի հետ կապված դատական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանություններ չկան, իսկ դրանց առկայության դեպքում իր էական դերակատարությունը կարող է ունենալ ՀՀ վճռաբեկ դատարանը` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր առաքելությամբ:

Ամփոփելով` պատասխանողը գտնում է, որ, մի կողմից, առկա կարգավորումները հնարավորություն են տալիս ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, մյուս կողմից` դոկտրինալ մոտեցումները, իրավունքի աղբյուր լինելով, կարող են ոչ իմպերատիվ բնույթի, սակայն էական կողմնորոշող ազդեցություն ունենալ իրավակիրառողի իրավագիտակցության վրա` համապատասխան նորմերի ընկալման և կիրառման հարցում:

Պատասխանողը նաև կարծիք է հայտնում հետագա օրենսդրական բարեփոխումների շրջանակներում տևող կամ շարունակվող իրավախախտումների չափանիշների և հատկանիշների օրենսդրորեն ամրագրման նպատակահարմարության հարցը քննարկելի դարձնելու հնարավորության մասին` ելնելով պրակտիկայի թելադրած առաջնահերթություններից:

4. Համադրելով կողմերի դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հիմնախնդիրը գլխավորապես հանգում է նրան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի առկա կարգավորումների պայմաններում «...վարչական պատասխանատվության ենթարկված անձը վարչական մարմնի կողմից իրավախախտման տևող կամ շարունակվող որակելու հանգամանքին հակադարձելու հնարավորություն չի ունենա, որովհետև հստակ չի կարող ընկալել թե կոնկրետ, որ դեպքում իր կողմից կատարված իրավախախտումը ինչու է վարչական վարույթն իրականացնող մարմնի կողմից որակվել տևող կամ շարունակվող»:

Փաստ է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում տրված չեն «տևող և շարունակվող իրավախախտում» եզրույթների սահմանումները: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ. «Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»:

Գործի նյութերից ակնհայտ է նաև, որ ապարդյուն են անցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձերը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ու դրա կիրառման հարցով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ արդարադատության նախարարությունից պարզաբանումներ ստանալու առումով: Տվյալ դրույթի առնչությամբ պաշտոնական պարզաբանում տալու հարցով հիշյալ մարմիններն իրենց չեն համարել որպես լիազոր մարմին:

ՀՀ դատական դեպարտամենտի կողմից սահմանադրական դատարան ներկայացված 27.03.2014թ. թիվ ԴԴ-1 Ե-1703 տեղեկանքի համաձայն` վեճի առարկա իրավադրույթների վերաբերյալ դատական պրակտիկա ձևավորված չէ, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ հարցի առնչությամբ նախադեպային նշանակության որևէ որոշում չի կայացվել:

i

5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ. «.... Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վիճարկվող դրույթը պարունակող հոդվածը կրում է «Վարչական տույժ նշանակելու ժամկետները» վերտառությունը: Համապատասխան հոդվածի վերլուծությունից բխում է, որ վերջինս կոչված չէ սահմանելու վարչական իրավախախտումների տեսակների հասկացությունները: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է այն մասին, որ նույնիսկ տևող և շարունակվող վարչական իրավախախտումների հասկացությունների օրենսդրական ամրագրման պայմաններում վերջիններս և վարչական իրավախախտումների համար վարչական տույժեր նշանակելու ժամկետները սահմանվում են համապատասխան ակտի տարբեր հոդվածներում: ՈՒստիև, վիճարկվող հոդվածում տվյալ հասկացությունների բացակայությունն ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին:

6. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ դիմողի կողմից բարձրացված հիմնախնդիրը պայմանավորված է ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավակարգավորումներով, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ընդհանրապես «տևող» և «շարունակվող» իրավախախտումների հասկացությունների բացակայությամբ:

Նման պայմաններում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել օրենսդրական բացի և իրավական եզրույթների սահմանումների օրենսդրական ամրագրման բացակայության հարաբերակցությունը: Նշվածի կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը նպատակահարմար է համարում արձանագրել, որ օրենսդրական բացը չի կարող մեխանիկորեն նույնացվել սոսկ այս կամ այն եզրույթի օրենսդրորեն ամրագրված սահմանման բացակայության հետ: Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի տեքստում տևող և շարունակվող իրավախախտումների սահմանումների բացակայությունն իրավական հասկացության օրենսդրական կանոնակարգման բացակայություն է:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914 և ՍԴՈ-933 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումը հանդիսանում է օրենսդիր իշխանության իրավասությունը: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա հիմնախնդիրը պայմանավորված է ոչ թե վեճի առարկա նորմի տարակերպ մեկնաբանություններով, այլ պարզապես օրենսդրի կողմից օրենքում կիրառված հասկացությունները հստակեցված չեն: Առկա վիճակն իրավակարգավորման բաց է, որը պետք է հաղթահարվի ՀՀ Ազգային ժողովի իրավասության շրջանակներում:

7. Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 ապրիլի 2014 թվականի

ՍԴՈ-1143

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.04.2014
N ՍԴՈ-1143
Որոշում