Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ԵՎ 70-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ԵՎ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ՍԴ3/0046/01/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ3/0046/01/13

Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Ավագյանի

 

    2013 թվականի նոյեմբերի 28-ին                    ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Անդրեյ Վլադիմիրի Համզոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Համզոյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91258112 քրեական գործը:

2013 թվականի մարտի 15-ին Անդրեյ Վլադիմիրի Համզոյանը ձերբակալվել է, իսկ 2013 թվականի մարտի 18-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2013 թվականի մարտի 18-ին Ա.Համզոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի մարտի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2013 թվականի մայիսի 31-ի դատավճռով Անդրեյ Վլադիմիրի Համզոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը գումարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Անդրեյ Համզոյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Համզոյանի ձերբակալված լինելու ժամանակահատվածը` 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել թիվ 2-րդ կայազորի զինվորական դատախազության դատախազ Ս.Խաչատրյանը:

Վերաքննիչ դատարանը 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի դատավճիռը: Ա.Համզոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` հանցանքների համակցությամբ նշանակված պատժին գումարվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Ա.Համզոյանի նկատմամբ նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Համզոյանի` ձերբակալման 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Ա.Համզոյանը և նրա պաշտպան Ա.Ապրեսյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Համզոյանի և պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

5. Թիվ 2-րդ կայազորի զինվորական դատախազության դատախազ Ս.Խաչատրյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որտեղ փաստարկել է, որ վճռաբեկ բողոքում շարադրված հանգամանքները Վերաքննիչ դատարանը հաշվի է առել Ա.Համզոյանի նկատմամբ պատժատեսակ և պատժաչափ սահմանելիս, իսկ վճռաբեկ բողոքում առկա հետևությունները հիմնավորելու համար բողոքաբերները որևէ լրացուցիչ փաստարկ չեն ներկայացրել: ՈՒստի, դատախազը խնդրել է մերժել ամբաստանյալ Ա.Համզոյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքը և անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշումը:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ա.Համզոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «հանդիսանալով Պ` 38401 զորամասի 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր, պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր գերակայությունն ամրապնդելու, խստապահանջ սպայի տպավորություն ստեղծելու, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու նպատակով, չկատարելով ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 134-րդ և ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 3-րդ, 4-րդ հոդվածների պահանջները, կատարել է իշխանազանցություն, այն է` 2012 թվականի ամռանը` ժամը 11:30-ի սահմաններում, ծառայության անհրաժեշտությունից չբխող տրված հանձնարարությունը չկատարելու պատճառով իր աշխատասենյակում ապտակել է նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գարեգին Դուրիկի Զիլֆուղարյանի ձախ ականջի շրջանին` պատճառելով ձախ ականջի սուր կատարյալ օտիտի ձևով առողջության միջին վնաս` առողջության տևական քայքայումով մարմնական վնասվածք, դրանով իսկ էական վնաս է պատճառել զինվորական ղեկավարման բնականոն գործընթացին, զինվորական պետերի, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին, ոտնահարել Գ.Զիլֆուղարյանի իրավունքներն ու ազատությունները, հեղինակազրկել պետական զինվորական իշխանության մարմինները» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 38-39):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Անդրեյ Համզոյանը բնութագրվում է դրականորեն, բարձրագույն զինվորական կրթությամբ հեռանկարային կադրային սպա է, եղել է ուսման գերազանցիկ, ՀՀ զինված ուժերում ծառայության է անցել 2005 թվականից, արժանացել է մի շարք խրախուսանքների` շնորհակալագրերի, պատվոգրերի, պարգևատրվել է դրամական պարգևներով, թանկարժեք նվերներով, իսկ ՀՀ ՊՆ-ի 13.01.2011 և 21.12.2011 թվականի հրամաններով` «Գարեգին Նժդեհ» և «Զինված ուժեր 20-ամյակ» մեդալներով, նոր է կազմել ընտանիք, որի միակ կերակրողն է:

Տուժող Գարեգին Զիլֆուղարյանը հայտնել է, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունի:

Ամբաստանյալ Անդրեյ Համզոյանը սույն քրեական գործով հանցագործությունը կատարել է մինչև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2012 թվականի սեպտեմբերի 27-ին դատավճիռ կայացնելը:

Տվյալ դեպքում պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը, որը սահմանում է հանցանքների համակցությամբ պատիժների նշանակման կանոնները:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը: 3-րդ մասի համաձայն` եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

(...)

Դատարանը, վերլուծելով և գնահատելով գործի վերը նշված տվյալները, հաշվի առնելով Անդրեյ Համզոյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում` նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 40-43):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) ամբաստանյալ Ա.Համզոյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով` Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նրա կողմից կատարված հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, դրա առանձնահատկությունները, մասնավորապես այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելուց հետո` մինչև այդ հանցանքի համար դատավճիռ կայացնելը, կատարել է նույն հոդվածով նախատեսված հանցանք, այսինքն` համապատասխան հետևություններ չի արել և շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսևորել: Դատավճռում նշված` նրա պատիժը ու պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքները Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նրա նկատմամբ պատիժ սահմանելիս և նշանակել է օրենքով նախատեսված նվազագույն պատիժ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանց մատնանշումը չի կարող հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

Վերը թվարկված փաստարկները և գործի հանգամանքները վկայում են ինչպես կատարված հանցագործության, այնպես էլ ամբաստանյալի անձնավորության` հանրության համար բարձր վտանգավորության աստիճանի մասին:

Անդրեյ Համզոյանը դեռևս 2012թ. փետրվար ամսին համանման (...) հանցանք կատարելու համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել էր ազատազրկման 2 տարի ժամկետով` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ:

Սակայն մինչ այդ դատավճիռը կայացնելը և պայմանականորեն նշանակված պատիժը կրելը, նա, փաստորեն, երկրորդ անգամ` 2012թ. օգոստոս ամսին, կատարել է նույնանման երկրորդ հանցագործությունը, որի համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի դատավճռով հանցանքների համակցությամբ կրկին դատապարտվել է ազատազրկման, կրկին կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և վճռվել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, ինչը հակասում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին:

ՈՒստի և նախորդ` 27.09.2012թ. դատավճռով, և սույն գործով` 31.05.2013թ. դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմքեր չեն եղել, և դրանցով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը ենթակա է վերացման` ազատազրկման ձևով ռեալ պատիժ նշանակելու պատճառով:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը համաչափ է, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ այն պայմանականորեն չկիրառելը չի նպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների իրականացմանը, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 120):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Ըստ բողոքի հեղինակների` Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջներից և ենթակա է բեկանման:

Ի հիմնավորումն իրենց փաստարկի` բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանն իր ակտում չի պատճառաբանել, թե ինչից ելնելով է Ա.Համզոյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով ռեալ պատիժ, և ինչու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի չէ այն դեպքում, երբ հաստատված է, որ առկա չեն Ա.Համզոյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ, և, ընդհակառակը, առկա են նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող բազմաթիվ հանգամանքներ: Մասնավորապես այն, որ Ա.Համզոյանի կողմից երկրորդ հանցանքը կատարելուց հետո անցել է շուրջ մեկ տարի, և այդ ընթացքում վերջինս, գտնվելով ազատության մեջ, դրսևորել է պատշաճ վարքագիծ, զինվորական ծառայությունը շարունակել է նույն պաշտոնում և նրան շնորհվել է մայորի զինվորական կոչում:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունները չեն բխում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներից, ուստի խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշումը և ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի դատավճիռը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-7-րդ մասերով նախատեսված` պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հիմքերի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող իրավական հարցը հետևյալն է. իրավասո՞ւ էին արդյոք ստորադաս դատարանները Ա.Համզոյանի նկատմամբ պատիժ նշանակել հանցանքների համակցության կանոններով այն դեպքում, երբ նրա նկատմամբ նախորդ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին:

3. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասը տարին:

4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:

(...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելը բաղկացած է միմյանց հաջորդող հետևյալ երկու փուլերից`

1) համակցության մեջ մտնող յուրաքանչյուր հանցագործության համար հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելը: Այս փուլում դատարանը, ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով և հատուկ կանոններով, հանցանքների համակցության մեջ մտնող յուրաքանչյուր հանցագործության համար նշանակում է ռեալ պատիժ: Հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու այս փուլում դատարանը չի քննարկում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը.

2) համակցության մեջ մտնող հանցագործությունների համար վերջնական պատիժ սահմանելը, որն իրականացվում է յուրաքանչյուր հանցագործության համար առանձին նշանակված ռեալ պատիժները մասնակիորեն կամ լրիվ գումարելու, իսկ այն դեպքում, երբ համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար նշանակվել է ցմահ ազատազրկում, ապա կլանելու միջոցով: Նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական ռեալ պատիժ նշանակելուց հետո դատարանը քննարկում է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը:

ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանում, թե որ դեպքերում դատարանը պետք է կիրառի պատիժների մասնակիորեն, որ դեպքերում` լրիվ գումարման կանոնները: Այս հարցը գտնվում է դատարանի հայեցողության շրջանակներում և յուրաքանչյուր դեպքում լրիվ կամ մասնակիորեն գումարման կանոնների միջև ընտրություն կատարելիս դատարանը հաշվի է առնում և իր դատական ակտում շարադրում, թե հանցագործությունների համակցության որ տեսակն է առկա, մեղքի ինչ ձևով են բնութագրվում հանցագործությունների համակցության մեջ մտնող արարքները, հանրային վտանգավորության ինչ աստիճան ու բնույթ ունեն դրանք և այլն:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Հանցանքների համակցությամբ (...) պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է`

1) կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու մեկ օրը.

2) (...)

3) հանրային աշխատանքների երեք ժամը:

2. Տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով պատիժները կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ այն սահմանում է հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս տարբեր պատժատեսակների գումարման կարգը: Դրանում, մասնավորապես, սպառիչ թվարկված են այն պատժատեսակները, որոնք կարող են լրիվ կամ մասնակիորեն գումարվել, ինչպես նաև սահմանված են այդ պատժատեսակների չափերի գումարման կանոնները: Այսպես` հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելիս գումարման կանոնը կիրառելի է ազատազրկման, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և հանրային աշխատանքների նկատմամբ: Ընդ որում, գումարման ենթակա են վերոնշյալ ռեալ պատժատեսակների հետևյալ ժամանակային միավորները` ազատազրկման մեկ օրը, կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու մեկ օրը, հանրային աշխատանքների երեք ժամը:

Ինչ վերաբերում է տուգանքին, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելուն, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելուն, ինչպես նաև գույքի բռնագրավմանը, ապա դրանք կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին:

15. Ամփոփելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս դատարանն իրավասու է լրիվ կամ մասնակիորեն գումարել համակցության մեջ մտնող յուրաքանչյուր հանցանքի համար ազատազրկման, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու, հանրային աշխատանքների, տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով նշանակված պատիժները: Ընդ որում, ազատազրկման, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու, հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարվում են դրանց գումարման ժամանակային միավորներին համապատասխան, իսկ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ի կատար են ածվում առանձին:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ մոտեցումը բխում է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված` հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու, 68-րդ հոդվածով նախատեսված` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները գումարելու կանոններից, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` քրեական օրենքն անալոգիայով կիրառելու արգելքից:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ նա մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարել է նախքան դատավճռի կայացումը, ապա նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվում է հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոններով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Է.Ներսիսյանի գործով որոշման մեջ (տե՛ս mutatis mutandis Էդուարդ Աշոտի Ներսիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԷԴ/0124/01/09 որոշման 17-18-րդ կետերը): Հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս կիրառելի գումարման կանոնները հստակ սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ նա մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարվել է նախքան առաջին դատավճռի կայացումը, անձի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով և լրիվ կամ մասնակիորեն գումարել համակցության մեջ մտնող յուրաքանչյուր հանցանքի համար նշանակված ռեալ պատիժները:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը»:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Փորձաշրջանի ընթացքում անձի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և պատիժ նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում նաև նոր անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում, եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը»:

Մեջբերված քրեաիրավական դրույթների վերլուծությունից երևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելը կարող է վերացվել այն դեպքում, երբ`

ա) դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց,

բ) դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք է կատարում,

գ) դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք է կատարում:

Պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերոնշյալ հիմքերը սպառիչ են, ինչը նշանակում է, որ անձի պայմանական դատապարտումը նշված հիմքերից բացի որևէ այլ հիմքով վերացվել չի կարող:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համեմատական վերլուծությունից երևում է նաև, որ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու` սույն որոշման նախորդ կետի (ա) և (բ) ենթակետերում նշված հիմքերը գտնվում են դատարանի հայեցողության շրջանակներում: Յուրաքանչյուր դեպքում դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ կամ փորձաշրջանի ընթացքում կատարված անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանքի համար պատիժ նշանակելիս որոշում է կայացնում պայմանական դատապարտումը վերացնելու կամ անփոփոխ թողնելու մասին: Մինչդեռ սույն որոշման նախորդ կետի (գ) ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում դատարանն անվերապահորեն պարտավոր է վերացնել պայմանական դատապարտությունը:

19. Հիմք ընդունելով սույն որոշման 13-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնը կիրառելի է այն դեպքում, երբ առաջին գործով կայացված դատավճռով անձի նկատմամբ նշանակվել է ռեալ պատիժ: Այլ խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը կիրառելի չէ այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատավճիռ է կայացվում և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշված դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, սակայն հետագայում պարզվում է, որ անձը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարվել է նախքան առաջին գործով դատավճռի կայացումը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ նշանակված փորձաշրջանը չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակ և ներառված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկված այն պատժատեսակների շարքում, որոնց նկատմամբ կիրառելի են լրիվ կամ մասնակիորեն գումարման կանոնները: Միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չի նախատեսում պայմանական դատապարտումը վերացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ այդ անձը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարել է նախքան առաջին դատավճռի կայացումը:

Հետևաբար, այն դեպքում, երբ անձի նկատմամբ դատավճիռ է կայացվում և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, սակայն հետագայում պարզվում է, որ անձը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը կատարել է նախքան առաջին գործով դատավճռի կայացումը, երկրորդ դատավճռով դատարանը պետք է ինքնուրույն պատիժ նշանակի` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կիրառման, ինչը ենթադրում է, որ առաջին և երկրորդ դատավճիռները պետք է կատարվեն առանձին:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի դատավճռով Ա.Համզոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է ազատազրկման` 2 տարի ժամկետով: Այնուհետև, գտնելով, որ Ա.Համզոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է կիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը և անտեսելով այն, որ նախորդ դատավճռով Ա.Համզոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել` Առաջին ատյանի դատարանը նշանակված պատժին գումարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Ա.Համզոյանի նկատմամբ նշանակված 2 տարի ժամկետով ազատազրկումից 1 տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 3 տարի ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Ա.Համզոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ: Սակայն, մինչ այդ դատավճիռը կայացնելը նա երկրորդ անգամ` 2012 թվականի օգոստոս ամսին, կատարել է նույնանման հանցագործություն, որի համար Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի դատավճռով հանցանքների համակցությամբ կրկին պայմանականորեն դատապարտվել է ազատազրկման: Այնուհետև Վերաքննիչ դատարանը գտել է, որ ինչպես սույն գործով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի դատավճռով, այնպես էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմքեր չեն եղել, և դրանցով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը ենթակա է վերացման` ազատազրկման ձևով ռեալ պատիժ նշանակելու պատճառով: Վերաքննիչ դատարանը Ա.Համզոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել է ազատազրկման` 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` հանցանքների համակցությամբ նշանակված պատժին գումարվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Ա.Համզոյանի նկատմամբ նշանակված 2 տարի ժամկետով ազատազրկումից 1 տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 3 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

21. Սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-19-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Համզոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը և արդյունքում նրա նկատմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով նշանակված և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառված` 2 տարի ժամկետով ազատազրկումից 1 տարի ժամկետով ազատազրկումը: Մասնակիորեն գումարման կանոնը կիրառելիս ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ նշանակված փորձաշրջանը չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակ և ներառված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասում սպառիչ թվարկված այն պատժատեսակների շարքում, որոնց նկատմամբ կիրառելի են լրիվ կամ մասնակիորեն գումարման կանոնները (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը):

Բացի այդ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Ա.Համզոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ և վերաքննության առարկա չի հանդիսանում: Արդյունքում խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը, քանի որ որպես Ա.Համզոյանի պայմանական դատապարտության վերացման հիմք նշել է այնպիսի հանգամանքներ, որոնք ներառված չեն պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սպառիչ թվարկված հիմքերի շարքում:

22. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավասու չէին Ա.Համզոյանի նկատմամբ պատիժ նշանակել հանցանքների համակցության կանոններով այն դեպքում, երբ նրա նկատմամբ նախորդ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: Այս առումով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը, 70-րդ հոդվածի 6-7-րդ մասերը, ինչը հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Ա.Համզոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, Վերաքննիչ դատարանը գնահատական է տվել օրինական ուժի մեջ մտած և չբողոքարկված դատավճռին, ինչով խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու պահանջը, ինչը հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեադատավարական օրենքի էական խախտում:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը քրեական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

ՈՒստի, հիմք ընդունելով վերը շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ և 70-րդ հոդվածի 6-7-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի հիման վրա հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

24. Ինչ վերաբերում է սույն գործով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի դատավճռով Ա.Համզոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորվածությանը, որը վիճարկված է սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Անդրեյ Վլադիմիրի Համզոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2013
N ՍԴ3/0046/01/13
Որոշում