Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (այսուհետև` Կողմեր)

հիմք ընդունելով 2001թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին Պայմանագիրը,

առաջնորդվելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներով և նորմերով,

ցանկություն ունենալով զարգացնել սահմանային ոլորտում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարեկամական և արդար փոխադարձ համագործակցություն,

հաստատելով իրենց ձգտումը` զարգացնելու համագործակցությունը և որոշելու համագործակցության սկզբունքները` իրենց լիազորությունների շրջանակում և իրենց երկրներում ընդունված համապատասխան օրենսդրությանը համաձայն,

գիտակցելով միջազգային համագործակցության կարևորությունը` կազմակերպված անդրսահմանային հանցագործությունները, միջազգային ահաբեկչությունը, մաքսանենգությունը, թրաֆիքինգր, անօրինական միգրացիան և այլ անօրինական գործունեությունները կանխելու գործում,

համաձայնեցին հետևյալի մասին`

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, հաշվի առնելով փոխադարձ շահերը և իրենց ազգային օրենսդրության համաձայն, կհամագործակցեն հետևյալ ուղղություններով`

1. Պետական սահմանի պաշտպանությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության կանոնավոր փոխանակում:

2. Պայքար պետական սահմանի խախտումների, անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչության, կազմակերպված անդրսահմանային հանցագործությունների, զենքի մաքսանենգության, ռազմամթերքի, պայթուցիկների, թմրանյութերի, հոգեմետ նյութերի, ռադիոակտիվ նյութերի, մշակութային և պատմական արժեքների, արգելված ապրանքների և իրերի, ինչպես նաև այլ անօրինական գործունեության դեմ:

3. Պետական սահմանի պահպանության կազմակերպման և վերահսկման միջոցների վերաբերյալ փորձի փոխանակում:

4. Պետական սահմանի պահպանության շահերից բխող օպերատիվ-որոնողական գործունեության ծավալում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը պետք է, սույն Համաձայնագրի հիման վրա, ապահովեն պետական սահմանի պահպանությանն վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում, ներառյալ օրենսդրական և այլ իրավական ակտերի վերաբերյալ, այդպիսով նպաստելով պետական սահմանի ռեժիմի պահպանմանը:

Կողմերը պարտավորվում են տրամադրել միմյանց տեղեկատվություն իրենց Պետությունների քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որևէ Կողմի պետական սահմանի անօրինական հատման կամ նման փորձ կատարելու համար ձերբակալված անձանց վերաբերյալ, ներառելով նաև սահմանի անցակետերով անօրինական անցման փորձերի վերաբերյալ տեղեկատվություն:

Կողմերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը պետք է սահմանվի առանձին արձանագրությամբ, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մաս և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի պայմաններին համապատասխան:

Կողմերը պետք է ապահովեն միմյանց փոխանակված տեղեկատվության գաղտնիությունը: Նրանք ոչ մի դեպքում չպետք է օգտագործեն տեղեկատվությունը ի վնաս միմյանց շահերի և չպետք է փոխանցեն այն երրորդ կողմի` առանց Կողմի գրավոր համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պետական սահմանի պահպանությանը վերաբերող հարցերը պետք է կարգավորվեն Կողմերի սահմանային գերատեսչությունների կողմից` իրենց համապատասխան ներկայացուցիչների միջոցով:

Կողմերի միջև պետական սահմանի ռեժիմին վերաբերվող հարցերը պետք է կարգավորվեն երկկողմ համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը պարտավորվում են, իրենց իրավասությունների շրջանակում, մեծապես օժանդակել Հայաստան-Վրաստան պետական սահմանի սահմանազատման հարցերի կարգավորմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում ծագած կամ մեկնաբանման հետ կապված ցանկացած վիճահարույց հարց պետք է կարգավորվի Կողմերի միջև բանակցությունների և/կամ խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է ազդեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի վրա այլ միջազգային պայմանագրերով դրված պարտավորությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի համաձայնությամբ; Փոփոխությունները պետք է ձևակերպվեն առանձին արձանագրությամբ, որը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան և կկազմի դրա անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին վերջին ծանուցման ստացման օրը և կմնա ուժի մեջ անորոշ ժամկետով;

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին դիվանագիտական ուղիներով մյուս կողմին վեց ամիս առաջ ծանուցելով:

Կատարված է ք. Թբիլիսիում 2011թ. նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, վրացերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. փետրվարի 28-ին

 

 

pin
29.11.2011
Միջազգային պայմանագիր