Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

համոզված լինելով, որ մշակույթի, գիտության և կրթության ոլորտում համագործակցությունը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին և նպաստում է բարեկամության, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների հետագա զարգացմանը,

նկատի առնելով մշակույթի, մշակութային հաղորդակցության ավանդույթների մոտիկությունը և իրենց ժողովուրդների փոխհարաբերություններում ռուսաց լեզվի պատմականորեն ձևավորված դերը,

գիտակցելով երկու պետությունների ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը,

հաշվի առնելով, որ երկու պետությունների երիտասարդության միջև բազմաբնույթ շփումների և փոխանակումների զարգացումը հանդիսանում է երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների և վստահության ամրապնդման կարևոր տարր, ցանկանալով նոր լիցք հաղորդել երկկողմ երիտասարդական փոխանակումներին,

1997 թ. օգոստոսի 29-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխան,

համաձայնեցին ներքոգրյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը նպաստում են մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդական քաղաքականության, տեղեկատվության և սպորտի ոլորտում, այդ թվում` հայաստանյան և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, ասոցիացիաների և հիմնադրամների միջև համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն աջակցում են մշակույթի ոլորտում կադրերի պատրաստման, շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փորձի փոխանակման, գիտաժողովների և «կլոր սեղանների» անցկացման գործում համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը համագործակցում են իրենց պետությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում:

Կողմերը իրենց պետությունների օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի կիրառման հիման վրա բանակցությունների միջոցով լուծում են Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածքում հայտնված` կորած կամ ապօրինի արտահանված մշակութային արժեքների հետ կապված հարցերը:

Կողմերը միջոցներ են ձեռնարկում մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք ժամանակավորապես փոխադրված մշակութային արժեքների պահպանության և վերադարձման համար պետական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերն աջակցություն են ցուցաբերում իրենց պետությունների արխիվային հաստատությունների գծով համագործակցությանը` ներառյալ գիտական հետազոտությունների անցկացումը, արխիվային նյութերի պատճենների փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի ժողովածուների և ցուցահանդեսների նախապատրաստումը:

Կողմերը միջոցներ են ձեռնարկում Կողմերից մեկի պետությանը պատկանող` մյուս Կողմի պետության տարածք ժամանակավորապես փոխադրված արխիվային փաստաթղթերի պահպանման ու վերադարձման համար պետական երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Կողմերն աջակցություն են ցուցաբերում Կողմերի պետությունների տարածքում ստեղծված և իրենց պետական արխիվներում պահվող արխիվային նյութերի հայտնաբերման, պահպանության և մասսայականացման գործին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերից մեկը աջակցություն է ցուցաբերում մյուս Կողմի պետության գեղարվեստական փառատոների, կոլեկտիվների և մենակատարների հյուրախաղերի, հեղինակների երաժշտական և դրամատիկական ստեղծագործությունների բեմականացումների կազմակերպմանը, պատվիրակությունների և գրականության, գեղարվեստական, այդ թվում` միջազգային նշանակության հավաքածուներից ցուցահանդեսների փոխանակումներին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն օժանդակում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության թանգարանների, պատկերասրահների և գրադարանների միջև համագործակցությանը, ապահովում են երկու պետությունների քաղաքացիների համար հավասար պայմաններով` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գրադարանային և թանգարանային պետական ֆոնդերի փոխադարձ հասանելիությունը և այդ հավաքածուների օգտագործումը մշակութային, գիտական և կրթական նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերն աջակցում են կինեմատոգրաֆիայի բնագավառում իրենց պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև համագործակցությանը հետևյալ ուղղություններով.

ռուսական և հայկական կինոարվեստի մասսայականացում,

Կողմերի պետությունների տարածքներում կազմակերպվող միջազգային փառատոներին փոխադարձ մասնակցություն` համապատասխան դրանց կանոնակարգի,

կինոնկարների համատեղ ստեղծում և թվայնացում, ինչպես նաև կինոնկարների փոխանակում,

երկու պետությունների կինեմատոգրաֆիական հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև ուղիղ կապերի և փոխանակումների ընդլայնում:

Կողմերը միջոցներ են ձեռնարկում հայկական կինոստուդիայում ստեղծված և Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ֆիլմերի ելանյութերի պահպանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերից յուրաքանչյուրը խրախուսում է ուղիղ համագործակցությունը ռուսաստանյան և հայկական պարբերական տպագիր հրատարակությունների, հեռուստա- և ռադիոընկերությունների, տեղեկատվական գործակալությունների միջև, ինչպես նաև գրահրատարակչության բնագավառում:

Կողմերը բազմակողմանիորեն աջակցում են գրական ստեղծագործությունների թարգմանությանն ու հրատարակությանը, միջգրադարանային կապերի իրականացմանը, գրողների և լրագրողների պատվիրակությունների, հրատարակչությունների և ԶԼՄ-ների խմբագրությունների միջև զանազան նյութերի փոխանակմանը, համապատասխանաբար Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքին վերաբերող նյութերի հրապարակմանը, Կողմերից յուրաքանչյուրի պետության ժողովուրդների լեզուներով թերթերի և ամսագրերի հրատարակությանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը փորձի փոխանակում կիրականացնեն մշակույթի, արվեստի, պատմամշակութային ժառանգության, կինեմատոգրաֆիայի, արխիվային գործի, հեղինակային և հարակից իրավունքների, գիտության, կրթության և երիտասարդական քաղաքականության բնագավառների նորմատիվ իրավական կանոնակարգման ոլորտում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերն աջակցում են շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը` մշակույթի, գիտության և կրթության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների գերակա ուղղությունների որոշման, գիտական հետազոտությունների արդյունքների մասին փոխադարձաբար իրազեկման, այդ նպատակներով համատեղ գիտական և գիտագործնական համաժողովների, սեմինարների և գիտաժողովների կազմակերպման, համատեղ հրատարակչական գործունեության իրականացման, ինչպես նաև գիտական փոխանակման և համագործակցության այլ ձևերի կիրառման նպատակով:

Խորհրդակցությունների առարկա կարող են լինել նաև համագործակցության նոր ոլորտների և նոր ձևերի որոնումը, մշակույթի, գիտության և կրթության բնագավառում քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրները, մշակութային, գիտական և կրթական հաստատությունների գործունեության իրավական և սոցիալ-տնտեսական կանոնակարգումը, գիտության և կրթության զարգացման նպատակով միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մշակույթի, գիտության և կրթության վիճակագրական հաշվառման համաձայնեցված սկզբունքների մշակումը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը նպաստում են մշակույթի նյութատեխնիկական բազայի զարգացման հարցերում համագործակցությանը, նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, փոխշահավետ հիմունքներով` մշակույթի և արվեստի կազմակերպությունների և հաստատությունների համար սարքավորումների և տեխնիկական միջոցների մատակարարմանը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը զարգացնում են համագործակցություն կրթության ոլորտում: Այդ նպատակով Կողմերը`

նպաստում են իրենց պետությունների կրթական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը,

ուսուցման, գիտական փորձառության, դասախոսություններ կարդալու, դասավանդման, որակավորման բարձրացման նպատակով նպաստում են աշակերտների, ուսանողների, ասպիրանտների, մասնագետների և դասախոսների փոխանակմանը,

նպաստում են մասնագետների մասնակցությանը երկու երկրներում անցկացվող գիտական և գիտագործնական սեմինարներին,

համաժողովներին, գիտաժողովներին և այլ միջոցառումներին, ինչպես նաև համագործակցությանը համատեղ գիտական նախագծերի և ծրագրերի իրականացմանը,

խրախուսում են համագործակցության այլ ձևեր ընդհանուր և մասնագիտական կրթության բնագավառում:

Այսպիսի փոխանակման կոնկրետ ձևերն ու պայմանները կանոնակարգվում են Կողմերի պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև կնքված համապատասխան համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, խրախուսում են Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի, իսկ Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի ուսուցմամբ հանրակրթական հաստատությունների, ինչպես նաև կրթական հաստատություններում դասարանների և բաժինների ստեղծմանը, կադրերի պատրաստմանը, նյութատեխնիկական բազայի զարգացմանը, այդ հաստատությունների համար դասագրքերի և այլ ուսումնամեթոդական գրականության մշակմանն ու հրատարակմանը:

Հայկական Կողմը պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում ռուսաց լեզվի խորացված ուսուցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը նպաստում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծմանը, ինչպես նաև համատեղ հիմունքներով ուսումնական հաստատությունների ստեղծմանը:

Կողմերը փոխադարձության հիմքի վրա նպաստում են երկու երկրների լեզուների, պատմության, գրականության և մշակույթի ուսումնասիրմանը:

Այդ նպատակով Կողմերը նպաստում են ռուսաց և հայոց լեզվի ու գրականության դասատուների և մասնագետների, ինչպես նաև ուսումնամեթոդական ձեռնարկների և նյութերի փոխանակմանը:

Կողմերից յուրաքանչյուրը խրախուսում է լեզվագիտական և երկրագիտական դասընթացների և սեմինարների անցկացումը, համապատասխան մասնագետների որակավորման բարձրացումը, ինչպես նաև օգտագործում է հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հնարավորությունները` մյուս Կողմի պետության լեզուն և մշակույթը ուսումնասիրելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը նպաստում են իրենց պետության տարածքում մշտապես բնակվող` մյուս Կողմի պետության քաղաքացիների հանրակրթական պահանջմունքների ապահովմանը` առաջին հերթին Կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությանը համաձայն, համապատասխանաբար, ռուսաց և հայոց լեզուներով կրթություն ստանալու համար պայմաններ ստեղծելով:

Մի Կողմն, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, երաշխավորում է իր պետության տարածքում մշտապես բնակվող մյուս Կողմի պետության քաղաքացիների կրթություն ստանալու` իր քաղաքացիներին հավասար իրավունքը:

Այդ իրավունքների իրականացման կարգն ու պայմանները կանոնակարգվում են Կողմերի պետությունների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերը երաշխավորում են Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան համայնքի և Ռուսաստանի Դաշնությունում հայկական համայնքի մշակույթի ազատ և իրավահավասար զարգացումը: Կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում ազգային ինքնության, մշակույթի, լեզվի պահպանման, հոգևոր և կրոնական պահանջմունքների իրագործման համար:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերն աջակցում են համագործակցությանը երիտասարդական քաղաքականության բնագավառում` մասնագետների և համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ փոխանակելու ճանապարհով, ներառյալ համատեղ սեմինարների և հանդիպումների կազմակերպումը:

Կողմերն աջակցում են երիտասարդական կազմակերպությունների միջև ուղիղ համագործակցությանը և իրենց պետությունների տարածքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակմանը` նպատակ ունենալով խրախուսելու դրանց` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդության մասնակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Կողմերն աջակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցությանը նախ և առաջ մարզական ընկերությունների միջև ուղիղ կապերի հաստատման, մրցումների և հանդիպումների անցկացման, մարզիկների և մարզիչների, գիտամեթոդական տեղեկատվության և հատուկ գրականության, ինչպես նաև միջազգային մրցաշարերում մասնակցության փորձի փոխանակման ճանապարհով:

Համագործակցության կոնկրետ պայմաններն ու ձևերը կանոնակարգվում են Կողմերի պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Կողմերն աջակցում են իրենց պետությունների` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների միջև համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Համաձայնագրի կիրարկման և միջոցառումների հստակեցման նպատակով կարող են ընդունվել մշակույթի, կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին միջկառավարական ծրագրեր, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների գծով համագործակցության ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է գործել 1995 թ. նոյեմբերի 13-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, որը լրանալուն պես դրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամկետը լրանալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Եթե Կողմերն այլ պայմանավորվածություն ձեռք չբերեն, սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ընթացքում սկսված և դրա գործողության դադարեցման պահին չավարտված ծրագրերի և նախագծերի իրականացման վրա: Կողմերի շահագրգիռ կազմակերպությունների կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները և կապահովվեն ռեսուրսները` համաձայնեցված պայմաններով նշված ծրագրերի և նախագծերի իրականացման համար:

Կատարված է Մոսկվա քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու օրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. մարտի 18-ին

 

 

pin
24.10.2011
Միջազգային պայմանագիր