Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով աջակցել իրենց առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը,

նպատակ ունենալով իրավահավասար և փոխշահավետ սկզբունքների հիման վրա դյուրացնել և կանոնակարգել իրենց երկրների միջև և իրենց տարածքների տարանցմամբ ավտոմոբիլային ճանապարհներով իրականացվող միջազգային ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Մաս 1

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն Համաձայնագիրը, Կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է կանոնակարգի Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև (երկկողմ տրանսպորտ) և Պետությունների տարածքների տարանցմամբ ավտոմոբիլային ճանապարհներով այն փոխադրողների կողմից իրականացվող միջազգային ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները, որոնց իրավունք է վերապահված իրականացնելու նմանօրինակ տրանսպորտային գործունեություն:

 

Մաս 2

ՈՒղևորների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հասկացությունների սահմանում

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված ուղևորատար տրանսպորտը նշանակում է` ավտոբուսի միջոցով ուղևորների և նրանց ուղեբեռների փոխադրում: Նույնը կիրառելի է նաև այն ուղևորատար տրանսպորտային ծառայությունների նկատմամբ, որոնց վազքն իրականացվում է առանց ուղևորների (դատարկ վազք):

 

2. Ավտոտրանսպորտային այն միջոցները, որոնք իրենց սարքավորմամբ և նախագծով համապատասխանում և նախատեսված են փոխադրելու ավելի քան ինը մարդու (ներառյալ վարորդը), համարվում են ավտոբուսներ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կանոնավոր փոխադրումներ

 

1. Կանոնավոր փոխադրումներ են համարվում որոշակի երթուղիներով կատարվող ուղևորափոխադրումները` համաձայն նախապես հաստատված և հրապարակված չվացուցակների, ուղևորավճարների և փոխադրման պայմանների, ըստ որոնց` ուղևորները կարող են նստել կամ իջնել նախապես սահմանված կանգառներում: Նույնը պետք է կիրառվի այն տրանսպորտային երթևեկությունների համար, որոնք ընդհանուր առմամբ համանման ձևով գործում են որպես կանոնավոր փոխադրումներ:

 

2. Համաձայն սույն Համաձայնագրի` փոխադրումները, ում կողմից էլ դրանք իրականացվեն, որոնք նախատեսում են միայն որոշակի կարգի ուղևորների փոխադրումներ, բացառելով այլ ուղևորների փոխադրումը, և համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին, նույնպես համարվում են կանոնավոր փոխադրումներ: Այս փոխադրումները, հատկապես այն փոխադրումները, որոնք նախատեսված են աշխատողներին իրենց բնակության վայրից դեպի իրենց աշխատանքային վայր և հակառակ ուղղությամբ կամ դպրոցական երեխաներին իրենց բնակության վայրից դեպի դպրոց և հակառակ ուղղությամբ փոխադրելու համար, կոչվում են «Հատուկ կանոնավոր փոխադրումներ»:

 

3. Երկկողմ և տարանցիկ տրանսպորտային երթևեկության կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար պահանջվում է երկու Կողմերի իրավասու մարմինների կողմից թույլտվություն: Թույլտվությունը պետք է տրամադրվի երկկողմանի համաձայնագրով` Կողմերի ներքին օրենսդրությանը համաձայն: Թույլտվությունը կարող է տրվել առավելագույնը 5 տարի ժամկետով:

 

4. 5-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված երթուղիների, կայանման կետերի, չվացուցակների, ուղևորավճարների, փոխադրման պայմանների և կապալառու փոխադրողների փոփոխումը ենթակա է Համաձայնագրի երկու Կողմերի իրավասու մարմինների նախնական հաստատմանը: Փոխադրումների դադարեցումը ենթակա է Համաձայնագրի այն Կողմի իրավասու մարմնի կողմից նախնական հաստատմանը, որի տարածքում հաստատված է փոխադրողը: Այդ դեպքում պետք է համարժեք կերպով հաշվի առնվի սույն Համաձայնագրի բուն նպատակը: Սույն պարբերության 2-րդ նախադասության մեջ նշված իրավասու մարմինը պետք է ստանա Համաձայնագրի մյուս Կողմի դիտողությունները:

 

5. Կանոնավոր փոխադրումների մեկնարկի համար դիմումները, ինչպես նաև վերոնշյալ 4-րդ պարբերությունում նշված դիմումները պետք է ներկայացվեն Համաձայնագրի այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում գտնվում է տվյալ փոխադրողի նստավայրը: Դիմումները սույն Համաձայնագրի Կողմի տրանսպորտի նախարարության դիտողությունների հետ միասին պետք է ուղարկվեն Համաձայնագրի մյուս Կողմի տրանսպորտի նախարարությանը:

 

6. 4-րդ և 5-րդ պարբերություններում նշված դիմումները մասնավորապես պետք է պարունակեն ստորև նշված տեղեկությունները.

դիմում ներկայացնող փոխադրողի ազգանունը և անունը կամ կազմակերպության անվանումը, ինչպես նաև` հասցեն և, անհրաժեշտության դեպքում, կապալառու փոխադրողի ազգանունը և անունը կամ կազմակերպության անվանումը և հասցեն` ստորև նշված 6-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան.

տրանսպորտային գործունեության տեսակը.

թույլտվության կիրառման ժամկետը.

գործունեության ծավալման ժամանակահատվածը և փոխադրումների քանակը.

չվացուցակը.

հստակ երթուղին(ները), (ուղևորների նստեցման կամ իջեցման կանգառները/այլ կանգառները, ինչպես նաև սահմանային անցման կետերը).

երթուղու երկարությունը` ներառյալ առանձին հատվածների երկարությունները` կիլոմետրերով, մեկնման և վերադարձի ուղևորության համար.

այն քարտեզը, որը ցույց է տալիս կիրառվող երթուղու ճանապարհը և կայանման կետերը.

վարորդի` մեքենա վարելու և հանգստի ժամերը.

օգտագործվող ավտոբուսի նստատեղերի քանակը.

փոխադրման պայմանները և ուղեվճարները (սակագներ):

 

7. Ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված Համատեղ հանձնաժողովը կարող է նախատեսել այլ տվյալների և պայմանների անհրաժեշտության պահանջ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ոչ կանոնավոր փոխադրումներ

 

1. Ոչ կանոնավոր փոխադրումներ են համարվում այն փոխադրումները, որոնք չեն պատկանում 3-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կանոնավոր փոխադրումներին:

 

2. Երկկողմանի կամ տարանցիկ ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում թույլտվություն չի պահանջվում.

եթե ուղևորությունների ընթացքում ավտոբուսը փոխադրում է նույն ուղևորների խմբին և նրանց հետ` մեկնման վայր է փոխադրում (դռնփակ ուղևորություն),

կամ

եթե ուղևորությունների ընթացքում նստեցվում են ուղևորներ մեկնման համար, և հետադարձ ուղևորությունը կատարվում է դատարկ վազքով (դատարկ հետադարձ ուղևորություն),

կամ

եթե առկա է դատարկ վազք, որի նպատակն է ուղևորների խմբին փոխադրել նույն փոխադրողի միջոցով, վերոնշյալ 2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան, և հետ բերել մեկնման վայր:

 

3. Ոչ կանոնավոր փոխադրման ընթացքում ուղևորները չպետք է նստեցվեն կամ իջեցվեն ճանապարհին, մինչև ստացվի Համաձայնագրի Կողմի համապատասխան իրավասու մարմինների թույլտվությունը:

 

4. Ոչ կանոնավոր փոխադրումները, բացառությամբ 2-րդ պարբերությունում նշվածների, միշտ ենթակա են Համաձայնագրի մյուս Կողմի իրավասու մարմնի կողմից թույլտվություն ստանալուն: Թույլտվության համար դիմումը պետք է ուղիղ կերպով ուղարկվի Համաձայնագրի մյուս Կողմի իրավասու մարմնին: Այն պետք է ներկայացվի փոխադրումների մեկնարկից առնվազն 4 շաբաթ առաջ:

 

5. 4-րդ պարբերությանն առնչվող դիմումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

փոխադրողի անվանումը, անունը կամ ընկերության անվանումը, ինչպես նաև` ամբողջական հասցեն և, անհրաժեշտության դեպքում, տուրիստական այն կազմակերպության համանման տվյալները, որի հետ կնքվել է փոխադրման պայմանագիր.

ուղևորության նպատակի նկարագիրը.

այն երկիրը, որտեղ հավաքվում է ուղևորների խումբը.

ուղևորության մեկնման և նշանակման վայրերը, երթուղին` սահմանային անցման կետերի հետ միասին` ներառյալ տեղեկություններն այն տարանցիկ երկրների վերաբերյալ, որտեղ որևէ ուղևոր չի նստեցվել կամ իջեցվել.

մեկնման և հետադարձ ուղղությունների ամսաթվերը, որտեղ նշվում է` մեկնման կամ հետադարձ ուղղությունները լինելու են ուղևորների հետ, թե առանց ուղևորների.

վարորդների` վարելու և հանգստի ժամերը.

օգտագործվող ավտոբուսների պետհամարանիշները և նստատեղերի քանակը:

 

6. Ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված Համատեղ հանձնաժողովը

կարող է որոշել, որ անհրաժեշտ է հավելյալ տեղեկատվություն: Նա պետք է համաձայնեցնի թույլտվությունից ազատվող ոչ կանոնավոր փոխադրումների համար վերահսկիչ փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Տրանսպորտային ընկերություններ, կապալառու փոխադրողներ և կաբոտաժի

արգելում

 

1. 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ, 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններով սահմանված` շնորհված թույլտվությունները կարող են կիրառվել միայն այն կազմակերպության կողմից, որին տրամադրվել է տվյալ թույլտվությունը:

 

2. Համաձայնագրի մի Կողմի տարածքում տեղակայված երկու վայրերի միջև ուղևորների փոխադրումը Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գրանցված ավտոբուսով չի թույլատրվում (կաբոտաժի արգելում):

 

Մաս 3

Բեռների փոխադրում

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Թույլտվության պահանջ

 

Համաձայնագրի մի Կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով Համաձայնագրի երկու Կողմերի միջև բեռնափոխադրում իրականացնելու կամ Համաձայնագրի մյուս Կողմի տարածքով տարանցում կատարելու համար փոխադրողները պետք է ունենան թույլտվություն Համաձայնագրի մյուս Կողմի իրավասու մարմնից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Թույլտվության կարգավորման շրջանակները, կաբոտաժի արգելում

 

1. Փոխադրողին տրված թույլտվությունը օրինական է միայն տվյալ փոխադրողի համար և տրվում է առանց փոխանցման իրավունքի: Թույլտվությունները պետք է տրվեն միայն այն փոխադրողներին, որոնք իրենց պետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով, իրենց պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, լիազորված են կատարելու միջազգային բեռնափոխադրումներ:

 

2. Թույլտվություն պահանջվում է յուրաքանչյուր ծանրաքարշ բեռնատարի և քարշակի համար: Այն միաժամանակ տարածվում է նաև ավտոմոբիլային միջոցին միացված կցորդների կամ կիսակցորդների վրա` անկախ դրանց գրանցման և հաշվառման վայրից:

 

3. Երկկողմ և տարանցիկ տրանսպորտային գործընթացի թույլտվությունը պետք է օրինական ուժի մեջ լինի մեկնման և հետադարձ ուղևորություն կատարող մեկ ուղևորության համար (մեկ փոխադրման թույլտվություն)` թույլտվության մեջ նշված ժամկետներին համապատասխան կամ ուղևորությունների ցանկացած քանակի համար տվյալ թույլտվություններում նշված ժամկետներին համապատասխան (ժամկետային թույլտվություն):

 

4. Համաձայնագրի մյուս Կողմի տարածքի և երրորդ պետության տարածքների միջև տրանսպորտային փոխադրումները թույլատրելի են միայն այն դեպքում, եթե այն պետությունը, որում գրանցված է տրանսպորտային միջոցը, տարանցվում է ընդունված երթուղով, կամ եթե թույլտվությունը տրված է ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված ձևին համապատասխան, և անհրաժեշտության դեպքում տրվել են հատուկ թույլտվություններ:

 

5. Համաձայնագրի մի Կողմի տարածքում հաստատված փոխադրողներին չի թույլատրվում փոխադրել բեռներ Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գտնվող երկու վայրերի միջև (կաբոտաժի արգելք): Բացառություններ կարող են սահմանվել հատուկ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար 17-րդ հոդվածում նշված Համատեղ հանձնաժողովի կողմից` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

 

6. Սույն Համաձայնագրով նախատեսված բեռնափոխադրումների համար պահանջվող փաստաթղթերը իրենց ձևով պետք է համապատասխանեն միջազգային ընդունված նմուշներին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պահանջվող թույլտվությունից ազատում

 

1. Համաձայն 7-րդ հոդվածի` փոխադրման թույլտվություն չի պահանջվում հետևյալ դեպքերում, եթե.

բեռնափոխադրումներում տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի քաշը` ներառյալ կիսակցորդը, չի գերազանցում 3.5 տոննան.

վնասված կամ վերանորոգման ենթակա տրանսպորտային միջոցները վերադարձվում են գրանցման երկիր.

ավտոմոբիլային միջոցով բեռնափոխադրման ընթացքում առկա են հետևյալ պայմանները.

ա) փոխադրվող բեռը փոխադրողի սեփականությունն է կամ վաճառվում, գնվում, տրվում է վարձով կամ վարձակալվում, արտադրվում, մասամբ վերարտադրվում, վերամշակվում կամ վերանորոգվում է փոխադրողի կողմից.

բ) փոխադրման նպատակը ձեռնարկություններին բեռների առաքումն է կամ ձեռնարկություններից բեռների ստացումը սեփական օգտագործման նպատակով բեռների փոխադրումը ձեռնարկության տարածքում և նրանից դուրս.

գ) փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է վարեն ձեռնարկությունում զբաղված վարորդները կամ, համաձայն պայմանագրի, նրանց տրամադրության տակ գտնվող վարորդները.

դ) բեռներ փոխադրող ավտոմոբիլային միջոցները համարվում են փոխադրողի սեփականությունը կամ նրա կողմից գնվում են ժամկետային հիմունքներով կամ վարձակալվում.

փոխադրվում են դեղագործական ապրանքներ, իրեր և սարքավորումներ և այլ կարգի պարագաներ, որոնք պահանջվում են արտակարգ իրավիճակում բուժօգնության ցուցաբերման համար. մասնավորապես բնական աղետների ժամանակ.

հանրային փոստային ծառայության համար

 

2. 17-րդ հոդվածում սահմանված Համատեղ հանձնաժողովը հետագայում կարող է որոշել, թե որ տրանսպորտային գործընթացներն են ազատվում թույլտվության պահանջից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Թույլտվության շնորհումը և տրամադրումը

 

1. Հայաստանի Հանրապետության փոխադրողների կողմից պահանջված թույլտվությունները պետք է շնորհվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու նախարարության կողմից և տրվեն ՀՀ իրավասու նախարարության կամ նախարարության կողմից նշանակված մարմնի կողմից:

 

2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխադրողների կողմից պահանջված թույլտվությունները պետք է շնորհվեն Հայաստանի Հանրապետության իրավասու նախարարության կողմից և տրվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու նախարարության կամ նախարարության կողմից նշանակված մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Թույլտվությունների քանակը, բովանդակությունը և ձևը

 

1. 17-րդ հոդվածով սահմանված Համատեղ հանձնաժողովը, պայմանավորվածության համաձայն, սահմանում է տարեկան թույլտվությունների քանակը: Սահմանված թույլտվությունների քանակը անհրաժեշտության դեպքում կարող է փոփոխվել ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված Համատեղ հանձնաժողովի կողմից:

 

2. Թույլտվությունների ձևը և բովանդակությունը պետք է սահմանվեն ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված Համատեղ հանձնաժողովի կողմից:

 

Մաս 4

Հատուկ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Գանձումներ և այլ հարկեր

 

Յուրաքանչյուր Կողմի տրանսպորտային գործընթացը և դատարկ վազքը, որոնք իրականացվում են սույն Համաձայնագրին համապատասխան, պետք է ազատվեն մաքսային ձևակերպումների ժամանակ գանձվող մաքսային վճարներից և այլ հարկերից ու տուրքերից, ինչպես նաև` ցանկացած թույլտվության պահանջից` մյուս Կողմի տարածք հետևյալ ապրանքները ներմուծելու ժամանակ.

ավտոմոբիլային միջոցի ստանդարտ հիմնական բաքում գտնվող վառելիքը, որի բաքը տեխնիկապես և կառուցվածքով միացված է վառելիքային համակարգին, ինչպես նաև ծանր բեռնատարներում կամ հատուկ բեռնարկղերում գտնվող` բաքում պարունակվող վառելիքը, որը նախատեսված է հովացնող համակարգի և այլ համակարգերի համար: Քանակի որևէ սահմանափակումը պետք է բխի սույն Համաձայնագրի Կողմեր հանդիսացող պետություններում գործող օրենքներից.

ավտոմոբիլային միջոցում պարունակվող քսանյութերը, որոնք անհրաժեշտ են ավտոմոբիլային միջոցի համար` տրանսպորտային գործընթաց ծավալելիս.

ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման համար պահեստամասերը և գործիքները, որոնք օգտագործվում են միջազգային տրանսպորտային գործընթաց ծավալելիս. չօգտագործված պահեստամասերը, ինչպես նաև փոխարինված հին պահեստամասերը պետք է վերարտահանվեն, վերացվեն կամ վերանորոգվեն սույն Համաձայնագրի Կողմի տարածքում կիրառվող կանոնակարգերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Փաստաթղթեր փոխադրելու պարտավորություն

 

Թույլտվությունները, վերահսկման փաստաթղթերը և պահանջվող այլ փաստաթղթերը պետք է առկա լինեն ավտոմոբիլային միջոցում բոլոր ուղևորությունների ընթացքում և անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացվեն իրավասու վերահսկող մարմինների ներկայացուցիչներին և ստուգում իրականացնելու համար հանձնվեն նրանց: Վերահսկման փաստաթղթերն ուղևորության մեկնարկից առաջ պետք է լինեն ամբողջովին անթերի վիճակում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Ավտոճանապարհային երթևեկության օրենքների դրույթներ

 

1. Համաձայնագրի մի Կողմի տարածքում գրանցված ավտոմոբիլային միջոցները Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գործունեություն ծավալելիս պետք է համապատասխանեն կանոնակարգով սահմանված քաշի, ծավալի և սռնու բեռնվածության նորմերին:

 

2. Եթե ավտոմոբիլային միջոցի քաշը, եզրաչափքերը կամ սռնու բեռնվածությունը գերազանցում են Համաձայնագրի որևէ Կողմի տարածքում թույլատրելի սահմանները, ուղևորության մեկնարկից առաջ ավտոմոբիլային միջոցի համար պահանջվում է ձեռք բերել տվյալ Համաձայնագրի Կողմի իրավասու մարմնի բացառության թույլտվությունը: Եթե բացառության փաստաթուղթը սահմանում է տվյալ ավտոմոբիլային միջոցի համար հատուկ երթուղի, ապա տրանսպորտային գործունեությունը կարող է իրականացվել միայն տվյալ երթուղով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Շրջակա միջավայրի պահպանություն

 

Համաձայնագրի Կողմերը պետք է խրախուսեն, որ միջազգային ավտոմոբիլային փոխադրումներում կիրառվեն մաքուր և ցածր ձայն արձակող ավտոմոբիլային միջոցներ, որոնք հագեցած կլինեն բարձրակարգ անվտանգության սարքավորումներով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Խախտումներ

 

1. Համաձայնագրի Կողմի փոխադրողները պարտավոր են ենթարկվել Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գործող ճանապարհատրանսպորտային և մաքսային օրենսդրության կանոններին:

 

2. Փոխադրողի կամ նրա վարորդի կողմից Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գործող օրենքի կամ սույն Համաձայնագրի դրույթների կոպիտ կամ շարունակական խախտումների դեպքում Համաձայնագրի Կողմերի իրավասու մարմինները, Համաձայնագրի մյուս Կողմի իրավասու մարմինների պահանջով, որի տարածքում կատարվել են վերոնշյալ խախտումները, իրենց տարածքում գրանցված ավտոմոբիլային միջոցների համար գործող օրենքների շրջանակներում ձեռնարկում են հետևյալ միջոցները.

ծանուցում են ուղարկում պատասխանատու փոխադրողին` պահանջելով նրանից հետևել կիրառվող կանոնակարգերին (նախազգուշացում).

ժամանակավորապես արգելում են փոխադրողին իրականացնել տրանսպորտային գործունեություն.

կասեցնում են թույլտվության տրամադրումը պատասխանատու փոխադրողին կամ ժամանակավորապես նրան զրկում են արդեն իսկ տրված թույլտվությունից, որի համաձայն` Համաձայնագրի Կողմի իրավասու մարմինը չի թույլատրում փոխադրողին իրականացնել տրանսպորտային գործունեություն:

 

3. 2-րդ պարբերության 2-րդ կետով սահմանված միջոցների ձեռնարկումը կարող է ուղղակիորեն կատարվել նաև Համաձայնագրի այն Կողմի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում կատարվել է խախտումը:

 

4. Համաձայնագրի երկու Կողմերի իրավասու մարմինները, համաձայն իրենց ազգային օրենքների, պետք է իրար տեղեկացնեն ձեռնարկած միջոցների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Տվյալների պաշտպանում

 

Քանի դեռ, համաձայն սույն Համաձայնագրի, անձնական տվյալները ենթակա են փոխանցման` ազգային օրենսդրությանը համապատասխան, հետևյալ կանոնները պետք է կիրառվեն` յուրաքանչյուր Կողմի օրենսդրությանը համապատասխան.

տվյալների օգտագործումը ստացող գործակալության կողմից թույլատրելի է միայն նշված նպատակով օգտագործելու համար և ուղարկող մարմնի կողմից սահմանված պայմաններին համապատասխան.

ստացող գործակալությունը պահանջի դեպքում տեղեկացնում է ուղարկող մարմնին տվյալների օգտագործման և ստացված արդյունքների մասին.

անձնական տվյալները կարող են ուղարկվել միայն իրավասու մարմիններին: Այլ մարմիններին տվյալի փոխանցման դեպքում ուղարկող մարմինը նախապես պետք է այն հաստատի.

Փոխանցող գործակալությունը պետք է երաշխավորի ուղարկվող տվյալի ճշգրիտ լինելը, փոխանցման անհրաժեշտությունը, և որ` այն համապատասխանի կիրառման նպատակին: Այս համատեքստում Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմի` այս կարգի տվյալների փոխանցման արգելումը պետք է լինի օրենքին համապատասխան: Տվյալը ենթակա չէ փոխանցման, եթե փոխանցող գործակալությունը վստահ է, որ վերջինիս փոխանցման դեպքում կարող են խախտվել ազգային օրենքը կամ ոտնահարվել առնչվող անձանց օրինական շահերը: Եթե պարզվում է, որ սխալ կամ չթույլատրված տվյալ է փոխանցվել, ստացող գործակալությունն այդ մասին տեղեկացվում է անմիջապես: Վերջինս պարտավոր է տվյալները ճշտել և ոչնչացնել.

առնչվող անձը, իր դիմումի համաձայն, տեղեկացվում է իր անձնական տվյալների փոխանցման, դրանց օգտագործման մասին: Պարտադիր չէ տրամադրել նշված տեղեկատվությունը, եթե պատշաճ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տեղեկատվության հրապարակումը գերակայություն ունի անհատի շահերի նկատմամբ: Մյուս բոլոր դեպքերում շահագրգիռ անձն իրավունք ունի ձեռք բերելու իրեն առնչվող տվյալները Համաձայնագրի այն Կողմից, որի տարածքում ներկայացվել է տեղեկատվության համար դիմումը` Համաձայնագրի Կողմի ազգային օրենքին համապատասխան.

համաձայն սույն Համաձայնագրի` եթե անձին պատճառվում է անօրինական վնաս` կապված տվյալների փոխանցման հետ, ապա ստացող գործակալությունը պատասխանատվություն է կրում` իր ազգային օրենքին համապատասխան: Կողմի վնաս կրելը չի կարող վիճարկվել առ այն, որ վնասը պատճառվել է փոխանցող գործակալության կողմից.

եթե փոխանցող գործակալության ազգային օրենքը նախատեսում է փոխանցված անձնական տվյալների վերացում որոշակի ժամկետներում, փոխանցող գործակալությունը ստացող գործակալությանը այն տրամադրելիս պետք է նշի այդ ժամկետների մասին: Անկախ ժամանակային սահմանափակումներից` փոխանցված անձնական տվյալները պետք է վերացվեն, եթե դրանք այլևս ենթակա չեն կիրառման.

փոխանցող և ստացող գործակալությունները պարտավոր են պահել անձնական տվյալների փոխանցման և ստացման արձանագրությունները.

փոխանցող և ստացող գործակալությունները պարտավոր են արդյունավետ կերպով պաշտպանել անձնական տվյալները փոփոխելուց, ոչ լիազորված մուտքից և հանրությանը մատչելի դարձնելուց:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Համատեղ հանձնաժողով

 

Համաձայնագրի երկու Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչները պետք է ձևավորեն Համատեղ հանձնաժողով: Անհրաժեշտության դեպքում նա կանցկացնի հանդիպում, որպեսզի երաշխավորի սույն Համաձայնագրի հստակ կատարումը, սույն Համաձայնագրին առնչվող այլ հարցերը, որոնք առնչվում են ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային փոխադրումներին, և պատշաճ կերպով լուծի ծագած հարցերը: Անհրաժեշտության դեպքում Համատեղ հանձնաժողովը կներկայացնի առաջարկներ սույն Համաձայնագիրը լրամշակելու համար` երթևեկության օրենքների և կանոնակարգերի փոփոխման դեպքում: Նա կարող է դիմել այլ մարմինների փորձագետներին` մասնակցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Իրավասու մարմիններին առնչվող երկկողմ տեղեկատվություն

 

Համաձայնագրի Կողմերը պետք է տեղեկացնեն իրար սույն Համաձայնագրի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածներում նշված իրավասու մարմինների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Հարաբերությունն այլ միջազգային պայմանագրերի հետ

 

Սույն Համաձայնագիրը չպետք է ազդի Կողմերի այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքների և պարտականությունների վրա` ներառյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարտավորվածությունները, որոնք բխում են Եվրամիությանն անդամակցությունից:

 

Մաս 5

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ՈՒժի մեջ մտնելը, ուժի մեջ գտնվելու ժամկետը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության ծանուցումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության ստանալու օրվանից մեկ ամիս հետո: Ծանուցման մուտքագրման օրը համարել մեկամսյա ժամկետի սկիզբը:

 

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի մյուս Կողմի` Համաձայնագիրը դադարեցնելու մասին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Գրանցում

 

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն Կողմը, որի տարածքում ստորագրվել է սույն Համաձայնագիրը, այն գրանցման է ներկայացնում ՄԱԿ-ի քարտուղարություն` ՄԱԿ-ի կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան: Համաձայնագրի մյուս Կողմը կտեղեկացվի գրանցման և ՄԱԿ-ի գրանցման համարի մասին այն ՄԱԿ-ի քարտուղարության կողմից հաստատվելուց հետո:

 

Կատարված է հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Լեյպցիգ 26.05.2011թ.

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. ապրիլի 20-ին

 

 

pin
26.02.2011
Միջազգային պայմանագիր