Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` հայկական կողմ, և Ավստրիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` ավստրիական կողմ,

նպատակ ունենալով ամրապնդելու բարեկամական կապերը երկու երկրների միջև,

ցանկանալով ամրապնդել այս հարաբերությունները` զարգացնելով, ընդլայնելով և խորացնելով զարգացմանն ուղղված իրենց համագործակցությունը,

նպատակ հետապնդելով աջակցելու տնտեսական աճին և կայուն, սոցիալապես անաչառ զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներին, որոնք Հայաստանին անհրաժեշտ են աստիճանաբար ինտեգրվելու համար ԵՄ-ի կառույցներին,

նպատակ ունենալով աջակցելու Զարգացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ 2002 թվականի ակտում նշված` Ավստրիական զարգացման համագործակցության հիմնական նպատակներին, որոնք են աղքատության կրճատումը, խաղաղության և մարդկանց անվտանգության ապահովումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը,

վերահաստատելով իրենց հանձնառությունը` նպաստել եվրոպական արժեքներին և չափանիշներին, այդ թվում` ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքին, ինչպես նաև շուկայական տնտեսության սկզբունքներին,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Համաձայնագրի գործողության ոլորտը

 

Սույն Համաձայնագիրը սահմանում է Ավստրիայի և Հայաստանի միջև զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական պայմանները, որը ֆինանսավորվելու է դրամաշնորհային հիմունքներով և դիտարկվելու է որպես Զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցության նպատակները և սկզբունքները

 

1. Կողմերն իրենց համապատասխան ներպետական օրենսդրության շրջանակներում աջակցում են զարգացմանն ուղղված համագործակցության ընդհանուր ծրագրերին և նախագծերին:

2. Կողմերն իրենց համագործակցության հիմքում ընդունում են օժանդակության արդյունավետության մասին Փարիզյան հռչակագրի ներքո ստանձնած պարտավորությունները և միջոցներ են ձեռնարկում` իրականացնելու սեփականության, համապատասխանեցման, ներդաշնակության, արդյունքների կառավարման և փոխադարձ պատասխանատվության սկզբունքները:

3. Կողմերը ջանում են մոբիլիզացնել առավելագույն ռեսուրսներ սույն Համաձայնագրի նպատակով ընդհանուր ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման համար: Որպես սկզբունք` երկու երկրների գործընկերները պետք է սեփական ռեսուրսներ ներդնեն յուրաքանչյուր ծրագրի և նախագծի իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցության ձևերը

 

Զարգացմանն ուղղված համագործակցությունը կարող է կրել տեխնիկական կամ ֆինանսական համագործակցության, մարդասիրական կամ արտակարգ իրավիճակում օժանդակության ձև: Այն կարող է իրականացվել կա՛մ միայն երկկողմ հիմունքներով, կա՛մ այլ դոնոր և (կամ) բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Լիազորությունների վերապահումը, քաղաքական երկխոսությունը

 

Կողմերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում` հաստատելու համագործակցության ընդհանուր առաջնահերթությունները և սկզբունքները, տրամադրելու զարգացմանն ուղղված հետագա ծրագրերի և նախագծերի ուղեցույց` քաղաքական երկխոսության մեջ մտնելու և ծրագրի առաջընթացը գնահատելու համար: Յուրաքանչյուր հանդիպման արդյունքները արձանագրվում և ստորագրվում են Կողմերի ներկայացուցիչների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Մաքսերից և հարկերից ազատման ընդհանուր դրույթները

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում նախագծերի իրականացումը հեշտացնելու համար հայկական կողմը`

ա) ազատում է հարկերից, մաքսերից, տուրքերից և այլ գանձումներից բոլոր ապրանքները, ներառյալ սարքավորումները և նյութերը, աշխատանքները և ծառայությունները, որոնք տրամադրվել կամ ֆինանսավորվել են Ավստրիայի կողմից դրամաշնորհային հիմունքներով.

բ) տրամադրում է բոլոր թույլտվությունները, լիազորությունները, լիցենզիաները, հաստատումները կամ այլ նմանատիպ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են նախագծերի իրականացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ներմուծման (ներառյալ ժամանակավոր ներմուծումը) և վերաարտահանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Օտարերկրյա հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների

և ընկերությունների համար պայմանները

 

Երբ օտարերկրյա հաստատությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, ընկերությունները և, Հայաստանից բացի, այլ երկրների իրավաբանական անձինք զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակներում Հայաստանում գործունեություն ծավալելու համար ավստրիական կողմի հետ պայմանագիր են կնքում, Հայաստանի տարածքում կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) այդպիսի իրավաբանական անձինք պատասխանատվություն չեն կրում իրենց վերջնական աշխատանքի իրականացման ժամանակ ձախողման համար, եթե այն տեղի է ունեցել ավստրիական կողմից տրամադրված անվտանգության ցուցումների և առաջարկությունների պատճառով.

բ) նրանք իրավունք ունեն ստանալու ԱԱՀ և նմանատիպ այլ հարկերի դիմաց փոխհատուցում` համաձայն ներպետական օրենսդրության.

գ) նրանք ազատվում են անհատական եկամտահարկից և Ավստրիայի կամ սույն Համաձայնագրով կարգավորվող պայմանագրի ներքո ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ մատակարարելու պատասխանատվություն ստանձնած գործատուի` ուղղակիորեն կամ որպես ենթամատակարար, կողմից վճարված վարձատրության նկատմամբ կիրառվող այլ ուղղակի հարկից.

դ) նրանք իրավունք ունեն, առանց մաքսատուրքի և նման այլ գանձումների, ներմուծելու և վերաարտահանելու մասնագիտական սարքավորումներ և ապրանքներ, որոնց կարիքը նրանք ունեն` իրենց ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար, կամ վաճառելու նման սարքավորումներ Հայաստանի տարածքում` վճարելով մաքսատուրքեր և կատարելով նմանատիպ այլ վճարումներ, եթե այլևս կարիք չկա տրամադրելու տվյալ ծառայությունները.

ե) նրանք իրավունք ունեն բացելու ոչ ռեզիդենտային բանկային հաշիվներ և օգտագործելու դրանք` իրենց ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար: Հաշվի արդյունավետ օգտագործմանը չպետք է խոչընդոտ հանդիսանան արտարժույթի վերահսկումները կամ Հայաստանի կողմից կիրառվող վճարները, և պետք է հնարավոր լինի այս ոչ ռեզիդենտային հաշիվների մնացորդները ազատորեն փոխարկելու ցանկացած արժույթի:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Օտարերկրյա անձնակազմի համար պայմանները

 

1. Հետևյալ պայմանները տարածվում են Հայաստանում ոչ մշտական ռեզիդենտ չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր`

ա) աշխատանքներ են իրականացնում Հայաստանում Ավստրիայի կողմից ֆինանսավորվող` զարգացմանն ուղղված համագործակցության ծրագրերի (նախագծերի) շրջանակներում` պայմանով, որ նրանք կամ նրանց գործատուն պայմանագիր ունեն Ավստրիայի հետ.

բ) վերոնշյալ ա պարբերության մեջ թվարկված անձանց ամուսիններն են, նրանց հետ համատեղ բնակվողներ կամ խնամարկյալներ:

2. Տվյալ անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենքները, եթե երկու Կողմերի միջև այլ բան համաձայնեցված չէ սույն կամ այլ համաձայնագրով:

3. Հայկական կողմը տվյալ անձանց ապահովում է հետևյալով.

ա) վիզայի անհապաղ թույլտվություն և բազմակի մուտքի ու ելքի վիզաների անվճար տրամադրում գործունեության ամբողջ ընթացքում.

բ) ազատ տեղաշարժ երկրի ներսում, ինչպես նաև ծրագրի (նախագծի) իրականացման ամբողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, երկիր մուտք գործելու և այնտեղից հեռանալու իրավունք.

գ) բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու լիցենզիաները, ինչպես, օրինակ, բնակության թույլտվություն, աշխատանքի թույլտվություն, հետազոտություններ կատարելու և մասնագիտական թույլտվություններ, ինչպես նաև ներգաղթի սահմանափակումից ազատում և օտարերկրացիների գրանցում սույն Համաձայնագրով սահմանված ժամանակահատվածում.

դ) ազատում անհատական եկամտահարկից և Ավստրիայի կամ Հայաստանի հետ կնքված պայմանագրի ներքո ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ մատակարարելու պատասխանատվություն ստանձնած գործատուի` ուղղակիորեն կամ որպես ենթամատակարար, կողմից վճարված վարձատրության նկատմամբ կիրառվող այլ ուղղակի հարկից.

ե) համարժեք հայրենադարձման հնարավորություններ ազգային կամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ինչպես տրամադրվում է դիվանագիտական առաքելության անդամներին.

զ) ներմուծելու և վերաարտահանելու, առանց մաքսատուրքի և նման այլ գանձումների, մասնագիտական սարքավորումներ և ապրանքներ, որոնց կարիքը անձնակազմն ունի` իր ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար:

4. Ավելի քան վեց ամիս տևողությամբ աշխատող անձնակազմը երաշխավորվում է հետևյալում.

ա) անձնական կարիքների համար ոչ ռեզիդենտային բանկային հաշիվ Հայաստանում բացելու և օգտագործելու իրավունք. նման հաշիվները չպետք է ենթարկվեն արտարժույթի որևէ վերահսկման կամ Հայաստանի կողմից կիրառվող վճարների, և մնացորդները պետք է ազատորեն փոխարկելի լինեն ցանկացած արժույթի.

բ) ազատում ներմուծման և արտահանման հարկերից, մաքսավճարներից և այլ տուրքերից, վճարներից և ցանկացած այլ նմանատիպ գանձումից, այդ թվում` ԱԱՀ-ից, անձնական և ընտանիքի օգտագործման համար իրերի` ներառյալ, բայց չսահմանափակված կենցաղային տեխնիկայի, անձնական օգտագործման և փոխադրամիջոցների նկատմամբ: Այս կերպով ներմուծված իրերը կարող են վաճառվել այլ անձանց, ովքեր իրենք էլ ազատված են հարկերից: Եթե այս կերպով ներմուծված իրերը այլ կերպ են տնօրինվում, ապա համապատասխան հարկումները և (կամ) վճարումները պետք է կատարվեն դրանց մասով:

5. Հայաստանը կարող է դիմել` Ավստրիայի կողմից նշանակված անձնակազմի ցանկացած անդամի հետ կանչելու կամ փոխարինելու համար, ում աշխատանքը կամ վարքագիծը համարվում է անբավարար: Ավստրիան կարող է հետ կանչել անձնակազմի ցանկացած անդամի:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Իրականացումը

 

1. Ավստրիական կողմից` Ավստրիական զարգացման գործակալությունը պատասխանատվություն է կրում Ավստրիայի Կառավարության Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Ավստրիական զարգացման բնագավառում համագործակցության ծրագրի իրականացման համար: Հայկական կողմից` նախագծերի իրականացման համակարգումը վերապահված է ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ Կառավարության անունից: Նախագծերի համակարգումը կիրականացվի Թբիլիսիում Ավստրիական զարգացման համագործակցության ներկայացուցչի կողմից: Կողմերը կանոնավոր կերպով միմյանց տեղեկացնում են սույն Համաձայնագրի ներքո նախագծերի իրականացման առաջընթացի մասին:

2. Սույն Համաձայնագրի գործողության ոլորտում ներառված յուրաքանչյուր նախագծի համար կնքվում է կոնկրետ պայմանագիր կոնկրետ գործընկերների միջև` մանրամասնորեն սահմանելով նախագիծն իրականացնող յուրաքանչյուր գործընկերոջ իրավունքները և պարտականությունները:

3. Ծառայությունների, ապրանքների և այլ աշխատանքների գնումների կիրառելի կանոնները և ընթացակարգերը սահմանվում են սույն Համաձայնագրի ներքո ծրագրերը (նախագծերը) կարգավորող պայմանագրերում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին դրույթները

 

Կողմերը ունեն ընդհանուր շահեր կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. կոռուպցիան վտանգում է զարգացման համար անհրաժեշտ արդյունավետ կառավարումը և ռեսուրսների պատշաճ օգտագործումը, ինչպես նաև վտանգում է գնի և որակի վրա հիմնված`արդար և բաց մրցակցությունը: Հետևաբար Կողմերը հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ իրենց ջանքերը միավորելու մտադրության մասին և մասնավորապես հայտարարում են, որ ոչ մի առաջարկ, նվեր, վճարում, որևէ տիպի փոխհատուցում կամ նպաստ, որը հանդիսանում է ապօրինի գործողություն կամ կոռուպցիոն գործելակերպ, չի եղել կամ չի լինի ուղղակի կամ անուղղակի խրախուսանք կամ պարգևատրում սույն Համաձայնագրի կատարման համար: Նմանատիպ ցանկացած գործողություն բավարար հիմք է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու կամ կիրառելի իրավունքով նախատեսված որևէ այլ ուղղիչ միջոց ձեռնարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Փոփոխությունները

 

1. Սույն Համաձայնագրում ցանկացած փոփոխություն կատարվում է գրավոր: Յուրաքանչյուր նմանատիպ փոփոխություն ուժի մեջ է մտնում 11-րդ հոդվածում ամրագրված ընթացակարգին համապատասխան:

2. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ լուծվում է բարեկամաբար` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՈՒժի մեջ մտնելը, դադարեցնելը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է այն ամսվան, երբ Կողմերը միմյանց տեղեկացնում են իրենց համապատասխան երկրներում բոլոր ներպետական ընթացակարգերի լիարժեք կատարման մասին:

2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ գրավոր դադարեցնել Համաձայնագրի գործողությունը: Դադարեցումն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով ծանուցելուց հետո` երրորդ ամսվա առաջին օրը: Դադարեցումը չի ազդում դադարեցման մասին ծանուցումն ստանալու ընթացքում իրականացվող ծրագրերի և նախագծերի վրա:

 

Կատարված է Երևան քաղաքում 2012 թվականի հունիսի 26-ին, երկու բնօրինակով` անգլերենով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. ապրիլի 1-ին

 

 

pin
26.06.2012
Միջազգային պայմանագիր