Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լիբանանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմերը,

 

ղեկավարվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ընդհանուր ցանկությամբ,

 

Կողմերի ինքնիշխանության, հավասարության, ընդհանուր շահերի, փոխադարձության նկատմամբ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան,

 

ցանկանալով դյուրացնել դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց ճամփորդության ընթացակարգերը Լիբանանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերից որևէ մեկի պետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական վավեր անձնագրեր, ազատվում են վիզայի պահանջներից մյուս Կողմի տարածք մուտք գործելու, այդ տարածքից դուրս գալու և այդ տարածքով անցնելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձինք կարող են առանց վիզայի գտնվել մյուս Կողմի տարածքում մուտք գործելու ամսաթվից հարյուր ութսուն (180) օրը մեկ տարվա ընթացքում չգերազանցող ժամանակահատվածով: Գտնվելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մյուս Կողմի իրավասու մարմինների կողմից` ուղարկող Կողմի դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի գրավոր խնդրանքի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերից որևէ մեկի պետության այն քաղաքացիները, ովքեր նշանակված են մյուս Կողմի պետության տարածքում` տվյալ Կողմի դիվանագիտական առաքելությունում կամ հյուպատոսական հիմնարկում, և ովքեր ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր, իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում ազատվում են վիզայի պահանջներից:

2. Վիզայի պահանջներից ազատումը կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց ուղեկցող ամուսնու, ծնողների և երեխաների նկատմամբ` պայմանով, որ նրանք կունենան ուղարկող Կողմի դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Այն անձինք, ում նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, պետք է հարգեն ընդունող պետության օրենքներն ու կանոնակարգերը և պահպանեն օտարերկրյա քաղաքացիների` մուտքի, ելքի, գտնվելու և տարանցման ընթացակարգերը կարգավորող գործող օրենսդրությունը` առանց ազդելու «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն տրված արտոնությունների ու անձեռնմխելիության վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող ցանկացած այն անձի մուտքը իր տարածք կամ դադարեցնելու իր տարածքում նրա գտնվելու թույլտվությունը, ում կարող է անցանկալի համարել: Նման մերժման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:

2. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում սահմանելու ժամանակավոր սահմանափակման միջոցներ կամ կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ` ելնելով հանրային կարգի, անվտանգության կամ առողջության պահպանման նկատառումներից: Նշված սահմանափակումների կամ կասեցումների կամ դրանք վերացնելու մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական վավեր անձնագրերի նմուշները նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը:

2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագրերում ցանկացած փոփոխության մասին դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ցանկացած անհամաձայնություն կամ վեճ, որն առաջանում է սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանումից կամ կիրարկումից, կարգավորվում է Կողմերի միջև` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգերով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցում են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար պահանջվող համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու ամսաթվից և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով ուղարկված գրավոր ծանուցման միջոցով: Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը մյուս Կողմի ստանալու ամսաթվից իննսուն (90) օր հետո:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում, 2012 թվականի նոյեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` արաբերեն, հայերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում, գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 21-ին

 

 

pin
26.11.2012
Միջազգային պայմանագիր