Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ...

 

 

i

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Եվրոպայի խորհուրդը (այսուհետ` Կողմեր),

հաշվի առնելով Նախարարների կոմիտեի կողմից 2010 թվականի հուլիսի

7-ին ընդունված` «Եվրոպայի խորհրդի գրասենյակների կարգավիճակի մասին»
CM/Res (2010)5 որոշումը,
հաշվի առնելով 1949 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզում կնքված` «Եվրոպայի
խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» գլխավոր
համաձայնագիրը (այսուհետ` ԱԱԳՀ), որի Կողմ է հանդիսանում Հայաստանի
Հանրապետությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնումը և դրա նպատակները

 

1.1. Սույնով հիմնվում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը (այսուհետ` Գրասենյակ)` որպես Կողմերի միջև համագործակցության նոր ինստիտուցիոնալ ձև:

1.2. Գրասենյակի հիմնական նպատակներն են`

ա) ներկայացնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հայաստանի Հանրապետության իշխանությունների (այսուհետ` ազգային իշխանություններ) հետ հարաբերություններում,

բ) նպաստել և աջակցել ազգային իշխանությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարմինների քաղաքականությանը և գործունեությանը` կապված Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ,

գ) տրամադրել խորհրդատվություն, աջակցել ազգային իշխանություններին Եվրոպայի խորհրդի համագործակցության թիրախային միջոցառումների պլանավորման, բանակցման և ժամանակին կատարման հարցում` ներառյալ Եվրոպական միության և այլ դոնորների հետ համատեղ ծրագրերը,

դ) նպաստել, ազգային իշխանությունների հետ համատեղ, կարողությունների հզորացման համար կարիքների բացահայտմանը,

ե) կոնկրետ ծրագրերի համար իրականացնել ֆինանսական միջոցների ներգրավման աշխատանքներ,

զ) համակարգել իր գործունեությունը երկրում այլ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների (ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի), ինչպես նաև երկրում ակտիվ գործունեություն իրականացնող այլ միջազգային և տեղական գործընկերների հետ,

է) իրականացնել նախաձեռնողական լրատվական քաղաքականություն, որպեսզի հասարակության լայն շրջանում բարձրացվի կազմակերպության, նրա արժեքների և գործունեության տեսանելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Գրասենյակի իրավական կարգավիճակը

 

2.1. Որպես Եվրոպայի խորհրդի հաստատություն` Գրասենյակն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և իրավասու է կնքելու պայմանագրեր, ձեռք բերելու և տնօրինելու շարժական գույք, հարուցելու իրավական վարույթներ, բացելու և տնօրինելու բանկային հաշիվներ ազգային արժույթով և արտարժույթով:

2.2. ԱԱԳՀ-ի 2-8-րդ և 21-րդ հոդվածները mutatis mutandis տարածվում են Գրասենյակի վրա:

2.3. Գրասենյակին թույլատրվում է Եվրոպայի խորհրդի տարբերանշանները փակցնել Գրասենյակի կողմից օգտագործվող շինությունների և տրանսպորտային միջոցների վրա:

2.4. Գրասենյակը կարող է օգտագործել հաղորդակցման ուղիներ, միջոցներ և ծառայություններ, որոնք պահանջվում են իր հաղորդակցման լիակատար ապահովման համար: Գրասենյակը կարող է, Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, Գրասենյակի գործունեության համար օգտագործել էլեկտրոնային-մագնիսական սպեկտորը և պարտավորվում է, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ համագործակցելով, ձեռք բերել լիցենզիաներ: Գրասենյակն իրավունք չունի օգտագործելու հեռարձակման հաճախականություններ:

2.5. Գրասենյակի ավտոմեքենաներն ունեն դիվանագիտական համարանիշեր և համապատասխան` երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրություն:

2.6. Գրասենյակում պայմանագրային հիմունքներով աշխատող` ծառայություններ մատուցողները և խորհրդատուները ենթարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին:

2.7. Գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի ընդհանուր բյուջեի հատկացումներից և, ըստ անհրաժեշտության, համագործակցության ծրագրեր իրականացնելու համար հատկացվող արտաբյուջետային միջոցներից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Գրասենյակի պաշտոնատար անձինք

 

3.1. Գրասենյակում աշխատում են Եվրոպայի խորհրդի պաշտոնատար անձինք (այսուհետ` Գրասենյակի պաշտոնատար անձինք), որոնք ներառված են հետևյալ կատեգորիաներում` Եվրոպայի խորհրդի աշխատակազմի անդամներ, որոնք աշխատանքի են ընդունվում Եվրոպայի խորհրդի Աշխատակազմի կանոնակարգի և Կանոնների համաձայն` ներառյալ տեղական անձնակազմը, ինչպես նաև` պաշտոնատար անձինք, ովքեր գործուղվել են Եվրոպայի խորհուրդ կիրառելի կանոնների համաձայն:

3.2. Եվրոպայի խորհուրդը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Երևանի Գրասենյակի իր պաշտոնատար անձանց անունների, գործառույթների և կատեգորիաների մասին:

3.3. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշանակում է Գրասենյակի ղեկավարին, որի առաջարկվող թեկնածության մասին նախապես գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

3.4. ԱԱԳՀ-ի 18-րդ հոդվածը կիրառվում է գրասենյակի պաշտոնատար անձանց նկատմամբ` բացառությամբ տեղական անձնակազմի:

3.5. Տեղական անձնակազմի մեջ մտնող` Գրասենյակի պաշտոնատար անձինք օգտվում են ԱԱԳՀ-ի 18-րդ հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից:

3.6. Ի լրումն ԱԱԳՀ-ում պարունակվող դրույթների` Գրասենյակի պաշտոնատար անձանց վրա չեն տարածվում սոցիալական ապահովությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքները` պայմանով, որ այդ պաշտոնատար անձինք ընդգրկված են Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող սոցիալական ապահովության համակարգում:

3.7. ԱԱԳՀ-ի 18-րդ հոդվածի «բ» կետի սահմանված բացառությունը չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության համակարգում կամավոր մասնակցությանը` պայմանով, որ այդ մասնակցությունը թույլատրված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3.8. Արտոնություններն ու անձեռնմխելիությունները պաշտոնատար անձանց տրվում են Եվրոպայի խորհրդի, այլ ոչ թե նրանց անձնական շահերից ելնելով: Գլխավոր քարտուղարն իրավունք ունի և պարտավոր է զրկելու որևէ պաշտոնատար անձի անձեռնմխելիությունից ցանկացած դեպքում, երբ, իր կարծիքով, այդ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և այդ անձեռնմխելիությունից հնարավոր է զրկել առանց Եվրոպայի խորհրդի շահերին վնաս պատճառելու:

3.9. Գրասենյակի պաշտոնատար անձինք պետք է հարգեն Հայաստանի Հանրապետության օրենքները և չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են Գրասենյակի մանդատի և գործառույթների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Եզրափակիչ դրույթներ

 

5.1. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Կառավարության` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման օրվանից:

5.2. Սույն Փոխըմբռնման հուշագիրը կարող է փոփոխվել Կողմերի համաձայնությամբ: Այդպիսի փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով և կազմում են սույն Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը:

5.3. Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մնում երեք տարի` ուժի մեջ մտնելու օրվանից: Այդ ժամանակահատվածի ավարտից հետո սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկական տարով, քանի դեռ Կողմերից մեկը մյուս Կողմին չի տեղեկացնում դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին համապատասխան ժամանակահատվածի ավարտից վեց ամիս առաջ:

5.4. Սույն Փոխըմբռնման հուշագիրը փոխարինում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև 2002 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրված` «Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրին, 2002 թվականի դեկտեմբերի 11-ի և 2003 թվականի հուլիսի 24-ի նամակների փոխանակման տեսքով կնքված` Երևանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ համաձայնությանը: Գրասենյակը փոխարինում է Երևանում գործող Եվրոպայի խորհրդի տեղեկատվական Գրասենյակին և հաջորդում է վերջինիս` ակտիվների և փաստաթղթերի մասով:

 

Կատարված է Երևանում, 2013 թվականի ապրիլի 17-ին, երկու բնօրինակով` հայերենով և անգլերենով, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի 3-ին

 

 

pin
17.04.2013
Միջազգային պայմանագիր