Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, հաշվի առնելով իրենց միջև ավտոտրանսպորտային հաղորդակցություն հաստատելու և այն զարգացնելու անհրաժեշտությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Կիրառման ոլորտը

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև, իրենց տարածքներով անցնող, ինչպես նաև երրորդ երկրի տարածքի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև ու հետադարձ ուղղությամբ միջազգային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ` Պայմանավորվող կողմերից մեկում գրանցված փոխադրամիջոցներով:

2. Պայմանավորող կողմերից մեկի օպերատորները իրավունք չունեն մյուս Պայմանավորող կողմի տարածքում գտնվող երկու կետերի միջև իրականացնելու ուղևորների կամ բեռների փոխադրումներ, եթե նրանք ձեռք չբերեն կաբոտաժային փոխադրման թույլատրություն` համաձայն այդ մյուս Պայմանավորող կողմի ներքին կանոնակարգերի:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներով`

1. «Օպերատոր» նշանակում է ցանկացած ֆիզիկական, ցանկացած իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող առևտրային գործընկերություն, որը գտնվում է կամ որի նստավայրը Լեհաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում է` իրականացնելով միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ` համաձայն այդ պետության ներքին կանոնակարգերի:

2. «Փոխադրամիջոց» նշանակում է շարժիչային փոխադրամիջոց, որը գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և իր կառուցվածքով նախատեսված է ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս տերմինը վերաբերում է նաև փոխադրամիջոցների համակցությանը, երբ շարժիչային փոխադրամիջոցի կազմում ընդգրկված է կիսակցորդ կամ կցորդ:

3. «Ավտոբուս» նշանակում է շարժիչային փոխադրամիջոց, որն իր կառուցվածքով հարմար է իննից ավելի ուղևորների փոխադրման համար` ներառյալ վարորդը:

4. «Ավտոտրանսպորտային կանոնավոր ուղևորափոխադրում» նշանակում է սահմանված երթուղիներով ավտոբուսով ուղևորափոխադրում` նախապես հաստատված և հրապարակված չվացուցակին և սակագներին համապատասխան:

5. «Ճոճանակային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրում» նշանակում է ուղևորների կազմակերպված խմբերի` մեկ մեկնման կետից դեպի մեկ նպատակակետ և հետադարձ ուղղությամբ կատարվող կրկնվող ուղևորություններ` պայմանով, որ պահպանվել են հետևյալ լրացուցիչ պայմանները`

ա) դեպի դուրս մեկնող ուղևորների յուրաքանչյուր խումբ հետ է փոխադրվում դեպի մեկնման վայր,

բ) ճոճանակային փոխադրումների ընթացքում առաջին հետադարձ ուղևորությունը և վերջին դեպի դուրս ուղևորությունը կատարվում են չբեռնված փոխադրամիջոցներով:

Մեկնման վայր և նպատակակետ համապատասխանաբար նշանակում են այն վայրերը, որտեղից սկսվում կամ որտեղ ավարտվում է ուղևորությունը, ինչպես նաև այդ վայրերի շրջակա 50 կմ շառավղում ընդգրկված տարածքը:

6. «Ոչ կանոնավոր ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներ» նշանակում է 4-րդ և 5-րդ կետերով սահմանված փոխադրումից տարբերվող այլ փոխադրում:

 

ՈՒղևորափոխադրումները

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Ավտոբուսով կատարվող կանոնավոր, ճոճանակային և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացվում են թույլտվությունների համակարգով` բացառությամբ 4-րդ հոդվածում ամրագրված տրանսպորտային ծառայությունների, որոնց համար թույլտվություններ չեն պահանջվում:

2. Կանոնավոր ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների համար թույլտվությունները տրամադրվում են, փոխադարձ համաձայնությամբ, Պայմանավորող կողմերի իրավասու մարմինների կողմից իրենց պետության տարածքում իրականացվող փոխադրումների որևէ հատվածի համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ավտոբուսով կատարվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ազատված են թույլտվությունների ցանկացած համակարգից, եթե`

1) միևնույն ավտոբուսն օգտագործվում է ուղևորների միևնույն խմբին ամբողջ ուղևորության ընթացքում տեղափոխելու և մեկնման վայր վերադարձնելու համար, կամ

2) դեպի դուրս ուղևորությունը կատարվում է բեռնված, իսկ հետադարձ ուղևորությունը` չբեռնված,

3) դեպի նպատակակետ ուղևորությունը կատարվում է չբեռնված, և ուղևորների խումբը, որը նախկինում միևնույն փոխադրողի կողմից վերոնշյալ 2-րդ կետով սահմանված հիմքով փոխադրվել է, նստեցվում է փոխադրամիջոց և վերադարձվում մեկնման վայր:

Ավտոբուսի վարորդը, որն իրականացնում է ճոճանակային կամ ոչ կանոնավոր փոխադրումներ, պետք է ունենա ուղևորների ցուցակը պարունակող փաստաթուղթ` Համատեղ կոմիտեի ամրագրած ձևաչափով:

 

Բեռնափոխադրումները

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Բեռնափոխադրումները իրականացվում են թույլտվությունների համակարգի համաձայն` բացառությամբ 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունում ամրագրված փոխադրումների կատեգորիաների և 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում ամրագրված երթերի կատեգորիաների, որոնք ազատված են ցանկացած թույլտվության պահանջից:

2. Յուրաքանչյուր փոխադրման և յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար պետք է ձեռք բերել համապատասխան անհատական թույլտվություն: Թույլտվությունն իրավունք է տալիս կատարելու դեպի դուրս և հետադարձ ուղղությամբ մեկ երթ: Չբեռնված բեռնատար փոխադրամիջոցների երթերի համար նույնպես պահանջվում են թույլտվություններ` բացառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում ամրագրված երթերի:

3. Այն դեպքում, երբ փոխադրումն իրականացվում է փոխադրամիջոցի համակցություններով, որում շարժիչային փոխադրամիջոցը և կիսակցորդը կամ կցորդը գրանցված են տարբեր պետություններում, ապա սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են փոխադրամիջոցների բոլոր համակցությունների նկատմամբ, եթե շարժիչային փոխադրամիջոցը գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:

4. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները յուրաքանչյուր տարի փոխանակում են համաձայնեցված թվով թույլտվությունների ձևեր:

5. Թույլտվությունները վավերական են մեկ օրացուցային տարի ժամկետով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Թույլտվության պահանջներից ազատված են փոխադրման հետևյալ կատեգորիաները`

1) տեղահանվող գույք,

2) նյութեր և պարագաներ` ներառյալ տոնավաճառների, ցուցահանդեսների կամ ոչ առևտրային միջոցառումների համար նախատեսված արվեստի գործեր,

3) կենդանի կենդանիներ,

4) տրանսպորտային միջոցներ, խոշոր եղջերավոր անասուններ, սարքավորումներ, սպորտային միջոցառումների համար նախատեսված պարագաներ և գույք,

5) թատերական դեկորացիաներ և հավաքածուներ, երաժշտական գործիքներ, միայն հասարակական և տեղեկատվական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև ռադիոձայնագրությունների, կամ կինո կամ հեռուստատեսային արտադրանքի կամ կրկեսային ներկայացումների համար նախատեսված նյութեր և պարագաներ,

6) աճյուններ, դիակներ կամ մոխիրներ,

7) մարդասիրական, բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների վերացման նպատակներով փոխադրումներ,

8) 3.5 տոննան չգերազանցող օգտակար բեռնվածությամբ կամ 6 տոննան չգերազանցող ընդհանուր բեռնվածությամբ փոխադրամիջոցներով կատարվող փոխադրումներ:

2. Թույլտվության պահանջից ազատված են երթերի հետևյալ կատեգորիաները`

1) Պայմանավորվող կողմի կամ երրորդ պետության տարածքում բեռնատար փոխադրամիջոցների չբեռնված երթերը, որոնք ուղարկված են փոխարինելու վնասված փոխադրամիջոցին և նման փոխադրամիջոցներից վերբեռնելու ապրանքներ,

2) ճանապարհային օգնության փոխադրամիջոցների երթերը:

3. Համատեղ կոմիտեն կարող է նախաձեռնել 1-ին պարբերությունում ամրագրված փոխադրումների կատեգորիաներից տարբերվող այլ փոխադրումների և 2-րդ պարբերությունում ամրագրված երթերի կատեգորիաներից տարբերվող այլ երթերի` թույլտվության պահանջից ազատումը: Այս ազատումը չի խախտում Պայմանավորվող կողմերի ներքին կանոնակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Եթե ոչ նորմատիվային փոխադրամիջոցով կամ փոխադրամիջոցների համակցություններով իրականացվող փոխադրումները, որոնց

2. ծանրաբեռնվածությունը սռնիների վրա` բեռնվածությամբ կամ առանց դրա, ավելի մեծ է, քան տվյալ ճանապարհի համար նախատեսված սահմանաչափը, կամ չափերը կամ իրական քաշը ավելի մեծ են, քան Պայմանավորվող կողմի տարածքում թույլատրելի սահմանաչափը, ապա փոխադրողը պարտավոր է ձեռք բերել Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից տրամադրվող հատուկ թույլատրություն:

3. 1-ին պարբերությունում նշված հատուկ թույլատրությունը սահմանափակվում է փոխադրամիջոցով իրականացվող որոշակի երթուղով` թույլատրության պայմաններին համապատասխան:

4. 1-ին պարբերությունում նշված հատուկ թույլատրության մասով չի գործում թույլտվություն ձեռք բերելու պահանջը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Առանձին թույլտվություն չի պահանջվում վտանգավոր բեռների փոխադրման համար, որն իրականացվում է ներքին կանոնակարգերի կամ այն միջազգային համաձայնագրերի դրույթների ներքո, որոնց երկու Կողմերը Պայմանավորվող կողմեր են հանդիսանում:

 

Ընդհանուր դրույթները

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրով, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի ներքին կանոնակարգերով պահանջվող թույլտվությունները և մյուս փաստաթղթերը պետք է պահվեն փոխադրամիջոցներում և, պահանջի դեպքում, ներկայացվեն ստուգում իրականացնող մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի պայմաններով կարգավորվող ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները իրականացվում են ներքին կանոնակարգերին համաձայն, որոնք վերաբերում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տուրքերին, հարկերին և ցանկացած այլ գանձումներին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Փոխադրամիջոցները շահագործելու համար պահանջվող սարքավորումները և պաշարները` ներառյալ վառելանյութը, որը պահվում է տվյալ փոխադրամիջոցում արտադրողի կողմից մշտապես տեղադրված ստանդարտ բաքերում, ինչպես նաև քսանյութերը ընդունող Պայմանավորվող կողմի պետության տարածքում, այդ երկրի համապատասխան ներքին կանոնակարգերի համաձայն, ազատվում են ներմուծման բոլոր տուրքերից, հարկերից և այլ գանձումներից` պայմանով, որ դրանք չեն փոխանցվում և (կամ) վաճառվում այդ Պայմանավորվող կողմի տարածքում:

2. Պահեստամասերը, որոնք ժամանակավորապես ներմուծվել են վնասված փոխադրամիջոցի կամ մյուս Պայմանավորող կողմի տարածքում վնասված փոխադրամիջոցի վերանորոգման համար, ազատվում են բոլոր տեսակի ներմուծման տուրքերից, հարկերից և այլ գանձումներից` համաձայն ընդունող Պայմանավորվող կողմի համապատասխան ներքին կանոնակարգերի:

3. Չօգտագործված և փոխարինված պահեստամասերը պետք է հետ արտահանվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Պայմանավորող կողմերի իրավասու մարմինները ստեղծում են Համատեղ կոմիտե, որը կապահովի սույն Համաձայնագրի դրույթների կիրարկումը և կկայացնի որոշումներ ընդհանուր կարգավորում պահանջող խնդիրների շուրջ:

2. Համատեղ կոմիտեի հանդիպումները հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հաջորդաբար Պայմանավորվող կողմերի տարածքներում:

3. Համատեղ կոմիտեն կազմում է սույն Համաձայնագրի Կատարման արձանագրությունը, որտեղ ամրագրվում է`

1) թույլտվությունների տրամադրման կարգը և պայմանները,

2) թույլտվությունների կատեգորիաները, ինչպես նաև դրանց տրամադրման պայմանները և եղանակները,

3) Պայմանավորող կողմերի իրավասու մարմինները, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների կիրարկման համար,

4) սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող այլ հարցեր:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Պայմանավորող կողմի օպերատորի կողմից մյուս Պայմանավորող կողմի տարածքում սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում, այդ մյուս Պայմանավորող կողմի իրավասու մարմիններն այդ մասին տեղեկացնում են Պայմանավորող կողմի համապատասխան իրավասու մարմիններին, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը:

2. Այն Պայմանավորող կողմի իրավասու մարմինները, որի տարածքում կատարվել է խախտումը, կարող են մյուս Պայմանավորող կողմի իրավասու մարմիններից պահանջել`

1) նախազգուշացում կիրառելու խախտումը կատարած օպերատորի նկատմամբ,

2) օպերատորին ժամանակավորապես, մասնակի կամ ամբողջությամբ զրկելու այն Պայմանավորող կողմի տարածքում ավտոտրանսպորտային փոխադրում իրականացնելու լիցենզիայից, որի տարածքում տեղի է ունեցել խախտումը:

3. Պայմանավորող կողմերի իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են սույն հոդվածի 2-րդ պարբերության դրույթների համաձայն ձեռնարկված միջոցների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Պայմանավորող կողմերի օպերատորները, ինչպես նաև այն փոխադրամիջոցի անձնակազմերը, որոնք գործում են մյուս Պայմանավորող կողմի տարածքում, պետք է պահպանեն այդ մյուս Պայմանավորող կողմի ներքին կանոնակարգերը, մասնավորապես` երթևեկության և ավտոտրանսպորտային փոխադրումների վերաբերյալ կանոնակարգերը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Ցանկացած այլ հարց, որը գտնվում է միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների գործողության շրջանակներում, սակայն չի կարգավորվում սույն Համաձայնագրով կամ միջազգային համաձայնագրերով, որոնց Կողմ են հանդիսանում Պայմանավորվող կողմերը, կարգավորվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համապատասխան ներքին կանոնակարգերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորող կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք կատարվում են արձանագրությունների տեսքով: Այդ արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օր հետո:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով ծանուցելով իր մտադրության մասին: Այդ դեպքում, սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

 

Կատարված է Վարշավա քաղաքում 2013 թվականի հունիսի 25-ին երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերենով, լեհերենով և անգլերենով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 30-ին

 

 

pin
25.06.2013
Միջազգային պայմանագիր