Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0511.190514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2014 թվականի N 511-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

2.2.5. Ֆինանսական միջնորդությունը

 

Տնտեսական զարգացման համար էական է ֆինանսական միջնորդության ավելացումը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Ստվերային տնտեսության կրճատումը, ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտան առավել բազմազան դարձնելու և զարգացնելու ֆինանսական գործիքներն ու շուկաները` միաժամանակ ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը:

Առաջնորդվելով այս սկզբունքներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքում`

. ընդլայնվելու է ֆինանսական ծառայությունների շրջանակը, և բարձրացվելու է դրանց հասանելիությունը, ներդրվելու են նոր ֆինանսական գործիքներ, մասնավորապես, էլեկտրոնային բանկային (e-banking) և բջջային բանկային (mobile-banking) ծառայությունների ոլորտում.

. իրականացվելու են իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության էական բարձրացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում` ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների համար սահմանելով առավել բարենպաստ կարգավորման դաշտ.

. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը.

. իրականացվելու են ֆինանսական շուկայում նոր մասնակիցների մուտքի ապահովման աշխատանքներ, որի արդյունքում նոր մասնակիցները հասարակությանը կմատուցեն ոչ միայն նոր ծառայություններ, այլև կստեղծեն նոր աշխատատեղեր.

. խրախուսվելու են վարկային և ապահովագրական կազմակերպությունների դերի հետագա աճը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացումը.

. աշխատանքներ են իրականացվելու մի քանի ուղենշային կազմակերպությունների կողմից բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման և կորպորատիվ պարտատոմսերի թողարկման նպատակով.

. իրականացվելու են միջոցառումներ հիփոթեքային շուկայի զարգացման, հիփոթեքային վարկերի վաճառքից բխող իրավունքների գրանցման գործընթացների պարզեցման և հիփոթեքային վարկերի հասանելիության ավելացման համար:

Այս միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է տարեցտարի բարձրացնել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանը:

 

2.2.6. Քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը

 

Քաղաքաշինության բնագավառի զարգացումը պահանջում է քաղաքաշինական խնդիրների համալիր լուծում:

Այդ առումով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից`

. կբարելավվի քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրը` կառուցապատման թույլտվությունների ստացման ընթացակարգերի օպտիմալացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով.

. կմշակվեն հանրապետության բնակավայրերի (առաջնահերթության կարգով` քաղաքային համայնքների, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների ու զբոսաշրջային կենտրոնների) քաղաքաշինական բնութագրերի բարելավմանը, ազգային ճարտարապետության հոգևոր ու մշակութային ավանդույթների պահպանմանն ու վերարտադրությանն ուղղված զարգացման ծրագրեր.

. կիրականացվի մայրաքաղաքի և, հատկապե՛ս, նրա կենտրոնի կառուցապատման օրենսդրական կանոնակարգումը` ձևավորված ճարտարապետական դիմագծի միասնականությունը, կենսամիջավայրի գեղագիտական հատկանիշների կատարելագործումն ապահովելու նպատակով.

. կմշակվեն պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ` ճարտարապետական համալիրների և առանձին կառույցների իրականացմանն ուղղված ներդրումային նախաձեռնություններ, դրանց կառուցապատման հայեցակարգեր և նախագծեր.

. կմշակվեն և կիրականացվեն տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորմանն ուղղված քաղաքաշինական ծրագրեր` երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռման, տարածաշրջանային զարգացման անհամամասնությունների հաղթահարման, բնակավայրերի կայուն զարգացման, քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության ու կայունության ապահովման նպատակով.

. կմշակվեն նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման միջոցառումներ.

. կմշակվի բազմաբնակարան շենքերի անձնագրավորման միջոցառումների ծրագիր, որի իրականացման արդյունքում կստեղծվի հիմնական տեղեկատվական ու կոնստրուկտիվ բնութագրերի վերաբերյալ հավաքագրված տվյալների միասնական համակարգչային բազա, ինչը թույլ կտա համապատասխան վերլուծությունների արդյունքում խմբավորել առկա խնդիրներն ըստ առաջնահերթության և մշակել շենքերի ու շինությունների պահպանմանը, վերակառուցմանը և անվտանգ շահագործմանը նպատակաուղղված` հիմնավորված ծրագրային առաջարկներ.

. կկարգավորվեն բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման ու շահագործման բնագավառում առկա խնդիրները և կիրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումները, կբարելավվի կոմունալ ծառայությունների որակը.

. կմշակվեն քաղաքաշինության բնագավառում ժամանակակից և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համահունչ տեխնիկական նորմատիվ, ինչպես նաև շինարարության գնագոյացման փաստաթղթերը.

. կխստացվի պայքարն ապօրինի շինարարության դեմ.

. կմշակվի և կներդրվի ոլորտում գործող լիցենզավորված ընկերությունների կողմից իրականացվող շինարարության վերաբերյալ հաշվետվողականության, ինչպես նաև պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործուն համակարգ.

. կավարտվի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում 2008 թվականին մեկնարկած` բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը.

. կիրականացվեն ուսումնասիրություններ հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման վերաբերյալ և արդյունքների հիման վրա կմշակվեն դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկությունները.

. կապահովվի միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում մշակված` թափոնների տեղադրման ժամանակակից աղբավայրերի ստեղծման ծրագրերի իրականացմանը մասնակցությունը:

 

2.2.7. Տարածքային համաչափ զարգացումը

 

Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով`

. պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսվելու են սոցիալ-տնտեսական առումով առանձնահատուկ նշանակություն ունեցող համայնքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը.

. մշակվելու է տարածքային համաչափ զարգացման նոր գործիքակազմ, մասնավորապես, համայնքներում իրականացվող ներդրումների արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվելու է տարածքային զարգացման հիմնադրամ.

. նախաձեռնվելու են արդյունաբերական ձեռնարկությունների կլաստերների ձևավորումը, արդյունաբերական հարթակների ստեղծումը և այդ ուղղությամբ մասնավոր ներդրումային ծրագրերի ուղղորդումն ու խթանումը.

. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը.

. գնահատվելու է մարզերի տնտեսական զարգացման ներուժը և իրականացվելու է զարգացման առավել լայն հեռանկարներ ու հնարավորություններ ունեցող տարածքների բացահայտումը, գնահատված մրցակցային առավելությունների հիման վրա մշակվելու և իրականացվելու են նպատակային զարգացման ծրագրեր.

. առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սահմանամերձ համայնքներին, իրականացվելու են աջակցության նոր նպատակային ծրագրեր:

 

2.2.8. Ենթակառուցվածքները

 

Երկրի մրցունակության բարձրացումը պահանջում է ենթակառուցվածքներում ներդրումների շարունակական իրականացում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակադրում է տնտեսական աճին միտված և պետություն-մասնավոր հատված սերտ գործընկերության վրա հիմնված ենթակառուցվածքների զարգացումը: Արդիական ենթակառուցվածքներ ունենալու նպատակով մեծապես կարևորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների համատարած ներդնումն ու կիրառումը, որոնք էականորեն բարձրացնում են կառավարման արդյունավետությունն ու սպասարկման որակը:

 

2.2.8.1. Էներգետիկան

 

Էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը միտված կլինի հետևյալ միջոցառումների իրականացմանը`

. երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացում.

. օրենսդրական խթանների ձևավորման նախաձեռնում` նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար, վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարում, այդ թվում` առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացում.

. գեոթերմալ էներգետիկայի ներդրման ու զարգացման միջոցառումների մշակում և իրականացում.

. էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքականության վարում.

. էներգահամակարգի հետևողականորեն վերազինում` բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը.

. Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցում, որը Հայաստանի Հանրապետությունից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի.

. Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքների իրականացում, որի կառուցապատման մեկնարկը կլինի 2018 թվականին.

. շարունակական աշխատանքների իրականացում` Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ.

. էլեկտրամատակարարման շղթայում կորուստների` ըստ տեղամասերի հաշվառման համակարգի ներդրում:

 

2.2.8.2. Ջրամատակարարումը

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է բնակչությանը կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարման, ջրի որակի ապահովման, շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովման, համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացման, տրամադրվող պետական օժանդակության քաղաքականության իրականացումը, ինչպես նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի կոյուղացման համակարգի վերակառուցումը և հեռացվող կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`

. հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովում, գյուղական բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման սպասարկման ընդգրկվածության ավելացում, ծառայությունների որակի բարձրացում.

. կենտրոնացված կարգով ծառայություններից չօգտվող համայնքներում ուսումնասիրությունների իրականացում և ներդրումային ծրագրերի նախապատրաստում.

. բնակավայրերում ջրամատակարարման և ոռոգման ներդրումային ծրագրերի իրականացում.

. կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ռազմավարության մշակում.

. ջրամատակարարման ոլորտում կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմամբ ունիվերսալ սակագնային քաղաքականության ներդրում.

. նոր ջրամբարների (Կապսի, Եղվարդի, Վեդու և Մաստարայի) շինարարական աշխատանքների մեկնարկմամբ ջրային ռեսուրսների կուտակման և ամբարման նախադրյալների ստեղծում, ինչպես նաև սակավաջրության հիմնահարցի լուծման միջոցառումների իրականացում.

. նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ջրի խնայողական ռեժիմով օգտագործման խթանում, այդ թվում` կաթիլային և անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի ներդրման խթանում.

. 2017 թվականին ավարտել Արփա-Սևան թունելի առանձին վթարված հատվածների վերականգնման ծրագիրը.

. առկա ենթակառուցվածքների արդիականացում, առանցքային հիդրոտեխնիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և ամրապնդման աշխատանքների իրականացում, ինքնահոս համակարգերի, հեռացնող ջրանցքների և ջրատարների կառուցում ու վերականգնում` ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով.

. համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործում ու պահպանում.

. ոռոգման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացում, մասնակցային կառավարման ամրապնդում, ջրօգտագործողների հետ առավելագույնս թափանցիկ և նոր որակի հարաբերությունների ներդրում:

 

2.2.8.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները

 

Տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը դիտարկվում է որպես անհրաժեշտ պայման` երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման և մրցունակության համար:

Առաջնահերթություն կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հատվածներում իրականացվող ներդրումներին:

Այսպես`

. կշարունակվի, միջազգային չափանիշներին համապատասխան, «Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կունենա տարածաշրջանային նշանակություն` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հարավային հատվածի տրանսպորտային սխեմաների լուծումներին.

. պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում կմշակվեն «Հարավային երկաթուղի» նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը.

. շարունակական ջանքեր կգործադրվեն դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ,

. կավելացվի Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարության ծավալը, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպը.

. կշարունակվեն ճանապարհային տնտեսության ակտիվների կառավարման կատարելագործումը, կարողությունների զարգացումը, հաշվետվողականության և մոնիթորինգի (աուդիտի) համակարգի ներդրումը.

. կավելացվի միջպետական, հանրապետական և տեղական նշանակության (այդ թվում` գյուղական համայնքներն սպասարկող) ավտոճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների պահպանման ու հիմնանորոգման նպատակով հատկացվող պետական ներդրումների ծավալը.

. կնորացվի և կարդիականացվի հասարակական տրանսպորտը: Խթանվելու է միջպետական, միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգի վերափոխումը, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում` նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար.

. կիրականացվի առավել ազատականացված «բաց երկնքի» քաղաքականություն` ծառայությունների որակի բարձրացման, սակագների նվազեցման և ավիափոխադրումների ծավալների ավելացման նպատակով.

. ավիացիայի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կիրականացվի այս բնագավառում քաղաքականության մշակման, իրագործման և տեխնիկական լիարժեք ապահովման գործառույթների ինստիտուցիոնալ տարանջատում.

. ներդրումային գրավչության բարձրացման նպատակով ավիափոխադրողների համար կապահովվի բոլոր կարգավորիչ և թույլտվության գործառույթների առավելագույն թափանցիկությունը` պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով.

. շարունակաբար կընդլայնվեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում երկկողմանի միջազգային հարաբերությունները.

. կապահովվեն հավասար մրցակցային պայմաններ` Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային փոխադրում իրականացնող հայկական և օտարերկրյա ավիափոխադրողների համար.

. կշարունակվեն արդիականացվել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը և նրա ենթակառուցվածքները` ուղևորների օդանավակայանային սպասարկման ներկայիս մակարդակը պահպանելու և բարձրացնելու նպատակով.

. քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակները կհամապատասխանեցվեն եվրոպական և միջազգային ստանդարտներին:

 

2.2.8.4. Հեռահաղորդակցությունը

 

Հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանությանը և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովմանը: Էլեկտրոնային առևտրի կազմակերպման նպատակով կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հասանելիության ավելացման և հեռարձակման թվայնացման քաղաքականությունը: Հեռահաղորդակցության ու փոստային կապի ոլորտներում որակյալ ծառայություններ մատուցելու համար ներդրվելու են միջազգային լավագույն չափորոշիչներ:

Կիրականացվեն աշխատանքներ սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու ուղղությամբ:

Կշարունակվեն հաճախականային սպեկտրի կարգավորման և դասակարգման աշխատանքները` հստակեցնելով կառավարական նշանակության հաճախականային շերտերը և հաճախականությունները, արդյունքում ազատ տիրույթներն արդյունավետ օգտագործելու նպատակով, ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումից հետո, տրամադրվելու է հեռուստատեսային մասնավոր մուլտիպլեքսորներին և բարձր տեխնոլոգիաներով աշխատող համակարգերին: Կկատարելագործվի ռադիոմոնիթորինգի համակարգը:

 

2.3. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուղղված է լինելու մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Այս բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է`

. նպաստել դատարանների անկախությանը և ապահովել արդյունավետ գործունեության երաշխիքներ: Համապատասխան իրավակարգավորումներ նախատեսելու միջոցով բարձրացնել դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը.

. դատարանի գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով նպաստել դատարանների բեռնաթափմանը և գործառութային մասնագիտացումը խորացնելուն.

. օրենսդրական կարգավորման միջոցով նպաստել դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը, ներդնել դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշներ ու ընթացակարգեր.

. նախատեսել ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովող օրենսդրական կարգավորումներ, այդ թվում` ծանրաբեռնվածության գնահատման արդյունավետ համակարգեր ներդնելու միջոցով.

. խթանել արբիտրաժային և միջնորդ-հաշտարարության մշակույթը: Առևտրային արբիտրաժի և միջնորդ-հաշտարարության որակն ապահովելու նպատակով նպաստել գործուն և համապարփակ կառուցակարգերի ներդրմանը: Միաժամանակ սահմանել սպառողների շահերի պաշտպանության կառուցակարգեր` ուղղված արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը: Մշակել միջնորդ հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերը: Խթանել միջնորդ հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնների մշակումը, միջնորդ-հաշտարարների մասնագիտական պատրաստման ծրագրերի ներդրումը.

. հստակեցնել տնտեսական հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը` ապահովելով քրեական, վարչական և քաղաքացիական պատասխանատվության հավասարակշռված օրենսդրական կարգավորումներ.

. համապատասխան իրավակարգավորումների միջոցով ամրապնդել քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների պաշտպանության երաշխիքները, մասնավորապես, ուժեղացնել և հստակեցնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակները, ընդլայնել պաշտպանության կողմի իրավունքները.

. համապատասխան իրավակարգավորումների միջոցով վերանայել դատավարական հարկադրանքի միջոցների, հատկապես, ձերբակալման և կալանքի կիրառման իրավաչափության պայմաններն ու ընթացակարգերը, ընդարձակել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցների և պատիժների շրջանակը.

. կրկնահանցագործությունը կրճատելու, հանցանք կատարած անձանց հոգեբանական աջակցման և սոցիալական ինտեգրումը խթանելու նպատակով ստեղծել պրոբացիոն ծառայություն.

. շարունակել ժամանակակից քրեակատարողական հիմնարկների կառուցումը` ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով.

. նոտարիատում ինքնակառավարման համակարգի և էլեկտրոնային նոտարիատի լիարժեք ներդրմամբ նպաստել նոտարիատի կարողությունների ամրապնդմանը: Ներդնել նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ.

. բարելավել դատական փորձաքննությունների ոլորտում իրավական կարգավորումները, բարձրացնել դատական փորձաքննությունների կատարման արդյունավետությունը և ամրապնդել փորձագիտական հիմնարկների կարողությունները.

. շարունակաբար բարձրացնել մասնագիտական և հատուկ ուսուցման, ինչպես նաև վերապատրաստման արդյունավետությունը: Ներդնել արդյունավետ կառավարման համակարգեր: Ամրապնդել Արդարադատության ակադեմիայի կարողությունները` ուսումնական նյութերի մշակման, հեռավար ուսուցման ներդրման ու շարունակական կատարելագործման ուղղություններով.

. ապահովել հանրային պաշտպանների հասանելիությունը մարզերում, բարձրացնել հանրային պաշտպանների կողմից մատուցվող ծառայությունների որակը, ներդնել հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրվելու համակարգ.

. բարելավել դատարանների համապարփակ էլեկտրոնային կառավարման համակարգը, մասնավորապես`

- հնարավոր դարձնել էլեկտրոնային եղանակով դատարան դիմելը,

- ապահովել էլեկտրոնային գործ ստեղծելու հնարավորությունը,

- մեկնարկել դատական արխիվի թվայնացումը.

. ապահովել դատական իշխանության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և նոտարիատի վիճակագրական համապարփակ տվյալների հրապարակայնությունն ու հասանելիությունը հանրությանը.

. ընդլայնել համայնքային ոստիկանության մոդելը, ավելացնել հենակետերի թիվը.

. իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումներ, ճանապարհային երթևեկության ոլորտում պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների համար ապահովել սահմանված վարչական տուգանքների համաչափությունը զանցանքի վտանգավորությանը: Վերանայել այս բնագավառում պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականությունը կիրականացնի կոռուպցիայի դեմ պայքարի նոր վերաիմաստավորված տեսլականի հիման վրա, որը նախ և առաջ միտված է հանրային կառավարման համակարգում բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյայի տեսակի ձևավորման միջոցով կոռուպցիայի մակարդակի ու տարածվածության նվազեցմանը, հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ավելի արդյունավետ և գործուն միջոցների կիրառմանը:

Նախանշված նպատակին հասնելու գործում Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր կձեռնարկի գործնականորեն կիրառելի կառուցակարգերի մշակման և ներդրման ուղղությամբ:

Մասնավորապես`

. կմշակվեն և կներդրվեն «չհիմնավորված հարստացման», շահերի բախման, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների բացահայտումն ու չեզոքացումը, ինչպես նաև էթիկայի կանոններով սահմանված պահանջների խախտման համար ներգործության միջոցների կիրառումն ապահովող գործուն կառուցակարգեր.

. կբարելավվի հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց ակտիվների ու շահերի հայտարարագրման (ֆինանսական բացահայտման) համակարգը:

Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարում է կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության միջոցներ սահմանելը և նման վարքագծի դրսևորումներն արդյունավետ քննելը: Կգործարկվեն կոռուպցիոն բնույթի իրավախախտումների քննության արդյունավետությունն ապահովող կառուցակարգեր:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր կլինի հայտարարագրերի չներկայացման, վարքագծի կանոնագրքերի պահանջների` ներառյալ շահերի բախման կանոնների, «չհիմնավորված հարստացման» դեպքերի, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների խախտում թույլ տված հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց նկատմամբ իրավական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկություններ ներկայացնել իրավասու անձանց կամ մարմիններ:

Կոռուպցիայի կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հանրային կառավարման մարմինների կառուցվածքային և գործառնական բարեփոխումները, կառավարման համակարգի արդիականացման միջազգային լավագույն փորձի հիման վրա շարունակաբար կատարելագործելու է էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարելավելու է հանրային ծառայությունների որակը, բարձրացնելու է իշխանության մարմինների և հանրային ինստիտուտների գործունեության թափանցիկությունը, ընդլայնելու է կառավարման մատչելիությունն ու հաշվետվողականությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի բաց տեղեկատվության լիարժեք հասանելիությունը, կայուն կապի ձևավորումը և շարունակական երկխոսությունը քաղաքացիական հասարակության, իշխանության մարմինների ու հանրային ինստիտուտների միջև:

 

2.4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ

 

Սոցիալական քաղաքականության առանցքում դրվելու է մարդկային կապիտալը` միտված Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներուժի լիարժեք և ամբողջական դրսևորմանը:

 

2.4.1. Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը

 

Սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է լինելու քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացման պայմանների ստեղծումը, սոցիալական արդարության սկզբունքի վրա հիմնված` սոցիալական պաշտպանության կարիք ունեցող` անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների սահմանումը, իրականացվող ծրագրերի ու մատուցվող ծառայությունների որակի, արդյունավետության ու հասցեականության բարձրացումը, նոր, ժամանակակից այլընտրանքային ծառայությունների ներդրումը, բնակչության կայուն ու արդյունավետ զբաղվածության ապահովումը, արժանապատիվ աշխատանքի պայմանների ստեղծումը և ոլորտում սոցիալական երաշխիքների համակարգի զարգացումն ու ընդլայնումը:

Սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է իրականացնել`

. աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների հստակեցում, գործնականում այդ հարաբերությունների կատարելագործում, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին համապատասխանեցում.

. աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ապահովում` աշխատանքի արտադրողականության և արդյունավետության աճին համապատասխանող իրական աշխատավարձի մակարդակի հետևողական բարձրացմամբ. միջազգային պայմանագրերով նախատեսված` նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետևողական ներդրում և կիրառման ապահովում.

. սոցիալական գործընկերության զարգացում ու խորացում, մասնավորապես, ճյուղային, տարածքային ու կազմակերպությունների մակարդակում.

. պետական նպաստների համակարգի օպտիմալացում և համապատասխանեցում միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջներին` ապահովելով նպաստների չափի աստիճանական բարձրացում` բնակչության առաջնային եկամուտների (կենսաթոշակ և աշխատավարձ) առաջանցիկ աճի պայմանով,

. մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, ծննդյան միանվագ և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացում` ապահովելով առավել նպատակային աջակցություն.

. ընտանիքների անապահովության գնահատման հասցեականության բարձրացում` ապահովելով այդ համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հաջորդականություն` գնահատելով տրամադրվող սոցիալական աջակցության ազդեցությունն ընտանիքի անապահովության մակարդակի վրա.

. աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից և միտումներից բխող զբաղվածության պետական ճկուն կարգավորման իրականացում` հստակ թիրախավորված ծրագրերի ներդրմամբ. որպես առաջնահերթություն` աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովում.

. սոցիալական իրավունքների արդյունավետ իրացման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացում` սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ և մատչելի, իր կարիքներին համարժեք, «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման ապահովում` սոցիալական աշխատանքի առավել ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով.

. միջգերատեսչական համագործակցության ապահովում` տեղական մակարդակում, սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև.

. սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության մեծացում.

. նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրերի իրականացում.

. սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի հետևողական ձևավորում, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հասցեական ծրագրերի իրականացում.

. արցախյան պատերազմի ազատամարտիկների խնդիրների վերհանման և լուծման ծրագրեր, այդ թվում` զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքներ.

. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին աջակցության նոր ծրագրեր.

. պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացում ու խորացում, սոցիալապես խոցելի խավերի համար լրացուցիչ սոցիալական ծառայությունների մատուցում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ինստիտուտի արմատավորում.

. բնակչության սոցիալապես խոցելի և հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական և նպատակային ծառայությունների մատուցում.

. բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքների իրականացում` միայնակ տարեցների կյանքի որակի բարելավում, արժանապատիվ կենսապայմանների ապահովում և նրանց տրամադրվող խնամքի ու սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրում.

. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման նպատակով հաշմանդամության սոցիալական մոդելի ներդրում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների, ինչպես նաև մատչելի պայմանների ապահովում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում.

. հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային ծառայությունների մատչելիության ապահովման ծրագրերի խթանում.

. հաշմանդամների վերականգնման արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումներ.

. ընտանիքի միասնական քաղաքականության համակարգի ներդրման, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աստիճանական զարգացման, երեխաների խնամքն անմիջականորեն ընտանիքում իրականացնելու առաջնահերթական, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման, նրանց իրավունքների պաշտպանությանն ու հասարակությանն նրանց ինտեգրմանն ուղղված ծրագրեր.

. կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրման, ինչպես նաև ընտանեկան բռնության և թրաֆիքինգի երևույթի կանխարգելման ծրագրեր.

. շարունակական ծրագրեր` կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ.

. կենսաթոշակների շարունակական աճ, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լիարժեք գործարկում, որը պետության, գործատուների և աշխատող քաղաքացիների մասնակցությամբ աստիճանաբար ապահովելու է աղքատության գծից բարձր կենսաթոշակ` կենսաթոշակի իրավունք ձեռք բերած յուրաքանչյուր անձի համար և աշխատանքային կորցրած եկամուտների նկատմամբ համապատասխան փոխհատուցում ապահովող կենսաթոշակ` աշխատող անձանց համար.

. կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման շարունակական աշխատանքներ, այդ թվում` «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի միջոցով, նպաստելով կենսաթոշակառուի և ծառայություններ մատուցող օղակների միջև շփումների նվազեցմանը.

. սոցիալական պաշտպանության ոլորտի ամբողջական ինքնաշխատ տեղեկատվական համակարգի, սոցիալական պաշտպանության իրավունքների իրացման համար դիմումների միասնական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրում և շահագործում` ապահովելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցում և սոցիալական քաղաքականության հասցեականության բարձրացում.

. «ընտանեկան կապիտալի» ծրագրի շարունակական կիրառմամբ ծնելիության խթանում:

 

2.4.2. Առողջապահությունը

 

Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Ոլորտում իրականացվող ծրագրերը շարունակելու են շեշտադրել առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովումը: Առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջապահական, վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները լինելու են պետության առաջնահերթությունը: Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

հանրային առողջապահական ծառայությունների հզորացման ոլորտում ապահովելու է`

. հանրային առողջապահության միասնական պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, օրենսդրական դաշտի բարելավումը.

. վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների և պայմանների ուսումնասիրությունը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումը, հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքելու գործընթացի բարելավումը.

. համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծումը և լաբորատոր համակարգի շարունակական զարգացումը.

. առողջ ապրելակերպի քարոզչությունը և խթանելու է առողջության պահպանումը.

. աշխատողների առողջության պահպանման հիմնական կանոնների ու նորմերի սահմանումը և կիրառումը.

արտահիվանդանոցային և հիվանդանոցային առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովման ոլորտում

 

բժշկական օգնության կազմակերպման որակ

. բժշկական ծառայությունների որակի կառավարման նպատակով փուլ առ փուլ ներդնելու է ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները, ապահովելու է հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, ինչպես նաև վերականգնողական շրջանի պատշաճ վարումը.

. հիմնանորոգելու, կառուցելու և սարքավորումներով հագեցնելու է միջազգային չափանիշներին համապատասխան արյունաբանական կենտրոն` ներառյալ ոսկրածուծի փոխպատվաստման ծառայությունը, ինչպես նաև կառուցելու և սարքավորումներով հագեցնելու է ուռուցքաբանության կենտրոնը, ինչը ժամանակակից գիտական մեթոդներով նորագոյացությունների հայտնաբերման, ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն կընձեռի.

. շարունակելու է մարզային բժշկական հաստատությունները (առողջության պահպանման առաջնային օղակի և հիվանդանոցային) վերանորոգելու, վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները.

. շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել ոլորտի հաստատությունների` նորագույն սարքավորումներով վերազինման գործընթացին.

. իրականացնելու է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներ.

 

բժշկական օգնության մատչելիության ապահովում

. շարունակելու է առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակումը և կատարելագործումը, վերանայելու է պետական պատվերի տրամադրման ընթացակարգը, աստիճանաբար ընդլայնելու է բժշկական ապահովագրության մեխանիզմների կիրառման շրջանակները բնակչության որոշակի խմբերի համար.

. կարևորելու է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը.

. վերանայելու է առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բժշկի (տեղամասային թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) գործառույթները` դրանք առավելագույնս ուղղելով հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը` կատարելագործելով առողջության առաջնային պահպանման համակարգի ֆինանսավորման մեխանիզմները.

. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից իրականացնելու է հիվանդությունների վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով սկրինինգային ծրագրեր.

. փուլ առ փուլ երաշխավորելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար.

 

մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների բարելավման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

. նպաստելու է ծնելիության ցուցանիշների բարելավմանը` ուղղորդված առողջապահական ծրագրային միջոցառումների իրականացման միջոցով ապահովելու է մոր և մանկան առողջության առաջնային պահպանման համակարգում կանխարգելիչ ծրագրային ուղղությունների ուժեղացումը.

. իրականացնելու է երեխաների սնուցման վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ.

. բարելավելու է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակը, մատչելիությունն ու հասանելիությունն, ընդլայնելու է մատուցվող ծառայությունների փաթեթը, իրականացվող նորածնային սկրինինգ ծրագրերը, իրականացնելու է անպտղության կանխարգելման և այդ խնդրի հաղթահարմանն ուղղված ծրագրերը.

 

առողջապահական կադրային ներուժի ապահովման ոլորտում

. հետևողականորեն իրականացնելու է աշխատանքներ բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական բարելավման ուղղությամբ, այդ թվում` արտերկրի առաջատար կլինիկաներում վերապատրաստումների կազմակերպման և շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման միջոցով.

. ներդնելու է մեխանիզմներ առկա առողջապահական կադրային ներուժի տարածքային օպտիմալ բաշխման, մարզային առողջապահական կազմակերպությունները որակյալ կադրերով ապահովելու և բժշկի աշխատանքը մարզում հնարավորինս խրախուսելու համար.

. իրականացնելու է աշխատանքներ բուժաշխատողների պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ` նրանց համար ներդնելով սոցիալական և իրավական պաշտպանվածության երաշխիքներ.

. բարձրացնելու է մասնագիտական հասարակական կազմակերպությունների դերն առողջապահության ոլորտի աշխատուժի որակավորման, հսկողության, շարունակական մասնագիտական զարգացման ապահովման ոլորտներում.

 

դեղերի անվտանգության, արդյունավետության և որակի ապահովման ոլորտում

. ապահովելու է անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում` դեղային ազգային քաղաքականության մշակման, դեղերի շրջանառության բոլոր փուլերի կանոնակարգման, այս ոլորտի պետական վերահսկողության բարելավման, հայրենական արտադրության դեղերի մրցունակության ապահովման և տեղական դեղարտադրության խրախուսման միջոցով.

. բարձրացնելու է պետական կարիքների համար դեղորայքի գնումների գործընթացի արդյունավետությունը.

. ներդնելու է առողջապահական ծառայությունների, դեղերի և դեղամիջոցների ծավալների, գների և ֆինանսական հոսքերի հաշվառման համակարգ.

. բարելավելու է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց դեղապահովումը, ներդնելու է մեխանիզմներ սոցիալական առանձին խմբերի համար դեղորայքի մատչելիության ապահովման նպատակով:

 

2.4.3. Կրթությունը և գիտությունը

 

Մրցունակ պետություն` նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու ունակությունը: Ըստ այդմ`

նախադպրոցական և միջնակարգ ընդհանուր կրթություն`

. ընդլայնվելու է նախադպրոցական կրթության հասանելիությունը.

. մեկնարկելու է առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու փուլային ծրագիրը.

. երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից պետք է անցում կատարվի երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը.

. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խոցելի խմբերի երեխաներին ընձեռվելու է որակյալ` առնվազն հիմնական կրթություն ստանալու հնարավորություն.

. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնվելու է որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը.

. կրթության որակի բարելավման նպատակով վերանայվելու են կրթակարգը և չափորոշիչները.

. ներդաշնակեցվելու և օպտիմալացվելու են հանրակրթական առարկայական ծրագրերը` միաժամանակ բարելավելով համապատասխան դասագրքերի բովանդակային որակը.

. ավելանալու են հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ծավալները.

. ապահովվելու է Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից ծրագրի շարունակականությունը.

. «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրում` հանրակրթական ուսումնական հաստատություններում.

. աջակցություն է ցուցաբերվելու միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը.

. մանկավարժների շարունակական վերապատրաստման քաղաքականության ներքո ստեղծվելու է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամը, որն ապահովելու է ուսուցիչների մասնագիտական կարողությունների հետևողական բարձրացման ինստիտուցիոնալ կառուցակարգ.

. մշակվելու և իրականացվելու է ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն.

. աջակցություն է ցուցաբերվելու «Հայոց լեզվի օլիմպիական շարժում» մրցույթի կազմակերպմանը.

. խրախուսվելու են աշակերտների և ուսանողների այցելությունները ԼՂՀ.

 

նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն`

. նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ապահովվելու է համացանցի ամբողջական և որակյալ ծածկույթը.

. բարելավվելու է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան` նոր տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերմամբ.

 

բարձրագույն կրթություն`

. բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը` աստիճանաբար միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը, այդ թվում` ժամանակակից լաբորատորիաների ստեղծմամբ.

. մասնագիտական կրթությունը հասանելի դարձնելու նպատակով տարեցտարի ընդլայնվելու են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրերը.

. վերանայվելու է ընդունելության քննությունների համակարգը` դյուրացնելով դիմորդների մուտքը բուհ, սակայն խստացվելու են առաջադիմության և ավարտական հմտություններին վերաբերող պահանջները.

. բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին անդամակցելու և բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցվելու, ինչպես նաև որակի ապահովման եվրոպական չափորոշիչների համաձայն բուհերի հավատարմագրման միջոցով ապահովվելու է Հայաստանում շնորհված որակավորումների միջազգային ճանաչումը.

. կրթության որակի բարձրացման նպատակով, բուհերի հավատարմագրման արդյունքներից կախված, ներդրվելու են պետական ֆինանսավորման մեխանիզմներ.

. եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ինտեգրման սկզբունքների իրականացում, մասնավորապես, բուհական ինքնավարության ընդլայնում` թափանցիկության, հաշվետվողականության և ուսանողակենտրոն ուսուցման գործիքների ներդնում.

. բարելավվելու է հանրակացարանային ցանցը` եվրոպական համալսարանական ավանների ձևաչափով.

. հզորացվելու են կրթական կազմակերպությունների կարողությունները` ապահովելով սովորողների ուսման և կրթական վերջնարդյունքի մշտադիտարկումը.

 

գիտություն`

. բարելավվելու է գիտական աստիճանաշնորհման համակարգը` հստակեցնելով գիտական աստիճանաշնորհման չափանիշները.

. առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ` սփյուռքում.

. բուհերում ուժեղացվելու է գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում.

. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, համալսարանների և գիտատեխնիկական լաբորատորիաների հետ համատեղ շարունակվելու են իրականացվել պետական ներդրումներ` նորարարության և հետազոտության համար ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով.

. աջակցություն է ցուցաբերվելու գիտնականների` վերջին տարիներին գրանցած հաջողությունների հետագա զարգացմանը.

. ներդրվելու են նոր մեխանիզմներ գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման գործում.

. ընդլայնվելու է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ծավալը.

. ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` գիտական պետական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար.

. ապահովվելու է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից հանրապետության գիտական պետական կազմակերպությունների և բուհերի` ազատ օգտվելու հնարավորությունը.

. իրականացվելու են Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման միջոցառումներ:

 

2.4.4. Բնապահպանությունը

 

Բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների գնահատման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առանցքն են:

Այս նպատակով նախատեսվում է`

. ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների (այդ թվում` ընդերքի) բանական օգտագործումը.

. ներդնել թափոնների հաշվառման համակարգ.

. հիմնանորոգել կեղտաջրերի մաքրման կայանները և կառուցել նորերը.

. ապահովել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակումը և ջրօգտագործման հաշվառման ավտոմատ կառավարման համակարգի ստեղծումն ու ներդրումը` ստորերկրյա ջրային հաշվեկշռի վերականգնման և վերականգնվող ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման նպատակով.

. շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը.

. ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը, ինչպես նաև օզոնային շերտի պահպանմանն ուղղված քայլերի, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը.

. ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները, ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ազգային ծրագրի ամբողջական իրականացումը.

. մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում.

. ապահովել բնական միջավայրի աղտոտման, այդ թվում` ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, այդ թվում` աղբահանությունը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման և (կամ) կանխարգելման համակարգի զարգացումը` ներառյալ գոյություն ունեցող մշտադիտարկումների ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը.

. բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով արդիականացնել բնապահպանական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքները, մշակել կանաչ տնտեսության ներդրման մոտեցումները, խրախուսել մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմների և նորերի ներդրման շարունակական զարգացումը.

. իրականացնել շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն` բնակչությանը ռադոն ռադիոակտիվ գազի ճառագայթումից պաշտպանելու նպատակով:

 

2.4.5. Մշակույթը

 

Մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու հոգևոր, բարոյական, ազգային հարուստ ավանդույթների, արժեհամակարգային ընդհանրության վրա խարսխված միասնական մշակութային միջավայրի ձևավորմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և ժամանակակից մշակութային զարգացումներին պետության և հանրության լիիրավ մասնակցությանը, անհատի ստեղծագործական կարողությունների խթանմանը և ձևավորմանը, ազգային ինքնության և քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու հայրենասիրությամբ օժտված հասարակության զարգացման գործընթացների ապահովմանը.

մշակութային ժառանգության պահպանության և ազգային ավանդույթների վերարտադրման նպատակով`

. կատարելագործվելու է օրենսդրական դաշտը պատմամշակութային հուշարձանների պահպանության և թանգարանների ոլորտներում.

. շարունակվելու է Հայաստանի և արտերկրի հայկական մշակութային արժեքների և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, հաշվառման, միասնական տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանների ձևավորման գործընթացը.

. ներդրվելու են պատմամշակութային ժառանգության արդյունավետ կառավարման մեխանիզմներ.

. մեկնարկելու է ուսումնասիրված հնավայրերի ամրակայման և հանրության համար մատչելիության ապահովման ծրագիրը.

. արդիականացվելու են թանգարանային ցուցադրությունները, ընդլայնվելու են ցուցադրական հարթակները.

. խթանվելու է ստեղծագործական արդյունաբերությունը (հուշանվերների պատրաստում, ազգային խոհանոցի տարածում, ազգային տարազի կիրառում, կիրառական արվեստի ճյուղերի զարգացում).

 

ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացման, մշակութային արտադրանքի տարածման, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտման և ստեղծագործական գործընթացների խթանման նպատակով`

. պետական պատվերով ստեղծված երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստահաղորդումների, գրքերի և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում պետական աջակցությամբ իրականացվող փառատոների, մրցույթների ստուգատեսների միջոցով տարածվելու են ազգային և համամարդկային արժեքները.

. ապահովվելու են մշակութային արտադրանքի ստեղծման և ծառայությունների մատուցման մրցակցային պայմաններ.

. աջակցություն է ցուցաբերվելու ժամանակակից արվեստի զարգացմանը նպաստող ծրագրերին և նոր ցուցադրություններին.

. խթանվելու են համատեղ կինոարտադրության, թատերական և հրատարակչական ծրագրերը.

. ստեղծվելու է ժամանակակից հայ լուսանկարչության էլեկտրոնային հավաքածու.

. խրախուսվելու են դեբյուտային ստեղծագործական ծրագրերը, արվեստի փորձարարական և նորարարական ձևերը.

. հատուկ ուշադրություն է դարձվելու օպերային, բալետային և երգչախմբային արվեստի զարգացմանը.

. սիմֆոնիկ նվագախմբերը համալրվելու են նոր երաժշտական գործիքներով.

 

գեղարվեստական կրթության համակարգի զարգացման, մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության ապահովման ու խթանման նպատակով`

. վերանայվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության մասով.

. կարևորվելու է մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության շարունակականությունը` հանրակրթական ծրագրերում ազգային ավանդույթների ու մշակույթի դասընթացների ներմուծմամբ, ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցման ապահովմամբ, ստեղծագործական ունակությունների բացահայտմամբ և զարգացմամբ.

. իրագործվելու է մշակութային և կրթական ծրագրերի ներդաշնակեցումը` «մշակութային կազմակերպություն-դպրոց» ուղիղ կապի համակարգի ձևավորմամբ.

. ապահովվելու է շնորհալի երեխաների ստեղծագործական ունակությունների խթանմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը.

. խթանվելու է մանուկների համար ստեղծագործական ծրագրերի և բեմադրությունների իրականացումը.

. մշակութային նպատակային ծրագրերի միջոցով աջակցություն է ցուցաբերվելու սահմանափակ կարողություններով երեխաների սոցիալական ինտեգրմանը.

 

մշակութային կրթության շարունակականության, համակարգի կատարելագործման և ոլորտի` արհեստավարժ կադրերով համարման նպատակով`

. սահմանվելու են բնագավառի մասնագիտական որակավորման չափորոշիչները.

. ապահովվելու է մշակութային կրթության փուլերի շարունակականությունը.

. շարունակվելու է մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածության բարելավումը.

 

մշակութային ծառայությունների ապակենտրոնացման և համաչափության ապահովման նպատակով`

. ընդլայնվելու է մշակութային ծառայությունների շարժական համակարգերի (շարժական կինոթատրոն, գրադարան, թանգարան, գրախանութ և այլն) կիրառումը.

. շարունակվելու է մարզերում իրականացվող հյուրախաղային ծրագիրը և հանրապետական փառատոների` դեպի մարզեր ապակենտրոնացման քաղաքականությունը.

. առաջնահերթ աջակցություն է ցուցաբերվելու մարզերում ստեղծագործող մշակութային միավորումներին.

 

մշակութային ենթակառուցվածքների արդիականացման, մշակութային ծառայությունների որակի բարելավման ու մատչելիության նպատակով`

. ապահովվելու են մշակութային ծառայությունների բազմազանությունը և հասանելիությունը սոցիալական բոլոր խավերի համար.

. շարունակվելու է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ծառայությունների ոլորտում.

. զարգացվելու են մշակութային ժամանակակից ենթակառուցվածքները և համապատասխանեցվելու են միջազգային չափանիշներին.

. ընդլայնվելու է «պետություն-մասնավոր հատված» համագործակցությունը.

 

արտերկրում հայկական մշակույթի տեղորոշման և հանրահռչակման նպատակով`

. ընդլայնվելու են երկկողմ և բազմակողմ կապերն արտասահմանյան երկրների հետ.

. իրականացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համակարգված ծրագրեր. ցեղասպանության հիմնախնդիրները հանրայնացվելու են արվեստի միջոցով, հայ մշակույթի ներկայացմամբ ու համաշխարհային հնչեղություն ունեցող մշակութային խոշոր նախագծերի իրականացմամբ ապահովվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականությունը.

. ցուցահանդեսների, համաժողովների, փառատոների, թարգմանական նախագծերի և այլ միջոցներով արտերկրում ներկայացվելու է հայկական մշակութային ժառանգությունը և ժամանակակից արվեստը.

. խրախուսվելու են հայերենից օտար լեզուներով թարգմանական հրատարակությունները.

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործակցության ապահովման, հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման նպատակով`

. շարունակվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սեփականությունը և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, հավաքածուներ) պահպանությանն ու հարստացմանն ուղղված գործընթացները.

. շարունակվելու են պատմական, հոգևոր, մշակութային արժեքների` պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, հետազոտմանն ու հանրայնացմանն ուղղված աշխատանքները.

. իրականացվելու են հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանմանը, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելուն և հայեցի դաստիարակությանն ուղղված ծրագրեր.

 

ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակույթի լիարժեք դրսևորման նպատակով`

. ապահովվելու են լրացուցիչ պայմաններ ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթի ներկայացման համար.

. աջակցություն է ցուցաբերվելու ազգային փոքրամասնությունների լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակմանը:

 

2.4.6. Ժողովրդագրությունը, երիտասարդությունը, սպորտը և միգրացիոն գործընթացների կարգավորումը

 

2.4.6.1. Ժողովրդագրությունը

 

Ժողովրդագրական քաղաքականության նպատակն իրականացվող միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական միտումների կանխումը, իրավիճակի կայունացումն ու բարելավումն է, որն արտահայտվելու է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակներում` ունենալով հետևյալ հիմնական ուղղությունները`

. ծնունդների նյութական խրախուսումը.

. բազմազավակ ընտանիքների` որպես հասարակության կարևորագույն օղակի, աջակցության ծրագրերի մշակումն ու իրականացումը.

. երիտասարդ ընտանիքների աջակցությունը` երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով.

. ներգաղթի խրախուսման պայմանների ստեղծմանը և հայրենադարձների ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումը.

. հասարակական ու միջազգային կազմակերպությունների և անհատների ներգրավում ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանը և հրատապ ծրագրերի իրականացմանը.

. իրականացվող ծրագրերի և միջոցառումների մոնիթորինգի և գնահատման միջոցով դրանց արդյունավետության, նպատակայնության և հասցեականության շարունակական մեծացումը:

Ընտանիքները պետական աջակցության շրջանակներում, որպես զարգացման երաշխիք, ստանալու են 1 մլն դրամ` երրորդ և չորրորդ երեխայի, և 1.5 մլն դրամ` հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման և հրատապ ծրագրերի իրականացման օժանդակության նպատակով կներդրվեն մի շարք գործուն մեխանիզմներ:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2014
N 511-Ա
Որոշում