Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ԵՄԴ/0023/02/11 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0023/02/11

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժուլետա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ Ժուլետա Հարությունյանի, Կամո, Ծաղիկ, Արաիկ Ղազարյանների ընդդեմ Երազիկ Հարությունյանի` ապօրինի տիրապետողին տնից վտարելու պահանջի մասին, ինչպես նաև Երազիկ Հարությունյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ժուլետա Հարությունյանի, Կամո, Ծաղիկ, Արաիկ Ղազարյանների` բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ժուլետա Հարությունյանը, Կամո, Ծաղիկ, Արաիկ Ղազարյանները պահանջել են պարտավորեցնել Լավուրիկ Սեխլեյանին, Երազիկ Հարությունյանին, Գևորգ Ղազարյանին ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող Երևանի Հաղթանակ 5-րդ փողոցի թիվ 38 տունը կամ վտարել նրանց իրենց տնից ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով, ինչպես նաև բռնագանձել պետական տուրքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Երազիկ Հարությունյանը և Գևորգ Ղազարյանը պահանջել են ճանաչել իրենց օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակ 5-րդ փողոցի թիվ 38 տան նկատմամբ, որպեսզի օրենքով սահմանված կարգով կատարեն պետական գրանցում:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2012 թվականի որոշմամբ Երազիկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն բեկանվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2012 թվականի վճռի` Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 տան նկատմամբ ճանաչելու մասին պահանջը մերժելու և վերջինիս նշված հասցեից վտարելու պահանջը բավարարելու մասերը, և այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.10.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2012 թվականի որոշման դեմ Ժուլետա Հարությունյանի վճռաբեկ բողոքը:

Երազիկ Հարությունյանը, Ջուլիետտա և Գևորգ Արաիկի Ղազարյանները, ավելացնելով հակընդդեմ հայցադիմումի հայցային պահանջների չափը, պահանջել են ճանաչել իրենց բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակ 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող իրենց կողմից փաստացի զբաղեցրած 185,6 քմ մակերեսով ինքնակամ շինության նկատմամբ, ճանաչել իրենց սեփականության իրավունքը նշված հասցեում գտնվող Արաիկ Ղազարյանին պատկանող 22,5 քմ մակերեսով օրինական շինության և 84,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` որպես համատեղ ընտանիք վարելու ընթացքում ձեռք բերված գույք, ճանաչել իրենց սեփականության իրավունքն Արաիկ Ղազարյանի ընտանիքի անվամբ սեփականաշնորհված և նրա անվամբ պետական գրանցում ստացած 3 հա հողատարածքի նկատմամբ, ինչպես նաև բռնագանձել 18.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրք և 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության համար վճարված գումար:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 09.04.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` ճանաչվել է Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող օրինական կառույցների նկատմամբ: Հակընդդեմ հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2013 թվականի որոշմամբ Ժուլետա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժուլետա Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երազիկ Հարությունյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 26.11.2005 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-188-Ն ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ, 54-րդ, 120-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, 53-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Դատարանը, ճանաչելով Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող օրինական կառույցների նկատմամբ, կիրառել է ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ, 54-րդ, 120-րդ հոդվածները` անտեսելով այն հանգամանքը, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագման հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով, հետևաբար «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ, 54-րդ, 120-րդ հոդվածները ենթակա չեն կիրառման:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը ճանաչել է Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող ամբողջ օրինական կառույցների նկատմամբ, մինչդեռ, վերջինիս ամուսնուն նշված օրինական տնից պատկանում է 1/8-րդ բաժինը, և ինչպես Վերաքննիչ դատարանն է նաև փաստել, «Արաիկ Ղազարյանի ընտանիքն օգտագործում է 54,7 քմ բնակելի տան օրինական մասը և 185,6 քմ կարգավիճակը չորոշված շենք-շինությունը»:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության կամ փոփոխել այն` հայցը բավարարել` Երազիկ Հարությունյանին վտարել Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 տնից, իսկ հակընդդեմ հայցը` Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին մերժել, հակառակ դեպքում` ճանաչել Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող իր կողմից զբաղեցված 54,7 քմ մակերեսով բնակելի տան օրինական մասի նկատմամբ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանը գործը քննել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, համապատասխան իրավական նորմերի կիրառմամբ կայացրել է դատական ակտ, որի արդյունքում հանգել է ճիշտ հետևության, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի հաշվետեխնիկական բյուրոյի 20.08.1973 թվականի թիվ 51 տոմարի գույքային թերթի համաձայն` Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 705 քմ մակերեսով հողամասը և 47,2 քմ մակերեսով բնակելի տունն ու 128,9 քմ ոչ բնակելի մակերեսը պատկանել է Ոսկան Արսենի Ղազարյանին (հատոր 1-ին, գ.թ. 8-9).

2) 05.10.1982 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` 15.03.1982 թվականին մահացած Ոսկան Արսենի Ղազարյանի ժառանգական գույքի` Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 տան 1/2 բաժնի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են ճանաչվել կինը` Ժուլետա Հարությունյանը, զավակները` Ծաղիկ, Կամո և Արաիկ Ղազարյանները (հատոր 1-ին, գ.թ.10).

3) Արաիկ Ղազարյանը և Երազիկ Հարությունյանն ամուսնացել են 20.02.1988 թվականին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2011 թվականի վճռով վերջիններիս ամուսնությունը լուծվել է, 09.12.1988 թվականին ծնված Ժուլիետտա և 11.07.1990 թվականին ծնված Գևորգ Ղազարյաններն Արաիկ Ղազարյանի և Երազիկ Հարությունյանի զավակներն են:

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման 18.08.2011 թվականի թիվ 2/4617 գրության համաձայն` Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 705 քմ մակերեսով հողամասի և 176,1 քմ մակերեսով շենք-շինության նկատմամբ 20.12.1983 թվականին գույքագրվել է Ժուլետա Հարությունյանի անվամբ 5/8 բաժնով, իսկ Ծաղիկ, Կամո և Արաիկ Ղազարյանների անվամբ` 1/8-ական բաժիններով: 06.06.2011 թվականին կատարված չափագրումից պարզվել է, որ Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 735,1 քմ, որից 30,0 քմ մակերեսով կարգավիճակը որոշված չէ, որի վրա շինություն առկա չէ: Կամո Ղազարյանի ընտանիքը և Ժուլետա Հարությունյանը օգտագործում են 124,0 քմ մակերեսով բնակելի տան օրինական մասը և 123,6 քմ մակերեսով կարգավիճակը չորոշված շենք-շինություններ: Արաիկ Ղազարյանի ընտանիքն օգտագործում է 54,7 քմ մակերեսով բնակելի տան օրինական մասը և 185,6 քմ մակերեսով կարգավիճակը չորոշված շենք-շինությունը (հատոր 1-ին, գ.թ. 122-123).

5) 08.02.2012 թվականի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցման թիվ 08022013-01-2159 վկայականի համաձայն` Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 0,0705 հա մակերեսով հողամասը և 179,8 քմ մակերեսով բնակելի տունը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Ժուլետա Հարությունյանին 5/8 բաժնով, և Ծաղիկ, Կամո և Արաիկ Ղազարյաններին` 1/8-ական բաժիններով (հատոր 5-րդ, գ.թ. 57).

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 27.02.2013 թվականի թիվ ԱՏ-25/02/2013-1-0218 տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեի վերաբերյալ գործում առկա 1983 թվականի հատակագծում ինքնակամ շինություններ առկա չեն (հատոր 5-րդ, գ.թ. 64).

7) Նոտարական կարգով վավերացված Սվետլանա Օհանյանի, Անահիտ Ղազարյանի, Պետրոս Ղազարյանի, Ֆրիդոն Գրիգորյանի 28.10.2011 թվականի հայտարարությամբ հայտնվել է, որ Երազիկ Հարությունյանը 1988 թվականից մինչ օրս իր զավակների հետ բնակվում է Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 տանը` զբաղեցնելով օրինական մասը և Երազիկ Հարությունյանի և Արաիկ Ղազարյանի կողմից կառուցված անօրինական մասը: Արաիկ Ղազարյանը 2002 թվականից մինչ օրս բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (հատոր 2-րդ, գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքի ծագման և դադարման վերաբերյալ իրավական կարգավորման առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով`օրենքով նախատեսված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում` իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի, կամ մյուս տուրքերի, կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Նշված դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:

Վերոգրյալով է պայմանավորված սեփականատիրոջ կողմից իր տիրապետության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճ իրականացնելու իր օգտագործման, տնօրինման իրավազորությունը:

26.11.2005 թվականից ուժը կորցրած ՀՀ բնակարանային օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն` բնակելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամները, որոնց նա բնակեցրել է իրեն պատկանող տանը, իրավունք ունեն նրա հետ համահավասար օգտվելու տան բնակելի տարածությունից, եթե նրանց բնակեցնելիս այլ վերապահում չի եղել:

Մինչև 26.11.2005 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բնակելի տարածության սեփականատիրոջ ընտանիքի անդամները և այլ անձինք բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք ունեն, եթե այդ իրավունքը գրանցված է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դրա դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից շուկայական գնով փոխհատուցելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով: Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից` հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց և սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից և ոչ ավելի 9 քառակուսի մետրից: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

26.11.2005 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե անձը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում և մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը կատարվում է նույն օրենքի 11-րդ հոդվածով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված) սահմանված կարգով: Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա նույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ բնակարանային օրենսգրքով նախատեսված տան բնակելի տարածությունից օգտվելու իրավունքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված օգտագործման իրավունքի ծագման հիմքերը տարբեր են: Եթե ՀՀ բնակարանային օրենսգրքով նախատեսված բնակելի տարածությունից օգտվելու իրավունքի ծագման հիմք էր սեփականատիրոջ կողմից ընտանիքի անդամին տանը բնակեցնելը, այսինքն` իրավունքը ծագում էր ազգակցական կապի հիման վրա և չէր պահանջում պետական գրանցում, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված օգտագործման իրավունքի ծագման հիմք է սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագիրը (համաձայնությունը): Դեռ ավելին, բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը ծագում է օրենքով սահմանված կարգով դրա գրանցման պահից:

Միաժամանակ, օրենսդիրը հնարավորություն է ընձեռել սեփականատիրոջը դատական կարգով պահանջելու դադարեցնելու բնակության իրավունքը, եթե անձը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում և մինչև 26.11.2005 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում: Ընդ որում, եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007 թվականի հունվարի 1-ից հետո, ապա օրենքով սահմանված պաշտպանությունից (փոխհատուցումից) օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով, և մինչև 26.11.2005 թվականը համապատասխան բնակելի տարածությունում մշտապես կամ առավելապես բնակվել են:

i

Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելիս վկայակոչելով ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ, 54-րդ և 120-րդ հոդվածները, պատճառաբանել է, որ Դատարանը իրավական վերլուծության է ենթարկել վիճելի բնակելի տանը Երազիկ Հարությունյանի մշտական բնակություն հաստատելու իրավահարաբերության ծագման ժամանակ գործողության մեջ եղած օրենսդրությունը և պարզել, որ ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ, 54-րդ և 120-րդ հոդվածների հիմքով Երազիկ Հարությունյանը, 1988 թվականից սկսած, որպես վիճելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամ, այդ բնակելի տարածության նկատմամբ սեփականատիրոջը համահավասար ձեռք է բերել օգտագործման իրավունք: Տվյալ դեպքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Երազիկ Հարությունյանը վիճելի բնակելի տարածություն մուտք է գործել որպես դրա սեփականտիրոջ ընտանիքի անդամ` որդու կին, ինչը ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ, 54-րդ և 120-րդ հոդվածների ուժով դեռևս 1988 թվականին վերջինիս մոտ առաջ է բերել վիճելի բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ ՀՀ բնակարանային օրենսգրքի իրավանորմերը չէին կարող տարածվել վիճելի իրավահարաբերության վրա, ապա Վերաքննիչ դատարանն այն անհիմն է համարել, քանի որ Երազիկ Հարությունյանը վիճելի բնակելի տարածության սեփականատիրոջ ընտանիքի անդամ է դարձել և այդ հիմքով բնակելի տարածության օգտագործման իրավունք ձեռք է բերել ՀՀ բնակարանային օրենսգրքի գործողության ժամանակ` դեռևս 1988 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 0,0705 հա մակերեսով հողամասը և 179,8 քմ մակերեսով բնակելի տունը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Ժուլետա Հարությունյանին 5/8 բաժնով, և Ծաղիկ, Կամո և Արաիկ Ղազարյաններին` 1/8-ական բաժիններով: Երազիկ Հարությունյանն Արաիկ Ղազարյանի հետ օրենքով սահմանված կարգով ամուսնանալու հիմքով 20.02.1988 թվականից բնակվում է Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում: Ընդ որում, Երազիկ Հարությունյանը հաշվառված (գրանցված) չի եղել բնակելի տարածությունում ինչպես մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, այնպես էլ դրան հաջորդող` ՀՀ բնակարանային օրենսգրքի գործողության ամբողջ ժամանակահատվածում:

Հաշվի առնելով սույն գործի փաստերի և բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ծագելու իրավահարաբերությունների առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ չնայած Երազիկ Հարությունյանը 20.02.1988 թվականից բնակվել է վիճելի տարածքում, սակայն այն չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի ուժով օգտագործման իրավունքի ճանաչման համար, քանի որ բնակելի տարածության օգտագործման իրավունքը կարող է ծագել սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրի հիման վրա, որից ծագող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

Նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են սեփականության իրավունքի անձեռնմխելիության գերակայության սկզբունքի ներքո անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագելու հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտի` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու` Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող օրինական կառույցների նկատմամբ ճանաչելու մասերին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասերով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշման` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու` Երազիկ Հարությունյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Հաղթանակի 5-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող օրինական կառույցների նկատմամբ ճանաչելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.09.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԵՄԴ/0023/02/11
Որոշում