Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ԵՎ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ԵՎ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ԵՄԴ/0333/02/12 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0333/02/12

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի

                                             Վ. Աբելյանի

                                             Ս. Անտոնյանի

                                             Վ. Ավանեսյանի

                                             Ա. Բարսեղյանի

                                             Մ. Դրմեյանի

                                             Է. Հայրիյանի

                                             Տ. Պետրոսյանի

                                             Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսյա Մարյանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լուսյա Մարյանյանի ընդդեմ Վալերիկ Սողոմոնյանի, Սոֆյա Աճեմյանի, Մարինե, Անահիտ և Սոնա Աճամյանների, Ալեքսան Գրիգորյանի, երրորդ անձ ՀՀ «Արթիկ» նոտարական տարածքի նոտար Աիդա Մկրտչյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու և ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսյա Մարյանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32ա հասցեում գտնվող իր կողմից օգտագործվող հողամասի և տան նկատմամբ, իրեն ճանաչել Վահան Ստեփանյանին պատկանող նույն տան բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել 14.04.2003 թվականին Վալերիկ Սողոմոնյանին, Սոֆյա Աճեմյանին, Մարինե, Անահիտ և Սոնա Աճամյաններին ու 22.05.2012 թվականին Ալեքսան Գրիգորյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ընդհանուր գույքից առանձնացնել իր կողմից փաստացի օգտագործվող բաժինը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 17.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2013 թվականի որոշմամբ Լուսյա Մարյանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսյա Մարյանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Վալերիկ Սողոմոնյանը, Սոֆյա Աճեմյանը, Ալեքսան Գրիգորյանը, Անահիտ, Սոնա և Մարինե Աճամյանները (այսուհետ` Պատասխանողներ):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ և 187-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ 03.03.1983 թվականին կնքված ներքին առուծախի պայմանագրով Ալեքսան Աճեմյանը 12.000 սովետական ռուբլու դիմաց իր ամուսնուն` Վահան Ստեփանյանին է վաճառել Երևանի Շահումյանի շրջանի 7-րդ փողոցի թիվ 32ա հասցեում գտնվող տան երկու սենյակները` 21քմ մակերեսով բնակելի տարածությունը, 20քմ մակերեսով օժանդակ կառույցը և հողամասը: Նշված թվականից ինքն ամուսնու և երեք երեխաների հետ հաշվառվել է այդ հասցեում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ալեքսան Աճեմյանի ժառանգության բացման օրվա դրությամբ ժառանգատուն գրեթե քսան տարի առաջ հրաժարվել է վաճառված գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: Հետևաբար այդ մասի նկատմամբ ժառանգություն չէր կարող բացվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով մահացած ճանաչելու մասին վճիռը վերացված լինելու հանգամանքը, որպես իր բացակայությունը հիմնավորող ապացույց վկայակոչել է այդ վճիռը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման այն պատճառաբանությամբ, որ 1992 թվականից ոչ Վահան Ստեփանյանը, ոչ էլ Լուսյա Մարյանյանը նշված հասցեում չեն բնակվել, հետևաբար չէին կարող անընդմեջ տիրապետել կամ օգտագործել այդ հասցեում գտնվող գույքը:

Ալեքսան Աճեմյանի և նրա կնոջ` Վալերիկ Սողոմոնյանի կողմից կատարվել են գործողություններ, որոնք հաստատում են, որ վերջիններս չեն հրաժարվել իրենց պատկանող գույքից: Մասնավորապես` վճարվել է գույքահարկը (հետագայում` նաև ժառանգների կողմից), Վալերիկ Սողոմոնյանը դիմել է դատարան` Լուսյա Մարյանյանին մահացած ճանաչելու դիմումով, Ալեքսան Աճեմյանի մահից հետո դիմել են նոտարական գրասենյակ և ձևակերպել ժառանգությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 19.01.1973 թվականի գույքային թերթի համաձայն` Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32ա հասցեում գտնվող 600քմ մակերեսով հողամասը, 108,1քմ ընդհանուր մակերեսով բնակելի սենյակները և 88,4քմ ընդհանուր մակերեսով օժանդակ տարածքները սեփականության իրավունքով պատկանել են Ալեքսան Աճեմյանին (հատոր 2-րդ, գ.թ. 43-46).

2) 03.03.1983 թվականին կազմված ներքին առուվաճառքի պայմանագրի համաձայն` Ալեքսան Աճեմյանը 12.000 ռուբլու դիմաց իրեն պատկանող` Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32ա տնից Վահան Ստեփանյանին է վաճառել «երկու սենյակ` 21 քմ մակերեսով բնակելի տարածությամբ, և 20 քմ օժանդակ սենյակներ` իրեն առանձին խոդով»: Պայմանագրում նշվել է նաև, որ հողը հատկացվում է նույնպես պայմանով, որ շինարարությունը կատարվի Ալեքսան Աճեմյանի շենքի դիմաց: Պայմանագիրը ստորագրել են նաև վկաներ Շուրա Սուգյանը, Կամո Քթոյանը, Գուրգեն Սեյրանյանը (հատոր 1-ին, գ.թ. 122).

3) Երևանի Լենինյան շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի 11.04.1981 թվականի ամուսնության վկայականի համաձայն` Վահան Ստեփանյանը Լուսյա Մարյանյանի ամուսինն է (հատոր 1-ին, գ.թ. 18).

4) 28.08.1981 թվականին, 02.12.1982 թվականին, 20.10.1990 թվականին տրված ծննդյան վկայականների համաձայն` Կարեն Վահանի Ստեփանյանը (ծնվ. 28.08.1981 թվականին), Նելսոն Վահանի Ստեփանյանը (ծնվ. 02.12.1982 թվականին) և Վարդան Վահանի Ստեփանյանը (ծնվ. 20.10.1990 թվականին) Վահան Ստեփանյանի և Լուսյա Մարյանյանի զավակներն են (հատոր 1-ին, գ.թ. 19-21).

5) Երևանի «Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի թիվ 65, 66 տեղեկանքների համաձայն` Կարեն Ստեփանյանը 01.09.1988 թվականից մինչև 02.05.1994 թվականը, իսկ Նելսոն Ստեփանյանը 01.09.1989 թվականից մինչև 02.05.1994 թվականը սովորել են Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցում (հատոր 1-ին, գ.թ. 22, 23).

6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 03.08.2012 թվականի գրության համաձայն` Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32ա հասցեում 2003 թվականի հունվար ամսից մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսը բաժանորդ է հանդիսացել նաև Լուսյա Մարյանյանը: Էլեկտրաէներգիայի վճարման անդորրագրերի համաձայն` նշված հասցեում, որպես բաժանորդ, Վահան Ստեփանյանը կատարել է վճարումներ (հատոր 2-րդ, գ.թ. 113, հատոր 1-ին, գ.թ. 36-42).

7) 23.04.2012 թվականի նոտարական կարգով տրված հայտարարությամբ Շուրա Սուգյանը հայտնել է, որ «ճանաչում է ամուսիններ Վահան Ստեփանյանին և Լուսյա Մայրանյանին, նրանք բնակվել են Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32ա տանը, ունեցել են նաև հողամաս: Ինքն անձամբ է ներկա գտնվել առուվաճառքին, որի համար ստորագրում է: Լուսյա Մայրանյանը մինչև ամուսնու մահը և մահվանից հետո տեր է կանգնել իրենց պատկանող սեփական գույքին» (հատոր 1-ին, գ.թ. 10).

8) 25.04.2012 թվականի նոտարական կարգով տրված հայտարարությամբ Լիանա Քանքարյանը հայտնել է, որ ամուսիններ Վահան Ստեփանյանի և Լուսյա Մայրանյանի բացակայության ժամանակ նա իր մոր` Գոհարիկ Քանքարյանի հետ բնակվել է Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32ա տանը: Չնայած այն բանին, որ Վահան Ստեփանյանը և Լուսյա Մայրանյանը բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում` հաճախակի եկել և հոգ են տարել տան մասին, կատարել են ընթացիկ վերանորոգում, վերանորոգել են նաև սանհանգույցը (հատոր 1-ին, գ.թ. 11).

9) Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Շուրա Սուգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվորի ամուսինը 1983 թվականին առուվաճառքի պայմանագրով Ալեքսան Աճեմյանից գնել է վիճելի տունը, պայմանագիրն անձամբ կազմել է Ալեքսան Աճեմյանը: Հայտնել է նաև, որ տան գինը` 12.000 ռուբլի, իր ներկայությամբ պայմանագրի ստորագրման ժամանակ վճարվել է Ալեքսան Աճեմյանին: Նշել է, որ հայցվորն իր ընտանիքով 1983 թվականից մինչ 1994 թվականը բնակվել է վիճելի տանը, իսկ այնուհետև մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Հայցվորի ամուսինը մինչ մեկնելը տան բանալիները հանձնել է իրեն և հանձնարարել է հոգ տանել վիճելի անշարժ գույքի մասին (դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 149).

10) Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Լիանա Քանքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2006 թվականից մինչև 2011 թվականը վիճելի տանը բնակվել է վարձակալությամբ, տունն իրենց հանձնել է հայցվորի ամուսնու քույրը (դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 149).

11) 22.01.2002 թվականի մահվան վկայականի համաձայն` Ալեքսան Աճեմյանը մահացել է 21.01.2002 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 108).

12) Ալեքսան Աճեմյանի մահվանից հետո` 14.04.2003 թվականին, նրա կնոջը` Վալերիկ Սողոմոնյանին, Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 32ա հասցեում գտնվող տան 1/2 բաժնի նկատմամբ տրվել է սեփականության իրավունքի վկայագիր, իսկ Վալերիկ Սողոմոնյանին, Ալեքսան Աճեմյանի դուստրերին` Սոֆյա Աճեմյանին, Մարինե, Անահիտ և Սոնա Աճամյաններին ու Օֆելյա Աջամյանին 14.04.2003 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 110 և 113).

13) 13.01.2011 թվականի մահվան վկայականի համաձայն` Վահան Ստեփանյանը մահացել է 06.01.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17).

14) 23.10.2011 թվականի մահվան վկայականի համաձայն` Օֆելյա Աջամյանը մահացել է 22.10.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 109).

15) Օֆելյա Աջամյանի մահվանից հետո` 22.05.2012 թվականին, Օֆելյա Աջամյանի որդուն` Ալեքսան Գրիգորյանին, տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 111).

16) Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի 27.08.2003 թվականի վճռով բավարարվել է Վալերիկ Սողոմոնյանի դիմումը, և Լուսյա Մարյանյանը ճանաչվել է մահացած (հատոր 1-ին, գ.թ. 72).

17) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 14.08.2012 թվականի վճռով Լուսյա Մարյանյանի դիմումը բավարարվել է, և վերացվել է Լուսյա Մարյանյանին մահացած ճանաչելու վերաբերյալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի 27.08.2003 թվականի վճիռը (հատոր 1-ին, գ.թ. 84-86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության և անընդմեջ տիրապետելու պայմանների դրսևորման առանձնահատկություններին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ պայմաններից` գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանի գնահատման առանձնահատկություններին:

Այսպես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար կարևորվում են տիրապետման ժամկետը, այն է` տասը տարի, և այդ ժամկետի ընթացքում տիրապետման անընդմեջ լինելու հանգամանքը, այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի:

Ընդ որում, տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ` գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար էական է պարզել անշարժ գույքը տիրապետողի վարքագիծը և վերաբերմունքը, տիրապետվող գույքի նպատակային նշանակությունը, որակական և այլ հատկանիշները, տիրապետման նպատակն ու առանձնահատկությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը չի նախատեսել, թե ինչ եղանակով կարող է իրականացվել գույքի տիրապետումը` յուրաքանչյուր դեպքում այդ փաստի գնահատումը թողնելով իրավակիրառողի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի տիրապետման փաստի մասին կարող է վկայել ինչպես գույքի օգտագործումը, այնպես էլ դրա կառավարմանը մասնակցելը, այդ գույքի մասին հոգ տանելը կամ ցանկացած այլ եղանակ, որը հավաստում է գույքը տիրապետողի տնտեսական իշխանության ներքո գտնվելու փաստը:

Ընդ որում, քանի որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ պայման է գույքը որպես սեփականը տիրապետելու նախապայմանը, հետևաբար գույքի տիրապետումը կարող է արտահայտվել նաև գույքն այլ անձանց օգտագործմանը հանձնելով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակելի տան դեպքում տիրապետումը կարող է արտահայտվել ինչպես գույքը փաստացի զբաղեցնելու (այնտեղ բնակվելու), այնպես էլ այն իր հայեցողությամբ այլ ձևով տիրապետելու միջոցով, հետևաբար գույքն իր հայեցողությամբ տիրապետելու օրինակ կարող է հանդիսանալ նաև գույքը բացահայտ տիրապետողի կողմից այն իր հայեցողությամբ այլ անձի ժամանակավոր պահպանությանը կամ օգտագործմանը հանձնելը: Ընդ որում, այս դեպքում այլ անձի ժամանակավոր պահպանությանը կամ օգտագործմանը հանձնելը հիմք չէ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ տիրապետման տասը տարվա անընդմեջ լինելու նախապայմանի ընդհատման համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի կամ վերաբերելի ապացույց, որով հիմնավորվում է, որ վիճելի անշարժ գույքը հայցվորի և նրա ամուսնու տիրապետմանն է անցել օրինական հիմքով, հետևաբար գտել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ բարեխղճության նախապայմանը բացակայում է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել նաև վիճելի անշարժ գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու փաստը` պատճառաբանելով, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ հայցվորը 1992 թվականից բացակայել է նշված հասցեից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Լուսյա Մարյանյանի կողմից չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի ձեռքբերման բարեխղճությունը, որպիսի վավերապայմանի բացակայությունն ինքնին բավարար է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջը մերժելու վերաբերյալ Դատարանի դիրքորոշման իրավաչությունը փաստելու համար, գնահատման առարկա չի դարձրել սույն գործում առկա ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման առարկա չի դարձվել 03.03.1983 թվականին կազմված ներքին առուվաճառքի պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել Լուսյա Մարյանյանի և նրա իրավանախորդի մոտ այն համոզմունքի ձևավորմանը, որ վիճելի անշարժ գույքն իրենց տիրապետմանն է անցնում օրինական հիմքով: Նման համոզմունքն ամրապնդվել է նաև գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողություններով (անգործությամբ)` վերջինիս կողմից վիճելի անշարժ գույքն ազատելը, այն Լուսյա Մարյանյանի իրավանախորդի փաստացի տիրապետմանը փոխանցելը, 10 տարուց ավելի, մինչև իր մահը, նրանց տիրապետմանը որևէ կերպ չխոչընդոտելը, որոնք կարող էին ակնհայտ վկայել գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից սեփականատիրոջ մեկուսացման մասին:

Ավելին, սույն գործի փաստերը, մասնավորապես, Լուսյա Մարյանյանի իրավանախորդի և վիճելի անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ միջև 1983 թվականին կնքված ներքին առուվաճառքի պայմանագիրը, այդ պայմանագրի կնքմանը որպես վկա մասնակցած Շուրա Սուգյանի, ինչպես նաև մյուս հարևանների գրավոր հայտարարությունները, Լուսյա Մարյանյանի և նրա իրավանախորդի ՌԴ-ում գտնվելու ժամանակ վերջիններիս համաձայնությամբ վիճելի անշարժ գույքը զբաղեցրած Լիանա Քանքանյանի գրավոր հայտարարություններն ու դատարանում տված ցուցմունքները, այդ հասցեում որպես բաժանորդ Լուսյա Մարյանյանի կողմից էլեկտրաէնեգիայի դիմաց վճարումներ կատարելու, Լուսյա Մարյանյանի և նրա իրավանախորդի կողմից վիճելի անշարժ գույքը 1983 թվականից բացահայտ որպես սեփականը տիրապետելուն պատասխանողների, իսկ դրանից առաջ նաև վերջիններիս իրավանախորդի կողմից չխոչընդոտելու փաստը ցույց են տալիս, որ վիճելի անշարժ գույքը Լուսյա Մարյանյանի և նրա ամուսնու փաստացի տիրապետմանն է անցել նախկին սեփականատիրոջ կամքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գոնե սույն գործով կողմերի միջև ծագած վեճին նախորդած վերջին 10 տարիների ընթացքում վիճելի անշարժ գույքի տիրապետումը որևէ կերպ ընդհատվել է, կամ Լուսյա Մարյանյանը և նրա ամուսինը հրաժարվել են գույքի հետագա տիրապետումից, կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններն ուղղվել են գույքը վերադարձնելուն:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքը մերժելու Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ դատարանի 2003 թվականի վճռով Լուսյա Մարյանյանը ճանաչվել է մահացած, սկսած 1992 թվականից` վերջինս բացակայել է վիճելի հասցեից, ապա հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները չէին կարող վիճելի անշարժ գույքն անընդմեջ չտիրապետելու փաստը հաստատված համարելու հիմք հանդիսանալ, քանի որ, չնայած նշված տարվանից վիճելի հասցեից բացակայելու հանգամանքին, Լուսյա Մարյանյանն իր ամուսնու հետ շարունակել են այն տիրապետել` գույքը հանձնելով այլ անձի օգտագործմանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԵՄԴ/0333/02/12
Որոշում