Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ, 163...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ, 163-ՐԴ, 280-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ՏԴ/0342/02/12 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0342/02/12

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հովսեփ Արզումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հովսեփ Արզումանյանի ընդդեմ Թամարա Աղաջանյանի, երրորդ անձինք «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի (այսուհետ` Ծառայություն)` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075 հա մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և նշված հողամասի արգելանքը հանելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Հովսեփ Արզումանյանը պահանջել է վավեր ճանաչել իր և Թամարա Աղաջանյանի միջև 17.01.2003 թվականին կնքված ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասի օտարման մասին պայմանագիրը և Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող թիվ 016-001 ծածկագրով 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասի արգելանքը հանել: 15.02.2013 թվականին դատարանին ներկայացրած դիմումով Հովսեփ Արզումանյանը փոխել է հայցի հիմքը և առարկան` պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075 հա մակերեսով հողամասի նկատմամբ և հանել նշված հողամասի արգելանքը:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուրեխյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 19.04.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովսեփ Արզումանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետը, 300-րդ հոդվածի 1-ին կետը, 302-րդ հոդվածի 1-ին կետը, 562-րդ հոդվածը, 563-րդ հոդվածի 1-ին կետը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ և 141-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հովսեփ Արզումանյանն ավելի քան տասը տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետում է ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075 հա մակերեսով հողամասը, այսինքն` առկա են նշված հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Հովսեփ Արզումանյանի սեփականության իրավունքը ճանաչելու բոլոր նախապայմանները:

Բացի այդ, օրենսդրությամբ սահմանված գույքի տիրապետելը, օգտագործելը և տնօրինելը գույքի սեփականատիրոջ բացառիկ լիազորություններն են, որոնք կարող են իրականացվել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ վերջինիս համաձայնությամբ այլ անձանց կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը սահմանել է ինչպես նշված իրավազորություններն առանձին-առանձին, այնպես էլ բոլորը սահմանափակելու հնարավորություն` նախատեսելով սահմանափակման միջոցները, ինչպիսինն են գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը, այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:

Ընդ որում, գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը սահմանափակում է միայն սեփականատիրոջ կողմից գույքը տնօրինելու իրավազորությունը, իսկ ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ այլ անձանց կողմից գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքների սահմանափակումը հնարավոր է միայն, ըստ անհրաժեշտության, դատարանին դիմում ներկայացնելու և այն բավարարելու դեպքում կատարողական թերթը Ծառայությանը կատարման ներկայացնելու միջոցով:

Այսինքն` օրենսդրության տրամաբանությունից հետևում է, որ գույքի նկատմամբ արգելանքի կիրառումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի տիրապետումը և օգտագործումը սահմանափակելու համար, սակայն պահանջատերը զրկված չէ վճռի կատարումն ապահովելու համար ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ այլ անձանց կողմից նշված իրավունքների իրականացմանն ուղղված գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորությունից: Հետևաբար, վիճելի հողամասի նկատմամբ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ1/0307/02/10 քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց կիրառելուց հետո էլ շարունակվել է Հովսեփ Արզումանյանի տիրապետումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.04.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 13.01.2003 թվականի վկայականի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 0,075 հա մակերեսով թիվ 11-022-016-001 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գրացնված է Թամարա Աղաջանյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 100-102).

2) Հովսեփ Արզումանյանի և Թամարա Աղաջանյանի միջև 17.01.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Թամարա Աղաջանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075 հա տնամերձ հողամասը 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառել է Հովսեփ Արզումանյանին: Պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել (հատոր 1-ին գ.թ. 9, հատոր 2-րդ, գ.թ. 82).

3) Գետահովիտի գյուղապետարանի 14.03.2013 թվականի տեղեկանքների համաձայն` Գետահովիտ համայնքի վարչական տարածքի թիվ 17 փողոցի 7-րդ հասցեում թիվ 11-022-016-001 ծածկագրի տակ գտնվող 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասի հողի հարկը 2003-2013 թվականների համար վճարել է հողամասը փաստացի տիրապետող Հովսեփ Արզումանյանը: Հովսեփ Արզումանյանը նշված հողամասում 2006 թվականից անց է կացրել ջրագիծ, որից օգտվում է առ այսօր (հատոր 2-րդ, գ.թ. 56-57).

4) Թամարա Աղաջանյանը դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխաններով ընդունել է Գետահովիտ համայնքի վարչական տարածքի թիվ 17 փողոցի 7-րդ հասցեում թիվ 11-022-016-001 ծածկագրի տակ գտնվող 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասը Հովսեփ Արզումանյանին վաճառելու և նրա կողմից 17.01.2003 թվականից տիրապետելու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 73-74, հատոր 2-րդ, գ.թ. 33-37).

5) Ծառայության «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 03.09.2010 թվականի և «Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» 03.09.2010 թվականի որոշումների համաձայն` թիվ ՏԴ1/0307/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Բանկի ընդդեմ Ա/Ձ Թամարա Աղաջանյանի և Սամվել Միկոյանի` 9.212.472 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.08.2010 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց` հայցագնի չափով արգելանք է դրվել Թամարա Աղաջանյանին պատկանող ինչպես գրավադրված գույքի, այնպես էլ անձնական գույքի և դրամական միջոցների վրա: Նշված որոշման հիման վրա Ծառայության կողմից կատարողական վարույթը հարուցվել է 03.09.2010 թվականին, և պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել (հատոր 2-րդ, գ.թ. 8-9).

6) Ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 27.11.2012 թվականի որոշմամբ Թամարա Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի թիվ 016-001 ծածկագրով 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասը` 2.587.500 ՀՀ դրամ մեկնարկային գնով, ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Նույն որոշման «Պարզեցի» բաժնում արձանագրվել է, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2011 թվականի թիվ ՏԴ1/0307/02/10 կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 11-1434/11 կատարողական վարույթը: Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել Թամարա Աղաջանյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում գտնվող թիվ 016-001 ծածկագրով տնամերձ հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 21-22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցը` գույքն արգելանքի տակ դնելը, կարո՞ղ է արդյոք ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ նախապայմանի` տիրապետման ժամկետի ընդհատման հիմք համարվել, թե ոչ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոց է պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը (տե՛ս «Բի լայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր կատարման միջոցներն են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):

i

Նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը: Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` նույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված գույքը: Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ: Արգելանքը կիրառվում է`

1) պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.

2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.

3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:

i

Նույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գույքի վրա կիրառվող արգելանքը հարկադիր կատարման միջոցներից մեկն է, որը կիրառվում է պարտապանի գույքի վրա բռնագանձումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով: Ընդ որում, ի թիվս այլ դեպքերի, գույքի վրա արգելանք դնելը ներառում է մասնավորապես գույքի տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` օգտագործման իրավունքը սահմանափակելը: Միաժամանակ օրենսդիրն այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձանց համար սահմանել է լիազորություն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմելու գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան (տե՛ս նաև Տիգրան Ենոքյանն ընդդեմ Սամվել Ստեփանյանի, Լիլիա Ստեփանյանի թիվ ԿԴ1/0289/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ձեռքբերման վաղեմության հիմքով տիրապետման ժամկետը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից, կամ գույքի սեփականատիրոջ, կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորի կողմից վիճելի գույքի տիրապետումը եղել է բարեխիղճ, քանի որ այդ գույքը նրա տիրապետմանն է անցել սեփականատիրոջ համաձայնությամբ, վերջինիս հետ կնքած գործարքի արդյունքում: Բացի այդ, Դատարանը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործարքը նոտարական վավերացում չի ստացել, այնուամենայնիվ, դրանում սեփականատիրոջ` գույքն օտարելու կամարտահայտության առկայությունը բավարար հիմք է տվել հայցվորին ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և այն տիրապետելու է որպես սեփականը: Դատարանը գտել է նաև, որ գործում առկա ապացույցներով (մասնավորապես` վիճելի գույքը Հովսեփ Արզումանյանի տիրապետման է անցել 2003 թվականի հունվար ամսին և այն տիրապետում է մինչ օրս, հողամասում առկա են բազմամյա տնկիներ, ջրագիծ է անցկացված, վճարված է հողի հարկը) հաստատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Հովսեփ Արզումանյանը մասնակցել է վիճելի հողամասի կառավարմանը, հոգ է տարել դրա պահպանման համար, հետևաբար նա վեճի առարկա հողամասը բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, ավելի քան տասը տարի տիրապետում է:

Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով Բանկի այն փաստարկին, որ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու որոշմամբ ընդհատվել է հայցվորի կողմից հողամասի տիրապետման ժամկետը, պատճառաբանել է, որ վիճելի գույքի վրա արգելանք դնելուց հետո էլ այն մնացել է հայցվորի տիրապետության տակ, հետևաբար նրա տիրապետումը չի ընդհատվել: Կիրառված հայցի ապահովման միջոցով ընդամենն արգելվել է սեփականատիրոջը տնօրինելու գույքը, սակայն վերջինիս կամ երրորդ անձանց` գույքը տիրապետելու կամ օգտագործելու իրավունքը չի սահմանափակվել:

Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման և փոփոխման հիմքում դրել է այն հանգամանքը, որ նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագիրը առոչինչ է, հետևաբար դրա հիման վրա անշարժ գույքի տիրապետումը և օգտագործումը չի կարող համարվել իրավաչափ:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ծառայության 03.09.2010 թվականի որոշմամբ Թամարա Աղաջանյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու պահի դրությամբ հայցվորի կողմից վիճելի անշարժ գույքի տիրապետման և օգտագործման` ձեռքբերման վաղեմության ինստիտուտի համար անհրաժեշտ և պարտադիր վավերապայմանը` 10 տարվա վաղեմության ժամկետը, դեռևս լրացած չի եղել, հետևաբար գույքն արգելանքի տակ գտնվելու պայմաններում ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքի ճանաչումն իրավաչափ չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Հովսեփ Արզումանյանի և Թամարա Աղաջանյանի միջև 17.01.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Թամարա Աղաջանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մարզահամալիրի թաղամասում գտնվող 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասը 900 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառել է Հովսեփ Արզումանյանին: Նշված պայմանագիրը նոտարական վավերացում չի ստացել: Գործում առկա` Գետահովիտի գյուղապետարանի կողմից 14.03.2013 թվականին տրված տեղեկանքներով հաստատվում են այն հանգամանքները, որ Գետահովիտ համայնքի վարչական տարածքի թիվ 17 փողոցի 7-րդ հասցեում թիվ 11-022-016-001 ծածկագրի տակ գտնվող 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասի հողի հարկը 2003-2013 թվականների համար վճարել է հողամասը փաստացի տիրապետող Հովսեփ Արզումանյանը, ինչպես նաև վերջինս նշված հողամասում անց է կացրել ջրագիծ:

Սույն գործի քննության ընթացքում չի վիճարկվել այն փաստը, որ Հովսեփ Արզումանյանը 2003 թվականի հունվար ամսից մինչ օրս բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետել և օգտագործել է վեճի առարկա հողամասը, մշակել է այն, տնկել է պտղատու ծառեր և բանջարանոցային բույսեր, ինչպես նաև կատարել է նշված հողամասի պահպանության համար անհրաժեշտ ծախսերը:

Վերը նշվածը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 17.01.2003 թվականին կնքված անշարժ գույքի ներքին առուծախի պայմանագրի առկայության պայմաններում հաստատվում է այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասը հայցվորի փաստացի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման, նրա մոտ ձևավորվել է այն համոզմունքը, որ գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Բացի այդ, նշված գործարքը Հովսեփ Արզումանյանին տվել է բավարար հիմքեր ենթադրելու, որ վիճելի գույքը տիրապետելու է որպես իր սեփականը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովսեփ Արզումանյանի տիրապետումը վիճելի գույքի նկատմամբ բարեխիղճ է:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Հովսեփ Արզումանյանը, վիճելի գույքը 2003 թվականի հունվար ամսից մինչ օրս տիրապետելով, մշակելով այն, տնկելով պտղատու ծառեր և բանջարանոցային բույսեր, ինչպես նաև կատարելով նշված հողամասի պահպանության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, ըստ էության այն տիրապետել է նաև բացահայտ:

Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ձեռքբերման վաղեմության ինստիտուտի համար անհրաժեշտ և պարտադիր մյուս նախապայմանին` 10 տարվա ընթացքում վիճելի գույքն անընդմեջ տիրապետելու և օգտագործելու հանգամանքի առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես առկա է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ՏԴ1/0307/02/10 քաղաքացիական գործով ըստ Բանկի հայցի ընդդեմ Ա/Ձ Թամարա Աղաջանյանի և Սամվել Միկոյանի` 9.212.472 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.08.2010 թվականի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով արգելանք է դրվել Թամարա Աղաջանյանին պատկանող ինչպես գրավադրված գույքի, այնպես էլ անձնական գույքի և դրամական միջոցների վրա: Նշված որոշման հիման վրա Ծառայության կողմից կատարողական վարույթը հարուցվել է 03.09.2010 թվականին, և պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովում կիրառելու մասին վերոնշյալ որոշման հիման վրա հարուցված կատարողական գործողություններով սահմանափակվել է պարտապանի` սույն գործով պատասխանողի` գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից նշված հողամասի տնօրինման իրավազորությունը:

Ավելին, Թամարա Աղաջանյանը վեճի առարկա հողամասը Հովսեփ Արզումանյանին օտարել է դեռևս 17.01.2003 թվականին` մինչև վիճելի գույքի նկատմամբ որևէ սահմանափակում կիրառված լինելը, այսինքն` այն Թամարա Աղաջանյանի կողմից տնօրինվել է մինչև այլ քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցի կիրառումը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում կիրառված հայցի ապահովման միջոցը` տվյալ դեպքում գույքն արգելանքի տակ դնելը, Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում այլ անձանց գործողություն է, որն ուղղված է հայցի ապահովման միջոց կիրառելուն: ՈՒստի Հովսեփ Արզումանյանի կողմից հողամասի փաստացի տիրապետման պայմաններում այն վիճելի անշարժ գույքը սեփականատիրոջ կողմից հետ վերադարձնելուն միտված գործողություն չէ:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլ քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը, որն ուղղված է հետագայում ընդունվող դատական ակտի կատարման երաշխավորմանը, հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության հիմքով տիրապետման ժամկետի ընթացքի ընդհատման համար: Հետևաբար հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ վիճելի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու որոշմամբ ընդհատվել է հայցվորի կողմից հողամասի տիրապետման ժամկետը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հողամասը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ 10 տարի, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2013 թվականի վճռին:

2. Թամարա Աղաջանյանից հօգուտ Հովսեփ Արզումանյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ՏԴ/0342/02/12
Որոշում