Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ԱՎԴ/0179/02/13 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0179/02/13

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Ն. Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անիկ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անիկ Դավթյանի ընդդեմ Տիգրան Վիրաբյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, դատական ծախսերի` ներառյալ մատուցված փաստաբանական ծառայությունների վճարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Անիկ Դավթյանը պահանջել է պարտավորեցնել Տիգրան Վիրաբյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, «տեսաձայնագրել այդ գործողությունը և տեղադրել տեսաձայնագրությունը «www.youtube.com» կայքում: Տեսաձայնագրելու և կայքում տեղադրելու հմտությունների բացակայության պարագայում, հայցվորը պատրաստ է աջակցելու պատասխանողին», ինչպես նաև Տիգրան Վիրաբյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում: Միաժամանակ Անիկ Դավթյանը պահանջել է «պատասխանողի վրա դնել դատական ծախսերը, ներառյալ` փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ Անիկ Դավթյանի և «Եգոր Սիստեմ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված գինը»:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Արազյան) (այսուհետ` Դատարան) 25.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2013 թվականի որոշմամբ Անիկ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անիկ Դավթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, 23-րդ, 47-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին, 12-րդ հոդվածները, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 18.02.2013 թվականին` ՀՀ նախագահի ընտրությունների օրը, Տիգրան Վիրաբյանի կողմից Անիկ Դավթյանի նկատմամբ կատարած արտահայտությունները` «լսի քո նման լկտի չեն ստեի աշխատողները», «սաղ կյանքդ լկտի ծնվել ես, լկտի սատկելու ես», «ամեն ընտրություններին գալիս ես, լկտի ես քեզ պահում», «դեռասան մեյմուն», «տականքի մեկը», «ձենդ կտրի ստոր», «սրան դուս հանեք տեղամասից», «էս խելառը», «հոգեկան հիվանդը», «զիբիլը», «մի արի ստե կապիկություններ արա», նպատակ են հետապնդել արատավորելու Անիկ Դավթյանի պատիվն ու արժանապատվությունը:

Վերաքննիչ դատարանն իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Տիգրան Վիրաբյանի կողմից Անիկ Դավթյանին վիրավորելու միջադեպը տեսաձայնագրվել և տեղադրվել է «www.youtube.com» կայքում, իսկ Դատարանի կողմից չի ուսումնասիրվել և գնահատվել Անիկ Դավթյանի կողմից ներկայացված նշված տեսագրությունը:

Վերաքննիչ դատարանը վկաներ Տաթևիկ Բարսեղյանի և Ծովինար Նազարյանի ցուցմունքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցների համակցության մեջ, որոնցով հիմնավորվում է, որ Տիգրան Վիրաբյանն Անիկ Դավթյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող արտահայտությունները կատարել է հրապարակայնորեն:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը սխալ է մեկնաբանել «գերակա հանրային շահ» եզրույթը, և Տիգրան Վիրաբյանի կողմից կատարած արտահայտությունները պայմանավորել է «գերակա հանրային շահով», ինչպես նաև Դատարանը գտել է, որ Տիգրան Վիրաբյանի կողմից կատարած արտահայտությունները նպատակ են հետապնդել սոսկ ապահովելու ընտրությունների պատշաճ կարգուկանոնը` անտեսելով, որ տեղամասային հանձնաժողովի նախագահի համար սահմանված է պարտավորություններ քվեարկության ընթացքում ապահովելու` ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ պատշաճ կարգուկանոն: Հետևաբար, տեղամասային կենտրոնում անպարկեշտ արտահայտություններով ընտրողի պատիվը և արժանապատվությունը նսեմացնելու պայմաններում հնարավոր չէ ապահովել ընտրությունների համար անհրաժեշտ պատշաճ կարգուկանոն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, դատական ակտը չի վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում` անտեսելով վերաքննիչ բողոքում ներկայացված Դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտումները:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Տիգրան Վիրաբյանը Դատարան պատասխան չի ներկայացրել, այլ ներկայացրել է ընդամենը միջնորդություն, դատական ակտում արձանագրել է, որ Տիգրան Վիրաբյանը Դատարան է ներկայացրել պատասխան:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 18.02.2013 թվականին ՀՀ Արարատի մարզի թիվ 17/4 տեղամասում տեղի է ունեցել ՀՀ նախագահի ընտրություն, որին որպես ընտրող մասնակցել է նաև ՀՀ քաղաքացի Անիկ Դավթյանը.

2) Ընտրության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում թիվ 17/4 տեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն Անիկ Դավթյանի նկատմամբ կատարել է հետևյալ արտահայտությունները. ««լսի քո նման լկտի չեն ստեի աշխատողները», «սաղ կյանքդ լկտի ծնվել ես, լկտի էլ սատկելու ես», «ամեն ընտրություններին գալիս ես, լկտի ես քեզ պահում», «դեռասան մեյմուն», «տականքի մեկը», «ձենդ կտրի ստոր», «սրան դուս հանեք տեղամասից», «էս խելառը», «հոգեկան հիվանդը», «զիբիլը», «մի արի ստե կապիկություններ արա»»: Նշված միջադեպը տեսաձայնագրվել է և տեղադրվել «www.youtube.com» կայքում (հատոր 1-ին, գ.թ. 9).

3) Տաթևիկ Բարսեղյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 18.02.2013 թվականին, որպես «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի դիտորդ, գտնվել է Արտաշատ քաղաքի թիվ 17/4 ընտրական տեղամասում: Օրվա երկրորդ կեսին ընտրական տեղամաս է եկել Անիկ Դավթյանը, ով ընտրացուցակում ստորագրելու ժամանակ ցանկացել է ճշտել` արդյոք իր հարազատների անուններն առկա են, թե ոչ, ովքեր բացակայում են Հայաստանի Հանրապետությունից և նկատելով, որ իր որդիների անունները նույնպես նշված են ցուցակում` ցանկացել է ջնջել նրանց անունները: Այդ ժամանակ վեճ է առաջացել Անիկ Դավթյանի և Հրաչիկ Վիրաբյանի միջև, ում մոտ գտնվել է ցուցակը: Նրանց է մոտեցել ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանը և փորձել է արգելել ջնջումներ կատարել: Տիգրան Վիրաբյանի կողմից հնչել են հայհոյանքներ Անիկ Դավթյանի հասցեին: Այդ ընթացքում հրավիրել են ոստիկանին և առաջարկել արձանագրություն կազմել կատարված միջադեպի հետ կապված, սակայն արձանագրություն չի կազմվել, և Անիկ Դավթյանն իրականացրել է իր ընտրական իրավունքը: Միջադեպի ողջ ընթացքում Տիգրան Վիրաբյանը գոռգոռացել է և վիրավորական խոսքեր ասել Անիկ Դավթյանի հասցեին: Միջադեպին ներկա է եղել նաև Ծովինար Նազարյանը: Տիգրան Վիրաբյանի կանչով տեղամաս է եկել նաև ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը: Տիգրան Վիրաբյանը և Արմեն Մարգարյանը փորձել են միջադեպի ամբողջ մեղքը բարդել իրենց վրա` որպես միջադեպի հրահրողներ: Տիգրան Վիրաբյանի կողմից արված «անբարոյական բառերը» և վիրավորանքները հասցեագրված էին ուղիղ Անիկ Դավթյանին (հիմք` դատական նիստի արձանագրության կրիչը, հատոր 1-ին, գ.թ. 74-76, 79).

4) Ծովինար Նազարյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 18.02.2013 թվականին, որպես «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի կողմից հրավիրված լրագրող, վաղ առավոտից մինչև ընտրությունների ավարտը գտնվել է Արտաշատ քաղաքի թիվ 17/4 տեղամասում և դիտարկել է հանձնաժողովի աշխատանքը, կատարել է նկարահանում և տեսաձայնագրում: Ընտրության ամբողջ ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանը փորձել է խոչընդոտել լրագրողների և դիտորդների աշխատանքը` դիմելով կոպիտ միջոցների: Երեկոյան ընտրատեղամաս է եկել հայցվոր Անիկ Դավթյանը, ում Տիգրան Վիրաբյանը տեսնելով` սկսել է ագրեսիվ տրամադրվել և իր համար լսելի էր, թե ինչպես է արտահայտվում վերջինս Անիկ Դավթյանի հասցեին, որ «հեսա սկսվելու է, սա էլի եկավ, ամեն ընտրության սա սենց է անում»: Անիկ Դավթյանն ընտրացուցակում տեսել է իր որդիների անունները, ովքեր բացակայում են Հայաստանի Հանրապետությունից և փորձել է գիծ քաշել նրանց անունների վրա: Այդ ընթացքում Տիգրան Վիրաբյանի եղբորորդին` Հրաչիկ Վիրաբյանը, քաշել է մատյանը և չի թողել Անիկ Դավթյանին ջնջում կատարել ընտրացուցակում: Այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել Անիկ Դավթյանի և Տիգրան Վիրաբյանի միջև, և վերջինս վիրավորական արտահայտություններ է արել Անիկ Դավթյանի հասցեին: Տիգրան Վիրաբյանը հրավիրել է ոստիկանին և պահանջել կազմել արձանագրություն, որպեսզի Անիկ Դավթյանը դուրս հրավիրվի և չմասնակցի ընտրությանը, սակայն արձանագրություն չի կազմվել և համաձայնվել են, որ մատյանը դրվի սեղանին, և Անիկ Դավթյանը ստորագրի ու իրականացնի իր ընտրական իրավունքը: Ինքը միջադեպի ժամանակ գտնվել է Անիկ Դավթյանի և Հրաչիկ Վիրաբյանի մեջտեղում, և իր համար լսելի են եղել Տիգրան Վիրաբյանի կողմից Անիկ Դավթյանի հասցեին արված վիրավորական արտահայտությունները: Տիգրան Վիրաբյանն անգամ Անիկ Դավթյանին անվանել է «պոռնիկ» և այդ արտահայտությունն Անիկ Դավթյանին լսելի չի եղել, բայց քանի որ ինքը մոտ է կանգնած եղել, այն իր համար լսելի է եղել: Տեսաձայնագրության մեջ Տիգրան Վիրաբյանի կողմից արված արտահայտություններն իր համար եղել են լսելի և դրանք հասցեագրված էին կոնկրետ Անիկ Դավթյանին, ում նկատմամբ Տիգրան Վիրաբյանը տրամադրված էր շատ ագրեսիվ և որպես հանձնաժողովի նախագահ պատշաճ կարգով չէր իրականացնում ընտրական աշխատանքները, խախտում էր կարգուկանոնը (հիմք` դատական նիստի արձանագրության կրիչը, հատոր 1-ին, գ.թ. 74-76, 79):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անձի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը որպես վիրավորանք գնահատելու չափանիշներին` հաշվի առնելով այս հարցի կապակցությամբ նախկինում ձևավորած դիրքորոշումը:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (տես, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 դիմումով ՄԻԵԴ 08.07.1986 թվականի որոշում պարբ. 41): Միաժամանակ, Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Ազատ արտահայտվելու իրավունքը չի կարող գոյություն ունենալ մեկուսացման պայմաններում, այն պետք է հավասարակշռվի հասարակության և պետության կենսական շահերի, ինչպես նաև մարդու այլ հիմնարար իրավունքների հետ: Այդ իսկ պատճառով էլ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքի իրականացումը կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ և կարող է պայմանավորվել ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով:

Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնական աղբյուրն է, պետության գոյության հիմնական պատճառներից մեկը: Մարդու արժանապատվության մասին նշված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը: ՀՀ Սահմանադրությունը հռչակել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Միաժամանակ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը և ՀՀ Սահմանադրության 27-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են վերը նշված նպատակը: Սակայն ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ: Չպետք է անտեսել նաև այլ իրավունքները, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային` մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժանապատվության և մասնավոր կյանքի իրավունքը, որոնք պակաս կարևոր չեն ժողովրդավարական հասարակության և իրավական պետության համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշման մեջ նշել է, որ մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում: ՀՀ Սահմանադրության անձի արժանապատվությանը և արտահայտվելու ազատության իրավունքին վերաբերող հոդվածների, ինչպես նաև 43-րդ և 47-րդ (1-ին մաս) հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ մարդու արժանապատվությունից, ներառյալ` պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը, բխող իրավունքները և ազատությունները, որպես բացարձակ իրավունք գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում: Այդ մոտեցումն է դրված նաև Կոնվենցիայի 10-րդ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 17-րդ և 19.3-րդ, Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածների հիմքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ մարդու արժանապատվության և արտահայտվելու ազատության իրավունքի բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել պարզ հավասարակշռություն սրանց միջև: Սրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, և երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված անձի արժանապատվության գործնականում ապահովման իրավական երաշխիք է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ, իսկ 2-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Նույն հոդվածի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Նշված իրավադրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը` արձանագրելով, որ վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ`

1) Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստն ապացուցելու դատավարական բեռը ողջամտության սահմաններում կրում է հայցվորը:

2) Արատավորող արտահայտությունն այն արտահայտությունն է, որը հասարակության անդամների գնահատմամբ նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից:

3) Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:

4) Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ` թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:

Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում` գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:

Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` իրեղեն ապացույցներ են այլ առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:

Վերոգրյալ դատավարական նորմերից հետևում է, որ գործով ապացույցներ են օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնք հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Ավելին, դատարանը, ելնելով գործի առանձնահատկություններից, ինչպես նաև գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից, առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, դրանց շրջանակը: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Հետևաբար, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Հատկանշական է, որ դատարանի կողմից վերը նշված դատավարական նորմերով իրականացվող գործողությունները պետք է ուղղված լինեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:

Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելիս վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետը, պատճառաբանել է, որ սույն գործով բողոք բերած անձը որևէ ապացույցով չի հիմնավորել, որ Տիգրան Վիրաբյանի կողմից կատարած արտահայտություններն անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն են ունեցել, որպիսի պարտականությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դրված է վերջինիս վրա: Տվյալ դեպքում Տիգրան Վիրաբյանը հայցադիմումի պատասխանում նշել է, որ դիտավորություն չի ունեցել վիրավորելու հայցվորներին, որպիսի հանգամանքը ևս բացառում է արված արտահայտությունները վիրավորանք գնահատելու համար: Տիգրան Վիրաբյանի կողմից արված արտահայտությունները չեն համարվում վիրավորանք, քանի որ բացակայում է վիրավորանքի բնութագրման չափանիշների միաժամանակյա առկայությունը, որպիսի պայմաններում բողոքն այս հիմքով հիմնավոր չէ, իսկ Դատարանի եզրահանգումն իրավաչափ է: Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ պատճառաբանությունները, վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը և հիմնավորումները սույն գործով ծագած վեճի լուծման տեսանկյունից էական չի համարում և հետևաբար դրանց չի անդրադառնում: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, անհիմն համարելով վերաքննիչ բողոքի հիմքերը, դրանց վերաբերյալ վերոգրյալ պատճառաբանությամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ գտել է, որ Դատարանը, կատարելով սույն քաղաքացիական գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` 18.02.2013 թվականին ՀՀ Արարատի մարզի թիվ 17/4 տեղամասում տեղի է ունեցել ՀՀ նախագահի ընտրություն, որին որպես ընտրող մասնակցել է նաև ՀՀ քաղաքացի Անիկ Դավթյանը, ընտրության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ և թիվ 17/4 տեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն Անիկ Դավթյանի նկատմամբ կատարել է հետևյալ արտահայտությունները ««լսի քո նման լկտի չեն ստեի աշխատողները», «սաղ կյանքդ լկտի ծնվել ես, լկտի էլ սատկելու ես», «ամեն ընտրություններին գալիս ես, լկտի ես քեզ պահում», «դեռասան մեյմուն», «տականքի մեկը», «ձենդ կտրի ստոր», «սրան դուս հանեք տեղամասից», «էս խելառը», «հոգեկան հիվանդը», «զիբիլը», «մի արի ստե կապիկություններ արա»»: Նշված միջադեպը տեսաձայնագրվել է և տեղադրվել «www.yօսtսbe.cօm» կայքում: Ընտրությանը ներկա են գտնվել «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի դիտորդ Տաթևիկ Բարսեղյանը և «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի կողմից հրավիրված լրագրող Ծովինար Նազարյանը, ովքեր Դատարան են հրավիրվել որպես վկաներ և ցուցմունքներ տվել այն մասին, որ թիվ 17/4 ընտրական տեղամասում Անիկ Դավթյանի և Տիգրան Վիրաբյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, և վերջինիս կողմից հնչել են հայհոյանքներ Անիկ Դավթյանի հասցեին: Տիգրան Վիրաբյանի կողմից արված վիրավորանքները հասցեագրված էին Անիկ Դավթյանին, և տեսաձայնագրության մեջ Տիգրան Վիրաբյանի կողմից արված արտահայտությունները լսելի են եղել իրենց համար և դրանք հասցեագրված էին կոնկրետ Անիկ Դավթյանին, ում նկատմամբ Տիգրան Վիրաբյանը տրամադրված էր շատ ագրեսիվ և որպես հանձնաժողովի նախագահ պատշաճ կարգով չէր իրականացնում ընտրական աշխատանքները, խախտում էր կարգուկանոնը:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Տիգրան Վիրաբյանի կողմից Անիկ Դավթյանի հասցեին կատարած արտահայտությունները վիրավորանք չհամարելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը սույն գործով չեն իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` նշված միջադեպի տեսագրությունը չեն գնահատել վկաների ցուցմունքների և գործին մասնակցող անձանց ցուցմունքների համակցության մեջ` անտեսելով այն հանգամանքը, որ Տիգրան Վիրաբյանի կողմից Անիկ Դավթյանի հասցեին կատարած արտահայտությունները կատարվել են երրորդ անձանց ներկայությամբ, այսինքն` հրապարակային ձևով և ըստ վկաների ցուցմունքների` Տիգրան Վիրաբյանի կողմից արտահայտած վիրավորանքը, դրսևորվելով խոսքի միջոցով, կատարվել է ուղիղ Անիկ Դավթյանի հասցեին` նպատակ հետապնդելով վիրավորելու Անիկ Դավթյանի անձը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Տիգրան Վիրաբյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, իր իսկ դատական ակտում արձանագրելով, որ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, անտեսել է դրա բացակայությունը գործի նյութերում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով նախատեսված անձի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը վիրավորանք համարելու վերաբերյալ առանձնահատկությունները պարզելու, ինչպես նաև գործում առկա ապացույցները վերաբերելիության և թույլատրելիության համակցության մեջ գնահատելու ընթացակարգը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԱՎԴ/0179/02/13
Որոշում